The best and most beautiful things in the world cannot be seen or even touched – they must be felt with the heart.
Helen Keller
Աշխարհի լավագույն և ամենագեղեցիկ բաները չի կարելի տեսնել կամ նույնիսկ շոշափել – դրանք պետք է սրտով զգալ։
Հելեն Կելլեր
Մաս առաջին – Հայտնություն
Հայրս օդաչու է։ Աշխատանքի բերումով պետք է մեկներ Միացյալ Արաբական Էմիրություններ գործուղման։ Դա 2009 թվականի օգոստոս ամիսն էր։ Ես հորս հետ շատ եմ կապված, նա իմ միակ ու ամենալավ ընկերն է, մորս հետ նրանք իմ հրեշտակներն են։ Ես հաշմանդամություն ունեմ – Մանկական Ուղեղային Կաթված (ДЦП), ոչինչ ինքնուրույն չեմ կարողանում անել։ Ինչևէ ամեն մեկս մեր ճակատագրի տերն ենք, մենք չենք կարող փոխել մեր ճակատագիրը, բայց այն կարող է փոխել մեզ, ինչպես ինձ փոխեց։ Այս պատմությունը հենց դրա մասին է։ 2009 – ին սոց ցանցերը բավականին մեծ տարածում գտան մեր երկրում, եվ ահա հորս հետ կապ պահելու համար, զարմիկիս խնդրեցի ինձ էլ գրանցի այդ չարաբաստիկ odnoklassniki.ru կայքում։ Գրանցվելուց հետո ոչ մի արտառոց բան չպատահեց և ահա դրանից մի քանի օր անց ես զարմիկիս հետ նստած էի համակարգչի առջև ու հանկարծ հաղորդագրություն եմ ստանում մի նուրբ օրիորդից, որին մինչ այդ չէի ճանաչում։ Մասնավորապես այդ հաղորդագրությունում գրված էր․
– Բարև Ձեզ Դավիթ, ես ձեր նկարներից հասկացա, որ դուք հաշմանդամություն ունեք և ինձ շատ հետաքրքիր է թե՞ հաշմանդամություն ունեցող անձիք ինչ հոգեբանություն ունեն։
Նրա անունը Վարդուհի էր։ Խնդրեցի զարմիկիս, որպեսզի գրի, որ ես համաձայն եմ նրա հետ շփվել ու այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ծանոթացանք, զրուցեցինք, բազմաթիվ հարցեր եղան նրա կողմից։ Բոլոր հարցերին համբերատար պատասխանեցի։ Նա տպավորված էր իմ ողջամիտ պատասխաններից, որևհետև կարծրատիպեր կան մեր ազգի մեջ, որ եթե մարդը հաշմանդամություն ունի, ուրեմն նա ոչինչ չի կարող։ Հասկանալ այս կյանքից, անկախ նրանից թէ այդ մարդը ինչ խնդիր ունի, ֆիզիկակակն թէ մտավոր – միևնույնն է, իսկ երբ բոլոր հարցերը սպառվեցին, հերթը հասավ կատակներին։
– Ուրիշ ինչ կա՞ – հարցրեց նա։
Աչքս ընկավ սեղանի անկյունում դրված հյութի կիսատ բաժակին ու նրան պատասխանեցի․
– Ոչինչ, պարզապես մահապատժի ենթարկված սալորի երկու հատիկ։
Ժպիտիկները (смайлики) 🙂 🙂 🙂 հաջորդեցին իրար։
– Երբեք նման բան չէի լսել – «մահապատժի ենթարկված սալորի երկու հատիկ»։ Դու շատ անսովոր մարդ ես։
Ես ինձ փոքր ինչ շոյված զգացի։ Մեր շփումը հետզհետե ավելի ջերմ բնույթ էր ստանում։ Ինչևէ, օրերն անցնում էին և քանի որ ես խոսելու, ավելի ճիշտ խոսքերն արտասանելու հետ խնդիրներ ունեմ, մենք շփվում էինք միայն գրելով։ Ամեն առավոտ նա իմ բջջային հեռախոսին հաղորդագրություն եր գրում․
«Բարի լույս անսովոր մարդ» կամ «Բարի լույս հարազատ հոգի» և նման բաներ։ Այդ ամենը ինձ փոքրիկ ժպիտ էր պարգևում և օգնում առանց այն էլ իմ դատարկ օրերը մի փոքր լավ անցկացնել։ Այդպես շարունակվեց մոտ 3 շաբաթ։ Եվ ահա մի երեկո նա շատ տխուր ժպիտիկներով գրեց․
– Դավիթ, ներիր, բայց ինձ արգելում են այս կայքից օգտվել, այլևս չեմ կարող քեզ գրել։
Ես ոչինչ չհարցրեցի, պարզապես գրեցի․
– Ափսոս որ այդպես ստացվեց։
Մնաս բարով ասեցինք միմյանց և նա հեռացավ։
Քանի – որ մեր պատմության մեջ դադար է, թույլ տվեք կիսվել ձեր հետ իմ տպավորություններով և հորդոր փոխանցել ձեզ, թէ ինչ դաս քաղեցի ես այս պատմությունից։
1. Իմ կարգավիճակով տղաներին – Երբեք մի կառուցեք անձնական հարաբերություններ երրորդ անձի ներկայությամբ, ինչքան էլ գայթակղությունը մեծ լինի։
2. Աղջիկներին – խղճահարությունից ելնելով մի խաղացեք սիրո դերը։
3. Հաշմանդամություն ունեցող անձանց հարազատներին – Երբեք մի զրկեք նրանց սիրելու և սիրված լինելու իրավունքից։
Մաս երկրորդ։ Վերադարձ
2010 թվական, հունվար ամիս, հայրս վերադարձել էր և մի երեկո նա էր ինձ օգնում համակարգչի առջև ու հանկարծ անսպասելի նոր հաղորդագրություն է հայտնվում էկրանին։ Այդ նա էր, Վարդուհին, իմ ուրախությունը, իմ ցավն ու տառապանքը։ Նա գրել էր․
– Ողջույն Դավիթ ջան, ինձ այն ժամանակ ստիպեցին, որ ես կայքից դուրս գամ, բայց հիմա ես ազատ մարդ եմ։
Իմ ուրախությանը չափ չկար, սակայն ես թաքցնում էի դա, ինչևէ հայրիկիս խնդրեցի գրել,
– Շատ ուրախ եմ, բայց այլևս ինձ չլքես։
Նա այդպես ինձ խոստացավ և մի երգ ուղարկեց, հրաշալի երգ էր, եթե ցանկություն ունենաք կարող եք փնտրել Youtube – ում ու լսել։ Դա Tracy Chapman – ի Spring երգն է։ Հետո հորս պատմեցի թե նա ով է, հայրս գլուխս շոյեց և կատակով ասաց «Այ դու սիրահարված պինգվին»։
Մանուկ հասակում սիրահարված եղել եմ, բայց այս մեկը – օ՜ ոչ․․․․․
Հաստատ օվկիանոսի հատակներից նման բան չես գտնի։ Ես ինձ շատ լավ էի զգում նրա հետ, նա կարծես իմաստ էր հաղորդել առանց այն էլ իմ դատարկ օրերին։ Ես ոչ – ոքի հանդեպ էդպիսի բան չեմ զգացել, դա քնքշանք էր, դա հույս էր, դա հավատ էր ապագայի հանդեպ։ Բայց դա դեռ սեր չէր։ Մի երեկո նա գրեց․
– Դավիթ, ես ուզում եմ գամ քեզ տեսնեմ։
Ամբողջ մարմնովս մեկ սառը քամի անցավ, երևի զգում էի գլխիս գալիքը։ Սկզբում հարցրեցի․
– Ինչու՞ ես ուզում ինձ տեսնել
– Առանց ետին մտքերի, ուզում եմ քեզ տեսնեմ։
Մերոնք ասեցին․
– Ոչինչ տղա ջան եթե ուզում է, թող գա ծանոթացեք։
Սակայն դրանք այն նույն մարդիք էին, որոնք ինձ ողջ կյանքում ասել էին թէ ոչ մի հայ աղջիկ քեզ հետ չի ապրի, մեր ազգի մտածելակերպի պատճառով։
Կներեք, բայց մենք շատ հարցերում ուղղակի հիվանդագին մտածելակերպ ունենք։ Ինչևէ, շատ երկար մտորումներից հետո համաձայնվեցի հանդիպել, քանի – որ ես էլ էի այրվում նրան տեսնելու ցանկությունից։ Հանդիպման նախորդ օրը նրան տան տեղը բացատրեցի ու իմ բջջայինի համարը թողեցի նրան ու ասացի, որ հայրս կանգառում կդիմավորի։ Զարմիկս կատակում էր, ասելով․
– Վաղը ձեր հարսիկը գալու ա։
Շատ անհանգիստ էի, ամբողջ գիշեր համարյա չքնեցի։ Առավոտյան ծանրացած գլխով մի կերպ արթնացա, նստեցի սայլակս։ Քիչ հետո բջջայինիս վրա զանգ եկավ, հայրս պատասխանեց զանգին, մի երկու բառ խոսեց և դուրս եկավ տանից, գնաց նրան դիմավորելու։ Քիչ անց վերադարձան, միջանցքից ձայներ լսեցի և ահա լսեցի կոշիկների կրունկների կտկտան ձայն, որը մոտենում էր ինձ։ Հանկարծ քայլերը դանդաղեցին և սայլակիս աջ կողմում մայրս նրա ձեռքը բռնած կամաց մոտեցրեց ինձ ու մեղմ ասաց․
– Դավիթ ջան, սա էլ քո Վարդուհին։
Ես շատ աղջիկներ եմ տեսել, բայց նա․․․․․․․․․․․․․․․․
Չէի ասի թէ նա գեղեցկուհի էր, բայց կար մի բան նրա մեջ, որ շարժում էր իմ սիրտը, Նա նրբագեղ, ցածրահասակ օրիորդ էր, նա հենց իմ կազմվածքին էր։ Ես քարացած նրան էի նայում, կարծես արգելված մի բան տեսած լինեի։ Նա մեղմորեն ժպտալով ասաց․
– Ողջույն Դավիթ, վերջապես հանդիպեցինք, ինչպե՞ս էիր ինձ պատկերացնում։
Ժպտալով պատասխանեցի․
– Հենց այդպես։
Հայրս առաջարկեց նստել, նա նստեց իմ առջև ու ուշադիր լսում էր հորս պատմածը իմ մասին, թէ ինչպես եմ ծնվել, ապրել, անցել կյանքի դժվարություններով ու հասել մինչև օրս։ Այդ պահին եկավ մայրս եվ հրավիրեց ճաշասենյակ, բոլորս միասին գնացինք։ Մինչ հայրս ինձ սայլակով տեղավորեց սեղանի մոտ նա մորս էր օգնում պատրաստության հարցում։ Սեղանը պատրաստ էր, բոլորս նստեցինք սեղանի շուրջը, նա տեղ զբաղեցրեց իմ ձախ կողքին։ Ինձ զգում էի ինչպես արքան իր թագուհու կողքին։ Աչքս չէի կարողանում կտրել նրանից, ափսոս, որ չէի կարող դիպչել։
Մենք լավ ժամանակ անցկացրինք սեղանի շուրջը, այնուհետև ես իմ առօրյա զբաղմունքների հետ ծանոթացրի։ Նա հիացմունքով ինձ էր նայում։ Երբ վերջացրի նա ասաց․
– Դավիթ ներիր, մայրիկիս խոստացել եմ շուտ վերադառնալ, ես գնամ, հետո էլի կհանդիպենք, լա՞վ։
– Իհարկե – մեղմորեն պատասխանեցի ես։
Նա ձեռքը դրեց սայլակիս հենակին և հեռացավ։ Երեկոյան նա ինձ գրեց․
– Դավիթ ես հիացած եմ քեզնով և քո ընտանիքով։
– Այո, ես օրհնված եմ, որ ունեմ նման ընտանիք – հպարտորեն պատասխանեցի ես – բայց ասա ինձ անկեղծորեն Վարդուհի, ինձ տեսնելուց հետո, քեզ մեջ ինչ – որ բան փոխվե՞ց։
– Ոչ
Ես միշտ զգույշ եմ խոսել նրա հետ, երբեք ավելորդ բաներ չեմ ասել, չեմ ծաղրել։ Նա մի անգամ ինձ հարցրեց․
– Դավիթ, կա՞ ինչ – որ բան, որ ես չգիտեմ մեր մասին։
– Այո
– Եվ ո՞րն է դա
– Ես քո հանդեպ զգացմունքներ ունեմ – պատասխանեցի սրտի դողով:
– Ախ դրա համար էիր փակ գրում
Փակ ասելով նա նկատի ուներ կոռեկտ։
– Այո – պատասխանեցի ես մի քիչ թեթևացած։
– Քեզ ուրախացնելու համար ես ամեն ինչի պատրաստ եմ:
Ես ուրախ էի, կարծում էի գտել եմ իմ բաժին սերը աշխարհում, բայց․․․․․․․․․․․․․․․
Անցնում էին օրերը ու ես ավելի ու ավելի էի կապվում նրա հետ, չգիտեի ինչպես հասնել համակարգչին, երբ որևէ պատճառով հեռանում էի այնտեղից, սնվելու կամ կներեք, բնական կարիքներս հոգալու համար։
Մարտ ամիսն էր, տևական ժամանակ չգրեց, իսկ ես շատ անհանգիստ էի, այդպիսի երկար դադար չէր եղել նրա վերադարձից հետո։ Դժբախտություն էր պատահել նրա հետ։ Նա աշխատում էր Երևանի քիմռեակտիվների գործարանում և մի օր աշխատանքի ժամին, լաբորատորիայում փորձի ժամանակ ինչ – որ բան էր պայթել, որի հետևանքով նա վնասել էր աջ աչքը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել էր , որ նա կորցրել է աջ աչքի տեսողությունը։ Դրա մասին ես տեղեկացա երկու շաբաթ հետո, երբ արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից։ Ամեն օր զրուցում էինք, ես հույս էի տալիս նրան, հորդորում չհուսահատվել, օրինակներ բերելով իմ կյանքից, երբեմն կատակում էի, չէի թողնում շատ հիշի կատարվածը։ Ես նրան շատ էի սիրում թէ՛ որպես ընկեր, թէ՛ որպես սիրո էակ։ Համացանցում «թափառելիս» մի գեղեցիկ կոմպլեկտ էի տեսել, Սվարովսկու զարդերից էր, զարմիկիս խնդրեցի պատվիրեց այն։ Անցավ մի քանի շաբաթ և նա գրեց․
– Դավիթ, ուզում եմ նորից քեզ այցելել:
– Հրաշալի է:
– Բայց խնդրում եմ ասա, ի՞նչ բերեմ քեզ համար:
– Ոչինչ, միայն քեզ բեր – կատակեցի ես:
– Իսկ ավելի լու՞րջ:
– Շոկոլադ:
– Իսկ ի՞նչ շոկոլադ:
– Alpen gold:
– Շատ լավ – ասաց նա և մի խումբ 🙂 🙂 🙂 🙂 ուղարկեց։
Ես մինչ օրս չգիտեմ ո՞րն էր նրա այցելությունների նպատակը, եթե նա ինձ չէր սիրում և ինձ հետ չէր լինելու։ Լոկ ընկերություն անել, ես դրա կարիքը չունեմ, ես շատ լավ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր ավելի են քան պարզապես ընկեր։ Սակայն նրանք չեն կարող լրացնել կամ փոխարինել այն երևույթը, որը սեր է կոչվում։ Այն կյանքի ակունքն է, ամեն լավ բան սեր է պարունակում։ Ահա եկավ օրը, նա այցելեց և ես նրան վիրակապով տեսա, հուզմունքից չէի կարողանում խոսել մի պահ։ Նա ինձ մի կապոց շոկոլադե սալիկներ էր բերել, ինչպես ես ցանկացել էի։ Ես նրան ասացի, որ շատ շնորհակալ եմ և ես էլ նվեր ունեմ նրա համար։ Խնդրեցի հորս և նա իմ գրպանից հանեց վարդագույն քսակը ու նվիրեց նրան։ Երբ նա բացեց քսակը և տեսավ նվերը, ժպտալով ասաց․
– Դու ինձ ամաչեցրիր, Դավիթ։ Իսկ որտե՞ղ կարող եմ փորձել։
Մայրս նրան ուղեկցեց իր սենյակ և քիչ անց նրանք միասին վերադարձան։ Այդ զարդերով նրան տեսնելուց հետո ինձ թվաց թե ժամանակը մի պահ կանգ առավ։ Նա այնքան գեղեցիկ էր և կարծես այդ զարդերը հենց նրա համար էին պատրաստված։ Ես սիրում էի նրան հոգով ու մարմնով, ուզում էի դիպչել նրան, զգալ նրա ջերմությունը, բայց ցավոք սրտի ես դա չէի կարող անել։ Եկավ մայրս եվ հրավիրեց ճաշասենյակ։ Եղավ այնպես , ինչպես նախորդ անգամ, բայց այդ օրը մենք մի քիչ առանձին զրուցեցինք, բնականաբար ոչ նուրբ թեմաներից։ Հետո եկավ մայրս և Վարդուհին սկսեց պատմել իր հետ պատահած դեպքի մասին, ցույց տալով իր վնասված աչքը, բայց ոչ ինձ, հավանաբար չցանկանալով որ ես տեսնելով դա ինձ վատ զգամ։ Եկավ հրաժեշտի պահը, նա բոլորին համբուրեց, մոտեցավ ինձ, ձեռքը դրեց սայլակիս հենակին ու ասաց․
– Շնորհակալ եմ ամեն ինչի համար։
Եվ նա հեռացավ։
Մաս երրորդ – Խտրականություն
Նրա հեռանալուց հետո շարունակվեցին մեր զրույցները, նրան շատ էր դուր եկել իմ նվերը, անընդհատ նշում էր դա։ Ես շատ ուրախ էի, որ նրան այն դուր է գալիս։ Ինձ մարդ էի զգում մարդկանց աշխարհում։
Ապրիլից մինչև օգոստոս ամեն ինչ լավ էր և մի օր էլ նա գրեց․
– Դավիթ, ես շոկի մեջ եմ, իմ լավ ծանոթներից մեկը ինձ ամուսնության առաջարկ է արել ու ես չգիտեմ ինչ անեմ։
Մի պահ չհասկացա ինձ հետ ինչ կատարվեց, ասես շանթը ինձ հարվածեց, հետո սթափվեցի, հավաքեցի ինձ ու գրեցի․
– Եթե լավ տղա է, ամուսնացիր հետը, բայց դու պետք է ինձ մոռանաս։
Նա ինձ չէր ուզում մոռանալ, ասելով , երբ ինքն ամուսնանա կշարունակի այցելել ինձ։ Վերջին բանը որ նրան ասեցի, հետևյալն էր․
– Վարդուհի, ես քո ձեռքին խաղալիք չեմ դառնա։
Դրանից հետո նա երկու ամիս շարունակ ինձ հանգիստ չէր տալիս, զանգում էր ծնողներիս, խնդրում էր, որ ես գրեմ իրեն, բայց ես այդպես չեմ կարող։ Վերջում մայրս ասել էր նրան․
– Աղջիկ ջան, եթե դու շարունակես հետապնդել Դավիթին, դա շատ վատ կանդրադառնա նրա առողջության վրա և եթե դու չես ուզում վնաս պատճառել նրան, ուրեմն գնա քո ճանապարհով և մոռացիր տղայիս։
Նա հեռացավ ու այլևս չհայտնվեց իմ իմ կյանքում։ Ես դուրս եկա odnoklassniki կայքից, ապրում եմ սովորական կյանքով, բայց ինչքան ժամանակն անցնում էր, այնքան ես մեռնում էի ներսից, հայացքս հանգչում էր մոմի նման։ Ես ոչինչ չէի ուտում, ոչինչ չէի ուզում անել, չէի խոսում, չէի լսում, հայացքս պատերին հառած անցկացրեցի մոտ 6 ամիս։ Այդ ընթացքում մի շարք բժիշկներ ինձ զննեցին և տարբեր հիվանդանոցներ տարան, ոչ – ոք ոչինչ չգտավ։ Ինչպես գտնեին, եթե այն ամենը ինչն ինձ ցավ էր պատճառում, տարել էին ինձանից։ Ամիսներ անցան, կարծես թէ սառույցը կոտրվեց, զգացի մարմինս, վերքերս սպիացել էին, սկսեցի ապրել էլ ավելի մեծ ցանկությամբ։ Եվ հասկացա, որ բախվել եմ խտրականության, այո չեմ վախենում այդ արտահայտությունից։ Ինձ մարդիկ հարցնում են՝
– « Այդ ամենից հետո նորից կսիրահարվե՞ս»`
ԱՅՈ, ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ, գուցե ես ուրիշ կին գտնեմ, բայց իմ դրախտը Նրա ափերում կբացվի։