Նույնիսկ երազանք ուներ, որ փայփայում ու պահում էր իր մեջ շատ վաղուց, երբ սկսեց այս գործով զբաղվել: Մի անգամ միայն փորձեց կիսվել կնոջ հետ ու վախվորած ձայնով, ասես կարող էին հարևանները լսել ու աչքով տալ, ասաց.
– Պատկերացնու՞մ ես` վաղը գնամ ու բոլոր պոնչիկները վաճառեմ…
Կինը մի ակնթարթ նայեց նրան` զարմացած, մի քիչ էլ երևի զայրացած ու ոչինչ չասաց:
Կիսամութ էր: Լույս չէին վառում: Երեկոյան ժամերին, երբ թոռնուհին տանը չէր, բավարարվում էին դիմացի պատշգամբից ընկնող լույսով, որ հարևանը նույնիսկ գիշերները չէր անջատում: Երևի գողերից էր վախենում:
– Բոլոր պոնչիկները վաճառեմ, փողը բերեմ տուն: Աստղիկին մի նոր շոր կառնես…
Աստղիկը թոռնուհին էր, տասնյոթամյա մի աղջնակ, որ ավարտել էր դպրոցն ու մի հեռավոր ծանոթի օգնությամբ ընդունվել քաղաքի տասնյակ մասնավոր համալսարաններից մեկը` ուսման վարձից մեկ տարով ազատման պայմանով: Հաջորդ տարի արդեն պիտի վճարեին ամբողջ վարձը, որի չափը նրանց երևակայության մեջ չտեղավորվող աստղաբաշխական մի թիվ էր:
Կինը չպատասխանեց: Նա ինքն էլ շատ գլուխ չէր հանում նոր փողերից, բայց հասկանում էր, որ եթե անգամ բոլոր պոնչիկները վաճառվեին, միևնույն է, այդ փողով Աստղիկի համար որևէ շոր գնել չէր լինի:
– Խմորն արե՞լ ես:- Կնոջ հետ խոսելու մի փորձ էլ արեց:
– Արե՜լ եմ, արե՜լ,- արագ վրա բերեց կինը խոսակցությունը փակելու համար:
Հասկանալով, որ կինը խոսելու տրամադրություն չունի, դանդաղ վեր կացավ տեղից ու քայլեց մյուս սենյակ: Հանվեց, պառկեց ու կրկին տրվեց իր երազանքին` վաղը դուրս կգա աշխատանքի ու կվաճառի բոլոր պոնչիկները, որ կինը պիտի թխեր առավոտ շուտ: Հետո մի ձևով խույս կտա շուկայի հսկիչից, բոլոր մետաղադրամները խանութում կփոխի թղթադրամներով ու այդ հինգ հազար դրամը կբերի տուն: Կտա կնոջը ու կասի` խոսելու իրավունք ունեցող տղամարդու տոնով.
– Այս փողերով Աստղիկի համար մի նոր շոր կառնես: Էն լավ խանութից:
Ինքը նույնիսկ գաղափար չուներ գներից, քանի որ երբեք խանութ չէր մտնում: Բայց երազում էր, որ Աստղիկն այդ նոր շորով գնա համալսարան, ու մի լավ տղա սիրահարվի նրան: Կամուսնանան ու գոնե նորմալ կապրեն` առանց օրվա հացի կարոտ մնալու: Հարսանիքին իրենց երևի չեն հրավիրի, բայց` ավելի լավ: Այս շորերով ո՞նց պիտի եկեղեցի գնան, մարդամեջ դուրս գան… Այս շալվարը վաղուց միակն է. մյուսները մաշվել ու արդեն հատակի փալաս են դարձել: Ոչի՛նչ, մի պատրվակով կխուսափեն հարսանիքից: Կասեն, որ շատ զբաղված են, աշխատում են: Երեխան էլ չի ամաչի, որ իրենց պես պապ ու տատ ունի` մաշված շորերով ու խունացած հայացքներով: Միայն թե Աստղիկին լավ լինի…
Այս մտքերի վրա էլ քնեց ու երազում պոնչիկներ տեսավ, շատ, անհամար, տաք ու համով…
* * *
Ամենադժվարը առաջին պոնչիկը վաճառելն էր: Ու երբ դա ստացվում էր` բոլորից թաքուն առաջին հարյուր դրամանոցը քսում էր մյուս պոնչիկներին, որ փողը փող բերի: Հետո գրպանից հանում էր շաքարափոշու մաղն ու սպիտակ փոշին թեթև ցանում պոնչիկների վրա:
– Որ ապրանքային տեսքը լավը լինի,- սովորեցրել էր կինը:
Ինքն առևտրից շատ գլուխ չէր հանում: Ամբողջ կյանքն անց էր կացրել գիտահետազոտական ինստիտուտում` գրքերի ու լաբորատոր սարքերի մեջ: Հետո հիմնարկը փակվեց, ու ստաժը ընդամենը մի քանի տարի չհերիքեց, որ ավելի բարձր թոշակ ստանա: Փորձեց մի քանի այլ հիմնարկներում գործ գտնել, բայց տարիքի պատճառով ամեն տեղից մերժում ստացավ: Մի անգամ նույնիսկ հետաքրքրվեցին իր անգլերենի իմացությամբ ու համակարգչին տիրապետելու աստիճանով: Երբ ասաց, որ ոչ մեկից, ոչ էլ մյուսից գաղափար չունի, գործատուն թեթևացած շունչ քաշեց ու անվրդով մերժեց նրան:
Հիմա իր գործն ուներ: Ամեն առավոտ կինը հիսուն պոնչիկ էր թխում, դասավորում սկուտեղի վրա, շաքարափոշին ու մաղը դնում գրպանն ու մի բաժակ անհամ թեյ տալուց հետո ճամփա դնում` ետևից խաչակնքելով: Միայն մի անգամ հիշեց, որ ակնոցը մոռացել է տանը: Վերադարձավ ու միջանցքից լսեց կնոջ կիսաձայն լացը: Շտապեց անաղմուկ դուրս գալ. կինը հաստատ չէր ուզենա, որ իրեն տեսնի այդ վիճակում:
Սկուտեղին տարիներ առաջ գիտահետազոտական հիմնարկից բերած հոսանքի մի հին լարով ուսագոտու պես մի բան էր հարմարեցրել, որ ձեռքերը չհոգնեն: Երբ ակնոցի արմունկը կոտրվեց (փառք Տիրոջը, որ ապակիներին բան չեղավ), այդ նույն լարից մի կտոր կտրեց ու ամրացրեց այն: Վաղուց ժամանակն էր, որ փոխեր ակնոցը, քանի որ արդեն չէր համապատասխանում թուլացող տեսողությանը: Մի ծանոթ խորհուրդ տվեց գնալ օպտիկայի ինչ-որ խանութ, ուր թոշակառուներին անվճար ակնոց էին տրամադրում: Մի կերպ գտավ խանութը, բայց այնտեղ էլ այնքան թղթեր պահանջեցին, որ հույսը կտրեց: Այդպես էլ մնաց` կոտրված ու կպցրած ակնոցով: Բայց դա ոչինչ: Կարելի է ապրել ու աշխատել:
– Պոնչիկներ, թարմ պոնչիկներ,- բարձր կանչեց:- Ո՞վ է ուզում թարմ պոնչիկներ…
Բարձրաձայն կանչում էր ու քայլում շուկայի տարածքում: Այսօր շուկան բազմամարդ էր: Մի տղա երկու հատ ուզեց: Զգույշ հանեց տոպրակը, հետո բացեց սկուտեղի երեսը, տոպրակն անցկացրեց ձեռքին, վերցրեց պոնչիկներն ու, շրջելով տոպրակը, մեկնեց տղային: Նա մեկնեց փողը ու ծամելով գնաց իր բանին:
Կինը ճիշտ էր ասում, որ փողը փող է բերում: Հետո անցավ տնտեսական ապրանքների բաժնով ու այնտեղ էլ մի քանի հատ վաճառեց:
– Ի՞նչ արժե պոնչիկդ, բիձա,- հարցրեց կարմրաթուշ մեկը:
– Հարյուր դրամ,- ասաց` փորձելով ակնոցի ապակիների վրայից բռնել խոսակցի հայացքը:
– Թանկ ես ասում, բիձա ջան: Թանկաբազար ես…
Ոչինչ չպատասխանեց: Առաջներում կանգնում ու բացատրում էր, թե ինչքան է նստում մի պոնչիկը: Ինչ արժեն ալյուրը, ձեթը, կաթը, շաքարավազը…. Բայց հետո հասկացավ, որ դա ոչ մեկին չի հետաքրքրում, ու ինքն էլ այլևս չէր արձագանքում նման ռեպլիկների: Անիմաստ էր:
Ճաշի ժամն էր ու արդեն քսանինը պոնչիկ էր վաճառել: Մեկը հինգհազարանոց մեկնեց ու երկու հատ ուզեց: Չկարողացավ մանրել ու ափսոսանքով նայեց կորցրած հաճախորդին, որ մոտեցավ շաուրմայի կրպակին: Ա՛խ, ի՛նչ լավ կլիներ ինքն էլ այդպիսի մի կրպակ ունենար… Այդ դեպքում, փոխանակ ամեն օր շուկաներում թրև գալու, կնստեր իր տաք կրպակում, ու հաճախորդներն իրենք կմոտենային, պոնչիկներ կգնեին… Բայց այդ հույսը վաղուց կորցրել էր:
Շուրջբոլորը գրեթե բոլորը ծամում էին: Ով` տանից բերած բրդուճը, ով` շաուրմա կամ իքիբիր կոչվող խորովածը, ով` լահմաջո: Իսկ ինքը վաղուց սովորել էր չճաշել ու ինքն իրեն զարմանում էր, թե ինչպես էր առաջներում, երբ դեռ հիմնարկում էր աշխատում, ամեն օր ընդմիջմանը գնում ճաշարան ու ապուր, կարտոֆիլի խյուսով կոտլետ ու հյութ պատվիրում: Հետն էլ հաց էին տալիս, որ հաճախ մնում էր սեղանին՝ առանց ուտելու: Իսկ հիմա սովորել էր չճաշել: Առավոտյան` մի բաժակ թեյ, երեկոյան` կնոջ սարքած լոբով ապուրը: Քնելուց առաջ էլ թեյ էր խմում` շաքարի կարծր կտորը ծծելով: Ոչինչ, բավական էր: Կարևորը` Աստղիկը նորմալ սնունդ ստանա, աճող օրգանիզմ է: Գոնե մեկ-մեկ միս կարողանային առնել, բայց ինչպե՞ս… Կրակի գին է… Հազիվ կարողանում էին մի քիչ կարագ ու պանիր ունենալ` հացի հետ: Հաց գնելն էլ շնորհք էր: Դրանով կինն էր զբաղվում: Ցերեկը գնում էր փուռ ու մի մեծ, տաք մատնաքաշ վերցնում: Ասում էր` «բարաքյաթով հաց է» ու կշտացնում է:
Դեռ տասնվեց պոնչիկ կար սկուտեղի վրա: Քայլեց-մոտեցավ այն տղային, որն համարյա ամեն օր երկու-երեք հատ գնում էր, բայց վերջինս գլխի շարժումով հասկացրեց, որ չի ուզում:
Շուկան սկսեց նոսրանալ: Մոտեցավ հսկիչն ու վերցրեց իր վարձը` հինգ հարյուր դրամ: Դողդողացող ձեռքով հաշվեց ու տվեց դրամը` ասես սրտից էր պոկում, բայց սա միակ հարկադրված վարձն էր, որ վճարում էր շուկայում առևտուր անելու իրավունքի դիմաց: Վաղուց սովորել էր անվճար օգտվել ավտոբուսներից, բայց դա էլ միշտ չէ, որ ստացվում էր: Մի անգամ վարորդը վազեց ետևից ու հայհոյանքով պոկեց հարյուր դրամը: Դրանից հետո աշխատում էր ոտքով գնալ շուկա: Համարյա մեկ ժամ էր տևում, նույնքան էլ վերադառնալը, բայց փոխարենը խնայում էր երկու հարյուր դրամ: Մի ժամանակ տրամվայ էր նստում ու ետևի դռնից իջնելով՝ խույս էր տալիս վճարելուց: Վարորդները նկատում էին, բայց ձայն չէին հանում` երևի հարգելով նրա տարիքն ու կորացած ուսերը: Կամ էլ հույս չունեին, որ այդ ծերունին կարող է դրամ ունենալ: Հետո տրամվայները քաղաքից հանեցին, ու հիմա միակ ապավենը ոտքերն էին:
Արդեն մթնում էր: Շուկան փակվում էր: Չուզենալով քայլեց դեպի դարպասները: Դեռ ութ հատ պոնչիկ կար սկուտեղում: Չորս կողմը նայեց: Համարյա մարդ չկար: Քայլեց դեպի տուն: Անտրամադիր էր, բայց ուզում էր րոպե առաջ հասնել: Ոտքերը հոգնածությունից ու ցրտից թմրել էին: Թեև աշխատել էր զգույշ քայլել, բայց աջ կոշիկի ներբանից ջուր էր անցել, թրջել գուլպան ու հիմա ոտնաթաթը սառչում էր ու ծակծկում: Աստված չանի` հիվանդանա: Դրա մասին մտածելիս նույնիսկ դող անցավ մարմնով: Ի՞նչ պիտի անեին, եթե ինքն անկողին ընկներ… Պետք է շտապ հասնել տուն: Տանը գոնե տաք է` օրվա մեջ արևի ճառագայթները ընկնում են խոհանոց ու տաքացնում:
* * *
Կինն կիսաձայն բարևեց նրան` հայացքը պոնչիկների սկուտեղին.
– Եկա՞ր, մարդ ջան…
Վաղուց իրեն «մարդ» էր ասում, ինքն էլ նրան` «կնիկ»: Թոռնուհին «պապիկ» էր ասում: Իր անունը միայն հարևանն էր տալիս, բայց նա էլ վերջերս տեղափոխվեց Ռուսաստան` որդու մոտ: Դրա վրա հիշեց որդուն ու համրաձայն մռմռաց…
– Արտակ, Արտա՛կ… Ա՛խ, Արտակ, Արտակ…
Առաջներում, երբ տղան նոր էր գնացել բախտ որոնելու հեռուներում, մեկ-մեկ սրա-նրա հետ փող էր ուղարկում: Դրանով ապրում էին՝ լավ թե վատ: Հետո կապը կտրվեց: Մի անգամ էլ գրեց, որ գործերը լավ չեն: Դեռ չի կարող վերադառնալ: Ոչ էլ փող կարող է ուղարկել, բայց եթե իրենք կարող են` թող տունը ծախեն, մի տեղ առայժմ վարձով ապրեն, մինչև որ ինքը գումարը դնի գործի մեջ, երկու կոպեկի տեր դառնա: Կնոջ հետ երկար խորհրդակցեցին ու արդեն հարմարվել էին այդ մտքի հետ, բայց պարզվեց, որ տունը վաճառել չեն կարող առանց հարսի գրավոր համաձայնության: Իսկ թե որտեղ է հարսը` Աստված գիտի… Ասում էին` Արտակից բաժանվելուց հետո գնացել է արտասահմաններ: Չկարողացան գտնել: Արտակն էլ նեղացավ, թե` մի տուն էլ չեք կարողանում վաճառել: Արդեն երկու տարի է՝ լուր չունեն նրանից: Կինը գրբացի մոտ էր եղել, ու սուրճի բաժակով տեսել էին, որ որդին կենդանի է, բայց նեղության մեջ: Մի օր գործերը պիտի լավ գնան, ու փողով տուն է գալու: Այդ հույսով էլ ապրում էին…
Աստղիկին չսպասեցին. վերջերս ուշ էր վերադառնում տուն: Ասում էր՝ դասից հետո աղջիկներով հավաքվում, պարապում են: Առանց նրա սեղան նստեցին: Կինը մնացած պոնչիկները կես գնով հանձնում էր հարևանին, որը փողոցի վրա կրպակ ուներ: Նա էլ ուշ ժամերին վաճառում էր պատահական անցորդներին: Ծերունին երբեմն թաքուն երազում էր, որ մի քանի պոնչիկ մնար, որ իրենք ուտեին, բայց այդպես երբեք չէր լինում: Ջահել հասակից սիրում էր այդ պոնչիկները: Գործից հետո ընկերներով մտնում էին պոնչիկանոց, միասին մի հիսուն հատ պոնչիկ վերցնում ու նստում: Մեծ մասը չէին էլ ուտում… Այսպես թե այնպես` նախատեսված չորսուկես հազարի փոխարեն մնաց ընդամենը չորս հազար ու հարյուր դրամ: Կինն անմիջապես երեք հազարը մի կողմ դրեց` վաղվա փողն էր: Հազարը ծախսում էր մթերքի վրա, հազարը տալիս էր Աստղիկին օրվա ծախսերի համար («Ջահել աղջիկ ա, պետք կգա…»), իսկ մնացածը պահում էր տարբեր գնումների ու ամսվա վարձերը փակելու համար: Մի անգամ ամուսնու համար նոր փոխնորդ էր գնել: Դրա համար խիստ հանդիմանել էր կնոջը: Հետո փոշմանել էր ծանր խոսելու համար, ինքն իր մեջ կռիվ արել ու այդպես էլ քնել… Ավելի ուշ նկատել էր, որ կինը նաև իր համար էր նոր վարտիք գնել: Հասկացել էր կնոջն ու տխրել անսահման… Մտքով չէր էլ անցել, որ կողակցին նման բաներ էլ են երբեմն պետք` չնայած առաջացած տարիքին:
Դանդաղ, գրեթե առանց խոսելու, կերան լոբապուրը: Հետո թեյ խմեցին: Արտակի մասին աշխատում էին չխոսել: Ոչ էլ հարսի: Այդ թեմաները միայն ներքին խոհերի ու տառապանքների համար էին:
Աստղիկը դեռ չկար: Կինը գնաց հարևանի մոտ` ալյուր ու ձեթ գնելու, իսկ ինքն անցավ հյուրասենյակ (իրենց ննջարանը Աստղիկին էին տվել): Թաց գուլպաները փռեց, որ չորանան մինչև առավոտ, կոշիկները դրեց պատուհանի գոգին, հանվեց ու պառկեց: Ու երազեց, որ կինը հարյուր պոնչիկ թխի, ինքն էլ վաճառի դրանք մեկ օրում ու փողը բերի տուն, որ վերջապես թոռնուհու համար մի սիրուն շոր գնեն…. Հետո հասկացավ, որ հարյուր պոնչիկը մի սկուտեղի վրա տեղ չի անի: Բայց ինչպե՞ս երկու սկուտեղ ոտքով հասցնի շուկա… Արտակն ինչո՞ւ չի զանգում ու գալիս… Այս մտքերի վրա էլ քունը պարուրեց նրան:
* * *
Առավոտից ոչինչ չէր վաճառվում: Շուկայում աղմուկ էր: Ծանոթներից մեկն ասաց, որ հրուշակեղենի նոր խանութ են բացել մթերային շարքում: Մոտեցավ, նայեց ու ծանոթ հոտը վառեց ռունգերը. նոր թխած պոնչիկի հոտն էր: Դեպի շուկա բացվող սեղանիկի վրա շարված էր թարմ հրուշակեղենն ու… պոնչիկները դրանց մեջ: Նայեց գնին` հարյուր դրամ: Իր գինն է: Նո՜ւյն գինը: Սարսափած փախավ այդտեղից: Ցանկացավ, որ դա երազ լիներ, բայց երազ չէր: Թարմ պոնչիկների ու բուլկեղենի բույրը բռնել էր փողոցը: Ամբողջ օրն անցավ վաճառասեղանների արանքով գնալ-գալով: Միայն հին ծանոթը երկու պոնչիկ գնեց` այն էլ երևի գթասրտությունից դրդված: Մի քանի անգամ շաքարափոշի ցանեց, բայց դա էլ չօգնեց: Իր պոնչիկները սառել էին, իսկ մարդիկ նորաբաց խանութից տաք ու թարմ ապրանք էին գնում ու հաճույքով ծամում: Արդեն ճաշի ժամն էլ էր անցնում: Մոտեցավ հսկիչն ու պահանջեց դրամը: Ասաց, որ ընդամենը երկու հարյուր դրամ ունի: Հսկիչը կասկածանքով նայեց սկուտեղին ու ասաց, որ ավելի ուշ կմոտենա:
Արդեն հույսը կտրած` քայլեց դեպի մյուս շուկան, որ համարյա մեկ ժամվա ոտքի ճամփա էր: Ճանապարհն անցնում էր կրկեսի մոտով: Հանկարծ իրեն թվաց, թե թոռնուհուն տեսավ: Մի քիչ մոտենալով՝ կարողացավ նշմարել Աստղիկի ծանոթ դիմագծերը: Ինչ-որ աղջիկների հետ էր` կանգառից քիչ հեռու: Փողոցի վրա էլ արտասահմանյան մի մեքենա էր կանգնած, ու կիսաբաց պատուհանից մեկը խոսում էր Աստղիկի հետ: Միայն նկատեց, որ շատ կարճ փեշով է: Ու շտապեց գաղտագողի հեռանալ, որ ուսանող ընկերուհիների մոտ թոռնուհուն խայտառակ չանի իր տեսքով ու պոնչիկներով:
Մյուս շուկայում նրան անգամ ներս չթողեցին. այդ շուկայում մեկ ուրիշն էր պոնչիկներ վաճառում: Կանգ առավ փոշոտ մայթին ու հանկարծ զգաց, որ մրսում է: Նաև միզելու ցանկություն առաջացավ: Փորձեց մտնել շուկայի ետևը, բայց մի շուն հարձակվեց վրան, ու հազիվ կարողացավ ազատվել նրանից: Քիչ մնաց սառած պոնչիկները թափվեին սկուտեղից: Ձեռքով մի կերպ պահեց: Մտավ մի բակ, որ այնտեղ փորձի դատարկել միզապարկը: Դա էլ չհաջողվեց` բակում մարդիկ կային: Զգաց, որ չի դիմանում: Դանդաղ քայլերով անցավ միջանցիկ մուտքով` այդտեղ մի դուռ բացվեց, ու շտապեց դուրս գալ փողոց: Հանկարծ զգաց, որ ոտքերը տաքացան: Նայեց ներքև` շալվարը թրջվել էր: «Ախր վաղը ո՞նց եմ գործի դուրս գալու»,- մտածեց նա: Բայց այդ պահին մեկն արմունկով հրեց-անցավ, ու սկուտեղը շուռ եկավ մայթի վրա…
***
Հին կրպակի ու ցանկապատի արանքում մի կերպ կուչ եկավ: Չոր արցունքները հեղեղել էին աչքերը: Ուզում էր իրական արցունքներով լաց լինել, բայց վաղուց մոռացել էր արտասվելը: Մի կերպ հավաքել էր քառասունվեց պոնչիկները (երկու հատն այդպես էլ չգտավ մթության մեջ) ու փորձել էր հնարավորինս գեղեցիկ դասավորել սկուտեղի վրա: «Ախր ես հիմա ի՞նչ անեմ, ո՞նց գնամ տուն»,- հազիվ կարողացավ մտածել. մի բան խեղդում էր կոկորդը: Թաց շալվարը կպել էր ոտքերին, ու մեզը սառչում էր գուլպաների մեջ… Մի մարդ անցավ կողքով, թքեց ու հայհոյեց…
Մի պոնչիկ վերցրեց ու կծեց: Հողի ու ավազի կտորներն ընկան հատուկենտ մնացած ատամների տակ, բայց շարունակեց ծամել: Մաշված լնդերով ու շարժվող ատամներով լմլմեց պոնչիկի կտորը, բայց չկարողացավ կուլ տալ. կոկորդը չորացել էր, ու թուք չկար բերանում: «Բա Աստղիկիս շորը… Բա էրեխեն ի՞նչ պիտի հագնի… Էդ կարճ շորով հաստատ կմրսի…»,- վերջին միտքն էր, երևի, որ կարողացավ բառերի վերածել սառչող ուղեղում…
Քամին գալարվում էր նրբանցքում ու անձրև բերում կեղտոտ ու հոգնած քաղաքին…
* * *
Կինը չկարողացավ դիահերձարան գնալ: Սիրտ չարեց: Հարևանի տղան միայն մտավ ու հաստատեց հանգուցյալի ինքնությունը: Սկուտեղը դատարկ էր: Գրպանում մի կեղտոտ թաշկինակ գտան ու երկու հարյուր դրամ: Մտածեցին, որ մնացած գումարը կամ կորցրել է, կամ էլ գողացել են մոտից: Կախվել էր իր սկուտեղի լարով, որ գիտահետազոտական հիմնարկից էր բերել տարիներ առաջ: