Անդրեյ Տարկովսկի | Գեղեցիկը ճշմարտության խորհրդանիշն է

Անդրեյ Տարկովսկի

Իմ վերջին երկու ֆիլմերը («Նոստալգիա» և «Զոհաբերություն» — Գ. Ճ.) հիմքն են կազմում անձնական տպավորություններիս, սակայն որևէ առնչություն չունեն մանկության և անցյալի հետ, այլ, ավելի շուտ, աղերսվում են ներկային: Ուշադրություն եմ հրավիրում «տպավորություններ» բառի վրա: Մանկության հիշողությունները մարդուն երբեք արվեստագետ չեն դարձրել: Եվ դրա համար հղում եմ ձեզ առ Ախմատովայի կամ Պրուստի պատմվածքներն իրենց իսկ մանկության մասին: Մենք, որոշակիորեն, չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս մանկության խաղացած դերին: Ընդմեջ մանկության կյանքին նայելու և դրանով ամեն բան բացատրելու հոգեվերլուծաբանների սովորությունը սոսկ անհատի անձնազրկման միջոցներից մեկն է: Օրերս հույժ տարօրինակ նամակ ստացա անվանի մի հոգեվերլուծաբանից, որը փորձում է իմ ստեղծագործությունը մեկնաբանել հոգեվերլուծության մեթոդներով: Հայսմ՝ նմանօրինակ մոտեցումն առ ստեղծագործական ընթացքը և արվեստը, եթե կուզեք, նույնիսկ հուսահատեցնող է: Քանզի գեղարվեստի շարժառիթներն ու էությունը շատ ավելի բարդ ու անորսալի են, քան մանկական հիշողություններն ու դրանց պարզաբանումները: Կարծում եմ՝ արվեստի հոգեվերլուծական մեկնությունները չափազանց պարզունակ և անգամ գռեհիկ են:

Յուրաքանչյուր արվեստագետ հընթացս իր երկրային կյանքի հայտնաբերում և իրենից հետո քաղաքակրթության, մարդկության վերաբերյալ ճշմարտության ինչ-որ մասնիկ է թողնում: Որոնումի, փնտրտուքի ինքնին գաղափարն արվեստագետի համար անպատվաբեր է, այն ասես սնկահավաք լինի անտառում, սունկ, որ կա՛մ գտնում են, կա՛մ՝ ոչ: Պիկասսոն նույնիսկ ասում էր՝ «Ես չեմ փնտրում, ես գտնում եմ»: Իմ պատկերացմամբ՝ արվեստագետը բնավ չի գործում իբրև փնտրող-տնտղող մեկը, նրան առհասարակ խորթ է փորձնականությունը («կաշխատեմ անել այս կամ այն» ևն): Արվեստագետը վկայում է ճշմարիտի, աշխարհի՝ իր դավանած ճշմարտության մասին: Նա պետք է համոզված լինի, որ իր ստեղծագործությունն ու ինքզինքը լծորդված և համազոր են ճշմարտությանը: Ես մերժում եմ փորձարարության և փնտրտուքի գաղափարը արվեստի ոլորտում: Ամեն մի որոնում այս բնագավառում, այն ամենը, ինչ որ ձևականորեն «ավանգարդ» են որակում, ուղղակի սուտ է:
Ոչ ոք չգիտե՝ ինչ ասել է գեղեցկություն: Ինքնին գեղեցիկի գաղափարը, մարդկանց ունեցած պատկերացումները դրա մասին պատմության ընթացքում հարափոխվում են փիլիսոփայական հավակնությունների և, սեփական կյանքին զուգահեռ, հենց մարդու հասունացման և զարգացման հետ մեկտեղ: Եվ սա ինձ ստիպում է մտածել, որ գեղեցկությունը, ըստ էության, ուրիշ մի բանի նշանակն է: Բայց հենց ինչի՞: Գեղեցիկը ճշմարտության խորհրդանիշն է: Ես սա ասում եմ ոչ թե «ճշմարտություն և սուտ» փոխհակասության իմաստով, այլ ճշմարիտ ուղու, որ մարդ ընտրում է: Տարբեր դարաշրջաններում գեղեցկությունը (հարկավ՝ հարաբերական) փաստում է գիտակցության այն մակարդակի մասին, որը և տվյալ ժամանակի մարդիկ ունեն ճշմարտության վերաբերյալ: Կար ժամանակ, երբ այդ ճշմարտությունն արտահայտվում էր Միլոսյան Վեներայի կերպարով: Եվ, արդեն ըստինքյան հասկանալի է, որ, ասենք, կնոջ դիմանկարների՝ Պիկասսոյի ամբողջական հավաքածուն, կոպիտ ասած, նվազագույն չափով անգամ չի առնչվում Ճշմարիտին: Բանը թովչանքը կամ դուրեկանությունը չէ, այլ՝ համանվագ, թաքուցյալ գեղեցկությունը, գեղեցկությունն իբրև այդպիսին: Փոխանակ փառաբանելու գեղեցկությունը, փորձել ներբողելու այն, փոխանակ հայտնելու և հավաստելու դրա մասին՝ Պիկասսոն գործում էր իբրև դրա կործանարար և իբրև պարսավիչ մեկը: Գեղեցկությամբ արտահեղված ճշմարտությունն առեղծվածային է, այն չի կարող վերծանվել և բառայնորեն բացատրվել: Մինչդեռ երբ մարդ արարածը, անհատականությունը մերձակցում է այդ գեղեցկությանը, ընդհարվում նրա հետ, կանգնում այդ գեղեցկության առջև, նա զգայում է նրա ներկայությունը՝ թեկուզ հենց մարմնով անցնող սարսուռով: Գեղեցկությունն ասես հրաշք է, որի ականատեսն էլ ակամա մարդն է դառնում: Ահա սրանում է ամբողջ խնդիրը:
Ըստ իս՝ մարդ արարծն ստեղծված է ապրելու համար: Ապրելու՝ առ ճշմարիտ ուղին: Ահա թե ինչու է նա արարում: Որոշակի առումով մարդն ստեղծանում է հընթացս հենց այդ ճշմարիտ ուղու: Դա նրա գոյության միջոցն է, իսկ ստեղծագործության շուրջ արվող հարցադրումները («Ու՞մ համար են մարդիկ ստեղծագործում», «ինչի՞ համար են ստեղծագործում» ևն), ըստ էության, անպատասխան են լինում: Իրականումյուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործության ոչ միայն սեփական ընկալումն ունի, այլև արվեստին ուղղված սեփական հարցերը: Սա զուգորդվում է ճշմարտության վերաբերյալ վերը ասվածի հետ, ճշմարտության, որը մենք առաջ ենք քաշում և որին նպաստում ենք մեր փոքր ուժերով: Հիմնակազմիկ դերն այստեղ բնազդինն է, արարողի բնազդինը: Արվեստագետն արարում է բնազդաբար, նա չգիտե՝ ինչու է տվյալ պահին այս կամ այն բանն անում, գրում դրա մասին կամ նկարում հավաստյավ հենց դա: Եվ միայն հետուստ նա սկսում է վերլուծել, մեկնաբանել և խորհրդածել՝ արդյունքում հանգելով պատասխանների, որոնք ընդհանուր ոչինչ չունեն բնազդի, ստեղծանելու, արարելու և իրեն արտահայտելու բնազդային պահանջմունքի հետ: Արվեստը, որոշակիորեն, մարդու հոգևոր էության արտահայտությունն է՝ ի ներհակություն նրա ֆիզիկական էության, այն կարծես այդ հոգևոր արարածի գոյության վավերացումը լինի: Մարդկային գործունեության ասպարեզում ոչինչ այնքան անհիմն, աննպատակ և ինքնաբովանդակ չէ, որքան ստեղծագործականությունը: Եթե մարդկային զբաղմունքներից մի կողմ թողնենք շահույթ կորզելուն միտված ամեն մի բան, ապա որպես արդյունք միմիայն արվեստը կմնա:
Հայեցողության ներքո ես հասկանում եմ ընդամենը այն, ինչը ծնունդ է տալիս գեղարվեստական կերպարին կամ մտքին, որը և մենք ձեռք ենք բերում այդ գեղարվեստական կերպարի վերաբերյալ: Այս ամենը, սակայն, խիստ անհատական է: Գեղարվեստական կերպարը և դրա իմաստը կարող են բխել լոկ դիտարկումներից: Եթե չենք հիմնվում հայեցողության վրա, ապա գեղարվեստական կերպարը փոխարինվում է խորհրդանիշով, ասել կուզի՝ մի բանով, որն արդեն բանականությամբ է բացատրվում: Այդժամ գեղարվեստական կերպարն այլևս գոյություն չունի, քանզի այն արդեն չի արտացոլում մարդկությունը, աշխարհը: Ճշմարիտ գեղարվեստական կերպարը ոչ միայն թշվառ արվեստագետի մարդկային խնդիրներին, ցանկություններին ու պահանջմունքներին պետք է քննախույզ լինի, այլ նաև պետք է արտապատկերի աշխարհը: Բայց ոչ թե արվեստագետի աշխարհը, այլ՝ առ ճշմարտություն մարդկության ուղին: Հոգևորի հետ ունեցած կապի սովորական զգացողությունը, որը վեր է մեզանից և միաժամանակ ապրում է ստեղծագործության մեջ, լիովին բավական է այն իբրև հանճարեղ արժևորելու համար: Ահա սրանում է հանճարի իսկական կնիքը:
Ժամանակ կար, երբ կարող էի թվել մարդկանց անուններ, որոնցից ազդվել եմ և որոնք իմ ուսուցիչներն են եղել: Այժմ, սակայն, մտքումս միայն «գործող անձինք» են՝ կիսով չափ նվիրական և նույնքան էլ խելագար: Այդ «գործող անձինք», թերևս, դույզն-ինչ համակված են, համակված ոչ թե չարքերով, այլ կարծես «աստվածախևեր» լինեն: Ողջերից ես կնշեմ Ռոբեր Բրեսոնին, ննջեցյալներից՝ Տոլստոյին, Բախին, դա Վինչիին… Ի վերջո, նրանք բոլորն էլ խելագարներ էին, քանզի բացարձակապես ոչինչ չէին տնտղում իրենց գլուխներում:
Նրանք մտքով չէին արարում… Նրանք թե՛ վախեցնում և թե՛ ոգեշնչում են ինձ: Առհասարակ հնարավոր չէ բացատրել նրանց արվեստը: Հազարավոր էջեր են գրվել Բախի, Լեոնարդոյի և Տոլստոյի մասին, բայց արդյունքում և ոչ ոք չի կարողացել բան-ինչ բացահայտել: Ոչ մեկը, փառք Աստծո, չի կարողացել գտանել, դիպչել ճշմարտությանը, շոշափել նրանց արվեստի էությունը: Սա արդեն ավելորդ անգամ է վկայում, որ հրաշքը անմեկնելի է…
Բառիս գերադրական իմաստով՝ ազատությունը և մանավանդ՝ ստեղծագործական, գեղարվեստական ազատությունը, իբրև այդպիսին, գոյություն չունի: Անշուշտ, ազատության գաղափարն առկա է, դա սոցիալ-քաղաքական կյանքի իրակությունն է: Տարբեր երկրներում մարդիկ ապրում են՝ շատ թե քիչ ազատություններ ունենալով: Բայց, հարկավ, ձեզ հայտնի են նաև դեպքեր, որոնք ցուցանում են՝ եղել են մարդիկ, որ ամենահրեշավոր պայմաններում անգամ իրենց մեջ չլսված ներքին ազատություն և մեծություն են կրել: Ինձ թվում է՝ ազատությունը ենթակա չէ ընտրության. ազատությունը հոգեվիճակ է: Զօրօրինակ, հնարավոր է սոցիալապես և քաղաքականապես միանգամայն «ազատ» լինել, բայց այդուհանդերձ խորտակվել ամեն ինչի անցավորության, ներփակության և ապագայի բացակայության զգացողությունից:
Ինչ վերաբերում է ստեղծագործելու ազատությանը, ապա դրա մասին ընդհանրապես անհարկի է վիճելը: Արվեստի և ոչ մի տեսակ ի զորու չէ գոյառելու առանց դրա: Ազատության բացակայությունն ըստինքյան արժեզրկում է գեղարվեստական ստեղծագործությունը, քանզի այդ բացակայությունը վերջինիս համար արգելանք է դառնում գեղեցկագույնս արտահայտելու ինքզինքը: Ազատության այդ բացակայությունը, ի վերջո, հանգեցնում է նրան, որ արվեստի ստեղծագործությունը, թեպետև գոյում է նյութապես, այնուհանդերձ, իրականում գոյություն չունի: Ստեղծագործության մեջ մենք չպետք է լոկ ստեղծագործությունը տեսնենք: Բայց, ցավոք սրտի, 20-րդ դարում տիրապետող է այն միտումը, երբ անհատապաշտ արվեստագետըարվեստի գործ ստեղծելուն ձգտելու տեղակ այն ծառայեցնում էսեփական «ես»-ով աչք ծակելուն: Այդու, արվեստի ստեղծագործությունը դառնում է հեղինակի «ես»-ի արտահայտիչը և վերածվում է, այսպես ասած, նրա խղճուկ հավակնությունների ձայնափողի: Այս ամենը ձեզ շատ ավելի լավ է հայտնի, քան ինձ: Սրա մասին շատ էր գրում Պոլ Վալերին: Այնինչ ճշմարիտ, իսկական արվեստագետը, իսկ հանճարը՝ առավել ևս, իրեն շնորհված բնատուր տաղանդի ստրուկն է: Իր այդ շնորհով նա պարտական է այն մարդկանց, որոնց հոգևոր սնուցման և որոնց ծառայելու համար էլ կոչված է: Ահա թե ինչ ասել է ինձ համար ազատություն:

1986 թ., հոկտեմբեր
—————————
Թարգմանությունը ռուսերենից՝ Գևորգ Ճաղարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *