Վերջիվերջո մարդու կյանքը անկման սկիզբ է, որտեղ ամեն տեղ կարող ես հաղթել և պարտվել՝ մնալ ու ապրել կամ հակառակը: Աշխարհը խաչի վրա տեսավ մարդկության փրկությունը, իր փրկությունը, իսկ մարդկությունը խաչով գտավ իր հոգու խաղաղությունը… Աստծո հետ սեղան էի նստել… Նա էլ մի մարդ է, ով աշխարհի ցավն ու ուրախությունը վերցրել, նստել ու հետևել է, հետո կես լուրջ կես կատակ սիրտ արել, մեկին դրախտի ճանապարհին գցել, մյուսին էլ տարել ու կորցրել է: Այսինքն՝ չկա դրախտ մարդու համար, որովհետև մարդս մեղավոր է, մեղավոր է սկզբից, լույս աշխարհ գալու ճանապարհից, մինչև վերջնակետ: Նստել էի, բաժակը ձեռքս առել, բաժակաճառ էի ասում: Աստված նայում էր ու լուռ հետևում իմ ամեն բառին, ամեն նախադասությանը: Մարդու աչքերը մեկ Հիսուս են հիշեցնում, մեկ հուդա, այժմ հայելին ակնհայտ ցույց էր տալիս աչքերիս մեջ հուդային, ուզում էի փախչել, դավաճանել, սուտ էի խոսում… Մի անբողջ գիշեր ինձ նվիրել էի Աստծուն ու մարդու ինքնամաքրման, ինքնահաստատման ուղին բռնած՝ որոշել էի Աստված լինել… Ես էլ էի ուզում դատավորի ու բարձրյալի հետ պայմանագիր ունենալ, որտեղ ամենագետն ես ու ամենափրկիչը: Ես հավատում էի իմ երազանքին, հավատում էի երևակայությանը, իրականում ուզում էի հասկանալ, ինչ եմ ուզում կյանքից: Հերթով մեղքերս էի խոստովանում Աստծուն, հազիվ էի հետը սեղան նստել: Նա քթի տակ ծիծաղում էր, բայց գլուխը տանելով ու ետ բերելով անընդհատ ասում էր. «Դու մեղավոր ես, ու մեղքերի լիքը շարան դեռ կախված է գլխիդ»:
Սուրճը թափվեց… Մայրս բղավոցով մտավ իմ սենյակ և ահաբեկեց…
-Ես քեզ կսպանեմ, եթե մի անգամ էլ սուրճը թափես գազօջախին… Ահաբեկիչ մայրս, կիսատ բաժակով սուրճը բերեց ու դրեց ձեռքերիս վրա: Խմում էի սուճն ու դառնահամ, սև թուրմը սևավորում էր ներաշխարհս: Աչքերիս տակ պարկեր էին գոյացել, այժմ հանդարտ խմում էի աշխարհի ամենադառը հեղուկը, որը գնալով ավելի էի հեշտացնում՝ սիգարետի ծխի թունն ու դառը հեղուկի թունավորումը որովայնումս… Թունավորված պառկել էի, երբ պատուհանիս տակ մեկը սուլելով գնում, գալիս, հետն էլ մի երգ էր ասում… Հիշեցի… Այսօր հորս մահվան տարելիցն էր: Մորս ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր հորս՝ արդեն մեկ տարվա բացակայության հետ… Ես չհասցրեցի ընկերություն անել հորս հետ… Նստել էի բաց ու պաղ հողին ու խոսում էի նրա հետ, բայց դե հող էր, սև ու ծանր, որտեղից դուրս էր պրծել մոլախոտը: Հերթով քաշում, հանում էի մոլախոտը: Չէի հասկանում մարդ կենդանու առեղծվածը: Ինչու ես աշխարհ գալիս, աշխարհի երեսին լավ ու վատ խաղում, մարդիկ տարբերակել են՝ չարն ու բարին, հետո այն փոխարինել մեղքերի ու մեղկերի հետ… Հորս նկարը ձեռքերիս մեջ խլվրտում էր, հայրս չէր մեռել, հայրս իմ կողքին էր… Գիշերն աստղառատ էր: Պատուհանս բաց նայում էի աստղերին: Խմել էի ուզում… Օղու շիշը ձեռքս էի առել թրջում էի չորացած բերանս: Անձրևի կտկտոցը աննկատ քնեցրել էր ինձ: Շիշը մի կողմ էր ընկել, ես՝ մի կողմ: Ամբողջ գիշեր քեֆ ուրախության մեջ էի: Ձեռքերս վերև էի տնկել, պարում էի: Աստված ամեն ինչ լռեցրեց մի վայրկյանում: Եկավ, նստեց կողքիս, երկար մորուքը շոյելով, առաջին անգամ խոսեց հետս: Ես չէի հասկանում նրան, որովհետև հուդան հետ էր պահում ինձ… Խառնվել էի իրար, չէի հասկանում ինչ էր կատարվում, այժմ ես էի խորհրդավոր լռում… Աստծո աչքերում հորս աչքերը տեսա: Մենք այնքան մոտ էինք իրար, որ գրկեցի Աստծուն… հայրս մեղմ ժպտում էր ինձ. ես խելագարվել էի: Վերացել էի աշխարհի երեսից… Այժմ ամեն օր Աստծո գոյության հետ ապրում, սխալվում, մեղքեր էի գործում հետո, հետո մաքրվում էի: Թեև ասում են՝ Աստծո գործերը անքննելի են, բայց խառնվել էի նրա գործերին ու հանդարտ ապրում էի՝ չընդդիմանալու, չնախանձելու, չդավաճանելու, չսպանելու պայմանով…
Աչքերս բացեցի, բերանս չորացել էր: Կիսամերկ դուրս եկա սենյակից, տանը մարդ չկար: Արևը մտել էր տուն ու տան պատերի արանքից լուռ հետևում էր ինձ: Պատի վրայից հայրս մեղմ ժպտում էր ինձ, ես էլ՝ նրան… Անձրևը կրկին խախտեց լռությունը: Աչքերս փակ գնացի ու խառնվեցի Աստծո գործերին, Աստված չհակառակվեց: Ձայն լսեցի, հորս ձայնն էր, հետ նայեցի, Աստծուն տեսա. հայրս իմ Աստվածն էր:
Սիրելի Արթուր,
Շատ հիանալի պատմվածք էր:Բայձ չպետք է այս զրռյցը տեղի ունենար վախի մթնոլորտում,այսինքն կանխավ հայտարարվեր որ մարդս մեղավոր է եւ այլն,իհարկէ քռ անձնական վիշտը խառնված էր էս բոլորի հետ եւ դա հասկանալի է:Իմ կարծիքով գեղեցիկ առիթ ստեղծվեց որ անձնականը որոշ չափով զոհելով Ամենակալին հարցաքննութեան ենթարկեիր:Երանի նորից հանդիպես իրեն եւ առանց վարանելու հարցնես ինչ որ կցանկաս…
Հաջռղութռյն եւ բեղմնավոր աշխատանք
Ընթերցելու պատմվածք է, գեղեցիկ է գրված:
Լավ է, որ երիտասարդ գրող ունենք