Անի Հովնան | Ընթերցումներ «Չինական պատից» ներս

Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի

Սկիզբ

21-րդ դարի արվեստագետը՝ գրողը մասնավորապես, իր թիկունքում ահռելի բեռ ունի՝ հաղթահարելու իրենից առաջվա գրականությունն ու գրողներին։ Սա կարծես հայր ու որդի անվերջ պայքարն է, որ վիճակված է որդիներին՝ ժառանգել հորից ու հաղթահարել հորը։ Ահա այս գիտակցումն է թերևս, որ արդի գրողին ստիպում կամ ուղղորդում է առաջին գրքով իսկ սահմանելու սեփական գրականությունը, ասել է թե՝ սահմանելու սեփական «ես»-ը։ Այս ուղով է գնում նաև Նորայր Սարգսյանը իր «Չինական պատ» գրքում։
Կարդում եմ Նորայր Սարգսյանի «Չինական պատ» պատմվածքների ժողովածուն (Երևան,2018թ., Ակտուալ արվեստ): Նորայրը գրական տպագիր և էլեկտրոնային մամուլում հրապարակումներ ունի դեռ 2012 թվականից և վաղուց է ծանոթ հայ ընթերցողին: Սակայն գիրքն է, որ տալիս է ամբողջական ստեղծագործական պատկերը և թույլ տալիս քիչ թե շատ մասնագիտորեն ընթերցելու:
Այս հոդված-էսսեն փորձ է տալու գրքի հիմնական պատկերը: Ժողովածուն ընկալել եմ որպես ամբողջություն և անդրադարձել տեքստի ակնհայտ մի քանի միտումների (կերպարի զարգացում, կիրառվող գրական հնարներ, թեմատիկ մի քանի մոտիվներ)՝ հիմնականում մնալով ներտեքստային ընթերցման տիրույթում, տեղ-տեղ միայն շեշտադրելով հոգեվերլուծական կամ արտատեքստային ընթերցման հնարավորությունը:
Առաջին պատմվածքը հենց՝ «Վերադարձի գրականությունը», կարծես թե Նորայրի գրական մանիֆեստն է, ուր հստակ գծագրվում են այն հիմնական գծերը, հնարներն ու մոտիվները, անգամ կերպարները, որ դառնում են Նորայրի գրականության հիմքը։

Ա) Գրականության մասին

Առաջին պատմվածքով իսկ Նորայրը փորձում է գտնել իր գրելու դրդառիթը կամ գուցե արդարացումը։ «Բայց այս մտքերը պետք են միայն այստեղ ասելու համար, այս մտքերը գոռալու համար չեն, այս մտքերը շշնջալու համար էլ չեն, սրանք պիտի գրվեն:»։ Տեքստի ներսում անգամ անընդհատ մտածվում է տեքստը և «Երկկենցաղը» պատմվածքում արդեն ուղղակիորեն ձևակերպվում՝ «պատմվածքը դառնում է պատմվածք գրելու մասին պատում»։ Իսկ գրականությունը դառնում է սեփական գոյության արդարացումը։ Բայց սեփական մտքերը ձևակերպելիս նախորդ գրականությունը հաղթահարելու խնդիր կա, Նորայրից առաջ Հրանտ Մաթևոսյանն է՝ իր գրականությամբ, Նորայրից առաջ անցյալ կա՝ Չե Գևարայի հերոսական կերպարով, որի հետ նույնականանալով, փորձ է արվում հաղթահարել նախորդ շրջանում ստեղծվածը։ Ընդ որում՝ Չե-ի ու Մաթևոսյանի հետ հաղորդակցման ձևը երազն է, որ պատումի ժամանակից և պատմողի «ես»-ից հեռացում է ենթադրում։ Սեփական գրականությունը սահմանելիս և որպես գրող իր ինքնությունը բացահայտելիս պատմողը ոչ միայն անցյալի կերպարներին է հղում իր տեքստը, այլև ներկայի։ Եթե Մաթևոսյանի հետ հաղորդակցումը մեծին հաղթահարելու հոգեբանական միտումն ունի, ինչպես «Գժանոց» պատմվածքում սեփական հորն ու հորեղբորը կամ ավելի ճիշտ է ասել՝ նրանց ճակատագիրը կրկնելու վախից է փախուստը, ապա արդեն «Իմիջիայլոց, սիրում եմ քեզ, Նորո՛» պատմվածքում Արամ Պաչյանի գրքի ու նրա գրականության հետ է նույնականացնում իրեն պատմողը։ Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այստեղ ոչ միայն երկու գրողների գրական հարցադրումների նմանություն կա (գրողի ու գրքի դերի մասին մտորումներ, հայր և որդի հարաբերություններ, սոցիալականացման խնդիր և այլն), այլև որպես գրական սերունդ ինքնաձևակերպվելու: «Մենք»-ը գրական սերունդն է, որ այս պարագայում նույնացվում է մեր ժամանակների արձակագիրներից մեկի՝ Արամ Պաչյանի անվան հետ, ու անգամ տեղ-տեղ փոքր-ինչ ոճը վերարտադրում:
Եթե «Չինական պատը» պատմվածաշարը ընկալենք որպես ուղղահայաց ձգվող տարածություն, կնկատենք, որ այն «ես»-ից գնում է դեպի «մենք»։ Տեքստում հիմնականում խոսվում է ես-ի անունից,երբեմն էլ փոխվում է դիտանկյունը՝ մեկ երկրորդ դեմքով, մեկ երրորդ, իսկ վերոնշյալ պատմվածքում արդեն պատմվում է մենք-ի անունից՝ «Երկիր Նաիրին ցնորք էր միգուցե, որին հավատացել էի Բաղրամյանից Երիտասարդական քայլելիս ու մտածելիս, որ մենք պիտի գրենք ապագան, ու հարյուր հազարավորներ, բան ու գործ թողած, սպասում են մեր գրչի տաղանդից ծնված հերոսներին, որոնք էլի մենք էինք։ Ինձ մոտ մենք էինք, ինձ հետաքրքիր էինք ու ջահել մեռնում էինք»։
«Մենք»-ով է պատմվում նաև ցեղի պատմությունը՝ «Մենք ցեղովի պարտված տղերք ենք, պապ», ու քանի որ մենք է դարձնում ոչ թե ցեղի արյունակցությունը, այլ պարտությունն ու ցավը, այս սկզբունքով «մենք» է ընկալվում նաև իր հասակակից սերունդը՝ միևնույն երթուղայինով գնացող, որոնց բոլորին նայելիս նույն զգացողությունն է ի հայտ գալիս։

Բ) Տարածության և ժամանակի մասին

Երթուղայինը, գնացքը շարժվող տարածությունների մետաֆոր են՝ վաղուց արդեն հայտնի գրականության մեջ։ Այս առումով հետաքրքիր է հետևել «Չինական պատի» պատմվածքների հերթագայությանը: Առաջին պատմվածքներում անընդհատ վազքի մեջ գտնվող կերպարը իր տարածությունն ու ժամանակը գտնելու խնդիր ունի, Երևանից մինչև Չինաստան ու Կուբա է ձգվում պատմվածքների տարածքը, բայց ոչ թե գործողություններով, այլ մոզայիկ, կետային ձևով։ Քանիցս կրկնվող վազքի տեսարանները կարծես թե փորձ են հաղթահարելու սեփական կյանքի փոքր ծավալները՝ հերոսի սենյակից, թաղից, Երևանից ու քաղաքից դուրս գալու դեպի աշխարհի մյուս ծագերը ու «Ներկած քուչա» պատմվածքով կրկին վերադառնալու նույն թաղը։
Նորայրի տեքստում կետային են ոչ միայն տարածությունները, այլև ժամանակը։ Պատմվածաշարը՝ մեկ ընդհանուր դիպաշար դիտելու պարագայում, նկատելի է, որ այստեղ կերպարի գործողությունների և մտքի ճանապարհը անցնում է երիտասարդությունից մինչև մանկություն, չինական պատի կառուցման վաղեմի ժամանակներից մինչև անցած դարի յոթանասունականներ և կերպարի ներկա: Սակայն տեքստային կառույցում ժամանակային և տարածական այս տարբեր հատվածները ոչ թե շարունակվող շղթայի մաս են, այլ առանձին, իրար ներհյուսված ֆրագմենտներ։ Քանի որ տեքստային անցումներում գործողությունները սակավ են, դրանք լրացվում են երգերից ու այլ տեքստերից մեջբերումներով։ Նորայրի սիրելի Ջիմ Մորիսոնը, Կուրտ Կոբեյնը՝ իրենց երգերով, որ ինտերտեքստուալ ուղղակի հղումներ են, կարծես մի գործառույթ ունեն՝ միացնելու անցյալն ու ներկան, այսինքն՝ տեքստային կառույցում՝ հաղթահարելու ժամանակային անախրոնիզմները։
Հոր և որդու հարաբերություններով, բաց մաշկով աղջկա մասին ակնարկներով, այդպես էլ կերպարային գծեր չունեցող տատի, Սայի ու Թ.ի «կերպարներով» Նորայրը փորձում է կառուցել մեկ այլ, պատանությունից երիտասարդություն անցնող, գրող դառնալ ուզող զգայուն տղայի անձնական կյանքի պատումը, որն այդպես էլ ամբողջական չի դառնում, քանի որ գործողության ու պատումի փոխարեն Նորայրը նախընտրում է հոգեվերլուծությունը։ Բայց եթե մոդեռնիզմի արվեստում երազը, ազատ ասոցիացաները ենթագիտակցությունից եկող արքետիպեր ու խորհրդանիշներ են, ապա Նորայրի գրականության մեջ արդեն կերպարի քայլերը, մտքերը տեքստ են մտնում՝ որպես հոգեվերլուծության մեթոդով իրացված պատրաստի գիտելիք, որ գիտակցական մակարդակում է լեզվական ձևավորում ստանում։ Այն, ինչը Զիգմունդ Ֆրեյդն անվանում էր առաջնային բնազդ՝ մահվան վախը, ուղիղ տեքստով ձևակերպում է ստանում «Սուրճը գրականություն է» պատմվածքում, որ կրկին գրված է սեփական գրականությունը սահմանելու համար՝ «Բայց լավ, ինչի՞ ենք էսքան բարդացնում, մի նախադասության բան է գրականությունը։ Ես վախենում եմ մեռնելուց»։
Գ) Իրական պատմվածքի մասին
Թեև նորից գրականության մասին, սակայն արդեն գործողություններով և երկխոսություններով է զարգանում «Երազ» պատմվածքը»։ Խմբագրի կամ հեղինակի ընտրությամբ «Երազը» «Ներկած քուչայից» առաջ դնելը անկարելի է թերևս պատահականություն ընկալելը։ «Երազ» պատմվածքի վերջնամասում Հրանտ Մաթևոսյանն ուղղորդում է կերպարին՝ գրելու իր սեփական պատմությունը։ Չգիտեմ՝ ավելի լավ, թե վատ, բայց արդեն այլ տեսակ պատում է «Ներկած քուչան»՝ իսկական վերադարձի գրականություն։
Հարցազրույցներից մեկում ՝իր «Վերադարձի գրականություն» սահմանումը Նորայրը բացատրում է մեր կյանքի անընդհատական ռիթմից, սոցիալական ցանցերից ու «մեծերի աշխարհի» մյուս հոգսերից փախչելու ցանկությամբ:
Վերադարձի գրականություն ձևակերպումը օրինաչափ է ամբողջ գրքի համար, Նորայրը հաղթահարում է սեփական կյանքի ժամանակը և վերադառնում պատանեկության տարիներ, որ արտատեքստային ընթերցման դեպքում ժամանակակից ընթերցողին կարող է հիշեցնել 2000-ականները՝ իրեն բնորոշ մթնոլորտով, քաղաքական հարցերով, ֆուտբոլով ու ընկերական հարաբերություններով։ Նորայրը այս գրքի սահմաններում հաղթահարում է նաև տարածության որոնման ոդիսականը և վերադառնում սեփական թաղը՝ դոկտըրի, Գիքորի, հեղինակի անվան հետ համընկնող Նորայր Սարգսյան անուն-ազգանունով և այլ կերպարներով, որոնք արդեն իրենց բնորոշ հստակ բնավորության գծերն ունեն, իրենց մասին առանձին պատմությունները։ Վերջիվերջո, հաղթահարվում է սեփական տեքստի մասին մտորումը և ինքնավերլուծման տեքստի փոխարեն «Ներկած քուչայում» ընթերցողին առաջարկվում է պատում՝ քաղաքի առանձին թաղերից մեկի ու այնտեղ ապրող պատանի տղայի հիշողությունների մասին։ Տպավորություն է, թե ամբողջ շարքը գրվել է՝ հասնելու համար «Ներկած քուչային», որովհետև պատմողն ինքն էլ հենց տեքստում ընկալում է՝ «Եվ ամեն անգամ քուչա մեր վերադարձը մի ոդիսական էր, ավելի երկար ճանապարհ ու ավելի ցնորային հայրենիք՝ դեպի ուր վերադառնում էինք։» Իսկ «Ներկած քուչան» հենց Նորայրի պատմությունն է իր, իր ընկերների ու իր սերնդի մասին, որ եկել է Համբարձում Համբարձումյանի, Մհեր Բեյլերյանի, Սարգիս Հովսեփյանի, Գրիգի ու մյուս հայ ժամանակակիցների երևանյան պատմություններին ևս մեկը ավելացնելու և Լենինգրադյանից Բարեկամություն ընկած փոքրիկ թաղը քարտեզագրելու և իր տեքստի տարածքում պահելու։
Առհասարակ, այս ժողովածուն՝ որպես ամբողջություն, ընկալելի է դառնում հատկապես ժամանակակից հայ գրականության համատեքստում ՝ ոչ միայն ու ոչ այնքան իր առանձին արտաքին նշանների համար, որքան իր ամբողջական գեղագիտության՝ ֆրագմենտալիզմ, ինտերտեքստուալություն, առօրյա խոսակցական, տեղ-տեղ գիտական և գեղարվեստական ոճերի համադրում: Ուստի առավելապես հենց ժամանակակից գրականություն նախընտրող ըներցողին էլ ուղղված է ժողովածուն: Իսկ այս հոդվածը գրքի միայն մի քանի, ընդհանուր գծերի իմ ընթերցումն է՝ այլ բազմաթիվ մասնագիտական ընթերցումների սպասումով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *