Վլադիմիր Նաբոկով | Մուսային

Մուսային

Հիշում եմ հայտնությունդ – զրնգոց,
Ծնծղա և հուզումներ, գոց աշխարհից,
Լուսնի ցոլանքից քո պատշգամբին
Տավղանման ստվերներ հսկա ծառից․․․

Ես՝ պատանիս, նրբին քո ուսերին
Յամբի հանդերձը չէի գցի կոպիտ,
Բայց երգեցիկ էր տողս տակավին՝
Թեկուզ և հանգը սխալ՝ շրթիս ժպիտ:

Ու երջանիկ էի ես: Հանգչում էր սեղանիս,
Դողացող լույսը կիսայրուկ մոմի,
Ու երազում էի, որ հավերժ ապրի
Գրչովս շանթահար էջն՝ ընդ ապակի…

Հիմա այն չէ: Էլ աստղը վաղորդյան
Ինձ չի հանի վեր քաղցր թմբիրից,
Եվ ուժերիցս վեր է աշխատանքը այն,
Որ կհարթեր ճամփան սնափառի:

Փորձված հիմա, ժլատ եմ, ամբարիշտ,
Շոյում է տողս փայլը պղնձյա:
Քեզ հետ երբեմն զրուցում ենք – ճիշտ
Ինչպես զույգ դրկիցները հնամյա։

Հասունությունը լի է, գեղեցիկ –
Խաղող, կես-ձմերուկ ու տանձ հասած,
Եվ բարձրագույն պարգև որպես՝ լույս թափանցիկ:
Մրսում եմ: Աշուն է հիմա, մուսա․․․

 

***
Ես ու դու հավատում էինք կապակցված գոյին,
Իսկ հիմա նայում եմ ետ – զարմանալի է –
Որքա՜ն իմը չես, իմ պատանեկություն,
Գույներով, դիմագծերով անճանաչելի ես:
Գիտես, դա նման է ալիքի շուքին
Իմ ու քո մեջ՝ խեղդվող – ափ հարաբերությամբ,
Կամ սլացող սյուների միջով դու՝ մեջքից,
Մայրամուտ մտնող ավտոյի վայրագությամբ:
Դու վաղուց արդեն ես չես, էսքիզ ես, հերոսն
Առաջին գլխի – բայց չէ՞ որ մենք կարծում էինք,
Որ անդադար է ուղին խոնավ ձորակից
Մինչև լեռնային ցախի:

«Պոեմներ և պրոբլեմներ» գրքից

 

Մայր

Մթնում է: Գամեցին: Գողգոթայից պոկված՝
Ամբոխն է գալարվում վայրէջքով կամաց,
Կարծես մի օձ սողա ընդ ձիթենին:
Ու մայրերը տեսան, ինչպես բլուրն ի վար
Մեգի միջով տարավ, խրատելով, Հովհան
Ծեփ ճերմակած, մթնած Մարիամին:
Կքնեցնի իրեն և ինքն էլ կպառկի,
Քնի միջով մինչ լուսաբաց՝ ողբի
Ձայնով նրա, ու անձկության…
Իսկ եթե նրա կողքին մնա՞ր Քրիստոս՝
Փայտ տաշելով՝ երգե՞ր… Իր արցունքը
Գուցե չարժե՞ր գինը մեր փրկության…
Ու կհառնի լուսե Աստծո Որդին փայլով,
Երրորդ օրվա շեմին կանանց երևալով,
Իզուր որ բուրավետ յուղեր էին բերել:
Լուսե մարմինն իր կշոշափի Թովման,
Հրաշքներից աշխարհը ողջ կխենթանա,
Եվ շատերին խաչ կհանեն:
Մարիամ, ի՞նչ փույթ ձկնորսների ցնորքը քեզ..
Անորսալի՝ վշտիդ թևով կանցնեն
Օրերդ… Ոչ երրորդ օրվան,
Ոչ հարյուրերորդ, երբեք էլ չի ելնի կանչիդ
Թուխ առաջնեկդ, որ ճնճղուկներ էր ծեփում
Արևի տակ՝ Նազարեթում:

 

***
Կքել է աթոռին
Անմատ իմ վերարկուն,
Ստվերներն ահագին
Գաղտնիք են ակնարկում…
Միջանցհովիկը լուռ
Տարավ հոգիս հեռու՝
Դեպի սահուն բացված
Թվերը ապակու…
Թվե անոթների
Ցոլանքներով անցած,
Թորման կաթսաների
Միջով ճխլած, ուռչած՝
Հոգին իմ բաղդատվեց
Հազար օղակների,
Բազում պտույտ տվեց,
Որ վերջապես հանգի
Հաղճապակյա կանգին՝
Զերոյին գերազանց.
Իսկ սենյակում մնաց
Իմ վերարկուն կքած…

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Պիպոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *