Ճանապարհ դեպի Իթաքե

Մարգարետ Էթվուդ

Սիրենների երգը

Սա է երգը, որ բոլորն
Ուզում են սովորել․ երգը,
որ անդիմադրելի է,

երգը, որ ստիպում է տղամարդկանց
նավախմբերով ջուրը նետվել
թեև տեսնում են լողափած գանգերը,

երգը, որ ոչ ոք չգիտի
քանզի ով լսել է՝
մեռած է արդեն, իսկ մնացածը չունեն հիշողություն։

Մի գաղտնիք բացե՞մ,
ու թե ասեմ, ինձ դուրս կբերե՞ս
այս թռչնազգեստից։

Չեմ սիրում այս տեղը՝
այս կղզում կծկված՝
Գեղատեսիլ ու միֆական տեսքով

այս երկու փետրավոր մոլագարների հետ,
Չեմ ուզում երգել այս
տրիոն՝ ճակատագրական ու արժեքավոր։

Ես քեզ կբացեմ գաղտնիքը,
Միայն ու միայն քեզ։
Մոտ արի։ Այս երգը

Օգնության կանչ է։ Օգնի՛ր ինձ։
Միայն դու, միայն դու կարող ես,
դու ես այն մեկը,

Ի վերջո։ Ավա՜ղ
Սա ձանձրալի երգ է,
բայց աշխատում է ամեն անգամ։

————————————————–

 Մերի Ռուեֆլ

Ոչնչացում

Կարծում եմ՝ Ոդիսականում սիրենները երգում էին «Ոդիսականը»,
Քանզի չկա ավելի գայթակղիչ, ավելի սարսափելի բան,
Քան պատմությունը մեր իսկ կյանքի, այն մեկը, որ չենք ուզում
Լսել և որ ամեն ինչ կանենք լսելու համար։

————————————————–

Խուան Մարտինես

Ուլիսես
Ես սիրում եմ
հունական դիցաբանությունը։

Եթե նոր աստղեր,
նոր համաստեղծություններ,

նոր աշխարհներ,
նոր մոլորակներ բացահայտեն

պիտի անվանեն
Ուլիսես։

—————————————————-

Ամորակ Հուեյ

Բոլորս էլ Ոդիսևս ենք այս օրերին

Երիտասարդը սովորում է կրակել
ու մեռնում է ցեխերի մեջ՝
տնից մի օվկիանոս այն կողմ,
ատրճանակաը՝ մատների մեջ
ու երկինքը՝ սրտից
կաթկթալով։ Նրա կողքին
ընկերը հետևում է՝ ինչպես է վերջին շունչը
հևհևալով ընկնում փոսի մեջ,
մի բան, որ ընկերը հետ կտանի
Ամերիկա՝
վերք, հուշանվեր,
հետնապատմություն։ Նա երիտասարդներին
40 տարի շարունակ գրականություն
կսովորեցնի։ Կմարզի դուստրերի
սոֆթբոլի թիմերը։ Կերկրպագի
Red Wings-ին,
& Lions & Tigers-ին։ Կսիրի մեծահոգաբար։
Կատակներ անելիս շատ չի խոսի
ու ամուր կսեղմի ձեռքը՝ բարևելիս։
Նա հազարից մեկ կխոսի
պատերազմի մասին։ Եթե հարցնեն
փոխարենը կպատմի իր սիրելի
պատմությունը․
Ոդիսևսը փախչում է
Կիկլոպներից
վատ բառախաղով, լավ գինով
և սուր փայտիկով։
Սա ժամանակ շահելու
ու գլուխ հանելու մասին է, կասի նա։
Սա տուն հասնելու համար
ամեն պահանջվող բան անելու մասին է, և տեսնում ես,
որ ողջ ընթացքում նա
հենց պատերազմից էր խոսում։
Բոլորս էլ նույն բանն ենք ուզում
այս աշխարհից․
Ինձ անվանիր ոչ ոք։ Թող՝ ապրեմ։

———————————————————–

Մայքլ Կոլիեր

Արգոս

Եթե կարծում եք՝ Ոդիսևսը շատ ուժեղ ու խիզախ էր լաց լինելու համար,
այդ աստվածընտիր ու պաշտպանված հերոսը,
երբ վերադարձավ Իթաքա կերպարապանփոխված,
որ այցելի կնոջն
ու շիտակորեն գնահատի վիճակն իր թագավորության,

և վճռականորեն տրամադրեց իրեն, որ անակնկալի չգա
և իր երկրիր ոտք դրեց սառնասիրտ ու սառնաչք՝
պատրաստ վրեժ լուծելու, ապա դուք էլ եք Հոմերոսին ընթերցել ինչպես ես՝ առաջին անգամ,

չափազանց արագ՝ իմանալով՝ ձեզ հարցեր են տալու տեքստից
և գլխավոր իրադարձություններից, սահուն անցել եք կոտորածին,
սպանդանոցին՝ Տելեմաքոսի հետ մտածված,
երբ դարձավ մուրցական ու ընդունեց մարտահրավերն աղեղի։

Այսպես կարդալով հավանաբար բաց եք թողել արցունքը
Ոդիսևսի՝ իր զառամյալ շան՝ Արգոսի համար,
որը ոչ այլ ինչ էր, քան ոսկորների պարկ՝
քնած ածխակույտի վրա՝ պալատի դարպասներից դուրս։ Շունը

աստված չէ երկնային հանդերձներով, այլ իր իսկ կերպարանափոխվածը
Մահը և աղքատությունն ավելի նման է Իթաքային ինքին։
Երբ վերադառնում ես տուն քսան տարի անց
գուցե իսկապես արտասվես որսորդաշան համար,

որին լքել ես երկար ժամանակ առաջ, որ վեր է կենում
իր աղբ-անկողնուց, ճանաչելու բնազդը դեռևս անվնաս,
բավարար կամքով՝ պոչը շարժելու, գլուխը բարձրացնելու, և ավել ոչինչ չանելու։
Տարիներ անց հնարավորություն եղավ ավելի ուշադիր կարդալու այդ էջը

բայց փոխարենը Ոդիսևսի պես սլացաք առաջ՝ ստույգ ծրագրով։
Հիմա անցյալն է հետազատության նյութը,
որտեղ ճարտարությունն ու արագությունը հանձնվում են վշին, որ կարողանաք կանգ առնել՝
ցանկանալով արտասվել, արտասվել սաստիկ։

——————————————————————–

 Քլոե Կուտստումպելի

Պենելոպե III

Պենելոպեն արդեն գիտի,
որ հանդուգն սիրենները չէին
նրան ուշացնողը
ոչ էլ ծերացող Կիրկեն
իր ձագարաձև սպասումով
ոչ էլ ինչ-որ այլասերված Նավզիկեն
պարուրված սխալ տարիքում՝
սպիտակ գուլպաներով ու դպրոցականի շրջազգեստներով։
Ոչ Լեստրիգոններն էին, ոչ էլ լոտուսներով,
որ հեռու էին պահում նրան իրենից,
Եվ ոչ էլ արհմիութենական պոռթկումները, թերևս, Պոսեյդոնի
ու խառնաշփոթները հին ընկերների

բանն այն է, որ հին աշխարհում
հիմա շուտ է մթնում,
երկիրը հարթ չէ
և մարդիկ կորչում են երբեմն։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *