Վանիկ (Վանո) Սիրադեղյան | Բանաստեղծություններ


***
Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում,
Բայց հոգնել եմ ես, խոսիր, գնչուհի:

Քեզ պարզած ափից հեքիաթներ հյուսիր
Ու օրոր ասա հոգնած մտքերիս:

Իմ հեքիաթները չծնված մեռան,
Կարմիր խնձորներ չընկան երկնքից,

Իմ հորինածին Էլ չեմ հավատում,
Դու օրոր ասա, օրոր, գնչուհի:

Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում,
Բայց խոսիր, խոսիր, խոսիր, գնչուհի…

***
Գետափին նորից ծիրանիները կծաղկեն,
Երակ-երակ կտրոփեն կածանները ձորալանջի,
Առաջին սիրո սարսուռով ձորը կմտնի աղջիկը,
Տղան կգժվի առաջին համբույրից:

Ծաղկած ծիրանիները ծնծղաներ կդառնան,
Լուսաբացը կդառնա սիրո օրհներգ,
Իմ սիրտը կոռնա կարոտից,
Կգալարվի մարմինս ցավագար,
Կփլվեմ ծնկներիս, կչոքեմ
Երկնի անսահմանության դիմաց,
Աղոթքով շուրթերս կբանամ,
Կփակեմ աչքերս մորմոքվող…
Եվ սսկված տառապանքի մեջ դու կգաս,
Դու կգաս իմ սիրո ուրվական,
Կահագնանա մի մեծ պատարագ
Ձայների ճչացող լռությամբ՝
Գարնան մեջ ծնված ու մեռած
Իմ սիրո հոգու անմահության համար։
ՀԵՆԱԿԸ

Նա մի ոտք ուներ ու մի որդի
Եվ մի հենակ ուներ:

Նա մահից մի ոտք էր փրկել
ու մի բարուր աշխարհ
եւ որդով վերապրելու մի հույս Էր փրկել:

Նա մի ոտք ուներ,
որ հենակի հետ պար Էր բռնել,
երբ մանկան ճիչն Էր պայթել ականջներում նրա,
որ սրտի պես թունդ էր առել,
երբ առաջին քայլից կիսաորբն իրեն Էր փարվել…
Ու հետո… ծերացել Էր ոտքը,
Երբ իր միակ հույսը նրան՝ հենակի հույսին Էր
թողել:

Իսկ հենակը… փայտ Էր, չէր դիմացել,
ճաքճքել, մաշվել ու… տնքացել Էր հենակը

Նա մի ոտք ուներ
ու մաշված մի հենակ…
Մի օր Էլ փոստատարը գյուղից մետաղե մի հենակ
Էր բերել:

***
Դու նայում ես ինձ
Ու դեռ ժպտում ես,
Դու դեռ ժպտում ես
Եվ ինչ-որ բան ես
Ինձ ուզում ասել…

Միայն թե չասես,
Դու չկամենաս,
Որ ես ուշացած
Ձյուն-ձմեռ դառնամ՝
Հալվեմ ու գնամ:
Գարուն, 1972, համար 1

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *