Չինացիները մի բան գիտեն, որ ասում են շան տարի է, գոնե շների համար պիտի որ լավ լինի։ Շուն ես, թե մարդ, կապ չունի, ինքնապահպանության բնազդը միշտ էլ աստվածատուր է: Կհաչես, կգռմռաս, կանցնի-կգնա: Թե հանդիպես քեզնից ուժեղ մեկին, որ փուրձում է արհամարհական քացի տալ, պիտի փախնես, հնար չկա: Ձեռ ու ոտ լպստելն այստեղ չի օգնում: Ձեռ ու ոտ լպստողին էլ է դագանակ բաժին հասնում: Զարմանալի է, բայց Չինական օրացույցն էլ չի փրկում: Այս երկրի վրա թագավորում է այլ օրացույց: Վաղուց «օդում կախված» ասեկոսեներ են տարածվել, թե իշխանությունն անցել է կատվապաշտների ձեռքը, ու նրանց երկարամյա առաջնորդը ստեղծել է շնասպան խմբակներ: Այդ շնասպան խմբերը շրջում են թաղեթաղ, փողոց առ փողոց ու թե կրծքիդ չեն հայտնաբերում կատվապաշտների ընտանեկան դրոշմանիշը, մեկիկ-մեկիկ հավաքում են մեր ազնվացեղ ընկերներին ու կողպում ճաղավանդակում: Չար լեզուներն ասում են, թե ճաղավանդակում ինչ-որ բան է կատարվում, կրակոցի ճայթոց է լսվում ու մեր ընկերներն անհետանում են: Պատկերացնու՞մ եք՝ այդ դաժանությունները արդարացվում են համաճարակների ու կատաղության դեմ պայքարի անմեղ բժշկական շարժառիթով ու կենդանիների պաշտպանության կազմակերպությունները համառորեն լռում են: Ներում-բեկում չկա: Ընկերներիս դառնաղի ոռնոցները այսօր էլ հնչում են իմ ականջներում ու ծակում թմբկաթաղանթս: Զգում եմ, թե ինչպես է նրանց արյունը ծորում ու գոլ-գոլ լցվում աչքերիս մեջ: Անցյալ տարի խփեցին Բողարին, այս տարի՝ Սևուկին։ Ջեկոն ստացված վնասվածքներից փտախտ ստացավ, Ռեքսը դարձել է թափառական, ծպտված գյուղից-գյուղ է անցնում, քարանձավում թաքնվում, որ չքարկոծվի: Բեղոյին էլ կապել են աշխարհի ծայրին ծվարած ինչ-որ հեռու ճաղավանդակում, մեկ մեկ լափ են տալիս, տոն օրերին՝ ոսկոր: Գոնե շան տարի չլիներ էդ անտերը: Բայց հույսը պետք չէ կորցնել՝ ելք միշտ ել կա: Նման մի բան եմ լսել վերջերս: Մարդկանց մի խումբ էր քայլում տանիքով ու ավետում այդ մասին։
– Մի խոսքով, տղերք, հայտնվել է մեկը, անունը՝ Դուխով, ով քայլ է անում երկիրը կատվապաշտներից ազատագրելու համար, չկպնե՞նք հետը գնանք, – ասաց Չալոն ընկերներին:
– Էհ Չալո, մեզ ինչ, մի կատվապաշտ կգնա, մի օրիշը կգա, ինչ քայլ, ինչ բան,- թերահավատ հորանջեց Քոթոթը:
– Չէ, ասում են թե մտմտում է շներին կատվապաշտների գերիշխանությունից ազատագրելու մասին: Ասում են իբր ցաքուցրիվ է անելու շնասպան խմբերը:
– Այ քեզ բան: Բա ասում էին սա էլ է հերթական ոհմակ,- ասաց Արջուկը:
– Չէ, ոհմակը մեզ համար են ասում, մարդկանց դեպքում՝ ուրիշ է: Գլխարկին էլ գրել է «դուխով», իբր վախենալ-մախենալ չկա: Մենակ մի բան չեմ հասկանում, ձեռը ոչ քար կա, ոչ փայտ, ի՞նչի վրա է հույսը դրել: Դե մենք շուն ենք, երևի լավ չենք հասկանում։ Մարդիկ խորամանկ են, հաստատ մի բան գիտեն: Տղերք, ասում եմ չգնանք միանանք, կողքից մի երկու հատ կհաչենք բան կանենք, ոսկոր ա բան ա, աշխարհ կտեսնենք ի վերջո: Ասում են պիտի քայլելով հասնենք Երևան՝ աշխարհի ամենամեծ քաղաքը, – ասաց Չալոն:
– Ինչ գործ ունես, Երևանում ամեն հինգ րոպեն մեկ մեզնից մեկը ընկնում է ավտոյի տակ, ավտո ավելի շատ կա, քան մարդ: Ասում են մարդիկ այնքան չար են, որ մեր եղբայրների արնաշաղախ լեշը օրեր շարունակ մնում է արևի տակ ու ագռավի բաժին դառնում,- ասաց Քոթոթը:
– Չէ, այդպես չի լինելու, ասում են՝ այսուհետ բոլորը բոլորին սիրելու են, մի հատ դժվար բառ էր, է, հեղափոխություն էր, ինչ էր,- երկարացրեց Չալոն։
– Չէ Չալո ջան, ախպեր ջան, մեր խելքի բանը չի, մենք կմնանք: Կմնանք մեր շնային կյանքը քարշ կտանք այստեղ, մեր փայ քացին կուտենք, շպրտած ոսկորը կկրծենք,- խնդացին Քոթոթն ու Արջուկը,- բայց դու գնա, գոնե մեզանից մեկը մի բանի հասնի:
Չալոն լպստեց Քոթոթին, հետո լպստեց Արջուկին, հետո, գուցե վերջին անգամ հետ նայեց՝ մտապահելու հարազատ գյուղի պատկերը, ծառերը, ճանապարհները, չարաճճի երեխաների հայացքը: Չէ որ ասում են, թե հեղափոխությունը սրբել-տանելու է ամեն ինչ, ու ոչ մի հին բան չի մնալու, նույնիսկ՝ հիշողությունները:
Չալոն կախ տվեց լեզուն ու խելակորույս վազեց, քառատրոփ վազքով: Ազատության կենարար օդը լցվեց Չալոյի ռունգերի ու թոքերի մեջ, ներթափանցեց մարմնի ծակոտկենները, լոզերը ծորացին մռութն ի վար, պոչը վեր ցցվեց ու ուրախ-ուրախ թռթռաց՝ ի տես հեղափոխական քայլարշավի.
– Ազատ- Անկախ-Հայաստան, Ազատ-Անկախ-Հայաստան:
Ալեկոծ դղիրդի սարսափից Չալոն սկզբում փախավ, հետո զգուշությամբ մոտեցավ մարդկային հոսքին, ավելի վստահ հոտոտեց, համոզվելու համար, որ սա հենց հեղափոխությունն է, որ կա, ու հոտառության զգայարանին ականջալուր՝ երջանկությունից վնգստաց:
– Արի Քայլո ջան, կմիանաս մեր քայլարշավին,- ասաց նրանցից մեկը,- չգիտեմ անունդ ինչպես է, ընդհանրապես անուն ունես, թե ոչ, այսուհետ դու Քայոն ես, քայլարշավի հպարտ պահապանը:
Ասաց ու կարմիր թավշյա վզկապը փաթաթեց պարանոցին: Չալոն ամբողջ ուժով փորձեց բղավել, որ անուն ունի, որ իր անունը Չալո է, այլ ոչ թե Քայլո, որ ինքը ծնվել է Յոթ Քար եկեղեցու պատերի տակ, բայց չկարողացավ, կոկորդից դուրս պոկվեցին կցկտուր հաչոցներ: Չալոն փորձեց դեն նետել կարմիր թավշյա վզկապը: Նման վզկապներ տեսել էր ազնվական շների պարանոցին, բայց ռամիկ, թափառական շների շրջանում սա համարվում էր թուլության նշան: Քայլարշավի մասնակիցներից մեկը, տեսնելով, որ ծառս է լինում, հանգստացրեց.
– Հանգիստ Քայլո ջան, սա հեղափոխական թաշկինակ է, լավ կլինի: Երբ հասնենք Երևան, ու հեղափոխությունը հաղթի, անպայման լավ կլինի: Մինչ այդ, այս թաշկինակի կարմիր գույնը կխորհրդանշի մեր հավատարմությունը պայքարի արժեքներին:
Վերջին բառերից շատ բան չհասկացավ, բայց բնազդը հուշեց, որ թաշկինակը չար կատվային ուժերից կպաշտպանի իրեն: Այդ օրվանից Քայլոյի, նույն ինքը՝ Չալոյի կյանքն այլ իմաստ ստացավ: Ամեն քայլի հետ Չալոյին պատում էր մոտալուտ երջանկության զգացումը: Նա դարձել էր քայլարշավի սիրելին, հեղափոխության հպարտ պահապանը: Նա դարձել էր մի շուն, թերևս միակը, որ սեղան էր նստում մարդկանց հետ, հավասարը հավասարի պես: Աշխարհի միակ շունը, որ ֆեյսբուքի էջ ուներ ու բազմահազար վիրտուալ ընկերներ, թեև չէր հասկանում, թե ինչու են ընկերներն այդպես անհոտ ու անհամ: Վերջապես, նա դուրս էր եկել անհավասար պայքարի կատվապաշտների ահասարսուռ իշխանության դեմ ու ոչ մի դագանակ կամ հրացան ի զորու չէին կասեցնելու իր հաղթարշավը: Շատ բան չէր հասկանում, բայց քայլարշավի ընկերները բացատրում էին, որ պայքարը ոչ թե ոսկորի համար է, այլ ապագայի: Այդ ի՞նչ ապագա էր, ի՞նչ համ ու հոտ ուներ տեսնես:
Միայն ընկերներին էր անընդհատ կարոտում: Ափսոս, Քոթոթն ու Արջուկը չեն տեսնում իրեն, այ թե կզարմանային, թե ինչպես է ներդաշնակորեն կլանչում մեղեդու հնչյունների նվագակցությամբ.
– Քայլ արա որդիս, քայլ արա հոգիս:
Ամեն քայլի հետ արշավը նոր ուժ էր ստանում, այդքան ոտ ու ձեռ Քայլոն իր կյանքում չէր լպստել: Բայց սա այն պարտադրված լպստոցը չէր, սա մի կտոր ոսկորի կռիվ չէր: Սա սրտաբուխ սիրո մի պոռթկում էր, որ փոխանցվում էր մարդկանց, քայլարշավի իր ընկերներին:
Եվ ահա մոտեցավ բաղձալի օրը, ու հեղափոխությունը հանգրվանեց Երևանում: Աշխարհի ամենամեծ քաղաքը լի էր հազարավոր շենքերով, հազարավոր մարդկանցով ու շներով, ծառերով ու ավտոներով, շլացուցիչ լույսերով: Ավտոմեքենաների ազդանշանների և շեփորների խելահեղ ահազանգը զրնգում էր Չալոյի ականջներում, արձագանքում ու ալիքների վրա բազմած գնում հասնում Քոթոթի ու Արջուկի ռունգերին: Տեսնես, ինչպես պետք է հաղթեն կատվապաշտներին, առանց քարի ու փայտի, «բաց ձեռքերով», ինչպես ասում էր քայլարշավի առաջնորդը: Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է հաղթել կատվապաշտներին: Այս մտորումներով էլ տարված էր, երբ հերթական ավտոմեքենայի հարվածից ուշագնաց եղավ: Երբ բացեց աչքերը գլխին հավաքվել էին սպիտակ խալաթներով կատվապաշտները: Գուցե սա երազ է, եթե շներն ընդհանրապես կարող են երազ տեսնել: Գուցե ոչ մի քայլարշավ էլ չկա, ոչ մի «դուխով» ու ոչ մի «քայլ արա», գուցե ընկել է կատվապաշտների ձեռքը ու այնքան են տանջել, որ իրեն տեսլիքներն են համակել: Ներում-բեկում չկա: Ընկերներիս դառնաղի ոռնոցները այսօր էլ հնչում են իմ ականջներում ու ծակում թմբկաթաղանթս: Սա այն ճաղավանդակն է, որի մասին ահաբեկված պատմում էին բերանից բերան, շուտով կլսվի կրակոցի ճայթոցը ու վերջ, ամեն ինչ կմթնի:
– Քայլոն փրկվեց,- ավետեց սպիտակախալաթ բժիշկը, կարող եք տանել:
Քայլոն հրապարակում է, հազարավոր մարդկանց ձեռքերի վրա, բեմահարթակում: Բոլորը ցնծում են, հեղափոխությունը հաղթել է: Պարանոցից կախված կարմիր թաշկինակը ալեկոծվում է հպարտ ու արժանապատիվ օրորով: Այ թե կարողանար տեսնել Արջուկին ու Քոթոթին ու պատմել ապագայի մասին: Այ թե կարողանար այս հազարավոր մարդկանց մի հրաշքով ասել, որ ինքը Քայլոն չէ, այլ մի հասարակ Չալո, որ ծնվել է Յոթ Քար եկեղեցու պատերի տակ, հավատացել Նիկոլին ու հասել աշխարհի ամենամեծ քաղաքի ամենամեծ հրապարակը: