ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ | Ամենաերջանիկ մենակը

Հայկ Կոնջորյան

Գնում եմ փնտրելու ինձ, բայց չգիտեմ որտեղ, քանզի չգիտեմ, թե որտեղ եմ ինձ կորցրել: Քայլում եմ դեպի կանգառ: Կանգառ գնալն արդեն ծիսակարգ է: Որոշում եմ խախտել ծիսակարգը ու շարունակում եմ քայլել: Չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց կարոտում եմ այն տեղը, որտեղ երբեք չեմ եղել… Նայում եմ մարդկանց աչքրին` բոլորը բացակա են. ոմանք մնացել են ինչ որ տեղ անցյալում, ոմանք արդեն ապագայում են, իսկ իրենց մարմինները թափառում են դեռ այստեղ: Միայն ծերունիներն են ներկա` քանզի անցյալը չափազանց հեռու է արդեն, իսկ ապագան չափազանց մոտիկ փախչելու համար: Միայն ծերերն են ապրում ներկայում, դա նրանց ունեցած ամենից արժեքավոր բանն է: Նրանց ոտքերը նման են ժամի սլաքների` ամեն մի քայլը ժամանակ արժե: Ուստի նրանք քայլում են դանդաղ, սլաքները շարժվում են դանդաղ ու նրանք խափում են ժամանակը: Բայց նրանք խաղում են ժամանակի խաղը, ուստի յուրաքանչյուր խախտված կանոն խաղի մեկ այլ` մեզ համար անտեսանելի կանոնի հաստատումն է:
Տագնապելով հենց նոր հայտնաբերածս վտանգավոր ճշմարտությունից` ես արագացնում եմ քայլերս ու որքան արագ եմ քայլում այնքան մոտենում եմ նույն մտքին: Որոշում եմ քայլել կանգառ` վերադառնալով ծիսակարգին: Ծեսը հենց դրա համար է, որ միշտ վերադառնաս, թաքնվես արդեն գոյություն ունեցող, հղկված, կրկնվող ու անվտանգ ճշմարտությունների գրկում: Բայց ես հոգնել եմ սինթետիկ ճշմարտություններից, դրանք նման են անհոտ ծաղկի, ձմռան արևի, որը լուսավորում է, բայց չի տաքացնում: Ես ուզում եմ ամռան արև, ես ուզում եմ կիզիչ ճշմարտություն: Ու կրկին հետ եմ վերադառնում` քայլելու:
Փողոցը, որով քայլում եմ, բավական երկար է ու աղմկոտ: Բայց վերջին ամիսներին հասցրել եմ լավ ճանաչել նրան, հարմարվել եմ նրա աղմուկին, նա էլ հարմարվել է իմ լռությանը: Երբեմն իմ լռությունն ավելի աղմկոտ է քան նրա աղմուկը: Ամեն անգամ այստեղով անցնելիս ես դառնում եմ նրա մի մասը, մասնակցում արդեն կարծես հավերժական դարձաձ թատերախաղին, որին մասնակցում են նաև փողոցի եզրերով աճած ծառերը և նորակառույց շենքերը, մեքենաները, որոնք լցրել են փողոցի մյուս մասի դատարկությունը, մարդիկ, ովքեր լցրել են մեքենաների դատարկությունը, խաչմերուկի եզրին կանգնած ցայտաղբյուրը, ցայտաղբյուրի կողքի նստարանը, նստարանին նստած տղաները, ցայտաղբյուրից կռացած ջուր խմող աղջիկները և նստարանի տղաները, որոնց աչքերը թախանձագին սպասում են աղջիկների կռանալուն: Բայց այս խաղի գլխավոր հերոսը օդում սավառնող անխախտ շտապողականությունն է, որն անգթորեն ստրկացրել է խաղի բոլոր մասնակիցներին. բոլորը շտապում են ինչ որ տեղ, նույնիսկ շենքերն են շտապում հնանալ: Սակայն ինձ սպասող գլխավոր խաղը դեռ առջևում է: Իսկական խաղը սկսվում է այն պահին, երբ ամենաքիչն ես նրան սպասում:
– Դավի˜թ, Դավի˜թ, -հնչեց ձայնը շտապող ամբոխի միջից:
– Գո՞ռ (Գոռն իմ մանկության խանդավառ ընկերներից էր, ում վերջին անգամ տեսել էի դպրոցական տարիներին):
– Դա՛վ ողջույն, հարյուր տարի կլինի քեզ չեմ տեսել, արի գրկեմ: Փոխվել ես ախպերս:
– Հա, փոխվելն էլ հո տաղանդ չի պահանջում: Դու ի՞նչ ես անում, ու՞ր ես հասել:
– Ես ռեժիսոր եմ
– Ռեժիսո՞ր,-ընդհատեցի ես,-հրաշալի է: Եթե Աստված ինձ երրորդ շանս տար այս երկրի վրա ապրելու, ես կուզենայի ռեժիսոր լինել:
– Իսկ երկրո՞րդ շանսը ինչ կուզեիր(զարմացական հարցնում է):
– Դեռ չեմ որոշել:
Նա զարմացած նայեց ինձ, հավանաբար մտածեց, թե գժվել եմ, չնայած իմ կարծիքով ռեժիսորի համար լավագույն հերոսները գժերն են: Հետո բարձրաձայն ծիծաղեց, կարծես ինչ որ բան հասկացավ:
– Հիմա ու՞ր ես գնում Դավ:
– Ոչ մի տեղ, ուղղակի զբոսնում եմ:
– Այդ դեպքում արի՛ ինձ հետ: Ճանապարհին կխոսենք, չգիտեմ, թե էլ երբ քեզ կտեսնեմ:
– Ու՞ր ես գնում:
– Մի բախտագուշակի մոտ: Ֆիլմ պետք է նկարեմ նրա մասին:
«Բախտագուշա՞կ»-մտածեցի ես, «ես երբեք նրանց լուրջ չեմ վերաբերվել»: Չգիտեմ, երևի չարժե, բայց…
– Դավ, մտածելու ժամանակ շատ չկա, այդ կինը չի սիրում երկար սպասել:
– Կի՞նը…
Չգիտես ինչու Գոռը սա համարեց իբրև համաձայնության նշան և գլխով ճանապարհը ցույց տալով գնաց,
– Գնացի՛նք Դավ: Դու դեռ ժամանակ կունենաս գնալու «ոչ մի տեղ»:
Ճանապարհին Գոռը խոսում էր անդադար: Պատմում էր իր գործերից, ծրագրերից, ընկերներից, կանանցից: Երևի մի քանի կյանք էր պետք անելու այն ամենը, ինչը նա պատմում է այդ պահին:
– Վաղը գնում եմ Փարիզ` միջազգային կինոփառատոնի, հետո Նյու Յորք, այնտեղից էլ Ռիո` բրազիլուհիների հետ մի լավ զվարճանալու:
– Հա շատ լավ է…
Ես ընդամենը հասցնում էի ասել հա կամ չէ, հակիրճ պատասխանում նրա կարճ ու կոնկրետ հարցերին: Զարմանում էի, թե ինչպես այն տղան, որ ժամանակին դպրոցի բոլոր տղաներին ծխել էր սովորեցնում, աղջիկներին համոզում, որ եթե մինչև դպրոցն ավարտելը չհամբուրվեն տղաների հետ, ապա չեն ամուսնանա` ինչ որ ցնորական անեծքի պատճառով, ուսուցիչներին ահաբեկում էր` նրանց գրպաններում և պայուսակներում սպառնալից երկտողներ թողնելով ինչ որ առեղծվածային անծանոթի կողմից, հիմա դարձել է ռեժիսոր, բավական կիրթ անձնավորություն է` մեծ կապերով ու ծանոթություններով, և շրջում է ամբողջ աշխարհով:
– Դավ, հիշու՞մ ես, որ ձեզ ծխել էի սովորեցնում
– Հա բա ոնց, մե˜զ:
– Միայն դու չէիր ծխում, հիշում եմ, ասում էիր` փողերս չեմ վառի սեփական քթիս տակ: Երբեմն ամբողջ կյանքը անցնում է սեփական քթիդ տակով, ու դու չես հասցնում վայելել այն` նույնիսկ մեկ գլանակ սիգարետ ծխելու չափ: Հա Դավ, կյանքը սիգարետի գլանակի պես է` պիտի ծխես, որ հասկանաս իրական համը:
– Կամ կողքից նայես ծխողներին:
– Հա, էտ ժամանակ էլ կզգաս, բայց ուրիշ համ կզգաս:
– Կա ժամանակը մասնակցելու և կա ժամանակը կողքից նայելու:
– Ինչի՞ն նայելու:
– Կյանքին…
Հետո մենք շուրջ հինգ րոպե քայլում էինք լուռ, բայց շատ արագ: Ես անընդհատ մտածում էի Գոռի մասին: Նա կարծես այլ աշխարհից լիներ, մի աշխարհից, որտեղ ամեն ինչ չափազանց գեղեցիկ էր` իրական լինելու համար: Նա միշտ շտապում էր, բայց միաժամանակ հանգիստ էր ու վստահ: Նրա կյանքի ամեն մի վայրկյանը կարծես հաշվարկված լիներ: Նա գիտեր, թե որտեղ է այսօր, որտեղ է լինելու վաղը, մյուս օրը, մյուս տարի: Նրա աչքերում գրված էր` ԵՍ ԳԻՏԵՄ: Ու ամենակարևորը` նա չափազանց երջանիկ էր թվում: Միայն այժմ ես հասկացա, որ միշտ էլ ցանկացել եմ նմանվել նրան:
– Հասանք Դավ: Արի՛ միասին բարձրանանք:
– Չէ Գոռ, ես սնահավատ չեմ: Դու գնա՛:
– Դա՛վ, մենք գնում ենք իմ ֆիլմի համար: Բացի այդ` մենք սնահավատ չենք, քանի դեռ երջանիկ ենք ու անհոգ: Արի՛ իմ հետևից:
Բախտագուշակի տունը բարձրահարկ շենքի 7-րդ հարկում էր: Երջանիկ պատահականությամբ վերելակը չէր աշխատում, և ես հնարավորություն ունեի ավելի երկար լսելու Գոռի ծրագրերի մասին, որոնցից արդեն հասցրել էի ես ել երջանկանալ:
– Հասանք: Դու արի, բայց ոչինչ չխոսե՛ս: Կսպասե՛ս մինչև կվերջացնեմ ու կգնանք:
Դուռը կիսաբաց էր: Կարծես հենց նոր ինչ որ մեկը եկել էր: Մենք մտանք ներս, կիսամութ ու նեղ միջանցքով քայլեցինք: Առաջին հանդիպած կենդանի շունչը տանտիրոջ կատուն էր` սև, դեղնավուն աչքերով, իմաստուն հայացքով: Նրան քիչ բան էր պակասում մարդ լինելու համար:
– Տիկի՛ն Լենա,- լռությունը խախտեց Գոռը:
– Այստեղ եմ, եկե՛ք:
Իմ պատկերացրած բախտագուշակի համար չափազանց նուրբ ձայն ուներ նա: Նա նստած էր սենյակի աջ անկյունում: Դիմացը դրված սեղանի վրա թղթեր էին թափված, վրան թեյի բաժակ` կիսով չափ լիքը, և կանաչ կազմով մի գիրք, որի անունը մինչև վերջ էլ չկարողացա կարդալ:
– Գիտե՞ս կյանքի հեգնանքն ինչում է,- նայելով Գոռին ասաց նա,- մենք հաճախ ամեն ինչ տալիս ենք հանուն մի բանի, ինչ չունենք, և գեթ մի բան չենք տալիս հանուն այն ամենի, ինչ ունենք:
Ես միանգամից մտքերի մեջ ընկա: Գոռը գլխով արեց, կարծես համաձայնվեց, և նրանք սկսեցին շշուկով ինչ որ բաներ քննարկել: Նստեցի սենյակի անկյունում դրված անմխիթար աթոռներից մեկին: Ինձ գնալով ավելի հետաքրքիր էր դառնում այստեղ: Կինը մերթընդմերթ ծիծաղում էր, հետո լրջանում ու ինչ որ կարևոր բան շշնջում:
Նա միջին տարիքի գեղեցիկ կին էր: Ակնհայտորեն, նա այն կանանցից էր, որ տարիքի հետ ավելի են գեղեցկանում: Փարթամ սև մազեր ուներ, որոնք հանգիստ թափվել էին ուսերին, խորը աչքեր, որոնք ներս էին կանչում նայողին, թուխ մաշկ, որի հարթությունը խախտվում էր հատուկենտ խալերով, մուգ վարդագույն շուրթեր, որոնք հրաշալիորեն աններդաշնակ էին նրա մաշկի մգությանը: Եվ այս ամենը ամբողջանում էր նրա հայացքի իմաստուն, առեղծվածային և անկանխատեսելի փայլով:
Իմ գլխի մեջ անընդհատ պտտվում էին նրա խոսքերը: Ու ես հանկարծ ցանկացա նրա հետ զրուցել: Չգիտեմ` ինչի մասին, մի գուցե իմ մենության: Երբ մենակ ես, ամեն պատահած հետաքրքիր բանի մեջ փրկություն ես փնտրում: Երբ նրանք վերջացրին, ես արդեն հստակ որոշել էի, որ մնալու եմ նրա հետ զրուցելու: Գոռը մոտեցավ ինձ: Ինչ որ բան էր ցանկանում ասել…
– Ես մնում եմ Գոռ: Դու գնա՛, հետո կխոսենք:
Նա ժպտաց` իբրև համաձայնության նշան, հետո հրաժեշտ տվեց բախտագուշակին, և մոտենալով ինձ` ականջիս շշնջաց հետևյալ բառերը ու հեռացավ,
– Որսա՛ կյանքի խելահեղ ռիթմը:
Նա անհայտացավ նույնքան արագ, որքան արագ հայտնվել էր` իր հետևից թողնելով ավելի շատ հարցեր, քան վերջին տարիներին ինձ հանդիպած բոլոր մարդիկ միասին վերցրած…
– Դու ինձ հանդիպած ամենաերջանիկ մենակն ես, Դավի՛թ:
– Ին՞չ, ամենաերջանիկ մենա՞կը:
– Հա: Մենակությունը երջանկացնում է, երբ հետը լեզու ես գտնում:
– Ես հոգնել եմ մենակությունից, իսկ երջանկությունից չեն հոգնում: Ես կորցրել եմ ինքս ինձ: Ես մնացել եմ ինչ որ տեղ անցյալում: Ես ինքս ինձ հետ չեմ:
Նա ուշադիր ինձ էր նայում, կարծես ինչ որ բան էր ուզում ասել: Հետո ժպտաց և աթոռը մի փոքր ետ քաշեց: Ես ապշեցի նրանից, ինչ տեսա: Անակնկալից սրտիս աշխատանքը արագացավ, շնչառությունս ծանրացավ: Նա նստած էր հաշմանդամի սայլակին: Մի քանի վայրկյանում ամբողջ մտքերս տակնուվրա եղան, և ես սկսեցի վերհիշել այն ամենն ինչ մտածել էի նրա մասին: Չգիտես ինչու, նույնիսկ մեղքի զգացում ունեցա: Ես դեռ չէի հասցրել ուշքի գալ տեսածիցս, երբ նա ժպտալով, կարծես մայրաբար բռնեց ձեռքս և ասաց,
– Դու կորցրել ես քեզ ինչ որ մեկի մեջ, ուրիշ մեկի մեջ էլ դու քեզ կգտնես մի օր:
Այս բառերը հնչեցին այնքան սպասված, կարծես միշտ մտածել էի, բայց չէի ասել: «Բայց ո՞վ է, ո՞վ է նա»: Միանգամից մտքիս մեջ հայտնվեցին մարդկանց անուններ: Մի քանի րոպե լռեցինք: Հետո նա գլխով դուռը ցույց տվեց` ի նշան այն բանի, որ պետք է գնամ: Կարծես ամեն ինչ արդեն ասված էր: Ես մի վերջին անգամ ուշադիր նայեցի նրան, շնորհակալություն հայտնեցի և շրջվեցի, որ գնամ:
– Դավի՛թ:
Ես ետ նայեցի և տեսա այն, ինչը երկրորդ անգամ ինձ ցնցեց վերջին հինգ րեպեների ընթացքում: Նա վեր կացավ սայլակից, մոտեցավ ինձ և ասաց.
– Այն, ինչը որ դու տեսնում ես, դեռ այն չէ, ինչ կա:
Ես չկարողացա ոչինչ ասել, շրջվեցի և դուրս եկա տնից: Նրա վերջին բառերն ինձ ավելի մեծ շփոթության մեջ գցեցին: Այնքա˜ն հեշտ ասված բառեր, որոնք դեռ պետք է հասկացվեն: Կան մտքեր, որ գալիս են զեփյուռի թեթևությամբ և ծանրանում վրադ լեռան պես:
Ես քայլում էի աստիճաններով ներքև և մտածում, որ կես ժամ առաջ այստեղով բարձրանալիս, երբեք չէի ենթադրի, թե ինչ մտքերով եմ այստեղով իջնելու` կես ժամ հետո: Ինձ հիացնում էր կյանքի անկանխատեսելիության ողջ հմայքը: …Առավոտյան, երբ անկողնուդ մեջ աչքերդ բաց ես անում, սենյակիդ առաստաղն առաջին բանն է, որ տեսնում ես, իսկ երեկոյան չգիտես, թե որտեղ կփակես աչքերդ և ինչը կլինի տեսածդ վերջին բանը… Կյանքը ավելին չէ, քան սեփական աչքերիցդ մինչև առաստաղ ձգվող տարածությունը: Ու թե որքան կարող ես երկարացնել այդ տարածությունը, կախված է նրանից, թե ինչքան բան կհասցնես տեսնել դրանց արանքում:
Աստիճանները վերջացան և ես կրկին հասկացա, որ ամենածանր հարցերը ինձ միշտ ստիպում են մտածել կյանքի մասին: Երևի ես միակը չեմ այսպիսին…
Դուրս եկա շենքից, և օդում սավառնող քամին ինձ վերադարձրեց իրականության զգացումը: Բոլորն իրենց տեղում էին` մարդիկ, մեքենաները, շենքերը, շները: Արագորեն քայլեցի գլխավոր փողոցով: Քայլում էի այնպես, կարծես փախչում էի ինչ որ բանից, ու որքան փախչում էի, այնքան բարձր էին հնչում ներսիս մտքերը: Հանկարծ մկաններս ձգվեցին, ոտքերս սկսեցին դողալ լարվածությունից: Ես նստեցի առաջին պատահած նստարանին, ու գլուխս ափերիս մեջ առած` փորձում էի կարգի բերել մտքերս: Հետո լսվեց ձայնը.
– Ես կորել եմ, – գլուխս վեր բարձրացրի, նայեցի մատներիս արանքով`մի փոքրիկ տղա էր` շեկ, ճակատին անկանոն թափված մազերով, պեպենիկներով ու արևից կկոցած աչքերով:
– Ես կորել եմ,- կրկին ասաց նա և նստեց կողքիս: «Ահա եվ հերթական կորածը», հեգնական ուրախությամբ մտածեցի ես:
– Ինձ կօգնե՞ս մայրիկիս գտնել: «Սա իսկական փրկություն է», մտածեցի`կարծելով, որ մի փոքր կցրվեմ:
– Հա իհարկե, իսկ որ կողմ գնաց մայրիկդ:
– Ահա ա՛յն կողմ,- կանգնելով ցույց տվեց հանդիպակաց մայթից ձգվող նեղ փողոցը:
– Դե գնացի՛նք:
Նա բռնեց ձեռքս և մենք քայլեցինք: Ձեռքս ամուր էր բռնել, հավանաբար մտածում էր, որ կրկին կկորի:
– Իսկ դու երբևէ կորե՞լ ես, – հարցրեց նա: «Սրանից ավել էլ որտեղ կորեմ», մտածեցի ես:
– Հա կորել եմ:
– Իսկ քեզ ո՞վ գտավ: «Եթե միա˜յն իմանայի, թե ով է գտնելու ինձ »:
– Չգիտեմ, չեմ հիշում:
– Երևի շատ անգամ ես կորել հա՞, որ չես հիշում,- ես ոչինչ չասացի:
– Իսկ ես գտա քեզ ու հիմա դու ինձ օգնում ես…«Իսկ ես ու՞մ գտնեմ, որ նա էլ ինձ օգնի», մտածեցի ես ու կրկին ընկա մտորումների մեջ, հիշեցի բախտագուշակի խոսքերը: Երեխան իր հարցերով կարծես դիտավորյալ չէր թողնում, որ թեթևանամ մտքերիցս:
Որոշ ժամանակ մենք քայլում էինք լուռ: Նա հարցախույզ նայում էր այս ու այն կողմ, զարմացական հայացքներ ընդունում: Նրա համար ասես ամեն ինչ նոր լիներ այս կյանքում: Շուրջ տասը րոպե լուռ քայլում էինք: Հանկարծ նա ժպտալով նայեց ինձ ու հարցրեց.
– Իսկ դու երազանք ունե՞ս:
– Երազա՞նք:
– Հա, երազանք:
Ես միանգամից սկսեցի վերհիշել, փորփրել մտքերս: Ես ինձ երկար տանջեցի, բայց ոչին չգտա, ոչ մի երազանք: Ու գիտակցեցի, որ ես նույնիսկ երազանք չունեմ: Ոչ մի հատ երազանք: Թեկուզ մի բան` մանկության տարիներից մնացած: Եվ այդժամ, ես իմ ներքին դատարկությունը զգացի երբևէ չտեսնված իր ամենավառ փայլով: Ես ինձ կատարյալ մենակ զգացի, աներազանք ու անտեր այս մեծ աշխարհում:
– Երբ ես մեծանամ քո պես, կգնամ իմ երազանքների ետևից ու երբեք չեմ կորի, որովհետև ուր էլ որ լինեմ, իմ երազանքները միշտ հետս կլինեն:
Այս բառերը վերջնականապես քանդեցին ներաշխարհս: Եվ եթե չլինեին տղամարդկության մասին իմ մանկական պատկերացումները, ես լաց կլինեի հենց այդտեղ: Ես այլևս ոչինչ չխոսեցի: Շուտով մենք հասանք մի այգու մոտ: Նա ասաց, որ իր մայրն այստեղ է լինում: Մենք մտանք ներս ու մի փոքր անց` նա ասաց.
– Ահա՛ նա, հեռվում: Նա ձեռքս թողեց, մի փոքր վազեց, հետո շրջվեց ու նայեց ինձ, ժպտաց` իբրև շնորհակալություն, և ասաց.
– Շարունակի՛ր զարմանալ:
Նա վազեց մարդկանց միջով: Եվ որքան հեռանում էր, ես այնքան ավելի էի նրան կարոտում ինչ որ տարօրինակ, բայց հարազատ թախիծով: Ես նույնիսկ նրա անունը չհասցրեցի իմանալ:
– Թող որ քո բոլոր երազանքները մի օր իրականություն դառնան,- շշնջացի ես ու քայլեցի դեպի այգու մյուս կողմը:
Ես զբոսնում էի ու մտորում տղայի ասածների մասին: Ու մի հարց ինձ ամենից շատն էր տանջում` որքան փորձ է մեզ պետք, որ սովորենք մի քիչ փոքր լինել: Մենք անվերադարձ մեծանում ենք, մեծանում ենք դաժանաբար և դաժանանում մեծանալով…
Հետկեսօր էր: Ես հոգնել էի և որոշեցի մի փոքր հանգստանալ ծառի տակ: Պառկեցի փափուկ խոտերին ու զգացի հողի թարմեցնող սառնությունը: Նայում էի վեր` փորձելով որսալ տերևների արանքով ծիկրակող երկնքի պատառիկները: Հեռացող արևի ճառագայթները կանաչափայլ տերևների վրա ինչ որ բաներ էին պատկերում ու նույն վայրկյանին տանում իրենց հետ: Քամու և տերևների այս մեղմ պարին նայելով էլ` ես քնեցի:
Ես մի երազ տեսա` զարմանալի, վախեցնող ու չափազանց իրական: Նույն այգում` ծառի տակ, մի փոքրիկ կենդանի էր խաղում: Չհասկացա, թե ինչ կենդանի էր, երբևէ չէի տեսել այդպիսին: Նա անհոգ խաղում էր, թավալվում խոտերին, զվարճանում: Անցորդները նայում էին նրան, ժպտում և գնում: Հանկարծ նա կանգնեց, վիզը երկարացրեց, նայեց շուրջբոլորը և մի փոքր առաջ գնաց: Մի պահ վազեց, հետո շրջվեց ու նայեց այն ծառին, որի տակ խաղում էր, և կրկին վազեց հակառակ ուղղությամբ: Նա վազում էր անկանոն` ցատկելով այս ու այն կողմ, ու գնալով ավելի էր հեռանում իր ծառից: Նա վազում էր չափազանց արագ` մարդկանց միջով, ծառերի արանքով: Եվ հանկած նկատեցի, որ որքան արագ էր նա վազում ու հեռանում այն ծառից, այնքան արագ նրա մարմինը մեծանում էր, իսկ վազքը ավելի արագանում: Նրա մարմինը մեծանում էր իր անցած տարածության հետ միասին: Այսպես վազելով` նա հասավ այգու ցանկապատին և փորձեց ցատկել վրայով դեպի դուրս, բայց չկարողացավ: Նա կրկին ու կրկին փորձեց: Բայց հանկարծ ցանկապատերը դարձան բարձր պատնեշներ` փշոտ ու ահասարսուռ: Նա վախեցավ և սկսեց այս ու այն կողմ վազել: Հետո տագնապած հետ վազեց` դեպի այն վայրը, որտեղից գնացել էր: Բայց ծառերը չքացել էին, այգին ամայացել, մարդիկ վերացել: Ոչ մի կենդանի շունչ չկար: Այգին վերածվել էր ամայի, քարքարոտ տարածության: Կենդանին վախեցած վազում էր տարբեր կողմեր. նա իր ծառն էր փնտրում: Բայց ծառը չկար: Ոչինչ չկար, բացի կիզիչ արևից չորացած մոլախոտերից ու քարքարոտ տափաստանից: Նա այնքան վազեց, մինչև ուժասպառ եղավ: Նրա մարմինը արագորեն նիհարեց, ոսկորները ցցվեցին, մաշկը գունատվեց, բայց նա չփոքրացավ այլևս: Այնուհետև, բոլորովին ուժասպառ, նա ընկավ կոշտ քարերի վրա` արևի կիզիչ ճառագայթների ներքո: Նրա աչքերը արցունքոտ էին. կարծես ինչ որ բան էր մտածում… Եվ այդ պահին ես արթնացա: Ես կանգնել և շփոթված նայում էի շուրջբոլորս` այգին տեղում էր, մարդիկ ևս:
Ծանր մտորումների մեջ ընկած` ես քայլում էի: Գլխումս անդադար պատկերներ էին պտտվում` կենդանին, պատնեշները, նրա մարմնի մեծանալը, տափաստանը… Քայլելուն զուգընթաց` մի փոքր հանգստացա, բայց մտքերս տանջում էին: Ավելի իրական թվացող երազ ես երբևէ չէի տեսել:
Երբ հեռացա մարդաշատ վայրերից, նկատեցի, որ այգու ծառուղիներից մեկով մի շնիկ է վազում, իսկ նրա ետևից մի ծերունի` հավանաբար տերն էր: Ես գնացի ընդառաջ ու բռնեցի շանը: Երազիցս հետո ավելի զգայուն էի դարձել փախչող կենդանիների նկատմամբ: Մոտեցա տիրոջը և նրան հանձնեցի շանը.
– Շնորհակալ եմ, երիտասա՛րդ:
– Խնդրեմ: Ուշադիր եղե՛ք, որ կրկին չփախչի:
– Կօգնե՞ք ամրացնել վզկապը:
– Այո, իհարկե: Մենք նստեցինք մոտակա նստարաններից մեկին և ես օգնեցի նրան ամրացնելու շան վզկապը:
– Հաճա՞խ ես այստեղ լինում,- հարցրեց նա:
– Ոչ, ես այստեղ հայտնվել եմ բոլորովին պատահական:
– Պատահակա՞ն,- ժպտաց նա,- այս աշխարհը չափազանց հին է, որ նրանում պատահական բաներ լինեն:
Ես մի պահ մտածեցի, հետո ինչ որ անհասկանալի մղումով ցանկացա պատմել նրան երազս: Ես պատրաստ էի այն պատմել յուրաքանչյուրին, ով կկարողանար մեկնել այն: Պատմեցի նրան ամենայն մանրամասնությամբ` յուրաքանչյուր բառի հետ կրկին վերապրելով տեսածս: Նա հանգիստ լսեց, հետո երկար նայեց աչքերիս, կարծես ինչ որ բան էր փնտրում այնտեղ, և ասաց.
– Երազիդ մեջ դու տեսել ես ինքդ քեզ` կենդանու կերպարանքով: Ծառը, որի տակ նա խաղում էր, քո փոքրիկ ապահով անկյունն էր, որտեղ դու պաշտպանված էիր, քանի դեռ փոքր էիր: Հետո, մի օր դուրս նայեցիր քո փոքրիկ անկյունից և ցանկացար տեսնել դրանից դուրս գտնվող աշխարհը: Դու անհագ ցանկությամբ նետվեցիր նրա մեջ: Տեսար նորը, սովորեցիր նորը, ճանաչեցիր մարդկանց, նվաճեցիր բարձունքներ, հաղթահարեցիր տարածություններ: Եվ որքան մեծանում էր քո առջև արտաքին աշխարհը, այնքան դու էլ էիր մեծանում` երազիդ կենդանու նման: Բայց հետո, երբ դու շատ հեռացար քո մեկնակետից և հանդիպեցիր կյանքի խոչընդոտներին` նրանք պատնեշների պես վեր խոյացան քո առջև: Դու փորձեցիր հաղթահարել դրանք, բայց չկարողացար, քանզի վեր էին ուժերիցդ: Եվ վախեցար այդ վիթխարի պատնեշներից ու ցանկացար ետ վերադառնալ քո նախկին ապահով անկյունը, քանզի ամեն մի տանջվող հոգի փախուստ է փնտրում իր անցյալի ինչ որ տաքուկ անկյունում: Բայց դու չգտար այն, ինչ թողել էիր այնտեղ: Դու չափազանց շատ էիր հեռացել: Դու քեզ տարել էիր քո սահմաններից անդին, և երբ ցանկացար ետ վերադառնալ, տեսար, որ քո փարթամ օազիսներին փոխարինել էին ժանգոտ տափաստանները: Դու չգտար ոչ մի կենդանի շունչ ու մնացիր դեմ առ դեմ քո վայրի մենակության հետ: Միայնակ ու աքսորված քո անեզր տափաստանում` աքսորված ինքդ քո կողմից: Ու դու հավերժ, քո պարտեզի ամեն մի հատված ծառի ցավը կզգաս քո հոգում, քանի դեռ չես տնկել նորերը:
– Բայց ինչու՞, ինչու՞ պարտեզները վերածվեցին անապատի,-բացականչեցի ես:
– Որովհետև յուրաքանչյուր նոր աշխարհ նվաճելուց առաջ, նախ պետք է մշակես արդեն ունեցածդ: Իսկ դու նվաճում էիր, բայց չէիր մշակում… Դավի՛թ, կյանքն ավելին է, քան մեր աչքերից մինչև երկինք ընկած տարածությունը, բայց եթե միշտ մտածես բարձրանալու մասին, այն կլինի ոչ ավել, քան մեր աչքերի և առաստաղի միջև ընկած հեռավորությունը` անկողնում պառկած ժամանակ,- Ես ապշահար նայեցի նրան, քանզի նրա խոսքերը նման էին իմ մտքերին, բայց ավելի իմաստուն էին հնչում:
– Եթե նայես ուղիղ երկնքին` գլուխդ վեր բարձրացրած, դու կտեսնես միայն երկինքը և ուրիշ ոչինչ արանքում: Իսկ եթե նայես շուրջբոլորդ` կտեսնես կյանքը, իր ողջ բազմազանությամբ և հորիզոնում նշմարվող երկնքով:
– Իմ կյանքն այդ անապատն է, և ես թափառում եմ այնտեղ շատ վաղուց: Ես չեմ կարող լքել այն, քանզի չգիտեմ, թե ինչպես,- ասացի անհույս տխրությամբ:
– Դու քո անապատում պետք է նոր սերմեր ցանես` քո սերմերը: Եվ պետք է մշակես դրանք, խնամես, ինչպես հոգատար այգեպաննէ խնամում իր այգին: Դու քո կյանքի այգեպանը պետք է դառնաս: Այնուհետև, քո արդեն հասած պտուղները պետք է բաշխես աշխարհին: Ու միայն այդ ժամանակ, քո անապատը այգի կդառնա և նախկին փոքրիկ օազիսների փոխարեն դու վիթխարի պարտեզներ կունենաս: Եվ հիշի՛ր` մի օր դու կրկին կգնաս այն նույն պատնեշների մոտ և այդժամ կհաղթահարես դրանք` նվաճելով նոր աշխարհներ: Բայց երբեք չմոռանա՛ս քո հետևից կյանք ստեղծել:
Այսքանն ասելով` ծերունին կանգնեց, նորից երկար նայեց վրաս, կարծես կարոտած լիներ, ու հետո հեռացավ` առանց որևէ բան ասելու:
Արդեն մութ էր: Ես որոշեցի տուն գնալ: Վերադառնալիս փորձում էի վերհիշել այսօրվա առավոտը, երբ տնից դուրս եկա «ինձ փնտրելու»: Հետո հասկացա, որ այս օրը չափազանց երկար էր` մի քանի ակնթարթում վերհիշելու համար: Եվ այն դեռ չէր էլ ավարտվել: Եկա տուն: Անտանելի հոգնած էի, միանգամից գնացի քնելու: Եվս մեկ անգամ փորձեցի ի մի բերել օրս, բայց չկարողացա: Ես քնեցի և տեսա այն երազը, որին էլ վիճակված էր բացահայտելու իմ անցած օրվա ողջ առեղծվածը:
Ես մի փոքրիկ սենյակում էի: Սենյակի պատուհանը բացված էր: Մթնշաղ էր: Պատուհանի կողքին մի մարդ էր կանգնած, ում դեմքը ես լավ չէի տեսնում: Հանկարծ նա շրջվեց և այսպես խոսեց ինձ հետ:
– Դավի՛թ, այսօր քանի անգամ դու քեզ գտար ու կորցրիր:
Ես չէի հասկանում նրան, բայց նա չթողեց, որ խոսեմ, և շարունակեց:
– Դու գնացիր քեզ փնտրելու և ճանապարհին քեզ հանդիպած յուրաքանչյուր մարդու մեջ գտար քեզ, քանզի նրանցից յուրաքանչյուրը հենց դու էիր և քո ցանկությունների մարմնացումը: Դու հանդիպեցիր Գոռին: Բայց դա դու էիր` Գոռի կերպարանքով: Նա մարմնավորում էր կյանքի անսպառ եռանդը, ստեղծարար ճիգը և անսահման նպատակասլացությունը: Դու միշտ երազել ես լինել այդպիսին և հատկապես ցանկանում էիր այդպիսին լինել` քո խեղդող մենությունը հաղթահարելու համար: Եվ նրա վերջին բառերը հենց դա էին քեզ հուշում` Որսա կյանքի խելահեղ ռիթմը… Հետո Գոռը(այսինքն դու)քեզ տարավ բախտագուշակի մոտ:
Բախտագուշակը մի կողմից մայրական ապահովության, իմաստության և հոգատարության, իսկ մյուս կողմից կանացի գեղեցկության, քնքշանքի և հակասականության մարմնավորումն էր քո մտքերում: Նա ասաց, որ դու կորցրել ես քեզ ինչ որ մեկի մեջ և մի ուրիշի մեջ էլ կգտնես քեզ մի օր: Դու սխալ հասկացար և անմիջապես սկսեցիր մտքերումդ ինչ որ մեկին փնտրել: Սակայն նրա խոսքերում ինչ որ մեկը ավելին էր, քան սոսկ մի հոգի, այնպես ինչպես նրա էությունն էր ավելին, քան մեկը: Եվ նա սայլակից կանգնելով` քեզ ասաց, որ այն, ինչ դու տեսնում ես, դեռ այն չէ ինչ կա: Նա ցանկացավ քեզ հուշել, որ ուզածդ փնտրես իրականության տարբեր կողմերում…
Երբ դու նստած էիր նստարանին, քեզ մոտեցավ այն փոքրիկ տղան: Մի՞թե դու նրա աչքերի մեջ չտեսար ինքդ քեզ: Դա դու էիր` մանուկ հասակում: Նա քեզ ասաց «ես կորել եմ» և նկատի ուներ քեզ: Նա քեզ ասաց, որ դու իրեն գտար և օգնեցիր, իսկ դու մտածեցիր «իսկ ինձ տեսնես ո՞վ կգտնի ու կօգնի»: Քեզ հենց նա էր գտել: Դու կարծում էիր, թե նրա ձեռքից բռնած տանում ես իր մոր մոտ, միչդեռ նա, քո ձեռքից բռնած, տարավ այն այգին, որտեղ դու պետք է տեսնեիր քո երազը: Նա քեզ հիշեցրեց, որ դու երազանք չունես ու դրա համար մենակ ես այդչափ: Իսկ վերջում ասաց` Շարունակիր զարմանալ, քանզի եթե զարմանալ իմանաս, երազանք էլ կունենաս ու կսովորես մի քիչ փոքր լինել: Հետո նա հեռացավ և դու տարօրինակ կարոտով նայեցիր նրան, քանզի դու նայում էիր քեզ, բայց չէիր կռահում, որ դու ես…
Իսկ հետո այգում դու տեսար ծերունուն, և դա դու էիր կրկին: Դու տեսար քեզ ծեր ժամանակ` իմաստուն դարձած: Նա մեկնեց քո երազը և ցույց տվեց պատնեշները հաղթահարելու ուղին, քանզի ինքն արդեն հաղթահարել էր դրանք: Իսկ հետո նա քեզ նայեց տարօրինակ կարոտով, ինչպես դու նայեցիր քո մանուկ կերպարին: Բայց նա քեզ ճանաչեց և ոչինչ չասելով հեռացավ, քանզի ամեն ինչ արդեն ասված էր:
Երբ նա ավարտեց խոսքը, ես անշարժացել էի, ապշել ու ոչինչ չասացի: Հետո նա ասաց իր վերջին խոսքերը:
– Կյանքը հայելի է, որը մեզ կարող է բազում պատկերներ ցույց տալ, և ինչպիսի պատկեր դու կտեսնես, կախված է այն բանից, թե ինչ դիրքից դու կնայես նրան:
Պատուհանը շխկաց և արևի պայծառ լույսը ծակեց աչքերս: Մայրս էր` պատուհանը բացում էր, որ սենյակս լուսավորվի: Ես արթնացա ամբողջությամբ քրտնած: Շուրջ մեկ ժամ մնացի անկողնում պառկած և փորձում էի ուշքի գալ: Ես ունեի իրականության մեջ մեկնված երազ ու երազի մեջ մեկնված իրականություն, և դրանք այնքան ներդաշնակ էին: Ես վեր կացա անկողնուց ու ոտքերիս մեջ անսովոր թեթևություն զգացի: Մոտեցա պատուհանին, նայեցի դուրս, և առաջին միտքը եկավ արևի պես պայծառ ու երկնքի պես ջինջ.
– Եկել է սերմերը ցանելու ժամանակը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *