Նարինե Կռոյան | Լումյանների երկիրը

Նարինե Կռոյան

… և ինձ վախով թեքված`
իրերն ասքն են պատմում հեռուների բեկված,
որ ես չեմ կարող հաղթահարել` լքված
ընկերոջից, ոչ էլ առանց քրոջ` սիրել:
Ռ.Մ. Ռիլկե

I
Պատի ետևում, ասես աշխարհի արարումից էլ դեռ առաջ աշխատող կոշկակարի հարատևող թխկշխկոցը մի պահ դադարեց, ու բակից բարձրացող անսովոր աղմուկը լսելի դարձավ:
Տիգրանը ճաշը թողեց, ու հատակի վրա սահելով՝ հասավ պատուհանին:
– Մա՞մ, սրանք ովքե՞ր են…
Ձեռքերը գոգնոցի փեշով սրբելով՝ Մարգարիտը մոտեցավ որդուն ու ցած նայեց.
– Մեր նոր հարևաններն են: Լուսիկ տատի տանն են ապրելու: Ասում են՝ նրա հարսն ու թոռն են:
Ներքևում՝ իրերով բեռնված մեքենայի մոտ բարձրահասակ մի կին ու խարտյաշ մի աղջնակ էին կանգնած:
«Երևի իմ տարիքին կլինի»,- աղջկան նայելով՝ մտածեց Տիգրանը:- «Չնայած, ո՞վ գիտի, աղջիկներից ո՞վ է գլուխ հանում»:
Ներքևում կարծես կարդացին նրա մտքերը. աղջիկը բարձրացրեց աչքերն ու վերև նայեց:
Տիգրանը դանդաղ, հանցանքի վայրում բռնված գողի նման, առանց մկան անգամ շարժելու, շրջվեց ու վերադարձավ սեղանի մոտ: Գիտեր, որ պատճառը բոլորովին էլ ուտելու ցանկությունը չէ: Պարզապես աղջկա հայացքի՝ տարիքին չհամապատասխանող լրջությունն ու թախիծը շփոթեցրեց նրան: Նա մի կողմ հրեց ապուրով կիսատ ափսեն ու վեր կացավ:
– Բալես, էլի մինչև վերջ չկերա՞ր…,- մայրը խմորոտ ձեռքերը վեր բարձրացրեց ու թևքով սրբեց ճակատը:
Կոշկակարը վերսկսեց իր թխկշխկոցն ու, Մարգարիտի հարցն անպատասխան մնաց:
– Ուրեմն՝ կոշկակարն էլ էր պատուհանից նայում,- կիսաձայն եզրակացրեց Տիգրանը, գնաց իրենց մեկսենյականոցի միակ սենյակն ու նստեց գրքերով ծանրաբեռնված սեղանի մոտ. տնային առաջադրանքներն այսօր կարծես սովորականից ավելի էին:
Նոր-նոր էր բացել տետրը, երբ բազմոցին հենված հորաքույրը կանչեց.
– Տիգրան ջան, Տիգ, մի բաժակ ջուր բեր:
– Ինձ էլ կբերես,- հորաքրոջ կողքին բազմած տատն էր:- Հա, մեկ էլ էս աղբը թափիր:
Տիգրանը դժկամությամբ վեր կացավ, վերցրեց արևածաղկի սերմերի անպետք մնացորդներով ծանրաբեռնված ափսեն ու բացակայող հայացքով քայլեց դեպի խոհանոց: Նույն անտարբերությամբ վերադարձավ՝ պլաստմասե մի շիշ ու մի բաժակ ձեռքին:
Տատի ու հորաքրոջ առջևի սեղանիկի վրա արևածաղկի դեռ «չչրթված» սերմերի մի մեծ բլուր կար: Քանդելով սերմերի կանոնավոր բուրգը՝ նա մի բուռ վերցրեց, նստեց դասասեղանին ու մեղավոր արտասանեց.
– Հորքուր, ինձ էլ ոչինչ չասեք, դասերս չեմ հասցնում:
Հավանաբար ոչ ոք նրան չլսեց:

II

Առավոտյան, երբ սռաջին դասը դեռ չէր ավարտվել, փոխտնօրենը մի աղջկա հետ ներս մտավ:
Տիգրանն անմիջապես ճանաչեց երեկվա նոր հարևանուհուն՝ լուրջ ու տխուր հայացքով խարտյաշ աղջնակին:
– Լուսինեն մեր նոր աշակերտուհին է: Կարծում եմ՝ խնդիրներ չեն առաջանա,- ասաց փոխտնօրենը, բաց թողեց աղջկա աքցանած ուսերն ու դուրս եկավ:
Ուսուցչուհու աչքերը սահեցին դասասենյակի եռաշարք նստարանների վրայով ու կանգ առան պատուհանի մոտ՝ շարքի վերջում միայնակ նստած Տիգրանի կողքի թափուր աթոռի վրա.
– Լուսինե, առայժմ նստիր վերջում, հետո քեզ կտեղափոխենք:
Տիգրանը կախեց հայացքը: Լարվեց, ու սիրտն սկսեց անսովոր բաբախել:
Աղջիկն իր կողմը չնայեց: Նա պայուսակը կախեց աթոռի թիկնակից ու նստեց:
– Ես ձեր դասղեկը և միաժամանակ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին եմ՝ տիկին Լուսաբերյանը: Քո ազգանունն ինչպե՞ս է: – Ուսուցչուհին մի պահ նստեց ու պատրաստվեց ինչ-որ բան գրելու:
– Բաբլումյան: Բաբլումյան Լուսինե Սևակի:
– Եղավ, շատ լավ: Շարունակենք,- բարձրաձայնեց Լուսաբերյանը:- Այժմ ուզում եմ անդրադառնալ Մալումյան Տիգրանի աշխատանքին: Ինչպես միշտ լուսանցքներ չկան՝ ոչ մի կարգուկանոն, ոչ մի սահմանափակում:- Մի քիչ դադար տվեց ու շարունակեց:- Կարծում եմ նաև, որ տասներկու տարեկան տղայի համար պիտի պարզ լինի, որ հայերենում «մայրենիք» բառ չկա…
– Տիգրան,- արդեն իրեն դիմեց,- մենք հայրենիք ունենք, ոչ թե՝ մայրենիք:
Ուսուցչուհու ձայնի մեջ ամբարված անթաքույց հեգնանքը ծանր սալաքարի նման սեղմեց կուրծքն, ու նա անշտապ ոտքի ելավ:
– Բան ունե՞ս ասելու,- շարունակեց հեգնողը:
Դասարանը, մի կիսադեմով դեպի ուսուցչուհին, մյուսով՝ դասընկերը, որսալով դասը վարողի դեմքի խոսուն արտահայտությունը, սկսեց կիսաձայն քրքջալ:
– Ես,- ձայնը դողաց:- Ես հորս չորս տարի է՝ չեմ տեսել, ու մեր տան ամբողջ հոգսը մորս վրա է…
Տիգրանը դադար տվեց, ու դասարանը, չիմանալով անելիքը, լուռ հետևեց ուսուցչուհու դեմքի հնարավոր փոփոխություններին:
Տիգրանը շարունակեց.
– Երբ մեծանամ, բանակ եմ գնալու ու պաշտպանելու եմ ոչ թե իմ հայրենիքը, այլ մորս, ուրեմն՝ մայրենիքս:
Դժվարությամբ ասաց, դանդաղ ու կամաց: Այդպես էլ նստեց:
Լուսաբերյանի անզուսպ քրքիջն այս անգամ պայթեցրեց դասարանը:
Բռունցքներ դարձած ձեռքերը սեղանի վրա ձգվեցին: Տիգրանը փակ աչքերով հանկարծ ձեռքի վրա օտար, տաք ափի հպում զգաց. ափը պարուրեց, մեղմեց բռունցքի սառնությունը:
Աչքերը բացեց ու կողքը նայեց: Տխրությունը նույնն էր, միայն այս անգամ աղջկա դեմքին ժպիտ կար: Այն չէր հեգնում, չէր կարեկցում, ուրիշ էր ու միաժամանակ շատ ծանոթ, ինչպես …. մոր ժպիտը: Հայացքը նորից կախեց, բայց ձեռքը ետ չքաշեց: Տիգրանը հասկացավ՝ առաջին անգամ դասարանում նա մենակ չէ:

III

Դասերն ավարտվեցին, ու դպրոցի կիսաքանդ բակը եզրափակող դարպասների մոտ Լուսինեին տեսավ՝ կաթնագույն վերարկուով ու նույն գույնի թեք բերետով: Թվաց՝ աղջիկն իրեն ձեռքով արեց: Զարմացավ, երբ հասկացավ, որ իսկապես իրեն է սպասում: Սակայն զարմանքը շատ արագ փոխվեց ուրիշ, արտասովոր զգացումով, որ կարծես հպարտության, ուրիշներին ապշեցնելու ցանկության պես մի բան լիներ. քիչ հեռու տղաներ էին խմբով հավաքված՝ մեծ ու փոքր, ու աչքերի նախանձող կկոցումով իրեն էին նայում:
Տիգրանը ձգեց կորացած ողնաշարը: Ներքին դողը հաղթահարելու անհաջող փորձ արեց ու անհաստատ քայլերով մոտեցավ կաթնագույն գեղեցկուհուն: Լուսինեն չսպասեցրեց.
– Գիտեմ, նույն շենքում ենք ապրում: Դեմ չե՞ս, որ միասին տուն գնանք, թե՞ ուրիշ պլաններ ունես:
– Չէ, չէ, ի՞նչ պլաններ,- շունչն ասես կտրվեց:
Ճանապարհին ոչինչ չխոսեցին: Միայն մի անգամ համարձակվեց ընդհատել մայթին թափված տերևների խշխշոցի մեջ ամբարված լռությունը.
– Լուսիկ տատը քո ի՞նչն էր:
– Տատիկս էր, հորս մայրը: Հայրս վաղուց է մահացել: Ես նրան չեմ էլ տեսել:
Լռությունն ավելի զրնգուն դարձավ՝ փխրուն տերևների մարմինների հետ փշրելով նաև մանկական ոտնաձայների արձագանքը:
– Ես վերև եմ բարձրանալու: – Աստիճանավանդակի վրա աղջիկը հրաժեշտ տվեց:
– Գիտե՞ս… -հենց այնպես ասաց՝ երևի հրաժեշտը հետաձգելու համար, ու հասկացավ, որ ասելիք չունի:
– Հա,- Լուսինեն սանդուղքների վրա ետ շրջվեց:
– Ասում եմ՝ դու դասագրքեր դեռ չունես: Եթե կուզես, միասին պարապենք:
Աղջիկը ժպտաց.
– Լավ, շատ լավ: Միայն մորս զանգեմ, մի կտոր բան ուտեմ ու իջնեմ: Իսկ…ձեզ նեղութնուն չեմ պատճառի՞…
– Չէ, ինչ ես ասում,- Տիգրանը գիտակցեց, որ առաջարկն առնվազն ապուշություն էր:
Ի՞նչ էր տեսնելու իրեն հազիվ ճանաչող այս աղջիկն իրենց տանը: Խեղճուկրակ կահ-կարասի՞ն, հեռուստացույցի առջև հավերժորեն բազմած ծանրաքաշ տատին ու հորաքրոջը՞, թե՞ վաստակելու ամենօրյա ջլատող վազքից հոգնած, տառապած մորը՞…. Սակայն արդեն ամեն ինչ ասվել էր:
Ներսում տաք էր: Մայրը հացի խմորից բլիթներ էր պատրաստել ու թաթախել շաքարավազի մեջ: Արագ, թեյի հետ կուլ տվեց դրանք ու որոշեց մտածել հետագա անելիքների մասին: Անխոս մաքրեց հորաքրոջ ու տատի առջև՝ սեղանիկի վրա գոյացած արևածաղկի սերմերի կճեպների հերթական բլուրն ու հատակը սրբեց:
– Մարգարիտ,- տնքաց տատը,- Էդ ի՞նչ ես սարքել, բեր ուտենք:
Տիգրանը սրտխառնոց զգաց: Նայեց ճարպածալքերի մեջ լողացող բազմոցի անժամկետ բնակիչներին ու հասկացավ, որ ատում է նրանց: Ատում է վաղուց, որքան իրեն հիշում է, անգամ այն ժամանակ, երբ դեռ հայրը տարին գոնե երկու անգամ գալիս ու հաճախակի զանգում էր այն՝ ուրիշ երկրից, ուր գնացել էր իրենց ու բազմոցաբնակների արևածաղկի համար փող աշխատելու:
Երբ հայրն այլևս չզանգեց, առավել ևս՝ չեկավ, ամեն բան ավելի անտանելի դարձավ: Տեսնում էր, որ մայրը գիշերները չի քնում, թաքուն արտասվում է՝ ամեն ուրիշ հեռախոսազանգից ցնցվելով, արտասվում է ճաշ պատրաստելիս, լվացք անելիս…
Հետո երբ փող վաստակելու համար մայրը ստիպված էր նաև լրացուցիչ աշխատանք անել և խոհանոցից դուրս չգալով՝ թխվածք պատրաստել, իսկ լուսաբացի հետ մեծ-մեծ պայուսակները ձեռքին դրանք դպրոցի բուֆետ, խանութներ ու կրպակներ հասցնել, արթմնի երազներում տեսնում էր, թե ինչպես են բազմոցի շարունակություն, անշարժ գույք /այս արտահատությունը հեռուստատեսային գովազդի ժամանակ էր լսել/ դարձած «հարազատները» խեղդվում ամենակուլ երախներում մնացած արևածաղկի քուսպից, թե ինչպես են իրենից ջուր խնդրում, ու ինքը… չի տալիս…
– Էէէ, ես որ էսքան չաղացա, ներվերիցս է, տղայիցս լուր չունեմ: Արևածաղիկն էլ եմ ներվերիցս ուտում…:- Հաճելի երազներն ընդհատվում էին տատի՝ բազմակի օգտագործման համար նախատեսված այս ու նմանատիպ այլ արտահայտությունների կրկնությունից:
Տիգրանը, սակայն, գիտեր, որ արևածաղկի սերմերի անվրջանալի կիլոգրամները մինչ հոր անսպասելի ու անլուր անհետանալն էլ էին սովորականի պես կորչում բազմոցաբնակների անհատակ որկորում:
Երբեմն տատին, իհարկե, խղճում էր, երբ նա փորձելով արդարացնել իր «Արևածաղկի սերմ ուտողի հուշարձանը հեռուստացույցի առաջ»՝ մրմնջում էր.
– Ախր, ես, որ ինձ չնայեմ, ո՞վ է նայելու… Բա որ հիվանդանամ, ձեռքից-ոտքից ընկնեմ…
Տիգրանի պատասխանը միշտ անձայն էր.
– Իբր ընկած չես….
Դռան զանգն ընդհատեց դառնահամ մտքերի ընթացքն, ու ստխառնուքն անցավ:
Սովորականի նման փայլեցված հատակի վրայով սահելով՝ մի ակնթարթում հասավ դռանն ու շունչը պահեց: Պատի հայելու մեջ իրեն տեսավ: Սանրվածքն ու մեջքն ուղղեց, ընտրեց դեմքի անտարբեր արտահայտության դիմակն ու դուռը բացեց:
Լուսինեն էր՝ մորեգույն տնային տաք հագուստով ու փափկամազ կատվի մռութ հիշեցնող մեծ հողաթափերով:
– Ո՞վ է,- մայրն էր խոհանոցից:
– Ի՞նչ են ուզում,- հորաքույրն էր՝ սենյակից:
Կոշկակարի թխկշխկոցը դարձյալ անհայտ պատճառներով ընդհատվել էր, և Տիգրանը գոռալու կարիք չուներ.
– Իմ դասընկերուհին է:
Մայրն ընդառաջ եկավ՝ իր հավերժ խմորոտ ձեռքերով, ու խոհանոցի դռների մեջ կանգնած ժպտաց:
– Միասին ենք պարապելու,- բացատրեց Տիգրանը:
Հյուրը ևս բարևեց ու ժպտաց:
– Որտե՞ղ, բալես, – անհանգստացավ մայրը:
– Դե, սենյակում էլի…,- Տիգրանը մի կերպ ծամեց բառերը:
Անշուք սենյակի մակերեսի վրայով Լուսինեն պտտեց ոչինչ չարտահայտող հայացքը, բարևեց «անշարժ գույքին» ու ասաց.
– Ինձ միայն վաղվա դասացուցակն է պետք:
Տիգրանի դեմքի արտահայտությունը հավանաբար այնպիսին էր, որ աղջիկը կարծես զղջաց ասածի համար.
– Դե, չեմ ուզում նեղություն տալ:
– Ինչ նեղություն, ես միայն ուրախ եմ,- Տիգրանն այնքան արագ պատասխանեց, որ չհասցրեց անգամ մտածել:
Երբ արդեն նստել ու մաթեմատիկայի առաջադրանքն էին քննարկում, Լուսինեն չհամբերեց.
– Ո՞նց ես դասերդ պատրաստում, երբ ականջիդ տակ անընդհատ ծամում են: Ես չեմ կարողանում կենտրոնանալ: Նյարդայնանում եմ:
Տիգրանն աղջկա կողմը հրեց արևածաղկի սերմերով փոքրիկ ափսեն ու մեղավոր ասաց.
– Կեր, դու էլ նույնն արա ու նրանց այլևս չես լսի…
Լուսինեն չափազանց խելացի էր նոր ընկերոջը չհասկանալու համար: Նա մի ձեռքը մտցրեց ափսեի մեջ, հետո, ինչպես արդեն մի անգամ արել էր, մյուսով՝ բռնեց տղայի դողացող ձեռքն ու էլի ժպտաց.
– Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացիր: Ես մի քիչ հետո կգնամ: Գրքերը կվերցնես ու կբարձրանաս վերև՝ մեր տուն, եղա՞վ: Այդպես ավելի լավ է: Տանը ոչ ոք չկա:
Տիգրանը ոչինչ չպատասխանեց: Նա ամոթից էլ ավելի կախեց գլուխ, ու լացը եկավ:
– Մի նեղվիր, հարազատներին ոչ կարող ես վաճառել, ոչ էլ՝ փոխանակել: Նրանք կամ կան, կամ՝ չկան:
– Ավելի լավ է, երբ չկան,- ճակատը բռունցքով սեղմելով՝ ասաց ու փակեց տետրը:
Լուսինեն քաղաքավարի հրաժեշտ տվեց, անգամ հաճոյախոսության նման ինչ-որ բան արտասանեց՝ բազմոցաբնակներին քնքշորեն ժպտալով: Տիգրանը աղջկա խոսքերի մեջ անթաքույց հեգնանք տեսավ: Թվաց՝ ուր որ է բեմում կանգնած ծաղրածուի պես տատի ու հորաքրոջ առջև մի հատ էլ կխոնհարվի: Սիրտը կարծես թեթևացավ: Անկեղծ ու լիաբերան ժպտաց ամեն բան այդքան արագ ըմբռնող ընկերուհուն ու ճանապարհ դրեց.
– Ես կբարձրանամ:
Շնչակտուր հավաքեց գրքերը, խցկեց պայուսակի մեջ ու վազեց դեպի դուռը:
– Բալես, էս թխվածքը հետդ տար,- Մարգարիտը փոքրիկ սկուտեղի վրա գաթայի մի քանի կտոր էր դրել ու ծածկել անձեռոցիկով: Նա դեմքի տարօրինակ արտահայտությամբ գրկեց որդուն ու համբուրեց վառվող այտերը:

IV

Օրերն անցնում էին խաղաղ միօրինակության մեջ, և Տիգրանին թվում էր, թե երջանկությունը հենց այդ է, որ կա:
Լուսինեն խելացի էր, չափազանց խելացի, և ուսուցիչներից ոչ ոք չէր կարողանում նրան ցածր գնահատականներ նշանակել: Պարզապես ոչ մի կերպ չէր կարողանում, և վերջ:
Տիգրանն ամեն անգամ անհամբերությամբ էր սպասում դպրոցում դասերի ավարտին, որպեսզի տուն վերադառնա, բարձրանա վերև ու նորից Լուսինեի կողքին լինի:
Գլխում աղջկա խոսքերն էին, երբ դասարանում դասղեկը պատրաստվում էր իր կողքից տանել նրան. «Շնորհակալություն, տիկին Լուսաբերյան, բայց կարծում եմ՝ ավելի լավ ընկեր, քան Տիգրանն է, ես դժվար թե այստեղ գտնեմ»:
Իհարկե, դասղեկին և առավել ևս դասարանցիներին դա դուր չեկավ, բայց Լուսինեի հերթական, դերասանական արվեստի բոլոր կանոններով արտասանած և բովանդակությունից դուրս «շնորհակալությունն» ու ժպիտը ուսուցչուհուն զինաթափեցին: Մի օր էլ Տիգրանը չդիմացավ.
– Ես դեռ զարմանում և ինչ որ տեղ նաև հիանում եմ քեզնով. այնքան համարձակ ես, ուժեղ:
– Նրանք ժամանակավոր են մեր կյանքում, նրանք շուտ են անցյալ դառնում: Ես ուսուցիչներին ու այն մարդկանց նկատի ունեմ, որոնց կողքին չգտնվելու ընտրություն դեռ չունենք: Հետևաբար՝ նրանց պետք չէ այդքան արժևորել ու առավել ևս տառապել նրանց պատճառով: Մայրս է այդպես ասում:
– Դու լավ աշակերտ ես, – Տիգրանը կատակի տվեց:
Լուսինեի մայրը բժշկուհի էր, ու տանը քիչ էր լինում. գիշերային հերթապահություններ շատ էր վերցնում:
– Գիշերները մենակ չես վախենու՞մ,- մի օր հարցրեց:
– Չէ, մաման ասում է, որ հորս եմ նման: Հայրս զինվորական է եղել: Ականի վրա է պայթել, որ իր զինվորների կյանքը փրկի:
Լուսինեն դադար տվեց ու զգուշավոր շարունակեց.
– Իսկ քո հայրը՞… Ինչու՞ չի գալիս…
Կոկորդը սեղմվեց, ու խոսել կարողանալու համար Տիգրանն ստիպված էր հազալ.
– Չգիտեմ: Ոչ ոք չգիտի: Ես լավ չեմ հիշում: Տատս ասում է, որ մեզնից՝ ինձնից ու մորիցս է զզվել, գլուխն առել կորել է…
– Բանի տեղ մի դիր,- Լուսինեն ձեռքն ուսին դրեց: – Նրանցից սպասելի է: Հա… նրանց համար արևածաղկի սերմն ո՞վ է առնում, որքան հասկացա, նրանք մատները մատին չեն տալիս: Այդպե՞ս է….
– Հա, այդպես է: Մաման է առնում:
– Վաղը կասես, որ դու ես ուզում առնել, իբր՝ օգնել ես ուզում, և չես գնի, թող մի օր առանց իրենց թմրադեղի մի լավ տառապեն, – չարախնդաց Լուսինեն:- Այ թե թատրոն կլինի ձեր տանը: Կհրավիրե՞ս ներկայացմանը…
– Չէ, մորս կյանքը կուտեն: Բերանները չեն փակի:
– Է, թող խոսեն: Իսկ ո՞վ ասաց, թե ամեն ասված բան լսելու համար է: Մենք պետք է հարգենք մեր ականջները:
Լուսինեն երկու ձեռքով բռնեց Տիգրանի ականջներից, գլուխն սկսեց աջ ու ձախ պտտել ու ինքն իրենից գոհ՝ ծիծաղել: Շուտով Տիգրանի ժպիտը ևս փոխվեց անզուսպ ծիծաղի: Հետո երկուսով մի լավ թռչկոտեցին ու թավալ եկան հատակն փռված գորգի վրա:
– Կոշկակարը հիմա գժվեց: Գլխին այսքան թռանք,-Լուսինեն որքան ուժ ուներ ցատկում էր սենյակում:
– Թող իմանա՝ ինչ է նշանակում իր թխկուշխկով ուրիշների գլուխը տանելը,- հևալով պատասխանեց Տիգրանը:
Սակայն խոհանոցից լսվող անսպասելի աղմուկն ստիպեց կանգ առնել:
– Լսեցի՞ր,- Լուսինեն լարեց լսողությունը:
Տիգրանը միայն գլխով արեց:
– Ինչ-որ բան ցած ընկավ: Մենք էինք մեղավոր, շենքով մեկ «երկրաշարժ» սարքեցինք, – աղջիկը ժպտալու ճիգ արեց:
– Գնամ նայե՞մ,- Տիգրանը պիտի իրեն վերջապես տղամարդու նման պահեր:
– Միասին կգնանք:
Չգիտես ինչու ոտնաթաթերի վրա կամացուկ շարժվեցին խոհանոցի կողմը:
Երբ լույսը վառվեց, խոհանոցի աղոտ պատկերները վերստացան իրենց իրական տեսքը: Սակայն լռությունը թվաց՝ ուրիշ էր.
– Դու չես վախենու՞մ, չէ՞,- Տիգրանն ավելի մոտեցավ աղջկան:
– Չէ: Ինչի՞ց պիտի վախենամ:- Լուսինեն հայցքը պտտեց խոհանոցով մեկ:- Հաաա…, նայիր, արկղն է ցած ընկել: Տատիկի իրերն արկղերի մեջ ենք դասավորել: Կարծես՝ բոլորը տարել, բաժանել ենք՝ հագուստը, կոշիկները…: Սա մնացել է: Երևի մայրիկը որոշել է պահել այն:
– Բայց ինչու՞ պիտի արկղն ինքն իրեն պահարանի վրայից ցած ընկներ:
– Ինչու՝ ինչու՞… Մենք ենք մեղավոր, ասացի չէ՞:
Արկղի միջից ինչ-որ թղթեր, նկարներ էին թափվել:
Աղջիկը կռացավ ու սկսեց հավաքել դրանք: Տիգրանը որոշեց օգնել.
– Երևի հայրդ է,- ասաց՝ Լուսինեին մեկնելով լուսանկարներից մեկը:
– Չէ, նա չէ: Երևի պապիկս է. հորս շատ նման է: Տես, -Տիգրանին դիմեց,- հին նկար է՝ սևուսպիտակ:
Լուսանկարը երկծալ բացիկի մեջ էր:
Տիգրանը շուռումուռ տվեց բացիկն ու բարձրաձայն կարդաց.
– Անձրևի տոմս… մեկ անձի համար:
Լուսինեն թողեց ամեն ինչ ու տղային նայեց.
– Ի՞նչ, ի՞նչ անձրև…
– Չգիտեմ: Ինքդ նայիր:
– Տարօրինակ է:
– Հա: Նայիր, ամսաթիվ էլ կա՝ 12.11.12-ին կեսօրից հետո: Այսինքն՝ վաղը՞…
– Վրիպակ կլինի,- Լուսինեն ձեռքն առավ բացիկն ու սկսեց ետ ու առաջ շրջել:- Հասցե էլ կա՝ Լումյանների փողոց, 12…
Շուտով ստվարաթղթե արկղի ամբողջ պարունակությունը հատակին էր, սակայն ամենամանրազնին որոնումներն ապարդյուն էին. զարմանալի ու արտասովոր այլևս ոչինչ չկար:
– Առավոտյան մայրիկին կհարցնեմ,- հրաժեշտից առաջ եզրափակեց Լուսինեն:
– Իսկ եթե վաղն, այնուամենայնիվ, գնա՞նք,- Տիգրանի աչքերն արկածների ակնկալությունից փայլեցին:
– Ու՞ր…
– Լումյանների այդ փողոցը… Վաղը կիրակի է:
– Հաստատ ինչ-որ անհեթեթություն է: Դասերն էլ շատ-շատ են: Այսօր ոչինչ չարեցինք:
Տիգրանն ամբողջ գիշեր չքնեց: Պատճառը բոլորովին էլ բազմոցաբնակների իրար հերթ չտվող խռմփոցային երկխոսությունը չէր, զարմանալի բացիկն էր՝ անձրևի իր անհասկանալի հրավերով:
Առավոտյան, երբ նախաճաշից հետո այլևս անելիք չուներ, իսկ Լուսինեենց տուն բարձրանալն անհարմար էր, որոշեց մի քիչ թափառել բակում: Ավոտնակների արանքում մլավոց լսեց: Կատու էր, փոքրիկ փիսիկ՝ Լուսինեի հողաթափերի նման կլորիկ ու փափուկ:
Կատուն անմիջապես փոքրիկ ճանկերը խրեց բաճկոնի կտորի մեջ ու գլուխը Տիգրանի թևի տակ մտցրեց:
Ի՞նչ պիտի աներ: Եկան տուն:
– Ինչու՞ ես բերել, բալես: Ո՞նց ենք պահելու: Անտեղի խոսելու մի առիթ էլ ես տալիս:
«Խոսելը» չուշացավ: Մեկը մյուսին ընդհատելով տատն ու հորաքույրն սկսեցին «ձեռքից գնացած տղայի» դաստիարակությամբ զբաղվելու անշնորհակալ գործը: Չդիմացավ: Կատվին գիրկն առած՝ դուրս եկավ:
Հուզմունքը թաքցնելու կարիք չուներ: Վերև բարձրացավ ու անհաստատ բախեց ծանոթ դուռը:
Լուսինեի մայրն էր՝ քնաթաթախ աչքերով ու գունատ, ասես՝ անարյուն դեմքով:
– Ներս արի, տղաս: Հիմա Լուսինեին կկանչեմ:
– Գիտեի, որ կգաս: Զարմանում եմ՝ ո՞նց ես մինչև հիմա դիմացել,- Լուսինեն ալարելով ժպտաց:
Մայրը վերադարձավ ննջարան՝ ետևից ծածկելով դուռը:
Տիգրանը չպատասխանեց:
– Վայ, կատու է, ինչ լավն է, որտեղի՞ց – Լուսինեն փիսիկին գիրկն առավ:
– Բակում գտա: Անտեր է: Կսատկի: Ցրտերին չի դիմանա:
– Անունն ի՞նչ է:
– Դեռ անուն չունի: Կմտածենք, միասին մի անուն կգտնենք նրա համար:
– Հիմա ի՞նչ,- շարունակեց աղջիկը: Ուզու՞մ ես՝ գնա՞նք…
– Հա: Ուզում եմ: Շատ…Եթե թյուրիմացություն է, կպարզենք ու ետ կգանք:- Արդարացավ Տիգրանը: – Ամբողջ գիշեր չեմ քնել:
– Ես էլ,- Լուսինեն չէր ժպտում:
– Փիսոյին ի՞նչ անենք: Մեր տանը չեմ կարող թողնել: Մայրս հիմա տանը չէ: – Տիգրանն անհանգիստ էր:
– Խոհանոցում թողնենք: Շոր դնենք, որ չմրսի, ուտելու բան ու ջուր: Միևնույն է, շուտով ետ ենք դառնալու,- որոշեց Լուսինեն:

V

Փոքր քաղաքում ոչինչ այդքան երկար չեն փնտրում, որքան Լումյանների փողոցը:
– Ոչ ոք ոչինչ չգիտի,- ուսերը թոթվելով՝ Լուսինեն վերջապես կանգ առավ: – Գուցե՞ ուրիշ քաղաք են նկատի ունեցել հրավիրատոմս գրողները:
– Տասներկուսին քսան է պակաս:
– Ետ դառնանք: Անիմաստ է:
Աշնանային քամին փողոցի երկայնքով փոշու մի ամպ գլորեց հատուկենտ անցորդների վրա՝ ստիպելով փակել աչքերը: Հին տների արանքում սեղմված փակուղին քամուց պատսպարվելու ամենահարմար տեղն էր:
– Նայիր:- Տիգրանը ձեռքն առաջ մեկնեց:- Զուլումյանների փողոց:
Հանդիպակաց պատի վրա հստակ կարելի էր կարդալ:
– Հետո՞….
Տիգրանը խորհրդավոր նայեց ընկերուհուն և անխոս բռնելով նրա ձեռքը՝ ուժով քարշ տվեց իր ետևից:
– Հիմա ի՞նչ… Ի՞նչ պատահեց,- աղջիկը դժկամությամբ հետևեց նրան:
Մի քանի քայլ ևս, ու տղան հաղթանակածի տեսքով կանգ առավ, այրվող հայացքը հառեց հնօրյա մի կառույցի վրա փակցրած ցուցանակին ու կարծես ինքն իր հետ խոսելով՝ շշնջաց.
– Ես գիտեի, գիտեի…
Լուսինեն մեխանիկորեն հետևեց տղայի հայացքին.
– «Զու»-ն ընկել է… լումյանների փողոց…
Նա ապշահար չորս կողմը նայեց ու այլևս ոչինչ չասաց:
Սև, անհամաչափ, տեղ-տեղ էլ անտաշ քարից շարված մեկ-երկու հարկանի տներն ուրիշ էին, օտար՝ փակուղուց դուրս գտնվող աշխարհի համար: Նրանք ասես հավաքվել, կուչ էին եկել փոքրիկ այս տարածության մեջ դրսի աղմուկից ու քամուց պաշտպանվելու, ինչ-որ բան պահպանելու, պատսպարելու համար: Տներն այդ երկյուղից սեղմել էին երբեմնի փողոցը՝ այն վերածելով միայն քայլելու համար պիտանի նրբանցքի կամ ավելի շուտ՝ փակուղու, քանի որ թիվ 12 տունն իրենով ավարտում էր Լումյանների փողոցը՝ իրենով էլ սկսելով կենտ համարներով տների մյուս՝ հանդիպակաց շարքը:
Փայտյա, ծանր դարպասը ստիպված էին հրելով բացել, որովհետև թակոցին չարձագանքեցին:
– Գուցե՞ այստեղ ոչ ոք չի ապրում,- վարանեց Տիգրանը:
– Այսքանից հետո ես ետ դառնալու մտադրություն չունեմ,- Լուսինեն առարկություն չէր ընդունում:
Բակի սալահատակը անհարթ էր ու փայլուն, ինչպես անձրևից հետո:
– Եթե հարթ լիներ, կարելի էր վրայով սահել,- նկատեց Տիգրանը:
Բակի կողմից տան ներքնահարկն իջնող սանուղք կար: Հեռվում աղոտ լույս էր նշմարվում:
Քաշելով աղջկա թևից՝ Տիգրանն առաջ գնաց.
– Հենց այստեղ էլ կհարցնենք:
Երկար միջանցք էր, խոնավ ու ամայի:
– Նայիր, լույսն այնտեղ է,- մատնացույց արեց Լուսինեն:
Դեպի լույսը տանող դուռը փակ էր: Ստիպված էին բախել:
Երբ դուռը բացվեց, սկզբում ոչինչ չհասկացան: Թվաց՝ երազ է, որ, չգիտես ինչու, երկուսով են տեսնում և՝ միաժամանակ: Երևի դեռ ապշած ու սարսափած՝ երկար կկանգնեին դռների մեջ, եթե տարօրինակ տանտերերը, ավելի շուտ՝ ներքնահարկի տերերը չշատապեցնեին.
– Եթե հրավիրված եք և ներս մտնելու մտադրություն ունեք, պետք է արագացնեք: Անձրևը շուտով կսկսվի:
Երկու կիսամարդ էին՝ մարդու աջ ու ձախ կիսամասերով, անգամ կիսագլուխների վրա դրված գլխարկներն էին կիսագլխարկ:
Եկվորները կարծես՝ ասելիք չունեին: Նրանք միայն ափ ընկած ձկան նման անիմաստ համառությամբ բացում ու փակում էին չորացած բերանները:
– Ես ԼուԴենն եմ, ինքը՝ պարոն ԼուԴեսը:- Շարունակեց անհամբերությունից կարմրող կիսամարդը: Դուք կամ ներս եք մտնում, կամ հեռանում եք: Մի ստիպեք լուտանքներ թափել ձեզ վրա:
Առաջինը Լուսինեն ուշքի եկավ.
– Կներեք, մենք մի տոմս ունենք…
Նա գրպանից հանեց երկծալ հրավիրատոմսն ու մեկնեց ԼուԴեսին:
– Օ, ներեցեք, այդ դեպքում Դուք խնդիր չունեք,- մեջ ընկավ ԼուԴենը:- Երախտապարտ ենք Ձեր այցելության համար, օրիորդ Լու…
– ԼուՍինե,- աղջիկը պիտի արագ կողմորոշվեր:
– Հրաշալի է, հրաշալի է…
ԼուԴեսն ու ԼուԴենը միաժամանակ կիսգլուխներն ու կիսաիրանները խոնարհեցին ու միաբերան ասացին.
– Բարի գալուստ Լումյանների լուսափայլ երկիր:
Հետո կիսամեջքերն ուղղելով շարունակեցին.
– Մենք միայն կնիք ենք դնելու Ձեր տոմսի վրա, լուսապայծառ օրիորդ:
Լուսինեն նայեց Տիգրանի սոսկումից քարացած դեմքին, անուժ կախված ստորին ծնոտին ու փութով հրեց նրան:
– Գիտեք, հարգարժան պարոնայք ԼուԴես և ԼուԴեն, ես մենակ չեմ, իսկ անձրևին երևի մեկ-երկու րոպե է մնացել: Կխնդեի՝ արագացնեիք….
– Այո, իհարկե, հիասքանչ օրիորդ: Մեր Գլխավոր նախարարությունը պատահական մեկին չէր կարող այսքան բացառիկ նվեր անել՝ անձրևի անհատական տոմս ուղարկել:
Կիսամարդիկ միաքայլ մոտեցան տղային ու կիսադեմքի շողոքորթ ժպիտները ձգելով՝ արտասանեցին.
– Ձեր տոմսը, երիտասարդ:
Տիգրանը սթափվեց.
– Բայց ես տոմս չունեմ…
Կիսամարդկանց ձեռքերն օդում իրար հագան ու կիսադեմերի ցավակցական արտահայտության հետ դանդաղ ներքև իջան.
– Ցավում եմ, բայց մուտքը միայն տոմսերով է,- ԼուԴեսն արագ ջնջեց կիսադեմի ժպիտը:
– Իսկ Ձեր անունն ի՞նչ է, անտոմս երիտասարդ,- ԼուԴենը շարունակում էր ժպտալ:
– Տիգրան, ու ես ոչ մի փաստաթուղթ չունեմ:
Նա կախեց գլուխն ու լարված սպասեց:
– Ախ, ինչպիսի անախորժություն, Դուք նույնիսկ զտարյուն քաղաքացի չեք,-մեջ ընկավ ԼուԴեսը:
– Այո,- Լուսինեն հասկացավ, որ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու ժամանակն է:- Այո, նա զտարյուն քաղաքացի չէ, որովհետև իմ ծառան է՝ իմ անձրևանոցակիրը: Դուք պետք է, որ հարգեք իմ՝ զտարյուն քաղաքացուս անձրևանոցակիր ունենալու իրավունքը:
Կիսամարդիկ կարծես շփոթվեցին.
– Մեկ վայրկյան, լուսապայծառ օրիորդ, մեկ վայրկյան….
Նրանք մոտեցան սեղանին ու սկսեցին աջուձախ թերթել հաստափոր ու փոշեպատ մի գիրք, և երևի այդպես էլ ոչինչ չգտնելով՝ լռեցին:
Գետնահարկի խորքից զանգեր լսվեցին, և ԼուԴեսն ու ԼուԴենը դարձյալ ագուցելով ձեռքերը՝ կիսագլխահակ ու մտահոգ կանգ առան:
– Լույնախոհներն են: Նրանք անձրևի գալն ազդարարող արգելված զանգեր են հնչեցնում՝ փողոց հանելով նաև սովորական մահկանացուներին,- տնքաց ԼուԴեսը:
– Սոսկալի է,- արձագանքեց ԼուԴենը:
Լուսինեն ոչինչ չհասկանալով՝ շարունակեց հարձակումը.
– Հիմա ի՞նչ, ես իրավունք չունեմ անցնելու: Գուցե՞ նաև լուտանքներ թափեք ինձ վրա:
Վերջին արտահայտությունը հավանաբար այնքան տպավորիչ էր, որ կիսամարդիկ իրենց միակ ձեռքերով ծածկեցին կիսաբերաններն ու սարսափած իրար նայեցին:
– Օ, ոչ, լուսաճաճանչ օրիորդ, անգութ մի եղեք: Մենք պարզապես չգիտենք՝ ինչ անենք,- ԼուԴեսն սկսեց արտասվել:
Լուսինեն գրպանից թղթե թաշկինակ հանեց ու մեկնեց կիսմարդուն:
– Շնորհակալ եմ: Դուք այնքան բարի եք:
– Լավ,- շարունակեց ԼուԴենը: Մենք արտակարգ իրավիճակների համար հրահանգ ունենք՝ ընտանի կենդանիների մուտքի հետ կապված:
– Մանավանդ, որ լուսապայծառ օրիորդը կարծես՝ մեր Գլխավոր նախարարի՝ տիկին Լուսաբեկի ազգականուհին է,- խորհրդավոր ձգեց ԼուԴեսը:
Հավանության ժպիտ սահեց ներկաների դեմքերի և դրանց կիստ տարբերակների վրայով: Տիգրանը գլխով արեց, ու Լուսինեն ասաց.
– Որպես Գլխավոր նախարար տիկին Լուսաբեկի ազնվազարմ ազգականուհի՝ ես համաձայն եմ:
Մնում էր անձրևի տոմսին կեցության մի առանձին վկայական կցել ԼուՏուի՝ օրիորդ ԼուՍինեի կատվի, կարգավիճակը վավերացնելու նպատակով:
– Դուք վերջին զանգին անպայման կհասցնեք, հոգատար օրիորդ ԼուՍինե,- ԼուԴեսը թղթե թաշկինակը սեղմեց արցունքոտ աչքին:
– Վերցրեք այս անձրևանոցը: – Իր հերթին խոնարհվեց ԼուԴենը:- Ձեր անձրևանոցակիր ԼուՏուն կարդարացնի իր կարգավիճակն ու այն կերակուրը, որ Դուք եք նրան տալիս:
Կիսամարդիկ վերջապես մի կողմ քաշվեցին ու սկսեցին պատի երկու կողմերից կախված ինչ-որ ծանր պարաններ ներքև ձգել: Հանկարծ քարե պատը բեմը ծածկող վարագույրի նման վեր բարձրացավ՝ եկվորներին դեպի բացվող տարածություն քայլ անելու այլընտրանք չթողնելով:

VI

Քիչ հեռվում քաղաք էր՝ ցածրահարկ տներով ու նեղլիկ, ծուռումուռ փողոցներով: Մարդիկ էին կանգնած՝ անձայն ու անշարժ՝ սպասող սրտերի գրեթե լսելի տրոփյունով:
– Նայիր, նրանց ականջներին նայիր:- Շշնջաց Տիգրանը:
Իրոք որ մարդիկ զարմանալի մեծ ու երկար ականջներ ունեին և, որ ամենակարևորն է, դրանց վրա թղթի կտորներ էին փակցված՝ շատ, չափազանց շատ թղթի կտորներ, այնքան շատ, որ թե թղթի, թե ահռելի ականջների ծանրությունից մարդիկ հազիվ էին ոտքի վրա մնում:
Քիչ անց երկինքը մթնեց, ու ծափողջույնների տարափի հետ սկսվեց անձրևի տարափը: Վերից վար իջնող ջրի անթափանց պատը մի պահ փակեց նորեկների տեսադաշտը: Սակայն երբ անձրևը, որքան անսպասելի, նույնքան էլ անակնկալ կերպով դադարեց, Տիգրանն ու Լուսինեն ուրիշ բան տեսան: Մարդիկ արդեն շարժվում էին, նույնիսկ՝ խոսում իրար հետ: Նրանց մեծ ու երկար ակնաջների վրա այլևս թղթի հետք անգամ չկար:
Որոշեցին առաջ շարժվել ու շուտով խառնվեցին աշխույժ ճեմող հասարակությանը:
Քիչ անց երկու կիսամարդ դարձյալ փակեցին նրանց ճանապարհը: Դրանք ԼուԴեսն ու ԼուԴենը չէին: Կիսամարդիկ համազգեստ էին կրում, ավելի ճիշտ՝ կիսահամազգեստ: Նրանցից մեկի ուսադիրների վրա մեկ, իսկ մյուսի ուսադիրներին՝ երկու կիսալուսին կար:
– Բարև Ձեզ օրիորդ: Թույլ տվեք ներկայանալ: Փոխգնդապետ ԼուԹըխկ: Իմ կոլեգան՝ մայոր ԼուՇըխկ:
Երկուսն էլ միաժամանակ պատվի առան:
– Այո, պարոնայք սպաներ,- Լուսինեն ինչպես միշտ իրեն չկորցրեց:
– Դուք խախտում եք հասարակական կարգը:- ԼուԹըխկն էր:
Երբ աղջիկը հարցականի նման կլորացրեց հոնքերը, ԼուՇըխկը լրացրեց.
– Դուք անվայել փոքր ականջներ ունեք:
Լուսինեն ինքնաբերաբար ձեռքն ականջին տարավ:
– Կներեք, պարոնայք գնդապետներ, բայց իմ ականջներն ինձ դուր են գալիս:
Համազգեստավոր կիսասպաներն իրար նայեցին.
– Բայց մենք գնդապետ չենք…
– Երկուսով միասին 3 աստղ, կներեք՝ 3 կիսալուսին ունեք, ուրեմն՝ գնդապետ եք:
ԼուԹըխկը կախեց կիսաշրթունքը, և այդպես էլ ասելիք չունենալով՝ փակեց այն: ԼուՇըխկն ավելի արագ ուշքի եկավ.
– Օրիորդ, մենք պետական ծառայություն ենք իրականացնում, և Ձեր արտահայտությունները կարող են այլ կերպ ընկալվել:
– Ես ձեզ չեմ հասկանում:
– Դուք մեզ անամոթաբար շողոքորթում եք,- մեջ ընկավ ԼուԹըխկը:- Խուսափու՞մ եք իշխանությունների հրահանգները կատարել: Թե՞ Լումյանների երկրի կարևորագույն լուրերը Ձեզ չեն հետաքրքրում, իսկ լուտանքները Ձեզ համար չեն:
Իրավիճակը սրվում էր, ու Տիգրանը որոշեց միջամտել:
– Պարոնայք հարգելի պետական ծառայողներ, դուք հավանաբար ճիշտ չհասկացաք իմ տիրուհուն: Ես նրա անձրևանոցակիրն եմ և ուզում եմ տեղեկացնել, որ օրիորդ ԼուՍինեն քիչ առաջ է ժամանել Լումյանների երկիր, և ոչ ոք նրան չի տեղեկացրել վերահաս պարտականությունների և պատասխանատվության մասին, այդ թվում՝ ականջների անշնորհք փոքրության հետ կապված:
Կիսամարդիկ կարծես հանդարտվեցին:
– Այո, իհարկե, կներեք: Դա մեր աններելի բացթողումն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Լուրերի և Լուտանքների Գլխավոր նախարարությունը բացարձակ անվճար ձեզ է տրամադրում ականջների պլաստիկ մեծացման բժշկական չափազանց թանկարժեք ծառայությունից օգտվելու բացառիկ հնարավորություն:- ԼուԹըխկն առաջ անցավ:
– Խնդրեմ հետևեք մեզ,- ԼուՇըխկը ձեռքը սիրալիր առաջ պարզեց:- Մենք ձեզ կուղեկցենք:
Եկվորները հասկացան, որ ընտրություն չունեն:
Հիվանդանոցի ընդունարանում նրանց դիմավորեցին ԼուԿարն ու ԼուՁևը: Այդպես էր գրված կիսապարանոցներց կախված նրանց ծառայողական անվանապիտակների վրա: Այս կիսամարդիկ ևս հույժ սիրալիր էին:
– Լուսինե, դու իսկապե՞ս պատրաստվում ես մեծացնել ականջներդ:- Տիգրանը չհամբերեց:
– Չէ մի,- հեգնեց աղջիկը,- իհարկե՝ ոչ:
Լուսինեն սիրալիր խնդրեց, որ իրեն բացատրեն, թե ինչու՞ պիտի իր նրբիկ ականջներն անպայման փղի լոշտակներ դառնան, և որ ինքը նման վիրահատության համար իր համաձայնությունը չի տա այնքան ժամանակ, մինչև որևէ տրամաբանական պատասխան չլսի:
ԼուԿարն ու ԼուՁևն ինչ-որ բան քչփչացին ու Տիգրանին մեկնեցին կնիքներով ծածկված մի փաստաթուղթ.
– Կարդացեք Ձեր տիրուհու համար,- միաբերան ասացին նրանք:
Տիգրանը երկար ու բարձրաձայն ընթերցեց այն, հետո ուսերը թոթվելով՝ ասաց.
– Ես ոչինչ չհասկացա:
– Մի՞թե պարզ չէ,- ԼուՁևն այլևս սիրալիր չէր:- Ձեր տիրուհին, այսինքն՝ Դուք, օրիորդ,- նա կիսդեմը Լուսինեի կողմը շրջեց,- պետք է ամեն օր տեղեկանաք երկրում կատարվող բարեփոխումների մասին: Լուրտուները պետք է բարեփոխումների մասին բոլոր լուրերն ու ղեկավարության լուտանքները համապատասխան ձևաթղթերով կկախեն Ձեր ականջներից:
– Ի՞նչ եք կարծում,- միջամտեց ԼուԿարը,- ամսե-ամիս, օրեր շարունակ, ամեն ժամ ստացվող լուրերն ու լուտանքները որտեղի՞ց են կախելու հարգարժան լուրտուները, եթե ոչ Ձեր ականջներից:
Տիգրանը որոշեց փրկել ընկերուհուն.
– Իմ տիրուհու փոխարեն ես եմ պատրաստ այլանդակել իմ ականջները:
ԼուԿարն ու ԼուՁևը դարձյալ զարմացած իրար նայեցին, հետո ստուգեցին այցելուների փաստաթղթեն ու տարուբերելով կիսագլուխները՝ արտաբերեցին.
– Հնարավոր չէ: Դուք Լումյանների երկրի զտարյուն քաղաքացի չեք, Դուք… դու…,- ԼուՁևը կկոցեց աչքն ու ստուգեց Տիգրանի փաստաթղթերն :- Դու ընդամենը ԼուՏու ես:
Կիսամարդիկ իրար նայեցին ու սկսեցին քրքջալ:
– Իսկ գուցե՞ դուք ծպտյալ լույնախոհներ եք,- հանկարծ զգաստացավ ԼուԿարը:- Եվ այդ դեպքում որտե՞ղ է Ձեր պոչը:
Իրավիճակը բարդանում էր, ու Լուսինեի պատասխանը չհապաղեց.
– Թույլ տվեք չհամաձայնել: Այո, Լուտուն պետք է պոչ ունենա, բայց չէ որ ամեն պոչավորի էլ Լուտու համարել չի կարելի:
Ակնհայտ էր, որ կիսմարդիկ չհասկացան: Նրանք շփոթվեցին, սակայն չէին պատրաստվում զիջել:
– Վերջ տվեք:- Լուսինեն արդեն զայրույթից դողում էր:- Ես կբողոքեմ Գլխավոր նախարարին՝ իմ ազգական տիկին ԼուՍաբեկին: Տեսնենք՝ այդ ժամանակ ի՞նչ եք ասելու:
Կիսամարդիկ ասես պապանձվեցին: Նրանք ծնկի իջան աղջկա առջև ու սկսեցին արտասվախառն աղերսել.
-Ոչ, լուսացեղ օրիորդ, միայն ոչ այդ: Մեզ կփակեն լուսանցքներում, հետո էլ պարզապես կլուծարեն…
– Կլուծարե՞ն…
ԼուԿարը զգուշավոր չորս կողմը նայեց, մաքրեց կոկորդն ու շշուկով ասաց.
– Մենք Մեծն ԼուՏատին ու Լուքուրին կեր կդառնանք ըմբոստ լույնախոհների նման: Լուսանցքներից դեռ ոչ ոք կենդանի չի վերադարձել:
Կիսամարդիկ ողորմելի տեսք ունեին:
– Կարծում եմ՝ դուք՝ կարուձևի լավագույն մասնագետներդ, անպայման մի լուծում կունենաք անլուծելի թվացող այս իրավիճակի համար:- Շողոքորթելու հերթը Տիգրանինն էր:
Լուսինեն չկարողացավ ժպիտը թաքցնել. նա ուշիմ աշակերտ ուներ:
Վերջապես ԼուԿարը խոսեց.
– Մենք գիտենք՝ ինչ է Ձեզ անհրաժեշտ, լուսաճաճանչ օրիորդ ԼուՍինե: Ձեր ականջների վրա պարզապես ականջախեցու սիլիկոնե պրոթեզներ կհագցնենք, և Դուք արտաքինից ոչնչով չեք տարբերվի Լումյանների երկրի որևէ այլ բնակչից:
– Լավ: Հոգնել եմ և չեմ ուզում նորից հակաճառել ձեզ: Արագ վերջացնենք այս անիմաստ ու ինձ անհարիր բանավեճը: – Լուսինեն ձևացրեց, թե հորանջում է:
Շուտով սիլիկոնե ականջախեցիները պատրաստ էին: Դրանք զզվելի էին՝ մեծ ու երկար:
– Ձեր ԼուՏուն անձրևի բացակայության պայմաններում կարող է բռնել Ձեր ականջների քղանցքը, որպեսզի դրանք ոտքի տակ չընկնեն և արագ չմաշվեն, չնայած երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ են լինելու դեռ երեք տարի:- Ճանապարհելիս ԼուԿարն ու ԼուՁևը երախտապարտ ժպտացին:
– Ախ այո, – շփոթված վրա բերեց ԼուՁևը:- Վերցրեք: Սա Ձեր ականջների սպասարկման երաշխիքային կտրոնն է: Դուք Գլխավոր նախարարի ազգականն եք:
Նրանք հիվանդանոցի դռների մոտ մի անգամ էլ կիսագլուխ տվեցին ու անհետացան այդ նույն դռների ետևում:

VII

– Հիմա ի՞նչ ենք անելու,- հարցրեց Տիգրանը՝ չորս կողմը նայելով:- Համա թե պատմության մեջ ընկանք:
– Ես ի՞նչ գիտեմ: Քեզնից չեն կախելու բոլոր այդ հիմարությունները: -Լուսինեն զգեստի փեշերի նման վեր քաշեց լայնարձակ ականջները:- Ես հայելու մեջ ինձ տեսնել չեմ ուզում:
Հազիվ էին հայտնվել փողոցում, երբ անվաչմուշկների վրա այս ու այն կողմ սահող մի քանի հոգի անսպասելի մոտեցան ու սկսեցին ինչ-որ թերթոններ ամրացնել աղջկա նորընծա ականջների վրա: Նա փորձեց պոկել լուրտուների կպչուն «պարգևները», սակայն ապարդյուն: Թվաց՝ Լուսինեն անզորությունից ուզում է լաց լինել.
– Ես արդեն կուշտ եմ այս ամենից: Արի տուն վերադառնանք:
Հետո շուրջը նայեց ու լուրտուների ետևից գոռաց.
– Ախր ո՞վ է կարդում այս ցնդաբանությունները, թշվառներ: Բարեփոխումներ եք անու՞մ, ձեր կախյալ ականջները բարեփոխեք:
Փողոցը մի պահ լռեց ու իրենց կողմը նայեց: Կարծես անլսելի հրամանով մարդիկ սկսեցին փութով հեռանալ տարօրինակ զույգից: Տիգրանը տեսավ, որ նրանցից շատերը ականջները ձեռքերով փակած՝ պարզապես փախչում են ուր պատահի, ու բարձրաձայն մտածեց.
– Նրան վախենում են: Նրանք իսկապես վախենում են:
– Ես հոգնել եմ, նստել, ուտել եմ ուզում:- Լուսինեն հազիվ էր խոսում:
Տիգրանը խղճաց աղջկան.
– Հիմա մի բան կմտածեմ: Անպայման: Մի ելք անպայման կգտնենք:
Շրջեցին քաղաքի փողոցներով՝ նայելով փոքրիկ կրպակների ցուցափեղկերին բազմած ախորժելի փքաբլիթներին ու կարկանդակներին:
– Գոնե փող լիներ,- ծոր տվեց Տիգրանը:
– Կներեք, որ միջամտում եմ,- կրպակի վաճառանցքից մի գլուխ էր դուրս ցցվել:
Հավանաբար կրպակատերն էր: Երբ անծանոթները որևէ բան ուտելու հույսը կորցրած աչքերով նրան նայեցին, կրպակատերը շարունակեց.
– Դուք կարող եք Ձեր ականջների երաշխիքային սպասարկման կտրոններով վճարել, եթե իհարկե դրանց վրա Լուրերի և Լուտանքների Գլխավոր նախարարության կնիքը կա: Պարզապես պոկեք երաշխիքներից մեկն ու ինձ տվեք:
Կնիքը կար:
Նա աշխարհի բոլոր առևտրականների նման ժպտաց, չնայած և Լուսինեն, և Տիգրանը մտածեցին, որ աշխարհի բոլոր առևտրականներին դեռ չեն տեսել, ու վաճառանցքից հանեց նաև ձեռքերը.
– Ահա ձեր կարկանդակները:
Հետո նա զգուշությամբ կտրեց երաշխիքների իր բաժինն ու անհետացավ անցքի մեջ:
Դեռ նոր էին կարկանդակները վերջացել՝ անսպասելի մթնեց, նույնիսկ մթնշաղ չեղավ: Վերադառնալու մասին մտածելն անիմաստ էր. ոչինչ չէր երևում. Լումյանների երկրի փոքրությունը թվացյալ էր, խաբկանք:
Երբ յուրաքանչյուրն իրեն տվեց հերթական «Հիմա ի՞նչ ենք անելու» հարցը, դիմացի շենքի վրա ցուցանակ վառվեց, և հյուրանոցի լույսերը տվեցին չհնչած հարցի պատասխանը:
Ներսում կրկին բոլորը շողոքորթության աստիճան սիրալիր էին: Երաշխիքային կտրոնն այստեղ էլ պետք եկավ: Իջևանատան տերն անձամբ վառված մոմը ձեռքին ուղեկցեց ու ցույց տվեց նեղլիկ, երկու մահճակալով ու մեկ աթոռով գրեթե դատարկ սենյակը.
– Սա մեր ամենալավ սենյակն է,- ասաց ու երբ պատրասռվում էր հեռանալ, Տիգրանը հարցրեց.
– Ինչու՞ ներսում լույս չկա, չէ որ դրսում բոլոր ցուցանակները լուսավորված են:
– Իհարկե լուսավորված են, գովազդի և ընդհանրապես բոլոր լուրերի վրա արգելված է ու չի կարելի տնտեսել:
Երբ մենակ մնացին, առաջին բանը, որ արեցին սիլիկոնե ականջներից ազատվելն էր: Սակայն որքան էլ փորձեցին, դարձյալ չկարողացան պոկել ականջները ծածկող լուրերն ու լուտանքները:
– Գուցե՞ կարդանք՝ ինչ է դրանց վրա…,- Տիգրանը մոտեցրեց վառվող մոմի միջուկով լուսամփոփն ու նստեց Լուսինեի կողքին՝ մահճակալի վրա: – Լումյանների երկրի տիրակալների մեծահոգի բարեհաճությամբ լուտանքներ են թափվել ներքոնշյալ քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր, ըստ Լուրերի և Լուտանքների նախարարության հավաստի տեղեկությունների, խանգարել են բարեփոխումների շարունակական ծրագրերի իրականացմանը՝ հարելով լույնախոհների հակաօրինական և հայրենակործան աղանդին…,- Տիգրանը մի պահ ընդհատեց ընթերցանությունը:- Այստեղ շատ անուններ կան:
– Հետո՞…
– Լուսանցքներում կարգելափակվեն և այնուհետև լուծարման կենթարկվեն…. Նորից անուններ են: Գրված է, որ վաղը երկրի գլխավոր հրապարակում կլուծարվեն…. մի հարյուր անուն կա գրված:
Նրանք լուռ իրար նայեցին:
– Լուսինեն ելավ տեղից ու մոտեցավ մութ լուսամուտին.
– Մերոնց մասին ենք մոռացել,- մեղավոր ասաց ու դեմքով Տիգրանի կողմը շրջվեց:
– Ճիշտ որ: Մայրս հիմա ինձ է փնտրում:- Տիգրանն արդարացում չուներ:- Նա կհիվանդանա, ես գիտեմ: Հորիցս հետո ասում են՝ երեք ամիս հիվանդ է եղել, հիվանդանոցում է պառկել:
– Բջջայինի մասին եմ մոռացել, պետք է զանգել:
Տիգրանը ևս ոգևորված գրպանից հանեց հեռախոսն ու ընկերուհուն նայելով՝ ամեն ինչ հասկացավ.
– Հնարավոր չէ, չի աշխատում, կապ չկա:
– Անձրևի տոմս, անձրևի տոմս…. Ինչու՞ քեզ լսեցի…
Տիգրանը Լուսինեին դեռ երբեք այսքան անօգնական չէր տեսել: Սակայն դռան կամացուկ թակոցն ստիպեց ամեն բան մոռանալ:
– Ո՞վ է,- Տիգրանը մոտեցավ դռանը:
– Մենք ձեզ բան ունենք ասելու,- լսվեց մյուս կողմից:
Լուսինեն ոտնաթաթերի վրա հասավ ընկերոջն ու լարեց լսողությունը:
– Ականջներդ հագիր,- Տիգրանը սիլիկոնե պրոթեզների կողմը ցույց տվեց:
Լուսինեն տեղից չշարժվեց: Նա միայն ձեռքը թափ տվեց ու ետ հրեց դռան փականը:
Փոքրիկ տղա էր՝ հինգ-վեց տարեկան: Նա աճպարարի ճարպկությամբ դռան նեղլիկ բացվածքից ներս սողոսկեց ու մեջքով հրելով՝ դուռը ծածկեց:
– Ո՞վ ես դու,- Տիգրանը բռնեց տղայի ուսից:
Փոքրիկն արագ էր շնչում: Նա մերթ Տիգրանին, մերթ Լուսինեին էր նայում, մինչև վերջապես հանդարտվեց ու սկսեց խոսել.
– Ինձ Լույնախոհներն են ուղարկել: Անունս ԼուԱյս է: Մենք ձեզ վաղուց էինք սպասում: Գիտե՞ք՝ քանի անգամ ենք Անձրևի տոմսի վրա փոխել տարեթվերը: Իսկ այսօր ամբողջ օրը հետևել ենք ձեզ, հիացել ձեզնով:
Լուսինեն ու Տիգրանն իրար նայեցին:
– Վաղը մերոնցից շատերին պատրաստվում են լուծարել: Պիտի օգնենք մեզ:
– Ինչու՞: Ո՞վ եք դուք: Մենք ընդհանրապես պատահաբար ենք այստեղ հայտնվել ու լույսը բացվելուն պես պիտի գնանք այստեղից… Ինչ անհեթեթ երկիր….,- Լուսինեն ասելիք չուներ:
– Պատահականություններ չեն լինում: Միթե կարող էր տատիկի իրերով արկղն ինքն իրեն վայր ընկնել խոհանոցի պահարանի վրայից:- Գիշերային այցելուն առարկություններ լսելու համար չէր եկել:
– Ուրեմն՝ դուք գողերի նման նաև մեր տուն եք մտե՞լ,- Լուսինեն արդեն զայրույթից ձեռքերն էր թափահարում:
– Դրա կարիքը չկար: Մեր «Անձրևիների գիրքը» բավարար էր: Եթե չեք հավատում, եկեք ինձ հետ: Միևնույն է առավոտյան, թե մի տարի հետո առանց մեր աջակցության տունդարձի ճանապարհը ինքնուրույն գտնել չեք կարող:
Թե փոքրիկ այցելուն էր համոզիչ խոսում, թե հոգնեցնող խորհրդավորությանը վերջ դնելու ցանկությունն էր պատճառը, թե և մեկը, և մյուսը՝ առանց մոմը մարելու՝ նրանք գաղտագողի դուրս եկան սենյակից ու հետևեցին բանբերին:
Պետք էր սանդուղքներով ցած իջնել:

VIII

Նկուղի միջանցքներից մեկում ԼուԱյսը կանգ առավ ու սկսեց ցածրաձայն սուլել: Պատասխան սուլոց լսվեց, ու եկվորները քայլեցին սուլոցի կողմը:
Առանց պատուհանների գետնափոր ու խոնավ սենյակ էր՝ մեծ սեղանով ու մի քանի շարք նստարաններով: Մարդիկ էին նստած խավարի մեջ: Քիչ անց ինչ-որ մեկը վառեց առաստաղից կախված ջահի մոմերն, ու հնարավոր եղավ զանազանել ներկա գտնվողների դիմագծերը: Այստեղ կիսամարդիկ չկային: Բոլորը կարծես երեխաներ էին, սակայն միաժամանակ նաև տարեց, նույնիսկ՝ ծեր երեխաներ:
Մանկական դեմքերի կնճիռներն ու ճերմակած մազերը հեքիաթային թզուկների տպավորություն էին թողնում և անհամատեղելի էին նրանց աչքերում վառվող լույսի հետ:
«Այսպիսի լույս միայն մանկան աչքերում կարող ես տեսնել»,- Տիգրանը մոր խոսքերը հիշեց:
«Փաստորեն, մեր ուղեկիցը ևս այնքան էլ երեխա չէ»,- իր հերթին եզրակացրեց Լուսինեն:
Լռությունը, որ արդեն երկար էր սպասել, վերջապես խախտվեց.
– Եղբայրներ, Լումյանների երկրի ազատատենչ քաղաքացիներ, ահա նրանք:
Արտասանեց ուղեկցորդ փոքրիկն ու բեմական անգերազանցելի պաթոսով գլուխը թեքեց հյուրերի կողմը:
Լուսինեն ու Տիգրանը պիտի որ զարմանային, սակայն, քանի որ մինչև հիմա դեռ ոչ մի անգամ կարգին զարմանալու ժամանակ չէին ունեցել, պարզապես լռեցին՝ սպասելով իրադարձությունների ինքնահոս ընթացքին:
– Պետք է նրանց «Անձրևների գիրքը» ցույց տալ:- Շարունակեց փոքրիկ ԼուԱյսը:
Փսփսոցների պատը բացվեց, ու չորս հոգի լուռ պատկառանքով մի հսկայական գիրք բերեցին ու դնելով սենյակի կենտրոնում գտնվող սեղանի վրա՝ հեռացան:
Թուլացնելով ջահը պահող պարանները՝ ինչ-որ մեկը լույսը ցած իջեցրեց:
– «Անձրևների գիրք»,- դանդաղ ընթերցեց Տիգրանը:
Սպիտակամորուս մեկը մոտեցավ և գերագույն զգուշությամբ ու տքնությամբ բացեց ծանր գիրքը.
– Մենք այստեղ էինք փոխում տարեթվերը, և այն փոխվում էր նաև ձեզ մոտ, ձեր տոմսի վրա:
Էջերից մեկում իրենց տոմսի բացարձակ կրկնօրինակն էր:
– ԼուԱյնը իմ հայրն է, մեր առաջնորդը, – ներկայացրեց ԼուԱյսը:
Եկվորները ժպտացին առաջնորդին: Զգում էին, որ կանգնած են ինչ-որ խորհրդավոր, մեծագույն առեղծվածի բացահայտման շեմին՝ զգալով, թե որքան դժվար է եղել նաև մյուս կանգնածների համար, որոնք չգիտես ինչու սպասել են, սպասել են՝ անկախ ամեն ինչից, բայց ու՞մ… Մի՞թե իրենց, տասներկուամյա դպրոցականներին, անհավատալի է…
Թեթև գլխապտույտն ու սրտի լսելի բաբախյունը խանգարում էին կենտրոնանալ: Մի բան սակայն պարզ էր. իրենք էին «Անձրևների գրքի» ընտրյալները: Սակայն ի՞նչ պիտի անեին, ի՞նչ կարող էին ընդհանրապես անել իրենք և ի՞նչ էին իրենցից սպասում այս ծերացած, տարօրինակ երեխաները:
Մտքերը հախուռն էին ու անպատասխան: Սակայն երկար սպասելու կարիք չկար: Սպիտակամորուսը շարունակեց.
– Գիրքն ասում է, որ դուք պիտի ազատագրեք Լումյանների երբեմնի երջանիկ երկիրը մարդակեր ԼուՏատի ու Լուքուրի, դրածո և կամակատար Լուրերի ու Լուտանքների Գլխավոր նախարարի ճիրաններից, ինչպես նաև նրանց ենթակա կիսամարդկանց թշվառ, շողոքորթ ու դժնդակ լծից:
– Այո, այո….,- լսվեց այս ու այն կողմից:
Ծափեր հնչեցին:
– Իսկ ի՞նչ ենք մե´նք անելու,- Լուսինեն ստիպված էր գոռալ:- Չէ որ դուք ավելի շատ եք, իսկ մենք՝ ընդամենը երկու հոգի:
– Ձեզ չեն կարող լուծարել: Լուսանցքները ևս ձեզ համար չեն. ոմանց համար լուսանցքներ ընհանրապես գոյություն չունեն,- Տիգրանի կողմը խորհրդավոր նայելով՝ եզրափակեց ԼուԱյնը:
Հետո էլի խոսեցին կարևոր, շատ կարևոր բաների մասին:
Լուսինեն ու Տիգրանն իմացան, որ «Անձրևների գիրքը» Լումյանների ազատ նախնիների ժառանգությունն ու պատգամն է իրենց՝ լույնախոհներին, որին ամեն գնով ուզում են տիրանալ երկրի իշխանությունները, որ իրենք այն եզակի ընտրյալներից են, ում հաջողվել է տեսնել Գիրքը: Իմացան, որ «Անձրևների գրքի» օգնությամբ լույնախոհները կարողանում են անձրև կանչել ու մարդկանց ազատել անիմաստ լուրերի ու անասելի լուտանքների անտանելի բեռից, և եթե «Անձրևների գիրքը» հանկարծ ԼուՏատի, ԼուՔուրի և Գլխավոր նախարար ԼուՍաբեկի ձեռքն ընկնի, ապա «ամեն ինչ կորած է». մարդիկ պարզապես չեն դիմանա այն անժամկետ կեղեքումին, որ իշխանությունը կսարքի իր իսկ քաղաքացիների գլխին:
Տիգրանն ու Լուսինեն հմայված լսում էին երեխաների նման արդեն իրար հերթ չտվող լույնախոհների գեղեցիկ, բայց երկարաշունչ խոսքը և միաժամանակ հասկանում, որ ոչինչ էլ չհասկացան, չիմացան այն առաքելության մասին, որն իբր իրենց է վերապահված:
Դռան թակոցը հասկացրեց, որ լուսանում է: Ստիպված էին վերադառնալ հյուրանոցի իրենց սենյակը:
Այդպես էլ չքնեցին:
Լույնախոհների հավատն առ իրենց անհասկանալի առաքելությունը վախեցնում էր: Նրանք ոչ մի կերպ չէին ուզում ընդունել, որ իրենք պարզապես սովորական երեխաներ են, պարզապես՝ երեխաներ:
Վախեցնում էր նաև սկսվող օրը՝ թմբուկների հատու հարվածներով ընդգծելով արտակարգ ինչ-որ բան, որ հենց այդ օրն էր լինելու կամ արդեն եղել էր:
Քաղցած էին: Սակայն բոլոր մեծ ու փոքր կրպակները, ճաշարան կամ պանդոկ հիշեցնող ամեն բան փակ էր: Պատուհանները վարագուրված էին, փողոցներն՝ ամայի:
– Ի՞նչ եք փնտրում, օրիորդ ԼուՍինե,- ԼուԹըխկի ծանոթ ձայնն էր:
– Ուտելու բան ենք փնտրում, քաղցած ենք:
– Օ, հասկանալի է:Եթե ներկա գտնվեք, իսկ գտնվել պարտավոր եք, լուծարման հերթական անմոռանալի արարողությանը, դուք երկար ժամանակ ուտելու ցանկություն այլևս չեք ունենա,- անհասկանալի ձայներանգով ծոր տվեց չգիտես որտեղից բուսած ԼուՇըխկը:
ԼուԹըխկը շարունակեց.
– Հավատացնում եմ, որ դա չգիրանալու, գեղեցիկ կազմվածքը պահպանելու լավագույն միջոցն է:- Կիսամարդիկ քրքջացին:- Ի դեպ, Ձեր հիասքանչ ականջները Ձեզ շատ են սազում:
Նրանք նորից ձեռքերը կիսագլուխներին տանելով՝ պատիվ տվեցին ու սալարկված փողոցի վրա շխկթխկացնելով հեռացան:
Փողոցի մյուս կողմում լույնախոհների խմբի հետ ԼուԱյնին տեսան: Նրանք այսօր, սակայն, երկար ականջներով էին: Փաստորեն՝ լույնախոհներն էլ իրենց պլաստիկ վիրաբույժներն ունեին: Անցան ու ձևացրեցին, թե իրենց չեն ճանաչում, բայց գիշերային փոքրիկ այցելուն չհամբերեց ու աչքով արեց:
Հրապարակի մոտակայքում թմբուկների ձայնն ուժգնանում էր: Դես ու դեն սահող լուրբերներն իրենց սև գործն էին անում, և Լուսինեն զգում էր, որ ականջներն սկսում են ցավել:
Թմբուկների անմեղեդի ու անսովոր լարումը ստիպեց կենտրոնանալ: Տեղ հասան:
– Լուրերի և Լուտանքների Գլխավոր նախարար պատվարժան տիկին ԼուՍաբեկեկեկ…,- բարձրախոսն արձագանքեց հրապարակով մեկ:
– Նայիր, նայիր,- Տիգրանը արմունկով հրեց Լուսինեին:- Մեր Լուսաբերյանին ինչքան է նման:
Լուսինեն անխոս գլխով արեց:
Հանկարծ սալահատակը դղրդաց. դալուկ, ճմրթված դեմքերով մահապարտ լուծարվողներն էին: Պարաններն ուսերին, ուժերի գերագույն լարումով նրանք երկու հսկայական գահ էին քաշում:
Գահերին բազմած գիրուկների ճարպից լղոզված դեմքերը չափազանց ծանոթ թվացին:
– Լումյանների երկրի փառապանծ տիրակալներ, մեր բարերարներ, պայծառափայլ ԼուՏատ և ԼուՔուր… Ծնկի, – հրամայեց բարձրախոսը:
Հրապարակը փլվող պատի նման ծնկեց:
– Իջիր,- շշնջաց Տիգրանը:- Լուսինե, մեզ կնկատեն, ծնկի իջիր:
Աղջիկն անդրդվելի էր:
– Ես հոգնել եմ այս ամենից, զզվել եմ այս հիմար ականջներից, այս կիստ-պռատ մարդկանցից, ինձնից, քեզնից, անձրևի սպասող ու ոչինչ չանող բոլոր-բոլորից …
Աղջկա խոսքերն արձագանքեցին՝ բախվելով ինչ-որ աներևույթ պատի, և նրանց շուրջը բացատի նման սկսեց արագ դատարկվել. մարդիկ չոքեչոք ու գլխապատառ հեռանում էին:
Տիգրանը ոտքի ելավ: Ճեղքելով հավաքված բազմա և կիսադեմ ամբոխը՝ նրանք մոտեցան գահակալներին:
Լուսինեն ականջների վրայից պոկեց սիլիկոնե պրոթեզներն ու ինչքան ուժ ուներ շպրտեց գահակալների կողմը:
Փսփսոցների, վախի ու հիացմունքի տարաձայն ալիքը պտտեց հրապարակը:
– Բռնել լույնախոհներին:- Բարձրախոսի մեջ գոռաց Գլխավոր նախարարն, ու համազգեստավոր կիսամարդկանց գումարտակն սկսեց առաջանալ՝ ցրելով ամբոխը:
– Ինչի՞ եք սպասում,- Տիգրանը Լուսինեի ձեռքն առավ ափի մեջ:- Ո՞վ է ձեր փոխարեն ձեր երկիրն ազատելու այս ճարպակալած ամենակերներից, ստահոդ լուրերից ու խարանող լուտանքներից: Դուք, դուք ինքներդ պիտի լուծարեք սրանց և սրանց անիմաստ ու երկիրը կործանող նախարարությունները:
Լռությունը կախվեց երկինքը ծածկող անձրևաբեր ամպերից:
– Անձրև,- գոռաց ԼուԱյնը:- Գցիր դրանց գահից:
Ջրի կենարար ցնցուղը բոլոր լուրերն ու լուտանքները ոտնատակ դարձրեց, և հրապարակը պայթեց.
– Գցիր դրանց….
– Մեր ականջները մեզ են պատկանում…
– Ոչ լուսանցքներին….
– Առաջ….
Կիսամարդկանց մոտեցող գումարտակը կանգ առավ ու սպասեց հրահանգների: Հրահանգներ չկային. լույնախոհների առաջավոր ջոկատը ԼուԱյսի գլխավորությամբ արդեն գրավել էր բարձրախոսով ամբիոնը: Գլխավոր նախարար ԼուՍաբեկը ինչ-որ անլսելի բառեր էր գոռում, սակայն, ասես երկարատև թմբիրից արթնացած, ամբոխը շուտով ծածկեց նաև նրան:
Կիսամարդիկ մոլորվեցին ու մի-մի ոտքի վրա անհաստատ թռչկոտելով՝ սկսեցին անամոթաբար ճողոպրել:
– Կեցցեն լույնախոհները… Առաջ դեպի արյունարբու ԼուՏատն ու ԼուՔուրը, – գոռաց ԼուՍինեն:
Գահապարանները քաշողներն արդեն կապել էին գահաբնակների անշարժելի մարմինները: Շուտով բոլորը նրանց միացան.
– Ձգիր..,- կանչեց Տիգրանը:- Մեկ, երկու, երեք…
Լումյանների երկրի արդեն նախկին տիրակալները գետնին էին: Նրանց ճարպոտ հետույքներից գահերը մաշվել ու անպիտան էին դարձել, և դրանց կարիքն այլևս չկար:
Հրապարակի կենտրոնում գահերից բարձրացող խարույկը, այրելով ամեն ախտ ու տխրություն, ցնծության հրավառություն էր սարքել, որ արձագանքում էր Լումյանների երկրի անգամ ամենահեռավոր անկյուններում:
Երբ երկիրը տոնում էր իր այդքան սպասված հաղթանակը, լույնախոհների մի խումբ՝ ԼուԱյնի գլխավորությամբ մոտեցավ հաղթանակի օտարականներին: Խարույկի բոցերի մեջ նրանք ասես այրել էին նաև իրենց ծերունական ու կնճռոտ դիմակները:
– Մենք երախտապարտ ենք ձեզ և ուզում ենք, որ դուք դատեք բոլոր մեղավորներին,- հայտարարեց ԼուԱյնը:
Տիգրանը կասեցրեց Լուսինեին.
– Շնորհակալ ենք նման պատվի համար, սակայն դատավոր լինելու որևէ ցանկություն չունենք: Դուք ինքներդ պիտի դատեք ձեր դատավորներին:- Նա մի պահ վարանեց ու շարունակեց:- Միայն մի խնդրանք:
Լուսինեն զարմացած իր կողմը նայեց:
– Մի խնդրանք,- շարունակեց Տիգրանը:- Նրանց խիստ չդատեք: Ի վերջո նրանք ուժեղ էին, որովհետև դուք էիք թույլ… Թողեք՝ իրենց հացը իրենց քրտինքով վաստակեն: Այսքանը….
Լուսինեն հուսադրող ժպտաց ու նորից ձեռքը բռնեց.
– Ցավոք, մենք պիտի գնանք: Ձեր երկրում կարծես այլևս անելիք չունենք:
Սակայն, որքան էլ որ փորձեցին հեռանալ, միևնույն է, չհաջողվեց: Այդքան հեշտությամբ նրանց ոչ ոք չէր էլ պատրաստվում բաց թողնել: Լույնախոհերն ամենուրեք միտինգներ, ժողովներ էին անում՝ ստիպելով խոսել ամենատարբեր լսարանների առջև: Ամենուրեք հնչում էր «Ազատ լույնախոհների մանիֆեստը»՝ խոստանալով ազատություն, ազատություն և էլի ազատություն բոլորին և բոլորի համար: Մարդիկ փորձում էին ազատվել պարտադրված մեծ ու երկար ականջներից: ԼուԿարն ու ԼուՁևը, անցնելով հեղափոխականների կողմը, հիմա էլ փոքրացնում էին մեծացրած ականջները, և բոլորը երջանիկ էին:
Վերջապես, երբ միտինգները բոլորին վերջնականապես հոգնեցրեցին, և այլևս փոքրացնելու ականջ չէր մնացել, կարելի էր դարձյալ խոսել անհետաձգելի վերադարձի մասին: Եվ Տիգրանը որսաց հարմար պահն ու նորից հրաժեշտի խոսք ասաց.
– Հավատացնում ենք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, կհիշենք ու կկարոտենք:
– Մենք ձեր անուններով կկոչենք Լումյանների երկրի ամենագլխավոր փողոցները,- հուզված ու ոգևորված արտասանեց ԼուԱյսը:
– Հուշարձաններ կկանգնեցնենք…,- գոռացին ամբոխից:
Քաղաքը վերջին անգամ ծափահարեց ու ցնծությամբ ճանապարհ դրեց ազատարար օտարականներին, և առանց ԼուԴեսի ու ԼուԴենի վարագույրի պարանները ձգվեցին՝ բարձրացնելով վերջին, սահմանային պատը:
– Ինչու՞ սպասել երկար ու ձիգ տարիներ, երբ այս ամենը դուք ինքներդ կարող էիք անել և անել ընդամենը մեկ օրում,- Լուսինեն ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց, ու պատը իջավ ներքև՝ գուցե ընդմիշտ ծածկելով Լումյանների տարօրինակ, բայց արդեն հարազատ երկիրը:
– Մի բան է միայն տանջում ինձ: – Տիգրանի հայացքը տարօրինակ թվաց:
Լուսինեն մի պահ կանգ առավ:
– Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի օր էլ իմ ու քո այդ հիմար արձանները կարող են կուռք դառնալ` մի նոր ԼուՏատ ու ԼուՔուր, ու Լումյանների ազատ երկիրը մի նոր բռնապետություն կդառնա: Դրա համար ընդամենը ինչ-որ մեկի անսահման ու անվերապահ նվիրումն է հարկավոր նոր կուռքերի նկատմամբ:
– Հիմարություն ես ասում: Մի՞թե ուրախ չես: Չէ որ ժողովուրդը, մենք հաղթեցինք…
Տիգրանը չհասցրեց ոչինչ հակադարձել կամ էլ չցանկացավ:
Դարձյալ Զուլումյանների փողոցն էր՝ իր նեղլիկ անցուղիներով ու կծկված, կուչ եկած ցածրիկ տներով: Աշնանային սառը երկինքը, սակայն, արդեն կապույտ էր և խոսում էր արևոտ կեսօրվա մասին:
Փակուղուց դուրս տերևաթափ, աղմկոտ քաղաքն էր ու արևի տակ փոշի պտտող կամակոր քամին:

IX
Առաջինը բջջայինները ստուգեցին:
Աշխատում էին:
– Չի կարող պատահել, մեկին քսան է պակաս,- հեռախոսին նայելով՝ զրամացած բացականչեց Լուսինեն:
– Ինչպե՞ս…,- Տիգրանը գիտեր, որ իր հարցը պատասխան չունի:
Պետք էր տուն վերադառնալ:
Շքամուտքը դատարակ էր, և աստճանավանդակի վրա էլ անձայն բաժանվեցին:
Տանը կարծես ..լումյանների փողոցի լռությունը լիներ: Անգամ չանջատվող հեռուստացույցն էր լռել:
Տիգրանը զգուշավոր առաջ շարժվեց:
Մի անծանոթ ստվեր վարագուրել էր խոհանոցի պատուհանից ընկնող լույսը: Ստվերը ծխում էր: Մայրն էր սեղանի մոտ նստած: Աչքերն ուռած, կարմրած էին:
«Երևի լաց է եղել»:
Նկատելով որդուն՝ մայրը խեղդվողի անզորությամբ ձեռքը մեկնեց իր կողմն ու հևաց.
– Տիգրան….
Պատուհանի մոտի ստվերը շրջվեց: Ուսերից անբնական կախված թևերն ու անհաստատ կանգնած ոտքերն ասես ի վիճակի չէին քայլ անելու:
Հանկարծ մայրը պոկվեց տեղից ու կողքին ծնկի եկավ:
Ստվերը ևս շարժվեց: Նա մոտեցավ դանդաղ, կռացավ և ինքն էլ ծնկելով մոր կողքին՝ երկար թևերի մեջ առավ իրենց:
Բառեր պետք չէին:
Տիգրանը գիտեր, որ ինքը հայր ունի, արդեն ունի ու պիտի ունենա միշտ….
Խոսեցին, ավելի շուտ հայրը խոսեց՝ երկար, դժվար… Որքան ցավ կար ամեն բառի մեջ….
Միևնույն է, երջանիկ էր:
Նա պիտի փախչեր, պիտի դուրս գար տնից: Այդքան երջանկությունը ում ասես կարող էր խենթացնել: Լուսինեն, միայն Լուսինեն կլսեր ու կհասկանար իրեն:
Լուսինեն անակնկալից շփոթվել էր և ասելիք չուներ:
– Հասկանում ես, հայրս գերի է եղել: Խաբել են, վերցրել են բոլոր փաստաթղթերն ու փակել գետնափոր մի արտադրամասում՝ չորս տարի,,, Իսկ ես նրա մասին միայն վատն էի մտածում…
Տիգրանը խոսում էր ու խոսում: Հետո ասելիքը կարծես սպառվեց ու Լուսինեն վերջապես ինչ-որ բան ասելու հնարավորություն ստացավ.
– Դու քո կատվի մասին ես մոռացել:
– Ախ, հա… Հայրս ասաց, որ կմեկնենք: Ուզում է զինվորական դառնալ, հայրենիքը պաշտպանել,- Տիգրանը մեղավոր ժպտաց:
– Իսկ տատի՞կդ ու հորաքու՞յրդ…
– Տատիկիս համար հայրս գումար կուղարկի, իսկ հորքուրս թող աշխատի, հայրս է այդպես ասում:
– Նա ճիշտ է:- Լուսինեն ձեռքը դրեց ընկերոջ ուսին:
– Այստեղ մնում ես միայն դու, ումից երբեք չէի ուզենա բաժանվել…
– Հիմարություն,- Լուսինեն հուզմունքը թաքցնելու անհաջող փորձ արեց:- Ուր էլ լինես, մի օր կհանդիպենք: Շուտով համակարգիչ կունենամ: Համացանցով կխոսենք, էլի միասին կլինենք:
– Դու ուժեղ ես: Դու´ հաղթեցիր Լումյանների երկրի դաժան տիրակալներին:
– Երբ բոլորը թույլ են, ստիպված ես ուժեղ լինել,- Լուսինեն ժպտաց:- Մե´նք հաղթեցինք:
Տիգրանը շտապում էր: Նա գիրկն առավ իր նոր ընկերոջը՝ փոքրիկ փիսիկին ու իջավ ներքև՝ տուն, ուր վերադառնալն այնքան հաճելի էր.
– Հա, ասեմ: Հայրս արդեն կոշկակարին շենքից հեռացնել է տվել: Ասում է՝ թող իր ավտոտնակում աշխատի: Այնպես, որ նրա թխկշխկոցն այլևս չես լսի:

X

Օրերն արագ էին անցնում: Եկավ այս մյուս հրաժեշտի ժամանակը ևս:
Գլխում Լուսինեի վերջնագիրն էր. «Ես քեզ ճանապարհելու չեմ գա, հանկարծ կարտասվեմ, ու հիմար բան կստացվի…»:
Մտածեց, որ այդպես նույնիսկ լավ է: Ի՞նչ պիտի ասեր կամ աներ… Իսկ եթե ինքն էլ արտասվե՞ր… Չէ, այդպես ավելի լավ է:
Երեկոյան միայն, երբ Տիգրանն արդեն հեռու էր, ու անմեկնելի թախիծը խեղդում էր կոկորդը՝ սպառնալով դուրս ցայտել աչքերից, Լուսինեն դռան թույլ թակոց լսեց: Նա մի պահ մոռացավ ամեն ինչ ու վազեց դեպի դուռը. «Տիգրանը չի գնացել…»:
Դռան մոտ մի փոքրիկ տղա էր՝ հինգ-վեց տարեկան՝ զարմանալիորեն ծանոթ դիմագծերով: Գրկին Տիգրանի կատուն էր:
– Սա քեզ համար է,- ասաց նա ու աղջկան մեկնեց անսպասելի ընծան:
Երբ Լուսինեն ձեռքերի վրա առավ կատվին, տղան արդեն չկար: Նա կարծես չքացել, թռել էր սանդուղքների վրայով:
Փիսիկի վզին ժապավենով կապված երկծալ բացիկի մեջ երկտող կար.
«Սա քո, մեր ԼուՏուն է: Նա արդեն անուն ունի: Կպահես նրան, և մի օր անձրևի տոմսը ձեռքին մեկը անպայման կբախի քո դուռն, ու… մենք կվերադառնանք մեր՝ Լումյանների երկիրը, անպայման կվերադառնանք»:

Հ.Գ. Քաղաքը լքող ավտոմեքենայի դիմապակու վրա իջնող ձյան առաջին, անփորձ փաթիլներ կային: Ձյունն այնքան փխրուն էր, որ հալվում, սահում էր անգամ մեքենայի պատուհանը մաքրող թարթիչների քամուց:
Տիգրանը տաք ու փափուկ ձմեռվա շունչ առավ:
Ներսում, ետևի նստատեղին էր՝ մոր հետ: Առջևում, վարորդի կողքին հայրն էր: Նա ստեպ-ստեպ ետ էր դառնում, ժպտում իրենց, երևի գտածը կորցնելու վախից էր: Ռադիոընդունիչի մեղմ երաժշտությունն օրորում, քնեցնում էր՝ իր հետ օրորելով ամբողջ աշխարհը:
Սակայն երաժշտությունն ընդհատվեց.
– Ղեկի վրա կքնեմ,- արդարացավ վարորդն ու մեկ այլ ռադիոկայանի միացավ:
Ինչ-որ գիտական, հանրամատչելի հաղորդում էր.
– Նա,- պատմում էր հաղորդավարը,- իր ժամանակի ամենակիրթ, խելացի և ազատամիտ կանանցից էր: ԼուՍալոմեն իր ազդեցությունն ունեցավ Նիցշեի, Ռիլկեի ….
«ԼուՍալոմե՞…»,- Տիգրանը տեղում վեր թռավ:- «… Մի՞թե նա էլ է եղե՞լ Լումյանների երկրում….»:
Նա երկար նայեց ձյունով պատվող ճանապարհի անվերջությանն ու հասկացավ, որ Լումյանների երկիրը հեքիաթ չէ, պարզապես բոլորը չէ, որ կարող են տեսնել այն:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *