Նուշիկ Միքայելյան | Վերնագիրը վերջում

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ…

Այդ տարածքում ոչինչ իր տեղում չէր: Սեղանը կախված էր առաստաղից, մեկ կիլոգրամ պանիրը սառնարանի դռան մեջ ձվերի համար հատկացված հատվածում էր ինքն իրեն փշրել ու տեղավորել, աթոռներից երկուսը՝ նստած էին սենյակում ապրող երկու ընկերների վրա, որոնք մահճակալի տակ էին պառկել և որոնց հայացքը դեպի ներս էր նայում դրսի աշխարհը չտեսնելու ցանկությամբ:
Մի շիշ գարեջուրը դրված էր լուսամփոփի վրա և գարեջրի փրփուր էր հոսում ջրի ծորակից, որից անհագ խմում էր տան միակ շունը, ով պոչը շարժելու փոխարեն վիզն էր առաջ ու ետ տանում բերում…
Ներս մտավ նրանց միակ հարևանը, ով հաղթանդամ էր ու մռայլ և փրփուրներ կուլ տվող շան հետ պառկեց ծաղկամանի մեջ, որի ծաղիկների բուրմունքը մնացել էր ընկերներից մեկի ափին , իսկ ծաղիկները այս խառնաշփոթ տարածքում կախել էին իրենք իրենց պատուհանի փեղկից, որը ոչ բաց էր, ոչ փակ:
Ընկերներից մեկը նկարիչ էր, մյուսը նկարիչ չէր, սակայն երկուսն էլ նկարում էին սեփական ճակատագիրը մի փոքրիկ թղթի կտորի վրա, որտեղ ինչքան նկարում էին, այնքան ամեն բան սկսում էր ջնջվել:
Ոչինչ իր տեղում չէր, կամ ամեն ինչ իր տեղում էր, ու խառնաշփոթն այս նման էր տիեզերական մի քարտեզի, որտեղ ինչ- որ տեղ ինչ- որ գանձ կար թաքնված, որը պետք էր գտնել:
Շան վզից մի մազ պոկեց ընկերներից մեկը ու սպիտակ, բարակ մազաթելը տարավ, դրեց փռի մեջ, եփեց ու երբ փռից հաչոց լսվեց, տաք տաք մազը հանեց փռից և որպես սպի՝ տեղավորեց այտի վրա:
Մյուս ընկերը մերթ առաստաղին էր նայում, մերթ փրփուր խմող շանը ու ժպտում էր, իսկ ժպիտի փոխարեն դեմքի վրա գծագրվում էր մի ճանապարհ, որի վրա քայլում էին փոշու հազարավոր հատիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա արևի լուսավոր փռշտոցից մի կաթիլ կար:
Նրանք չգիտեին՝ երջանի՞կ են այս տարածքում, թե՞ դեռ չեն տեսել երջանկությունը… ու վստահ լինելու համար սկսեցին քնել, քնել այնքան՝ մինչև մահացածի նման ինչ որ լույս տեսնեն ու հասկանան վերջն ուր է տանում…Ինչքան քնեցին՝ չմեռան, ինչքան քնեցին՝ չմեռան, մինչև նրանցից՝ նկարիչը վերցրեց իր ահռելի վրձինը ու սեփական կոպերի վրա նկարեց արշալույս, որին հավատաց:

Մյուսը, ով նկարիչ չէր, շարունակեց քնել մեռնելու ծրագրով, սակայն այնքան չմեռավ, մինչև անվարժ ձեռքով ինքն էլ վերցրեց վրձինը ու կոպերի վրա նկարեց ընկերոջ կոպերը, որոնք արշալույսի պատկերով էին թարթվում…
Առավոտն ու գիշերն այս տարածքում ընդամենը երկրաչափական մարմինների տեսքով մի պատից մյուսն էին խփում իրենց գնդաձև գլուխները և երբ փլվում էին պատերը, տարածքը մեծանալու փոխարեն փոքրանում էր, սեղմելով իր մեջ այդ մեծ տարածքում բնակվող՝ երջանկությունից բան չհասկացողների երազը՝ որն իրական էր և իրականությունը՝ որն այնքան նման էր երազի:
Տարածքն ուներ անուն. տարածքի բնակիչները նույնպես…Սակայն անունն էլի՛ իր տեղում չէր և բնակիչներն այլևս այդ անվան ետևից չէին էլ վազում նրան բռնելու համար…Գիտեին՝ անունը կգա ու կապրի իր իսկական տեղում այն ժամանակ երբ ծնվի տերը անվան՝ ով նույնպես իր տեղում չէր ու ծնվելու փոխարեն շարունակում էր փչել իր նախկին տարեդարձների մոմերը:
Տարածքում ոչինչ իր տեղում չէր, ու տարածքի բնակիչները նկարում են այն տեղը, որի տեղը կլինի հենց այստեղ:
Հազարամյկաներ անց, Տարածքում հիմա ապրում են փոքրիկներ, որոնք ոչ թե դասավորում են սենյակը ըստ մնացած բոլոր – բոլոր սենյակների, այլ սովորում են սիրել խառնաշփոթը, որից չծնված երջանկության նորածնի հոտ է գալիս:

ՀԱՅԱՍՏԱՆ

2016

 

ԾՆՈՒՆԴ

Ես չգիտեի մայր լինել: Ես տասներեք, տասնչորս տարեկան հասակում բանաստեղծություններ էի գրում կյանքի մասին և տանից դուրս գալուց առաջ հայելուն չէի նայում: Աղջիկ էի, որը մի օր պիտի դառնար կին, հետո մայր:

Աղջիկներին բնորոշ նազանքն ու հեզանքն իմը չէին և մայրս ամեն անգամ ջինսս հագնելիս, քայլվածքիս մասին էր խոսում՝ հիշեցնելով, որ տղամարդու նման քայլելու իմ սովորույթը ինձ կվանի տղամարդկանցից, իսկ ես պարտավոր եմ սովորել կանացի լինել, սրունքներս իրար կպցրած ու թեք նստել, մեջքս ուղղած քայլել ու ամենակարևորը, ժպտալ հնարավորինս շատ, որովհետև մշտապես անտրամադիր մարդիկ սիրելի չեն լինում:

Ինքս իմ մտքում միշտ ժպտում էի, ու վստահ էի, որ ժպիտը դեմքիս վրա հստակ ուրվագծվում է, սակայն երբ պատահաբար ներքին ժպիտս փորձում էի որսալ հայելու վրա, չէի գտնում այն: Զարմանում էի, որ հայելին չի ցույց տալիս այն, ինչ կամ իրականում: Զարմանում էի, որ ես ժպտում եմ, իսկ հայելին դա չի նկատում…Ստիպված էի լինում ներքին ժպիտս երբեմն վերածել արհեստական լայն ժպիտի, որպեսզի հայելու համար դյուրընթեռնելի լինեմ ու այն վերջապես ինձ ներկայացնի այնպես, ինչպիսին իրականում կամ:

Հայելիների հետ իմ փորձարկումների արդյունքում հասա այն եզրակացությանը, որ ես միևնույն է ժպտերես մարդ չեմ ու հանցանքն ամբողջությամբ դրեցի ոչ այնքան նրբագեղ քթիս վրա, մտածելով, որ երևի դիմագծերիս կոպտությունը չի թույլ տալիս այնքան կանացի ու հմայիչ երևալ որքան ինձ թվում է…Եվ այդպես, աղջիկ ծնված լինելու բեռը վերցրած, ինքս իմ մեջ դժգոհում էի այդ հիմար խաղից, ներքին վիրավորանք զգալով այն բանի համար, որ պարտավոր եմ այս կամ այն ձևն ընդունե՝լ ամուսնանալու, հետո էլ մայր դառնալու համար:

Բանաստեղծություններս նկատվում էին խելացիների կողմից ու ոմանք ինձ ասում էին, թե տղամարդու թափով են գրված տողերս…Շշմում էի, որ բոլոր մեծ ու լավ բաները տղամարդկանց էին վերագրում, բայց ներքուստ ուրախանում էի, որ համեմատում են տղամարդու հետ: Արևելքում ծնված աղջիկ էի, ու ծնողներիս ինձ տված ազատություններով հանդերձ, որպես աղջիկ, թերարժեքության զգացումն ունեի և ինչպես շատ ու շատ աղջիկներ, հաճախ էի կրկնում հետևյալ միտքը՝ « Հաջորդ անգամ երբ աշխարհ գամ, տղամարդ եմ ծնվելու»:

Հետո, տարիներ անց, երբ սկսեցին ինձ սիրահետել տղամարդիկ և երբ նրանց աչքերի մեջ սեր տեսա, ինքս ինձ խոստովանեցի, որ այնուամենայնիվ երևի հաջողվել է ինձ լինել այն, ինչ ինձ կոչել են՝ աղջիկ…Աղջիկ կամ կին լինելը փաստորեն կոչում էր, ինչպես նաև կոչում էր տղամարդ լինելը: Սահմանված էին այդ երկու պատկանելիությունների բոլոր բնորոշումները, և խախտումը , ամբողջ մի ճակատագրի խախտում կարող էր դառնալ:

Իսկ թե ինչ էր և որն էր ճակատագիրը, այդ մասին ինձ ոչինչ չէին սովորեցրել: Չէին սովորեցրել, որ բանաստեղծություններ գրողը կին կամ տղամարդ լինել չի կարող և չէին ասել ինձ, որ բանաստեղծություններ գրում է երեխան միայն, ով հանգիստ կարողանում է մերկանալ բոլորի ներկայությամբ, չգիտակցելով մերկ լինելու իմաստն անգամ:

Հայելիների մեջ ես այդպես էլ չգտա ինձ: Հայելիների մեջ ես չգտա իմ բանաստեղծությունները, թեպետ ինձ թվում էր, թե դեմքիս, աչքերիս, ուսերիս ու ծնկներիս փոխարեն բառեր, մտքեր, սերեր ու ժպիտներ են կախված :

Հայելիները խաբեցին ինձ ու բոլորին, որովհետև տիեզերքի ձև~ը տեսան միայն` բովանդակության առջև կույր լինելով, և պարտադրեցին բոլորին հավատալ իրենց, պարտադրեցին բոլորին ամեն օր ձևը սանրել, ձևը շպարել, ձևով հիանալ կամ ձևից ամաչել:

Ես չգիտեի մայր լինել, սակայն մայրացա, բանաստեղծություններիս մեջքին թամբած նորածնիս, ով աղջիկ ու տղա էր, ով կին ու այր էր, ով հայր ու մայր էր, ով Մարդ էր և Աստված, որի դիմաց աշխարհի բոլոր հայելիները խոնարհվեցին, ընդունելով ձևի կայսրության սքանչելի անկումը:

2017

Share Button

6 Կարծիք

  • Սիրելի Նուշիկ Միքաելյան կարդալով Ձեզ, ինձ պետք չի այլևս կարդալ ուրիշ գրողների…..ես երջանիկ եմ , որ գտել եմ Ձեզ ու Ձեր ժամանակակիցն եմ …ցավում եմ , բայց Ձեր կողքին չեմ տեսնում …երկրորդին …երրորդին….վեցերորդին…
    « Հաջորդ անգամ երբ աշխարհ գամ, տղամարդ եմ ծնվելու»…վերցնեմ ահռելի վրձին ու սեփական կոպերի վրա նկարեմ արշալույս…ու կարդամ Քեզ…

  • Մեծ սիրով կարդացի Նուշիկ Միքայելյանի ստեղծագործությունը։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ Նուշիկ Միքայելյանի – որպեսգրողի
    ստեղծագործական ձեռագիրը աչքի է ընկնում շատ վառ արտահայտված առանձնահատկությամբ, արարելու մեծ ներուժով, ասելիք ունեցող մարդու ինքնավստահությամբ։ “Վերնագիրը վերջում” էսսեն մեկ շնչով կարդալու փորձը ձախողվեց, քանի որ այն ոչ միայն շատ ասելիք ուներ, այլև կառուցվածքային բարդություններ կային։ Փոխաբերությունների մի ամբողջ շղթա, որը լիովին հասկանալու, մարսելու համար երևի երկրորդ, երրորդ անգամ կարդալու անհրաժեշտություն կա։ Փոխաբերությունների բազմությամբ և բարդությամբ այն ինձ հիշեցրեց Բորիս Վիանի “Օրերի փրփուրը” վիպակը։ Այնտեղ նույնպես գրողի վառ երևակայության շնորհիվ բազում ու բարդ փոխաբերություններ կային, և իհարկե կարդացվում էր դժվարությամբ, բայց շատ հետաքրքիր։ Ամեն դեպքում ձեր գրածները ինձ միշտ էլ շատ են դուր գալիս, և ես դրանք կարդում եմ մեծագույն հետաքրքրութամբ։

  • Anahit Stepanyan says:

    Nush jan yerkrorde hoyakap e. Shat khore u jshmarit. Ays janre indz sireli e.

    Arajine abstrakt pilisopayutyun e…..Parajanov…..Torkovski.(filmere)…. yes shat heru em haskanaluc …..

  • Նինել Աղասյան says:

    Մեկը մյուսից լավն էին, Շնորհակալություն

  • Մարգարիտ Հարությունյան says:

    Հրաշալի է,շնորհակալություն

  • minas.tamar@gmail.com says:

    Նուշիկ ջան, սիրում եմ քո ոճը, որտեղ երազի ու իրականության սահմանազատում չկա։ Իսկ Նուշիկը իրականությունն է, ում համար հավասարապես տեսանելի են երկու աշխարհներն էլ։ Քիչ պատահող որակ ես հարգելիս։ Հատկապես որ, կարճ ու կոնկրետ ես։ Միշտ հաճելի է կարդալ????։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *