Լիլիթ Մարգարյան | Ինչո՞ւ է Զապել Եսայանը կարևոր գրող, ում պետք է ավելացնել դպրոցական դասագրքերում

Զապել Եսայանը 20-րդ դարի հայ գրականության ամենավառ և կարևոր գրողներից մեկն  է, մեր ամենամեծ կին գրողը, ով Հայաստանում ամբողջությամբ մոռացության է մատնված և հասարակությանը լայն չափով անծանոթ է։ Նրա ստեղծագործությունները ներառված չեն դպրոցական դասագրքերում և ոչ միայն երբեք չեն ենթարկվել ակադեմիական լուրջ ուսումնասիրության, այլև Հայաստանում լույս չի տեսել գրողի ստեղծագործությունների ամբողջական ոչ մի հրատարակություն։

Զապել Եսայանը նաև հասարակական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան էր, իր ժամանակի ամենակրթված և ազատամիտ անհատականություններից մեկը։ Նա 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում բնակվող եզակի կանանցից էր, ով ստացել է բարձրագույն կրթություն արտասահմանում, միակ կինն էր, ում Երիտթուրքերը ներառել էին «ոչնչացման ենթակա» հայ մտավորականների սև ցուցակում։ Ադանայի և 1915 թվականի ջարդերի մասին գրած ամենաառաջին վկայագիրներից մեկն է։

Ճանաչելով Զապել Եսայանին.  կյանք, լեզու, գրականություն, ֆեմինիստական դիսկուրս, սոցիալիզմ

Զապել Եսայանը թողել է մինչ այսօր չուսումնասիրված գրական հարուստ ժառանգություն՝ վեպ, վիպակ, պատմված, նորավեպ, գրաքննադատական և հրապարակախոսական նյութեր, թարգմանություններ և նամակներ։ Ինչպես գրում է Հակոբ Օշականը ՝ Զապել Եսայանի «գործը ընդարձակ է, քան ամբողջ արդիւնքը մեր բոլոր կին գրողներուն»։

Զապել Եսայանը ծնվել (1878թ.) և մեծացել է Կ. Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ Իր մանկության տարիների Կ. Պոլսի մասին հուշերը ներկայացնում է «Սիլիհտարի պարտեզներ» ինքնակենսագրական վեպում։ «Ինքնակենսագրական վեպ» ժանրով ստեղծագործելն այդ տարիներին նորություն էր համարվում և Զապել Եսայանն այդ ժանրով ստեղծագործող առաջին գրողներից է։

«… չորս տարեկան էի, երբ կարդալ սորվեցայ։ Մութը իջնալէն յետոյ, հայրս կը դառնար տուն, կը լուացուէր, զգեստները կը փոխէր եւ սամոյր մուշտակը հագած կը նստէր ցած բազմոցի մը վրայ, որուն առաջ դրուած էր պղնձէ մանգալը։ Կրակարանին մէջ, եռոտանիի վրայ, ջուրը կ’եռար թէյի համար։ Այն ժամանակ թէյի գործածութիւնը տարածուած չէր Պոլսոյ մէջ, բայց հայրս այդ սովորութիւնը բերեր էր Կովկասէն։ Ինքն իր ձեռքովը կը պատրաստէր թէյը, կը լեցնէր բաժակներու մէջ, հարկ եղած բոլոր արարողութիւնները ընելով։ Մինչեւ թէյի ջուրին եռալը. հայրս կը բանար օրուան թերթը, «Արեւելք»ը, եւ կը կարդար։ Ես կը նստէի գիրկը եւ հայրս մուշտակի փէշը կը ծածկէր իմ վրաս։ Այդ տաքուկ բոյնին մէջ երանութեան ժամեր կ’անցունէի եւ աչքերովս կը հետեւէի թերթի տառերուն»:  (Հատված «Սիլիհտարի պարտեզները» գործից)

«Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպն արժեքավոր է ոչ միայն իր գրականական կարևորությամբ և գերնուրբ լեզվով, այլև թե ինչպես է գրողը կոլորիտային նկարագրություններով մանրամասն պատմում 19-րդ դարի Կ.Պոլսի բարքերի, մարդկանց հոգեբանության և հասարակությունում տիրող արժեհամակարգի մասին։

«Ոչ մէկ նկար պատերուն վրայ. ոչ մէկ ծաղկաման։ Երբ մօրաքոյրերս պարտէզէն ծաղիկներ բերէին եւ տնկէին բաժակներու մէջ, Տուտուին (Մեծ մոր) կարծիքով «փիսութիւն» կ’ըլլար։ Միայն վարդերու եղանակին էր որ դէզ առ դէզ վարդեր կը կուտակուէին սեղաններու եւ բազմոցներու վրայ։ Տուտուն կը հանդուրժէր միայն վարդի բուրմունքին, որուն համար կ’ըսէր թէ «մաքրութիւն կը հոտի»։ Մնացեալ բուրմունքները, բնական թէ արուեստական, իր կարծիքով պարկեշտ մարդոց համար չէին։» (Հատված «Սիլիհտարի պարտեզները» գործից)

 

1895թ. Զապել Եսայանը մեկնում է Փարիզ կրթությունը շարունակելու համար։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր, և Կ.Պոլսի պահպանողական հասարակության մեջ այդ տարիներին աննախադեպ երևույթ էր համարվում աղջկան, այն էլ միայնակ, արտասահման կրթության ուղարկելը։

Փարիզում Զապել Եսայանը հետևում է գրականության և փիլիսոփայության դասընթացներին Սորբոնում և Կոլեջ դը Ֆրանսում։ Նա ուսումնասիրում է միջնադարյան և ժամանակակից ֆրանսիական գրականություն, հունական փիլիսոփայություն, լատինական գրականություն, ինչպես նաև Մերձավոր Արեւելքի պատմություն եւ գրականություն։ Նա սիրում էր ընթերցել ԺորԺ Սանդի, Անրի Բարբյուսի, Ռենե Գիլի, Մորիս Մետերլինկի, Արթյուր Ռեմբոյի, Օնորե դե Բալզակի, Գյուստավ Ֆլոբերի, Շառլ Բոդլերի, Մարսել Պրուստի ինչպես նաև Էդգար Ալլան Պոյի եւ Ֆյոդոր Դոստոեւսկու ստեղծագործությունները։

Լինելով «արեւմտահայ գրականության ամենեն կատարյալ գրագետներեն մեկը, եթե ոչ ամենեն կատարյալը» (ըստ Հակոբ Օշականի)՝ Զապել Եսայանը գրել է աննկարագրելիորեն գեղեցիկ, երաժշտական և հարուստ արևմտահայերենով։ Իր ստեղծագործությունները բացահայտում են հայերենի ողջ ճոխությունը բոլորովին նոր շնչով։ Ի տարբերություն արևմտահայ մեր մյուս հայտնի կին գրողների՝ Սրբուհի Տյուսաբի (1841- 1901) և Սիպիլի (1863- 1934), Զապել Եսայանը երբեք չի գրել ռոմանտիկ ոճով։ Գրողի անգամ «կանացի վիպակները» առանձնանում են ռեալիզմի և նատուրալիզմի խորը դրսևորումներով։ Դեռևս դպրոցական տարիներին (13-15 տարեկան) Զապել Եսայանը գիտակցում էր, որ գրականության լեզուն պետք է հեռու մնա ավելորդ լիրիկանան զեղումներից և շաբլոն նկարագրություններից՝ ձգտելով բացարձակ գեղեցկության և ներդաշնակության։

«Այդ շարադրութիւնները (դպրոցում հանձնարարվող) կը մարզէին աշակերտուհիները կեղծ ռոմանթիզմի մէջ եւ պիտակուած էին «ա՜հ»երով եւ «ո՜հ»երով, բնութեան շաբլոն նկարագրութիւններով ու թխմուած էին գերադրական ածականներով։ Այդ բոլորը ինձ չէր հրապուրեր եւ մազաչափ չէր ազդեր իմ վրաս։ Ես ու միւս «անկարգ» աշակերտուհին, որ Հրանուշ կը կոչուէր, նոյնիսկ երբեմն բացայայտ կը ծաղրէինք ուսուցիչին տուած պատուէրները։ Մեր դիմադրութիւնը «գեղեցիկ դպրութեան» դասերուն եւ ծաղրանքը յաճախ սուղի կը նստէին մեզ, բայց կը շարունակէինք։» / հատված «Սիլիհտարի պարտեզները» գործից

Զապել Եսայանի ստեղծագործություններում էսթետիկական առանձին արժեք են բնության նկարագրությունները, որոնք գրողը տալիս է ավելորդություններից զուրկ ճոխ լեզվով, նկարչին բնորոշ անկրկնելի բծախնդրությամբ և բանաստեղծին հատուկ նրբությամբ.

«Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն կ՚ոռնային անողորմ երկինքին։ Առաւօտ եւ երեկոյ ձիւնի այդ թանձր դէգերը հիւսիսային հովէն սառելով կը քարանային, ու պատուհաններուն վրայ միայն տուներու ներքին տաքութենէն մասնակիօրէն հալելով, քմահաճ ձեւեր, ձիւնեղէն ժանեակներ կը յօրինէին։ Երբեմն տժգոյն ու վտիտ դէմք մը կ՚երեւար մէկ կամ միւս պատուհանին շրջանակին մէջ ու երբեմն ալ մանկան մը թուխ կամ խարտեաշ գանգուրները, բայց ընդհանրապէս մարդիկ հաւաքուած էին գետինը դրուած կրակարաններու շուրջ եւ ամէն տեղ գրեթէ առանց բացառութեան կը մտմտային մէկ կողմէ անգործութեան եւ միւս կողմէ կեանքի սգութեան վրայ։» (հատված «Երբ այլեւս չեն սիրեր» գործից)

Զապել Եսայանը հայ գրականության մեջ առաջին գրողն է, ով ստեղծագործել է «փիլիսոփայական վեպ» ժանրով։ Այս ժանրով գրված առավել արժեքավոր գործերից են՝ «Հոգիս աքսորեալ», «Վերջին բաժակը», «անձկութեան ժամեր»։ Գրողը հազվադեպ խորաթափանցությամբ է ներկայացնում իր բոլոր հերոսներին՝ ճկուն նկարագրությունների և պատմությունների օգնությամբ բացահայտելով նրանց բնավորության նրբությունները և հոգեբանական նկարագիրը։

« Ծերացեր է Հրանդ Չէրքէզեան, բայց այդ առաջին տպաւորութենէն ետքը հետզհետէ կը գտնեն հետքերը այն մարդուն որ այնքան խոր տպաւորութիւն գործած է իմ մանկութեանս վրայ եւ նոյն իսկ աւելի ուշ, երբ իր դժբաղդ կեանքին պատմութիւնը լսեր եմ։ Անիկա կարելի է տգեղ համարել մարդոց հասարակ դատողութեամբ բայց ես կը տեսնեմ անբացատրելի եւ մասնայատուկ գեղեցկութիւն այդ կնճռոտ դէմքին վրայ որ մտածումի կեդրոնացման եւ ուժի արտայայտութիւնը կը կրէ։ Ալեխառն եւ անխնամ մօրուքը կը ծածկէ այտերը եւ իր թանձր շրթները անսահման բարութեան, իմացական բարութեան տպաւորութիւնը կը ներշնչեն. բայց անիկա բարի չէ այն կերպով ինչպէս մարդիկ կ՚ըմբռնեն ընդհանրապէս. անիկա չունի այն դիւրագրգիռ և զգայական բարութիւնը որ հետեւանքն է միայն անմիջական եւ հարեւանցի տպաւորութիւններու կամ ջղային անհանգստութեան մը. երբ նոյն իսկ մարդոց ըսեմ թէ Հրանդ Չէրքէզեան բարի է, կը կարծեն թէ կուզեմ հեգնել։ Անիկա խնամքով կը ծածկէ իր իմաստուն բարութեան գերագոյն եւ տանջալի զգացումը որուն ամօթխածութիւնը ունի իր հոգին եւ զայն աւելի լաւ ծածկելու համար է թերեւս որ երբեմն կը դառնայ խիստ աններողամիտ։ » / հատված «Հոգիս աքսորեալ» գործից

1898 -1906 թվականներին Զապելը հայկական շրջանակներում գրական լեգենդ էր, բոլոր թերթերը միային իր մասին էին խոսում։ Նա համարվում էր ամենակրթված և բազմակողմանի զարգացած անձերից մեկը, և տղամարդկանց հավասար մասնակցում էր քաղաքական բնույթի տարբեր քննարկումներին։ Զապել Եսայանն իր կենցաղով և մտածելակերպով տարբերվում էր իր ժամանակակիցներից։ Իր ազատամտությունը, միշտ Լուսավորությանը հետևող պրպտող և ճկուն միտքը վառ արտահայտվում է, ոչ միայն իր ստեղծագործություններում և նամակներում, այլ՝ կենցաղում։ Նա միայնակ ճամփորդում էր Եվրոպայի և Միջին Արևելքի երկրներում։ Ամուսնությունից հետո ևս շարունակում է ճամփորդել՝ միայնակ ապրելով Փարիզում, Կ. Պոլսում, Թբիլիսիում, Բուլղարիայում և Բաքվում։ Երբ ընթերցում ես Զապել Եսայանի նամակները «ամենուրեք պատնէշի վրայ, յաճախ հայ թերթերու աշխատավարձքին կարօտ ըլլալուն, միշտ իր անունը հաստատելու սիրոյն, և աւելի ուշ՝ գաղափարներ պաշտպանելու, պայքար մղելու, թշնամիներուն դէմ սուր ճօճելու, և ինչո՞ւ չէ՝ իր ներքին յաճախանքներէն ազատելու» (Մարկ Նշանեան, հատված «Պատկեր Պատում Պատմութիւն» գրքից)


Զապել Եսայանի հերոսները միշտ ձգտում են ճշմարտության՝ չհանդուրժելով սուտը և կեղծիքն անգամ կենցաղային մանրուքների մեջ։ Նա իր հերոսների միջոցով ներկայացնում է անձնական ձգտումները և երազանքները, փորձում է կառուցել գրողներին այդքան հատուկ սեփական իրականությունը, որտեղ, բոլոր մարդիկ վերգտնում են զարմանալու և հիանալու, սիրելու և սիրվելու, խորությամբ ամեն ինչ զգալու և միամիտ երեխայի պես ուրախանալու մարդու հոգին կենդանի պահող հատկությունները։

« Մարդկային հոգին, զոր ամէն մարդ իր հետ աշխարհ կը բերէ, այսպէսով կը խեղանդամուի մանկութեան ժամանակէն իսկ. հոգին չի մեռնիր ի հարկէ. բայց անիկա խրտչտած կը կզկտուի ու կը պահուըտի անկիւն մը ու այլեւս երբե՛ք չի համարձակիր յայտնուելու։ Մարդիկ կան որոնց կեանքին այս կամ այն ժամուն հոգին յայտնուած է ու տէր դարձած կացութեան. բայց եւ որքա՛ն մարդիկ կան որոնց հոգին միշտ ընդարմացած մնացած է, ու երբեք զարթումի ժամը չէ հնչած իրենց համար։ Եթէ ոեւէ արտասովոր պարագայ, մեծ յուզում մը, մեծ զգացում մը, կամ մանաւանդ՝ մեծ ցաւ մը թափանցէ մինչեւ հոգին, ու անիկա, եթէ նոյնիսկ զարթումի տարտամ շարժումներ գործէ, մարդիկ, անհանգիստ՝ կ’օրօրեն զայն, կը քնացնեն զայն, որովհետեւ նոյնիսկ իրենց սեպհական հոգիին զարթումը կը սարսափեցնէ զիրենք։ Ինքզինքնուն անծանօթ են եւ երբեք պիտի չհամարձակէին իրենց հոգիին անսահմանութեանը նայիլ, ու կը շարունակեն ապրիլ փոխ առնուած զգացումներով, փոխ առնուած սկզբունքներով, դուրսէն ստացած ձեւերով ու կերպերով, եւ ոչինչ, բայց ոչինչ չի բղխիր իրենց ներքին աշխարհէն, իրենց էութենէն, իրենց հոգիէն»:  (հատված «Վերջին բաժակը» գործից)

Զապել Եսայանը Սրբուհի Տյուսաբի և Սիպիլի հետ միասին եղել է մամուլում և գրականությունում «կանանց հարցը» բարձրացնող առաջին գրողներից մեկը։ Հայկական իրականությունում առաջին անգամ «ֆեմինիզմ» բառն օգտագործվել է 1903 թվականին «Ծաղիկ» ամսագրում հրապարակված Զապել Եսայանի հոդվածում։ Նա կարծում էր, որ «կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։ Սակայն գրողը բազմաթիվ առիթներով բացահայտորեն նշել է, որ ինքն իրեն ֆեմինիստ չի համարում։

 «Զապել Եսայանի ֆեմինիստ լինել-չլինելու հարցը պետք է դիտարկել տվյալ ժամանակաշրջանի կոնտեքստում։ Իր օրինակով՝ գաղափարներով և ապրելակերպով, կերտած կին հերոսների կերպարների օգնությամբ, նա ցույց էր տալիս, որ կանայք ունեն ընտրության, սեփական մտքերը, էմոցիաները և համոզմունքները տղամարդկանց հավասար արտահայտելու և դրանք պաշտպանելու իրավունք։ Այս համատեքստում Զապել Եսայանը, անշուշտ, ֆեմինիստ գրող է։»,- մեկնաբանում է Լարա Ահարոնյանը՝ «Զապել Եսայանին գտնելով» վավերագրական ֆիլմի համահեղինակը

«Այդ շրջանին ատելութիւն զգացումը ուժեղ էր իմ մէջ, ամէն տեղ և ամէնուն մէջ կը տեսնէի հակասութիւններ, աններդաշնակութիւն խոսքի և գործի մէջ և խորապէս կը տառապէի. […] Յովհ. Շ. «Հայրենիք»-ի մէջ կը պաշտպանէր կնոջ ազատութիւնը և մտերմական խոսակցութեան մէջ աղջկայ մը համար կ՝ըսէր թէ պատշաճութեան զգացում չունի, որովհետեւ օր մը գործի համար մինակը եկեր էր խմբագրատուն: Թերթի մէջ որ լիպերալներու օրկանը կը համարվէր, կը գրէին ապահարզանի իրավունքների մասին ռազմաշունջ հոդվածներ և միւս կողմանէ կը բամբասէին կիներու մասին որ այրի հազիվ՝ հետո կրկին ամուսնացեր էին կամ տեսնուէր էին այրի մը հետ. Սիպիլ՝ իրենց թանկաքին աշխատակցուհին էր, բայց չէին վարաներ իր բարքերը քննադատելու ամենախիստ որակումներով. Նոյնիսկ ծաղրով, որովհետեւ դժբախտ ամուսնութենէ մը հետո՝ երբ ամուսինը, Անկարա էր իր գործով, ինքը Պոլսոյ մէջ սիրային բարեկամութիւն կը մշակէր արդեն Հրանտ Ասատուրի հետ:

Այս Բոլորը և շատ ուրիշ բաներ ինծ կը մղէին ըմբոստութեան և կը մտածէի որ եթէ կարենաի պատկերացնել այդ հակասութիւնները, դիմակազերծ ընել մարդիկը շատ օգտակար գործ կատարած կ՝ըլլայի. Այնքան պիտի ուզէի որ վերջապէս գտնէի մարդիկ որոնց գործը և կեանքը համապատասխան ըլլար իրենց գեղեցիկ խօսքերուն: » (Զապել Եսայան, հատված ինքնակենսագրական բնույթի էջերից)

Զապել Եսայանն միակ կին էր, ում երիտթուրքերը ներառել էին իրենց կազմած հայ մտավորականության սև ցուցակում։ Սակայն գրողը կարողանում է փախչել՝ խաբելով թուրքական ոստիկանությանը։ Այդ տարիներին նա գրում է «Ժողովուրդի մը հոգեվարքը» վկայագրությունը, որտեղ պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց վկայությունները, որոնք նա ամենայն ջանասիրությամբ հավաքագրում էր՝ մոռացությունից փրկելու և աշխարհին ճշմարտությունը ներկայացնելու համար։ Ըստ Մարկ Նշանեանի ՝այդ տարիներին ցեղասպանության մասին ֆրանսերենով լույս տեսած գրեթե բոլոր նյութերում Զապել Եսայանն ունեցել է իր ներդրումը։

Զապել Եսայանը գրել է նաև 1909 թվականի Ադանայի ջարդերին նվիրված «Ավերակներու մեջ» գործը, որը, ինչպես նշում է Մարկ Նշանեանը, չափազանց կարևոր ստեղծագործություն է՝ համաշխարհային գրականությունում լույս տեսած այդ ոճով գրված առաջին վկայագրությունը։

«Հոն տեսայ մայրեր, որ իրենց զաւակները խեղդած էին` անոնց մանկական ճիչերէն չմատնուելու համար իրենց թաքստոցին մէջ, հոն տեսայ կիներ, որ անդամալուծուած, լեզունին թուշերնուն վրայ կախուած, անկարող էին իրենց սրտին ցաւը գոչելու, հոն տեսայ խելագարուածներ, որ փոխանակ մոռնալու, սոսկալի վայրկեանը կ՚ապրէին շարունակաբար, տեսայ, որ հալածուած էին իրարու ետեւ ընկնող սիրելիներու յիշատակով ու չգիտէին, թէ որո՞ւ վրայ լան… «Շարքով դրին հոն, քովէ քով, ու զարկին, զարկի՜ն, զարկի՜ն ու ամէնքն ալ սանկ երերացին մէկ մը ու ինկա՜ն… ու անոնք իմ հայրս, իմ ամուսինս ու տղաքներս էին, եւ ես հիմակ մինակ եմ, վէրաններու վրայ մնացած բուին պէս…»  / հատված «Ավերակների մեջ» գործից

«Զապել Եսայանը 20- րդ դարի մեր մեծ գրողներից մեկն է, ով մոռացության է մատնված, և հասարակությանը լայն չափով անծանոթ է։ Նա մեր հայրենադարձ գրողներից է։ Խորհրդային Միության տարիներին հրատարակվել է Զապել Եսայանի գործերի հատորյակը, սակայն մինչև 1990 թվականը ոչ ոք ճշմարտությունը չէր ասում և այսօր էլ տարօրինակ լռություն է տիրում Զապել Եսայանի շուրջ։ Ժամանակն է Հայաստանում հրատարակել գրողի ստեղծագրոծությունների ամբողջական ժողովածուն»,- ասում է Մարկ Նշանեանը։

1933 թ. Զապել Եսայանը կառավարության հրավերլով վերջնականապես հաստատվում է Խորհրդային Հայաստանում՝ դասավանդելով արևմտյան երկրների գրակա­նության պատմություն Երևանի պետական համալսարանում։

Զապել Եսայանն իր էությամբ իսկական սոցիալիստ էր։ Մեծանալով Կ. Պոլսում՝ նա շրջապատված է եղել տարբեր խավերից սերված մարդկանցով և մանկուց ականատես է եղել սոցիալական անարդարության բոլոր դրսևորումներին։ Օրինակ, իր «Շնորքով մարդիկ» ստեղծագործության մեջ նա ամենայն մանրամասներով ներկայացնում է բուրժուա դասակարգի անընդունելի և շփացած կենցաղն ու բարքերը։

«Նա միշտ հավատացել է սոցիալիզմի գաղափարին և անգամ ֆրանսիական թերթերում հաճախ էր գրում սոցիալական անարդարության և դասակարգային տարբերությունների մասին հոդվածներ»,- ասում է Լարա Ահարոնյանը։

Զապել Եսայանը Խորհրդային Միությունը դիտարկում էր որպես իր հոգու հանգրվան, որտեղ նա՝ երկար պայքարից, տառապանքներից և դեգերումներից հետո, կարող էր վերամիավորել իր ընտանիքի հետ և շարունակել ստեղծագործել՝ հասնելով իր համար այդքան երազելի հանգստությանը։

«Ես Երևանում եմ արդեն 2 տարի և չափազանց երջանիկ ու հանգիստ եմ։ Կարող եմ ասել՝ իմ կյանքում երբեք չի եղել այսպիսի ժամանակաշրջան։ Հայաստանում ես ապրում եմ ամբողջությամբ իմ ցանկություններին և զգացմունքներին համահունչ։ Իմ աղջիկն ինձ հետ է և աշխատում է հանրային գրադարանի արտասահմանյան գրականության բաժնի պատասխանատու։ Որդիս մեզ միացավ անցյալ տարի, աշխատում է որպես արդյունաբերական քիմիկոս: Մենք բոլորս երջանիկ ենք և ապագային նայում ենք հավատքով և ոգևորությամբ։ Խնդրում եմ, չմտածես, որ այս տողերը գրում եմ հանուն քարոզչության։ » (հատված Հակոբ Օշականին գրած նամակից, 1935թ:)

« Բոլորս գիտենք, որ 1916էն ետքը գրուած լայնաշունչ վէպերը ձախողութիւններ են: Ձախող է անթուակիր Արգելքը (որ մատչելի է Շուշան Տասնապետեանի կողմէ պատրաստուած Անթիլիասի հրատարակութեան երկրորդ հատորին մէջ), ու նոյնպէս ձախող են 1922ի Նահանջող ուժերը (որ քաղաքական դրոյթ մը կը պաշտպանէ), 1934ի Կրակէ շապիկը (որ սոցիալիստական ռէալիզմի հրամայականներուն կը հպատակի), ու վերջապէս Փարպա Խաչիկը (ուր նոյն սկզբունքներուն հետևելով Եսայեան ուզած է հայկական կեանքի համապատկեր մը ներկայացնել, իր անձնական փորձառութեան վրայ հիմնուելով): Ձախող են չորսն ալ որպէս վէպ, բայց այդ չի նշանակեր թէ հետաքրքրութենէ զուրկ են ու մոռացութեան պէտք է մատնուին: Սկիզբի գործերը, ճիշդ է, անմատչելի էին և այդ պատճառով անծանօթ մնացած էին: Նոյնքան ճիշդ է սակայն որ Եսայեանի քաղաքական վէպերն ալ անծանօթ մնացած են, բայց ասոնք՝ տեսակ մը կուսակցական գրաքննութեան մը որպէս հետևանք: »  /հատված Մարկ Նշանեանի «Պատկեր պատմում պտմություն» գրքից

Զապել Եսայանը Խորհրդային Հայաստանում ապրեց 1933-1937 թվականներին՝ չհասցնելով հասկանալ, որ խորհրդային իրականությունը հեռու էր սոցիալիզմի մասին իր ուտոպիստական երազանքներից։ Նա ստալինյան բռնապետության նահատակներից մեկն է. 1937 թվականին խորհրդային ոստիկանությունը ձերբակալում է Զապել Եսայանին և աքսորում Սիբիր։ Ամենայն հավանականությամբ ձերբակալության համար պատճառ է հանդիսանում Գրողների միությունում իր ելույթի ժամանակ Եղիշե Չարենցին հրապարակավ պաշտպանելը։

Զապել Եսայանը մահանում է ճանապարհին՝ չհասնելով Սիբիր, հավանաբար 1943 թվականին։

 

Զապել Եսայան՝ մարդու իրավունքների պաշտպան

 Զապել Եսայանի բոլոր ստեղծագործությունները շնչում են հումանիզմով։ Գրողը հայերեն և ֆրանսերեն բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք նվիրված էին մարդու իրավունքներին եւ սոցիալական արդարությանն առնչվող հարցերին։ Նա Օսմանյան կայսրությունում ապրող այն եզակի կին գրողներից էր, ով իր գործերում անդրադառնում էր ոչ միայն հասարակության մեջ կնոջ դերին, այլև դիտարկում էր կանանց իրավունքները մարդու հիմնարար իրավունքների համատեքստում։

«Զապել Եսայանն իր ստեղծագործություների միջոցով պայքարում էր հասարակությունից աղքատների օտարացման և մեկուսացման դեմ։ Նա միշտ ճնշվածների կողքին էր, պաշտպանում էր մարդկանց իրավունքները՝ անկախ սեռից և սոցիալական դիրքից։ Երբ կարդում ես գրողի նամակները, զգում ես վերջինիս հումանիզմն անգամ կենցաղային մանրուքների մեջ. իր կյանքի ամենադժվարին պահերին, նա միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել և աջակցել բոլոր նրանց, ովքեր զգում էին իր կարիքը, օգնում էր ցեղասպանության տարիներին որբ մնացած մանուկների և տարագիրների համար կացարան ստեղծելուն»,- պատմում է Ջուդի Սարյանը,  խմբագիր, Բոստոնի հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության ներկայացուցիչ, «Հայ կանանց համաշխարհային ասոցացիայի» անդամ։

Զապել Եսայանի համար գրականությունն անարդարության դեմ պայքարելու միջոց էր։ Եվ չնայած Փարիզում ապրելու տարիներին, ըստ կենսագիր Սևակ Արզումանյանի, գրողը մի կարճատև շրջան տուրք է տալիս մաքուր արվեստ տեսությանը՝ արվեստ արվեստի համար, սակայն կարճ ժամանակ հետո նորից վերադառնում է իր գլխավոր տեսլականներից մեկին՝  գրականությունն իբրև պայքարի զենք։ Նա իր չհրատարակված աշխատանքներից մեկում գրում է. «Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»:

«Երբ մենք խոսում ենք սոցիալական անարդարության կամ մարդու իրավունքների մասին, միշտ մեջբերում ենք անում օտարերկարացի գրողների և հասարակական գործիչների խոսքերը, սակայն մենք ունենք մեր գրողները, որոնցից մեկը Զապել Եսայանն է»,- ասում է Լարա Ահարոնյանը։

«Հայ կանանց համաշխարհային ասոցացիայի» անդամների շնորհիվ անգլերեն է թարգմանվել Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզներ», «Հոգիս աքսորեալ» և «Ավերակներուն մէջ» գործերը։ Ըստ Ջուդի Սարյանի՝ իրենք շարունակելու են անգլերեն թարգմանել Զապել Եսայանի գրական ժառանգությունը՝ խրախուսելով գրողի կյանքի և ստեղծագործությունների հետազոտությամբ զբաղվող ապագա մասնագետներին։

«Հայ Մատենագրութեան Թուանշային Գրադարան»-ը թվայնացրել է Զապել Եսայանի ստեղծագործությունների մեծ մասը, որոնք հասանելի են այստեղ։

Լուսանկարները՝ Ջուդի Սարյանի անձնական արխիվից

Share Button

1 Կարծիք

  • Անուշ Խաչատրյան says:

    Շատ հետաքրքրական աշխատանք էր, շնորհակալություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *