Կան որոշ գորտեր, որ բամբասկոտ մարդկանց նման են: Մեր բակի փոքրիկ ցեխափոսում այն տարիներին չգիտեմ քանի այդպիսի գորտ կար: Նրանք ավելի շատ սիրում էին կռկռալ երեկոյան ժամերին, երբ բակի կանայք հոգնում էին առօրյա հոգսերից եւ հերթով շարվում էին երկար, նեղ նստարանին: Հետո գորտերն ու կանայք իրար հերթ չէին տալիս: Արդեն չեմ հիշում՝ սկզբից կանայք էին սկսում, թե՞ գորտերը. ինձ թվում է՝ նրանք իրենցից ակամա, ով գիտե՝ գուցե նաեւ կամա, սկսում էին:
Կանանցից մեկն ասում էր.
-Է՜, հողեմ գլուխդ, Արշալույս, մարդդ քթիդ տակ ման է գալիս Սաթիկի հետ, դու էլ բանից անտեղյակ ամեն օր կանչում ես. «Սաթի՜կ, արի կոֆե խմենք»:
-Կը՜ռռռ..գորտերից մեկը ասես ձայնակցում է կամ էլ հավանության նշան է տալիս զրույցին:
-Կոֆեն խմում են հերիք չէ, Արշալույսն ասում է. «Սաթիկ, մի բախտիս նայիր, տեսնեմ հո մարդս ման չի գալիս»: Է՜,հողեմ կոֆե խմող գլուխդ, մի մարդն ինչ է, որ չես կարում պահես…
-Կը՜ռռ…Գորտը երևի համաձայն է…
Հետո ոչխարները հանդից տուն են գալիս եւ չոբան Աշոտը բարևում է կանանց.
-Հը՞,էդ ում տունն եք քանդում:
-Չենք քանդում,Աշոտ,սարքում ենք, սարքո՛ւմ:
-Էդ հաստլիկ ոչխարը ո՞ւմն է,-նկատում է կանանցից մեկը:
-Արշալույսենցն է:
-Հըըը՜…Դե խեղճի բախտը դրանով լինի թող բերի գոնե. համ մարդը ման գա, համ ոչխա՞րը լղար լինի…
Ծիծաղում են:
-Տեղ են ասել՝ կին կանգնի՝ գերան կկոտրի,- ասում է չոբան Աշոտը:
-Հա-հա-հա, ա՛յ մարդ, բանը լսել ես, բայց չգիտես ճիշտը ոնց է: Էդ բանը հեչ էլ էդպես չի գրված՝ ոչ թե «կին կանգնի», այլ «գյուղ կանգնի», գյո՜ւղ …..Ու լրիվ ուրիշ դեպքում են ասում էդ, դա մեր զրույցի հետ կապ չունի:
-Շատ էլ կապ ունի, համ էլ էդ թազա բան է, ես եմ հորինել:
-Հա-հա-հա, չգիտեինք, որ սարերում-չոլերում գրողների միություն կա:
Կը՜ռռռ…ոչխարներից մեկը չմփացնում է գորտերի փոսի մեջ եւ գորտերն անհանգստանում են:
Գիշերը փռում է փեշերը եւ չամիչի պես քաղցր քուն է բաժանում բոլորի տներով: Միայն Արշալույս տատի լույսն է դեռ վառ. մարդուն է սպասում խեղճը…
Գորտերն անհանգիստ են, երևի սպասում են Արշալույսի լույսը հանգչի՝ նոր քնեն: Առավոտ պետք է թեմա լինի կռռալու համար, գուցե կանանց էլ պատմեն:
Չէ, չմտածեք, որ այս պատմությունը գորտերի մասին էի ուզում գրել, պարզապես երբեմն հիշում եմ գորտերին, որովհետեւ հիմա նրանք չկան…
Այսօր առավոտ շուտ արթնացա, որ հաշվեմ թե քանի ոչխար է հանդ գնում, բայց բախտս չբերեց. պարզվեց՝ միայն ներքին թաղի Արտավազդն է ոչխար պահում, էն էլ միշտ չէ, որ հանդ է տանում: Ափսոս, ոչխարներին հաշվելը մեր բակի երեխեքի սիրելի խաղերից էր:
Հրե՜ն բակում մի երեխա երևաց: Ես մոտեցա, որ հարցնեմ, թե նա ինչ է սիրում հաշվել, բայց նա փոխարենը պատասխանեց.
-Դու սերիալ սիրո՞ւմ ես նայել, ես շատ եմ սիրում սերիալ նայել, առավոտ 7-ին կրկնությունը լինում է, երեկ չեմ նայել, այսօր վեր կացա, որ նայեմ:
Ոչխարների փոխարեն եւ երեխայից բացի, ես առավոտյան տեսա նաեւ գյուղի ավտոբուսը, որը մայրաքաղաք էր գնում: Մեջը երկու հոգի կային: Վարորդը դժգոհում էր.
-Էն Ներսեսը համա՜ տիպ է, ասեց՝ավտոբուսով կգամ, բայց չի երևում, չլինի՞ մեքենա բան է պատահել քաղաք գնացող՝ նստել-գնացել է: Ասա՝ որ չես գալու, խի՞ ես խոսք տվել:
-Դու ասա ետ դառնալուց մարդ լինի, ես քաղաքում մնալու եմ, Ազատն էլ չգիտի՝ որ պահեն կմնա, չեն պահի, հետ կգա,-ասաց ուղեւորներից մեկը:
Զրույցի շարունակությունը չլսվեց, որովհետեւ ավտոբուսը, հաղթահարելով խորդուբորդ ճանապարհը , շարժվեց առաջ՝ դը՜ռռռ-դը՜ռռռ-դը՜ռռ:
Ես նայեցի ճանապարհին եւ փորձեցի այնտեղ գտնել գորտերի փոսը. փոսը չկար, ամենուր փոսեր էին՝ ավելի խորը: Տեսնես ո՞ւր են կորել գորտերը: Կանանց նեղ ու երկար նստարանն իր տեղում է: Ես երբեք չեմ նկատել, որ նստարանը երկաթից է, որովհետեւ այն երբեք դատարկ չեմ տեսել: Իսկ հիմա…նստարանը երկաթից է, եւ, հայտնի չէ, այն ժամանակ էլ էր ժանգոտված, թե՞ ոչ: Տեսնես սկզբից ո՞վ է լքել բակը՝ կանա՞յք, թե՞ գորտերը, գուցե երկուսը միասին…
Ես մի քիչ կարոտեցի գորտերին: Հիմա ինձ թվում է՝ նրանց ձայնը նման էր երգի, ոչ թե կռռոցի: Ինձ թվում է՝ նրանք գեղեցիկ էին երգում. այնքան կուզեի նորից երգեին գորտերը…
Չէ, չմտածեք միայն գորտերին կարոտեցի, բա կանա՞յք. կանանց էլ գորտերի չափ կարոտեցի, տեսնես հիմա ինչի՞ց կբամբասեին, եթե երեկոյան շարվեին նստարանին, տեսնես Արշալույսն իմացա՞վ, որ մարդը ման էր գալիս, թե՞ այդպես էլ մնաց Սաթիկի ընկերուհին: Բա հովիվ Աշոտը. ո՞ւր տարավ էդ մարդը ոչխարներին, ո՞ր գայլի երախին պահ տվեց, որ ոչխարները էլ չդարձան տուն…
Գու՞ցե մեկը թաքուն կախարդել է գյուղը, ինչպես հեքիաթներում է լինում, գո՞ւցե գորտերը նորից պիտի կռռան, որ կախարդանքը վերանա…
Բայց ես այս պատմությունը գորտերի մասին չէի ուզում գրել…Ախ այդ գորտերը, որ չթողեցին նորմալ բան գրել…
Գիշերը փռում է փեշերը, բայց էլ չամիչ չի բաժանում,չամիչ ուտող չկա՜…
Կը՜ռռռ……Ինձ մի պահ թվաց գորտերը վերդարձել են, բայց ոչ, կիսաչոր կեռասենու վրա նստած կաչաղակն էր, որն ինձ նայում էր այնպես, ասես ուզում էր ասել՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում էս կողմերում…
Արցախ