Այս պատմությունն այդպես էլ կմնար մեր ենթագիտակցության շերտերում, եթե չլիներ Google drive-ի հավելվածը: Ու քանի որ մի ձեռքը ծափ չի տա, իսկ գեղ կանգնի, գերան կկոտրի, ուրեմն երկու հոգով պատմվածք գրելը լավ գաղափար էր: Ոչ մեկս չգիտեինք` ուր կհասցնի մեզ տառերի հարահոս վազքը: Ավարտելուց հետո երբ կարդացինք` չէինք հիշում, թե որ հատվածը որ մեկս էինք գրել: Եվ միթե դա էական է…
Սերգեյ Սարգսյան
Էլեն Բաբալյան
Դանդաղ մոտեցրեց ձեռքը մոմին. կարծում էր` այս անգամ չի այրի: Պարզվեց` լոտո չի, ամեն անգամ էլ նույնն է: Այրած մատով ականջը բռնեց, լսել էր, որ այդպես ցավն ավելի արագ է թողնում: Հետո հոգնեց, նստեց ու անտարբեր շուրջբոլորը նայեց. ոչինչ այլևս չէր ուրախացնում: Ամեն ինչից զատ սենյակը շատ թափթփված էր, կնոջ կարիք էր զգացվում: Զարմացած տնտղեց եղունգները. «Երբ այսքան երկարեցի՞ն». մտածեց ու բարկացավ իր մտքից: Բարկացավ ու վեր թռավ բազմոցից, մոտեցավ դարակին, արագ քաշեց: Դարակում ով ասես, ինչ ասես, չկար՝ էլ մազի ռեզին հին յարերից մնացած, էլ բաժակի տակդիրներ, ձեռնոցի մի թայ, թիթեռնիկ չորացած, եսիմ երբվանից մնացած 20 լումա:
Հենց այդ պահին էլ նրա հիշողությունների տարրան բացվեց։ Ամեն մանրուք, որը բոլորին աղբ էր թվում, հիշեցնում էր փոքր, բայց գունավոր կյանքի մի հատված։ Չլսելով բոլորի հորդորները` նա շարունակում էր համառորեն այդ «աղբը» պահել դարակում և, հետևաբար, նաև սրտում։ Մեկի համար մազի ռեզին էր, իսկ նրա համար երբեմնից սիրելիի վարսերի խաղ, մեկի համար ընդամենը 20 լումա, նրա համար հիշարժան երեկոյից մնացած մանր, որը ըստ պլանավորածի պետք է գցվեր շատրվանի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով տեղ գտավ դարակում:
«Ինչպիսի՜ անմտություն»,- սենյակի ծակող լռությունը խախտեց սեփական ձայնը: Արագ-արագ նորից հետ խցկեց իր հիշողությունները դարակի մեջ ու ամուր փակեց: Փակեց այնպես, ասես եթե օդ խաղար, դրանցից մեկը կտարրալուծվեր ու կանէանար: Աչքի անցկացրեց սենյակը, վեցրեց բջջայինն ու զանգեց.
– Անն, բարև, ինչ կա, սուրճ-բան…
– Հիմա՞:
– Հա, հենց հիմա:
– Վազում եմ, պաչ:
«Էս հարցը լուծեցինք»,- մտածեց ու ալարկոտ նայեց շուրջբոլորը: Աչքը դիպավ մոր նկարին, փախցրեց հայացքը, հետո ամաչեց ռեակցիայից: Մի բաժակ սառը ջուրն ուշքի բերեց: Դռան զանգից վեր թռավ:
– Վերջապես ձեզ տանը բռնեցի: Աղբի գումարը չեք վճարել, կուտակվել է ու կազմում է 43 000 դրամ: Եթե մինչև ամսվա վերջ չվճարեք, ձեզ դատի կտա համատիրությունը:
– Գեղեցիկ կոշիկներ են …
– Շնորհակալ եմ, քուրս է ուղարկել Ամստերդամից, սկզբում չէի հավանում… բայց դա ի՞նչ կապ ունի: Խնդրում եմ վճարեք այդ գումարը, լա՞վ:
– Իսկ ուրիշ, ավելի զվարճալի բան ձեր քույրը չի՞ ուղարկել Ամստերդամից։
– Սրամտելու փոխարեն խորհուրդ կտայի վճարի մասին մտածել։
– Լավ, լավ, հասկացա մինչև ամսվա վերջ կվճարեմ աղբի փողը, միայն թե մյուս անգամ գալուց խնդրում եմ՝ զանգը տենց անսպասելի մի տվեք, վեր եմ թռնում, ուղղակի նուրբ թակեք դուռը։
– Հուսամ` մյուս անգամը չի լինի։
Չհասցրեց կինն ավարտել իր կանխատեսելի նախադասությունը, Դանիելը շատ դանդաղ, կնոջ աչքերի մեջ նայելով դուռը փակեց։
«Ախ այս առանց ամուսին, գրգռված կանայք… -,մտածեց Դանիելը,- հերիք էր միայն «նուրբ թակել» նախադասությունը մեջբերել, ու խեղճ կնոջ շնչառությունը զգալի ծանրացավ»։
Խոհանոցում մաքուր սպասքը դեֆիցիտ էր, սեղանին` ծաղկամանի մեջ դրած թառամած ծաղիկներ, գետնին` սև տոպրակի մեջ լցված, արդեն լույս տենչացող աղբ: «Ու քո՞ համար ես պիտի վճարեմ 43.000 դրամ, քեզ պահեմ, մեծացնեմ, տանեմ դուրս, ման տամ ու դեռ մի բան էլ վճարեմ համատիրությա՞նը։ Ու՞ր ա արդարությունը»։ Մի քիչ զբաղեցրեց ուղեղն արդարության անմիտ փնտրտուքով, որպեսզի ժամանակ սպանի: Շատ էլ լավ գիտեր, որ արդարությունը նրանից վաղուց է երես թեքել, նույնիսկ օրն է հիշում, ի դեպ, ձյուն էր գալիս, մեծ, խոշոր փաթիլներով ու ամբողջովին փակել էր այդ չարաբաստիկ դեղատան մուտքը, ասես հուշելով, որ եթե ներս մտնի, կյանքի հունը մեկընդմիշտ կփոխվի: «Շերշե լա ֆամ»` փնտրեք կնոջը` հերթական անգամ ֆրանսիացիներն իրավացի էին: Եվս մեկ կին` կատուն, խախտեց կյանքի իմաստի մասին մտորումները: «Արի մոտս, սիրունս, մեջքդ դեռ չի լավացել, քիչ մնաց, դիմացի»-, կատվին բաժին է հասնում նրա ամբողջ ջերմության ու սիրո հիմնական մասը: Իսկ մնացածը Դանիելը փշուր առ փշուր հավաքում ու նորից էր բաժանում սրան-նրան: Հետո չէր էլ հիշում` ում է սիրել, ում` դեռ ոչ, ում` կրկնակի, ում`վաղաժամ, ում` ուշացած: Ու դա արդեն կարևոր էլ չէր: Զգացմունքները վաղուց սպառել էր շվայտ կյանքի կածաններում, հիմա ուներ մի անթև սեր, որն արդեն չգիտեր էլ` ում տար: Կատուն մռլտում էր այնպես հասկանալի, որ Դանիելը ակամայից մոտեցավ նրա կերակրամանին ու կեր ավելացրեց: Արժանացավ կատվի երախտապարտ հայացքին, ինչը մի երեք վայրկյան շեղեց գորշ սենյակի ամեն մի ծակուծուկում թաքնված նույնքան գորշ իրականությունից:
– Դուռը բաց ես թողել, Դենի, լա՞վ ես: Վախ, ո՞նց եմ քեզ կարոտել,- արագորեն շորերը հանելով՝ առաջացավ Աննան:
«Ե՞ս էի սրան կանչել»,- մտածեց Դանիելն ու փորձեց վերհիշել` ինչի՞: Մտածելուց այնքան լարվեց, որ դեմքը խոժոռվեց: Կիսամերկ աղջիկը նույնիսկ վախեցավ: Նրա վախը սթափեցրեց տղային:
– Անն, ե՞րբ եմ կանչել քեզ:
– Դենի, մի վախեցրու ինձ, ավելի լավ է արի արագ անենք, քեզ կարոտել եմ…
Աննան անցավ հարձակման: Տղան անպաշտպան էր, ինչպես հաճախ է պատահում վերջին շրջանում: Բարեբախտաբար, բնազդներն ամեն ինչ կանոնակարգել են` ուղեղն ավտոմատ անջատվում է՝ մղվելով երկրորդ պլան: Առաջին պլանի գործողություններից ահավոր հոգնած կատուն ցուցադրաբար գնաց-նստեց պատուհանագոգին` մեջքով դեպի տնքոցով լի մարտի դաշտը:
Սենյակում ծխախոտի ծխի առկայությունը հուշում էր ակտի բարեհաջող ավարտի մասին։
– Կոֆե կդնե՞ս, – հիասթափված ձայնով հարցրեց Դանիելը։
– Թունդ ու քա՞ղցր։
– Հա…
– Հուսով եմ՝ բաժակներիդ տեղը չի փոխվել, – ժպտալով հարցրեց Աննան խոհանոցի ճանապարհին։ Դանիելը ոչինչ չասող հայացքով նայեց նրա հետևից. «Քանի՞ անգամ է էս աղջիկն իմ տուն եկել, գրողը տանի»
– Չեմ հասկանում, դժվար է մի երկու բաժակ գոնե լվանալ, ո՞նց ես ապրում էս խոզանոցում,-լսվում էին Աննայի դժգոհությունները խոհանոցից։
«Ես սպասում էի սրան», մտածեց.
– Դե, քանի մտքովդ անցավ, լվա՛։
Կատուն հիասթափված հայացքով չափչփեց Դանիելին:
– Փս, փս, փս, արի մոտս, դու ես իմ միակը, ախ, եթե քեզ համբուրեի ու դառնայիր իմ երազանքների աղջիկը, – գրկեց ու սկսեց համբուրել նրան։
– Գժվե՞լ ես, թող հանգիստ էդ խեղճ կատվին, – սուրճի բաժակներով ներս մտավ Աննան, – քույրդ էր զանգել երեկ, քեզնից էր հարցնում, ի՞նչի նրա զանգերին չես պատասխանում, անհանգստանում է։
– Փաստորեն, դուք դեռ ընկերուհիներ ե՞ք ձևանում։
– Ե՞րբ կդադարես ատել կանանց, – Աննան անգիր գիտեր այս սցենարը,- ի՞նչ ենք արել քեզ, չեմ հասկանում: Մորդ զանգերին չես պատասխանում, քրոջդ գրողի ծոցն ես ուղարկում, տատիդ սարքած ճաշերին անուն ես կպցնում, ես քո սեքս-ստրկուհին ու մաքրուհին եմ ընդամենը: Կարծո՞ւմ ես` չեմ հասկանում:
– Դուրդ չի գալիս, գնա, դռան տեղը գիտես:
– Դենի, վերջացրու, ես համաձայն եմ ամեն ինչի, միայն թե գրկեմ քեզ, զգամ,- Աննան նորից սկսեց քսմսվել:
– Հանգիստ թող ինձ,- կոպտորեն հրեց աղջկան: Մոտեցավ համակարգչին, ռեպ միացրեց, կպցրեց ծխախոտն ու անհագ ներս քաշեց` փորձելով մոռանալ լսած տհաճ խոսքերը: Աննան իսկապես ամեն ինչի հետ համաձայն էր. նա ոչ մի գրամ չվիրավորվեց մերժում ստանալով, հակառակը` շարունակում էր վավաշոտ նայել պատուհանի մոտ հանգիստ ծխող տղային` հայացքով կուլ տալով նրա մկանոտ ձեռքերը:
– Կներես ինձ, չէի ուզում քեզ նեղացնել: Մյուս անգամ երբ զանգեմ, մի պատասխանի, մի արի: Ես վատն եմ, ես միայն դժբախտացնում եմ, մի շփվիր հետս:
– Դենի, ես քեզնից ավելին չեմ պահանջում, ես համաձայն եմ այսքանին…
– Դուրս արի, գնա: Չեմ ուզում տեսնել քեզ:
– Գիտես ինչ` համը մի հանի:
– Հենց հիմա գնա, հպարտություն ունեցիր: Գոնե մի քիչ:
– Եթե ես հիմա գնամ…
– Հա, հա, գնա, միայն թե գնա…
Աննան շվարած էր, ախր այս հարաբերությունները տևում են արդեն չորս ամիս: Չորս ամիս նա սիրահարված է Դանիելին, նրա ամեն զանգից սիրտը թրթռում է, վազելով գալիս, սպասարկում ու երջանիկ հեռանում: Նրան ավելի շատ ոչինչ պետք չէ: «Վերնաշապիկները չարդուկեցի»,- դուռն իր հետևից փակելիս հիշեց: Իսկ պատուհանի մոտ կանգնած տղան լուռ փլվեց բազմոցին: Արտասվեց: Անձայն: Որ անգամ կատուն, որը նույնպես էգ էր, չտեսնի իր արցունքները: Բայց հեկեկոցը զսպել չհաջողվեց: Կատուն, թարսի պես, թքած ուներ, հավանաբար դեռ չէր ներել քիչ առաջ տեղի ունեցած ակտը:
Արտասվելը միշտ օգնում է, կանայք ավելի շատ են ապրում, որովհետև շատ էլ լալիս են: «Կյանքը շարունակվում է, նա չի կարող ինձ կոտրել»,- մտածեց ու մոտեցավ հայելուն: Հետ քաշվեց, աչքերի մեջ նայելը վատ միտք էր: Լվացվելու գաղափարը չանցավ: Որոշեց հոգին լվանալ, անջատեց ռեպը, միացրեց Բախ: Ու օդում սկսեց տարրալուծվել ցավը, որ քանդում էր ներսից: Ցավը մանրացավ, փոշիացավ ու հայ-հայ է կանէանար, եթե դռան զանգը չտային:
– Դոզավիկի տիտուլդ ուրիշին եմ տալու, սենց չի լինի,- փաբիստ ընկերն էր, մենակ էր մնացել արդեն երկու օր:
– Ամեն օր խմելուց հոգնել եմ, հանգիստ թող ինձ,- Բախը շարունակում էր պայքարել, երաժշտության ելևէջները չէին հանձնվում ոչ մի կերպ…
– Էս ինչ ղզիկ բաներ ես լսում,- մոտեցավ ու անհավասար մարտին վերջ տվեց մեկ հպումով:
Դանիելը սառեց, մնաց մեն-մենակ իր ցավի հետ: Փղձուկը կոկորդում հազիվ արտաբերեց.
– Կթողնե՞ս ինձ հանգիստ:
– Հույս չունենաս, չեմ կարող նայել` ոնց ես քեզ մաշում, քայքայում անցած-գնացած պատմությունների պատճառով: Կարծում ես` չե՞մ հասկանում, որ դեռ չես համակերպվել առանց էդ աղջկան ապրելու մտքի հետ:
– Ամեն ինչ այդքան պարզ չէ, համ էլ դու ոչինչ չգիտես: Արի չքննարկենք, լավ, խնայիր ինձ:
– Չենք քննարկի, իհարկե, քանի-քանիսը դեռ կգան, կանցնեն: Ի՞նչ ես թաղել քեզ տանը, արագ հագնվի, գնանք խմենք:
– Խմելը փրկություն չի, միթե չես տեսնում: Չորս ամիս է` խմում եմ:
– Սա ի՞նչ է,-ընկերոջ` Մարկի հայացքը գրավեց գետնին ընկած իրը:
– Մոռացել եմ աղբը նետել, ների՛ր:
– Նորից Աննա՞ն էր։ Էդ աղջիկն ինքնասիրություն չունի:
– Ինչպես և մնացած բոլոր-բոլորը: Նրանից բացի:
– Էլի՞ ընկար դեպրեսիայի մեջ, վերջ, քեզ հանում եմ տնից:
Ընդդիմանալն ավելորդ էր։ Փաբում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը խմիչքի օգնությամբ ինքնամոռաց պարում էին, երաժշտությունն այնքան բարձր էր, որ երբ մեկին բան էիր ասում, գլխով էր անում և անիմաստ ժպտում` իբր լսեց ասածդ։
– Մարկո, հապա նայիր բարի մոտ նստածներին, նրանց թվում է` խմիչք են առնում, բայց իրականում ժամամակավոր հույս ու կեղծիք են գնում, որը Մոխրոտիկի կախարդանքի պես վաղն առավոտյան կանհետանա՝ փոխարենը թողելով խումհարի մեծ դոզա։
– Կլինի գոնե էսօր չփիլիսոփայես, լիցքաթափվես ու գնաս մի երկու բաժակ քո ասած հույսից բերես։
Մարկն արժանացավ արհամարհական հայացքի, բայց չորս րոպե անց արդեն խմում էր «օղի-ռեդ-բուլ» երջանկության հաբը: Մարկին շատ բան պետք չէր` կյանքի իմաստի ու երջանկության հավերժ փնտրտուքների մասին մտքերը նա խորը թաղել էր կենցաղում: Երբ հինգհոգանոց կանանոցի միակ տղամարդն ես, քեզ ճոխություններ չես կարող թույլ տալ: Ու ժամանակ առ ժամանակ մահացու խմելը դարձել էր նրա անգույն կյանքի, 18-ժամյա աշխատանքային գրաֆիկի, մոր հիվանդության, քույրերի տոտալ անտարբերության, ինչու ոչ` նաև երկրի սոցիալական վիճակի դեմ պայքարի միակ միջոցը: Դանիելը գիտեր Մարկին շատ վաղուց, ու գիտեր նրա բոլոր խնդիրների մասին: Եվ այդ հանգամանքը թույլ չէր տալիս նվնվալ իր անձնական ողբերգության թեմաներով, Մարկի դարդերի ֆոնին դա առնվազն ինֆանտիլություն կլիներ: «Ամեն մեկս մեր խաչն ենք կրում»,- մտածեց Դանիելն ու չափչփեց տարածքը: Աչքովն ընկավ անկյունում ճերմակ վերնաշապիկով մի աղջիկ. պրոֆիլը ծանոթ էր: Փաբի մասսան էս կողմ-էն կողմ հրելով` հասավ սպիտակ լույսին: Նայեց: Տեսավ: Նման էր, ուղղակի նման: Մի շնչով դադարկեց ձեռքի հույսը ու գնաց հաջորդ պարտիայի հետևից:
– Դենի, ասա, որ կյանքը հիասքանչ է,- Մարկի բախտը բերել էր, նա շատ շուտ էր հարբում:
– Կյանքը մահից վատ է, դանդաղ ու ցավոտ տանջանք, ինչպես այս անիմաստ մյուզիքը։ Քեզ էլի՞ առնեմ էս հույսից,- հարցեց ու պատասխանին չսպասելով՝ սահեց դեպի բարը: Բարմենի ապշահար հայացքն անտեսելով` մոտեցավ համակարգչին, որ փոխի երաժշտությունը: Բզբզեց, բզբզեց ու վեր թռավ. էկրանին գրվեց Abort connection։ Ականջներում հնչեց «…և մի տանի զմեզ ի փորձություն, այլ փրկեա մեզ ի չարե…». Դանիելը սառեց, կողքին Մարկի շունչը զգաց, շուռ եկավ, փաբի ժողովուրդը զարմացած նրան էր նայում, երաժշտությունը դադարել էր: Անհարմար իրավիճակը ցրեց բարմենը, ով արագ վրա հասավ ու միացրեց մյուզիք. կյանքը շարունակվեց:
– Դու լսեցի՞ր աղոթքը,- Դանիելը միայն դրական պատասխան էր ակնկալում:
– Դենի, ցնդել ես լրիվ: Գնանք, գնանք դուրս, օդ շնչենք,- Մարկի ձայնն անհանգստությունից դողում էր:
Դրսում լիալուսին էր, որը համառորեն իր տեղը չէր ուզում զիջել արևին, թեթեւ քամին նվագում էր ծառերի տերեւների վրա. փողոցում դատարկություն էր:
– Գնա՞նք մեր սիրած տեղը նստենք,- առաջարկեց Մարկը:
– Բացի տնիցս, երեւի միակ տեղն է, ուր հիմա կուզեի հայտնվել…
Փաբի հարևանությամբ մի մեկուսի նստարան կար, որն ամբողջովին լուսավորվում էր դիմացի փողոցի գովազդային վահանակով։ Նստարանը յուրահատուկ դեր ուներ ընկերների կյանքում, ամեն անգամ փաբը հիասթափված լքելիս Մարկն ու Դանիելն ամբողջ իրենց հոգսերը թողնում էին հենց այնտեղ:
– Մարկուս, սիգարետ կտա՞ս,- խորամանկ ժպիտով հարցրեց Դանիելը:
– Ինչքան եմ խնդրել ինձ «Մարկուս» չդիմել, ի՞նչ մեղք ունեմ, որ պապս անունս հենց Մարկուս գրանցեց: Ընդհանրապես, իմ խելքն ասա, որ աջ ու ձախ բոլորին պատմում եմ այդ մասին:
– Լավ, լավ, մի նվնվա, սիգարետ տուր:
– Չե՛մ տա:
– Էէէ, դե:
Մարկը գրպանից հանեց Marlboro-ի ճմրթված տուփը, հանեց վերջին ծխախոտը եւ փոխանցեց Դանիելին:
– Կեսը ծխես, կտաս, վերջինն է:
– Չե՛մ տա,- ծիծաղելով կրկնօրինակեց Մարկին:
– Լավ, Դան, իսկ հիմա անցնեմ բուն թեմային. ինձ շատ անհանգստացրեց փաբում` էդ ժխորի մեջ, էդ համակարգչից, որը մեր կյանքի կեսի չափը արդեն ապրել է, դու ո՞նց հաջողացրեցիր քո ամենակարող եւ ամենապաշտելի Աստծո ձայնը լսել։ Կարո՞ղ ա կանչել էիր մեր հետ խմելու, տեղյակ չեմ եղել,- Մարկը շնչակտուր ծիծաղելով՝ հազիվ կարողացավ ավարտել:
Դանիելը թարս հայացքով չափեց նրան, վառեց ծխախոտը, խորը ծուխ քաշեց եւ որոշեց:
– Արի գնանք եկեղեցի, ուզում եմ աղոթել:
– Աստծո տան դռներն այս ժամին փակ են,- Մարկի ընտանիքում բոլորն էին աթեիստ:
– Ոչինչ, մենք բակում կնստենք, – Դանիելը չէր նահանջում:
Քայլեցին: Ալկոհոլից բխած ոգևորությունը թողել էր, սև մտքերը նորից հետ էին եկել: Լռելու շատ բան կար: Հասան սբ Զորավոր եկեղեցու բակ. փաբից հետո հենց այստեղ են գալիս մերժվածները, լքվածները, հուսահատներն ու դեպրեսիվները: Աստծո կամոք այս եկեղեցին Փարպեցի-Բուզանդ փաբաստանի քավարանն է:
– Ես նրան էլ հետ չե՞մ բերի,-Դանիելի հարցը հռետորական էր:
– Դենի, մոռացիր այդ աղջկան,- Մարկն այնուամենայնիվ պատասխանեց,- առանց այդ էլ խեղճը շատ տանջվեց քո կողքին: Ինչքան հիշում եմ` լալիս էր:
– Ես նրան էլ հետ չեմ բերի,- բարձրաձայն ասաց, ասես` ուզում էր լսել ու համակերպվել:
– Հերիք է` տանջվես, տառապես: Հիշիր` ի՞նչ ուրախ էր մեր կյանքը նախքան Էվան: Հիշիր ու վերադարձիր, հերիք է, մեղք ես, սիրտս կտոր-կտոր է լինում քեզ այսպես տեսնելիս:
– Ես արդեն ուրիշ եմ, ես էլ էն չեմ, չի ստացվի հետ գալ, ների՛ր:
– Ասա` ի՞նչ անեմ քո համար: Դու միայն ասա:
– Տաքսի բռնի:
Մարկը հուսահատված էր, նմանատիպ օրվա ավարտ էլի էր եղել, ավելին` վերջին շրջանում խմելու օրերը հենց այսպես էին ավարտվում: Նա ոչ մի կերպ չէր կարողանում կյանքի կոչել Դանիելին, ու գնալով ավելի ու ավելի էր հուսահատվում: Բոլոր տարբերակներն արդեն փորձել էր, բոլոր մեթոդները` կիրառել, խոսքերը` ասել, փաստարկները` բերել. ընկերը գնալով ավելի էր խճճվում:
Այլ բան չմնաց անելու, տաքսի բռնեց: Բաժանվեցին լուռ` իրար ուսի եղբայրաբար թփթփացելով: Երկուսն էլ հոգնել էին բառերից: Ու ընդհանրապես` տեղը տեղին հոգնել էին ամեն ինչից:
Լույսը, ինչպես միշտ, բացվեց:
Մութ սենյակ, առաստաղից կախված թել, որն անդադար դիպչում էր Դանիելի ուսին, տագնապային շնչառություն, սենյակում այլևս ոչինչ իր մասին չէր հիշեցնում։ Խուճապի մեջ Դանիելը քաշեց թելը, լսվեց բարձր ճիչ, և լույսերը վառվեցին, ու վառվեցին այնքան ուժեղ, որ սպիտակ լույսը համարյա թե կուրացրեց Դանիելին։ Կամաց-կամաց ուշքի գալով՝ նա սկսեց ապշահար ուսումնասիրել սենյակը. այն հեղեղված էր դիերով, այն մարդկանց դիերով, ովքեր թանկ են Դանիելին։
– Մա՛մ, մա՛մ, վեր կաց, խնդրում եմ,- հազիվ կոկորդից ձայն հանելով՝ գոռում էր Դանիելը,- Ու՞ր եմ ես ընկել, Մարկ, ձայն հանի՛ր, խնդրում եմ։ Ի՞նչ է կատարվում, ո՞ր մեղքիս համար։
– Գո՞հ ես։
– Էվա՞,- Դանիելն այս ձայնը երբեք չէր շփոթի։
– Հա, ես եմ, ուրիշ էլ ո՞վ։ Իհարկե, ես եմ քեզ նրանցից բաժանել։
Էվան ճերմակ, արյունոտ շորով կանգնած էր այդ սարսափելի տեսարանի մեջտեղում՝ Դանիելի կատվին գրկած։
– Քե՜թ,- գոռում է Դանիելը,- գոնե կատվիս թող ինձ։
– Նա իմ գրկում իրեն հիանալի է զգում, մոտեցնեմ, լսիր՝ ինչպե՞ս է հաճույքից մռլտում, – Էվան դիվային ժպիտով Դանիելի ականջին մոտեցրեց կատվին։ Քեթը սկսեց անհագ լիզել նրան…
Կատուն էլի փրկեց. նրա թաց լեզուն արթնացրեց Դանիելին, ինչպես լուսնոտին սառը ջուրն է ուշքի բերում։ Աչքերը բացեց, նայեց համառորեն իրեն լիզող կատվին ու մտածեց. «Ինչքա՞ն կարելի է հոլիվուդյան երազներ տեսնել»։ Ժամն ուղիղ 14։00-ն էր, Դանիելն իսկապես հոգնել էր առանց զարթուցիչի ձայնի արթնանալուց։ Դեռ երազի ազդեցության տակ վերցրեց հեռախոսը, անունների մեջ գտավ Էվային և առանց երկմտելու սեղմեց զանգի կոճակը։
– Դանիե՞լ,- չորրորդ զանգից հետո հեռախոսի մյուս ծայրում լսվեց զարմանքով լի կանացի ձայն։
– Ալո, այո, ես… Էվա՞… ըըը… Էվա, լսու՞մ ես ինձ։
– Էվան վաղուց քեզ չի լսում։ Նա քաղաքում չի, երկրում էլ չի։ Իսկ քեզ արգելված է նրան փնտրել, մոռացե՞լ ես մեր խոսակցությունը։
– Կներեք, տիկին Անահիտ, ես… ուղղակի շատ էի ուզում խոսել նրա հետ։
– Քեզ հերիք չի այն ամենը, ինչ արեցիր, դեռ էլի ես ուզում խոսել իմ աղջկա հետ։ Դանիել, մոռացիր նրան ու չհամարձակվես նորեն հայտնվել նրա կյանքում, թե չէ այլ կերպ կխոսենք արդեն քո հետ…
Դանիելն անջատեց հեռախոսը։ Չվախեցավ, իհարկե, բայց ամաչեց, շատ ամաչեց։ Հիշեց Էվայի մոր արցունքոտ դեմքը, հիշեց նրա հորդորները հանգիստ թողնել իր աղջկան, հիշեց Էվայի հոր հայացքը հիվանդասենյակի դռան առջև, հիշեց իր բուժքույրերի մեղադրանքով լի դեմքերը, հեց նաև իր մորը, որն անդադար արդարանում էր Էվայի մոր առաջ, արդարանում իր փոխարեն, քանի որ նա կորցրել էր խոսքերը, բառերը, տառերը, միտքը, իրեն։ Հիշեց նաև Էվային՝ արյունոտ շապիկով, կաթիլայինից հանգստացած ու քնած։ Վերջին կադրը հատկապես ցավոտ էր, վեր թռավ։ «Կյանքը շաունակվում է, կյանքը շարունակվում է, ես դեռ չեմ մահացել, ես շնչում եմ, ուրեմն պիտի ապրեմ…»,- ինքն իրեն համոզելով մոտեցավ լվացարանին։ «Դու չես մահացել, բայց սպանել ես, ոչ մի մեղք չգործած, անմեղ, դեռ չծնված էակի։ Դե հիմա գնա ու ապրի այդ մտքով….»,- այս միտքը նույնպես նրանն էր՝ հայելուց հնչած։ Սառը ջրից ուշքի եկավ, գնաց-նստեց բազմոցին, կատուն զգաց, ինչպես միշտ՝ զգաց, որ պիտի գրկի տիրոջը։ Մռլտաց, քսմսվեց, տեղավորվեց գրկում, Դանիելը սկսեց շոյել նրան ու փակեց աչքերը։ Մղձավանջի պես նորից գնաց ամիսներ առաջ, կանգնեց այդ չարաբաստիկ դեղատան շեմին…
– Դան, ես չեմ ուզում խմել այդ դեղը։
– Էվ, մի սկսի, ինչ երեխա, ինձ հիմա դա պետք չի, ես պատրաստ չեմ։ Ախր դու էլ պատրաստ չես, դեռ պիտի աշխատանք գտնես, հազար ու մի բան…
– Դան, արդեն շատ ուշ է, ախր, երեք ամսական է, հիմա վտանգավոր էլ կլինի, մենք ուշ իմացանք, բայց միգուցե ճիշտն էլ հենց դա էր։ Դան, մի դրդի անել մի բան, որի համար երկուսս էլ հետո փոշմանելու ենք։
– Էվ, ես չեմ ուզում այդ երեխային, հասկանում ես։
– Լավ։ Լավ…
Ու հետո արդեն շտապօգնություն, ծնողների խառնված հայացքներ, բժիշկների անցուդարձ, վերակենդանացման բաժանմունքի դիմաց սպասում, պարկերով լի դոնորական արյուն, մեկընդմիշտ այլևս երեխա չունենալու դիագնոզ։ Նա այլևս երբեք չտեսավ Էվային. ծնողներն արգելեցին։ Այդ չծնված երեխայի հետ Էվայից մեկընդմիշտ հանեցին նաև մայրանալու բերկրանքը, Դանիելից՝ ապրելու իմաստը։ Նրանց անմնացորդ սիրո միակ ականատես կատուն նաև միակն էր այս ամբողջ պատմության մեջ, ով ներել էր Դանիելին։ Ու հիմա նրա գրկում անձայն աղոթում էր. «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, Այլ փրկեա զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն, Եւ զօրութիւն և փառք…»