Լուսին Ստեփանյան | Լավ լուր. «Ցավոք, ողջ են մնացել»

Լուսին Ստեփանյան

Սուտ է
Հասկանո՞ւմ ես քամու զմրսած հառաչը
Պատերազմը կնճռոտած դեմքով դեռ վայրահաչում է
Իսկ մարդիկ գրատախտակին ծեփված կավիճ են
Գրվում, ջնջնվում են ճերմակ-ճերմակ ոտնահետքերը մաքրելով
Իսկ մենք հրճվում ենք մեր ամառային արձակուրդով
Լողում ենք մազից կախված լողազգեստով
Օրը սկսում ենք պատերազմի մասին նորություններով
Հոտը դիպչում է մեր քիմքին
Քամին խելագարվել է հանդիպելով ինչ-որ տեղ պատերազմին
Ու տե’ս, հիմա ափին է սարսափած դեմքով
Սուտ է
Հասկանո՞ւմ ես, թե պատերազմը հեռվում է
Ծովի ալիքները գժվել իրենց ծեփում են ժայռերին
Քարերը վախից փշրվել ձուլվել են ծառերին
Ու խեղճացել են բոլորը
Առնելով պատերազմի հոտը:
Սեպտեմբերի մեկ

Սովորել օտար լեզվով գրքերի էջերում ծալքեր թողնելը
Էջերից կախված փոշոտ բառերը
Բառերը հագնելն ու կոճակները մի կերպ կոճկելը
Տառերի լեզվական ծալապատկումները
Մտքերին պատշգամբից թափ տալը
Վայրէջքի մայրուղով գլխիվայր չընկնելը:
Սովորել ամեն օր զինծառայության պարտքը կատարելը
Թշնամուն սիրելն ու մերձավորից սպանվելը
Գնդակից վրիպելն ու չխոցվելը:
Սովորել աշնան կոշիկներով անհանգիստ ապրելը
Սեղմվելն ու ինքդ քեզ էշի տեղ դնելը
Երջանկությանը մի կերպ դիմանալը
Փախչել գետի մոտ, շնչահեղձ լինելը
Գետին՝պարոն ծով, ծովին` տիկին գետ պաշտոնական դիմելաձևը
Նրանց դիմում-բողոքներ գրելը:
Սովորել վաթսուննանցերի մեջ ծնողի ձայնը լսելը
Խելագար սիրել ու սիրահարվելը:
Սովորել ամեն ինչ ճշտությամբ անելու ձանձրությանը
Հանկարծ չսխալվելու սարսափահարությանը:
Սովորել սովորեցնել պարբերաբար սխալվելը
Սխալներից հետևությունանելը
Նորից սխալվելն ու՝գլխին տալը:
Սովորել սովորեցնել մի քիչ սխալ ապրելը
Մի բան պատով տալն ու բղավելը:
Սովորել ապուշ դմփոցի տակ տանգո պարելը
Կուլտուրականի՝անկուլտուրականը
Անկուլտուրականի՝կուլտուրականը:
Սովորել մենության մահախոսական գրելը
Երկուսություն ամրագրելը
Մենություն տենչալ ու երկուսությունից կառչելը
Արձանագրությունը պատռել ու կրկին սոսնձելը:
Սովորել զրոյից հետո
Այլևս չվրիպելը
Նորից վրիպելն ու զրոյից սկսելը:
Սովորել աստղերին ազգային տարազից մերկացնելը
Արևի միհատիկությանը
Ամպերի շուրջօրյա ճամփորդությանը:
Սովորել գլխից կրակել շատախոսությանը
Մուտքի վիզա ուղարկել լռությանը:
Սովորել ծիծաղի էթիկայի կանոնները
Խախտելիս՝տույժ ու տուգանքի ենթարկվելը:
Սովորել ժամանակի հետ վիճաբանության մեջ չմտնելը
Ձեռքսեղմումը
Զգաստությանը տնից վռնդելը
Թքած ունենալուն տուն հրավիրելը
Բաղաձայններին ուշադիր լսելը
Ստորակետերով խոսելը:
Սովորել թղթե ինքնաթիռներ պատրաստելը
Կործանելն ու նավակ դարձնելը
Նավակներին ճանապարհ դնելը
Վերադարձին չսպասելը:
Սովորել խոսքերը լվանալ-արդուկելը
Հոծ գիծը հանկարծ չհատելը
Ախտահանել ու կարկատելը:
Սովորել ամեն օր մեռնել, արթնանալը
Քաղաքակրթվել, վայրենանալը:
Սովորել առաջվա պես ստանալ երկուսները
Ամեն օր գծել մինուսները,
Գերազանցիկների մեջ լինել ծույլիկը
Հինգերը թողնել խելոքներինը
Սովորել
Սովորել, սովորել, սովորելը
Ամեն օր բացել սեպտեմբերմեկյան էջը,
Ու միշտ լինել առաջին դասարանը:

 

***

Նրանք ոռնում էին ու լացում
Կախվում էին լայնափեշ տաբատիս եզրերից
Բարձրանալով դիպչում էին սրտիս
Ճանկերով խրվում էին, պատռում աչքերիս բիբերը, որ կուրանամ
Ծակում ականջներիս դրսի ու ներսի զգայարանը, որ համրանամ
Դուռս չթակած մտնում էին ներս
Հարվածում, հարվածում, հարվածում էին
Մրսում էի նրանց հետ
Խլում էին ջերմությունս, երեկս, այսօրս, վաղս
Բոլոր երեկները, վաղվաններն ու այսօրները
Ու մի բան պոկած հեռանում էին
Ու մի բան թողած հեռանում էին:
Գիշերները գալիս էին երազներիս
Հարվածում էին առավոտները, ցերեկներն ու իրիկունները
Հարվածում էին գիշերներն ու անգիշերները
Դուռս մաշվել, մինչև վերջ բացվել էր
Դառնացած ճռռում էր մինչև պոկվելը:
Սիրտս կաթվածահար եղավ մեռավ
Ու, երբ դուռս սարքեցին, տեղն ընկավ
Սիրտս նրանց հետ փախել էր
Որ ինչպես հարկն է հուղարկավորվեր:

Մայթերի անթերի տկարությունը
Շենքերի բարձրակրունկ կոշիկները
Քաղաքի ցրտից կապտած շրթունքները
Գյուղերի կորացած կուզը
Մարդկանց թափառող հայացքները
Թափառող շների որջերը
Թափառաշրջիկների վաղվա օրը
Մուրացկանների գրոշները
Ճաղատ կանգառները
Առատ երթուղայինները
Պարարտ գետնանցումները
Տարեցները, երեխաները
Տարվա եղանակները
Ասֆալտապատվում են կրկին:

 

***
Ես քեզ չեմ լքի
Ու կգամ կրկին ինչպես արևն է
Ճամփորդում անվերջ ու գալիս իմ տուն
Ինչպես անձրևն է մեկնել ուրիշ տեղ տունս թրջելու
Ու նստելու է նույն ինքնաթիռը
Որ գա դեպի մեզ:
Ինչպես երամը լուսանկարներիդ երկնքի
Որ պիտի արձանագրես վերադառնալիս:
Ես քեզ չեմ լքի
Եթե անձրևի հետ նստեցնես նույն ինքնաթիռը մինչև մյուս աշուն
Գնամ
Մի քիչ տաքանամ ինչպես երամը լուսանկարներիդ
Ու վերադառնամ, որ տեսնեմ քեզ հետ
Մեր գետը, մեր արևը, քամին
Ցրտի սարսուռը
Ծառերի զբոսանքը
Քարերի ճշմարտությունը
Աշխարհը:

 

***
Աղոթք
Ամեն լուսաբաց
Գնամ Մայր տաճար
Աղոթեմ, ասեմ`
Երկնքի տե’ր
Երկրի տիրոջը
Տուր խնդրում եմ
Անվերջանալի փող
Անվերջանալի փառք
Անվերջանալի կյանք
Անվերջանալի տուն
Անվերջանալի խաղատուն
Անվերջանալի իշխանություն
Անվերջանալի ընտրություն
Անվերջանալի թմրանյութ
Անվերջանալի հաճո նյութ
Անվերջանալի ստրուկ
Անվերջանալի մուկ
Մյուսներին էլ գոնե մի հատիկ ձուկ:

 

***
Աշո՛ւն,
Արի՛ գնանք մեր տուն,
Մի՛ մնա կայարանում,
Ինչպես գնացքից իջած անտուն.
Մի՛ լացիր թաքուն,
Ինչպես մենակ, մոլորված շուն,
Արի՛ գնանք մեր տուն,
Մինչև մյուս գարուն,
Տե’ս, տանս պատուհանից ներս
Զգեստապահարանս նվիրում եմ քեզ,
Որ հանդերձանքս ջերմացնի քեզ,
Տաք անկողինս կգրկի քեզ,
Որ էլ չմրսես,
Գրքերս տոտիկ-տոտիկ կգան դեպի քեզ,
Բլիթներս քաղցր թեյ կտան քեզ
Ու երբ մթնի մոմ կվառես,
Որ անաստղ երկնքի հետ գինի խմես:
Լսո՞ւմ ես աշուն,
Հրավիրում եմ քեզ մեր տուն.
Մի՛ մնա դրսում ինչպես անտուն,
Մի՛ մնա ինչպես ծերացած պատանի,
Քսան տարեկան աղետի գոտի,
Որ սպասում է ինչ-որ հրաշքի,
Մի՛ ցնցիր գիշերը
Ցերեկ դարձնելով,
Ցերեկին կյանքից զրկելով:
Ծերուկները մրսում են
Անձրևոտ մայթերի պես մաշվել են
Անհամբեր
Գարնանը սպասում են
Ու քեզ նման տխուր են,
Ամեն տարի մեռնում են
Բայց հրաշքով ապրում են:
Աշո՛ւն…
Արի գնանք մեր տուն,
Մի, մնա դրսում ինչպես շրջմոլիկ անտուն,
Միասին կլինենք պատուհանից այն կողմ,
Տաք ծածկոցս կփարվի քեզ
Ու երբ ննջես հեքիաթների գրքերիս մեջ
Եսկշտապեմ պատուհանից այն կողմ,
Կգնամ նորից նույն կայարան,
Կդառնամ ուղևորների համար հարմար նստարան,
Մինչև ձմեռվա գնացքը ժամանի,
Մինչև կյանքը նորից մաքրվի
Ու
Գարունը հեռվում գնացք նստի
Ժամանման խելառ սուլոցը լսվի:
Ու երբ գարնան հետ թևանցուկ
Մեր ծիծաղը լսվի
Նույն պատուհանից այցիս կսպասես,
Ճամպրուկդ անպայման կհավաքես,
Որ կայարան հասնես
Ու երբ մեկնես
Ճանապարհին
Նորից չմոլորվես
Շվարած կանգնես
Մենակ գիշերում
Ուր քեզ ոչ ոք չի դիմավորում:

 

Լավ լուր. «Ցավոք, ողջ են մնացել»

Մենք մի տուն ունենք
Որտեղ փայլուն ու ճռճռան
Ոչինչ չունենք
Անօրացույց, անժամացույց
Առանց նշում ու գրառում
Առանց հանում ու գումարում
Հավասարում ու անբաժանում
Պատեր ունենք
Անստորակետ, անվերջակետ
Անտողադարձ, անխմբագիր
Անսրբագիր, անքարտուղար
Անդատավոր, առանց ահեղ
Անդատաստան
Երկու տարի ունենք
Ամեն օրվա արև, լուսին
Քամի, փոշեհատիկ, ծառ ու կանաչ
Մի քիչ գարուն, ձմռան հալոցք
Ծիծաղ ու սեր, թախիծ ու վեճ
Ամեն ինչից լիքը ունենք
Վերջին անգամ
Գետ ենք բերել
Գետի ափին փռված
Անտառների ստվերներ ենք որսացել.
Այսօր երեկոյան կիսալուսնի որսի ենք գնացել
Արագություն ենք բացել
Վթարից տուժած, ջարդուփշրված
Հիվանդանոց ենք ընկել
Տո’ւն…
Էսօր կիսալուսին չենք բերել
Ոնց որ թե լրիվ նորություն
Երրորդ կարգի հաշմանդամություն
Կոտրվածքներ ու կապտուկներ
Արյուն, վերքեր
Թերթերի համար ուրախ լուր
Յուղոտ պատառ
Թոթոլ, չաղ վերնագիր ենք բերել
Թեև
Ներողություն, չենք մեռել:

 

***
Քեզ հանձնեցիր ինձ
Դարձա երկուսը
Դու շռայլորեն
Մեր միջի մենակը
Ես միանգամայն
Դարձա ես ու դու
Դու հիմարաբար
Առանց նույնիսկ դու:
Ես անսպասելի դարձա ես ու դու
Դու անսպասելի առանց ես ու դու
Ես եսասերի պես մնացի իմ մեջ
Դու առատ-առատ, մաս-մաս ու մեծ-մեծ
Բաժանեցիր քեզ
Քեզ համար քեզնից ոչինչ չպահած:
Մենք հիմա երկուսն ենք
Իսկ դու առանց մեզ
Մենք առանց քեզ ենք
Իսկ դու առանց մեզ
Առանց նույնիսկ քեզ:
Հիմա մենք երկուսն ենք
Իսկ դու առանց դու
Մեր միջի մենակն ու առանց ես ու դու-ն
Մենք
Երազում ենք
Սիրում ենք
Երգում ենք
Լռում ենք
Ինքը իմ դու-ն է
Ու քո եսը չէ
Ների’ր, որ քո դու-ն ու ես
Միասին ենք
Դու մենակն
Ու առանց մեզը
Հետևաբաար
Առանց նույնիսկ քեզը:
Երբ շատ տխրես ու դառնանաս
Արի հանդիպենք
Երեքով սուրճ կխմենք
Դու-իդ կգրկես, կարոտդ կառնես
Մենք տուն կգանք
Իսկ դու կսպասես
Մինչ դու-իդ հետ
Հաջորդ հանդիպում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *