Պոլ էլյուար | Եվ հաղթահարելով ժամանակը

Նուշ

Նուշ ես այնքան եմ կարոտում
այդպես միայնակ ծառը անտառն է կարոտում
ես երբեք բանաստեղծություն չեմ գրել առանց քեզ
ես սառը ջրերում եմ
ցավի ու միայնության
իսկ բառերը ծանր վիրակապեր են իմ վերքերին
եվ այն ինչ գրում եմ բաժանումն է արտացոլում
օրը ինձ համար նույնն է ինչ արորի համար գանձը
ժամանակ սպանելը միակ հաճույքն է

կանաչ անտառը այրվել է պատված ծխով
բայց սաղարթը և կրակը մնացել են անտեսանելի
իմ սև աստղն ավելի ու ավելի է հեռանում
եվ նրա սկավառակը վերածվում է կետի
և ողջ աշխարհը սեղմվում է մի կետում

իմ երազանք որ դարձել ես խուլ և կույր
հեռացրու արտացոլումները արձագաքները ստի
հեռացրու զղջումն իմ ապրելու
եվ ջնջիր համբույրները զուր

 

***
Անկարելի է ինձ ավելի լավ ճանաչել
քան դու ես ճանաչում

քո աչքերը ուր քնի մեջ ենք սուզվում
նրանք արևներ են ինձ ընծայել
ի նախանձ բոլոր գիշերների
քո աչքերը ուր ես ճամփորդում եմ
տալիս են իմ ճամփաներին
ազատություն երկրի ձգողությունից
քո աչքերում կերպափոխվում են
բոլոր նրանք ովքեր բացում են մեր առջև
անսահմանությունը միայնության

անկարելի է քեզ ավելի լավ ճանաչել
քան ես եմ ճանաչում

 

***

Առջևից ինչպես կորուսյալ դրոշ
երբ մենակ եմ քեզ տանում եմ
մութ սենյակներով
փողոցներով խոնավ
եվ ողորմություն եմ խնդրում

ես չեմ ուզում բաց թողնել
քո ձեռքերը անմեղ ու խորհրդավոր
ծնված իմ խանդոտ ձեռքերի հայելիներում

մնացյալն այս աշխարհում կատարյալ է
մնացյալն այս աշխարհում անիմաստ է
ինչպես կյանքը

Քո ստվերում ջրհոր փորել
համր ջրերի մեջ քո ստինքների
ինչպես քարը
սուզվել

 

***

Դեռ ջերմ է անզգեստ մարմինը
դու փակեցիր աչքերդ և տարածվեցիր
երգի նման որ ծնվում է անիմանալի
բայց ամենուր

բուրավետ համեղ
դու մնում ես ինքնին
անցնելով սահմանը մարմնի

եվ հաղթահարելով ժամանակը
անսահմանության դեմ դիմաց
հայտնվում ես նորովի

 

***

Ես մտածել եմ թե կարող եմ տարածությունը պատռել
իմ ցավով մերկ միայնակ
ես փռվել եմ իմ բանտի հատակին
ինչպես ողջամիտ ու փորձառու դիակ
իր անգոյությամբ պսակված
ես փռվել եմ աբսուրդի ալիքներին
ալիքին թույնի ի սեր մահվան
եվ միայնությունը ինձ թվում էր զորեղ
եվ արյունից էլ հարազատ

Ես ուզում էի կյանքը մասնատել
մահը կիսել մահվան հետ
եվ սիրտը դատարկության և դատարկությունը տիեզերքի
ամենը ջնջել որ չմնա անգամ
գոլորշին պատուհանների
եվ ոչ էլ պատուհանները
եվ ոչինչ ոչ անցյալում ոչ էլ գալիքում
ես նետեցի սառույցը ձեռքսեղմումների
Ես նետեցի սառը կմախքը իմ երազանքների
եվ տենչն իմ ապրելու

դու եկար և վերածնվեց կրակը
մութը նահանջեց սառույցը կայծկլտաց
երկիրը նորից պատվեց
քո լուսավոր մարմնով
եվ ինձ զգում էի թևավոր
դու եկար և միայնությունը հեռացավ

եվ երկրի վրա առաջնորդը հայտնվեց
ես գիտեի ուր գնալ ես գիտեի զորությունն իմ
ես քայլում էի առաջ
ես նվաճում էի ժամանակը և տարածությունը
ես քայլում էի դեպի քեզ ես քայլում էի դեպի լույսը
կյանքը մարմին էր առնում հույսը առագաստ
երազներում պատկերներ էին հոսում
եվ գիշերը հուսալի նայում էր օրվա աչքերին
մատների լույսով դու ցրեցիր մառախուղը
քո շուրթերը խոնավ էին արշալույսի ցողից
հոգնությունը զիջեց լուսավոր հանգստին
եվ ես հավատաց սիրուն ինչպես մի պատանի

 

***
Կյանքն այս խաղաղ գյուղում
ուր սկսվում է երկար ու զառիվեր
ճանապարհը առ արցունք ու
արյուն
մեր հոգին մաքուր է
գիշերները ջերմ են ու խաղաղ
եվ մենք պահում ենք սիրելիների համար
աշխարհի ամենանվիրական հավատարմությունը
ողջ մնալու հույսը

 

***
Սեր իմ մենք միասին էինք գիշերները
եվ առավոտները ծիծաղում էինք միասին
կյանքի համար մեզ տրված ժամանակը
միասին

մի հավերժություն միասին
եվ դու պատկերանում էիր իմ աչքերում
նման ամռան ու արշալույսի

խաղաղ քնել երազելով բարձրի մասին
եվ միմյանց համար առավոտները արթնանալ
այդպիսին է օրենքը սիրո ու անմեղության

եվ ապրել ավելի բարձր քան երազներում
մեկս մյուսին վստահելով
դա էր մեր հաճույքը

եվ այս աշխարհում հավերժ երիտասարդ
կարող էինք մենք մտածել ձմռան մահվան մասին
եվ հավատալ որ գարունը կավարտվի

բանականություն իմ մենք քո երջանիկ մարմնավորումն էինք
ինչպես առաջին շառագույնը այտերի
մենք ազատ էինք մենք հաղթեցինք

 

***
Ես հանդիստես եմ դերասան և հեղինակ
ես կին եմ նրա ամուսինը և երեխան
սերը առաջին և սերը վերջին
պատահական անցորդ և կրկին սերը խելահեղ

եվ կրկին ես կին եմ նրա զգեստը և անկողինը
նրա ձեռքերը բաժան և տղամարդու աշխատանքը
եվ ճախրանքը հաճույքի և ծփանքը ծովի
իմ մարմինը միայնակ և երկակի երբեք չի լինում օտար

քանզի ուր սկսվում է մարմինը ես հոգի և ձև եմ առնում
եվ այն ակնթարթին երբ մեռնում է մարմինը
ես տառապում եմ նրա հետ և նրա ցավը ապրում
եվ սարսափը մահվան ինձ կյանքի մասին է հիշեցնում

 

***
Առաջին թափանցիկ խոսքով
քո մարմնի առաջին ժպիտով
աներևույթանում է ճանապարհը զառիվեր
կյանքը նորից է սկսվում

երկչոտ ծաղիկ աննկատ ծաղիկ
կեսգիշերային երկնքի
վեհերոտ ձեռքեր
ձեռքեր մանկական

աչքեր քո հայացքին ուղղված
եվ օրը բարձրանում է երկրի վրա
առաջին գաղտնի երիտասրդությունը
միակ հաճույքը

օրաննը հողի և բույրերի և ցողի
չկա ոչ տարիք ոչ տարվա եղանակ

անստվեր մոռացում

 

***

Երբեմն հագնում եմ քո կոշիկները
եվ գալիս եմ դեպի քեզ

հագնում եմ քո զգեստը
ես քո կուրծքը և որովայնը ունեմ

քո մեջ եմ տեսնում իմ դեմքը
եվ ճանաչում եմ ինձ

 Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *