Սավելին վազում էր խավար նրբանցքով: Շենքերի վիթխարի կույտերը կենդանի-մեռյալ ու սպառնալի էին թվում: Ասես երբեք գոյություն չէին էլ ունեցել: «Ինչո՞ւ, ինչո՞ւ եմ այսպես սիրում ոտքս,- անձայն ոռնում էր նա:- Այ վազո՜ւմ եմ… վազո՜ւմ եմ… Իսկ հետո՞ ինչ… Օ՜, ո՛տքս, ո՛տքս: Ավելի լավ է կանգնեմ, մտնեմ այս անկյունն ու համբուրեմ նրան… Այն տեղը, որ երազիս էր եկել… Նուրբ, դողդոջուն…»:
Բայց շարունակում էր վազել: Եվ աչքերն անշարժ էին, ասես երկնքից էին թափվել: «Բռնեմ ու խմեմ արյունս,- առկայծեց մտքում:- Արդեն չեմ դիմանում իմ գոյությանը… Բայց ի՞նչ է սա: Իսկ ո՞տքս, ո՞տքս»:
Նա կանգ առավ: Վերջապես ընդառաջ ելավ մի անցորդ: «Օ՜, ինչպես եմ ուզում ամեն ինչ գետնի տակն անցնի, ամեն ինչ, ամեն ինչ: Ե՛վ այս անիծված շենքերը, եւ՛ այս մարդիկ: Ու ես ոտքիս հետ մնալով՝ անցնեմ մի ուրիշ… Ուրի՜շ… Ուրի՜շ… Օ՜, ինչպես եմ ուզում տեսնեմ նրան: Բայց ո՞ւր է ոտքս: Ո՞ւր է»:
Նա ջղաձիգ դիպավ ոտքին. կարծես տեղում է: Շուրջը նայեց: Կռտած խոզի նման, բայց ակնոցով հաստաբեստ մի մարդ ուշադիր սեւեռվել էր նրա մազերին: Մի կատու հայտնվեց-անցավ, տարօրինակ կերպով նման էր հարեւանուհուն՝ Աննա Նիկոլաեւնային: «Չէ, սա դեռ վերջը չի,- գոչեց Սավելին:- Մենք դեռ կպայքարե՜նք: Մենք դեռ կհամբուրե՜նք»: Ու քաշվեց անկյունը, որ արդեն երեք ամիս տեսնում էր երազում: Այնտեղ, հրաշալի, ուղղահայաց երկինք հառնող կենդանի խավարում Սավելին մերկացրեց աջ ոտքը, որ սիրում էր: Սիրում էր Աստծուց ավելի, իրենից ավելի: Ու հպվե՜ց…
…Կամացուկ տնքոց տարածվեց մի քանի րոպե անց: Արյունը դանդաղ, թեթեւ շիթով հոսեց ոտքից. բայց դա մեղրից քաղցր էր, ծնունդից ու մայրական փաղաքշանքից նուրբ: Սավելիի աչքերը մթնեցին: Շրթունքները լպստում էին արյունը, ճերմակ ատլասե մաշկը… Ողջ մարմինն ասես պատրաստ էր սեղմվել ոտքին, հոսել նրա մեջ… Իսկ գիտակցության մեջ չտեսնված անուրջներ էին լողում… Օ՜, մի՞թե խնդիրը միայն հաճույքն է: Խնդիրը դրան հաջորդող եզերքներն են, խնդիրն այն է, որ սիրում է իր ոտքը…
Թիկունքից հիստերիկ քրքիջ լսվեց: Մի անգամ չէ, որ այդպես էր եղել, երբ շրթունքները հպել էր ոտքին. հանկարծ ամենավերջում մի կերպարանք էր հայտնվում: Այս անգամ ալեւոր ծերուկ էր՝ հարբեցողի քթով, ոտից գլուխ փաթաթված ծածկոցի մեջ, չնայած դրսում դեռ տաք էր: Աչքերն ապակիացել էին, բայց Սավելիին նախանձելուց չէր քրքջում. կողքին մի մկնիկ էր նստած, ու ծերունին խելքամաղ էր լինում նրան նայելով: Ասես վազվզում էր տեղում՝ անդենական մեզով լցված: «Շուտով պիտի հայտնվի լուսինը»,- մտածեց Սավելին: Զգույշ, համարյա չորեքթաթ դուրս սողաց դարպասատակից: Որ ոտքը չվնասի՝ սիրաբար քարշ տալիս ու շոյում էր՝ ինչ-որ բան մրմնջալով:
Սերն առ ոտքը զբաղեցնում էր Սավելիի համարյա ողջ ժամանակը: Ոտքին մետաքս էր հագցնում, խնամում քսուքներով, օծանելիքով, չնայած մարմնի մնացած մասը անասելի կեղտոտ էր: Փոխարենը՝ ոտքը երանության մեջ էր կնոջ պես: Դժվար թե Մարիա Անտուանետան, երբ գլուխը կտրում էին, այդպիսի գուրգուրված ոտք ունենար: Սավելին ամենաշատը վախենում էր նրան չասենք թե ցավ (ցավի մասին մտքից սարսափած քարանում էր), այլ թեկուզ փոքրագույն տհաճություն պատճառելուց: Շատ դժվար էր առավոտները վեր կենալը… Սավելին երկար ու ինքնամոռաց շոյում ու սիրում էր ոտքը՝ նայելով նրան ինչպես հայելու մեջ, որ մեղմի առաջին կոպիտ հպումը գետնին:
Այդպիսի ամեն հպում սրտում տառապագին, համարյա միստիկական ցավով էր արձագանքում, բայց, համենայնդեպս, ժամանակի ընթացքում սովորեց ցավը հաճույք դարձնել: Ոտքի համար խելահեղ վախը նրան ստիպում էր կանգ առնել փողոցում, մարդկանց ու մեքենաների արանքում, բոլորից մի անկյուն փախչել, կարեկցանքով բռնված՝ համբուրել ու շոյել նրան: Նույնիսկ նստել չէր կարողանում առանց սիրելիի համար դող ու արցունքի: Ծովափնյա հովիկը, եթե չափազանց արագ էր, նրան ստիպում էր կնճռոտվել ու ոտքը թաքցնել մի խաղաղ անկյունում: Միայն թե տառապանք չկրի նա, ում սիրում ես:
…Վերջապես Սավելին դուրս սողաց դարպասատակից: Չտեսնված չինական մետաքսի լայն, գեղեցիկ եւ օծանելիք բուրող կտորը քարշ էր գալիս ցեխի միջով, ու մի կերպ էր մնում ոտքի վրա: Լուսինն արդեն լողում էր բարձունքում, ամպերի միջեւ: Սավելին երկինք հառեց մեռյալ կապույտ աչքերը: Դրանք արդեն խաղաղ էին, ինչպես հռոմեացիների աչքերը մահից հետո: Հանկարծ շուրջը սկսեցին մարդիկ հայտնվել: Տարատեսակ մարդիկ, ու նրանց մազերը նման էին գլխանոցների: Պարզապես անցորդներ էին: Ու Սավելին շտապեց հեռու: «Միաչքանիներն ինչո՞ւ են այսքան շատ»,- մտածեց նա: Բայց մի առավել արտասովոր պառավ կպավ պոչից: Բարձրահասակ, բայց կորացած, համարյա չերեւացող մանր աչքերով՝ նա, կարծես, հրապուրվել էր քղանցքի պես Սավելիի ոտքի ետեւից քարշ եկող մետաքսով: Սավելին ուշացումով նկատեց նրան. պառավն արդեն մի քանի քայլի վրա էր ու ճանկի պես մետաքսին էր պարզել երկար, կռկված ձեռքը: Սավելին պոկվեց ու փախավ: Արա՛գ, արա՛գ, կինճի պես, միայն մետաքսն էր հեշտասեր օձի նման հետեւում ոտքին՝ ասես ատամները ծրած նրա մեջ: Սավելին երբեմն կանգ էր առնում ու քրքջում: Պառավը, մի տեսակ մեքենայաբար ու անհույս, շտապում էր ետեւից՝ առանձնապես հետ չմնալով: Սավելին ծանր էր շնչում: Քրտինքը հոսում էր կապույտ աչքերին, փափկասուն ոտքին հենված տարօրինակ ռազմիկի նրա կերպարանքը խամրում էր կենդանի մարդկանց մսեղիքի ու խրտվիլակների մեջ: Պառավը նրա հետեւից թափահարում էր թաշկինակը, ինչ-որ բառեր էր շմշմացնում՝ ըստ երեւույթին առաջարկ անելով: Անտարբեր տրոլեյբուսները լողում էին կողքով:
Վերջապես Սավելին իրեն գցեց երկու շենքերի արանքն ու ասես անտեսանելի դարձավ շրջապատողների համար: Մի անգամ չէ, որ դիմել էր այդ միջոցին ու գիտեր՝ որոշ ժամանակ իրեն ոչ ոք չի տեսնի: Նույնիսկ եթե համառորեն յուրաքանչյուրին պարզի ձեռքը: Ցանկացած առաջարկի աղաղակով էին պատասխանում:
«Այստեղից գնալու ժամանակն է,- մտածում էր կիսատեսանելի Սավելին:- Բայց ո՜տքս… Նորից դնեմ մայթի՞ն…Ինչո՜ւ»:
Վերջին ժամանակները նրա սիրավեպը սկսել էր մոտենալ ինչ-որ զարհուրելի հանգուցալուծման: Բայց դրա տակ ինչ էր թաքնված՝ չգիտեր: Մոտեցավ կրպակին՝ գարեջուր խմելու, եւ ասես կենաց ջուր հոսեց ոտքի մեջ: Ճանապարհին մի թղթի պատառ տեսավ. արագ կարդաց. «Մարդկային բարին մեռել է. բարին անճանաչելի է մարդուն, ուստի՝ անհասանելի: Սատանան հիմա ավելի հասկանալի է մարդուն, քան Աստված՝ Իր բոլոր խորքերում»:
Սավելին ավելի արագ վազեց. այդպես վազելիս ասես թռչում էր՝ գետինը չզգալով, միայն ոտքն էր զգում՝ իր թագուհուն: «Բայց ո՞ւր է թագը, ո՞ւր է թագը»,- երբեմն տենդագին մտածում էր նա: Մերթընդմերթ հողն էր թագ թվում: Բայց հիմա պարտավոր էր, հիմա պիտի լուծեր իր հանելուկը: Ահա եւ տունը, որտեղ ապրում է: Ինչ հաճա՜խ էր պատկերացնում ոտքը: Գիտակցության մեջ ոտքը լողում էր հրե գնդի պես, բայց գնդի ներսում բույն էր դրել կյանքը, որին նա իր հոսքն էր ուղղում: Բայց իրե՞նն է կյանքը: Ամեն ինչ այնպես սարսափելի էր, առեղծվածային. գուցե ոտքը եւ՛ իրենն է, եւ՛ իրենը չէ. կանչում էր գուրգուրված, հավերժական խավարից ելած հեշտանքի պես, ու ներսում առեղծվածն էր, որ անհնար է լուծել:
– Որդի՜ս: Որդի՜ս,- գոչում էր նա իր խրախճանքների ժամանակ:- Իմ ոտքն իմ եսն է եւ իմ որդին,- իր կյանքը ոտքի մեջ տեղափոխելուց կարկամում էր Սավելին: Մերկ ոտքը, պատատված նուրբ վարդերով, թալկանում էր նրա գիտակցության մեջ: Երբեմն էլ փշե պսակով էր: Հետո ամեն ինչ անհետանում էր, ու նորից սկսվում էր հավերժական խավարից ելած հեշտանքի ծղրտոցը: Ոտքը անուշ գալարվում էր ճերմակ արարածի պես, որ անմարդկային մարմնով մեկ լեցված ոգի է կրում… Սավելին սարսափած վեր էր թռչում անկողնուց ու վազում դուրս, ձեղնահարկ, աղբանոց, գոռում էր. «Մոլորակն Արեւ է դարձել»: Ողջ մարմինը թափուր էր, ասես լուսինն էր այնտեղ զետեղվել: Առնետները,նրա տեսքից սարսափած, կոտորվում էին:
Բայց հիմա այդ ամենն անցյալում էր, անցյալո՜ւմ: Նա գնում էր դեպի հանգուցալուծումը: Սավելին վազեց-մտավ իր շքամուտքը: «Պետք չէ՛, պետք չէ՛ սպանել նրան»,- ճչում էր մեկը անկյունում՝ աղոտ, ինքնամփոփ աչքերը հառած Սավելիի ստվերին: Քիչ այն կողմ սրտաճմլիկ երգում էր ջարդված գանգով մի նիհարիկ աղջնակ: Արյունը թափվում էր կիսաբաց բերանը…
Սավելին մի քանի ցատկ արեց սանդուղքով վեր: Ներքուստ ակնթարթորեն սառչում էր, երբ սիրելի ոտքի թաթը դիպչում էր մեռյալ գետնին: Հանկարծ բացվեց բնակարաններից մեկի դուռը, ու չնայած ոչ ոք չէր երեւում՝ ծիծաղը ներկայություն էր մատնում: Սավելին բռունցքով սպառնաց այդ բաց դռանը:
Ստիպված էր վազքով կտրել երկար, դեւերի լքած միջանցքները: Քղանցքը մնաց հատակին: «Ինչո՞ւ միայն մեռյալներ ու խելագարներ են շուրջս»,- մտածեց նա ու սխալվեց: Միջանցքի ողջ ճանապարհին միայն մի մարդ տեսավ՝ Պանտելեյին, մռայլ-ճղճղան մի տղամարդու, որ սեռական կապի մեջ էր կենտրոնական ջեռուցման հետ: Թվում էր՝ նրա սեռական անդամը գոլորշի է արձակում, իսկ ատամները պողպատից են, գայլի ատամների պես:
Պանտելեյին սիրտ տալով՝ Սավելին նետվեց առաջ ու շուտով իր սենյակի քրքրված դռան մոտ էր: Մտավ: Հետո մի կես ժամի չափ ներսում վազվզելով՝ ուժասպառ նստեց մահճակալին: Լուսինը կույր, դեղին աչքի պես ներս էր նայում պատուհանից: Ձայներ էին լսվում. «Ոնց է աճում գլուխս… Պետք չէ՛… Պետք չէ՛… Փախչենք, հա՛յր իմ… Բայց ո՞ւր: Ո՞ւր… Տվեք իմ դիմակը, տվեք իմ դիմակը, գազաննե՛ր… Շատ ցուրտ է, երբ գուշակում ես… Հմայություն մի արա քարերով ու քարը մի ընտրիր քեզ խոստովանահայր, թշվառակա՛ն… Ինչ սարսափելի՜ է, սարսափելի՜ է»:
Բայց Սավելին արդեն վարժվել էր այդ ձայներին, նույնիսկ կապույտ աչքերը չէին մթնում: Ամեն, ամեն ինչ անցյալում էր: Եվ ամեն ինչ փոխվել էր: Ինչ հաճախ էր նա քնքշորեն նայում իր ոտքին: Ինչ քնքուշ էր նա արեւի տակ, հայելիների փայլի մեջ: Օ՜ պատանություն, օ՜ անցյալ: Բայց ժամա- նակն է, հրաժեշտ տալու ժամանակն է:
– Ես նրան տեսնելու ուժ չունեմ այլեւս,- հանկարծ ծնկի գալով՝ ոռնաց Սավելին:
Ու լողացող հայացքն անկասելի ընկավ մի կողմ պարզված աջ ոտքին: Քրքջալով ձեռք տվեց: Հպումներ էին, հետո՝ հեռավոր ու ցուրտ թռիչքը հոգում: «Ինձ հե՞տ է, արդյոք, իմ Լիլիթը»,- մտածեց նա: Ու հանկարծ աչքերից արցունքներ հոսեցին, սառը, խոշոր, ասես ոչ թե արցունքներ էին, այլ շրջոնքված հոգու թանձրուկ: Թիկունքում արդեն քրքջում ու ցնցվում էր ինչ-որ արարած: Սակայն ոտքի մաշկի ճերմակությունն առաջվա պես խելքամաղ էր անում: «Ինչի՞ համար են այսքան զուգահեռները,- առկայծեց մտքում:- Բայց պետք է մարե՞լ, մարե՞լ»: Խելագար, անդենական ցնծությունը բաբախում էր կրծքի տակ. աչքերը դուրս էին պրծնում ուղեծրերից՝ ասես նոր հաղթահարված խելահեղությանն ընդառաջ: «Ահա աշխարհը: Նոր աշխարհը՝ խելագարության պատիճում: Արի՛: Արի՛»,- գոչեց նա՝ սենյակի կենտրոնում կիսապառկած, վեր պարզելով ձեռքերը:
– Այո՛, այո՛, ուզում եմ տեսնել Նրան ուրիշ ձեւի մեջ,-մրմնջաց նա:- Ի վերջո, ուզում եմ փոխել իրավիճակը… Տեղից շարժել մեր հարաբերությունների կետերը:
Վեր կացավ: Անկյունում, հավերժական իրերի քաոսի մեջ փոշեպատ հեռախոսն էր: Մոտեցավ. ոտքը, թմրածի պես, չէր զգացվում:
– Վասի՛լի, Վասի՛լի,- ճչաց խոսափողի մեջ:- Լսո՞ւմ ես: Մի մռայլ, ըստ երեւույթին մոռացված արարած անընդհատ հաստա- տում ու հաստատում էր.
– Այո՛, այո՛… ամեն ինչ կլինի… կլինի՛:
Սավելին նայեց ժամացույցին. սլաքները սողում էին դեպի գիշերվա մեկը:
– Ժամանակն է, ժամանակն է,- սթափվեց նա ու թեթեւաքայլ դուրս վազեց: «Այլեւս ոչ ոք չի դիպչի իմ ոտքին»,- ճանապահին մտածում էր Սավելին:- Չի լինի, չի լինի այդ միատեղումը… այդ գաղտնիքը՝ իմ մեջ… Այնտեղ կլինի, այնտեղ… երկնքում:
Սեւ ու մադկանցից լքված հրապարակ: Մեքենաների հազվագյուտ լույսեր: Տեսանելիներից՝ ոչ ոք: Միայն չարքերն են խղճալի վայում: Հանկարծ հայտնվում է ծեր, զնգզնգացող տրամվայը: Երկու վագոն՝ ամայացած աշխարհում… Ու Սավելին նետվում է առաջ՝ աջ ոտքը պարզելով… Գիշերվա ժամը մեկն է… «Շտապ օգնության» շչակներ… Վասիլիի՝ բժշկի սեւակնած մռութը… Չարքերի տաղտկալի վայոցը:
Ամեն ինչ կատարվեց, ինչպես պայմանավորվել էին: Հիվանդանոցից դուրս գրվելիս ընդարձակ, սպիտակ սավանով փաթաթած՝ Սավելիին հանձնվեց նրա սիրելի, հիմա արդեն չորացված ոտքը: Ինքը, բնականա- բար, հենակներով էր: Գիրկն առավ նրան, ինչպես սեփական, բայց եւ ճակատագրի պարգեւ երեխային, Նինա Նիկոլաեւնայի՝ հարեւանուհու օգնությամբ իջավ ներքեւ: Վասիլին խորամանկ աչքով էր անում նրան ու թփթփացնում ուսին… Եվ օրերը գլորվեցին առանձնակի կատաղությամբ: Սավելին արագ վարժվեց հենակներով ցատկոտելուն: Փշփշոտ ու փռչոտ գերմարդ էր ասես՝ մարդկանց ու ավտոբուսների կողքով ցատկոտում էր հացի խանութ: Չորացրած ոտքը իր ողջ հմայքով կախված էր սենյակում, բայց Սավելին չէր համարձակվում խոնարհվել նրան: Պետք էր հարաբերությունների իրական եզրեր գտնել: Նրա գլխում հիմա մերկություն էր, ասես մտքերը վերջնականապես անջատվել էին ենթագիտակցությունից, ու մնացած ամեն ինչն էլ դեսուդեն էր ցրվել, իսկ կենտրոնում դատարկություն էր: Ճիշտ է, բավական անսովոր ու տագնապալի: Դրա համար էլ հաճախ ճչում էր գիշերվա կեսին՝ հենակներին ծանրացած դուրս վազելով ու սպառնալով այդպիսի Արձակությանը:
Իրադարձություններն այնպես չէին դասավորվում, ինչպես ենթադրում էր: Փորձեց քնել ոտքի տակ, հատակին՝ շնիկի պես: Բայց Արձակը հանգիստ չէր տալիս: «Տեղ չունե՜մ, տեղ չունե՜մ»,- գոռում էր Սավելին չարքերից լքված միջանցքով մեկ:
Բայց տեղ, ընդսմին, կար, եւ այն իր ներսում էր զգում: Պետք էր զգալ, զգալ տեղփոխ Անդունդի ոգին ու հարաբերվել նոր իրականության հետ, որ ժամանակին իր մեջ էր, բայց հեռացել էր ոտքը կորցնելու հետ՝ անտեսանելիի պես թաքնվելով ինչ-որ տեղ ու, հավանաբար, նոր ենթահիմք առնելով:
Ու Սավելին հռհռում էր՝ վազելով ստվերների ետեւից, որոնք գուցե արտացոլում էին, ինչը չպիտի իմանար: Հենակները ճռնչում էին այդ վազվզոցից: Տարօրինակ, արյունոտ արցունքներ էին հայտնվում աչքերում… Լարվածությունն աճում էր… Արդեն նույնիսկ կատուներին չէր ճանաչում, որ նման էին Աննա Նիկոլաեւնային՝ հարեւանուհուն: Մի անգամ գիշերվա դեմ անմարդկային ճարպկությամբ դուրս պրծավ փողոց: Շենքերի պատուհաններն այն աստիճան մեռյալ էին, ասես նրանց Անդունդն էր վարագուրել: Ոչ մի տեղ ոչ ոք չկար: Սավելին, լուսնի մասին հիշելով,կապույտ հայացքը վեր՝ երկինք հառեց: Ու քարացավ: Լուսինը չկար: Լուսնի փոխարեն ճղճղված թափառիկ ամպերի պսակում կախված էր ոտքը՝ իր ոտքը, պոկված, մերկ, ինչպիսին կենդանության օրոք էր՝ ողջ հեշտանքով, գաղտնիքով ու փայլով… Որպես նշան, որ կա… Աննկարագրելի…
– Օ՜,- գոռաց Սավելին ու նետվեց… Այնտեղ… Առաջինը հենակը թռավ… Հետո՝ գլուխը… Ինչ-որ անբացատրելի ուժով նետվելով վեր՝ իրանից պոկված, մեղմ, սահուն, բարձր թռիչք արեց շենքերի վրայով՝ փոքր-ինչ հապաղելով աշխարհի գլխին՝ ոտքի լուսնալույսի մեջ: Սավելիին նույնիսկ թվաց՝ գլուխը կարճ ժպտաց ոտքին, երբ հեզասահ իջնում էր շենքերից այն կողմ… Վերջապես, մի ընդհանրապես աներեւակայելի բան կատարվեց…
Սավելիի ցիրուցան անդամներն այդպես էլ ընկած մնացին մինչեւ առավոտ, մինչեւ ավլեցին դռնապանները: Հենակից գնդացիր սարքեցին երեխաները: Իսկ գլուխը սեւ տղերքը գտան պարապուտում: Հաճույքով տշում էին գնդակի տեղ՝ ֆուտբոլ խաղալով նույնքան տարօրինակ ամբոխի հարբած գոռում-գոչյունի տակ: Ինչ-որ մեկը գլխին նետեց լայնեզր գլխարկը:
Բայց դա չի նշանակում, որ Սավելին պարտված էր: Ավելի շուտ՝ ոչ մի նշանակություն չուներ: Ի վերջո, գլուխն ընդամենը գլուխ է:
Փոխարենը՝ Սավելիի սենյակում անմիջապես նոր կենվոր հաստատվեց, որը ոչ միայն պատից չիջեցրեց չորացրած ոտքը, այլեւ սկսեց պահպանել: Անողոք, խստավար ու՝ մարդկանցից: Ու ոտքի վրայով հաճախ մի չտեսնված գույնի ջահել բզեզ էր սողում ու ոչ բզեզային հեշտանքով բզբզում չորացրած ոտքը՝ ըստ երեւույթին դրանից անթաքույց կենսական ուժ առնելով, թե չէ՝ ինչու էր հետո անհետանում…
Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի