Ի՞նչ կլինի քարը, եթե նետեն ծովի խորքերը։ Սրամիտ պատասխանն է՝ կթրջվի։ Մինոր տոնայնությամբ պատասխանն է՝ չի երևա։ Մաժորը՝ քարը կունենա ծով։ Օբյեկտիվ պատասխանն է՝ ծովի մեջ կավելանա ևս մեկ՝ ոչնչով չառանձնացող քար։ Սուբյեկտիվն է՝ թքած ունեմ ձեր քարերի վրա, ինձ իմ երիկամներինն ու օղերինն էլ հերիք են։
Դե, ինձ ինչ-որ կերպ կցմցել են։ Քանի փորձից` չգիտեմ։ Լավ չի՞։ Գիտեմ, որ չէ։ Սովորել եմ, ավարտել եմ, սա էդքան էլ հետաքրքիր չի։ Աստղերից պատմե՞մ։ Չեմ կարող, աստղերը ֆիլմերի ու գրքերի նման չեն, որ նկարագրությունը կարդաս ու քեզ հասկացողի տեղ դնես։ Այ, դա հրաշալի կարողանում եմ, լավ ձև եմ բռնում։ Դե, ձեր չափ չէ, բայց շատ չեմ զիջի։ Իսկ աստղերի մասին չգիտեմ, ֆիզիկայի ժամերին փորձում էի թքել Հրուշի կոշիկի վրա։ Որովհետև իր կոշիկն ավելի սիրուն էր, իսկ քեզնից ավելի լավին ձգտելը բարդ է, ավելի լավ է փչացնել ու թքոտել, որ իրար հավասարվեք։
Հա, Հրուշն, ինչպես վրան թքելուց հասկացաք, ընկերուհիս է։ Ուղղակի դուք ընկերների հետևից եք թքում, ես՝ դիմացից՝ կոշիկին։ Սա՝ դպրոցական տարիներին՝ դասարանում։ Իսկ կյանքում հաճախակի փայտիկին եմ թքում. դե միջին վիճակագրական հայ աղջիկ եմ, պիտի, չէ՞, խնդիրներ ունենամ։ Ընկերներն էլ արդարանալու համար ասում են. «Խոսում եք իմ ետևից, նշանակում է՝ ձեզնից առաջ եմ»։ Նախ, չեն խոսում, թքում են։ Հետո, անձամբ Հրուշը առաջ լինելու համար շատերի հետ «դիմացից էղել ա»։ Այսպիսով, ի՞նչ ունի Հրուշը։ Ճիշտ է. «Այֆոն», հարց լուծելու թափ ու…թութք։ Մտածում եք՝ մեղադրո՞ւմ եմ։ Չէ հա, նախանձում եմ։ Դե, ես էլ եմ այն մարդկանցից, որ կարողություն, անգամ՝ երրորդ համարի կամ տասներեք սանտիմետրից ավելի հնարավորություն ունեցողներին սիրում ենք բարոյականություն քարոզել՝ շատ բարձր ու հաստատակամ, որ հանկարծ գլխի չընկնեն, որ մեզ տային էդ երրորդ համարն ու տասներեք սանտիմետրն, ինչե՜ր կանեինք…Չէ, երկուսն իրար հետ՝ միաժամանակ չէ, առանձին-առանձին՝ ըստ սերի ու սեռի։ Ինչպես ասում են, կայսերը՝ կայսրին, «Կայզերը»՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ տղուն։ Սա ուղղակի սրամտում եմ, որ շարունակեք կարդալ։ Իսկ եթե լուրջ, բարոյականության մասին կոկորդ պատռողներն ամենամեծ ռիսկային գոտում են։ Նորմալ մարդիկ գործ չունեն այլոց բարոյականության հետ, ո՛չ հետաքրքրվում են, ո՛չ քննարկում ու կյանք սովորեցնում։ Ինչու եմ ասում «նորմալ», որովհետև մենք աննորմալ ենք։ Աննորմալ այնքանով, որ ուժ էլ չունենք ընդունելու, որ անբարոյական ենք, ու մեզ դա դուր է գալիս։ Դուր է գալիս մեր՝ ցեխի միջից խռխռալը՝ աշխատող մարդկանց վրա, տրամադրություններ փչացնելը։ Այդքանն եմ կարողանում, տարբերակ լիներ՝ ավելի գլոբալ վնասներ կտայի։ Բայց տեսակով վախկոտ եմ, գոնե քար վերցնելու ու պատուհան ջարդելու ռիսկ էլ չունեմ։ Հազիվ դասին թքեմ ընկերուհուս կոշիկին։ Կամ՝ էկրանի այս կողմից՝ տառերով՝ մեկի նամուսին։
Ես շատ կուզեի անբարոյական լինել, բառի ֆիզիկական ու խիստ հաճելի առումով, անկեղծ, բայց ես էլ եմ մենակ բարոյական հաղթանակների ձգում։ Արտաքին տվյալներս չեն հերիքում, դրա համար ուժս դեռ սոցցանցերին է պատում։ Այ, կարգին «օնլայն քած» եմ. աղոթքներ եմ դնում էջիս՝ Հրուշի կյանքը հարևանուհուս հետ սապնաջրելուց հետո, աջ և ահյակ քարոզում եմ խաղաղություն՝ մեկումեջ թուրքերին վառելու կոչեր անելով և հրահրելով մարդկանց, որ հենց հիմա սատկացնեն էդ հայ քաղաքականության անտեր շներին։ Դա էլ իմ պայքարի տեսակն է՝ կոչեր գրել ու բազում «լայքեր» ստանալ։ Չորսուկես հատ։ «Անտեր շներից» մեկին էի ուղղակի ուզում լպստվել, չստացվեց, զարթնելուց պարտադիր հիշում ու պահանջելով հողում եմ անտեր գլուխը, անիծում դրա թերմացքներին, կիրակի օրը գնում եմ եկեղեցի, հարյուր քսան դրամի մոմ առնում, ու Աստծո հետ քվիտ ենք լինում։ Բայց «Հայր մերի» էն արագ մասը չեմ հիշում. էն «ևթողմեզպարտեզմեր» էր, «ևթողզմեզպարտիզպան» էր, «պարտիզան» էր, «պարմեզան» էր…Հա լավ, ի՞նչ տարբերություն։ Աստծո համար կարևորը խոսքն անկեղծ լինի։ Ըհըն, սա էլ էստեղ ջրվեց։
Հա, ուր էր հասել կենսագրությունս։ Անունս «Գեղեցիկ» են դրել, կարճ «Գեղեց» են ասում։ Չեմ պատկերացնում՝ ոնց կարելի էր մամայի ճմրթած դոշերի ու պապայի հարթուկած քթի սինթեզից էսքան վստահ լինել՝ գեղեցկուհի ունենալու վրա։ Տղա չեմ ծնվել, մուռն էդպես են հանել ուղղակի։ Անունս «Գեղեցիկ» են դրել, որ տանջվեմ։ Չնայած իմ դեպքում «Գեղեցն» ավելի «գեղցու» հոլովված տարբերակն է։ Սովորաբար դուք ասում եք՝ պետք է զանազանել «գյուղացուն» ու «գեղցուն», իսկ ինձ հետաքրքիր չի՝ ինչ եք ասում։
Ես լավ մարդ չեմ։ Որովհետև գետնի մանր աղբը ոտքով սղղացնում եմ մահճակալի տակ. չի երևում, ուրեմն՝ չկա։ Երբեմն ինձ էլ եմ այնտեղ սղղացնում. ի՞նչ պակաս կոնֆետի թուղթ եմ։ Օրական երկու անգամ հատակ չեմ լվանում՝ ի դեպ. այ էդքան վատն եմ։ Փոխարենը ուղեղ եմ լվում ու ափսոսում, որ փող լվալ չգիտեմ։
Ու սիրում եմ ժամանակ սպանել։ Մեկումեջ հույսեր ու ճանճ էլ եմ սպանում, բայց դե սեզոնն ավարտվեց։ Սկսում է ցրտել, ինձ էլ թեյի չեն հրավիրում, որ էժան կտորեղենս քշտեմ վրաս, գնամ ուրիշի հաշվին մի կես ժամ ապրեմ, դրա համար ինքնակենսագրականս եմ գրում, տեսնենք՝ ինչ կլինի։
…Իսկ իրականում, հոգեբաններն ասում են՝ ագրեսիան ցավի հոմանիշն է։ Որը ստիպված եմ քողարկել իմ ծակող բառերի արանքում, որովհետև ժամանակին ինձ ձաղկել են սառնասրտությամբ, անուշադրությամբ։ Ես մարդ եմ, որը սիրո պակաս ունի, ու թե իմ կյանքում չլինեին հրուշներ, ճմրթված բնավորությամբ ծնողներ, գուցե լավ մարդ լինեի։ Գուցե չավարտեի այս տեքստն ու հետո բարձս գրկած մղկտայի այն մասին, որ երեկ վիրավորել եմ լավագույն ընկերոջս ու կորցրել։ Գուցե ես էլ, շատերի պես, վաղը կորստի ցավը ցողեի օծանելիքով ու փորձեի հարմարվել, որ սարսափելի մենակ եմ՝ ընթացքում ուժիս վերջին փշուրները բաժանելով մարդկանց։ Գուցե մարսեի, որ մյուս ընկերներս էլ թողեցին ու գնացին։ Գուցե այստեղ գրեի՝ թաքուն երազում եմ ինչ-որ մեկի համար աշխարհի ամենասիրուն աղջիկը լինել։ Որ տանջվում եմ՝ ինձ սիրուն չզգալու փաստից։ Որ ուզում եմ սրտխփոցիս պատճառը ոչ թե կատաղությունը լինի, այլ՝ այն մուգ շագանակագույն աչքերը, որոնք խեղդվում են առանց ինձ…Էս հավատացի՞ք։ Չհավատաք։ Ես վատ մարդ եմ, որովհետև ուղղակի վատ մարդ եմ։ Ունենայի կրծքեր, գուցե ավելի բարի լինեի։ Բայց դրանք ունի տերը թաղած Հրուշը։ Վայ, մեղք գործեցի, կաղոթենք-կցրենք, ոչինչ։ Բայց կարծես թե՝ էլ հետաքրքիր չի։ Կարճ նկարագրություն գտա, աստղերի մասին, պատմե՞մ։
Երևի ճիշտ կլիներ լռել՝ մոռացվեր-գնար էս… բայց վրդովմունքը թույլ չի տալիս: Միշտ էսպես է՝ երբ ասելու բան չունես: Երբ ասելու բան չունես, կենտրոնում դնում ես անձդ, մի երկու նախադասություն շարում առաջին դեմքով, ոճավորում «հորդաբուխ», ինքնախարազանիչ անկեղծությամբ ու ստացվում է բառի ֆիզիկական ու «խիստ հաճելի» առումով մի…, որը փաստորեն այնքան մոտիկից ծանոթ է միջին հայ վիճաղջկան: