Մարիամ Հարությունյան | Ջենըրեյշն F

Մարիամ Հարությունյան

Քաղաքի առավոտը

Այս առավոտ դարձյալ լույսը չուշացավ,
Լցվեց տուն ու տանիք, աչք ու հոգի,
Ինչ-որ մեկն անշտապ տեղից վեր կացավ,
Փորձեց՝ մեջքը ձգի, բայց էլ ի՞նչ կօգնի,
Փոստը ստուգեց՝ ոչինչ, բայց зато սիրտը՝ լի:
Նոր կյանքը ուշ սկսվեց ու չհասած մնաց,
Իսկ երեկվա կեղտոտ ամանների կողքին՝
Ակվարիումի ափին նորից մի ձուկ սատկած:
Այս առավոտ դարձյալ ինչ-որ մեկը՝ մարդ,
Հագավ սպիտակ վարտիք ու տաք բլուզ,
Վարագույրը նրա մատներին դիպավ
Ու տուն թողեց բարի՜, բարի լույս:
Փոստը նորից ստուգեց. «Բարի լույս, էհե՜յ»,
Ժպտաց, դրեց մի կողմ, իրեն մարդ զգաց,
Ու շենքերից մեկի տանիքից վեր
Ծխախոտի հոգին ձգվեց-գնաց:

 

Քաղաքի երեկոն

Բոլորից մաքուր անծանոթների ժպիտն է լինում
Ավտոբուսների գոլորշիապատ պատուհաններին.
Մենք բոլորս էլ մեր աննպատակ գործին ենք գնում՝
Կապան-Երեւան, Երեւան-Թալին:

Պաղ երեկոյան ամբողջ քաղաքին գրկախառնված
Մեր մաշկի տակով ինֆորմացիոն արյունն է հոսում,
Ակնագնդերի մեր էկրաններին գրվում է սառած՝
«Ձեզ հետ Երեւան-FM-ն է խոսում»:

Խոսեցեք ինձ հետ, եթե կուզենաք՝ երգենք միասին.
Ես խառնամբոխում կորցրի մի օր ժպիտը նրա,
Նրա, ով հաճախ աչք էր կպցնում իմ հոգնած ուսին՝
Ձեռքերը խաչած ձեռքերիս վրա:

«Կանգառում պահե՛ք»՝ լավ է՝ շուտ ասաց, չբղավեցի.
Իմ լեզուն անգամ միաձուլվել է հոսանքին խռով:
Տեսնես ես նրան ո՞ր մի կանգառում ձեռքից թողեցի:
Ստացել էին, մնացեք բարով:

 

Ջենըրեյշն F

Մենք,
Որ կանգնած ենք կյանքի եզրին,
Տուն
Գնալու ճանապարհ չունենք,
Մենք,
Որ խմում ենք գազով բենզին,
Սեր
Խնդրելիս ամաչում: Ենք:
Մենք
Չգիտենք՝ կհասնենք, թե չէ,
Ով
Կքաշի, կտանի իր հետ,
Մենք
Կգնանք, կփախչենք, կկորչենք
Ու
Կլռենք գրքերում անհետ:

Մենք,
Որ բռնել ենք իրար ձեռքից,
Ցած
Նայելիս ծիծաղում ենք քահ,
Մենք,
Որ եկել ենք տիեզերքից,
Վառ
Կպահենք ամեն մի պահ,
Մենք
Կտեսնենք երևի մի օր
Տուն
Հասցնող ուղիները խեթ,
Մենք
Կհիշենք՝ որտեղից է, որ
Սեր
Անելիս դառնում ենք խենթ:

Մենք,
Որ կախվել ենք իրար ուսերից,
Մենք,
Որ ցավում ենք այսքա՜ն ջահել,
Ի՞նչ
Կտանենք այսօրվա հույսերից,
Ի՞նչ
Խաղերով ենք կյանք շահել:

 

Սկսվում է

Արևի կանուխ, նորածին շողիկ
Փորձում է սողալ պատուհանից ներս,
Բայց ես նոր էի վարագույրները լվացել-կախել,
Վրայից քաշել անթափանց երես
Ու պատուհանի ամեն պատառիկ
Ծածկել դրանցով:
Իմ սիրտը նոր է արևից փախել
Ու դողում է դեռ այրվածի ցավից,
Այնպես է դողում, որ ի՞նչ քաջությամբ ես հիմա նորից
Նրան դեմ անեմ ուրիշ շողերի,
Չէ՜… գուցե երեկ ես ուժեղ էի,
Բայց այսօր՝ դեռ ոչ:

 

***

Մենք մեղք չունեինք, որ նույն գրողի
տարբեր գրքերում էինք լույս տեսել,
Իմ լույսը կանաչ աչուկներ ունի,
իսկ քոնը սկսել է լավ երգեր հյուսել:
Իմ հայրենիքում դաշտերը՝ բարակ,
ծովերը մոխիր են ու սփրթնած,
Բայց լսել եմ՝ քեզ մոտ գարունը՝ տաք
ու ճերմակ-ճերմակ է հագած-կապած:
Մենք դրված էինք նույն բարձրությունում՝
մեր հոգիներն էին բարձր ու վեհ,
Մինչև ես իջա երկրորդ շարք՝ անկյուն,
իսկ դու մնացիր երկու շարք վերև:
Մենք մեղք չունեինք, որ նույն գրողի
տարբեր գրքերում էինք լույս տեսել,
Կարևորն այն էր, որ իմ տողերում
ես քո անունն էի հաճախ լսել,
Որովհետև ես քեզնից շուտ եկա.
դու դեռ միտք էիր Նրա մտքերում,
բայց, իմ կիսավարտ բառե՛րը վկա,
ամեն ինչ այնքան արագ էր գնում:
Իմ շուրջն աշխարհը չափից շուտ դեղնեց,
ես ճմրթվեցի ու չլավացա,
Ես տեսա՝ ինչպես իմ կազմը պոկվեց,
ու իմ աշխարհը խղճուկ տեսք ստացավ:
Բայց հետո տեսա քո պատյանը հաստ,
ինչպես նստեցիր էջերիս կողքին,
կարող է՝ անգամ ինձ չհավատաս,
բայց ես ստացա նոր որակ ու գին:
Մենք կապված էինք մեր թղթե հողին,
բայց նույն տառերից էին մեզ հյուսել,
Ի՞նչ տարբերություն, որ նույն գրողի
տարբեր գրքերում էինք լույս տեսել:

 

Թաց

Ինչ-որ մեկը երեկ ջուրը բաց էր թողել.
Կամ երկինքն էր կարծեմ, կամ դու:
Արդյունքում մնացել են թրջված տողեր,
Որ հազիվ եմ առաջ բրթում:
Ողջ գիշեր առաստաղս հոսում էր դանդաղ,
Կաթկթում էր սենյակս վերից:
Ես նստել-մտածում էի՝ այսքան վաղ
Ո՞ր գրողը հանեց քեզ տնից:
Թշթշում էր հոգիս անձուկից խեղդող,
Անձրևում էր ձայնեղ ու թաց:
Ինչ-որ մեկը դարձավ լպրծուն մի տող,
Ջուրը բաց թողեց ու գնաց:

 

***

Խոնավ աչքերով լավ է տեսնվում,
Ու ծիծաղվում է ավելի զվարթ,
Երբ սիրելիդ է ինչ-որ բան ասում,
Ու երբ լսում ես համարյա կիսատ:

Երրորդից հետո լցվում է ինքնին,
Ու ավելի է անցավ մատնվում,
Վաղ առավոտյան սպանում է գինին,
Իսկ ուշ գիշերով հոգի է մտնում:

Մենք ապրվում ենք ավելի մաքուր
Ուրիշ մարդերի մատների ծայրին
Ու մեռնվում ենք՝ դառը ու տխուր
Բառեր դառնալով տողերի սայրին:

Ոչ ոք չգիտի՝ գլխում անծանոթ
Նա քանի անգամ ծնվեց ու մեռավ.
Սևագրվում ենք ու դառնում անոթ,
Հիվանդ աղավնի ու երգուն ագռավ:

Իրար քթի տակ լավ ենք կարոտվում
Ու ավելի ենք փոքրանում սիրուց,
Մինչև որ իրար խոնավ աչքերում
Գտնում ենք մի օր վերջին բանտախուց:

 

Անիմա

Միսը խաշվել է. քափն եմ հավաքում,
Տեսնեմ՝ տակը ինչքան կմնա
Սրտիս փայփայած մտքերից թաքուն,
Որ լցվել են խորքերն ամենա:

Օդը պրծնում է մատներիս տակից՝
Թողնելով թմրության հետնահամ,
Ինչպես տատիս նոր կարած վերմակից,
Որ դժվար երբևէ մոռանամ:

Շունչս կտրվեց. կաթը կտրեցի.
Հիշեցի, որ լվացքս մնաց.
Քեզ կարոտելով ինձ կոտորեցի
Ու վերջում նստեցի շվարած:

 

Անձնական

Նա ծխում է:
Գիտեմ, դա հանցանք չէ բնավ,
Նա չպետք է թողնի, որ լարվեն մկանները,
Գիտեմ,
Նա տխրում է ինձանից էլ լավ,
Երբ շարում է իրերը իրենց տեղերը:
Նա հիշում է:
Գիտեմ, դա հատուկ է մարդուն,
Մանավանդ քնելիս, մանավանդ երբ մենակ է:
Ու չկա էլ պատճառ նստելու զարթուն,
Խոսելու երգերից՝ կարդալով տողատակը:
Նա ժպտում է:
Գիտեմ, սովորել եմ մի քիչ,
Բայց, գրողը տանի, նա իրոք հանճարեղ է:
Գիտեմ,
Նա դարձել է ամենափրկիչ
Ու միայն իմ դեպքում է սպանում տեղնուտեղը:
Նա ծխում է
Մատներս, աչքերս, հոգիս՝
Մինչև վերջ քաշելով թափանցիկ իմ ծուխը,
Դա հանցանք չէ,
Գիտեմ, օղակել եմ քթիս,
Կհիշեմ, ինչպես ձայնն ու աչքերի թուխը:
Ես փորձում եմ:
Ապրել, հասկանալ մարդուն,
Հավատալ ինչ-որ տեղ, որ ես էլ մարդ եմ,
Ինձանից նեղանալ ու ծխել թաքուն.
Այ այդ վերջինն է ամենից բարդը…

 

Զարթուցիչ

Ժամը վեցին, երբ էլ եթեր չկա,
Ու ոչ ոք չի գոռում՝ ժավել, ժավե՜լ,
Ես ինձ դնում եմ հերթական «ներկա»-ն,
Որ հասցրի քնից հրաժարվել
Մի փոքր շուտ, քան եթե օրը այս
Լիներ, ասենք թե, Նոր Տարի: Ու ես,
Խաղաղության վերմակ քաշած վրաս,
Իմ մտքերին հանում եմ ասպարեզ:

Առավոտյան ամենանուրբ ժամին,
Հավատացե՜ք, խոսքերը սին են, փուչ,
Ու մարդ նայում է երկնակամարին,
Ինչպես կուտեր նբերշիկով բրդուճ՝
Առանց բառի, առանց ինքնաներման
Մանվածապատ ուղին կոխոտելու:
Չարժի՞, ասեք ուրեմն, ինձ նման
Փորձել փղից ստեղծագործելը լու,

Երբ դեռ չկա սխալվելու առիթ,
Ու ոչ ոք չի ասում՝ մի բաժակ ջու՜ր:
Ես վերցնում եմ հաղարջով բլիթ,
Վրան լցնում ժպիտ (դե, մի պուճուր)
Ու որոշում ապրել: Այսպես իրոք
Եվ հեշտ է, և սրտին առողջարար.
Պարզվում է՝ մենք ունենք երկու հատ թոք,
Որ ոչ մի կերպ չեն խանգարում իրար:

Share Button

1 Կարծիք

  • Չկան քո էութիւնից դուրս տողեր, Մարիամ, քո հէքիաթից, քո առօրէական անցուդարձից ծնուած են ապրումներդ, ու այնքան իւրայատուկ՝ հէ՛նց քեզ պատկանող, բայց ուրիշներին էլ հարազատ կամ գոնէ գուշակելի, կամ թէկուզ անյայտ, բայց իր մարդկային մղումներով նաեւ մերը, ի՛մը… դրանցով քո տողերն էլ մերն են դառնում, ի՛մը, եւ դո՛ւ ես մերը դառնում ու ի՛մը.. դէ, ի՛մը ասելով՝ իմ սրտից մի մեծ բան եմ հիմա քեզ տալիս, եղբայրաբա՛ր, ազնուօրէ՛ն՝ բարիքների մաղթանքով ու քո հէքիաթի շարունակական լինելու հաւատամքով…

    Աւելի առանձնացնում եմ «Ջենըրեյշըն»-ը… այսօրուայ պէս ընդհատ-ընդհատ, անաւարտ յոյսերի ու անակնկալ ակնկալիքների տեղատարափող մի ամպրոպագոռ ժամանակավրէպ տարածութեան կենսաշրջան, որը մեր գլխից է բխում այսքան հասկանալի լինելու չափ խրթին ու անկանխատեսելի գալիք գրքերի մէջ լռութեան պէս ..
    իր կազմուածքին ներդաշնակ տաղաչափութեամբ՝ ասելիքի հետ շաղախ-շաղախ ու քար-քար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *