Անրի Գրիգորյան | Մորս ձկնիկները

Դու միակն ես, ումից միշտ հնարավորինս շատ բան եմ թաքցրել: Դրա համար էլ դու բոլորից քիչ գիտես իմ մասին: Թաքցնում եմ, թեև ինքս չեմ թաքնվում քեզնից: Առավոտյան մեր զրույցը մի րոպե էլ չի տևում: Բայց ես խոսում եմ քո հետ կանգառներում ու փաբերի զուգարաններում: Տուն վերադառնալիս շարունակում եմ լռել, ու դու մտածում ես, որ վաղուց կորցրել ես ինձ փողոցներում ու փաբերում: Երբեք չեմ մտածել, որ կարող ես թաքնվել ինձնից: Միշտ ձգտել ես շատ լինել ու երկար մնալ իմ օրվա մեջ: Հիմա, երբ թաքուն հետևում եմ քեզ փողոցում, գիտակցում եմ, որ կարող ես հանկարծ անհետանալ, մնալ ինձնից դուրս:

-Արթնացիր, փոքրիկ, աշխարհը մութ է,- ասացիր դու, երբ անձրևը ծեծեց քիչ առաջ մաքրած պատուհանդ, ասացիր ու նստեցիր հեռուստացույցի առջև, ծվարելով էկրանի մեջ, որն ամեն անգամ փախցնում է քեզ հենց այն պահին, երբ պատրաստ եմ լինում դառնահամ բառերով կործանել քեզ, ասացիր, երբ հայտնեցի, որ թողել եմ թղթի գործարանը, որտեղ գրքերը ևս մակուլատուրայի տեղ դնելով՝ աղում են ու զուգարանի թղթի վերածում: Ես չեմ ուզում աշխատել այնտեղ, որտեղ հետույք սրբելու համար գրքերից սրբում են բառերը: Ես հոգնել եմ հատուկենտ գրքերը փրկելուց, որոնք չեմ էլ կարողանում կարդալ, որովհետև նրանցից կղանքի հոտ է փչում: Իսկ դու ինձ ոչ թե փոքր ես համարում, այլ փոքրացնում ես: Ամպերից զուգարանի թղթի փաթույթներ գլորվեցին. թղթի շերտերը սիրուն ալիքվում էին ու ամեն ինչ մասնատում շերտերի: Հեռուստացույցն անջատեցիր: Թղթի շերտերը անջատվեցին ամպերից: Տնից դուրս եկար՝ ինձ մենակ թողնելով թղթի կույտի մեջ:
-Ես չեմ ուզում երեխա ունենալ,- ասաց Էսթերը, որին նույնպես թաքցնում էի քեզնից, ու շրջվեց պատի կողմ, որից կախված էր հայկական հնամյա գորգը,- ես էգոիստ եմ ու անկառավարելի, իսկ էգոիստ ու անկառավարելի մայրերը ի վերջո խելագարվում են կամ խեղդվում: Բայց մի ժամանակ աղջիկ էի ուզում ունենալ, որ աներ այն, ինչ ինքս չեմ արել, չաներ այն, ինչ արել եմ: Ուզում էի փոքրանալ ու մեծանալ աղջկաս մեջ: Բայց ինչու՞ անցնել նույն ճանապարհն ու վերջում էլ գիտակցել, որ մի այդքան էլ դեռ անցնելու կա, բայց ես արդեն սպառվել եմ ու կուչ եկել ճանապարհի երկու անգամ անցած կեսի վրա: Մի օր կհասկանամ, որ աղջիկս այդքան ժամանակ ապրել է ինձնից անտանելի հեռու՝ քնել է հիմար տղամարդկանց հետ, անհասկանալի կրոն ընդունել ու անիմաստ գրականություն կարդացել: Մի օր աղջիկս կհայտարարի, որ հղի է, ու ես կմեղադրեմ նրա բոլոր հիմար տղամարդկանց, կրոնին ու կարդացած անիմաստ գրքերին, կսիրեմ դրանց ծնունդն ու կհայհոյեմ աղջկաս,- ասաց Էսթերն ու լռեց՝ լռեց չծնված աղջիկների մասին: Ձեռքս նրա ցցված ուսի վրայից սահում էր ներքև: Նրա մերկությունը գորգի օազիսն էր: Մոտ քաշվեցի ու գրկեցի նրան: Փշաքաղվեց, կծկտվեց գրկիս մեջ: Լռեց մատներիս մասին՝ այնտեղ՝ ներքևում: Ցամաքին տրոփող ձուկ էր: Շոյեց ուսս: Մատս առավ շուրթերի մեջ: Համարյա անգույն տերև էր: Աչքերը փակեց: Ձեռնափը սեղմեց պատին: Կծեց մատս:
-Հազիվ տեղավորեցի գործարանում, ասի՝ խելքը գլուխը կհավաքի, առաջ կգնա, մի աղջիկ կուզի, երեխա կունենա,- դու նստել էիր խոհանոցի պատուհանի գոգին, մարմնիդ կեսը դուրս հանած, մաքրում էիր ապակու հակառակ կողմը: Ես խառնում էի թեյը՝ բաժակի հատակին անընդհատ դիպչելով քեզ չսազող բառերին,- հիմա ի՞նչ ես անելու, նորից ցատկելու ես կտուրից կտուր, որ մուսադ գա ու մի բան գրես, չէ՞,- դու կարող էիր հանկարծ ընկնել պատուհանից ներքև, մի անզգույշ շարժում, ու կարող էիր փռվել ասֆալտին, վերևից կտեսնեի ծաղկավոր շրջազգեստդ ու կակուղ երկնքով լցված աչքերդ: Մի պահ ուզեցի մոտենալ ու բռնել քեզ: Միշտ այդպես վախեցրել ես ինձ, միշտ այդպես թքած ես ունեցել իմ վախերի վրա. մարմնիդ կեսը այդպես դուրս ես հանել ու ճոճվել երկնքի մեջ: Թվաց՝ հենց մի քայլ անեմ, հենց զգաս, որ մոտենում եմ, հանկարծ կթուլանաս, կնվաղես, գլուխդ կպտտվի ու ցած կընկնես, ու հետո ամեն ինչ շատ ուշ կլինի: Հիմա էլ է շատ ուշ, ու միշտ էլ շատ ուշ է լինում, ուշ են՝ իմ ու քո բողոքները, իմ ու քո փախուստները, իմ ու քո վախերը,- դու ինձ լսու՞մ ես, հը՞,- ընդհատեցիր գործդ ու սևեռվեցիր վրաս: Մի կողմ տարա աչքիս մեջ ընկած մազն ու հայացքս դեմքիցդ սահեցրի հատակին,- էդ մազդ էլ գնա կտրի, ո՞վ է ճակատին երկար մազ թողնում, որն անընդհատ աչքը մտնի,- շարունակեցիր շփել ապակին, ծաղկավոր շրջազգեստը ծնկներիցդ վեր սահեց, հայացքս իսկույն հեռացրի ծնկներիցդ, ինչպես մի անգամ ճմռթված պտուկիցդ, որը երևաց, երբ կռացար իմ գցած խնձորը վերցնելու, ու որի համար ես ինձ մեղավոր զգացի,- չես մտածում իմ մասին, ինքդ քո մասին էլ չես մտածում, ի՞նչ ես մտածում, ա՛յ տղա, ասա՝ իմանամ՝ ի՞նչ մտքեր են էդ մտքերդ, ու՞մ մասին են, գոնե սիրած-միրած ունենայիր, կհասկանայի, կուրախանայի, աշխարհը իմը կլիներ, կասեի՝ վերջապես տղես էլ սիրահարվեց, վերջապես տղուս անառիկ սիրտն էլ առան-տարան, բայց հիմա ի՞նչ մտածեմ, ունես-չունես աչքիդ վրա կախված մի երկար մազ ունես,- մի պահ չքվեցիր պատուհանից: Երկինքը պատուհանի մեջ խաղաղված ջրի նմանվեց: Երկինքը կասկածելի լուռ էր, կարծես մի վատ բան էր պատահել կամ պատահելու էր, կարծես մի պատեհ առիթի էր սպասում, որ ճայթյունով ներս ընկներ ու խփեր դեմքիս, շշմեցներ կամ ուշքի բերեր: Պատկերացնում էի, թե ինչպես են ծանրանում քայլերս՝ պատուհանին մոտենալիս, որի մեջ ոսկրացել էր վիթխարի երկինքը, քո պես վիթխարի, մահվանդ պես վիթխարի,- գնա, մի աղջիկ տես, գոնե նա քեզ դարձի բերի, ես արդեն ուժ չունեմ, թոռ եմ ուզում,- նույն է թե՝ ասեիր՝ այլևս չեմ ուզում մայր լինել, այլևս ուժ չունեմ մայր մնալու համար, ուզում եմ ընդհատել մայրությունս, հրաժարվում եմ քեզնից, բաց եմ թողնում քեզ,- մի խոսքով,- պատուհանից իջար, ձեռքիդ շորը գցեցիր դույլի մեջ, մի քանի քայլ առաջ եկար, մատներդ միահյուսեցիր դնչիդ տակ ու նորից սևեռվեցիր վրաս, հայացքով փորփրեցիր ինձ, շուրթերդ հավաքեցիր ատամներիդ տակ, բաց թողեցիր, մոտ քաշեցիր աթոռն ու նստեցիր,- տղես,- ասացիր ու տարուբերեցիր գլուխդ,- տղես, ասում եմ…- Հայացքս քո վրա պահած, կում-կում դատարկում էի թեյի բաժակը, որը հետզհետե ծածկելով դեմքդ, հասավ աչքերիդ: Դատարկ բաժակը պահեցի շուրթերիս վրա, նրա եզրի վրայից նայում էի կետիկների չափ դարձած բիբերիդ,- ասում եմ…
Դանդաղեցնում ես քայլերդ: Մտնում եմ խանութ ու ցուցափեղկից նայում քեզ: Չես շրջվում: Մի փոքր արագացնում ես քայլերդ: Երևի միայն հիմա որոշեցիր, թե ուր ես գնալու: Դուրս եմ գալիս խանութից ու շարունակում եմ քայլել քո հետևից, փորձելով ընդօրինակել քայլերդ, որ աննկատ մնամ, պառկեմ կոշիկներիդ տակ, գտնեմ թաքստոցդ: Հիմա հորս արյունն է հետապնդում քեզ ու ոչ թե՝ դու նրան: Հորս կրակեցին, երբ զոռով քնեցրիր ինձ: Միայն այդքանն ես պատմել: Մեկ էլ այն, որ փողոց դուրս գալով, տեսել ես զառիթափից վազող արյան առվակը: Այնտեղ՝ վերևում, փռված էր հայրս, իսկ դու մանր-մանր քայլերով հետևում էիր արյան բարակ առվակին, որը հեռանում էր հորիցս ու քեզ մոտեցնում նրան: Արյունը կանգ առավ: Քայլերդ կանգ առան: Միայն այդ պահին նայեցիր հորս: Այդ պահից սկսած նրա մարմինը ընդմիշտ հեռու մնաց քեզնից: Այդ պահից սկսած սկսեցիր չսիրել նրա մարմինը: Այդ պահից սկսած սկսեցիր թաքցնել նրան ինձնից: Թվում է՝ մայրերը միշտ էլ թաքցնում են հայրերին: -Ի՞նչ ես դուրս տալիս,- ասացիր դու, հանելով ակնոցդ ու սեղանին գցելով թղթերը, -ի՞նչ ես ուզում իմանալ հորդ մասին,- կարծես նկուղում պահած հորս դիակը գլորեիր սեղանին, ասելով՝ հրես, հերդ, քեզ լինի, սափրիր նրան, ամեն անգամ ես էի սափրում նրան, քեզնից թաքուն, դե հիմա դու սափրիր նրան, զգույշ, չկտրես, ճիշտ է, արյուն չի գա, արյունը վաղուց թողել է նրան, բայց հետքեր կմնան, դիակները հիշաչար են, միշտ հիշում են իրենց վրա թողած հետքերը, կշտամբում են, կծում, իսկ հայրդ քեզ չի ճանաչում, ու եթե սափրելիս ձեռքդ դողա, ու վերք թողնես նրա այտին, չի ների քեզ, սափրիր նրան, սափրիր, որ գոնե դու ճանաչես նրան: Իսկ ես մի երեխա կգլորեմ սեղանին ու կասեմ՝ հրես, թոռդ, քեզ լինի, սիրիր նրան, գրկիր նրան, թող մոտդ քնի, զգույշ, չարթնանա, փոքրերը հիշաչար են, միշտ հիշում են, թե ով է արթնացնում իրենց, համարի ես եմ, փոքրացել եմ, միևնույն է, իմն է, ինձնից է, նույնն է, ժպտա նրան, իսկ ես ազատ կտուրից կտուր կցատկեմ, փաբից փաբ կանցնեմ, կգրեմ, տանը չեմ քնի, կքնեմ այն աղջիկների հետ, որոնք միշտ լռում են չծնված աղջիկների մասին ու մատների, որոնք թաքուն ներս են սողոսկում ու… ու երբեմն կգամ մոտդ, կգամ նրա մոտ, ով օրեցօր կնմանվի ինձ ու օրեցօր կհեռանա ինձնից: -Նման հիմարություններ գրելու փոխարեն արի ինձ հետ խոսիր,- ասացիր դու, ու մտածեցի, որ այսուհետ քեզնից կթաքցնեմ ոչ միայն աղջիկներիս, այլ նաև գրականությունս: -Հիմարություն չի: -Իսկ ինչի՞ մասին ես գրում: -Մարդկանց: -Պահ,- ծալեցիր թղթերն ու սեղանի վրայով սահեցրիր դեպի ինձ, կարծես դրանով ուզում էիր ասել՝ քեզ լինի գրականությունդ, դու ինքդ քեզ ես թաքցնում տողերիդ տակ, որովհետև դա ամենաապահով տեղն է, որտեղ կարող ես կորցնել ինքդ քեզ:
Թեքվեցիր աջ, հետո ձախ, հետո աջ, հիմա ուղիղ քայլում ես պողոտայով: Դեռ չեմ հասկանում, թե ուր ես գնում: Մի տղամարդ կողքովդ անցնելիս ժպտաց քեզ: Երբ նա անցնում էր կողքովս, մի պահ վախեցա, որ կշրջվես ու կնայես նրան: Վախեցա, որ կտեսնես ինձ: Նա կհեռանար, իսկ իմ ու քո միջև հեռավորությունը նույնը կմնար: Ինչպես միշտ: Ինչպես հիմա: Միայն մի անգամ այն սովորականից ավելի կարճ թվաց: Լոգասենյակի դուռը մոռացել էի կողպել: Դուռը բացեցիր, երբ արդեն մերկացել էի: Նայեցիր աչքերիս: Նայում էիր միայն աչքերիս: Առաջին պահին ամաչեցի մերկությունիցս: Երկրորդ պահին ամաչեցի ամաչելուց: Երրորդ պահին՝ վերջին պահից: Ու այդպես անսահման փոքրանում էի քո առջև: Հնարավորինս աննկատ ձեռքերս տարա ու ծածկեցի անդամս: Ծիծաղեցիր, կտրուկ շրջվեցիր ու դուռը փակեցիր: Իսկ մյուս օրը առաջին անգամ ասացիր, որ ժամանակն է ընտանիք կազմեմ: Ու ամեն անգամ, երբ ասում ես դա, հիշում եմ լոգասենյակի պահն ու կրկին անսահման փոքրանում քո առջև: -Կապույտն էլ սատկեց,- կապույտ ձկնիկը դրել էիր ձեռնափիդ վրա ու զննում էիր. ուզում էիր համոզվել, որ մեռած չի ձևանում: -Սատկած է, չէ՞,- ամեն օր ինքդ էիր մի սատկած ձկնիկ հանում ակվարիումից, բայց վերջերս սկսել էիր կասկածել, որ քնած ձկնիկներ ես դնում ծաղկամանի հողի մեջ, իսկ հետո արթնանում են ու այնքան հող են կուլ տալիս՝ մինչև սատկեն: Կապույտ ձկնիկի աչքերը բաց էին: Ակվարիումի մանր ու գունեղ ձկների աչքերը նույնն էին: Նայեցի աչքերիդ. ձկնիկները լողում էին բիբերիդ շուրջ: -Մանուշակի տակ թաղենք,- ասացիր ու ձկնիկին զգույշ դրեցիր ձեռնափիս վրա: Կարող էիր նրան դնել սեղանին կամ պատուհանի գոգին՝ մինչև մի փոս փորեիր ծաղկամանի մեջ: Բայց ուզում էիր, որ ես էլ զգայի ձկնիկի մահը, որ մի սառը կապույտ բիծ ձեռնափիս մաշկի տակ էլ թափանցեր: Իրականում զզվում եմ ձկներից, մանավանդ սատկած ձկներից, բայց չէի ուզում խանգարել քեզ: Ամեն օր մի ձուկ էիր թաղում ու երևի շատ էիր վշտացած: Ամեն օր մի ձկնիկ էր ավելանում աչքերիդ մեջ, իսկ դու նրանց իմ մեջ էիր փնտրում: Ամեն օր ջրում ես ծաղիկներդ ու կարծում, որ արմատին կպած մի ձկնիկ է արթնանում: -Թոռ ունենամ՝ ձկների հետևից չեմ ընկնի,- ասացիր կապույտ ձկնիկին հողին հանձնելուց հետո: Նորից հիշեցի լոգասենյակի պահն ու ծպտվեցի ակվարիումի խեցու մեջ, ինչպես մի բեղավոր ու հաստափոր ձկնիկ՝ ձկնիկներդ որսող:
Մի փողոցից անցնում ես մյուսը, խաչմերուկի մոտ կանգ ես առնում ու աջուձախ նայում: Շարունակում ես ուղիղ քայլել: Հետո անցնում ես զուգահեռ փողոցն ու քայլում հակառակ ուղղությամբ: Այդպես մայրդ էր հաճախ քայլում բնակարանում՝ ետուառաջ: Քեզ էր փնտրում: Բայց դու միշտ խուսափում էիր նրանից, տանտիրուհու պես հայացքդ թաքցնում լվացքի կամ ճաշի մեջ: Ցնցուղի տակ էիր մտել ու մոռացել կողպել դուռը: Մայրդ ներս մտավ. գիտեր, որ մերկ ես ու թաց ու այս անգամ չես փախչի: Ձեռքերով փակեցիր կուրծքդ: -Թույլ տուր գնամ,- ասաց նա: -Երբեք,- ասացիր դու: Մայրդ կանգնեց ցնցուղի տակ, ձեռքերդ պոկեց կրծքիցդ, իր ձեռքերը դարսեց կրծքիդ վրա: -Ես քո վերջին ձկնիկն եմ,- ասաց նա: -Դու ձկնիկ չես,- ասացիր դու: Ջուրը լցվում էր նրա աչքերի, բերանի ու ստինքների մեջ: Դու կորցնում էիր նրան ջրի տակ: Նայեցիր ներքև: Ոտքերիդ տակից մանր ու գունեղ ձկնիկներ էին փախչում ու լցվում հոսակի մեջ: Բռնեցիր մորդ ուսերից ու նրան սեղմեցիր կրծքիդ: Մազերդ չորացնելիս, հիշեցիր, որ ակվարիումը դատարկ է: Ջուրը պղտոր էր ու միայնակ: Հիշեցիր վերջին ձկնիկի մահն ու առաջին անգամ սարսափեցիր ծաղկամաններիցդ: Ծաղիկներիդ գույների մեջ սկսեցիր փնտրել ձկնիկներիդ: Գույների մեջ տեսնում էիր նրանց միանման աչքերը: -Թույլ տուր մորդ գնա,- ասացի ես: -Երբեք,- ասացիր դու ու մոտ քաշեցիր ակվարիումը՝ ջուրը թափելու համար: -Դու չես կարող նրան միշտ պահել մոտդ: -Բայց պահում եմ: -Նա գնալ է ուզում: Այդ պահին խեցուց մի դեղին ձկնիկ դուրս սահեց ու պտտվեց պղտոր ջրի մեջ: Միասին թափեցինք ջուրն ու մաքրեցինք ակվարիումը: Դեղին ձկնիկը սկսեց անտարբեր լողալ թարմ ջրի մեջ: -Բաց թող մորդ,- ասացի ես: -Ինձ այդքան հեշտ բաց չթողնես,- ասացիր դու ու մտար սենյակդ: Սենյակից դուրս չեկար մորդ հրաժեշտ տալու: Իսկ նա գնալիս ժպտում էր:
Երբ հեռուստացույցն անջատեցիր ու տնից դուրս եկար, ես համոզված էի, որ կվերադառնաս: Կվերադառնայիր, բայց երբեք չէի իմանա, թե ուր ես գնացել: Դրա համար էլ թաքուն քայլեցի քո հետևից: Ես առաջին անգամ եմ քեզ տեսնում առանց ինձ: Գուցե մտքերիդ մեջ եմ, ձկնիկներիցդ մեկն եմ, գուցե ժպտում ես անծանոթ տղամարդկանց, բայց մենակ ես, ու ես հետապնդում եմ մենությունդ: Դու միշտ շատ ես եղել իմ օրերի մեջ, բայց հիմա ես ամենաիսկականը, երբ չես տեսնում ինձ: Ու դու բոլորից քիչ գիտես իմ մասին: Դուռը թակեցին: Դու առաջին անգամ տեսար Էսթերին: Ներս հրավիրեցիր նրան ու կանչեցիր ինձ: Էսթերը նյարդային էր ու անընդհատ աչքերը փախցնում էր քեզնից: Ուզում էիր սուրճ հյուրասիրել, բայց մենք մտանք իմ սենյակն ու դուռը փակեցինք: Մենք կռվում էինք: Կանգնել էիր խոհանոցում ու սրճամանը ձեռքիդ շնչապահ սպասում էիր: Ինչ-որ կցկտուր բառերից էիր կառչում, բայց ոչինչ չէիր հասկանում: Միայն զգում էիր, որ դռնից այն կողմ քեզնից թաքցրածն է, որ դռնից այն կողմ քեզնից թաքնվածն է, որ դռնից այն կողմ դու չես կարող լինել: Էսթերը առանց հրաժեշտ տալու դուրս թռավ տնից: Դու երբեք չես հարցրել այդ օրվա, Էսթերի, դռնից այն կողմի մասին: Դու բոլորից քիչ գիտես իմ մասին, բայց քո իմացածն ամենաճիշտն է: Կտրուկ թեքվում ես նրբանցքը: Արագացնում եմ քայլերս, որ հանկարծ չկորցնեմ քեզ նրբանցքում: Նրբանցքից հայտնվում ենք այն նույն պողոտայում: Երևի վերադառնում ես: Երևի քո վերադարձը միայն կտեսնեմ: Ու վերադառնում ես այն նույն տեղը, որտեղից սկսեցի հետապնդել քեզ: Շարունակում ես նույն ուղին: Քայլում ենք նույն փողոցներով ու նրբանցքներով: Մայթին կանգ ես առնում: Ես էլ: Մի քայլ առաջ ես անում: Ես էլ: Երկու քայլ հետ ես անում: Ես էլ: Արագ-արագ քայլում ես առաջ: Ես էլ: Նորից կանգ ես առնում: Ես էլ: Դու ծիծաղում ես վրաս: Ու մեր միջև հեռավորությունը միշտ նույնն է մնում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *