Շատ էլ թե Ռուզանը մարդուն ասում էր աստված մեծ է` կդոր’ըմ հացի եղածն ի՞նճ է, օր չտա: Ռուզանն էդ պարզապես աստծուն էր մահանա բռնում, փորձում աստծու կռկված մի կտոր հացով մարդուն խոպանից հեռու, կողքը պահել, թե չէ, բախտի էշ տերը թաղվի, որ աստծուն մնա չքավորն աստծու մեծությունը, մեղա-մեղա, ե՞րբ է տեսել: Հենց չքավորի բանն աստծուն է հասնում միայն լավ կյանքի համատարած խոստումներ են… էն կյանքում, դրախտում ու ոչինչ դրանից ավել: Ռուզանի մարդն էդ էր ասում, երբ չամադանն առել ոտը տնից դուրս անելու համար վզովն ընկած Ռուզանին մի կողմ էր հրում, հա՜, մեկ էլ էն, որ աստծուց մի կտոր հաց ակնկալելու համար էդ հացի տիրոջը հավատալ է պետք, համա որտեղի՞ց հավատ:
Պիտի գնար, չգնալ չէր կարող, որովհետև սեփական նաֆարը ներսից պահել մի տեսակ դժվար է ստացվում ու դրա համար խոպան է պետք գնալ, խոպանին այլընտրանք չկա` էդ Ռուզանի մարդը գիտեր, էդ գիտեին սովալլուկ աչքերով նայող դալկադեմ զույգ աղջիկ-երեխեքը, էդ ճշմարտության գիտակցմամբ հանդերձ վերջին պահին մարդու շլինքից կախված Ռուզանը նույնիսկ գիտեր ու էդ գիտեին աստծու մի կտոր հացով իրենց տղամարդկանց կուտ տվող գյուղի բոլոր կնանիք:
Էնպես որ Ռուզանի մարդը գնաց խոպան:
Գնալուց հետո ամեն ինչ ստացվեց ինչպես բոլոր կանանց մոտ է` մինչև հեռագիր եղավ Ռուզանը տարատեսակ ենթադրություններից էն աշխարհի հաստատ կես ճանապարհը թմեց ու ճամփաբաժնի քարին հանգիստն առնելուց արդեն մարդու սամալյոտը երկնքից ցած էր գցում, երբ հեռագիրն ավետեց, թե բարով տեղ է հասել: Ուրախացավ, թեև հասկանում էր` ընդհանուր հաշվով ուրախանալու հեչ բան չկա: Հետո հետևեցին հատուկենտ հեռախոսային կապակցումները գյուղի փոստից ու նամակների հեղեղը` լավ է` չնայած որ դժվար է, կարոտում է` թեև մի կերպ դիմանում է, նորմալ ուտում-խմում է` թեև աչքը հայրենի հացուջրին է: Հետևեցին նաև խոստումները` ոտքը հենց պնդացրեց փող կուղարկի, մի քիչ հետ գցեց տուն կդառնա, տուն, որ դարձավ «Պոբեդայով» գյուղամեջում ման կտա: Ամեն ինչ ըստ մարդու շուտով պիտի լավ լիներ, երբ նա հանկարծակի կորավ, այնպես անհետ կորավ ասես գետնի տակն էր անցել, գետնի տակը դեռ ոչինչ` ասես սկի չէր էլ եղել: Ու խեր կլիներ, եթե պարզապես կորչեր, որ կորչեր` հետն էլ գրողի ծոցը գնար միգուցե դատարանի թղթով Ռուզանը նրան անհայտ կորած ճանաչեր, վրի հին լաթերը մի տեղ ուռենու տակ թաղեր ու շիրիմին այցի գնար, իսկ էսպես անհայտ է, թե որտեղից… այսինքն լավ էլ հայտնի է` մարդու հետ խոպան գնացած, բայց աստծու մի կտոր հացից ավելին չհաջողած հարևանն ասաց` էնտեղ նրան կապող բան ունի, վայթե էլ հետ չդառնա:
Խոպանի կապող բանը Ռուզանն աչքով աչք չէր տեսել, բայց դրա մասին լիքը լսել ու լսել էր, գիտեր` էդ իր չունեցած շեկ վարսերն են, հաստաբեստ հոնքերի տակ ծվարած աչքերում մեռած կանացի ինտրիգն է, կարելի-չիկարելիների հատման գծում կորսված փոխհարբերակցման թեթևությունն է, երկու հղիություններից հետո խալաթի ծալքերի մեջ խճճված փթիր մարմնի գալարներն են ու երրորդ` ներկա հղիությունից մայրական կաթով ուռչած և կրծկալի թմբերից դուրս պրծնող ստինքներն են: Խոպանի էդ բանն իր այն կանացի չունեցածն էր, որ մարդն այստեղ փնտրել, իսկ գտել էր այնտեղ:
Ծանր հուշերով ծրարված Ռուզանի հայացքը սևեռված էր բակի ճաղապատ դռնակի վրա: Այս դռնակից էր, որ տասնյոթ տարի առաջ ներսում կյանք առնող իրենց երրորդ զավակի հետ մենակ թողնելով, մարդը դուրս եկավ ու կորավ: Ռուզանն այս վերհուշից հոգոց հանեց, ապա բակի դռնակից վար բերեց հայացքը դեպի գոգը դրված գործվածքը: Ռուզանի տարիքը շուղերով գուլպա գործելու տարիքի չէր հասել ու չնայած դրան նա որդու համար բրդից գուլպա էր գործում: Ռուզանն առանձնակի բերկրանքով որդու համար արդեն որերորդ գուլպան էր գործում` թեև լավ գիտեր, որ դրան տղի ոտի հոտը չպիտի կպչեր ու այն տասնյակ գուլպաների պես անհուպ պիտի մնար: Հիմակվա ջահելները բրդից գուլպայի արժեքը չեն հասկանում ու չնայած Ռուզանը լավ գիտեր, որ որդին էլ մնացածի պես դրա ղադրը չի հասկանում, բայց գործվածքի նախորդ հանգույցին թելն ագուցելու համար քաշեց այն շուղի վրա, քաշեց ու սարսափն աչքերում կանգ առավ: Ռուզանը նայեց շուղի ծայրին ցոլցլացող արևի հազարաթև աստղին ու նռռաց` ախ գրողը տանի, էդ պառավի ձեռինն այ սենց մի հատ ջոջ շուղ էր, սպիրտի մեջ թաթախված այ սենց մի շուղ, երբ նա մոտենում էր Ռուզանի կոնքերի միջև պարփակված մեծ աշխարհի դարպասին` փակելու դուռը որդու քիթուբերնին:
– Մեր ջան, սոված եմ,–աղերսանքով լի ձայնով ասաց բակ ներխուժած տասնութամյա պնդակազմ ու արծվաքիթ ջահելը,–ինձ մի բան կտա՞ս ուտեմ:
Ռուզանը սիրո մեջ խորտակված աչքերը սևեռեց որդու վրա: Այ լա՜վ արեց, ի՜նչ լավ արեց, որ խելքը ճիշտ ժամանակին գլուխն առավ, քշտած փեշերը վար բերեց ու էն մունդառ պառավի դեմից փախավ: Էն ժամանակ, երբ մարդն իրեն թողել և ռսի կնկա ծոցն էր սողոսկել, Ռուզանը մտածում էր, թե որդուց ազատվելն ամենաճիշտ լուծումն էր, որ հորից մերժված որձն ի՞՜նչ պիտի լինի, բայց սխալվել էր` ժայռի պես պինդ, արծվի պես սիրուն, լավ էլ ստացված որձ էր տղեն:
– Հեսա տամ, բալես, տամ, դու գնա ձեռներդ լվա, մինչև լվաս ես սեղանը կդնեմ,–ասաց Ռուզանն ու հարցրեց,–բա հերդ ու՞ր մնաց:
– Հիմա կգա, ասեց եզները փարախը դնի ու գա,–պատասխանեց որդին ու թևքերը քշտելով մոտեցավ ջրի ծորակին:
08 մայիսի 2016թ.