ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, անձամբ պարոն ԳՆԴԱՊԵՏԻՑ, ինձ ընձեռած այս հնարավորության համար և խոստանում եմ չչարաշահել ձեր թանկագին ժամանակը, հակիրճ և մատչելի շարադրել իմ նկատառումները անձս հանիրավի դատապարտող մեղադրանքների կապակցությամբ։
Նախ ասեմ, որ անկախ ամեն ինչից ես վերջնականապես կատարել եմ իմ ընտրությունը. ՎԱՂԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ։
Այս հայտարարությունը գուցե ձեզ շփոթեցնի, դուք կարող եք տարաբնույթ ենթադրություններ անել իմ վարքագծի այս կտրուկ փոփոխությունից, նույնիսկ կարող եք կասկածի ենթարկել իմ մտավոր-հոգեկան նկարագիրը, սակայն հիմա` այս պահին, դա չէ կարևորը։ Էականը և ուսանելին իմ պարագայում եղավ այն, որ ինձ հնարավորություն տրվեց ուղղակի մի քանի օրերի ընթացքում ճանաչել ինքս ինձ և իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ, որը չէր հաջողվել անել անցած կյանքիս 33 տարիներին։
– Վախկոտ ու թուլակամ անձնավորություն,– ահա խստագույն ու անզիջում մեղադրանքներից մեկը։
Երկու ծանր օր ու գիշեր ես տառապել եմ այս մեղադրանքի ծայրահեղ անհանդուրժողականությունից և ոչ մի պահ ինձ չի լքել հոգեմաշ անող ու անձս բզկտող զգացողությունը։ Ժամանակ առ ժամանակ վեր եմ ցատկել անկողնուց, տենդագին քայլել սենյակում, նայել աստղալից երկնքին և փորձել գտնել փոքրիշատե սփոփիչ մի պատասխան, կազդուրիչ մի դեղատոմս, բայց իզուր, հուսահատության սպանիչ մաղձը ակամայից պարուրել է հոգիս ու ես հուսաբեկ կրկին փռվել եմ անկողնու վրա։ Իմ տղամարդկային էությունը երբեք այդպես խոցված ու վիրավորված չի եղել, որչափ այս երկու օրերի հոգեմաշ ապրումների ընթացքում։ Ես, իհարկե, պարզ ու հստակ գիտակցել եմ պահի լրջությունը և ողջ պատասխանատվությունը, երբեք չեմ հուսացել, թե նման դեպքերում կարելի է ապավինել ինքնապաշտպանության (նկատի ունեմ ֆիզիկական գոյությանս) ամենաթույլ կռվաններից մեկին` ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ներկայացնել սեփական խրոնիկ հիվանդությունների անվիճարկելի ՏԵՂԵԿԱՆՔ, մանավանդ ՕՐԵՆՔԸ նախանշում է նման իրավիճակը։ Սա այն դեպքը չէ, ՊԱՐՈՆԱՅՔ, և եթե նույնիսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ մղեր անիմաստ ու հիմար մի պատերազմ, և այդ պատերազմը դառնար առօրյա անհեթեթ մի ԿՌԻՎ, այդ դեպքում էլ ինձ համար այն կլիներ սրբազան ու խորհրդավոր մի ծիսակատարութուն։ Ի դեպ ասեմ, մանավանդ որ խոսք գնաց հիվանդությունների մասին, մինչև վերջին օրերը ես տառապում էի մի քանի, մեղմ ասած, անհետաքրքիր ու քմահաճ հիվանդություններով, որոնք ժամանակ առ ժամանակ խռովում էին առանց այն էլ անհարթ կյանքիս ընթացքը ու բազում չնախատեսված փորձություններ առաջադրում։ Ես բողոքներ ունեի նյարդահոգեկան ընդհանուր իմ վիճակից, սթրեսների և կյանքի բազմաբնույթ ալեբախումների հանդեպ մարմնիս ինքնապաշտպանական ու վերականգնողական տկար ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ։ Այնքան էլ լավ չեն իմ գործերը մարսողական և հարակից օրգան-համակարգերում, ես հաճախակի էի դժգոհում փորկապությունից ու ցավատանջ ԳԱԶԱՅԻՆ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻՑ։ Կարելի է ասել, որ ինձ ուղղակի կեղեքում էին մի շարք այլ պարբերական ցավեր ևս, որոնց մասին հիշատակելն իսկ արդեն սարսափեցնում է ինձ. տա ԱՍՏՎԱԾ, որ դրանք ինձնից ընդմիշտ հեռու փախչեն։ Այսքանով հանդերձ, ես երբեք չեմ կարծել, թե կարելի է շահարկել նման առողջական վիճակը, չնայած ԶԻՆՎՈՐԸ գոնե առողջության բավարար պաշար պիտի ունենա, որպեսզի դիմագրավի, ինչպես ռազմական մի հայտնի ՓՈՐՁԱԳԵՏ բնորոշեց, ռեսուրսների տևական այս ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ։ Իհարկե, երկրի ընդհանուր իրավիճակն առավել քան բարդ է ու ճգնաժամային, որից էլ բխում է մեր բոլորի ընկերային ու հոգեվոր անմխիթար գոյությունը։ Այս առումով նույնիսկ ամոթ է ակնարկել անձնական կամ ընտանեկան հրատապ խնդիրներ. օրինակ` խոսել իմ երկու չքնաղ դուստրերի մշուշոտ ապագայի մասին անուղղակիորեն նկարագրել միջանձնային խճողված հարաբերությունները ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՍ հետ։
Ինչպես տեսնում եք, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, իմ վարքագիծը նման պարագայում չէր կրում եսասիրական կամ դավաճանական բնույթ, այլ հետևանք էր իրական պատճառների։ Փառք Աստծո, այդ ամենը արդեն հաղթահարված է, և ես ինչպես արդեն հայտարարեցի, գուցե շատերի համար անսպասելի, ՎԱՂԸ ԿԱՄԱՎՈՐ ՄԵԿՆՈՒՄ ԵՄ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ։ Սակայն մինչ այդ, օգտվելով առիթից հարգարժան ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ցանկանում եմ ներկայացնել, ավելի ճիշտ՝ համառոտ շարադրել նոր ձեռք բերած ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆՍ ճշգրիտ պատմությունը։ Արտառոց որևէ նպատակ չեմ հետապնդում, այդ մասին մտածելն իսկ անբարոյականություն է, պարզապես ինքս` ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԿԱՄԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՅԱԼ, իրավունք չունեմ թաքցնելու իմ այս ոչ ստանդարտ գոյավիճակը։ Ինչևէ, դուք արդեն տեղյակ եք մարսողական համակարգիս որոշ խանգարումներին, մասնավորապես ԽՐՈՆԻԿ ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ և ՍՊԱՆԻՉ ԳԱԶԱԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ առկայությանը։ Սակայն այն, ինչ կատարվեց հիշյալ երկու անքուն ու մղձավանջային գիշերներից հետո, վեր է ամեն մի բացատրությունից, որ կարող է մեզ առաջարկել ՈՒՂՂԱՓԱՌ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ։
Գիշերվա ժամը 2-ն էր, հանկարծակի ցնցվեցի որովայնումս բռնկված ասես բոցեղեն ցավերից։ Աղիներիս սոսկալի մղկտոցը երկատում էր մարմինս, համընդհանուր ջլատող թուլությունն ու սրտխառնուքը չէին թողնում գոնե մի րոպե գիտակցեմ անհուսալի վիճակս։ Մի պահ միայն կռահեցի աղետալի դրությանս պատճառը, զգացի, որ դանդաղ սոզվում եմ ասես դոնդողանման նյութով լցված պարուրաձև տարածության մեջ։ Այդպիսի բան ինձ հետ երբեք չէր եղել, մտածեցի, որ դա վերջն է. անփառունակ մի վախճան, աննկատ ու իմաստազուրկ մի ԳՈՅԱՏԵՎՄԱՆ նույնքան անհեթեթ ավարտ։ Այդ ապրումները հիշելն իսկ ինձ համար անչափ ծանր փորձություն է, քանզի հիմա էլ ասես վերապրում եմ այդ դժոխային հեղձուկը, այնպես որ, իմ այս հուզմունքը, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ, պայմանավորված է այդ հանգամանքով։ Ներող կլինեք նաև շարադրանքիս անհարթ ու շարահյուսական թերի կառույցների համար։ Ասեմ նաև, որ ինձ ընդհանրապես բնորոշ չէ ոչ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՁԻՐՔԸ, ոչ էլ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԻ պաթոսային ձևակերպումների արվեստը։ Ես փոքր տարիքից հակում չեմ ունեցել դեպի գրականությունը և հազիվ 10-15 գիրք եմ կարդացել, ինձ միշտ թվացել է, որ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ վնասակար մի զբաղմունք է և ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Օրինակները բազմաթիվ են, սակայն չարժե ծավալվել մի նյութի շուրջ, որն առավել քան ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ է։ Այո, արտառոց մի երևույթ է այս ԿՅԱՆՔ ԿՈՉՎԱԾԸ, ես մի վերջին ջիգով, ավելի շուտ արդեն բնազդաբար, շարժեցի ոտքերս ու անմարդկային ջանքերի շնորհիվ պարպեցի աղիներումս ԽՑԱՆՎԱԾ ԳԱԶԸ։ Տեր Աստված, վիճակս բավականին լավացավ, նույնիսկ ձեռքով շոշափեցի որովայնս։
– Գրողը տանի, այս ի՞նչ եմ արել,– մտաբերեցի, արդեն տասն օր էր, ինչ անպաշտպան մարմինս հանձնել էի դավադիր փորկապությանը։ Աններելի մի արարք, և քիչ էր մնացել` պատժվեի իմ իսկ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԱՐՔԻ հետևանքով։ Վերջին ժամանակները կանոնավոր չէի սնվել. ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ սակավությունը, իհարկե՝ նաև ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ եկող երկդիմի լուրերից առաջացած ծանր ապրումները արել էին իրենց սև գործը։ Գերագույն մի լարումով հավաքելով ուժերս, ինձ գցեցի արտաքնոց ու հոգնայով, որը միշտ պատրաստ վիճակում է, գոլ ջուր մղեցի աղիներս։ Թե ինչ կատարվեց հետո, դժվար է նկարագրել, այն եմ հիշում, երբ բնազդաբար շրջվեցի, որ տեսնեմ այդ գորշ զանգվածը, սարսափից կորցրեցի գիտակցությունս և ուշաթափ ընկա հատակին։ Այստեղ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ, կարծում եմ, որ պետք է ընդմիջել հետագա շարադրանքը և անել երկու կարճ հայտարարություն։
Նախ, ձեզ արդեն իսկ ներկայացրել եմ այն բոլոր բժշկական ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ (նկատի ունեմ նաև՝ ԱՆԿԱԽ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ), որոնք հավաստում են իմ` եթե ոչ հրաշալի, ապա գոնե բավարար նյարդահոգեկան վիճակը, այնպես որ կատարյալ անմտություն կլինի որևէ մեկի կողմից կասկածի ենթարկել ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ արժանահավատությունը։ Եվ երկրորդ` ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետագա բովանդակությունը և իրեղեն ապացույցների առկայությունը ինչու ոչ, առնչվում են ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ չհրապարակման ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ հետ։ Այնպես որ, կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը այս հարցում պետք է ավելի զգոն ու պատասխանատու լինի։
Արտաքնոցը բավականին սառն էր ու քամոտ, ուշքի գալուս նպաստեցին նաև լվացարանից ցայտող ջրի կաթիլները, որոնք ընկնում էին ուղիղ դեմքիս։ Երբ քիչ անց ինքնազգացողությունս բարելավվեց, ու մտաբերեցի ողջ կատարվածը, անբացատրելի, տարօրինակ մի զգացումով հպանցիկ նայեցի ԱՐՏԱԹՈՐԱՆՔԻՍ։
Ամեն ինչ նույնն էր, որևէ տեսողական խաբկանք չկար, ես սեփական մատներով, զգուշորեն, նաև արդեն վայրկյան առ վայրկյան մեջս աճող անբացատրելի ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ շոշափեցի դատարկված ողջ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ապա և հատ-հատ հաշվեցի։ Կարող եմ հրապարակել ստույգ թիվը. 55 ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏ «K» ՄԱԿՆԻՇԻ (ՓՈՐՁԱԳԵՏՆ արդեն ճշտել է) ինքնաձիգ հրացանի, որով մասսայականորեն զինված է մեր սիրելի բանակը։ Երկու օր անց` 48 ՓԱՄՓՈՒՇՏ` նույն տրամաչափի։ Այսօր առավոտյան` 72 ՓԱՄՓՈՒՇՏ։ Փորկապությունս լիովին բժշկվել է, ԳԱԶԱՅԻՆ ՑԱՎԱՏԱՆՋ ԽՑԱՆՈՒՄՆԵՐՆ իսպառ վերացել են։
Ախորժակս օր օրի կարգավորվում է, ՏՂԱՄԱՐԴԱՎԱՅԵԼ ՍՆՎԵԼՈՒ անհագուրդ պահանջ եմ զգում։ Եվ այսքանից հետո, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ, չկատարել պարտքս ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՍ առջև, պարզապես ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կլինի ու ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ։ Շնորհակալություն…