Լևոն Շահնուր | Անունս Յոհան Ֆիշեր է

Լևոն Շահնուր

Թագաւորին կողմէ իշխան մը բանտ կը ղրկուի Սանդուխտը տարահամոզելու, բայց այն ալ կը հաւատայ 50 ընկերներով, եւ դարձեալ 200 հոգի կը նահատակուին թագաւորին հրամանով։

«Ազգապատում» Մ. Օրմանյան:

Նայում եմ սեղանի անուն ազգանվանն ու նկարին.
-Եթե ուզում եք շուտափույթ սովորել լեզուն և հետագայում արագ հարմարվել-ապրել Գերմանիայում, ուրեմն մտե՛ք կերպարի մեջ. այսուհետ Ձեր անունը Յոհան Ֆիշեր է:
Սկզբում ընդիմանում եմ՝ չի ստացվում, ուզում եմ հավատալ գերմաներենի դասախոսին ու փրկվել, բայց…սա նման է, երբ ընկղմվում եմ հայելուց ցածր անկողնու մեջ ու արտացոլվում են սենյակիս բոլոր առարկաները, բացի ինձանից, «Ահ» է ընկնում սիրտս՝ տեսնում եմ հայելին, բայց ես չկամ այնտեղ (սթափությամբ գրված):
Մի շաբաթ անց, երեկոյան ժամ, հայկական խոհանոցում, երբ արդեն Յոհանը մասնագիտությամբ բժիշկ է, ունի կին, երեխաներ, տուն, հասցե, սիրած աղցանի անունը՝ մանր խմորագնդիկներով Շպեցլե, կարճ ասած, երբ այս ամենի պատասխանն արդեն գերմաներեն ունեմ՝ մոտ երեք մետրի վրա երգիչը Կոմիտասի Մոկաց Միրզա՝ հազար ափսոս է երգում, թառահարը առանց նվագակցելու՝ կմախք-դինոզավրի հայացքով լուռ նոտաներ է վերցնում երեսիս, փորձում եմ պատկերացնել, թե ես ինչ (կամ) եմ երևում նրա աչքին, (լա՛վ, վերջում կհարցնեմ) մատներս բռնում են բաժակի վզից ու սպասում մինչ ընկերներիցս մեկը կվերջացնի խոսքը, որ ցանկանում է պապին բերել էս ռեստորան՝ հին մարդ է, սիրում է նման երգեր…ու.
-Տղե՛րք, իմ անունը Յոհան է…
Խմում եմ. բացի այդ կողքի սեղանից մի կին ուշադիր նայում է ինձ. այսօր հասկանում եմ, որ կանացի հայացքի տակ հարբելն աշխարհում ամենաջերմ թուլությունն է, վերջը ո՞ւր ես գնում, այս հարցը տարօրինակ բաներ է արթնացնում, հիմնականում՝ արարածներ…
Հարբած եմ. անընդհատ զգում եմ ոնց են ճեղքում ու միջիցս գնում իմ Կիկոսները (Կիկոսը մի երևույթ է, որոնք ծնվում ու հեռանում են, բայց քեզ թվում է՝ նրանք չեն էլ ծնվել, Կիկոսները ներսիս մարդիկ են, որ ամեն րոպե խոսում են հետս), մեկը խենթացած դիմացս հռհռում է՝ Փարիզի հոգեբուժարանում, և բժիշկն ասում է. հեռացե՛ք՝ իր համերկրացիներին տեսնելուց վատ է զգում, մյուսը Գերմանիայում ինձ թողնում ու զենքով վազում է սատկացնելու, Ռուսաստանի Կիկոսներս… Անգլիա: Ֆրանսիա: Ամերիկա:
Ես այն երաժշտությունն եմ, որի ներսից քիչ-քիչ դուրս են գալիս երաժիշտները:
Կիկոսներիցս մեկը շաբաթը չորս անգամ զանգում է. «Թող ու արի ախպեր, ինչ կա էդտեղ՝ սոված կսատկես…»: Արդեն ճանապարհին եմ, ուղղակի ինձ հարկավոր է մինչև վերջին Կիկոսներին ցրել հոգուցս, որ մնա միայն Յոհանը. ձիու պես դժվարաժպիտ, դժվարամարս երեսով, որ հետախույզի բռնված հայացքով նայում է գերմանուհու հուշիկ քայլերին ու Յոհանը կաթնամթերք գովազդող ընտանիք է երազում: Ընկեր-Կիկոսներիս հաջողություն եմ ասում, դուրս եմ գալիս ռեստորանից զանգում եմ ընկերուհուս:
Վանել, դուրս թափել. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,Վահագն ահա՛ – մանուկ գեղանի: Բոց մորուքով, Հուր շրթունքով, Հուր հեր գլխին – հրեղեն պսակ, Եվ աչերն են զույգ արեգակ։
Գույն. հեռանալուց առաջ, և առաջին անգամ ներան հագուստ եմ գնում: Կարմիրի մեջ կսիրեմ քեզ՝ Վահագն-Կիկոսի հրով, որդան կարմիրի ու մանրանկարչի խոշոր աչքերով…խորը շունչ առնող կրծքեր, ու ընդհանրապես ռիթմից ընկած, աթոռից նոր ելած տափակ հետևներ, ու ընդհանուր առմամբ՝ ուղիղ գծով կրունկներին հատվող շարժվող մկաններ.
-Ես գնում եմ իմ Կիկոսին գտնելու, չէ՛ գրաբարյան իմաստով՝ խնդրելու… հիմա որն է սազո՞ւմ ինձ, ոչ մեկը` էսօր տկլոր արի, մեկ է բոլորն էլ գիտեն ներսի եղածը: Վաճառողուհին ծիծաղում է, ցնդելու բան, զարմանում եմ, թե ոնց գտավ իր մանկության առաջին տիկնիկին ու պահեստային ծիծաղեց՝ բոլ, զիլ, աչքերն արցունքոտելու աստիճան ու չի՝ «չի՛» հանգստանում, քիչ է մնում ես էլ գտնեմ Դավրիժեցու հիշատակած գայլամարդուն ու հռհռանք: Խանութից դուրս ենք գալիս, մոտակա մի քանի քայլում՝ մտովի դեռ հետաշրջում եմ վաճառուղուհու ենթադրյալ և հաստատապես քթի տակ ծվարած ժպիտին՝ այդ մի րոպեի չափում մարմինս տիրոջը կորցրած շան նման հոտոտում է տարածքն ու շրջապատի ձայն-հոտերից մեկուսանում՝ մինչ ներա հարցը.
-Ափսոս որ գնում ես:
-Հա, ափսոս, հազար ափսոս Մոկաց Միրզեն…
«Խաղ. ծնկների հոդախաղ՝ առաջխաղացում, կյանքը խաղ է»:
Ողբ. աչքերս փակում ու փռվում եմ կոպերիս հետևում վառվող կրակների մեջ…խղճիս չի նստում նկարագրել այս օրվա արևին, որն այնքան հեռու է ինձնից, միայն կասեմ՝ արևոտ օր:
-Ինչի ես գնում, ամուսնացի մի լավ աղջկա հետ՝ ապրի, երիտասարդ լինեի քեզ էնքան կսիրեի, որ չէիր էլ փորձի գնալ, բայց տարիներ կան մեր միջև. – ասաց նե:
-Ամուսնանալու բան չկա…սեր, սեր, սե՛ր, էս երեքի հաշիվները քո մեջ եմ փակում, ինձ հեռանալը կփրկի…կմնամ, չէ՛, իրոք, ուզում եմ մնալ, տիտիկ տալ ու անիծել բոլորին՝ հաստ ծառի տակ նստացնել ու նզովել. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», ամբողջ իմ ցնդած կյանքում սրա դեմ եմ պայքարում, հակառակվում, ով անիծեց ինձ ու մեզ՝ իմաստուն հայր…գուցե փախնում եմ օտարություն, որ հանեմ սա վզիցս, ու ասեմ՝ ու ռիսկով բացականչեմ. ապրե՛ք երեխեք ու ին՛ձ պես ապրեք…Որտև չեմ ուզում ես նույնպես պապերիցս բերել՝ մաղթել-անիծել-աղերսել երեխաներիս, եթե այդպես էր՝ կար դարեր առաջ, ուրեմն վաղուց մեռած եմ ու միայն համբերում եմ, որ ժամանակը գա հայտնելու այս խրախճանք-խնդրանքը…ուժերս հավաքելով փորձում եմ պոկվել ծանոթ վախից, բայց վախը հնուց եկած բնազդով՝ խուսափում է թակարդներից ու կատաղաբար գործել է ուզում՝ շարժվել:
-Ոնց որ էս դարից չլինես:
-Ճիշտ (Ա), ինձ թվում է անցած դարում գլուխս դրել եմ կոշիկ մաքրողի կոշկասեղանին ու մռռռ…մռռ (ամոթ է, մեզ են նայում), մռռռ…դու էլ իմ կիկոսներից մեկն ես, որ լրբի նման փախել ես մոտիցս՝ կողքիցս՝ կողոսկրիցս…
-Էստեղից ես թեքվում եմ: Խմած ես, ուզում ես տաքսի կանգնացնեմ…
Թաթով ջնջում եմ ներան էլ տաքսին էլ, ձեռի հետ կողքովս անցնող տիկնոջն ու շուռ եմ գալիս, գուցե չեմ շրջվել, առանց դրա էլ հազար անգամ տեսել եմ ներա կրունկները ոնց են հեռանալիս ու ներանից գաղտնի աչքով անում՝ հռհռում դեմքիս՝ միայն գոռում եմ.
-Հիշիր՜, քո մեջ եմ փակել սիրո հաշիվները…(հիմա մեր տղերքից շատերը քեզ նման մեկի մեջ են փակում սերունդի հաշիվները (սթափությամբ ավելացված):
Քայլում եմ՝ խաղ. պարսկական մզկիթի բակն ինձ դուր է գալիս, լուռ ու բացի այդ սա հին ճարտարապետություն է. փորձանք. հոլը մանկության լավ խաղերից էր, ինչքան հեռու էիր նետում մեկ է ֆռալով մոտդ էր գալիս…մի աղջիկ գլուխը կախ կռկվել է նստարանին, բայց, գնամ հո չեմ խոսելու, լեզուս էլ փաթ է ընկնում, չէէ, մոռացել ես կասկադի բակում, ո՞ր հայ աղջիկը քեզ ուղարկեց ոստիկանների հետ, ու ինչի համար, «հա ինչի համար» կրկնեց ոստիկանի կոլեգան. օտարերկրացին քաշքշում էր աղջկան. – ասաց Կիկոսներիցս ամենախրոխտը: Գլխներիս հայրենասեր եք դառել…
Իրոք որ, հայրենասեր, հայրենասեր, մի զույգ շոր մեզ բեր հեռու երկրներից՝ Բլոճ մանկատուն…չէ, կմնա՛մ, հեռուստաալիքով նայիր ինձ, տե՛ս. Լաց. «Հայրը լացում է՝ կճմտվելով որդու հայացքից, մայրը չկա, ո՞ւր է, աա պոռնիկը թողեց գնաց, շշունջ՝ գուցե մահացել է, ամեն դեպքում հեռացել է՝ պոռնի՛կ…Լաց-օգնական. խանութների ցանցը տոպրակներով, լուսարար բանկից ու ճապոնիայի Կումամոտոյից գումար, սառնարան, զուգարան իր նստելատեղով ու նստողով, մի փոքր մեջքս ուղղեմ՝ ահա տեսախցիկը, էնպես արա լացելուց գրկեմ ՝ նկարես, գրկեցի: Պատգամավոր-ողորմությունը հանձնելու պահ. ներսից ինչ-որ ընդոծին ծծում է թոքերի օդը…»: Փակել՝ աչքերն ու բերանը. բուդայական ծես:
Գայլախտ. նրանք աչքի տակով են սովորել նայել, որ ավելի քիչ տեսնեն՝ անհանգստանան:
Մեր քարայծերի պես ոտքերս առաջ գցելով, ձիգ՝ սիրում եմ ջենթլմեն բառը ոնց որ օղու վերջին կաթիլը չլմփա բաժակիդ մեջ: Մասիսն ու Սիսը թողնելով հայրենադարձներին, որ սարերի դիմացից տուն առնեն քոչող ընտանիքից՝ գնում եմ, այսինքն ինձնից հեռանում են Խորենացի-Կիկոսը, Անդրանիկ-Կիկոսը, Մանկության-Կիկոսները, Կիկոս-կարիերիստը, ու եթե բախտն Աստծո մեկ այլ անունն է, ուրեմն նա նույնպես թողնում է ինձ:
Կիկոսախումբ. նե դուրս է եկել այն տաքսու վարորդի անհանգիստ շարժումից՝ ով անընդհատ նայում էր հեռախոսի համարին, որ մի բժիշկ էր նստել ու թողել կրծող գումարի կոտորակում՝ 12000 դոլար, երիկամի փոխարեն. հոլիվուդյան ֆիլմում՝ բերանը ծուռ. -Մաքուր գործ: Բանվորը ընդմիջումների հետ մտածում էր երեկոյի մասին, երբ կանգառում մի գոմիկ շշնջացել էր. էսօր արի ես կին լինեմ դու տղամարդ`20000 դրամ: Վաճառողուհին լսել էր հաճախորդների խոսակցությունը. 400 գրամ արյան դիմաց տալիս են 12000 դրամ: Ու նե նրանց միջից էր քայլում, և այնքան տխուր, հոգեպես ճնշված, որ անգամ նման տխմար առաջարկներ չէին հնչում իր մոտ. (ենթադրություն կողքիս հպվող պատահական անցորդուհու մասին): Արդեն խառնում եմ ու եղած-չեղած Կիկոսներից՝ երազ տեսնողին արագ վռնդում է Յոհանը. «Երազումս թվում էր թե մի անծանոթ երկրում եմ՝ մի լեռան մոտ, մի ծիրանագույն կին երևաց, որ բռնված էր ծննդի երկունքով…»:
Այս մտքերն ունայնություն են թվում ինձ, առավոտյան երբ սթափվեմ՝ կանցնի, բայց արթնացա ու Յոհանն ինձանից առաջ ընկնելով սուրճ է պահանջում՝ նորից ու էլի դանդաղ գլորվում եմ անկողնու անհանգիստ փոսի մեջ. զգում եմ, որ իրար հերթ չտալով Կիկոսներս հեռանում են՝ անհասցե, հեռու, անտեր ու ամբողջ ազգի ողբն ականջներում…
Հարբած ժամի՝ թառ նվագողին հղած Յոհանի հարցն ու ինձանից միայն խոտաճարակ, նվազող հայացքը՝ նույն թառին տմտմբացնող մատներին.
-Ինձ հետաքրքրում է՝ ին՞չ էի թվում ձեր աչքին՝ միայն անկեղծ:
-Այ քեզ բան… մա՛րդ, տղա ջան, բոլորի նման…
Սրանից լավ պատասխան չկար, միշտ զարմացել եմ, որ իմ հարցերին սովորական մարդիկ երկնային իմաստությամբ են պատասխանում: Հետևաբար բոլորի պես՝ այսինքն ես էլ Հիսուսի ու թառահարի Կիկոսն եմ, որ ես էլ իմ հերթին էստեղ-էնտեղ իմ Կիկոսներին եմ փնտրում: Գիտեմ, որ կործանվում եմ ու ժամառժամ նրանք ծնվելով ինձնից հեռանում են. կայարանում դադար առած մարդու նման ճմռվում եմ քրտնած աթոռին: Վերցնում ու ճղրտում եմ նկարներիս ալբոմը՝ 3 օրականից մինչև անցած տարվա մի քոսոտ ձորի բնապատկերում, ու Յոհանը՝ եղանակով ցուրտ, ամսով երևի կարիճ, անհայտ երկրում, մշուշոտ մի այգում նստում է ջրհորի կողքի նստարանին՝ ինչ-որ բան հիշելու իր անցած-գնացած, մեռած ու զզված կյանքից, որովհետև «վերադառնալ բառն իսկ մտային թուլության նշան է»: Բայց-որ կրկին հարցնելու լինեն.
-Ին՞չ է քո անունը: Եվ ին՞չ ես այստեղ փնտրում օտարակա՛ն:
Նա առանց ընդդիմանալու կպատասխանի՝ Յոհան Ֆիշեր է իմ անունը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *