Զավեն Բեկյան | Անխուսափելիորեն․․․

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԲԱԼԹԱՍԱՐԸ

Երբ դեռ չկային
հիմիկվա տեխնիկական միջոցները՝
էկրան, գովազդային հնարքներ և այլն,
Աստված դեռևս այդ ժամանակ
վազող տող կիրառեց։

Երբ Բալթասարը ընկերների հետ
կերուխումի մեջ էր՝ պատին
վազող տողով գրվեց.
«Մանել, թեկեղ, փարսին»,
այսինքն թե՝ ա՛յ Բալթասար,
քի՛չ լակիր, լյարդդ էլ է՝ վերջիվերջո՝
սովորական կավից հունցված, —
հետո չասես, թե հունցողն է մեղավորը…

Հիմա Բալթասարը դեռ կա, ասում են՝
նյույորքյան բարերից մեկում վեր ընկած
գարեջուր է բըլթըցնում՝ չնայած
նվացող լյարդին…
Բայց էլի ահ չունի երկնքից ու երգում է.
«Ինչպես ուռին ու բարդին՝
ամեն մարդ՝ իրա դարդին…»։

 

ԳՐԱԿԱՆ ՆԵԿՐՈՖԻԼԻԱ

Հիշում եմ Հովհաննես Շիրազի
մի տպագրված լուսանկարը
(դուք էլ տեսած կլինեք)։ —
Նստած է իր բազմաթիվ երեխաների հետ
(էս բնագավառում նա հասավ
մյուս՝ մեծն Հովհաննեսի՝
Թումանյանի նշաձող-«ցուցանիշին»), —
երեխաներից մի քանիսը՝ բարձովկաներով,
երևի կոշիկ չէին ունեցել…

Ինչ-որ մի այսպիսի թևավոր խոսք կա,
որ նաև այդ լուսանկարին է ուղղված,
Գյումրվա բարբառով եմ մեջբերում.
«Բանաստեղծը սոված բըդի էղնի,
օր կուշտ էղա՜վ՝ ինչը՞ղ բըդի գրե…»։

Լուսահոգին՝ Շիրազն ասում էր.
«Գնա մեռի՝ արի սիրեմ»։
Մինչև դագաղի վրա հողը թափվելը,
պոետը յա կա, յա չկա
(համաշխարհային օրենք է երևի —
մահամերձ հիվանդ Մոդիլյանիի հետևից
մի կոլեկցիոներ էր պտտվում՝
կտավները ջրի գնով գնելու…),
իսկ հողը՝ քարախառն կտկտոցով
կափարիչին թափվելուց հետո, արտասվախառն
շշնջում են նրա անունը…
Թող հարյուր «ակտիվիստ» քարկոծեն
ինձ, թե այսպես չի…

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ…

Անխուսափելիորեն գալիս է մի օր, երբ
սովորականի պես սեղմում ես վերելակի կոճակը,
և այն պոկվում է տեղից,
բայց զգում ես, որ այն
այդ օրը մի տեսակ սահուն է ընթանում,
առանց ճըռռոց-մըռռոցի,
ու ամենասարսափելին այն է,
երբ հանկարծ զգում ես,
որ այն կանգ էլ չի առնում,
բարձրանում է, բարձրանու՜մ,
սահու՜ն-սահուն… —
Եվ երբևէ անցած բոլոր հարկերդ
էլ չես մտապահում,
ջնջվում են նրանք քիչ-քիչ,
մշուշում մի աղոտ,
ու քեզ հետզհետե համակում է
մի վերաբարձրատար աղոթք…

 

* * *
Արցախն հիմա վերք է
այնտեղ բաց ու լքված…
Էլ ո՞վ վիրակապի,
աշնան մշու՞շը թաց…

Գանձասարը՝ գանձ ու
շարականի շշունջ՝
Խաչեցյալի համար…
հայացքն մի կողմ շրջած…

Դադիվանքը դատ է
ու խուլ դատավճիռ,
որ ի կատար կածի
թերևս Ատյանն Վերջին…

Ամարասը՝ մարող
ճերմակաբոց կրակ…
Ոչ ոք էլ չի վառի
այնտեղ մոմ ու ճրագ…

«Որդի՜ս, — ասաց Ձայնը, —
հիմա ի՞նչ ողբ գրել…
Հոգեհանգստյանը
միայն պետք է լռել…»։

 

ԿՈՍՄՈԳՈՆԻԱ

Գալակտիկաները,
համենայն դեպս դրանց մեծ մասը,
թե ուշադիր նայենք,
հարցական նշանի նման,
դեպի դուրս են ոլորված։

Դժվար թե դրանք
Անանկե աստվածուհու
պտտվող թեշիկից դուրս թռած
մալանչներ լինեն,
որքան էլ որ Պլատոնը դա պնդելու լինի… –

Դրանք ամեհի
ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ուժից են
դուրս ոլորվել։

Դե հիմա նայենք մարդուն,
որ նույնպես գալակտիկա է մի յուրօրինակ,
մարմին տիեզերական. —
Ոլորված չի՞ էլի,
հարցական նշանի նման ոլորված-կքած
իր գոյության անթիվ,
անպատասխան հարցերի տակ…

Այո, բայց այս անգամ՝
ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅԶ ուժի ազդեցության տակ,
տիեզերքի Էության կենտրոնը
ողջ իր կյանքում փնտրող…

 

ՄՈՒՍԱՅԻՍ

Արի մոտս՝ նստիր հուշիկ,
իմ ստնտու՜, իմ անուշի՜կ։
Ի՞նչ ես բերել երկինքներից
դու ինձ ընծա, պագնե՜մ թուշդ…

Ի՞նչ նոր տող ես բերել ընծա
դու այս անգամ, ո՜վ անգինս,
որ վշտիս մեջ մի քիչ ցնծամ —
իմ փրկի՜չն, իմ փրկագի՜նս…

Նստիր՝ շուքդ գցիր վրաս՝
«զառբաբ վրան իս ինձ համա…»։
Քոնն է՝ ինչ որ ունեմ գրած,
ես քո ղուլն եմ կամակատար…

Ախ, շշնջա՜ իմ ականջին,
ասա՝ «լա՜վս»՝ ողջ եմ քանի…
Եղած-չեղածը մի բան չի՝
ասա՝ Զավեն, ցա՜վդ տանեմ…

Բեկյան Զավենը գրագողեց.
«Յիս էն մահին մահ չիմ ասի՝
հենչաք ըլի՝ դուն վըրես լաս
մազըդ շաղ տալով, աճկի՛ լուս…»։

 

ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ

Իմ առաջին գրքի ձեռագիրը
ութ տարի ընկած էր
«Սովետական գրող» հրատարակչության
խորախորհուրդ գզրոցներում։

«Սրանք՝ այս բանաստեղծությունները,
ոչ մի կապ չունեն մեր՝
սոցիալիստական իրականության հետ», —
ասում էր Ներքին Գրախոսականը։

«Պարզ է պետք գրել, պարզ…», — ասում էր
Լյուդվիգ Դուրյանը՝ հրատարակչության խմբագիրը,
զույգ ակնոցների տակից խոժոռ նայելով
դժբախտ ձեռագրիս։

 

2026թ. ԻՄ ԱՌԱՋԻՆ ՌԵՊ-ՇԵԴԵՎՐԸ

Տոնածառն առանց զարդի բլոճակալում ա։
Կնիկն առանց մարդու անմահճակալում ա։

Պիվեն ռակ ա ուզում, ռակը՝ քիմթերապիա։
Դզող-փչողն՝ ավարիա, իսկ ավարիան՝ ԱՊՊԱ։

Ամենալավ հանգիստը Հայաստանում ա. —
Թա՛նգ ա — էժան բաներից քունըս տանում ա…

Բայց ամենալավ հանգիստը հոգեհանգիստն ա. —
Սկում ես էս աշխարից, մահն ակվալանգիստն ա…

Ամենալավ ստիխն էս էր, որ գրեցի։
Խաղաղութու՛ն աչքերին կարդացող ամենեցուն…

 

ԿԵՆՑԱՂ

Ջուրը տալիս են՝ հոսանքն ա գնում,
հոսանքը տալիս են՝ ինտերնետն ա գնում,
ինտերնետը տալիս են՝ միջի ինֆոն ա թողնում գնում,
ինֆոն տալիս են՝ միջի ճիշտն ա գնում,
իբր ճիշտը տալիս են՝ պարզվում ա՝ ոտիցգլուխ ՍՈՒԹ ա,
էդ սութը տալիս են՝ բանից պարզվում ա՝… կուտ ա,
էդ կուտը տալիս են՝ խալխի ախորժակն ա գնում,
ախորժակը տալիս են՝ հավեսն ա թողնում գնում… —
Միշտ էսպես մի բան գալիս ա՝ մի ուրիշ բան գնում։
Էրկու երնեկ մի տեղ չի լինում…
էն ու՞մ տիրումերն ա գնում…

 

ԿՐԵՄԼՅԱՆ ՄԱՀԵՐ

Երբ եզերքներից հեռու Անդինի
իջնում էր՝ սրած իր գերանդին
անկուսակցական Մահն առ մռայլ,
մութ խարխափուտները կրեմլյան…
Եվ անհնար էր նրան խաբել
շքանշանով Գաբրիել հրեշտակապետի, —
և ինչ-որ մեկը կարկառուններից
Քաղբյուրոյի կնքում էր իր մահկանացուն…
Լուրը տարածվում էր հսկա երկրում,
տեղ հասնում միայն երկու-երեք օր անց։
Միշտ, հենց հնչում էր նույն մեղեդին՝
Գրիգի սրտառուչ «Օզի մահը»,
ասում էինք՝ վերջ, ուրեմն գնաց
մի Ոմն իրենցից, ուրեմն վերջ…
Գուցե այդ երկու-երեք օրվա մեջ
արալեզներ էին կանչում մարքսիստական
ոգով տոգորված ու վիրտուոզ,
որ լեզուներով իրենց կագեբեական
կենդանացնեն մեռած մի պետական բոս…
Հիշում եմ, երբ հանգավ Լեոնիդ Իլյիչը,
երեք օր սուգ էր չհայտարարված,
գաղտնիք էր մահն իր, չնայած որ
գիտեին մեծից փոքր – բոլորը…
Չէին ասում, որ գուցե, հանկարծակի,
վշտից ժողովրդի… սիրտը չճաքի,
բայց իրականում ընթացքում այդ
«պանաժովշչինա» էր գնում մի բարդ,
օ, ճակատամարտ մի իսկական՝
հանուն աթոռի գենսեկական…

 

ՈՒՂԵՐՁ ԴԵՌԵՎՍ ԿՈՒՍԱԿԱՆ ՄՆԱՑԱԾ ԹԱՎՈՒՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հավերժահարսեր և հավերժափեսանե՛ր,
ջրահարսեր և ջրափեսանե՛ր,
օդանույշներ և օդակտրիճնե՛ր –
վաղուց աշխարհի սթափ միտքը
պսակազերծել է Պոսեյդոնի ու Պանի,
ինչպես նաև Օդաշերտերի Դիցի և ձեր
միֆը։ Էլ ոչ ոք չի հավատում, ավաղ,
դրանց և ձեր չքնաղ գոյությանը։ Բայց հիմա
միակ անսթափը, տենդահարը միակ՝
պոետը նույնն է, ինչ Հոմերոսի ժամանակ –
նա դեռ տեսնում է ձեզ ու ապրում ձեր տեսիլներով։
Ասեմ, որ կույր Հոմերոսն ավելին էր տեսնում,
քան հիմա՝ հարյուր աստղագետ՝ միասին վերցրած՝
իրենց գերհզոր դիտակներով ու զըռթուփըռթերով…
Պոետը տեսնում է գերբնակեցված մոլորակ,
օդում, ջրում և ցամաքում վխտացող
պրոտեինային գոյացություններ, որոնցից՝
եթե գիշերային ինֆրակարմիր դիտակով նայես,
արարչական ոչի՜նչ չի ճառագում…

 

ԵՂԵՐԵՐԳ

Միրգն անվերջ
ծառի ճյուղին
մնալ չի կարող։

Մրգերից քչերն են
մտնում խոր աշուն՝
իբրև ճռաքաղի
մնացած-մոռացված,
որ լսում են սրտակեղեք
ողբ-խշշոցը սաղարթների՝
ձմեռնամուտի հողմերից
ու դողում ճյուղի վրա…

Մինչ այդ,
առավել հաճախ,
դեռևս դալար մրգի մեջ
սողոսկում է ինչ-որ որդ,
ինչպես Լևիաթանը՝
տիեզերքի ահասարսուռ
մթնախորքերի մեջ։ –

Մեր դեպքում՝
դա որևէ մի
հիվանդություն է անողոք…
Բայց կորիզներն ամուր
լարվում են մրգի խորքում –
և մահն անհասանելի է
մնում նրանց…

 

ՉԻՆԳԻԶ ԽԱՆ ԵՎ ԱՅԼՔ

Նույնիսկ ամենամեծը քամիներից,
որ երբևէ արձագանք է տվել տիեզերքում,
Ալեքսանդր Մակեդոնացի անվամբ,
հանգե՜լ է Հնդկաստանի նախալեռներում
ու դարձել զեփյուռ հուշի՝
մարդկային թույլ հիշողության մեջ ապաստանած,
որ կոչվում է պատմություն…

Եվ դու՝ Չինգիզ Խան, որ բարձրացել ես արևելքից
անծայրածիր ավազամրրիկի պես, քաղաքներ ես թաղել
քո հորդաների բարխանների տակ, ծով արյուն ես
մակընթացել առ լուսին արնամած, և դու՛ ես
թաքուն մի հույս մտմտացել քո մեջ, որ գոնե այդպե՛ս կմնաս,
ինչ-որ բան կմնա քեզանից, երբ ժամանակը՝
մաքրասեր աղախինը հավերժության, խնամքով
մաքրի իրադարձությունների այս սեղանը՝
Երկիր կոչեցյալ…

Դուք բոլո՛րդ եք ողբացել ձեր սին փառքի,
ձեր անիմաստ կորստյան, աշխարհի վրա իզուր
բարձրացրած ձեր Ցասման ու Շառաչի համար,
գիտենալով, որ ձեզնից մնալու է միայն
մի հառաչ՝ հպանցիկ անցած
Սատուրնի մերձակայքով, դեպի Չգոյն ունայնաշունչ…

Ձեզնից միայն թերևս Ալեքսանդրը գիտեր՝
ուսյալ աշակերտն Արիստոտելի,
բնազդով կանխազգում էր,
որ մնայունը լոկ այն է, ինչ Զևսը՝ Ստեղծողն արտաբերի,
և որն արձանագրվի գրյանքի մեջ անմեռ,
և այն, ինչ դեռ՝ ի լրացումն Նրա խոսքի,
իր դպիրներից մեծերն են հեղելու թղթին…

 

ԳՈՀԱՆԱՄՔ

Շնորհակալ եմ, Տեր,
որ դեռ՝ ոնց որ պետք է՝ տեղն է հիշողությունս,
որ դեռ կարող եմ մտապահել մի ամբողջ բանաստեղծություն՝
մինչև թղթին հասնելը և հանձնելը թղթին… —
Զի ծերուկների թշնամին՝ համար առաջին՝
սկլերոզն է կամ անմտապահությունը,
… անմիզապահությունից առաջ…
Մի խոսքով՝ գոհ եմ ու շնորհակալ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *