ՏԱԹԵՎԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ | Երեք երգ Բեատրիսին

Տաթև Խուրշուդյան1 .

Պատուհանից խլելով քո ծիծաղի գույնզգույն երանգները`
քամին ծաղիկներ է ասեղնագործում գարնան ծառերին:
Չեմ հասկանում, թե ինչ ես բլբլում հիմա,
բայց շոյում եմ խոսքերիդ նոտաներն ամենայն քնքշությամբ:
Քո բառերն անհնար է թարգմանել:

Ես արագ-արագ կրկնում եմ այս տողերը,
միաժամանակ գունավոր թղթեր փնտրելով,
որովհետև սպիտակ մտքերը չեն գրվում սպիտակ թղթի վրա,

և արդեն որերորդ անգամ լսում եմ հորդ ձայնը.
“Նաֆնա՞ֆն էր մեծ եղբայրը, թե՞ Նուֆնուֆը”…

Կեսգիշերին, քո քնելուց հետո,
խաղալիքներդ լվանալը հորդ հետ զրուցելու ամենահարմար առիթն է.
ես ու հայրդ չափազանց հոգնած ենք իրար կարոտելու համար:

Իմ գիշերներն ու ցերեկները միահյուսվել
և անցնում են
արդուկ-լվացքով,
մաքրել-կերակրելով,
հաչել-մլավելով,
մաշենկա-արջով,
բոքոնիկով,
կարմիր գլխարկով…

Բայց
այս ամենը լոկ մեկ ակնթարթ է լինելու,
ինչպես ձյան փաթիլը տաք ափի մեջ,
և տարիները գլորվելու են թանկարժեք մեքենայի խելահեղ արագությամբ,
Ես ու հայրդ
ինչքան ասես մենակ մնալու ժամանակ կունենանք,
մենք միասին հանգիստ կտեղավորվենք քո օրօրոցի մեջ
ու ժամերով կզրուցենք…

…Ինչ լավ է, որ անձրևն ապակուց այն կողմ է,
այլապես կլվանար փոքրիկ մատնահետքերդ,
որ դրոշմված են մեր տան բոլոր պատուհաններին…

2.

Անհնար է,-ասում եմ ինքս ինձ,-
որ այս մի քանի փաթիլ ձյունը
կարողանար այսքան լավ քողարկել
իմ ու հորդ բաժանման մտադրությունը,
որ երեկ գիշեր թողեցինք փողոցում…

Անհնար է,
որ մի քանի օրվա մեջ այսքան մեծանայի,
կամ սերն այսքան փոքրանար վրայովս,-
ասում եմ…

Թեպետ
այս մի քանի փաթիլ ձյունը…

…գրիչս կուլ է տալիս ձյան մասին ամենագեղեցիկ խոսքերը,
երբ լսում եմ, թե ինչպես ես փորձում “’մամա” բառը:

3.

Տարիներ անց
ես քեզ կպատմեմ այն, ինչը գրեթե ոչ մի մայր
չի պատմում իր աղջկան:
Մենք միասին
կինո, թատրոն և ամեն տեսակի ակումբներ կգնանք,
կզրուցենք ամենատարբեր թեմաներով,
կճանապարհորդենք,
կուսումնասիրենք նորանոր տղամարդկանց:
Քո ընկերները կսիրահարվեն ինձ,
իմ ընկերները` քեզ…
Երբ նրանցից մեկը կոտրի սիրտդ տարիներ անց,
ես կգրկեմ քեզ,
ու մենք, հատակին պառկած, ժամերով լաց կլինենք:
Հետո մեզ կմիանա հայրդ:
Ես ինձ յոթերորդ երկնքում կզգամ,
տեսնելով, թե ինչպես է կյանքը լցվում քո մեջ,
և ինչպես ես դու սիրում լսել այն ամենի մասին,
ինչը գրեթե ոչ մի մայր չի պատմում իր աղջկան…

© Տաթևիկ Խուրշուդյան, 2008թ.

Share Button

11 Կարծիք

  • Մանե says:

    shat lavn er…huzvelu astichan..kardum es,uzum es voch mi bar bac chtoxnes..barer@ karces eraknerovs hosein…apres !!!

  • Vahram says:

    ապրես շատ լավն էր

  • Կարեն Անտաշյան says:

    Տաթուշ կներես, էս նկարը ոչ քո հետ կա ունի, ոչ Բեատրիսի, սա նկարել եմ շատ տարիներ առաջ… երևի հենց նրա համար, որ էսօր դնեմ էս բանաստեղծության հետ, կարդամ ու դարդալամիշ ըլնեմ 🙂

  • Տաթևիկ Խուրշուդյան says:

    Կարեն ջան, շնորհակալ եմ քեզ և բոլոր այն մարդկանց ովքեր կարդում են…

  • Անահիտ says:

    էս վերջերս որ ժամանակակից պոեզիա եմ կարդում չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ………քո գրացը շաաաաաաաաաատ լավն ա…..անկեղծա….էտ սարքովի բանը չկա………..չկա անիմաստ բառերի շարանով եսիմիչ անիմաստ պատկերներ,ամեն ինչ էնքան ապրված ա…շատ սիրեցի Բեատրիսին…….ՃՃՃՃՃՃՃՃ….

  • Arqmenik Nikoghosyan says:

    Տաթև ջան, ապրես, մի հատ հեռախոսիդ համարը հասցրու ինձ, պետք ես:

  • Այգ Պետրոսեան says:

    Հիանալի բանաստեղծություն է…

  • H. HAYK says:

    Դժվար է ասել բանաստեղծություններն ավելի շատ քո մասին են, թե Բիատրիսի, բայց երևի պետք էլ չեն, ուղղակի հարազատության, հանգստություն, ապագայի հույսերի ու ներկայի հուսախաբությունների, հպարտության ու կարոտի շատ նուրբ ու հուզիչ հյուսվածք է…հա ու ի տարբերություն Չարենցի երգերի,,,էստեղ ճանապարհը չէ էականը, այլ ժամանակը…, որը ի վերջո ամենինիչ կտեղավորի Բեատրիսի օրորոցում…

  • Arevik says:

    Xosq chka, hrashq gorca… apreees

  • Մ.Մ says:

    ՍԻՐՈՒՆ Է, ԽՈՍՔԵՐ ՉԿԱՆ,,,

  • marianna vardanyan says:

    tat es amenayn manramasnutyam chashakeci ergerd u enqan haskanalov, che vor Anjelinayi masin im erger@ ases qeznic goxacac linem
    Marianna Vardanyan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *