Չքավոր լինելն այնքան էլ վատ չէ, հատկապես
չափավոր կրթության և ձայնի ցածր տոնի
առկայության պարագայում:
Ի. Իլֆ, Ե. Պետրով
Ձորաբերանի նեղլիկ տափարակին ապավինած ոլորապտույտ ճանապարհը հնամաշ ու վաստակած հանգստի կարոտ տնքոցով այն հաղթահարող ավտոբուսի համար դժվար անցանելի էր: Յուրաքանչյուր ոլորան, կախված ժայռաբեկոր մահացու սպառնալիք էր, մանավանդ, որ ամենաանհավանական կեռմանի վրա անգամ, վարորդը պատրաստ էր արգելակել` հերթական վճարունակ ուղևորին իջեցնելու կամ նստեցնելու պատրվակով:
Դեռ նոր էր այդպիսի մի պատվիրված կանգառից թափ հավաքել, երբ դեղին «ПАЗ»-ի դռները կրկին բացվեցին, և գոռում-գոչյունի ու միայն վարորդին արտոնված հայհոյանքների ուղեկցությամբ` մոխրագույն մի կերպարանք, դեմքով դեպի դեռ ընթացող ավտոբուսը, ստեպ-ստեպ ետ նայելով ու խոնարհվելով` ցած թռավ:
– Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, եղբայր, ես հետո անպայման կվճարեմ, խոսք եմ տալիս, – ուղևորը օդում մի անգամ էլ ճոճեց ցանցառ, ամառային հնամաշ գլխարկն ու շուրջը նայեց:
Ավտոբուսը միայն արհամարհական փակեց ծալվող դռներն ու իջնողին համարակալված հետույքը ցույց տվեց:
Մայրուղին դատարկ չէր: Այս ու այն կողմ շտապող մեծ ու փոքր մարդատար ավտոմեքենաներն ու երկարամարմին բեռնատարները, սակայն, անզոր էին խլացնել ձորից բարձրացող գետի տերունական խշշոցն ու ժայռածերպերից կառչած կանաչի հետ խաղացող քամու անլռելի սոսափը: Կեսօր էր:
Իջնողը նիհարակազմ էր, հիսուն-վաթսուն տարեկան, ավելի մեծ կամ` փոքր. հնարավոր չէր որոշել: Նա մի անգամ էլ շուրջը նայեց ու, հավանաբար միայն իրեն հայտնի պատճառներով կամ դրանց բացակայության հետևանքով, քայլեց ավտոբուսի ընթացքին հակառակ ուղղությամբ: Շուտով ճանապարհը պարսպող ժայռերի զառիվերը ընդհատվեց. բացված ձորակի միջով մի արահետ էր իջնում: Հեռվում արահետն սկսում էր բարձրանալ` դեմ առնելով մի գյուղակի, որի խարխուլ տեսքն անգամ հեռվից էր նշմարելի:
Մարդն ուղղեց մեջքը, հետո` գլխարկն ու մի պահ կանգ առավ: Հանգած աչքերը մատնեցին ստամոքսի տևական դատարկությունն ու ամեն գնով հաց հանապազօրյան ձեռք գցելու ոչ միշտ հաջողակ, բայց անվարան կամքը: Հանկարծ եկվորի աչքերն անսովոր փայլեցին: Նա մի անգամ էլ հայացքով չափեց բացված համայնապատկերը, գնահատեց հորիզոնից կախված գյուղակի կարմրագորշավուն տանիքներն ու սկսեց կածանով ցած իջնել: Արահետը շուտով հատվեց մեկ այլ անցուղու հետ, որը երևի դեպի գյուղ տանող հիմնական երթևեկելի ճանապարհն էր և դեռ պահպանել էր նախկին, ասֆալտապատ անցյալից մնացած որոշ տեսանելի հիշողություններ: Ճանապարհն արագ հասավ գյուղի եթե ոչ աշխարհագրական, ապա` ակնհայտ քաղաքական կենտրոնին: Մարդը մտածեց, որ ցածրիկ շինության տանիքին ծույլ կախված արևախանձ եռագույնը պիտք է որ ամեն իրեն հարգող բնակավայրի կենտրոնը խորհրդանշեր: Բացի այդ, շինության առջև ուրիշ, մի քանի նեղլիկ գյուղամիջյան փողոցներ էլ էին հատվում` կենտրոնն այդպիսով վերածելով նշանակալի իրադարձությունների հանգուցակետի: Քիչ հեռու, մեկ այլ հնօրյա շենքի առջև, քարերի ու երբեմնի նստարաններից մնացած մետաղյա կմախքների վրա մարդիկ էին նստած` կորամեջք, հիմնականում տարեց տղամարդիկ: Տեսքներից հասկանալի էր, որ ինչ-որ կարևոր բան են քննարկում, սակայն անծանոթին տեսնելով` ընդհատեցին բանավեճն ու բացահայտ հետաքրքրասիրությամբ ու կասկածանքով սկսեցին հայացքով տնտղել եկվորին:
Նորեկը կրկին հանեց գլխարկը, վեր պարզեց ու գլխի արտիստիկ խոնարհումով մոտեցավ հավաքվածներին.
– Բարի ողջույններ, սիրասուն հայրենակիցներ: Հոգնած եմ, երկար ճանապարհ եմ անցել, կփափագեի փոքր-ինչ հանգստանալ ձեզ մոտ: Կարելի՞ է:
Եկվորի տարօրինակ, արտառոց խոսքն ու պահվածքը գյուղացիներին ստիպեց իրար նայել:
– Նստի, ախպեր ջան, քար է, չի մաշվի,- ասաց գյուղացիներից մեկն ու շարունակեց:- Ո՞վ ես, որտեղի՞ց ես… Հո կադաստրի՞ց չես….
Նստածները կրկին իրար նայեցին:
Եկվորը չշփոթվեց.
– Ոչ, ոչ, ես պետական որևէ կառույց չեմ ներկայացնում: Ես ազատ արվեստագետ եմ: Ամերիկայից եկած եմ: Անունս Սեդրակ է:
– Կարո՞ղ է, ախպեր, դու էլ ես մատուռի բացմանը եկել,- շարունակեց գյուղացին:
– Օ, այո, հարկավ…,- Սեդրակի արձագանքը չուշացավ:- Կարծում եմ` ժամանակին եմ եկել:
– Տո, չէ հա: Էգուց է բացումը: Մեր Ղարիբյանն էգուց է որոշել:
Ամերիկացին հերթով մոտեցավ ներկաներին և, չմոռանալավ գլխարկը հանել, բոլորին հատ-հատ բարևեց ու կրկին ներկայացավ: Այնպես որ նստածներն իրենց հերթին ստիպված էին հատ-հատ արտասանել իրենց անուն-ազգանունները` ծույլ ձգելով երկարող վերջավորությունները:
Գյուղացիները շուտով վերադարձան կիստ թողած խոսք ու զրույցին, ու եկվորի համար պարզ դարձավ մատուռի, անցյալ տարի կառուցված խաչքարի և սպասվելիք հերթական մատաղի ու կերուխումի պատմության մանրամասները:
– Մեր գեներալը,- խոսեց նստարանի ծայրին կուչ եկած ծերունին,- ամեն տարի գյուղում մի բան է սարքում, բացում-բան է անում, մեզ էլ` ուրախացնում:
– Գեներալ չի, Համո բիձա,- ծերունուն ընդհատեց կողքի ակնոցավորը:- Գնդապետ է:
– Լավ հա, ինչ տարբերություն,- Համոն ակնհայտ նեղսրտեց:- Նրա պագոնների աստղերի շատ ու քիչը քեզ ինչ…. Ինչքան սիրտդ արաղ է ուզում, խմում ես, խաշլամեն ուտում ես, հետո էլ նկարում, տելեվիզրով քեզ ցույց են տալիս: Էլ ի՞նչ ես ուզում…
Ակնոցավորը չէր պատրաստվում հանձնվել: Նա շուրջը նայեց ու, երբ պրպտող հայացքը դեմ առավ ամերիկացուն, ելավ տեղից ու խորհրդավոր ասաց.
– Լավ՜… որ ակնոց եմ դնում, գիտես` բան չեմ տենու՞մ, կամ հենց-հնենց է՞…. Հլա էս ամերիկացուն նայեք, հա, հա, հլա մի լավ նայեք:
Օդում կրկին աճեց կասկածամտության տեսակարար կշիռն, ու ակնոցավորը խոսքը խորհրդավոր երկարացնելով` դիմեց Սեդրակին.
– Ամերիկացի ախպեր, էս ո՞նց ես դափ-դատարկ աշխարհ կտրել, եկել մեր կորած-մոլորած գյուղը: Աչքիս` դու բոմժ ես:
Գյուղացիները նորից իրար նայեցին ու սկսեցին աջ ու ձախ փսփսալ: Հանկարծ ամերիկացին ոտքի ելավ, տարածեց ձեռքերն ու անսպասելի բարձրաձայն ծիծաղեց.
– Հարազատներս…. Ինչպիսի դեդուկցիա, ինչպիսի խորամտություն… հրաշք է, և որտե՞ղ… աշխարհից հեռու, մոռացված իմ հայրենիքում, նրա գեղատեսիլ ձորերում:
Հանդիսատեսը լուռ էր, հավանաբար` շփոթված ու չգիտեր` ինչ մտածեր:
– Ես, իմ խելոք հայրենակիցներ, սիրում եմ աշխարհով մեկ ճանապարհորդել, փնտրել իմ արմատները, իմ փառահեղ տոհմածառի ակունքները:- Ամերիկացու հայացքը հեռվում էր, այն բարձրաբերձ լեռների ծերպերի մեջ էր, երկնի անհունում:
Ներկաները միայն նայում էին, նայում էին հմայված ու անարձագանք:
Առաջինն էլի ակնոցավորն ուշքի եկավ.
– Բա դու քեզ հետ հեչ բան չունե՞ս, գոնե չամադան, շոր, բան…
Սեդրակը մի ձեռքով բռնեց ճմրթված պիջակի օձիքից և մյուսն առաջ պարզելով` ասաց.
– Եղբայր, այդ ամենը մայրաքաղաքում, հոթելում եմ թողել: Հոգնել եմ ամեն տեսակ իրերից, նյութից: Սիրտս մերկություն, հոգի, ազատություն է ուզում: Ես ասկետ եմ:
Տեսարանը Համոյին տարօրինակ կերպով ծանոթ թվաց, ու, իրենից անկախ, հայացքը պտտվեց ու կանգ առավ դրոշակակիր շենքի առջև խոյացող, կիսաքանդ պատվանդանի վրա, որտեղ հին ու լավ ժամանակներում մեկուկես մետրանոց բրոնզե արձան կար` ձախ ձեռքը վերարկուի օձիքին, աջը` առաջ պարզած: Համոն հանկարծ տխրեց ու այլևս ոչինչ չխոսեց:
Հեռվում երևացող սպիտակ փոշու ամպը շեղեց ներկաների ուշադրությունը:
– Գեներալն է գալիս,- ձեռքը ճակատին դնելով մեկնաբանեց եկվորին ամենամոտ նստածը` Շավոն:
Նոր, փոշոտ, բայց տեղ-տեղ դեռ փայլուն ամենագնացը շուտով կանգ առավ` արգելակելով հենց հավաքվածների մոտ: Երկու հոգի ցած իջան:
Սեդրակն արագ հասկացավ, որ գնդապետի համազգեստովը «գեներալն» է: Իր տարիքին կլիներ: Մինչ գյուղացիները նստատեղերի չորուկից կպոկեին իրենց ալարող մարմինները, նա ակնթարթային արագությամբ առաջ անցավ ու երկու ձեռքն առաջ պարզելով` գրկեց զինվորականին.
– Ուրախ եմ, ապշած եմ, ցնցված…
Գնդապետը չհասցրեց ըմբռնել տեղի ունեցածը: Վերջապես, երբ կարողացավ պոկվել աքցանող բազուկների գրկախառնությունից, մյուսները հասցրեցին շրջապատել. հերթով պարզելով ձեռքերը` սպասեցին ցանկալի ձեռքսեղմմանը:
– Էս ո՞վ է, Շավո,- Ղարիբյանը ոտքից գլուխ չափեց ամերիկացուն:
– Ախպար է, գեներալ ջան, ասում ` ասպետ է, ինչ-որ արմատներ է ման գալիս…
Սեդրակը ներողամիտ ժպտաց.
– Օ, ոչ, հարգելիս: Ես պարզապես իմ ազգակիցներին եմ որոնում աշխարհի բոլոր ծագերում: Եվ, ահավասիկ, գտա…
Սեդրակի ժպիտն անսպասելի կորավ: Հայացքն անհայտին` նա դանդաղ արձակեց պարանոցին կապված կեղտոտ թաշկինակն ու տարավ դեպի սեղմվող, արտասվելու պատրաստ աչքերը:
– Ո՞վ ես, այ մարդ, ի՞նչ ես ուզում, – համազգեստավոր մարդն այլև չհամբերեց:
Եկվորի խոսքն արագ վերստացավ նախկին երանգը.
– Ամերիկայեն եկած եմ, ազգականներիս կփնտրեմ: Սեդրակ Ղարիբյան,- նա նորից վեր պարզեց ցանցառ գլխարկն ու խոնարհվեց գնդապետի առջև:
– Հետո՞…
– Երկար պատմություն է: Եթե կհաճեք, պատմեմ:
Գնդապետը ձեռքը թափ տվեց, շրջվեց ու քայլեց դեպի գյուղապետարանի կողմը.
– Էս Սաքոն ու՞ր է …
Ակնոցավորն առաջ եկավ.
– Սարն է բարձրացել, գեներալ ջան: Կնանոնց ու երեխեքին տարել է. տարածքն են մաքրում: Խաչքարի մոտ էնքան աղբ էր հավաքվել, էլ դու սուս:
Ղարիբյանը ձեռքով մոտ կանչեց իր հետ եկած երիտասարդին.
– Տիգո ջան, բիձեքին կազմակերպի` էն խմիչքը-բանը ավտոից հանեք, տարեք մեր դաչի դռանը դրեք: Համ էլ տես` պակաս-պռատ բան չլինի: Հա…. էն բոմժին էլ ռադ արեք, թող գնա:
«Գեներալի» առանձնատունը հեռու չէր, և գյուղացիներն իրար հերթ չտալով` սկսեցին ամենագնացի բեռնախցիկը դատարկել:
Միայն մի հոգի տեղից չշարժվեց. նա մինչ այդ էլ կարծես չէր խառնվում խոսակցությանը:
– Այտա, Սուրեն, էդ խի՞ ես նստել: Էգուց սարը չես գալու՞,- նրան դիմեց Համոն:
Սուրենի փոխարեն արկղ տանողներից մեկը պատասխանեց.
– Սուրենն ընդդիմադիր է, չգիտե՞ս:
Համոն, քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով` ցուցամատն օդում տնկեց, ու բոլորը ծիծաղեցին:
Սեդրակը կարծես չիմանալով անելիքը` մոտեցավ ընդդիմադիրին:
– Պարոն Սուրեն, Դուք իշխող կուսակցությանն եք դե՞մ, թե՞ ընդհանրապես:
Սուրենը ոտքի կանգնեց, բերանից հանեց դեռ չծխած գլանակը, գցեց գետնին ու տրորեց.
– Արի, արի, ամերիկացի բոմժ ախպեր: Արի գնանք, ես քեզ մի կտոր հաց կտամ:
Ամերիկացին համատարած աշխուժության մեջ շրջվեց, մոտեցավ գյուղապետարանի շենքին, խոնարհվեց եռագույնի առջև ու գնաց եռուզեռի հակառակ ուղղությամբ քայլող ընդդիմադիրի ետևից:
Գյուղի ծուռումուռ, մարդու ու անասունի ոտքի հպումից ամեն վայրկյան սեպտեմբերյան փոշին վեր հանելու պատրաստ փողոցները երկու կողմից պարսպապատ էին: Պարիսպները հիմնականում անտաշ, սև քարից էին` ցածր ու անհամաչափ շարված: Ակնհայտ էր, որ դրանք ինչ-որ բան պաշտպանելու, պատսպարելու համար չէին, պարզապես սահմանագծի, իրենցն ու ուրիշինը հավանաբար սահմանազատելու չգիտակցված կամ գիտակցված գործառույթն էին կատարում:
Սուրենի տան` փողոցին հարող պարսպից դուրս կախված տանձենիները կարծես հսկայական փեթակ լինեին:
Գյուղացին դրանց մոտ մի պահ կանգ առավ, մտահոգ աջ ու ձախ նայեց, թևքով սրբեց քրտնած ճակատն ու կարծես ինքն իր հետ խոսելով` փնթփնթաց.
– Կերան, հարամ անտերները, կերան, բան չթողին…
Ամերիկացին միայն հիմա նկատեց շնաճանճի հսկայական պարսը, որ քրքրել, ծակծկել էր ծառից կախված հյութալի պտուղները: Բակի կողմից տեսարանն ավելի անմխիթար էր. կտտանքներին չդիմացող տանձը թափվել ու փտող գորգի նման ծածկել էր գետինը: Ճանճն այստեղ արդեն խոցոտված, բայց դեռ հյութածոր պտուղների վերջն էր տալիս: Հյուրը փորձեց ոտքով մի երկու միջատ կոխկրտել, բայց ապարդյուն. ճանճն ավելի կատաղեց ու հարձակվեց անկոչի վրա: Ի վերջո, ձեռքերն ու գլխարկն օդում թափահարելով` կարողացավ փախչել: Մինչ կհասցներ շունչը տեղը բերել, տանտերը հասցրեց ապակեպատ փայտե պատշգամբում եկվորի համար ձվածեղ պատրաստել: Հետո գունաթափ, մաշված մոմլաթով ծածկված սեղանին հաց, պանիր ու մի բաժակ էլ թթի օղի դրեց ու կանչեց.
– Արի, արի կեր, ախպեր, մեկ էլ եսիմ ե՞րբ ես հաց կերել… Սենց որ գնաց, մի օր էլ ես եմ քու նման անտեր-անտուն ամերիկացի դառնալու…. է, եսիմ է…
Ամերիկացին ուզեց պատասխան տալ, բայց ներսում ինչ-որ բան, երևի թթի թունդ օղին, անօգնական էր դարձրել ձայնալարերն, ու Սեդրակը միայն տնքաց: Նա շփոթված էր, զարմացած: Անսովոր էր, բայց ասելիք չուներ: Մի ժամանակ հանրային գրադարանի ընթերցասրահի շնորհիվ կարդացած բազմաթիվ գրքերը նրան ինչ-ինչ, բայց խոսք ասելու մեջ իր ոլորտում անգերազանցելի էին դարձրել: Նա միայն կցկտուր շնորհակալություն հայտնեց, ձեռքով հավաքեց-սրբեց սեղանին թափված հացի փշրանքը, գցեց բերանն ու գլխաբաց ու գլխիկոր դուրս եկավ:
Սուրենը նրան չճանապարհեց:
Դիմացի սարի փեշին գյուղն ավարտվում էր: Սար էլ չէր, բլուր էր: Սարը բլրի ետևում էր: Կանգ առնելու մտադրություն չուներ: Լանջի վրա սևին էր տալիս նորակառույց մատուռը` արևից անդրադարձող թիթեղյա փայլուն տանիքով: Մատուռի կողքերին հավանաբար գյուղի կանայք ու երեխաներին էին: Հեռվից սարի դեղնականաչի վրա նրանք ոչխարի արածող գույնզգույն հոտի էին նման: Սեդրակը երկար նայեց հովվերգական բնապատկերին, բայց հասկացավ, որ առաջ գնալու ուժ չունի. ծանրացած ստամոքսը խցանի նման փակել էր թոքերի թթվածինը:
Մի քանի մետր այն կողմ հողի կարծես պատռված կրծքից դուրս պրծած քարացցերը գրավեցին ամերիկացու ուշադրությունը: Քարերի արանքում հարմար էր, տաք էր ու ստվերոտ: Մտածեց, որ օձեր կլինեն. դժվար թե այդպիսի հարմար տեղը օձերը գրաված չլինեն: Քունը տանում էր, իսկ հեռու գնալ այլևս անկարող էր: Հավաքելով վերջին ուժերը` նա սկսեց հնդկահավի նման թռչկոտել, ամեն տեսակ անհասկանալի ձայներ հանել ու քարեր նետել քարացցերի կողմը: Վերջապես երևի որոշեց, որ «ամրոցը» գրավված է ու ներս մտավ: Կանաչն այնտեղ երևի ոչ մի անգամ չէին հնձել, անկողնու նման էր, փափուկ:
Չհասկացավ` ինչքան է քնել: Կողքը ցավում էր: Մտածեց, որ կողոսկրի տակ քար է ընկել: Ձեռքը տարավ ու հիշեց: Գիրք էր: Ավտոբուսում երկու շատախոս աղջնակ թողեցին, մոռացան ու ցած իջան: Ավելի շուտ, գիրքն ընկավ իր ոտքերի մոտ: Մինչև կհասցներ որևէ բան անել, աղջիկներն արդեն հեռու էին:
Ելավ տեղից, ու նայեց մատուռի կողմը: Գույնզգույն հոտը չկար: Գիտեր` գիշերը ցուրտ է լինելու: Մատուռը փոքր էր: Դուռը չէին փակել: Հավանաբար կեսօրվա արևը պատուհաններից մտել ու հարբածի նման ներսում շռայլել էր իր ջերմությունը, իսկ հետո երևի մոռացել, թողել-գնացել էր:
Սեդրակը հանեց պիջակը, փռեց հարթ քարե հատակին ու հենվելով պատին` նստեց: Գիրքը դեռ ձեռքին էր: Կարդաց` «Արտասահմանյան երկրների աշխարհագրություն»:
«Դասագիրք է…»:
Մինչև մութն ընկնելը գոնե զբաղվելու բան ուներ:
Դասագրքի գունավոր, նկարազարդ էջերն այնքան կենդանի էին, որ չէին կարող իրական լինել, պարզապես չէին կարող:
Նա դանդաղ փակեց գիրքը, մի կողմ դրեց ու սկսեց … լաց լինել: Ձեռքերը գրկել էին տաբատի տակից ցցված ոսկրոտ ծնկներն ու չէին պատրաստվում սրբել չսափրված դեմքի վրայով հոսող արցունքները: Շուտով գրեթե անձայն լացը վերածվեց հեծկլտոցի: Մատուռի առաստաղի տակ ձայնը դողաց, արձագանքեց ու կորավ: Անուժ ձեռքերը վերջապես թողեցին ծնկներն, ու մարմինը, կարծես վերհիշելով դեռ մոր արգանդում իրեն պարտադրված դիրքը, թեքվեց դեպի գետինը:
Լուսանում էր: Հասկացավ, որ քնել է, քնել է ու չի մրսել:
Պետք էր արագ հեռանալ: Փութով պիջակը հագը գցեց ու երբ ձեռքը մեկնեց գրքի կողմը, քարացավ: Հիշեց, որ երազում դասագրքի միջի նկարներն է տեսել: Դրանք այնքան իրական էին, շոշափելի: Ինքն այնտեղ էր` Կարիբյան ծովի ափին, սպիտակ ավազների ու մուլատուհիների մեջ, ծառերի վրա ինչքան ասես կոկոս կար ու … ոչ մի շնաճանճ …
Սեդրակը նորից նստեց: Հայացքը սառավ: Առջևում մատուռի փոքրիկ խորանն էր` թղթի վրա արտատպված Աստվածամոր պատկերով: Մի պահ թվաց, թե Աստվածամայրն այնպես էր գրկել մանուկ Աստծուն, որ կարծես Նրան ինչ-որ մեկն իր գրկից խլել էր ուզում:
Միտքն արագ էր աշխատում, պտտում, այրում էր գլուխը: Ժամանակ չկար: Շուտով ուխտավորներ էին գալու, հրավիրյալներ, կերուխումականներ և այլ կարևոր մարդիկ:
Վերջապես սթափվեց: Ճանկեց դասագիրքն ու համարյա դուրս թռավ: Դեպի քարացցերը…
Հեռվից մոտեցող աղմուկը հանգստացրեց նրան: Սեդրակը գրպանից հանեց մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ածելու մնացորդն ու սկսեց սափրվել: Հետո թքեց ձեռքերի մեջ, կատվի նման առաջինը աչքերը սրբեց, ապա մատներով սանրեց մազերն ու դուրս նայեց իր թաքստոցից:
Բարձրախոս էին միացրել: Երաժտությունն ամենուր էր: Մատուռի մոտ ազգային տարազներով, հավանաբար քաղաքից եկած երեխաներ էին պարում: Մտածեց, որ դժվար թե գյուղը պարային խմբակ պահելու հնարավորություն ունենար: Մարդիկ էին բարձրանում, երևի շատ կարևոր. չնայած շոգին` բոլորը կոստյումներով ու փողկապով էին: Ինքն էլ բարձրացավ ու խառնվեց ամբոխին: Ամբոխին հրահանգեցին ետ կանգնել: Ստիպված էր կույր-կույր ետ գնալ: Հանկարծ սայթակեց և ուր որ է ընկնելու էր: Նայեց: Ոտքերի տակ մատաղացու գառների անտեր, անմարմին գլուխներ էին: Հողը չէր հասցրել կուլ տալ նրանց դեռ չլերդացած արյունը:
Սրտխառնուք զգաց, բայց տեղից չշարժվեց:
Մատուռն օծեցին, բարերարին օրհնեցին, երգեցին, խոսեցին ու կերան:
Ջահել աղջիկ-տղաներ էին` նկարահանող տեսախցիկներով ու բարձրախոսներով: Նկարում, խոսեցնում էին, ուտում, խմում, էլի նկարում: Բոլորն արդեն բավականին գինովցած էին, առավել կարևոր կոստյում-փողկապավորներն էլ գնացել էին:
Սեդրակը կուլ տվեց օղու հերթական չափաբաժինն ու զգուշորեն մոտեցավ բարձրախոսի մալուխը թևին փաթաթած լրագրողուհուն: Բխկաց, ձեռքով հով արեց բերանն ու վեր պարզելով գլխարկն` ասաց.
– Հարգարժան օրիորդ, թույլ տվեք ներկայանալ: Սեդրակ Ղարիբյան, գնդապետ Ղարիբյանի ազգականն եմ: Ամերիկայից եմ եկել:
Օրիորդին հավանաբար հետաքրքրեց տարօրինակ անծանոթը, ով, մանավանդ, հյուրասիրությունը կազմակերպողի բարեկամն էր: Նա ձեռքով մոտ կանչեց հյուրասղանի մոտ կանգնած օպերատորին, և եկավ նվիրական պահը….
Կես ժամ, և արդեն կարելի է մի կտոր բան ուտել, մի քիչ էլ խմել:
Ամերիկացին գրպանների մեջ տեղավորեց սեղանից վերցրած ուտելիքի մի քանի կտոր, աննկատ հեռացավ իր քարացցերի կողմն ու պառկեց իր կանաչ անկողնում:
Հյուրերն սկսեցին դանդաղ իջնել: Գյուղացիները երկար մնացին:
Սեդրակը մի քիչ էլ սպասեց, ու երբ բոլոր ձայները լռեցին, բարձրացավ վերև:
Արևը թեքվում էր, սակայն բավարար էր մատուռի ու խաչքարի շուրջբոլորը սփռված աղբը տեսանելի դարձնելու համար: Տեղ-տեղ ինչ-որ մեկը փորձել էր աղբակույտերն այրել: Աչքերն սկսեցին մրմռալ: Փրկությունը մատուռն էր: Ներսում երեկվա նման տաք էր, սակայն օդում մոմի ու խնկաբույր կար: Մի պահ քիթը հրաժարվեց զանազանել դրսի և ներսի հոտերը, փռշտաց, ու մեն բան տեղն ընկավ: Գրպանից հանեց ամբարած ուտելիքի աղքատիկ պաշարն ու սկսեց դանդաղ ծամել: Թվաց` արագ մթնեց:
Հանկարծ ականջին տարօրինակ ձայներ հասան. «Շներ են, ուտելիքի հոտին են եկել»:
Պատուհանից դուրս նայեց ու մարմրող կրակի լույսից անդրադարձող ահագին փայլուն աչքեր տեսավ: Հասկացավ` գայլեր են: Ոտքերը դողացին: Դանդաղ սողաց դեպի դուռն ու մեջքով սեղմեց այն: Սիրտն ուժգին զարկում էր: Զգաց, թե ինչպես են մեջքի վրայով սառը ջրի շիթեր իջնում:
Երևի ինչ-որ բան որոշեց, որովհետև քիչ անց սկսեց սողալ խորանի կողմը, վերցրեց լուցկու մոռացված տուփն ու արդեն չորեքթաթ մոտեցավ ավազով լիքը մոմավառության մետաղյա սեղաններին: Հերթով վառեց բոլոր կիսատ մնացած և կենդանության նշաններ ցույց տվող բոլոր մոմերն ու խորը շունչ քաշեց:
Մատուռը լուսավորվեց:
Իրեն մի տեսակ պաշտպանված զգաց ու զարմացավ:
Գայլերը մի քիչ պտտվեցին, երևի ուտելու բան գտան, կերան ու կորան, գնացին:
Չքնեց: Լուսաբացի հետ սարից ցած իջավ: Աննկատ անցավ գյուղամիջով, այս անգամ, չգիտես ինչու, չխոնարհվեց եռագույնի առջև ու արագ հասավ վերադարձի արահետին: Հազիվ էր հասցրել մայրուղի դուրս գալ, երբ գնդապետի ամենագնացն անսպասելի արգելակեց կողքին: «Գեներալի» վարորդն էր` Տիգոն.
– Ղարիբյանը քեզ կանչում է, իրիկվանից քեզ ենք ման գալիս, տո: Ո՞րտեղ էիր: Միլիցեքն էլ էնտեղ են քեզ ման գալիս:
Ամերիկացին կծկվեց.
– Ինչու՞, պարոն Տիգրան, ես ոչինչ չեմ գողացել, երդվում եմ: Ինձ բաց թողեք, ես գնամ, մեծ մարդ եմ, խնդրում եմ…
– Այ մարդ, Ղարիբյանն ասել է` գտի, բեր, ես էլ պտի քեզ տանեմ: Արի, շուտ նստի ավտոն, թե չէ հոգնած եմ, կքնեմ ռուլին, գլուխներս կուտեմ:
Սեդրակը նայեց վարորդի մկանուտ վզին ու հլու մտավ մեքենայի մեջ:
Ամառանոցի դարպասները բաց էին: Դռների մեջ գնդապետն էր: Նա լայնաժպիտ ու երկու ձեռքն առաջ պարզած ընդառաջ եկավ.
– Արի է, արի ամերիկացի ախպեր: Չես էլ ասում` ազգական ենք…
Ամերիկացին զգուշավոր ժպտաց.
– Ես ասում էի, եղբայր, ասում էի, բայց` ձայն բարբառո անապատի…
Գնդապետը հյուրին ներս տարավ.
– Նստի, հարազատ ջան, նստի, անապատ չես եկել: Երեկ էդ ի՞նչ ես ասել ժուռնալիստներին, սաղին խառնել իրար…
Տանտերը շինծու ծիծաղեց, բայց գոհունակությունը թաքցնել չկարողացավ.
– Տելեվիզրով քանի անգամ ցույց են տվել: Զանգում են ու զանգում:
Ամերիկացին լուռ էր: Նա սպասում էր:
– Ձայնագրել եմ: Էսա մի կոֆե խմենք ու նայենք,- գնդապետը ձեռքը թափով խփեց նորահայտ ազգականի ուսին ու միացրեց հեռուստացույցը:
Սեդրակը նայելու բան չուներ: Նա պարզապես մի անգամ էլ լսեց երեկվա իր խոսքերը.
– Ես Սեդրակ Ղարիբյանն եմ, Ամերիկայից եմ եկել: Նախնիներս Ամերիկա են եկել Հայկական լեռնաշխարհից, և որպես դեգերող տարագիրներ, իրենց հետ էին բերել Ղարիբյան ազգանունը: Վերջապես նրանք հանգրվանում են այսօր Կարիբյան կոչվող ծովի կղզիներում: Տեղաբնիկներին նրանք քաղաքակրթություն են բերում, գիր, արհեստներ են սովորեցնում, դրա համար էլ տեղի բնակչությունը նրանց պատվին մինչ այդ անանուն ծովը նրանց անունով է կոչում` Կարիբյան, քանի որ տեղի ցեղերն այդպես էլ չեն կարողանում արտասանել «ղ» տառը: Ասեմ նաև, որ մեր ազգի նշանակալի ավանդի շնորհիվ է, որ աշխարհում կա նաև Հայիթի կղզի: Զգու՞մ եք` հայ-ի-թի… Այսինքն` հայի խաթրի… Այնուհետև տարածաշրջան են ներխուժում եվրոպացիներն, ու հատկապես ֆրանսիացիներն ամեն բան փչացնում են: Մերոնք չեն կարողանում տանել տեղաբնիկների ստրկացման դժնդակ փաստը, ստորացումները, և նրանցից մի մասը լքում է ավետյաց երկիրը` նորից ձեռքն առնելով թափառական ասկետի ցուպը: Մի մասը վերադառնում է Հայկական բարձրավանդակ, և հիմա ես այդ նույն ասկետի ցուպը ձեռքիս աշխարհի տարբեր ծագերում ազգիս փշրանքներն եմ որոնում: Այսօր վերջապես ինձ հաջողվեց գտնել այդ արժանավոր փշրանքներից մեկը` պատերազմի ասպետ գեներալ-գնդապետ Ղարիբյանին, մեր փառապանծ տոհմի արժանի շառավղին….
Վերջում էլ բռունցքը կտրուկ մոտեցրեց ճմրթված գլխարկին այնպես, որ այն երեսն ի վայր սահեց ներքև ու խզված ձայնով գոռաց.
– No Pasarán!….. Ծովից ծով Հայաստան…
Սեդրակն իրեն դուր եկավ. անուրանալի էր հռետորի իր տաղանդը, կիրթ ու պաթոսով լեցուն խոսքը: Աչքերը փայլում էին: Էկրանի վրա հագուստն այնքան էլ մաշված չէր: Խոսում էր հստակ, անվարան, համարձակ, համոզիչ…. «…իրոք, որ օղին հրաշքներ է գործում: Իսկ եթե ես ամեն օր էսպես ուտեի ու խմեի՜…..»:
Հեռուստացույցը վաղուց անջատվել էր, բայց ականջներում դեռ իր ձայնն էր: Ուրիշ ոչինչ լսելի չէր…
Երբ աչքերը բացեց, անկողնում էր` իսկական անկողնում: Հիվանդասենյակ էր: Չորս կողմն աղմուկ էր, հրմշտոց:
– Ուշքի է եկել, ընկեր Ղարիբյան, ուշքի է եկել,- գոռացին ականջի տակ:
– Ո՞նց ես, Սեթո ջան, համա թե վախեցրիր, տո,- գնդապետն անհանգիստ էր ու միաժամանակ ուրախ:- Մոտդ ոչ մի թուղթ չկար, ուշքդ գնաց, չգիտեինք` ինչ անենք: Էն ո՞նց ասեցիր` «Ծովից ծով…», ախր էդ անունով ես ճանապարհի վրա օբյեկտ էլ ունեմ:
Նա նստեց ամերիկացու անկողնու վրա ու շարունակեց.
– Ոչինչ, պառկի, կեր, խմի, լավացի: Մի քիչ էլ փող եմ դրել պենջակիդ ջեբը, տես, քույր-մույրին կտաս, վեր չկենաս, որ գլուխդ չֆռռա: Կգամ, կգնանք քո հյուրանոցը, ամեն բան տեղը կգցենք: Ես գնամ, լիքը գործ ունեմ, գիտես թե մենք ստեղ չենք դեգերու՞մ, թե՞ պարապ ենք:
Գնդապետը հրաժեշտ տվեց, ու գյուղացիները ներս մտան: Հիվանդն իմացավ, որ երեկ երեկոյան գյուղում արտասովոր, գերբնական բաներ են կատարվել: Ամբողջ գիշեր մատուռի շուրջ ինչ-որ մանր կրակներ են պտտվել, մատուռն է լույսով լցվել: Ասացին, որ կանայք խաչակնքել, աղոթել են, թե` Աստծու օրհնություն է… Երեխեքն էլ ասել են, թե թռչող ափսե են տեսել, որ այլմոլորակայիններն են գյուղի վրա աչք դրել: Հետո էլ, երբ տուն են մտել, «տելեվիզորով» իրեն են տեսել ու իմացել են ծովի, Հայկական բարձրավանդակի ու Կարիբյան Հայիթիի մասին: Ակնոցավորն էլ, որ ասել է, թե ամերիկացիք էնա էդ են, սկի շոր չեն հագնում, որ դրանք կարգին շոր մենակ թաղման ու հարսանիքի ժամանակ են հագնում, ամեն բան տեղն է ընկել: Հիմա եկել, փոշմանել են, որ իրեն բանի տեղ չեն դրել, մենակ աֆերիստ Սուրենն է ջոկել, ու … Սեդրակին թվաց, թե երազ է տեսնում, խառը, անկապ երազ: Սուրենի վերջին բառերը հիշեց` «Ախպեր, կարող է` դու ոչ թե տուրրիստ ես, այլ աֆերիստ, էն ո՞նց են ասում… ավանտուրիստ…»:
– Կարևորը` երեխեքը հեռախոսով նկարել են էդ այլմոլորակայինների լույսը … Սաղ աշխարհը հմի մեր գյուղիցն է խոսելու,- Համոն էր:
– Հա: Կգան, կգնան: Դրանց խաթրին ճամփեքը կշինեն, գործ կլի, ջահելները խոպանից կգան, չեն գնա… Լավ կլի…,- Շավոն կռացավ ու մի կուշտ համբուրեց ամերիկացու բաց մնացած բերանը:
Ազդանշանը տրված էր, ու բոլորը հերթով մոտեցան ու համբուրեցին ամերիկացուն: Երեսի վրա տեղ չմնաց: Շուտով պառկածի բախտը բերեց: Դեռ էլի համբուրողներ կային, բայց բուժքույրը ներս մտավ ու բոլորին դուրս հանեց:
Սեդրակը ուզում էր մտածել, բայց չէր կարողանում: Կողքի փոքրիկ պահարանի վրա միրգ, հյութեր կային:
Հիշեց ու ձեռքը աթոռից կախված պիջակի գրպանը տարավ: Տեսածը գիտակցությունը հավանաբար չընդունեց, և էլի կուշափաթվեր, եթե դուռը չբացեին: Բուժքույրն էր` սիրուն ու կլորիկ.
– Պարոն Կարիբյան ջան, հո բան պետք չի՞…
Հիվանդն անբարբառ էր: Նա միայն գլուխը ժխտական դես-դեն տարավ ու փակեց աչքերը: Բուժքույրը մի քիչ սպասեց, հետո կամացուկ ծածկեց դուռն ու հեռացավ:
Սեղմված բռունցքի մեջ դոլարներ էին. «տաս, քսան, հարյուր, երկու հարյուր…»:
Սիրտը նվաղեց, հանգավ: Մի պահ մտածեց, թե մեռնում է:
Երբ չմեռնելու, չխեղդվելու համար իրեն մի կերպ պատուհանի մոտ գցեց, որոշումն ինքն իրեն եկավ: Դրսում խաղաղ էր: Տեսավ` առաջին հարկում է, ու … ոնց որ` հարկն էլ բարձր չէ: Սիրտն արագ հասկացավ տիրոջն ու տեղն ընկավ: Պետք էր արագ հագնվել: Երբ պատրաստում էր ցած թռչել, պատուհանի մոտ մի պահ կանգ առավ ու ետ նայեց: Նորից վերադարձավ մահճակալի մոտ, բացեց հյութն ու գլուխը քաշեց: Թռչել չկարողացավ, կախվեց ու անշնորհք թրըմփաց լուսամուտի տակ թափված հիվանդանոցային աղբի վրա: Գրպանի նարինջներն ընկան ու գլորվեցին: Միայն հայացքն ափսոսանքով գլորվեց նրանց ետևից:
Արդեն մայրուղու վրա էր: Սակայն վտանգը դեռ չէր անցել: Գնդապետի ամենագնացը չէր երևում, բայց զգոնությունը չէր խանգարի: Ճանապարհը գրեթե դատարկ էր, սակայն խորովածի տարօրինակ, հաճելի բույր կար օդում: Հանկարծ ձորի կողմից լսվող կովի միայնակ բառաչը սրտին ստիպեց ծառս լինել: Զգուշավոր հասավ ճամփեզրին, փորի վրա պառկեց ու գաղտագողի ներքև նայեց:
Վագոն-տնակներով հավքովի շինություն էր: Դրսում, օջախի վրա փայտ էր վառվում, խորովածի, քաբաբի շշեր կային, իսկ մուտքի դարպասների մետաղյա կամարի վերևում մեծատառերով գրված էր «COVIC COV ARMENIA», ներքևում`«ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»:
«Ամերիկացին» նախընտրեց վերևինն ու քթի տակ կարդաց.
– Կովից կով….- ու շրջվեց:
Ժամանակ չկար: Պիտի գնար, առջևում կյանքն էր, Կարիբյան ծովը, Հայիթին ու կովից կովը…