Անուշ Մարգարյան | Ծառեղջյուրը

(Առակ)

Մի եղջերու՝ խելոք ու հեզ,
Հաշտ ապրում էր բոլորի պես,
Իսկ իր գլխին անհող, անջուր,
Աճում էր մի ծառից եղջյուր:
Տաք գարունն էլ հենց որ գալիս,
Եղջյուրներն էին բողբոջ տալիս:
Այդ ժամ վայրի մի եղջերու,
Որ նախանձ էր ու բանսարկու,
Խարդավանքով, ահ ու դողով
Ժողով արեց ամբողջ ցեղով:
Եղջերուներ մեր հարգարժան,
Մի կենդանի՝ մեզ ոչ արժան,
Թաքնվել է մութ անտառում,
Թշվառներին ահաբեկում:
Գլխին մի ծառ, ինքն էլ վազան,
Ասես լինի մի մեծ գազան,
Եկեք պատռենք իր հաստ կաշին,
Որ չդառնանք որսի բաժին:
Խեղճ Ծառեղջյուր,
Ո՞նց դիմանար,
Նրանց ահից պրծում չկար…
Գլուխն առավ ու վհատված,
Իր հարազատ հոտից փախած՝
Լուռ թափառեց մի ողջ գարուն,
Ամառն անցավ, եկավ աշուն,
Սաղարթն էլ հենց ոսկի դարձավ,
Եղջյուրների պտուղն հասավ:
Հետո ձմեռն եկավ ատյան,
Որպես արդար մի դատաստան,
Նա, ով ուներ ճարպ ու մորթի
Բայց չարախոս, անսիրտ հոգի,
Չդիմացավ ձմռան բքին,
Ծանր հևաց, փռվեց գետնին:
Իսկ ով սրտում ուներ արև,
Եղջյուրին էլ՝ պտուղ համեղ,
Ընկերացավ ձմռան հետ տաք,
Դարձավ ավագ ընկերն իր թանկ:
Միշտ էլ այդպես է պատահում,
Բարին է միշտ թագավորում,
Անմեղի դեմ դավ նյութողը,
Իր գլխին է փորձանք բերում…

Share Button

1 Կարծիք

  • Narine says:

    Շատերին է տրված գրելու ձիրք, բայց ոչ բոլորն են կարողանում իրենց գրածը մատուցեն ընթերցողին, ավելին՝ հուզեն, մտքով մի պահ սավառնեն, կշռադատեն իրենց կյանքում լավ և վատ առակներ: Շնորհակալ ենք քեզ ևս մի հիանալի ստեղծագործության համար….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *