ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ | Ավելորդ բեռ

Արթուր Միկոյան

Ես ինձ կյանքում ավելորդ բեռ էի զգում դեռևս մանկուց։ Չէ, ավելի ճիշտ՝ այն ժամանակվանից, երբ առաջին անգամ բացեցի աչքերս և սարսափահար ճչացի։ Հենց այդ ճչալուց սկսած, երբ շնչուղիներիս հասավ թթվածնի հաստ շերտը, որն ինձ ավելի գրգռեց, ես հասկացա, որ այս մոլորակի օդը խիստ վնասակար է ինձ նմանի համար։ Ես ճչացի այնքան ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ճանաչում եմ իմ շրջապատի մարդկանց, նրանք էլ ինձ են ճանաչում և ավելորդ ու անպատվաբեր համարեցի արտաքուստ սենտիմենտալ թվացող լացը։ Լացելու այդ պարտականությունը ես փոխանցեցի իմ ներաշխարհին։ Իհարկե, ներաշխարհս միանգամից այն չընդունեց, որովհետև նա մինչ այդ ապրում էր հանգիստ և միայն իրեն հատուկ հեռադիտակով նայում էր իմ տխուր, լացակումած աչքերին։ Երկար բանակցություններից հետո ինձ հաջողվեց համոզել նրան։ Փոխարենը խոստացա, որ շատ նեղություն չեմ պատճառի իրեն։ Նա ինձ չհավատաց, ասելով՝ իր ծանոթներից և բարեկամներից իմացել է, որ բոլորն էլ համարյա նույն ձևով են ասում և էլ ավելի համոզիչ խոստանումներ տալիս։ Ինձ ասաց, նաև, որ իր այդ բարեկամներն իրեն խորհուրդ են տվել՝ երբեք չհամաձայնվել նման դատարկ, անտրամաբանական խոստումներին։ Ես նրան ընդհատելով՝ անմիջապես դառնացած ասացի, որ իմ միակ հույսն ինքն է։ Ներաշխարհս ծանր շնչեց ականջիս և ասաց.
– Լավ, թող քո ուզածը լինի, ես կօգնեմ քեզ, թեև գիտեմ, որ միևնույն է՝ դու քո խոստումը պահողը չես։
Ես անմիջապես ոգևորված, փորձեցի նրան շնորհակալություն ասել, սակայն դեռ չէի սկսել որևէ բառ արտասանել, նա զարմանալի հնարքով փակեց բերանս։
Այդ օրվանից հույսս դրած ներաշխարհիս վրա՝ շարունակում էի ապրել։ Բայց որքան տարիներն անցնում էին՝ քաշիս ավելանալու հետ, ավելանում էր նաև ավելորդ մի բեռ երկրագնդի վրա։ Եվ ես անընդհատ մտածում էի իմ գոյության իմաստի մասին, նույնիսկ երբ խոսում, ծիծաղում կամ վիճում էի։ Այդ բոլոր մտորումների ժամանակ ես, թեկուզ հանելուկային, ոչ մի պատասխան չգտա։
Մի կիսախավար գիշեր, երբ պառկած նայում էի՝ ես էլ չգիտեմ, թե ուր, հանկարծ ահազանգ եկավ։ Այդպես էլ գիտեի դա ներաշխարհիցս էր կամ ավելի ճիշտ՝ հոգուցս։ Ինչպես ուզում եք՝ հասկացեք։ Նա առանց ողջունելու, անձրևի կաթիլի արագությամբ ուղեղիս կաթեցրեց լուրը.
«Քո բեռն արդեն անտանելի է դարձել ոչ միայն երկրագնդի համար, այլ նաև բոլոր մարդկանց։ Նույնիսկ հազարավոր կիլոմետրերի վրա նրանք զգում են քո նողկալի, կամակոր գոյությունը։ Արդեն բոլոր երկրներում ավելացել է սրտի կաթվածների թիվը։ Օրեցօր նման դեպքերի աներևակայելի աճ է նկատվում։ Հիմա դու կասես՝ իսկ ինչո՞ւ եմ կարծում, որ քո ներկայությունն ու գոյությունն է պատճառը։ Բժշկական միլիոնավոր հետազոտությունները հստակ ախտորոշելն են քո ներկայության ու գոյության փաստի ճնշումը մարդկանց վրա։ Փաստորեն դու քո գոյությամբ դեմ ես գնում կյանքի բոլոր օրինաչափություններին և նույնիսկ աստվածային օրենքներին։ Կարող եմ անվերջ փաստեր ներկայացնել քո գոյության խիստ վնասակարության մասին, բայց դու էլ արդեն հասկացիր, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է։ Հիմա առաջնահերթը, որ պետք է դու մտածես, քեզ աշխարհից ընդմիշտ ջնջելու խնդիրն է։ Մտածիր արագ, մարդիկ էլ չեն համբերում, իսկ ես առայժմ չեմ մատնել քո տեսքը։ Այդ պատճառով էլ քո մահն ինքդ կազմակերպիր։
– Բայց ինչպե՞ս,- գոռացի ես։
– Չգիտեմ,- ասաց նա։ – Օրինակ՝ կարող ես մեծ քանակի վառելիք լցնել քեզ վրա և այրել։
– Բայց ինչո՞ւ այդպես,- ասացի ես։
– Որովհետև ժողովուրդները և հատկապես մոլորակը, հողը քո մահվանից հետո չի ցանկանում տանել քո մարմնի ավելորդ բեռը։ Դա չափազանց մեծ շռայլություն կլինի քեզ համար։ Ինձ թվում էր՝ արդեն հասկացանք իրար և պետք չէ անիմաստ հարցեր տալ։ Արա այնպես, ինչպես ես եմ քեզ ասում։ Դու էլ գիտես, որ միայն ես եմ քո միակ բարի կամեցողը։ Հակառակ դեպքում ես արդեն չեմ դիմանա բոլորի ճնշմանը և կմատնեմ քո արտաքին տեսքը։ Դու կարժանանաս ժողովուրդների դաժան նվաստացմանն ու մահապատժին,- ասաց նա և հեռացավ ինչ-որ թաքուն մի անկյուն, և ես մինչև հիմա չեմ հասկանում, թե որտեղ է։
Կյանքի՝ իրար հաջորդող նվաստացումները, անհաջողությունները և հուսախաբություններն ապացուցեին բոլորի անսահման ատելությունն իմ նկատմամբ, թեև ես բոլորին լավ էի վերաբերվում։ Եվ դա այն դեպքում, երբ ինձ մարդիկ չէին ճանաչում, չգիտեին, որ իմ պատճառով աղետալի դեպքեր են լինում։ Տառապանքներս այնքան անտանելի դարձան, որ ես կրկին հիշեցի իմ ճշմարտախոս և իմաստուն հոգու խոսքերը։ Բայց ի՞նչ անել, ինչպե՞ս կյանքից հեռանալ, ինքնասպանության բոլոր տեսակներն ամեն ժամ ու րոպե անցնում էին արդեն ցամաքած ուղեղիս միջով։ Բայց ես ոչ թե չէի կողմնորոշվում, այլ համարձակությունս չէր ներում։
Նրա խոսքերից անցել էր 20 տարուց ավելի, և կյանքն ինձ համար արդեն իսկապես անտրամաբանական և ահավոր էր դարձել։ Արդեն ինքս չէի կարողանում հանդուրժել իմ գոյությունը։ Ես այդպես էլ չհասկացա և չստացա այնքան ինձ տանջող հարցերի պատասխանը։
Հանկարծ շնչառությունս ծանրացավ և զգացի մահվան ձայնը. նա արագ սուլեց իմ ուղղությամբ, վախը պատեց ամբողջ գիտակցությունս։ Ես զգացի, որ մահվան քամին արդեն իմ ներսում է և վերջին շնչում եմ։ Հասցրեցի միայն շշնջալ վերջին բառերը.
– Բայց ինչո՞ւ ես աշխարհ եկա և ինչու էլ հեռանում եմ, ինչո՞ւ, ինչո՞ւ…
Աչքերիս մեջ զգացի արցունքների դանդաղ հոսքը և տագնապած՝ վերջին անգամ գոռալով, փչեցի շունչս։
Նշանակում է՝ նա էլ ինձ լքեց, չսպասելով նույնիսկ վերջին շնչիս, հոգիս հեռացավ ինձանից։ Աչքերս փակեցի, բայց արցունքները հոսում էին արագ և առատ, կարծես արցունապարկերս լցվել, սեղմվել ու պայթել էին, և արցունքներս պետք է հոսեին ևս մի ամբողջ կյանք։
Իմ թաղման արարողությունը հարկ չեմ համարում նկարագրել, շատ կարճ գրում եմ իմ գորշ կյանքի պատմությունը, որպեսզի ավելորդ մանրամասնություններով չարժանանամ միլիարդավոր մարդկանց անեծքին և նրանց հերթական անգամ չհիշեցնեմ իմ աղետաբեր գոյության մասին։ Փաստորեն, ես իմ անմեղ գոյությամբ ավելորդ բեռ դարձա աշխարհի համար և դա էլ առիթ տվեց հազարավոր և գուցե միլիոնավոր մարդկանց մահվան։ Այժմ, մահվանից հետո այս պատմությունը ես գրում եմ դժոխքից և ամբողջ սրտով, սատանայի ձեռքում հայտնված հոգով խնդրում եմ բոլորիդ՝ ներել ինձ. ես անմեղ եմ, շատ անմեղ… Ուղղակի դժոխքում մի տեղ պակաս էր և այդտեղը ճակատագրի բերումով ես պետք է լրացնեի։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *