Սկսած 9-րդ դարի կեսերից մինչև 11-րդ դարի սկիզբը Բյուզանդական կայսրության հրամանատարներից առանձնակի քաջությամբ ու նվիրվածությամբ առանձնացել են հինգը`Վասիլ I-ը, Ռոման I-ը, Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշկիկը և Վասիլ II-ը: Հայտնի փաստ է` նրանք բոլորն էլ հայկական արմատներ են ունեցել:
Շառլ Դիլ
Այնքան կտրուկ, այնքան անդառնալի իտելեկտուալ էր նա:
Դեգեներատիվ ու վայրի, զզվելի միտքն ինտելեկտուալի:
Վիտոլդ Գոմբրովիչ «Պոռնոգրաֆիա»
Փոքրիկ սրճարանը տեղակայված էր կղզու հյուսիսային եզրամասում` սրածայր ժայռերի կողքին` հենված մի հսկայական ժայռաբեկորի, որն իր մուգ գույնով տարբերվում էր շրջակայքի գունաթափ քարակույտերից: Թվում էր՝ այն մայրցամաքի կողմից այստեղ էր նետել Հերկուլեսը, կամ ինչ-որ տիտան, ով ցանկանում էր տեսնել, թե մինչև հորիզոնի տակ անհետանալը քանի անգամ քարը կքսվի ծովի կապույտ երեսին:
Բացի ինձանից սրճարանի ծղոտե սեղանիկների առաջ նստած էր մի գերմանախոս զույգ, երկուսով տուրիստական քարտեզն էին ուսումնասիրում ու վիճում անհայտ հարցի մասին։ Դիմացս նստած էր մի կին, որ կապուչինո էր խմում ու կիսաձայն գիրք էր կարդում: Հայացքս անընդհատ գցում էի գրքի կողմը՝ ցանկանալով տեսնել, թե ինչ է կարդում: Կինը, երևի նկատելով հետաքրքրասիրությունս, սեղանից պոկեց գրքի կազմն ու ժպտալով պարզեց իմ կողմ: Գրքի երեսին երևաց Ինկերի պետության մասին պատմող Ինկա Գարսիլասո դե լա Վեգայի անունը:
Նկարչուհի էր ու իր ասելով նկարչի գլխավոր առաքելությունը մարդուն իրականության հետ հաշտեցնելն էր: Կղզում պեղումներ էր կատարում, բավականին հեշտությամբ լեզու գտանք, կարծում եմ ոչ միայն նրա համար, որ երկուսս էլ կապված էինք պատմությանն ու ջանասիրաբար զարմացրինք իրար մեր գիտելիքներով, այլ մի ուրիշ, գուցե ֆիզիոլոգիակական ձգողականության պատճառով:
Զրույցը շարունակվեց բավականին երկար, գերմանացի զույգը հասցրեց գտնել իր ցանկացած վայրն ու համերաշխորեն լքեց սրճարանը: Թվում էր` կղզում մնացել էինք միայն մենք ու զրուցում էինք պատմության ու արվեստի մասին: Սկզբից միայն ես էի խոսում, ու խոսքս ավելի շատ նման էր դեռ չտրված հարցերի պատասխանների, նրա գլուխը դիրիժորի փայտիկի պես այսուայնկողմ էր շարժվում, ղեկավարելով ներսիցս դուրս եկող ձայնը` ուղղորդում այն դեպի թանձրացող մայրամուտը… Նա ինձ ընդհատեց «Բյուզանդիա» բառի վրա (գուցե ես նրան սկսել էի պատմել այդ կայսրության հայկական ծագում ունեցող տիրակալների մասին. ես դա հաճախ էի պատմում ինձ հանդիպող մարդկանց, չէ՞ որ երբեմն անտանելի է, երբ քո ֆիզիկական գոյության ետևում չի թափառում պատմականության ուրվականը ու դու դիմացինիդ աչքերում պատկերանում ես այնպես, ինչպես կաս իրականում` մերկ): Ընդհատելով ինձ՝ նա, չգիտես ինչու, սկսեց խոսել սովետական ճարտարապետությունից, ինչո՞ւ հիշեց նա այդ մասին, գուցե հիշեցնելու համար, որ այն երկրում, որտեղ ես եմ ապրում, հազարամյակների ճարտարապետական էվոլյուցիան չնչին բացառություներով համահարթեցման է ենթարկվել:
Եղածը եղած է…
Նա պատմեց ինձ, որ իր տանը ունի Ունգարետիի մակագրությամբ գիրք և, որ ինձ ամենաշատը զարմացրեց, ունի Սևերյանինի չտպված բանաստեղծության ձեռագիրը` մատիտով գրված, որն իրեն էր հասել խորթ մորից, որն էլ այն մի քանի դոլարով 90-ակաների սզբին գնել էր մի ռուս հնավաճառից: Հետո մի քանի տող արտասանեց Ունգարետիից, որոնց իմաստը ես չհասկացա, հիշողությանս մեջ միայն խցկվեցին ջ ու պ տառերի արագնթաց զուգորդումները։ Մի պահ ինձ թվաց, թե տառերը կարող են ախորժակ բացել, ու իմ կողքով անցնող մատուցողից ձկնապուր խնդրեցի…
Մինչ ուտում էի ձկնապուրը, նա սկսեց խոսել երաժշտությունից, պատմեց, որ ունի գրոմոֆոն ու միայն դրանով է լսում երաժշտություն, թվայնացված կյանքը նյարդայնացնում է նրան… Այդ պահին հիշեցի, թե ինչպես էինք եղբորս հետ այսուայնկողմ շպրտում գրոմոֆոնի սկավառակները, որ գտել էինք ամառանոցի ձեղնահարկից, թե ինչ հեշտությամբ էին նրանք թռչում՝ պատռելով օդային վարագույրն անհետանում տեսողության սահմաններից, իրենց հետ անհայտություն տանում մի անհետացող սերնդի լսողությունը…
Ձկնապուրը վերջացնելու հետ զուգահեռ երաշտության մասին խոսակցությունը փոխվեց դեպի Ինկերի պատմության գիրքը, որից միայն հատվածներ էի կարդացել, բայց ամենակարևորը՝ կարդացել էի բավականին երկար առաջաբանը, որտեղ ինձ անծանոթ հեղինակը գրում էր, որ Գարսիլասոն իր պատմության մեջ թեև փորձել է հնարավորինս պահպանել պատմական փաստերը, բայց, այնուամենայնիվ, այդ մեծածավալ գործում երևում են առաջին սոցիալ-ուտոպիստների` Կամպանելայի ու Մորի թողած ազդեցությունները…. Նա բարի քմծիծաղով նայեց վրաս:
– Երևում է, որ ամբողջը չես կարդացել, նա ուրիշ է, այն, ինչ գրում են մարդկանց մասին, հիմնականում սուտ է…
Ես խոստովանում եմ ու խոստանում կարդալ, իսկ նա երկար, շատ երկար ինձ պատմում է Գարսիլասոյի մասին: Այդ պատմությունից իմ մեջ միայն տպավորվեց, որ նա Սերվանտեսի ու Շեքսպիրի հետ մահացել էր նույն օրն, իսկ դա արդեն պատճառ է մինչև վերջ նրան կարդալու համար:
Գարսիլասոյի մահից հետո ես ամեն գնով ցանկանում էի վերջապես խոսել Բյուզանդիայի մասին, բայց հենց ուզում էի բերանս բացել, նա սկսեց խոսել քաղաքականությունից, պատմեց, որ արդեն 15 տարի է՝ ընտրության չի գնում, որ համակրում է միայն անարխիստներին, որ ի վերջո անարխիզմը հաղթանակելու է:
– Հանկարծակի է լինելու, Հիսուսի գալստյան պես. աստիճանաբար անհնար է հասնել անարխիզմի:
Խոստովանեցի, որ անարխիզմի տեսությանը ծանոթ եմ շատ մակերեսայնորեն:
– Պատմական փաստերը չհաշված, կարող եմ պատկերացում կազմել Տոլստոյի ու Կաֆկայի գործերից միայն, բայց ինչքան հիշում եմ անարխիզմը հազար ու մի ուղղության է տրոհված:
– Ինչպես հավատը, բայց դա հավատացողի համար կապ չունի: Մի պահ լռություն տիրեց, հետո նա նորից սկսեց խոսել, խոսել…
Ես խոստացա ինձ համար բացահայտել անարխիզմը:
Ժամանակը պտտվում էր մեր հայացքների մեջ, մենք այլևս չէինք խոսում պատմության ու արվեստի, քաղաքների ու ճարտարապետության մասին, իսկ թաց քամին գնալով ավելի էր ուժգնանում՝ կարծես ազատելու համար մեր ծանրացած ուղեղները տեղեկատվական բեռից…
Ծովաձայնն անդադար պտտվում էր կղզու ափերեսին, հսկայական ժայռերը կարծես շրթհարմոն լինեին ծովի ջրոտ շուրթերին ու դեպի մեզ էին փչում ալիքների անկրկնելի ջազը, որը հասնելով սրճարանին՝ ձուլվում էր տեղական թունդ գինուն, մտնում մեր երակների մեջ, վազվզում:
Հորիզոնում երևում է անընդհատ մոտեցող մի սև կետ. երևի տիտանն է նորից որոշել զբաղվել իր սիրելի խաղով:
– Ի՜նչ գեղեցիկ են եղունգներդ, ասես արյան մեջ թաթախված լինեն, հեչ չի երևում, որ պեղումներ անողի ձեռքեր են, կարո՞ղ եմ ավելի մոտիկից նայել:
Վերցնում եմ նրա փոքրիկ ձեռքերը ափիս մեջ, քամին ավելի է սաստկանում ու ծովահատիկներ է շպրտում մեր կողմ:
– Փոքր ժամանակ մատ ծծելու սովորություն ունեի, այնքան էի պահում բերանումս մինչև կաշիս կռկվում էր, քիչ էր մնում պոկվեր-ընկներ մատիս վրայից, ամեն երեկո մատիս կծու բիբար էին քսում, որ թողնեմ այդ սովորությունը, ի վերջո հաջողվեց, բայց հիմա նայում եմ ձեռքիդ…
Նրա գեղեցիկ ցուցամատը դողալով դուրս եկավ ու թրթռաց շութերիս վրա: Միլիոնավոր ծովային փոշեհատիկներ նոր ուժով գրոհեցին սրճարանը։ Շրթհարմոնը մի պահ գերազանցեց իր երաժշտական հնարավորությունը…
Հանկարծ վեր կացավ, ուռած կրծքերի վերնամասում տեսողությանս մեջ պտտվեց անարխիստների նշանը, նա եղջերվի պես ձգեց վիզն ու կտկտան քայլերով անհետացավ կապտասև մթության մեջ, հետո մի պահ նորից հայտնվեց, հարցրեց, թե չէի՞ ցանկանա օգնել իրեն վաղվա պեղումների ժամանակ:
Նրան վստահված քառակուսում դամբարան էր հայտաբերվել, ես հետևում էի, թե նա ինչ խնամքով է մաքրում չորացած հողը, վրձնով զգուշորեն անցնում ճաքճքված քարերի վրայով, չափումներ անում, գրանցում հայտնաբերված խեցու կտորները, խաղում հողի հետ, իսկ փոշեհատիկները բարձրանում են օդ՝ շտապում դեպի ջուրը. նրանք դեռ պահպանում են հիշողություններն իրենց ջրային անցյալից, երբ դեռ սովորական պլանկտոններ էին ու դեռ չէին հայտնվել սոված կետի ստամոքսում: Պեղումների ընթացքում նա համարյա ոչ մի բառ չարտասանեց, ինձ միայն հաջողվեց լսել նրա զսպված ինքնախոսությունը, որ դուրս էր գցում շնչառության հետ խառնված կիսատառեր:
Մինչև կեսօր կարողացանք մի քանի սանտիմետր հողաշերտ նետել մի կողմ ու դանդաղ քայլերով լքեցինք ավերակները, որոնց հեռվից նայելիս լեզվիս վրա զգացի ջ ու պ տառերի աննկատ քայլքը դեպի ներս: Այդ օրը նա չափազանց ուրախ էր. մի քանի հազար տարվա զարդատուփ էր գտել` մեջը լիքը զարդ:
– Հետաքրքիր է, չէ ՞, կինը միշտ ուզել է գեղեցիկ երևալ:
– Որովհետև տղամարդիկ նրան միշտ ցանկացել են տեսնել գեղեցիկ…
– Ի՞նչ գիտես:
– Զգում եմ…
Հետո մենք խոսեցինք սեռերի տարբերության, կնոջ ու տղամարդու դերերի մասին. անիմաստ խոսակցություն, որ միշտ ավարտվում է ծիծաղով:
– Առավոտյան էլ էստեղ չեմ լինի:
Նա ոչինչ չասաց ու մենք դուրս եկանք զբոսնելու:
Նորից հայտնվեցիք սրճարանում, որում այս անգամ համարյա նստելու տեղ չկար…
Հարցրի՝ ինչքա՞ն ժամանակ է դեռ պատրաստվում մնալ այս կզում ու փորփրել հողը:
– Մինչև ամբողջովին հողից դուրս չգա անարխիստների քաղաքը:
– Անարխիստների՞:
– Այո, ինձ թվում է, որ գտնվել է այն քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել անարխիստների հասարակություն, այստեղ չի երևում սոցիալական շերտավորման ոչ մի նշան, բոլորի տները հավասար են, բոլորի գերեզմաններում հայտնաբերվում են համարյա նույն քանակությամբ զարդեր, չկա մի բան, որն ինձ կհուշի, որ այստեղ ինչ-որ մեկը մյուսից բարձր է եղել:
– Իսկ գուցե սա ծովահենների կղզի՞ է. ինձ հայտնի միակ անարխիստները նրանք էին:
– Այդ դեպքում ի՞նչ գործ ունեն այստեղ կանայք, կանանց ու տղամարդկանց թիվն այս քաղաքում համարյա հավասար է եղել, և հետո ամեն ինչ խոսում է այն փաստի օգտին, որ նրանք նստակյաց են եղել ու նրանց քաղաքակարթությունը վերացրել են ծովից եկած ժողովուրդները:
– Կոմունիստնե՞րը:
Նա սկսում է ծիծաղել, վառում է ծխախոտն ու ներողություն խնդրում, որ գլուխս տանում է իր իզմով:
Հետագա խոսակցությունից պարզվեց, որ նա ամուսնու հետ այստեղ է եկել դեռ 12 տարի առաջ: Ամուսինն, իր ասելով, թողել է ակադեմիական կարիերան ու որոշել կյանքը նվիրել Անարխիստների կղզուն: Այն ժամանակ այստեղ դեռ ոչ մի հյուրանոց չկար, ոչ մի զբոսաշրջիկ չէր հայտնվում, և միայն իրենց հայտնաբերած քաղաքի պատճառով է, որ սկսեցին սնկի պես հայտնվել հյուրանոցներ ու զբոսաշրջիկներ ու հանկարծ պարզվեց, որ այստեղի ափը լողալու համար հիասքանչ վայր է:
Ամուսինը հիմա մասնակցում է միջազգային կոնֆերանսի, որտեղ պիտի ապացուցի իր առաջ քաշած վարկածը: Երբ նրան հարցրի, թե ե՞րբ են նախատեսում ամբողջովին վերջացնել աշխատանքնեը, նա պատասխանեց, որ առանց ամուսնու դա կարող է անվերջ շարունակվել. միայն նա գիտի, թե որտեղ է սկսվում ու վերջանում քաղաքը, բայց ամուսինը նրան ասել է` ամենաշատը 2-3 տարի, այսինքն 18-19-ին պիտի որ կղզին ամբողջովին բացահայտվի: Առանց ամուսնու նա չի կարող նոր հողաշերտեր բացել. այն աստիճան մասնագետ չէ, ու կարող է շատ կարևոր տեղեկություններ բաց թողնել, և հիմա միայն մաքրում ու թարմացնում է արդեն բացված հողաշերտերը:
Սրճարանում ժխորը սաստկացավ, ու նա առաջարկեց գնալ տուն:
Նրա տունը գտնվում էր կղզու ամենաբարձրադիր մասում՝ կարմրավուն բլուրի վրա, որտեղից հնարավոր էր տեսնել, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ: Առաջին հայացքից ինձ թվաց, թե դա տուն չէ, այլ բետոնե կլորավուն պատնեշ, որ ավելի շուտ բունկերի մուտք էր հիշեցնում: Մտնելով ներս՝ զարմացա այնտեղ հանգրվանած լույսի առատությունից, որ ցած էր իջնում տանիքից բացված ալիքաձև պատուհաններից: Կառույցն ավելի շատ նման էր արվեստանոցի: Շրջանաձև պատի երկայնքով դասավորված էին տարբեր չափերի կտավներ, իսկ շրջանի կենտրոնում տեղավորված էր երկտեղանի մահճակալ, որ բացված ճամպրուկի էր նման: Դռան կողքին երևում էր գրասեղանը` վրան ամսագրեր ու թղթեր:
Անկողնու վրա նստած՝ մենք սկսեցինք խոսել տան կառուցվածքի, ձևի ու կահավորման մասին… հետո մեր ձեռքերը հպվեցին իրար…
Նրա թեթև հագուստն առանց ոչ մի ջանքի սողալով ընկավ մաշկի վրայից, ինչպես լորտուի վրայից նախորդ տարվա կաշին, սառը մարմինը դողալով սահեց ձեռքերիս մեջ, եզրագծի նկարները սկսեցին շարժվել` տեսողությանս ներսում կազմելով համասեռ զանգված, որ սրբերի գլխին պտտվող օղակների էր նմանվում, պարզապես անընդհատ գունաթափվում ու նորից ներկվում էր… դեմքերը, գույներն, ու նրանցում տեղ գտած անհաշիվ հիշողությունները խցկվեցին ներս. մի պահ թվաց, թե տեղափոխվել եմ մանկություն ու քայլում եմ ամառանոցի երկար միջանցքով, որի պատերից կախված էին չորացող խոտաբույսերի խրձերը…
Գրամոֆոնի վրա սկավառակը սկսեց պտտվել, ասեղը դանդաղ իջավ ցած, գտնելով ամենից հարմար փոսիկը, զգուշորեն սահեց ներս, լսվեց ձայնը, որը սկավառակի փոշոտ լինելու պաճառով տեղ-տեղ խզզում էր, ապա խզզոցն անհետանում ու երկար ժամանակ անդադար լսվում էր անծանոթ երաժշտությունը…
Նա իր վրա գցեց յուղաներկով պատված խալաթն ու դուրս եկավ ծխելու, ես նույնպես դուրս հանեցի մարմինս, որ կուլ էր գնացել ճամպրուկ-մահճակալի մեջ ու սկսեցի զննել նկարները: Հետո մոտեցա գրասեղանին, վերցրի այնտեղ դրված ամսագրերից մեկը, որ այնքան փայլուն էր, որ կարծես երեկ տպված լիներ, սկսեցի թերթել: Նկարազարդ ամսագիր էր՝ հագեցած հետաքրքիր տեղեկություններով, էջերից մեկի վրա ամենայն հավանականությամբ պատկերված էր նրա ամուսնու նկարը, իսկ նկարից ներքև սկսվում էր հոդվածը: Մի քանի տող կարդալուց հետո հասկացա, որ հոդվածը վերաբերվում է այս կղզուն, հետո նկատեցի նկարի տակ շեղատառերով գրված տեղեկատու:
«Հ. Ք., պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր: X համալսարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող, մասնագիտացված է կղզիաբնակ քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ, տարբեր արշավախմբերի կազմում… եղել է 200-ից ավելի կղզիներում…… մահացել է սրտի կաթվածից՝ ձեր ուշադրությանը ներկայացվող «Անարխիստների կղզին» պրովոկացիոն հոդվածաշարը հրապարակելուց երկու օր անց՝ 2004 թվականի մարտի 3-ին, կղզի վերադառնալու ճանապարհին: Կնոջ ցանկության համաձայն թաղվել է «Անարխիստների կղզում»:
Որոշ ժամանակ անց ճամպրուկը նորից փակվեց:
Առավոտյան փոքրիկ ճամպրուկը ձեռքիս բարձրացա նավ, որը մի քանի անգամ սուր ազդանշան տվեց, ապա շարժվեց: Կղզու ամենավերին հատվածում երևաց բետոնե կառույցը, որի մեջ ճամպրուկանման անկողնու վրայից արդեն վեր է կացել կինն ու գնացել ամենօրյա պեղումների, մինչև մի օր նորից կվերադառնա նրա ամուսինն ու նրանք միասին հողի տակից ամբողջովին դուրս կհանեն անարխիստների քաղաքը, իսկ մինչ այդ նա չի թողնի, որ փոշի կուտակվի արդեն բացված հատվածներում ու ամեն օր կթարմացնի դրանք…
Շուտով նավի վրա նկատեցի գերմանացի զույգին, նրանք ժպտալով մոտեցան ինձ, ու մենք ծանոթացանք: Որոշ ժամանակ անց, չգիտես ինչու, ես սկսեցի նրանց պատմել Բյուզանդիայի մասին, իսկ նրանք մի փոքր լսելուց հետո ասացին, որ կցանկանային ինձ հետ զրուցել երեկոյան:
Նավը շարժվում է, իսկ կղզին գնալով ավելի է փոքրանում, հիմա հավատում եմ, որ այնտեղ հնարավոր էր ստեղծել այդ հասարակությունը, չէ՞ որ հիմա կղզին այնքան փոքր է, որ նրա վրա հազիվ մի հոգի կարող է կանգնել։
Լսողությունս անընդհատ վերարտադրում էր գրոմոֆոնի ձայնը, որն ուժգնանալով ստիպում էր ինձ փակել ականջներս, հետո ձայնն անհետանում էր, ջարդուփշուր եղած սկավառակները հայտնվում էին աչքերիս առաջ, ապա լցվում ծովը:
Այժմ կղզին համարյա չի երևում։ Ծովի խորքում նշմարվում է ալիքների վրա լողացող մոխրասև կետ, որն, ամենայն հավանականությամբ, տափակ ժայռի կտոր է, որ նետել էր իր սիրելի խաղով զբաղված տիտանը:
Կետը սուզվեց ջրերի մեջ, ու ես հանդիպեցի գերմանացի զույգին ու էլի մի քանի հոգու, սկզբում ցանկանում էի նրանց պատմել կղզում հադիպած կնոջ մասին, բայց, չգիտես ինչու, նորից սկսեցի խոսել Բյուզանդիայից… Նավն անհանգիստ շարժումներով մոտեցավ ափամասին, մենք բոլորով իջանք ցած, մի պահ թվաց, թե նորից վերադարձել ենք կղզի. գերմանացի զույգը շտապելով նետվեց սրճարան ու բացեց տուրիստական ուղեցույցը, տեղավորվեցի նրանցից մի փոքր հեռու. ուղիղ դիմացս նստած էր մի կին ու գիրք էր կարդում, հայացքս անընդհատ գցում էի գրքի կողմ, բայց այդպես էլ չկարողացա տեսնել, թե նա ինչ է կարդում, որոշ ժամանակ անց գերմանացի զույգը անհետացավ, իսկ սրճարանը լցվեց նոր մարդկանցով:
Մատուցողը բերեց ձկնապուրը, գդալը սկսեց խաղալ սաղմոնի պատառոտված կտորների հետ: Հիշողությանս մեջ նորից կենդանացավ սենյակը, որտեղ լսվում էր անծանոթ երաժտություն, որ կածես ջ ու պ տառերի միձուլումից էր ստեղծվել: Նա նստած անկողնու վրա նայում էր դիմացի նկարներին, որտեղ հերթականությամբ պատկերված էին տարբեր տարիքի տղամարդիկ: Գլուխս նրա հայացքի հետ միասին սկսեց պտտվել: Տղամարդկանցից հետո երևացին բնապատկերներ, ծովանկարներ, գույներ, ապա ավերակների երկար շարք: Նրանից մի փոքր հեռու` անտառի եզրին, երևաց ամառանոցը, որի տանիքից երկու երեխա անդադար սկավառակներ էին նետում բետոնե ապաստանի կողմը ու ծիծաղելով թաքնվում ճամպրուկների ետևում, իսկ ալիքաձև պատուհաններից իջնող առատ լույսը սենյակն աստիճանաբար դարձնում էր անտեսանելի:
Շատ լավ պատմվածք էր, Երվանդ ջան։ Շատ սիրուն ձեռագիր ունես արձակի։
Իսկական բույաբես ձկնապուրի պես տեքստ էր, երեկ չէ առաջին օրվա ծովամթերքի մնացորդները, որ չգիտես ինչ անես՝ իբրև ինքնության բեռ, այս առավոտ ափամերձ ծանծաղուտում հավաքված մեդաները իբրև փոքրիկ արկածախնդրություն և ձկան շուկայում փորձառու ձկնորսներից գնված մսոտ թյունոսի փարթամ կտորը իբրև համաշխարհային մտքի ձևակերպած գաղափարներ, որոնք փարթամ են ու գրավիչ լուրջ ընդունելու համար։ Հաճույքով կարդացի։
Շնորհակալ եմ:Կարեն ջան ,հիշում ես չէ՞, որ Վեներան բույաբես կերակրելով էր Վուլկանին քնեցնում,
ինքնել գնում էր Մարսի գիրկը….Կարծում եմ ձկնապուրի վրա կարելի է աստղանիշ դնել ու հղել գրածիդ :))