ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
«Հայերը և թուրքերը»[1] գրքում կարդում ենք. «Մինչ Երևանը և ողջ հայ ժողովուրդը տոնում էին Սևրի դիվանագիտական հաղթանակը, քեմալականներն ու բոլշևիկները նախապատրաստում էին հարձակումը Հայաստանի վրա»[2]:
Եվ այդ նախապատրաստումները դառնում են իրողություն: Սկզբում թուրքերը վերագրավում են Օլթիի շրջանն իր ածխահանքերով, այնուհետև սեպտեմբերի 30-ին, առանց կրակոցի, Կաղզվանը ևս հանձնվում է թշնամուն, հետո ընկնում է Արդահանի հայկական մասը և Մերդենեկը: Նույն գրքում կարդում ենք. «Կարսի նահանգի հայ բնակչությունը զորքերի հետ փախչում է դեպի Կարսի ամրոցը»[3]:
Բազմաթիվ ու բազմապիսի են այս պարտությունների պատճառների մասին կարծիքները: Մասնակիցներից, ականատեսներից, ղեկավարներից ոմանք պնդում էին, որ պարտությունների պատճառը «բանակում տիրող անբարեհույս վիճակն» էր, սպաների՝ թալանով ու առևտրով զբաղված լինելը, մյուսները հայկական զորքերի անփառունակ պարտությունը բացատրում էին թշնամու հարձակման հանկարծակիությամբ, իսկ «ռազմական տեղեկագրերը փաստում են, որ հայկական բանակը պատերազմի այս փուլում չի կռվել և անընդհատ ավելի հարմար դիրքեր գրավելու պատճառաբանությամբ խուճապահար նահանջել է»[4]: Իհարկե, հակառակ կարծիքներ էլ կան:
«Սիմոն Վրացյանը. . ., որ ուղարկվել էր Կարսի ճակատ, համաձայն չէ տարածված կարծիքի հետ, թե թուրքերը, առանց որևէ արգելքի հանդիպելու, հաղթեցին հայերին, և որ հայկական բանակը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց… Եթե հայ բանակի մի մասը չգտնվեց իր բարձրության վրա, մյուս մասը ցույց տվեց անձնազոհության, անվեհերության և հայրենասիրության սքանչելի օրինակներ: Մասնավորապես, արյունահեղ կռիվներ տեղի ունեցան Սուրմալուի ճակատում, որի ընդհանուր հրամանատարը Դրոն էր»[5]:
Վրացյանը հիմնական պայքարը համարում է հոգեկան այն վիճակը, որ ստեղծվել էր բոլշևիկաթուրքական բարեկամությամբ:
Ցավալի ու տխուր է նախարար Բաբալյանի գրառումը. «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր. . . Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը»[6]:
Ինչևէ. . .
Իսկ թե ինչպիսին էր 1920 թվականի մայիսյան բոլշևիկյան խռովության օրերին Կարսի դիրքորոշումը և նրա ռուսախոս հայ զիվորականության պահվածքը, հասկանալի է դառնում մի փոքրիկ դրվագից, որի մասին գրում է հայկական կառավարության կողմից Կարս մեկնած Ռուբեն Դարբինյանը (նա «Ալեքսանդրյան փողոցի վրա կառավարության անունից ողջունել էր մի քանի օր առաջ հերոսական ճիգով բոլշևիկներին ճնշած հայ ժողովրդին»). «Երբ խոսքս վերջացրի, քաղաքագլուխ Համազասպ Նորհատյանը մոտեցավ ինձ և ականջիս փսփսաց, որ զորավար Փիրումյանը և սպաները դժգոհ են, որ ոչինչ չասացի զորքի մասին: Թեև դա արել էի դիտմամբ, որովհետև զորքը բոլշևիկյան ապստամբության ժամանակ վարանումներ էր ունեցել. . . »[7]:
Ահա. . . Պատմական այս գրառման մեջ տեսնում ենք «Երկիր Նաիրիի» կենտրոնական դեմքերից մեկին՝ գլխավոր հերոսի նախատիպին՝ Համազասպ Նորհատյանին, նույն ինքը՝ Մազութի Համոն:
Կարսի ընդհանուր իրավիճակը գնալով դառնում էր քաոսային ու անկառավարելի: Ռուսամետ զինվորականներ, տեղական իշխանություններ, խուճապահար գյուղացիություն, տարերային գաղթ և հուսալքություն: «Քաղաքը դատարկված է: Ժողովուրդը հեռացել է առանց ունեցած-չունեցածն իր հետ վերցնելու: Շատերը բաց են թողել իրենց դռները: Չորս կողմերից հայ ավազակները օրը ցերեկով կողոպտում են անտեր, անգամ տեր ունեցող բնակարանները» [8]:
Տխուր, սարսափելի փաստեր ենք կարդում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի՝ այդ օրերի հուշերում. «-Ի՞նչ է պատահել, գեներա՛լ,- հարցրի ես:
Բայց նա չպատասխանեց: Եվ տեսա միայն, որ ուժ է գործադրում տեղից վեր կենալու (գեներալ Դանիել Բեկ-Փիրումյանի ոտքն այդ օրերին կոտրվել է. այս մասին տեղեկացնում է կաթողիկոսը: (Լ. Ղ. )): Իսկույն օգնության հասա: Անթացուպերը թևի տակ առնելով, կոտորված ոտքը կախ, մի ոտքով ցատկելով՝ դուրս եկավ, դուրս եկա և ես: Հետո իմացա, որ տելեֆոնով, որ ամրոցի կամ պահականոցի հետ խոսում է, պատասխան չէ ստանում: Ամենքը թողել էին իրենց դիրքերը, թնդանոթները և փախել. . . Բայց Ժողովուրդը խռնվել է ավելի մեծ չափով: Մեծացել է նաև փախած զինվորների թիվը, ամբողջ հինգերորդ գունդը: Լալիս էին կանայք, մատաղահաս օրիորդներ, նաև տղամարդիկ, ճչում էին երեխաներ. . . » [9]:
Ահա այդ օրերի Կարսի իրական պատկերը, որի մասին Չարենցը պատկերավոր պիտի գրեր. «Եվ դավաճանությունն է, նենգ, ստոր նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին» [10]:
Անասելի աղաչանք, ցավ ու պաղատանք կա վարչապետ Օհանջանյանի հատուկ կոչում. սա մի վերջին ցավագին ճիչ է հայրենիքը փրկելու. «Քաղաքացինե՛ր, օրերը պատմական են: Ես հիշեցնում եմ ձեր պարտքը և հրավիրում սրբազան կռվի. . .»[11]:
Ավաղ, Հայաստանի առաջին Հանրապետության ճակատագիրը վճռված էր: Քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ մտան Կարս՝ գրեթե չհանդիպելով դիմադրության:
Այդ օրերին նահանգապետ Ստեփան Ղորղանյանը գրում է. «Կարսը ընկավ ոչ պարտված. նա մեր ոճրագործ անհոգության զոհը դարձավ» [12]:
Հայ ժողովրդի այս ողբերգական օրերի պատմությունն է ահա, որ չափազանց մոտ ապագայում Չարենցի կամ չարենցյան գրչով պիտի դառնար «Երկիր Նաիրի»:
ՅԱ. . . ՄԵՐՈ՞ՆՔ ԸՆՉԻ ՉԵՆ ԿՐԱԿԵ. . .
[մեջբերումը՝ «Երկիր Նաիրի» վեպից, էջ 170]
Այս, ինչպես Չարենցն է բնութագրում, պատմական դարձած նախադասությունից էլ սկսենք մեր աշխատանքի երկրորդ մասը:
Սա մի անասելի ցավոտ ու անպատասխան հարց է, որ հնչում է այն պահին, երբ «սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ»[էջ 170] (աշխատության այս հատվածի մնացած բոլոր մեջբերումները` «Երկիր Նաիրի» վեպից):
Մեր աշխատության այս հատվածում փորձենք մենք էլ մի հայացք ձգել նաիրյան այդ քաղաքին, փորձենք ճանաչել Չարենցի ծննդավայրը՝ Կարսը, որը ծայրեծայր նկարագրված է տառապող սրտով ու մտքով: Ահա թե ինչու՝ «ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»[էջ 7]:
Իսկ սկիզբը սա է: Դա քաղաք է, որն ամեն ինչով «նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին»[էջ8]: Միհարկանի տափակ կտուրներով շինություններ, որոնց, սակայն, հակադրվում են հարուստների հինգհարկանի թիթեղե կտուրներով շինությունները: Վեպի վերջին հատվածներում տպավորիչ բաժանում կա վարի, այսինքն՝ կենտրոնական թաղերի, և վերի թաղերի, այսինքն՝ Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերի միջև: Վարի թաղը «պատկառելի» նաիրցիներինն էր՝ Ալեքսանդրյանի և Լորիս-Մելիքյանի բնակիչներինը, իսկ վերինում ապրում էին «բռի անասունները», ինչպես անվանում էին նրանց «պատկառելի նաիրցիները»:
«Հետաքրքիր քաղաք է նաիրյան այդ քաղաքը և բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի»[էջ 28]: Դեմքեր. . . այո՛. . . Ապշեցուցիչ դեմքեր՝ էլ ավելի ապշեցուցիչ մականուններով:
Իսկ ինչպիսի՞ն էին նրանք և որքա՞ն խոշոր էր նրանց դերը նաիրյան այդ քաղաքի և հայրենիքի կյանքում: Ընդհանրապես շատ մեծ ու որոշիչ է մարդու դերը հայրենիքի լինելիության ու հակառակի գործում: Հայրենիքը հեշտությամբ կարող է զոհաբերվել հերոսների մանր-մունր, անձնական ճղճիմ հարաբերությունների մթնոլորտում: Վեպում ոչ մեկը մյուսի հանդեպ բարեհաճ չէ: Ոմանք «սնափառ եվրոպամետ են, տեղ-տեղ էլ ռուսամետ»,- բնութագրում է նրանց Չարենցը: Էլ չխոսենք կուսակցական խաղերի մասին: Դրանք ամենավտանգավորն են, և որոնք էլ ծնում են հայրենիքի կորուստ կոչված չարիքը: Մի անչափ տպավորիչ հատված կա վեպում, որը հենց այդ չարիքի համապարփակ պատկերն է:
«-Ովքե՞ր են դրանք,- հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը:
-Նացիոնալ-դեմոկրատներ,- պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ, և հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք, նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա «Ընկերության» դաշնակներին հակադրելով, նվագում են իրենց հնչակները. . . »[էջ 103]:
Մի էլ ավելի տպավորիչ հատված էլ կա արքայության կորստի և Նաիրի երկիրը ավերակների վերածելու մասին: Այս անգամ դերը արքաներինն է. «Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել Նաիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, եթե ոչ. . . ինչու՞ պիտի կորչեր արքայությունը նրանց, և ավերակների վերածվեր երկիրը Նաիրի. . . »[17]:
Վեպի մի հատվածում, որը ընդգծված անհանգիստ պատկերների շարան է, երևում է հայրենիքի, տվյալ դեպքում՝ Կարսի ուրվագիծը: Այդ ուրվագիծը սկսում է կերպավորվել, դառնալ վեպի զարմանալի մի հերոս այն պահից, երբ Չարենցն սկսում է պատմել Առաքելոց վանքի «հրաշքի» մասին: Իսկ այդ «պատահական գյուտը» սկսվում է Առաքելոց եկեղեցուց երկու-երեք հարյուր քայլաչափ հեռու կանգնած կիսավեր մի տնակից. . . Ընտանիքը կորցրած մերկ, բոբիկ մի մշեցի Թաթո, տնակի հողե գետնի մեջ ծանր թաղված ջրաղացքար՝ դռան տեսքով (ուշադրությու՛ն, դռա՛ն տեսքով. . . Սա սկիզբ է, որ մարմին պիտի առնի դեռ ինչ-որ անորոշությունից): Ահա այդ դուռն է, որ մութ, խոնավ ճանապարհներով Մշեցի Թաթոյին ու իր նման պանդուխտ հայրենակցին տանում է դեպի Առաքելոց եկեղեցի: Այնուհետև զարհուրելի խոնավության վրա կանգնած Վարդանի կամուրջ, որի ներքևում երգ է, ջրերի խշշոց, ու. . . Բերդը: Այս ամբողջ ճանապարհը մղձավանջային է, գաղտնի, որով անցնում են մեր հերոսները. «. . .Եվ ահա դուրսն են նորից: Շուրջը երկինք է, աստղային մշուշ: Վարը քաղաքն է երևի. . . Հեռուն, շատ հեռուն լսվում է խոլ, տխուր խշշոցը գետի, ոտքերի տակ իրենց- Բերդն է. . . » [էջ 16]: Այնուհետև զարհուրելի պատկերներ, հերոսների անհանգիստ հոգիներ. «Մութ է, գիշեր է, չի երևում: Փչում է կատաղի-հրում է քամին, հիմա կընկնեն: Ինչու՞ են այստեղ-ի՛նչ են ուզում:Սարսափից խելագար՝ աստիճաններով կրկին իջնում են վար, ընկնում են գետնափոր անցքերը, վազում են շնչակտուր. . . և նորից. . . Թաթոյի սենյակը և քնում են մեռելանման» [էջ 16]:
Ահա հստակորեն ընդգծվում են դուռը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Բերդը:Եվ սրանք միմյանց կապված են գաղտի ճանապարհով: Սա հայրենիքի մարմինն է ու ոգին: Այս գրեթե միֆական ազդեցություն թողնող հայրենիքի կերպարին հակադրվում է նաիրյան այդ քաղաքի իրական շերտը: Այդ հակադրվող շերտի մեջ Հինգհարկանի շենքն է իր «ամենաազդեցիկ հիմնարկություններով, գաղտի սենյակով», սրան մրցակից «Ընկերությունը», Երկաթուղին և, իհարկե, «Լույս» նավթարդյունաբերական ընկերության գրասենյակը՝ «նաիրյան գործերի կենտրոնը»:
Մի շերտ էլ կա՝ շատ կարևոր, որոշիչ. . . Նաիրյան այդ քաղաքի բնակիչները. . .
Ահա այս տարօրինակ միասնության մեջ խմորվում են ազգային անցյալն ու ներկան, որոնց կամաց-կամաց միախառնվում է օտարի քաղաքական նեկայությունը:
Եվ ինչ հավատով էլ որ մշեցի Թաթոյի ընկերն ասի. «Օրը կգա, և նորից կելնե, կհառնե մշուշից նաիրյան ոգին»[էջ 15], միևնույն է, մինչև «հառնելը մշուշից» Երկիր Նաիրին պիտի անցնի գեհենի միջով:
Ցնցող պատկերով է սկսվում վեպի երկրորդ մասը:
Երևում է մի մարդ՝ «անհեթեթ մի պատկերով»: «Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ. . . և գլխի վրա դրած՝ տանում էր- երևակայու՞մ եք- դեղնավուն մի դագաղ. . . » [էջ 49]: Պատկերը ցնցող է ու տագնապազդու: Ցնցող հենց միայն այն պատճառով, որ մարդը մեն-մենակ, լարված ուժերով դագաղ է տանում: Էլ ավելի ցնցող է անխուսափելին. նա գերագույն տառապանքով տանում է այդ բեռը, որպեսզի նույն այդ դագաղը դրած՝ հողին հանձնի մահացած մորը կամ կնոջը կամ հարազատ որդուն, մի խոսքով՝ հարազատ մեռելին: Այլընտրանք չունի նա, «քանի որ թաղել է հարկավոր բոլոր մեռելներին»[էջ50]: Այլընտրանք չունի նա, ինչպես որ չունի այլընտրանք հենց ինքը՝ Չարենցը. «Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճիշտ այդ վարժապետի նման- ու՞ր եմ գնում: Ինչու՞ եմ հպել-բայց ոչ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը և ուզում եմ տեղ հասցնեմ. . . ու՞ր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել- չպիտի պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը – տանում եմ կամքիս հակառակ, որովհետև, այո՛, հարկավոր է տանել. . . » [էջ 50]:
Սա վեպի ամենաազդեցիկ, ամենատխուր, ամենաողբերգական հատվածներից է, եթե ոչ հատվածը: Խոսքս մասնավորապես Չարենցին է վերաբերում: Տեսնում ենք մեկին, որը, իր կամքին հակառակ, պիտի թաղի սիրելիներից ամենանվիրականին՝ հայրենիքը: Սա մի տեսակ անհավատալի անզոր Չարենց է, և ուշադիր ու նրբանկատ ընթերցողի համար հենց այստեղից է սկսվում Նաիրի երկրի տագնապազդու ավարտը:
«Բայց ների՛ր, ընթերցո՛ղ, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի. . . », – ասում է Չարենցը: [էջ73]
Շապիկի թևերը թրջած և պինդ հանգուցած և այդ հանգույցը արձակել չկարողացող մի դժբախտ երեխա է ինքը, իսկ իր շուրջը հռհռացող երեխաներ են, որոնք կապկպել են շապիկը, և ինքը ստիպված է մի կողմ թողնել հագուցած շապիկը ու հագնել շորերն առանց սպիտակեղենի, որովհետև եթե «ընկնի ընկերների հետևից, շատ են, մի երկուսը ետ կմնան և մնացած շորերը ևս կթրջեն ու կհանգուցեն. . . »[էջ73]: Այստեղ ևս այլընտրանք չկա: Ինչպե՞ս և ի՞նչ տառապանքով է նա կարողացել պատկերել հայրենիքը խորհրդանշող անօգնական ու անճար երեխայի ու այդ հայրենիքը խճճող ու բզկտող ընկեր-երեխա-հրեշի միջև եղած «պատերազմը» մի անմեղ պատկերով: Դա հենց այն «Պատերազմն» էր, որ «հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն, ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք» [էջ 54]:
Ու հետո, շատ հետո, երբ կգլորվեն 1914, 15, 16 թվականները, երբ կգա 1917 թվականի փետրվարը, ու կպատահի անսպասելին, այնուհետև մարտի 3-ին՝ առավոտյան ժամը 8-ին, «Բերդից հանկարծ քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով դեպի քաղաք կշարժվեն զորքեր, զորքեր, զորքեր»[էջ128], երբ «պատկառելի «և սովորական նաիրցիները կխճճվեն իրենց քաղաքում կատարվող անսպասելի իրադարձություններից, երբ ինքը՝ Համո Համբարձումովիչը, պատասխան չի գտնի իր հարցմունքներին, որովհետև կլինի «մշուշ, անգո մի մշուշ»[էջ 132], ու երբ մի օր էլ կհնչի հրամանը՝ «Նաիրցինե՛ր» դիմումով Հ. Հ. Դ. «զարհուրելի տառերով ստորագրությամբ», [էջ 152-153] և որ այդ մի հատիկ բառի մեջ կմտնեն թե՛ Մազութի Համոն ինքը, թե՛ ընկ. Վառոդյանը, թե՛ Մեռելի Ենոքն ու Քոռ Արութը և անգամ «վակզալի բաշիբոզուկներն ու դեզերտիրները», ու երբ մի օր «Հավիտենական հիվանդը անսպասելի մի հրաշքով»[էջ 161] արդեն կանցնի սահմանի այս կողմը և «դժվար կլինի նկարագրել նույնիսկ, թե ինչ էր ներկայացնում քաղաքն արդեն», այդ պահին ահա հայրենիքը՝ Երկիր Նաիրին, կներկայանա որպես անհասկանալի հրաշքով բոլոր կարերը քանդված մի շոր: Չափազանց ազդեցիկ համեմատություն է, և շարունակությունն է անասելի տխուր. «Վերցնում եք ձեր շապիկը, թափվում են շապկի մասերն առանձին-առանձին. թևը մի կողմ է գնում, օձիքը՝ մի կողմ, մնացածը՝ ուրիշ կողմ. . . »[էջ161]:
Սա ողբ է: Եվ այդ ողբը «դառնաթախիծ կսկիծով» է նկարագրելու Չարենցը: «Ձեռքս կրկին սկսում է դողալ, և գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ. . . և չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում. . . »[էջ 150-151]: Բոլորովին չափազանցություն թող չթվա, եթե հիշենք Խորենացուն, երբ ասում էր. «Եվ չգիտեմ՝ ինչպես հորինեմ իմ ողբը»[13]:
Այո՛, սա ողբ է, և չափազանց ողբերգական է ավարտը. «Իսկ վերջին գնացքը սարսափահար փախչում էր նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ. . .»[էջ170]:
ՎԵՐՋԱԲԱՆ
Կարսի անկման օրերին՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության տարածած պաշտոնական կոչում կարդում ենք. «Մեր զորքերն անկարող դիմադրելու թշնամու գրոհին՝ կռվից հետո մեծ մասով նահանջել են:Կարսում մնացած փոքրաթիվ զորամասերն անձնատուր են եղել: Քաղաքը և ամրություններն անցել են թուրքերի ձեռքը: Այս ահավոր իրողության առաջ կառավարությունը հարց է տալիս ձեզ, քաղաքացինե՛ր, ուզու՞մ եք դուք կռվել արշավող թշնամու դեմ, կամենու՞մ եք պաշտպանել ձեր հայրենիքի անկախությունը, ժողովրդի կյանքը, ձեր պատիվը: Կառավարության համար այս հարցին երկու պատասխան չկա. նա վճռել է կռվել մինչև վերջին հնարավորությունը, մինչև մահ»[14]:
Սուր աչք ունեցողը պաշտոնական այս կոչի հետ չի կարող ուղիղ կապ չտեսնել ինչպես ոսոխի հորդաների կողմից հոշոտված այն բազում ժողովրդի, այնպես էլ «Երկիր Նաիրի» վեպի այն երեք հերոսների միջև, որոնք մինչև վերջին վայրկյանը քաջաբար մնացել էին իենց դիրքերի վրա, մնացել էին Բերդում և հենց Բերդում էլ գերի էին ընկել ոսոխին. ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Ովքե՞ր էին նրանք, որ այսպես մարտիրոսանում են քաջաբար: Մազութի Համոն, ընկ. Վառոդյանը և Սերգեյ Կասպարիչը: «Քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը մի դաժան նենգությամբ հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, որոնք և, երևակայու՞մ եք, կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին-բժշկին, ու իրան՝ Մազութի Համոյին. . »[էջ171]:
Գրողը փաստորեն հերոսացնում է վեպի բազում հատվածներում ծաղրի ենթարկած այդ ղեկավարներին:
Իսկ գուցե զոհու՞մ է նրանց հանուն Երկիր Նաիրիի:
Իմ կարծիքով՝ երկրորդը:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԶՐԱՀԱՆԳՄԱՆ ԿԱՐԳՈՎ- Իրանահայ բանաստեղծ Ազատ Մաթյանը իր «Երգիծա՞նք, թե՞ հերոսապատում» հոդվածում, որը «Երկիր Նաիրիի» մասին է, այսպիսի մի դիտարկում ունի. «Չարենցը Մազութի Համոյին նույնիսկ նմանեցնում է Քրիստոսին: Նրա կրծքին ևս կախվում է տախտակ, որի վրա գրված է Մ. Հ. Ա. Ն. : Ըստ գրողի՝ այս չորս տառերը պիտի կարդալ Մազութի Համո, Արքան Նաիրի, սակայն դրանք կարող են նաև կարդացվել Միացյալ Հայաստան, Անկախ Նաիրի. . . »[15]:
Հետաքրքրական դիտարկում է:
29 մայիսի, 2018 թ.
Օգտագործված գրականություն՝
[1] Թաթուլ Հակոբյան, «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»: Երևան, «Անտարես» 2012թ., 485 էջ:
[2] «Հայերը և թուրքերը», «Կարսի անկումը. 1920թ. հոկտեմբեր»: (նաև հետևյալ հղումով՝ http://www. aniarc. am/2015/10/02/kars-fall-1920-october-tatul-hakobyan/):
[3], [4], [5], [6], [7], [8] կետերը՝ նույն հղումով
[9] Կարսի անկումը. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Յովսէփեանի յուշերը (Ե, Զ գլուխներում) հղումը՝ http://www. aniarc. am/2017/10/30/kars-1920-october-30-garegin-hovsepian/
[10]. Ե. Չարենց-«Երկիր Նաիրի», «Սովետական գրող» հրտրկչ. Երևան-1977, էջ 10: (այսուհետև վեպից մեջբերումներ անելիս տեքստում կնշենք միայն էջահամարները):
[11] «Հայերը և թուրքերը»: «Կարսի անկումը. 1920թ. հոկտեմբեր»: (նաև հետևյալ հղումով՝ http://www. aniarc. am/2015/10/02/kars-fall-1920-october-tatul-hakobyan/):
[12] Նույն հղումով:
[13] Մովսես Խորենացի-«Հայոց պատմություն», Հայպետհրատ, Երևան 1961թ., 447, էջ 353:
[14] «Հայերը և թուրքերը», «Կարսի անկումը. 1920թ. հոկտեմբեր»: (նաև հետևյալ հղումով՝ http://www. aniarc. am/2015/10/02/kars-fall-1920-october-tatul-hakobyan/):
[15] Ազատ Մաթյան-«Երգիծա՞նք, թե՞ հերոսապատում. Չարենցի «Երկիր Նաիրի» վէպի մասին»: «Յոյս» մշակութային և հասարակական երկշաբաթաթերթ-թիվ 166, 8 մարտ, 2014 (նաև հետևյալ հղումով՝ http://www. hooys. com/?p=1978)