Անուշ Սարգսյան | Մեծ կեսարյան պարտություն

Լուսանկարը՝ Մարիամ Ավագյանի

Մանեն գավաթը դնում է սեղանին.
-Ահա Ձեզ սուրճ, մադամ:
Մանեն միշտ է հեգնոտ, երբ խոսքը իմ գրելուն է վերաբերում: Նրա համար իմ գրելը նման է հարևան բանջարանոցում քաղհան անող տատիկի գործողություններին: Ի՜նչ կարող է գրել մի կին, որը ամբողջ օրը տանն է, հիմնականում տնային հագուստի մեջ, ամիսը մեկ գնում է վարսավիրի մոտ մազերը ներկելու, իսկ եղունգներն աճեցնելու մասին չի մտածում բոլորովին, որովհետև ամբողջ օրն զբաղված է ափսեներ լվանալով:
-Բացիր աչքերդ, քեզնից ի՞նչ դետեկտիվ կամ ֆանտաստ գրող… Սիրո մասի՜ն գրիր, սիրային պատմություններ, Ագա՜թա…
Կաթնաբույրը ծիածանի պես ներծծվում է սենյակում, մանկահոտ քաղցրություն կա միշտ սուրճի մեջ, որը Մանեն է եփում. «Քանի՞ գդալ ես ուզում սուրճից. մեկուկե՞ս, որ դա՞ռը լինի, խնդրեմ, ափսոս չի, երկու մեծ գդալ, առռռռանց շաքարավազի…»,- եթե այդ պահին չեփի, ինքն էլ գիտի, որ կմոռանա: Ու սրճելու ցանկությունն էլ իմ մեջ կմարի… բայց խոստացել եմ ու նստում եմ գրելու…
Դստրիկս պատվիրել է գրել սիրային պատմություններ: Պատասխանել եմ, որ կմտածեմ: Ու մտածում եմ, որ… սիրո մասին պիտի գրել կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Որովհետև «սիրո մասին»-ը սիրայինը չի: Կամ՝ միայն սիրայինը չի: Կյանքը հենց սեր է՝ իր բոլոր դրսևորումներով: Ու ինչ էլ գրում կամ խոսում ենք, մեծ հաշվով, սիրո մասին է կամ… նրա բացակայության:
Մենք այդպես էլ չենք հասկանա, թե ինչո՞ւ դեմքեր կան, որոնք մանկությունից գրկում ենք հայացքով ու էլ բաց չենք թողնում: Մտովի նկարում ենք դիմագծեր մեր ապագա երեխաների համար, մեր ապագա ամուսինների համար, մեր մեծ թաքուն կամ բացահայտ սերերի համար… Մենք հենց սկզբից հասկանում ենք, որ նրանք կատարյալ չեն լինելու ու համակերպվում ենք մեր ձեռքի ու սրտի դողի հետ, երբ ծուռ են ստացվում գծերը ու ծիծաղելի: Ու անկարող ենք պատկերացնել ավելին, քան մեր սեփական դեմքի ու ինչ-որ ավելի «ուրիշ» մեկի դիմագծերի միախառնումը: Սակայն, այլ աշխարհից իջածի լուսապսակով… Բայց մեր նկարչության ինչ-որ կետում հանկարծ մոռանում ենք նրանց ու տարվում այլ գործով: Մինչև մի օր հանկարծ նրանց շնչառությունը սկսում է բաբախել մեր սրտի տակ: Կամ հենց սրտի մեջ… Սիրո դեմքն է երևի, որ միակն է լինում ու նման է լինում Լույսի: Ու որի նմանակումները կյանքում հաճախ շփոթում ենք սիրահարության հետ: Շնորհակալ լինելով բոլորին, ովքեր այս կամ այն չափով մեզ բերում են այդ հեռավոր օրերի հիշողությունը: Շնորհակալ լինելով մեր կյանքի ուղեկիցներին, որ չեն խանդում իդեալին: Բայց… այստեղ արժեր մի քանի զմայլիկ նշան դնել, որովհետև ոչ ոք չի կարող ուրիշի հոգին վերցնել:
Սակայն կարող է հոգին տալ: Անգամ մահն է դա հասկանում: Նույնիսկ նրա համար արժեք չունի այն, ինչն անարժեք է: Ու որպեսզի նա քեզ մոռանա, պիտի ողջ կյանքումդ հոգիդ մաս-մաս նվիրես ուրիշներին… Դա ասես պարտք լինի, որ մենք ծնվելու պահին վերցնում ենք Լույսից…
Ես չգիտեմ, թե ինչո՞ւ ենք մենք՝ կանայքս, տիկնիկ վերցնելու օրվանից մեզ պարտական զգում ու ո՞նց ենք հասկանում, որ նրան պիտի սեղմենք մեր կրծքին, եթե նա սոված լինի: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է մեր կուրծքը անընդհատ շարժման մեջ՝ հասունանալու օրվանից. մերթ նա ցոլքում է, երբ առաջին անգամ նրա երկու գագաթներին սարսուռ ենք զգում ու սաստիկ ցավ, մերթ կախվում է, երբ լալիս ու ճարահատ ենք, մերթ սկսում է լցվել ու կաթ տալ, մերթ ցամաքում է ու ներս ընկնում, մերթ ցից-ցից մղվում է մեզնից առաջ, երբ պաշտպանել ենք ուզում ինչ-որ մեկի ու ինչ-որ մեկից… Մեծ առումով՝ կնոջ կյանքը կրծքի պատմություն է որ կա… Գիտե՞ս, Մանե, հենց այս մասին կգրեի, եթե քեզ խոստանայի, որ կգրեմ սիրո մասին: Սերը, ձագուկս, դեղատոմսով դուրս գրվող բաղադրություն չի: Ու հնանալու հատկություն ունի, եթե կորցնում է իր ժամանակը… Ու գիտե՞ս՝ որքան շնորհակալ եմ քեզ, որ հիշեցրիր ինձ մի բանի մասին, որից ես ետ եմ վարժվել: Այո: Ես սիրում եմ ձեզ: Ես սիրում եմ կյանքը: Բայց դա՛ չի, չէ՞, քո սպասումը ինձնից: Ի՞նչ ասեմ, որ սիրում եմ հայրիկի՞դ: Ինչքան տարրական կհնչեր դա, դու հաստատ կծիծաղեիր, որովհետև հորդ հետ այսքան տարի ապրելուց հետո էլ այդ բառերը չեմ ասել նրան: Ես չգիտեմ՝ ի՞նչն է կապում իրեն ու ինձ քսան տարի շարունակ: Բայց մենք տեսել ենք ամեն ինչ՝ միասին ու միմյանց մասին: Մենք եղել ենք բաժանության շեմին (դու դա կհիշես), մենք եղել ենք երանության շեմին (դա զգացած կլինես), մենք մահվան շեմին ենք անգամ եղել, երբ քո ծնվելու պահին ինձ վիրահատարան էին բարձրացնում, որ արյունաքամ չլինեմ: Ու հայրդ այնպես էր անզգայացել, որ ճչոցով ներս ընկած սանիտարների հետ պատգարակից բռնելու ուժ չուներ: Դու դա ի՞նչ կանվանեիր, ձագուկ… Ես էլ դա սեր չէի անվանի: Ու ինքն էլ չէր անվանի, որովհետև դու գիտես, թե որքան նա ժլատ է բառերի մեջ, եթե դրանք սիրուն են վերաբերում:
Դու կպատկերացնե՞ս, թե որն էր իմ առաջին մեծ ցնցումը, երբ քո ծնվելուց հետո ինձ երկրորդ կյանքի հնարավորություն էր տրվել. որ դու՝ նորածին հրեշտակդ, քիթումռութ էիր արել, երբ դունչդ դեմ էին տվել ուրիշ մոր կրծքի: Իմ կրծքի կաթը մի ամբողջ օր կթում ու թափում էին, ձագուկ, դու չես պատկերացնի, թե ինչ ցավ է, երբ ստինքներդ գլգլալով եփող ավիշն անգթորեն ճզմում ու կոյուղի են լցնում, քանի որ վստահ չեն, որ այն չի վնասի երեխայիդ: Իսկ վնաս կարո՜ղ էր լինել… Չէ՞ որ ինձ ձգելով էին ետ բերել այնտեղից, որտեղից… միլիոներորդն է վերադառնում: Գիտնականներն այդ երևույթը մահ են անվանում, ձագուկ: Այն երկար-երկար թունել էր՝ Լույսի միջով, որով սրընթաց սլանում էի առանց դադարի: Ես չէի շնչում. չգիտեմ որքան ժամանակ, բայց թափահարում էի ոտքերս՝ ինչպես թռչելը մոռացած թռչուն: Ես հավանաբար կապտել էի ու զգում էի, թե ոնց է երակներումս կանգնում արյունը: Բայց ինչ-որ մի ուժ ինձ սթափ էր պահում ու ձգում դեպի վեր: Նախկինում երբևէ չտեսած Լույս էր, որը անհնար է մոռանալ: Պատկերացնո՞ւմ ես՝ մահ՝ կլինիկորեն. բայց ես կլինիկական կյանք կանվանեի այն, քանի որ, երբ վերադարձա, ոչինչ չէր փոխվել, նույնն էր ամենը. միայն տատիկդ էր կորցրել խոսելու ունակությունը: Հորդ էլ կանչել էին հեռախոսով. այն ժամանակ լարային հեռախոսներ էին, դու չես հիշի, բայց նա ավելի արագ էր հասել հիվանդանոց, քան կհասցնեին խոսափողը ցած դնել: Նա, կարծում ես, ի՞նչ արեց. գրկել ու լալի՞ս էր, ձեռքե՞րս էր համբուրում, ո՜չ. ձագուկ, նա միջանցքի մի ծայրից մյուսն էր քայլում ու բռնել էր գլուխը, թե ինչո՞ւ դա պիտի պատահեր ի՜ր հետ… Նա միանգամից երեք տուփ սիգարետ էր ծխել այն միջանցքում, որտեղ ծխելն արգելված էր, բայց ոչ ոք ոչի՜նչ չէր ասել նրան, ո՜չ ոք, պատկերացո՞ւմ ես…
Ես երևի քեզ շատ հին կթվամ, ձագուկ, եթե ասեմ, որ մոռացել եմ, թե ոնց են թաքուն համբուրվում պատահական հանդիպման ժամանակ: Նման բանն էլ պատկերացրել եմ միայն գիրք կարդալով կամ կինոնկար դիտելով: Երբ ես քո տարիքին էի, գունավոր հեռուստացույց կար ոչ բոլորի տներում, հեռարձակումներ լինում էին ուշ ժամերին. ու մենք հարևան-բարեկամներով հավաքվում էինք որևէ մեկի տանը, որ դիտենք աշխարհոմ անուն հանած որևէ ֆիլմ կամ համերգ: Պատկերացնո՞ւմ ես, մայրս սովորեցրել էր, որ կուրծքը բաց ու համբույրով տեսարանները չդիտենք: Ու եթե դրանք մի քանի վայրկյան էին տևում, ու չէինք հասցնում սենյակից դուրս գալ, մեր ձայնը խզվում էր երկար ժամանակ, իսկ հայացքը մնում էր գետնին գամված՝ մինչև կինոնկարի ավարտը… Իսկ ներսում մի նյարդ՝ երկար ու նվվան, ձգվում էր մինչև սրտի մկանը ու սարսուռը պահում մինչև լուսադեմ… Սիրո հետ առաջին ծանոթությունը մեր մեջ ամոթ էր առաջացնում ու այն ծածուկ դիտարկելու հիվանդագին մղում: Սիրային տեսարանները մեզ հասանելի էին դառնում դասընկերներից որևէ մեկի՝ «պատահաբար» ձեռք գցած ամսագրերից: Ա՜յ դա նվաճում էր: Ի՜նչ չկար նրանցում. սեռական հարաբերությունների այնպիսի՜ տեսարաններ՝ սկսնակների, ապա աստղերի համար: Տղաները ձեռքից ձեռք էին թռցնում դրանք հրթիռների նման, սավառնակներ սարքած նետում դասամիջոցներին՝ մեր գլխին թափելով մերկ ստինքներն ու առնականության իրենց մոլորյալ պատկերացումները: Իսկ աղջիկներս կարմրում էինք բոլոր երկինքների համար… Դրանց համեմատ, թե իմանայի՜ն, ինչ անմեղ էին համբույրի տեսարանները, որոնցից զրկվում էինք կինոյի ժամերին: Մեր խե՜ղճ ծնողներ, որ ապահով փակի տակ էին դրել մեր անսեռ աչքերը իրենց սրտի խորքում… Սերը, ձագուկ, միշտ ամոթ է եղել իմ հասակակիցների համար: Ու հավատա, եթե կարողանայի, անպայման կխոստանայի քեզ, որ առանց ամոթի կգրեմ նրա մասին:
Սերը՝ ամոթ. մինչդեռ քանի՜ մարդ է իրեն հրաշքի արդյունք համարում: Մոլորակը, ի դեպ, հիմա քանի՞ բնակիչ ունի: Եվ նրանք բոլորը մի ներքին հույս ունեն, թե իրենց բոլորին բեղմնավորել են սուրբ սրբոց առագաստում, լուսնի կաթնագույն ցնցուղի տակ՝ հստակ նպատակ ունենալով, որ աշխարհի ամենից գեղեցիկ ու խելացի զավակներին են ունենալու: Ինչպիսի՜ մոլորություն: Երբ հնարավոր չէ կանխատեսել ոչինչ… Մարդիկ, որ բոլորը Աստծո նմանությամբ ու կամքով ստեղծված են, այնպե՜ս ապաշնորհ են՝ Նրանից առաջ անցնելու և իրենցից տարբեր երեխաներ ունենալու: Մարդկանց մտքով չի անցնի երբեք, որ ուրիշ կերպ պատկերացնեն՝ իրենց անունները, իրենց տեսակն ու պատկերացրած սերը վերարտադրելուց բացի: Սրանով, այո, բոլորն աստված են: Բայց՝ այդքանով միայն…
Երբ դու ծնվեցիր, ես նայում էի դեմքիդ, ու թեև առաջին անգամ չէի մայրանում, բայց իմ աչքերն էի ուզում տեսնել, իմ ճակատը, իմ մաշկի գույնը: Սակայն դու ուրիշ էիր: Ես միայն այդ օրը հասկացա, որ Աստծուց առաջ ընկնել չենք կարող երբեք…
Մի ամիս էր մնում ծնվելուդ, երբ բժիշկներն ասացին, որ դու «առաջադիր ընկերքով» ես ծնվելու: Պիտի մոտ մեկ ամիս պառկած մնայի ծննդատանը` հսկողության տակ, մինչև, երբ ծնվելուդ օրը գար, որոշեին՝ կարո՞ղ ես ինքնուրույն ծնվել, թե՞ կեսարյան հատումով: Սակայն դու մուշ-մուշ, ներսումս խլիրտ տալով, տեղից շարժվելու նշան ցույց չէիր տալիս: Օրերն ինձ ասես սոսնձել էին հիվանդանոցի մահճակալին. հարևանությամբ հղի կանայք արագ-արագ գալիս էին, ծննդաբերում, շռնդալից ու հաղթական կաթ տալիս իրենց նորածիններին, իսկ ես մնում էի պառկած, հորդ ու քրոջդ հուսադրելով, թե ա՜յ, կտեսնեք, շուտով իմ հերթն էլ է գալու: Դու երբեք չես տեսնի այն հայացքը, որով չորսամյա քույրդ հիվանդանոցի պատուհանների ետևից նայում էր ինձ: Նրա աչքերը գամվում էին ինձ՝ մեղադրելով ու քաջալերելով միաժամանակ: Նա մեծ քրոջ պես էր պահում իրեն ու փոքրիկ երեխայի պես… Դու ի՞նչ կանվանեիր դա, ձագուկ: Երբ նրա գնալուց հետո ես շրջվում էի դեպի պատն ու մոռանում, որ հուզվել չի կարելի, որովհետև դու քո բաժինն ունես տալու ոչ միայն քո ներկայությանը, այլև այն բոլոր տեղերին, որտեղից բացակայում ես…
Բժիշկներ Արամն ու Դավիթը հուսադրում էին, որ հնարավոր է` վիրահատական միջամտության կարիք չլինի, քանի որ առաջնեկս չէիր, իսկ երկրորդ երեխաները սովորաբար հեշտ են ծնվում: Ու սիրո՜ւն, սիրո՜ւն` ավելացնում էր ուլտրաձայնով նկարդ ափիս մեջ դրած բժշկուհի Ռուզանը… Կանայք նրբանկատ են չափազանց, երբ տեսքին է վերաբերում խոսքը: Ես, որ երեսուն չկայի, բոլորովին մոռացել էի, որ հատվողը իմ որովայնն էր լինելու՝ ծայրից ծայր, ու որ ամեն գիշեր ցավից արթանանալու էի, երբ անձրև օրերին կարերը ներսից ձգվելու էին ու տնքալու: Իսկ մի գիծ՝ հավերժական, միշտ ձգվելու էր կրծքիս տակ՝ բաժանելով մարմինս քեզնից առաջ ու քեզնից հետո… Կանայք, այո, միշտ են պահանջկոտ գեղեցկության նկատմամբ: Բացառությամբ այն «չնչին» տարբերության, թե ե՞րբ և ի՞նչ նպատակով է վիրահատական շեղբը հատել մարմինդ: Ես չգիտեմ՝ ինչ անվանում տալ դրան. երբ դանակի տակ ես ընկնում, ձագուկ: Գլխավորը հասկանալն է՝ հանուն ո՞ւմ և հանուն ինչի՞…
Ու գիտե՞ս՝ որն էր երկրորդ ցնցումս «այնտեղից» վերադառնալուց հետո. երբ բժշիկ Արամը պուլսս ստուգելու համար բռնեց ձեռքս ու ասաց համարյա թաքուն, միայն ինձ լսելի.
-Պլաստիկ կար եմ դրել. իսկի՜ չի երևալու տեղը…
Նրա ձեռքերը դեռ դողում էին առավոտվանից, իսկ եղունգների մեջ ներծծված յոդը մի քանի օր չէր անցնում: Նրան վիրահատարան էին ներս գցել մուտքի դռնից համարյա հրելով, երբ առավոտյան աշխատանքի գալիս էր եղել, իսկ երեք լիտրանոց յոդի բանկան հենց այդպես շուռ էին տվել ձեռքերին, որ վայրկյան չկորցնի… Նա ամեն անգամ ինձ տեսնելով ասում էր, թե հինայել է մատները. առաջի՜ն անգամ կյանքում հինայել է մատները… վիրահատությունից առաջ… Դու ի՞նչ կանվանեիր սա, ձագուկ, բա… անլրջություն չէ՞…
Իսկ լրջությունն այն էր, որ ընկերքը, որից մեջ դու ապրել էիր ինը ամիս, կարող էր քեզնից շուտ ծնվել: Ձագո՜ւկ, կյանքս կտայի քեզ… եթե հրաշքը չլիներ… Յուրաքանչյուր կին իր օրինակով աստված, գիտնական ու բժիշկ է դառնում, ես միանգամից հասունացա այդ օրերին: Կանայք մի օրում են մայրանում, բայց հետո ամեն օր մայր են դառնում:
Երբ առավոտյան ինձ պատգարակով տեղափոխում էին վիրահատարան, ես մտքումս կարդացածս վերջին ինֆորմացիան էի մարսում, թե ինչպես է նույն եղանակով համաշխարհային պատմությունը Կեսար ունեցել` բժշկությանը նվիրելով «կեսարյան հատման» մեթոդը: Իհարկե, Կեսարի մորը այն ժամանակ փրկել չէր հաջողվել: Խե՜ղճ Աուրելիա, թե՞ հաջողվել էր… «Կարդացող հղիներից Աստված հեռու պահի »,- ամեն անգամ գրկիս մի տարօրինակ անվանումով գիրք տեսնելիս ասում էր բժշիկ Դավիթը ու խորհուրդ տալիս հեքիաթներ կարդալ: Մինչդեռ ես ուզում էի ամեն ինչ իմանալ, ամե՜ն ինչ, ինչ կարող էր պատահել ինձ հետ…
Երբ արթնացա, կողքիս դու էիր: Կաթնահոտ էր տարածվում, նորածնի փափուկ հոտ… Անդիմանալի ցավ, սառույցի կտորներ՝ տաքությունից վառվող որովայնիս.. . Սառույցը հալվում էր, ու ջրի կաթիլները սողոսկում էին մեջքիս տակ: Ես պառկած էի համարյա անզգա, թաց ու կաթոտ, ինձնից խողովակներ էին միացված, ու ես տեսնում էի տարբեր գույնի հեղուկներ ինձնից արտազատվելիս… Ես ետ կտայի ու կուշաթափվեի, եթե դու կողքիս չլինեիր… Լացի, սաստիկ լացի ցանկություն… Ապա՝ սաստիկ ծիծաղի: Գիտե՞ս՝ ինչ ասաց անեսթեզիոլոգը, երբ վերակենդանացման սենյակում նկատեց իմ բաց աչքերը.
-Երկու րոպե ուշացնեինք, քեզ մեր ուսերին էինք դնելու…
-Ո՞ր երաժշտության տակ,- սրամտեցի՝ զարմանալով, որ կարող եմ: Ու ծիծաղեցինք: Բայց… դժվար էր, հավատա, իմ ցնցումը ծիծաղ անվանել:
Բժիշկ Վարդանը, որ սիրուն-սիրուն բանաստեղծություններ է գրում աշխատանքից հետո, նայում էր ինձ եղբայրորեն քնքուշ, է՜ն աշխարհից ետ եկածին տեսնելու բախտավորությամբ: Երևի բոլորն են ուզում հասկանալ, թե այդ ի՞նչ գաղտնիք է, որ մյուսներից տանում է, իսկ քեզ՝ մեն հատիկիդ, տալիս: Երկու լիտր արյուն… Երկու լիտր արյուն, գումարած քո երեքուկես կիլոգրամը. ահա՝ ինչ պակասել էր ինձնից ու ավելացել…
Դու չգիտես, ձագուկ, ինչ է այն պահի անունը, երբ մոմլաթե տակդիրների վրա պառկած ես առանց կրծկալի ու վարտիքի, ամբողջովին կաթոտ ու թաց, քեզնից խողովակներ են միացված… Ու քեզ բժշկում են տղամարդիկ, ովքեր կարողանում են գրել բանաստեղծություններ… Դու սա մայրության վեհությո՞ւն կանվանեիր, ձագուկ, կուզենայի ուղիղ նայել այն մարդկանց աչքերին, ովքեր կասեին, որ այո…
Կուզենայի նայել այն կանանց աչքերին, ովքեր առանց հեգնանքի կհաստատեին, թե ի՜նչ երջանկություն է հաստանալը, ձև ու չափից ընկնելը ու աշխարհիկ զգեստներից հրաժարվելը առնվազը ամիսներ… Թե ինչ հաճելի է գիշերները արթուն մնալ ամիսներով, վերմակի տակ չհասցնելով տաքացնել սառած ոտքերդ: Ինչ հաճելի է ու վսեմ, երբ կեսգիշերին պիտի ճչացող փոքրիկիդ լեզուն հասկանաս, այն դեպքում, երբ ինքդ ճչալ ես ուզում և ուզում ես, որ քեզ հասկանան… Ապա առավոտյան կերակուր եփես, դպրոց ուղեկցես մյուս երեխայիդ, ամուսնուդ վերնաշապիկը արդուկես, փռես լվացքդ ու ժպտաս հարևանուհուդ, որը հապաղելու դեպքում քեզ համացանցից արագ կգցի լրահոսի ձեռքը… Դու այս ամենին ի՞նչ անուն կտայիր, ձագուկ: Սա խելագարություն է: Խայտառակ խելագարություն: Ու որևէ մեկը կարող է այն բացատրե՞լ… Այն, Աստված իմ, բացատրություն չունի: Բացատրությունը միայն քո կրծքում է. հիշո՞ւմ ես, ասել եմ. կնոջ կյանքը կրծքի պատմություն է որ կա: Այդտեղ է ապրում կինը… Նա իր կրծքով է Կեսարինը տալիս Կեսարին, իսկ Աստծունը՝ Աստծուն… Այն յուրաքանչյուր կնոջ Մեծ կեսարյան պարտությունն է, որ միշտ մնում է սիրո ու սիրային գեղեցիկ պատմություններում թաքնված, ձագուկ…
16. 03. 2018թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *