ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ | Պատերազմն ու փոքր ազգերը

Ծնվել է 1883թ. դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Լիբանանի Բեշարե գյուղում:
1901-1903թթ.-ներին ապրում է Փարիզում, ուր ուսանում է նկարչություն և միաժամանակ տպագրվում արաբական մամուլում: 1920թ. ստեղծվեց «Գրչի միությունը», որը գլխավորում էր Ջուբրանը` հավաքելով իր շուրջ գաղափարակից ստեղծագործողների և ինչպես ինքն էր բնորոշում` Ճշարտության ոգու եղբայրների: Միության անդամները սեփական ստեղծագործությունները հրատարակում էին իրենց «Աս-Սաիհ»/»Ճանապարհորդ»/ թերթում, «Ալ-Ֆունուն» /»Արվեստ»/ ամսագրում և «Գրչի միություն» ալմանախում, թեև միությունը երկար չգոյատևեց, բայց ժամանակակից արաբական գրականության զարգացման վրա հսկայական ազդեցություն թողեց:
Դեռևս 1908թ. նա եղբորը գրած իր նամակում ասում է. «Մարդիկ Սիրիայում ինձ անվանում են հերետիկոս, Եգիպտոսում գրականագետներն ինձ քննադատում են` ասելով, որ ես հաստատուն օրենքների, ամուսնական կապերի ու հինավուրց ավանդույթների թշնամին եմ»:

Պատերազմն ու փոքր ազգերը

Մի մարգագետնում ոչխարն իր գառնուկի հետ արածում էր: Նրանց գլխավերևում արծիվն էր ճախրում` քաղցած ու հոշոտելու ցանկությամբ լի աչքերը գառնուկից չկտրելով: Եվ այն պահին, երբ պատրաստվում էր ավարը որսալու համար իջնել, մի ուրիշ արծիվ հայտնվեց` սավառնելով ոչխարի ու գառան գլխավերևում` իր ցեղակցի նման նայելով ագահ ընչաքաղցությամբ:
Դեմ առ դեմ գալով` կռվեցին այնքան, մինչև ողջ երկինքը լցրեցին իրենց վայրի ճիչերով:
Ոչխարը գլուխը վեր բարձրացրեց, զարմացած նայեց նրանց, ապա շրջվելով գառնուկի կողմը` ասաց.
– Նայիր, որդի՛ս, ինչ տարօրինակ է այս երկու պատվարժան թռչունների կռիվը: Մի՞թե նրանց ամոթ չէ, որ կռվում են: Այս լայնարձակ երկինքը մի՞թե բավարար չէ` խաղաղ ապրելու համար: Բայց դու աղոթիր, փոքրի՛կս, սրտանց աղոթիր Աստծուն, որ խաղաղություն ուղարկի քո թևավոր եղբայրներին:
Ու գառնուկն աղոթեց ամբողջ սրտով:

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատահեց այն ժամանակ, երբ Այշանայի թագուհին անկողնում պառկած երկունքի ցավերի մեջ էր, իսկ թագավորը` պալատականներով շրջապատված, թևավոր ցուլերի դահլիճում1, ասես ասեղների վրա նստած, սպասում էր կնոջ երկունքի ցավերից ազատվելուն:
Անսպասելիորեն ներս մտավ սուրհանդակն ու թագավորի առաջ ծնկի գալով` ասաց.
– Ո՜վ հզոր թագավոր, ավետիս եմ բերել թե՛ թագուհու, թե՛ թագավորի ու թե՛ նրա բոլոր հպատակների համար, հայտնում եմ քեզ, որ քո երդվյալ թշնամի ալ-Ջաիրի տաճարի ալ-Բաթրուն թագավորը մահացել է:
Երբ թագավորն ու պալատակնները լսեցին այս լուրը, ուրախությունից ընդոստ վեր թռան իրենց տեղերից, քանի որ, եթե այսպես շարունակեր հզոր տերությունը, ապա մեկ տարի հետո կգրավեր Այշանայի հողերն ու կսրտակցներ նրա բնակիչներին:
Հենց նույն պահին թևավոր ցուլերի դահլիճ մտավ պալատական բժիշկը, որի ետևից էլ գալիս էր թագուհու մանկաբարձուհին: Թագավորին հարգանքով խոնարհվելուց հետո` բժիշկն ասաց.
– Տեր թագավորին մաղթում եմ հավերժական կյանք, ահա Աստված քեզ նվիրեց տոհմդ հավերժացնող մի զավակ, որը գահի վրա քեզ կփոխարինի ու կհավերժացնի քո իշխանությունը Այշանայի ժողովուրդների վրա բազում տարիներ:
Երջանկացավ թագավորը, հոգին ցնծաց ուրախությունից, քանի որ նույն րոպեին մեռել էր նրա թշնամին, իսկ խալիֆայությունն էլ շարունակվելու էր իր սերնդով:
Այդ ժամանակներում Այշանա քաղաքում ապրում էր մի ճշմարիտ մարգարե, որը քաջարի ոգու տեր պատանի էր: Թագավորը հրամայեց, որ հենց այս գիշեր իր մոտ բերեն մարգարեին:
– Գուշակիր, ո՜վ մարգարե, ասա մեզ, ինչպիսի՞ն կլինի որդուս ապագան, որը հենց նոր ծնվեց թագավոր լինելու համար,- հրամայեց նրան թագավորը:
– Լսիր, տեր թագավոր, ճշմարտությունն եմ հայտնում քեզ որդուդ ապագայի մասին, որն այսօր ծնվեց քեզ համար: Թշնամու հոգին /քո երդվյալ թշնամու` Միհրաբ թագավորը, որը մահացավ երեկ երեկոյան/ հոգիների աշխարհ է իջել միայն մեկ գիշեր, ապա կրկին երկիր է վերադարձել և ապաստանի համար որդուդ մարմինն է գերադասել, որն այսօր ծնվեց քեզ համար, թշնամու հոգին նրան է անցել,- պատասխանեց նրան մարգարեն:
Թագավորը ցասումով լցված վեր բարձրացրեց թուրն ու իր ձեռքով կտրեց մարգարեի գլուխը` զայրույթից փրփրակալած:
Օրեր ու տարիներ անցան այս պատմության վրայով, ու մի օր, երբ Այշանայի իմաստունները զվարճանում էին, նրանցից մեկը խրախճանքի վերջում ասաց.
– Մի՞թե մեզ ժամանակին չասվեց, և օրերն էլ հաստատեցին այդ խոսքը, որ Այշանային, իսկապես, տիրում է նրա թշնամին:

ԻՐԴՈՒՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Մի անգամ Իրդուս քաղաքի պատվարժան այրերը ներկայացան թագավորին ու խնդրեցին հրաման արձակել` իրենց քաղաքում ոգելից խմիչքներն արգելել: Թագավորը ոչինչ չպատասխանեց, շրջվեց ու գնաց` քթի տակ ծիծաղելով:
Արքայի արարքից վհատված` ծերունիները հեռացան: Պալատի դարպասների մոտ հանդիպեցին թագավորի վեզիրին: Խորամանկ վեզիրը հարցուփորձ արեց, հետո իմանալով նրանց պատմությունը` վրա բերեց.
– Ցավում եմ, որ ձեր բախտը չի բերել, տիարք, քանի որ դուք, եթե գայիք թագավորի հարբած ժամանակ, ապա անմիջապես կստանայիք այն, ինչը խնդրում էիք:

ՀԶՈՐ ԵՍԸ
Պատահեց Նուֆասիբաալի թագադրումից հետո, երբ նա` որպես Ջուբեյլի թագավոր, գնաց իր առանձնասենյակը, որն իր համար կառուցել էին Ճգնավոր լեռան գուշակները: Ներս մտնելով թագը հանեց, ուսերից վերցրեց ծիրանին ու կանգնեց առանձնասենյակի կենտրոնում` խորհելով իր բացառիկ հզորության մասին` որպես այդ ժամանակների լայնածավալ իշխանության տեր Ջուբեյլի թագավոր:
Առանձնասենյակի կենտրոնում արծաթազօծ շրջանակներով մի հայելի կար, մայրն էր նվիրել, երբ կտրուկ շրջվեց հայելիու կողմը, տեսավ, թե ինչպես մի մերկ մարդ դուրս եկավ այնտեղից ու ներկայացավ իրեն:
– Ի՞նչ ես ուզում, ով մարդ,- զարհուրած գոռաց արքան:
– Միայն մի բան, արքա, ասա ինձ` ինչի՞ համար քեզ թագավոր թագադրեցին,- հարցրեց մերկ մարդը:
– Ինձ իրենց արքա թագադրեցին, քանի որ նրանցից ամենազնվատոհմն եմ,- պատասխանեց գահակալը:
– Աստված վկա, եթե դու ամենաազնվատոհմը լինեիր, ինչպես ասում ես, չէիր ընդունի թագավորությունը:
-Բայց ինձ իսկապես թագադրել են նրա համար, որ ես նրանցից ամենակարողն ու ուժեղն եմ:
-Եթե դու իրականում ամենաուժեղը լինեիր նրանցից, չէիր դառնա նրանց թագավորը:
-Ինձ իմ ժողովուրդը թագադրեց, քանի որ ես ամենաիմաստունն եմ:
– Աստված վկա, եթե դու ամենաիմաստունը լինեիր, ապա թագավոր չէիր դառնա:
Այդ ժամանակ թագավորն անխոս տապալվեց հատակին ու արտասվեց դառն արցունքով:
Մերկ մարդը գետնին ընկած թագը վերցրեց, զգուշորեն դրեց նրա խոնարհված գլխին` կարեկցանքով ու ցավով նայելով նրա տգիտությանն ու մեծամտությանը, ապա ետ դարձավ, նորից հայելու մեջ մտավ, ինչպես որ դուրս էր եկել` քնքշությամբ ու թախծով լի հայացք գցելով թագավորին:
Քիչ անց թագավորը վեր կացավ ու կտրուկ շրջվեց հայելու կողմը: Ուշադիր նայեց, բայց այնտեղ ոչ ոքի չտեսավ. միայն ինքն էր` թագը գլխին:

ՃԳՆԱԿՅԱՑ ԹԱԳԱՎՈՐԸ
Լսեցի մի երիտասարդի մասին, որն ապրում էր լեռների միջև ընկած անտառում, իսկ ոչ հեռու անցյալում երկու գետերի միջև ընկած մի լայնածավալ տերության թագավորն է եղել: Ինձ նաև ասացին, որ այս երիտասարդն, իր իսկ կամքով, լքել է իր թագն ու փառապանծ երկիրը և եկել-հաստատվել մերկ ու անհրապույր անապատում:
«Որքան եմ ցանկանում տեսնել նրան ու իմանալ նրա սրտի բոլոր գաղտնիքները, քանի որ նա, ով հրաժարվել է իր թագավորությունից, անկասկած ավելի հզոր է, քան թագավորությունը»,- ասացի ինքս ինձ ու անմիջապես ճանապարհ ընկա դեպի այն անտառը, ուր նա ապրում էր: Նրան գտա սպիտակ նոճու ստվերի տակ նստած, գայիսոնի նման մի եղեգ ձեռքին բռնած: Թագավորական ողջույնով ողջունեցի նրան, իմ կողմ շրջվեց, պատասխանեց ողջույնիս ու մեղմաձայն հարցրեց.
– Այս հեռավոր անտառում ի՞նչ ես փնտրում, բարեկամս: Եկել ես կանաչ ստվերներում կորցրած մի ես փնտրելու՞, թե՞ օրավերջից հետո ծննդավայր ես վերադառնում:
– Ես քեզ եմ փնտրում, քանի որ ինձ չափազանց հետաքրքիր է, թե հակառակ քո կարողությանը, ինչն ստիպեց քեզ փոխել մեծ տերությունդ այս խղճուկ անտառով,- պատասխանեցի ես:
– Կարճ է իմ պատմությունը,-ասաց նա,- պայթել են արդեն իմ մեծամտության պղպջակները, լսիր պատմությունս. մի օր իմ պալատում պատուհանի մոտ նստած էի, երբ վեզիրս մի օտարերկրացի դեսպանի հետ զբոսնելով անցավ պատուհանիս կողքով, լսեցի, որ վեզիրը պատմում էր իր մասին. «Ես էլ թագավորի նման ծարավ եմ հին գինիների, սիրահար` ցանկացած արկածախնդրության, ու մոլեգին զայրույթն էլ է ինձ ծանոթ, ինչպես իմ տեր թագավորինը»: Հետո վեզիրն ու դեսպանը ծածկվեցին պարտեզի ծառերի ետևում, սակայն երկար չմնացին, քիչ անց վերադարձան, այս անգամ վեզիրը պատմում էր իմ մասին. «Իմ տեր թագավորը ինձ նման վարպետ է հրաձգության մեջ, երաժշտության սիրահար է ու ինձ նման օրվա մեջ երեք անգամ լոգանք է ընդունում»:
Մի պահ լռեց, ապա շարունակեց.
– Նույն օրը, երեկոյան, լքեցի իմ դղյակը` միայն թիկնոցս վերցնելով, դրանից հետո ես չէի ուզում ժողովրդի գլխին թագավոր լինել. երբ նմանակում են իմ թերությունները` իրենց ազնվատոհմիկ ցուցանելու համար, իսկ իրենց առավելությունները վերագրում են ինձ:
– Ինչ տարօրինակ է քո պատմությունը և ինչ զարմանալի այս իրավիճակը:
– Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, բարեկամս, բախել եմ իմ հանգստի դռները` ձգտելով ավելիին, բայց ունենում ես միայն նվազագույնը.. Աստված վկա, ասա ինձ` ո՞վ չի փոխի թագավորությունն անտառով, ուր եղանակներն են երգում` ուրախ-զվարթ պարելով: Նրանք, ովքեր թողնում են իրենց թագավորությունը` փոխելով նվազագույնով` միայնությամբ, հաճույք են ստանում երջանիկ ու ներամփոփ կյանքից. ինչքան արծիվներ կան այնտեղ, որ իջնում են բարձունքից` համր ու լուռ խլուրդների հետ անձավներում ապրելու ու հասկանալու հողի գաղտնիքները:     Բազում են նրանք, ովքեր հրաժարվում են երազների թագավորությունից` ցույց տալու, որ իրենց հոգիները հեռու են երազներից: Բազում են նրանք, ովքեր լքում են մերկ թագավորությունը` իրենց հոգիների մերկությունը ծածկելու համար, որ ազատները չամաչեն նայել մերկ իրավունքին և զննել քողից ազատված գեղեցկությանը: Այս բոլորից ամենահզորը նա է, ով թողնում է տխրության թագավորությունը, որ մարդկանց չերևա իր վշտից գոռոզացած, մեծամտացած..
Ապա ձեռնափայտին հենվելով վեր կացավ` ասելով.
– Իսկ հիմա հզոր քաղաք վերադարձիր, կանգնիր դռների մոտ` զննելով բոլոր ներսուդուրս անողներին, ուշադիր եղիր ու ջանա գտնել այն մարդուն, ով չնայած թագավոր է ծնվել, բայց առանց թագավորության է: Այն մարդուն, ով թեև ստրուկ է իր մարմնով, բայց հոգով է տեր, սակայն ոչ նա, ոչ էլ նրա հպատակները չգիտեն նրա տեր լինելը: Այն մարդուն, ով մարդկանց աչքին իշխող է երևում, բայց իրականում ստրուկների ստրուկն է:
Խոսքն ավարտեց ու ժպտուն նայեց ինձ. թվաց, թե բյուր արշալույսներ եմ տեսնում: Հետո շրջվեց` ուղղվելով անտառի սրտի կողմը:
Իսկ ես քաղաք վերադարձա, կանգնեցի դռների մոտ` զննելով անցնող մարդկանց, ինչպես ասել էր ինձ. ինչ շա՜տ էին թագավորները, որոնց ստվերներն անցնում էին իմ վրայով, և այդ օրվանից մինչ այս ժամը, որքա՜ն քիչ են հպատակները, որոնց վրայով անցավ իմ ստվերը:

ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Օձն ասաց կարմրակատարին.
– Ի՜նչ կա ավելի գեղեցիկ, քան քո թռիչքը, ո՜վ կարմրակատար, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու կարողանայիր սողոսկել թռչնաբներն ու հողի մեջ թաղված որջերը, ուր կյանքի ճնշումը խտանում է լռության ու անդորրի մեջ:
– Աստված է վկա, որ դու խորաթափանց իմացության շտեմարան ես և ամենաիմաստունը բոլոր արարածներից, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու թռչեիր,- պատասխանեց կարմրակատարը:
Ձևացնելով, թե ոչինչ չի լսել` օձը շարունակեց.
– Խեղճ կարմրակատար, ինձ նման դու չես կարող տեսնել խորությունների գաղտնիքները, ոչ էլ կարող ես սողոսկել թաքնված թագավորությունների ամբարները: Ինչ վերաբերում է ինձ, ապա քեզնից չեմ թաքցնի. երեկ թաքնվել էի սուտակե անձավներից մեկում, որը նմանեցրի հասուն նռան բոսորագույն սրտին, որին լույսի ամենանվազ շողն անգամ վերածում էր հրե վարդի: Այս աշխարհում ո՞վ կարող է ինձ նման հավասար տեսնել այս հրաշքները:
-Ճշմարիտ դատեցիր, ով իմաստուն, իսկապես քեզանից բացի որևէ մեկը չի կարող քնել դարերի հետքերի ու դարաշրջանների հիշողությունների բյուրեղներին, սակայն, ցավում եմ, դու չես երգում,- պատասխանեց կարմրակատարը:
– Ես մի բույս գիտեմ, որի արմատները ձգվում են մինչև երկրի ընդերքը, և յուրաքանչյուր-ոք, ով ուտում է այդ արմատներից, դառնում է Աշթրութից առավել գեղեցիկ:
-Ոչ-ոք, ոչ-ոք, քեզանից բացի չի կարող կախարդական երկրի մտքի դիմակը հանել, սակայն, ցավում եմ, դու չես թռչում:
– Գիտեմ ծիրանագույն մի առվակ, որն անցնում է հզոր լեռան տակով, ու յուրաքնաչյուր-ոք, ով խմում է այդ առվակից, դառնում է հավերժ` աստվածային անմահությամբ: Ոչ-ոք, ոչ մի թռչուն կամ կենդանի, ինձնից բացի այդ առվակը չի գտնի:
– Աստված վկա, որ աստվածների նման անմահ կլինես, եթե կամենաս, սակայն, ցավում եմ դու չես երգում:
– Գիտեմ երկրակեղևի տակ թաղված մի տաճար, որի ճանապարհը չի գտնի որևէ հնագետ կամ հետազոտող, ամսվա մեջ բազում անգամ եմ այցելում այնտեղ. այն անցած ժամանակների հսկա շենքերից է, որի պատերին նկարված են բոլոր ժամանակների ու գոյերի գաղտնիքները, ու յուրաքանչյուր-ոք, ով կարդա ու հասկանա, ապա կհասնի աստվածությանն իր մտքով ու իմացությամբ:
– Ով սիրելի իմաստուն, դու, միայն դու, եթե կամենաս, մարմնիդ նրբությամբ կարող ես սողոսկել բոլոր սերունդների գիտությունների մեջ, սակայն, ցավում եմ, դու չես կարող թռչել:
Այդժամ, վրդովված իրենց զրույցից, օձն իր բույնը վերադարձավ` ինքն իրեն քրթմնջալով.
– Աստված ազատի դատարկագլուխ դայլայլողից:
Իսկ կարմրակատարը թռավ` բարձրաձայն ճռվողելով.
– Ցավում եմ, որ դու չես երգում, ցավում եմ, ցավում եմ իմ իմաստուն, որ դու չես թռչում:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Չորս բանաստեղծ նստել էին սեղանի շուրջ, որի վրա գինով լի գավ կար:
– Ինձ թվում է, ես տեսնում եմ այս գինու բուրմունքը` տիեզերքում թևածելիս, ինչպես թռչունների ամպը կախարդված անտառներում,- ասաց առաջին բանաստեղծը:
Երկրորդ բանաստեղծը գլուխը բարձրացրեց ու ասաց.
– Իսկ ես իմ ներքին ունկերով լսում եմ այդ թռչուններին, որոնք երգում են, և մեղեդիներն ամբողջությամբ հավաքվում են սրտումս` գերեվարելով այն, ինչպես որ հասմիկն է գերի վերցնում մեղվին իր թերթերի մեջ:
Աչքերը փակեց, ապա ձեռքերը վեր բարձրացրեց ու ասաց երրորդ բանաստեղծը.
– Ինչ վերաբերում է ինձ, ապա ձեռքերս գրեթե հպվեցին նրանց` դեմքիս վրա զգալով նրանց թրթրռացող թևերի շրշյունը. ասես քնած ոգու շնչառություն լիներ:
Այդ ժամ տեղից վեր ելավ չորրորդ բանաստեղծը, բարձրացրեց գավն ու ասաց.
– Ներեցեք, եղբայրներ, քանի որ տեսողությունս թույլ է, նաև ծանր եմ լսում, հազիվ էլ շոշափում եմ, ապա ի զորու չեմ տեսնելու այս գինու բուրմունքը, ոչ էլ լսելու նրա երգը, ոչ էլ զգալու նրա թևերի շրշյունը: Ցավում եմ, քանի որ ես ոչինչ չեմ զգում, բացի հենց իրենից` գինուց, դրա համար էլ պիտի խմեմ իմ անկյանք, անկենդան զգացմունքների համար, որ հոգիս բռնկվի ձեր օրհնության երկնային կրակով ու անարատության ներշնչանքով:
Այնուհետև գինով լի գավը դրեց շրթներին ու ըմբոշխնեց մինչև վերջին կաթիլը:
Նրա երեք բանաստեղծ ընկերներն ապշած նայում էին նրան` շրթները սեղմած, աչքերում` անհագ ծարավ, որը չէր տեսնում գինու հուրը, և ատելություն, որը չէր մեղմացնում գինու հրաշեջ բոցը

Արաբերենից թարգմանեց  Ռուզաննա Մանուկյանը

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *