Մարկ Տվեն | Դրա՞խտ էր, թե՞ դժոխք

Գլուխ 1

-Դու ստե՞լ ես:
-Խոստովանում ես…ուրեմն խոստովանում ես…դու ստել ես:

Գլուխ 2
Ընտանիքը բաղկացած էր չորս հոգուց՝ Մարգարեթ Լեսթերից, ով այրի էր, երեսունվեց տարեկան Հելեն Լեսթերից, ով Մարգարեթի դուստրն էր, տասնվեց տարեկան, տիկին Լեսթերի մորաքույրներից՝ օրիորդ Հաննայից եւ օրիորդ Էսթեր Գրեյից, ովքեր զույգ էին՝ վաթսունյոթ տարեկան: Երեք կանայք ապրում էին՝ իրենց կյանքը լուսացնելով ու մթնեցնելով փոքրիկ Հելենին պաշտելով, նրա քաղցր հոգու յուրաքանչյուր քայլին հետեւելով, թարմացնելով իրենց հոգիները՝ նրա ծաղկուն ու գեղեցիկ տեսքով, լսելով նրա մեղեդային ձայնը, հասկանալով, թե ինչ շռայլ է գտնվել աշխարհն իրենց հանդեպ՝ նման հրաշք պարգեւելով, եւ սարսափելի էր մտածել, թե որքան ամայի կլիներ աշխարհն՝ այդ լույսի բացակայությամբ:
Մեծահասակ մորաքույրները չափազանց սիրառատ էին, հարազատ եւ բարի, բայց հենց հերթը հասնում էր բարոյականությանը, նրանց մեթոդներն ու դիրքորոշումը անզիջում էին եւ խիստ՝ անդրդվելիության աստիճան: Նրանց ազդեցությունը զգալի էր տանը, այնքան, որ մայր ու դուստր հնազանդվում էին բոլոր բարոյական ու կրոնական օրենքներին՝ ուրախ, բավարարված ու երջանիկ: Եւ այս խաղաղ դրախտում չկային վեճեր, զայրույթներ, մեղադրանքներ եւ սրտացավեր:
Սուտը այնտեղ տեղ չուներ: Սուտը բացառվում էր: Այնտեղ խոսքը պետք է լիներ բացառապես ճշմարիտ, մետաղի նման կայուն, անփոխարինելի եւ անկոտրուն, անկախ հետեւանքների լրջությունից: Վերջապես մեկ օր, խախտելով սրբազան օրենքը, տան սիրելին արատավորեց շուրթերը եւ ստեց…եւ խոստովանեց՝ արցունքներով: Բառերով անհնարին կլիներ նկարագրել մորաքույրների սարսափը: Կարծես երկինքը փլվել էր նրանց գլխին: Նրանք նստեցին կողք կողքի, անխոս հայացքները հառելով հանցագործի վրա, ով մի ձեռքով դեմքն էր փակել, մյուսով հարվածում էր ոտքերին՝ հառաչելով ու հեկեկալով աղերսում նրանց ներողամտությունը եւ ոչ մի պատասխան չէր ստանում, շարունակ համբուրում էր նրանց ձեռքերը, նախ՝ մեկինը, հետո՝ մյուսինը, ովքեր հետ էին քաշվում՝ թույլ չտալով, որ այդ պղծված շուրթերը դիպչեն իրենց:
Երկու անգամ, դադարների ժամանակ, մորաքույր Էսթերը ասում էր՝
-Դու ստե՞լ ես:
Երկու անգամ, դադարների ժամանակ, մորաքույր Հաննան փնթփնթում էր.
-Խոստովանում ես…ուրեմն խոստովանում ես…դու ստել ես:
Դրանք միակ բառերն էին, որ նրանք կարղ էին արտասանել: Իրավիճակը նոր էր, անլսելի, անհավանական. նրանք չէին հասկանում, չգիտեին՝ ինչպես է պետք վարվել:
Դեռեւս վաղուց ընդունված էր՝ սխալ գործած երեխային տանում էին մոր մոտ, իսկ Հելենի մայրը հիվանդ էր, բայց պետք է իմանար՝ ինչ է տեղի ունեցել: Հելենը աղերսում էր իրեն ազատել ստորացումից եւ, որ դա իր մորն ավելի մեծ վիշտ կպատճառի: Սակայն, համաձայն հին օրենքի, նման պարտականությունը պահանջում էր այդպիսի զոհաբերություն:
Հելենը շարունակում էր աղերսել եւ ասել, որ դա միայն իր մեղքն է, եւ, որ մայրը դրա հետ կապ չունի, ինչո՞ւ պետք է նա տառապի:
Բայց մորաքույրները համառ էին իրենց արդարության հարցում եւ ասացին, որ երեխայի գործած մեղքերում ծնողները նույնպես մեղավոր են, եւ, հետեւաբար, մեղք գործած երեխայի մայրը նույնպես պետք է տառապի եւ ստանա մեղքի իր բաժինը:
Երեքով գնացին դեպի հիվանդասենյակ:
Այդ ընթացքում բժիշկն արդեն ճանապարհին էր, մի փոքր տարածք էր մնացել, մինչ տեղ կհասներ: Նա լավ բժիշկ էր եւ լավ մարդ, բարի սիրտ ուներ, բայց նրա հանդեպ ատելություն չտածելու համար՝ մարդիկ պետք է նրան լավ ճանաչեին: Եվս երկու տարի էր հարկավոր նրա ներկայությանը դիմանալու համար, երեք տարի՝ նրան համակրելու, չորսից հինգ տարի՝ նրա հետ ապրելու համար: Դա մի դանդաղ եւ հոգնեցուցիչ փորձառություն էր, բայց վերջնարդյունքը գոհացուցիչ էր լինելու: Նա բարձրահասակ էր, առյուծաձեւ գլխով, առյուծաձեւ դեմքով, կոշտ ձայնով եւ հայացքով, երբեմն նմանվում էր ծովահենի, երբեմն՝ կնոջ, կախված՝ իր տրամադրությունից: Էթիկայից առանձնապես գաղափար չուներ եւ դա նրան չէր էլ անհանգստացնում: Խոսքի, վարվեցողության, պահվածքի եւ վարքի հարցում ընդունված հակապատկերն էր: Ազնիվ էր, բայց չափավոր, բոլոր հարցերում ուներ սեփական կարծիքը, որոնք միշտ պատրաստ էին բարձրաձայնվելու եւ նրան չէր անհանգստացնում՝ լսողը հավանում էր դա, թե՝ ոչ: Իր սերը մարդկանց հանդեպ շռայլորեն էր ցուցադրում, ատելությունը՝ նույնպես: Երիտասարդ տարիքում նավաստի էր եղել, և բոլոր ծովերի աղի օդերի բույրն էր նրանից գալիս: Նա ամրակազմ եւ նվիրյալ քրիստոնյա էր եւ վստահ էր, որ այդ երկրում ինքն էր լավագույնը եւ միակն, ում քրիստոնեական հավատքն առողջ էր՝ բառի բուն իմաստով, եւ որեւէ փտած տեղ չկար:

Մարդիկ, ովքեր կացին էին ճոճում, կամ մարդիկ, ովքեր ցանկանում էին նրա փափուկ վերաբերմունքին արժանանալ, նրան անվանում էին «քրիստոնյա», մի բառ, որը շոյում էր նրա ականջները, եւ նա կարող էր այդ բառը արտասանած մարդու շուրթերը տեսնել անգամ մթության մեջ: Մարդկանց շարունակ վանկարկումներից հետո նա դարձավ «Միակ Քրիստոնյա»-ն: Այս երկու տիտղոսներից վերջինն ավելի մեծ շրջանակ էր ներառում, անգամ՝ թշնամիներին: Այն, ինչին հավատում էր բժիշկը, հավատում էր ողջ սրտով եւ մշտապես պատրաստ էր դրա համար պայքարելու:
Ծովում, իր երիտասարդ օրերին, նա բազմաթիվ անգամներ խորամանկությունների էր դիմել, բայց դարձի գալով, իր համար կանոններ մշակեց, որոնց խոստորեն հետևում էր: Ծովում նա շվայտ հարբեցող էր, իսկ հետո ամբողջությամբ հրաժարվեց ալկոհոլից՝ երիտասարդների համար օրինակ ծառայելու, բայց երբեմն չէր զրկում իրեն մեկ կամ երկու գավաթից:
Սովորաբար նման մարիկ տպավորվող, իմպուլսիվ եւ զգացմունքային են լինում:Նա ևս բացառություն չէր և անկարող էր թակցնել սեփական զգացմունքները: Նրա դեմքին պարզորոշ երեւում էր այն ամենը, ինչ կատարվում էր հոգում, եւ, երբ նա ներս էր մտնում, անգամ հովանոցներն ու անձրեւանոցներն էին ոտքի կանգնում: Երբ աչքերում թույլ կրակ կար, դա համաձայնության եւ գոհունակության նշան էր, իսկ երբ գալիս էր խոժոռված դեմքով, ջերմաստիճանը նվազում էր տասն աստիճանով: Նա սիրված էր ընկերների տանը, սակայն երբեմն ձանձրացնում էր:
Նա մեծ համակրանք ուներ Լեսթերների հանդեպ եւ այդ զգացմունքները փախադարձ էին. արդեն մոտենում էր տանը, իսկ մորաքույրներն ու «հանցագործը» շարժվում էին դեպի հիվանդասենյակ:

Գլուխ 3
Վերը նշվածներն արդեն հիվանդասենյակում էին՝ հիվանդի գլխավերեւում կանգնած: Մորաքույրներն անդրդվելի խիստ, մեղավորը՝ ողբալով: Մայրը շրջեց գլուխը, նրա հոգնած աչքերը բոցավառվեցին՝ զավակի հանդեպ անսահման բարությունից ու սիրուց, եւ նա թեւերը բաց արեց՝ դստերը գրկելու համար:
-Սպասի՛ր,- ասաց մորաքույր Հաննան եւ ձեռքը հետ քաշեց՝ թույլ չտալով դստերը գրկել:
-Հելե՛ն,-ասաց մյուս մորաքույրը զարմացած,- պատմի՛ր մորդ ամեն ինչ: Բա՛ց արա սիրտդ եւ ոչինչ չթաքցնե՛ս:

Իր դատավորների առաջ վիրավորված եւ ինքնամոռաց կանգնած՝ երիտասարդ աղջիկը ողբալով պատմեց ամեն ինչ մորը եւ հետո հարցրեց.
-Մայրի՛կ, դու ինձ կներե՞ս: Կներես, չէ՞: Ես այնքան միայնակ եմ:
-Ներե՞լ: Ա՜խ, թանկագինս: Գրկի՛ր ինձ: Հանգստաց՛իր: Թեկուզ հազարավոր անգամ ստեիր…
Մի ձայն լսվեց, զգուշացնող ձայն: Մորաքույրները շրջվեցին եւ նկատեցին կանգնած բժշկին, ում դեմքը կայծակի էր կաթում: Մայրն ու դուստրը նրա ներկայության մասին չգիտեին, նրանք գրկել էին միմյանց ու խորտակվել անչափելի գոհունակության մեջ՝ չնկատելով ոչ մի ուրիշ բան: Բժիշկը մի քանի րոպե կանգնած մնաց՝ զննելով ու վերլուծելով այդ տեսարանը: Մորաքույրները դողալով մոտեցան նրան եւ հնազանդորեն կանգնեցին կողքին: Բժիշկը խոնարհվեց ու հարցրեց.
-Չե՞մ ասել, որ հիվանդին չի կարելի անհանգստացնել: Ի՞նչ եք անում այստեղ, գրողը տանի: Մաքրե՛ք սենյակը ձեր ներկայությունից:

Մորաքույրները հնազանդվեցին: Կես ժամ անց նա հայտնվեց միջանցքում, հանգիստ, ուրախ, արեւափայլով, մխիթարելով Հելենին, հաճելի խոսքեր ասելով, ով նույնպես ուրախ ժպտում էր:
-Հիմա,- ասաց նա,-սիրելի՛ս, գնա՛ քո սենյակ, հեռու՛ մնա մայրիկից եւ խելո՛ք մնա: Բայց, սպասի՛ր, լեզուդ ցույց տուր: Լա՛վ, դու պողպատի պես ամուր ես,-նա շոյեց Հելենի այտերը եւ ավելացրեց.-Վազի՛ր, ես պետք է խոսեմ այս մորաքույրների հետ:
Հելենը գնաց իր սենյակ, իսկ բժշկի դեմքը կրկին մռայլվեց, նա նստեց եւ ասաց.
-Դուք մեծ վնաս եք պատճառել: Կնոջ մոտ որովայնային տիֆ է: Դուք Ձեր խենթություններով հասցրեցիք դրան: Ես չէի կարողանում վերջնական որոշում կայացնել հիվանդության մասին:
Մեկ ազդակով, կանայք վեր թռչեցին, սկսեցին սարսափահար բղավել:
-Նստե՛ք: Ի՞նչ եք առաջարկում անել:
-Անե՞լ: Մենք պետք է վազենք նրա մոտ: Մենք…
-Դուք նման բան չեք անի, մեկ օրվա համար արդեն շատ վնաս եք պատճառել: Ցանկանու՞մ եք շռայլել Ձեր բոլոր հիմարությունները մեկ օրու՞մ: Նստե՛ք, հիմա կասեմ Ձեզ: Ես այնպես արեցի, որ նա քնի, նա դրա կարիքն ուներ, եթե անհանգստացնեք նրան՝ առանց իմ թույլտվության, ես Ձեզ կպատժեմ:
Նրանք նստեցին վրդովված ու հուզված, բայց խոնարհ, հարկադրված: Բժիշկը շարունակեց.
-Հիմա, բացատրե՛ք, թե ինչ էր տեղի ունեցել: Ճիշտ է, նա ինքը ցանկանում էր բացատրել, թե ինչ է կատարվել, կարծես քիչ էր հուզվել, բայց դուք գիտեիք իմ հրահանգը, ինչպե՞ս կարողացաք գնալ այնտեղ եւ ապստամբություն բարձրացնել:
Էսթերը նայեց Հաննային, Հաննան աղերսանքով նայեց Էսթերին, սակայն նրանցից ոչ-ոք չէր ցանկանում պարել այդ անբարեհաճ նվագախմբի հրահանգով: Բժիշկն օգնեց նրանց եւ ասաց.
-Սկսի՛ր, Էսթեր:
Շալի ծալքերը շտկելով, աչքերը խոնարհած՝ ասաց Էսթերը.
-Մենք չպետք է նրան անհանգստացնեինք, բայց սա բացառություն էր: Դա պարտականություն էր: Երբ հերթը հասնում է պարտականության, մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական: Մենք պարտավոր էինք նրան իր մոր մոտ տանել: Նա ստել էր:
Բժիշկը բարկացած հայացքով մի պահ նայեց կնոջը, փորձելով հասկանալ այդ անհասկանալի իրավիճակը, հետո բղավեց.
-Նա ստե՞լ էր, ասում եք: Աստվա՜ծ, օրհնի՛ր հոգիս: Ես միլիոնավոր ստեր եմ ասում ամեն օր, ինչպես յուրաքանչյուր բժիշկ: Եւ բոլորն են ստում, անգամ՝ դուք: Եւ դա՞ էր այն կարեւոր պատճառը, որը Ձեզ իրավունք տվեց ներխուժել հիվանդ կնոջ սենյակ, անհանգստացնել նրան եւ դա՞ Ձեզ թույլ տվեց խիզախել եւ խախտել իմ հրամանը: Լսե՛ք, Էսթեր Գրեյ, սա բացարձակ խելագարություն է, այդ աղջիկը չէր կարող այնպիսի սուտ ասել, որ կվիրավորեր որեւէ մեկին: Դա անհնարին է, կատարյալ անհնարին երեւույթ: Դուք, երկուսդ դա հիանալի գիտեք:
Հաննան սկսեց պաշտպանել քրոջը.
-Էսթերը նկատի չուներ, թե դա այդպիսի մեծ սուտ է, բայց դա սուտ էր:
-Ես երբեք այսպիսի հիմարություն չէի լսել: Չե՞ք կարողանում տարբերել ստերը միմյանցից: Չե՞ք տարբերում օգնող սուտը փրկող ստից:
-Բոլոր ստերը մեղք են,-ասաց Հաննան, շուրթերը միմյանց կողպելով,-բոլոր ստերը արգելված են:
Սուրբ Քրիստոնյան անհանգիստ շարժումներ էր անում աթոռի մեջ: Նա ցանկանում էր վիճել, բայց չգիտեր՝ որտեղից եւ ինչպես սկսի: Վերջապես, նա ասաց.
-Էսթեր, դու չէի՞ր ստի՝ մարդուն անարժան հարվածից պաշտպանելու համար:
-Ոչ:
-Անգամ ընկերո՞ջդ:
-Ոչ:
-Անգամ քո ամենաթանկ ընկերո՞ջը:
-Ոչ, չէի անի:
Բժիշկը մի քիչ տառապեց լռության մեջ, հետո ասաց.
-Անգամ, եթե կարողանայիր փրկել նրան դաժան ցավից եւ տառապանքի՞ց:
-Ոչ: Անգամ կյանքը փրկելու համար չէի ստի:
Մեկ այլ ընդմիջում: Հետո.
-Անգամ նրա հոգի՞ն:
Այդ պահին լռություն տիրեց, որից հետո Էսթերը պատասխանեց կամաց ձայնով, բայց վճռական.
-Անգամ հոգին:
Ոչ-ոք չխոսեց մի պահ: Հետո բժիշկն ասաց.
-Հաննա, դու նույնպե՞ս այդպես ես մտածում:
-Այո:
-Ես հարցնում եմ երկուսիդ՝ ինչո՞ւ:
-Որովհետեւ նման սուտ ասելով, կամ ցանկացած սուտ, մենք կորցնում ենք մեր հոգիները, որի պատճառով կարող ենք մահանալ՝ առանց ապաշխարության համար ժամանակ ունենալու:
-Տարօրինակ է…տարօրինակ է…դա հնացած հավատամք է,- ասաց բժիշկը, հետո հարցրեց.
-Արդյոք կարիք կա՞ պահպանել նման հոգին:
Նա ոտքի կանգնեց, փնթփնթալով ու մուննաթով, եւ շարժվեց դեպի դուռը: Շեմքի մոտ հասնելուն պես՝ շրջվեց եւ սկսեց հանդիմանել.
-Փոխվե՛ք: Ազատվե՛ք այդ դաժան, ստոր եւ եսասիրական նվիրումից, որի պատճառով փրկում եք Ձեր մաշված ու փոքր հոգիները ու փորձում արժանապատիվ քայլեր կատարել: Վտանգե՛ք Ձեր հոգին բարի նպատակի համար, եւ հետո, եթե այն կորցնեք, այլեւս չեք անհանգստանա: Փոխվե՛ք:
Կանայք նստեցին քարացած, փոշիացած, բարկացած, վիրավորված եւ տանջվում էին իրենց հասցրած դառը եւ անարժանապատիվ հայհոյանքներից: Նրանք մինչեւ սրտի խորքը վիրավորված էին եւ ասացին, որ երբեք չեն ների այդ վիրավորանքները:
Փոխվեք:
Նրանք շարունակ կրկնում էին այդ բառը:
Փոխվե՛ք եւ սովորե՛ք ստել:

Ի վերջո կանանց միտքը կրկին վերադարձավ իրենց սիրելի զարմուհուն, ով տառապում էր անբուժելի հիվանդությունից: Նրանք վարկենաբար մոռացան վիրավորանքները եւ սրտերում առաջացավ մեծ ցանկություն տառապող եւ այնքան սիրելի զարմուհուն օգնելու եւ խնամելու համար:
-Մենք դա կանենք,-ասաց Էսթերը՝ արցունքները սրբելով,-Ոչ մի բուժքույր չի կարող նրա մասին մեզ պես հոգ տանել, եւ որեւէ մեկը չի կանգնի նրա անկողնու մոտ մինչեւ վերջին շունչը, բայց մենք դա կանենք:
-Ամեն,-ասաց Հաննան՝ արցունքների միջից ժպտալով: -Բժիշկը մեզ լավ է ճանաչում եւ գիտի, որ մենք այլեւս չենք անարգի նրա հրամանները եւ նա ուրիշ խնամող չի բերի: Նա չի համարձակվի:
-Համարձակվի՞,-ասաց Էսթերը բարկացած, ում աչքերից դեռ արցունքներ էին գնում,-նա ամեն բան կհամարձակվի անել, այդ քրիստոնյա հրեշը: Հաննա, ամեն դեպքում, նա օժտված եւ խելացի մարդ է եւ նման բան չի մտածի… Հիմա մեզնից մեկը պետք է գնա այն սենյակ: Բայց ինչո՞ւ նա դուրս չի գալիս:
Վերջապես բժիշկը ներս մտավ, նստեց նրանց կողքին եւ ասաց.
-Մարգարեթը հիվանդ է: Նա դեռ քնած է, բայց շուտով կարթնանա եւ Ձեզնից մեկը պետք է գնա նրա մոտ: Նրա վիճակը ավելի կվատանա: Շատ շուտով նրան գիշեր-ցերեկ հետեւել է պետք: Դրանից որքա՞նն եք կարող կատարել:

-Ամբո՛ղջը,-ասացին կանայք միաձայն:
Բժշկի աչքերը փայլեցին եւ նա ասաց.
-Ամեն ինչ ճիշտ կանեք: Եւ պետք է ամեն ինչ անեք, Ձեզնից բացի ոչ ոք նրա մասին այդպես լավ չի կարող հոգ տանել, բայց ամբողջ աշխատանքը Ձեր վրա թողնելը նույնպես հանցանք է:
Դրանք գովասանքի ոսկի խոսքեր էին, որ ասում էր բժիշկը, որն ամբողջ նախկին վիրավորանքը հանեց կանանց սրտերից:
-Ձեր Թիլլին եւ իմ ծեր Նենսին կօգնեն Ձեզ, նրանք լավ բուժքույրեր են՝ սպիտակ հոգով եւ սեւ մաշկով, սիրառատ, ջերմ: Լսե՛ք, ուշադիր եղե՛ք Հելենի հանդեպ, նա հիվանդ է եւ ավելի է վատանալու:
Կանայք ապշած նայեցին, հետո Էսթերն ասաց.
-Այդ ինչպե՞ս: Մեկ ժամ առաջ ասացիք, որ նա ամուր առողջություն ունի:
Բժիշկը հանգիստ տոնով պատասխանեց.
-Դա սուտ էր:
Կանայք նայեցին նրան բարկացած հայացքով եւ Հաննան ասաց.
-Եւ դուք այդպես հեշտ խոստովանու՞մ եք, երբ գիտեք՝ մենք ինչպես ենք վերաբերվում ստին:
-Լռե՛ք: Դուք կատուների նման անտեղյակ եք եւ չեք հասկանում՝ ինչ եք ասում: Դուք բոլոր մահկանացուների նման եք, ովքեր առավոտից երեկո ստում են, բայց, որովհետեւ դուք դա անում եք աչքերով, եւ ոչ լեզվով, կարծում եք, թե կարող եք ինքնագոհ ցուցադրել Ձեզ Աստծուն եւ տարբերվել որպես սրբեր եւ ճշտախոսներ, բայց իրականում Ձեր հոգիներում մարդ կսառի ու կմեռնի: Ինչո՞ւ եք խաբում ինքներդ Ձեզ այդ բարբաջանքով, թե իբր բառերով չասած սուտը սուտ չէ: Ի՞նչ տարբերություն կա աչքերով ասած եւ բերանող ասած ստերի միջեւ. ոչ մի, եւ եթե փոխվեք, ինքներդ կտեսնեք դա: Չկա այնպիսի մարդ, ով հազարավոր ստեր չի ասում ամեն օր, եւ դուք, դուք նույնպես ստում եք, մինչդեռ մեղադրում էիք մի երեխայի, ով փորձում էր փրկել ինքն իրեն իր սեփական երեւակայությունից, որն իր արյունը կտաքացներ եւ կազատեր ջերմությունից թեկուզ մեկ ժամով:
Եկե՛ք միասին մտածենք: Եկե՛ք քննարկենք մանրամասները: Երբ հիվանդասենյակում քարկոծում էիք հանցագործին, ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ գալիս եմ:
-Ի՞նչ:
-Դուք դուրս կգայիք եւ Հելենին Ձեզ հետ կտանեիք: Այնպես չէ՞:
Կանայք լուռ էին:
-Ի՞նչ մտադրություն կունենայիք:
-Ի՞նչ:
-Թույլ չէիք տա, որ ես իմանամ Ձեր մեղքի մասին: Ինձ կխաբեիք, թե իբր Մարգարեթի վատթարացումը Ձեզ հետ կապ չունի: Մի խոսքով, ինձ լուռ կստեիք: Ավելին, դա կլիներ վտանգավոր:
Զույգերը կարմրեցին, բայց չէին խոսում:
-Դուք միլիոնավոր ստեր եք ասում:
-Դա այդպես չէ:
-Այդպե՛ս է: Բայց միայն անվնաս ստեր: Դուք երազել անգամ չեք կարող վտանգավոր սուտ ասելու մասին: Գիտե՛ք, որ դա զիջում է եւ խոստովանություն:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Անգիտակից համոզմունք է, թե անվտանգ սուտը սուտ չէ, եւ խոստովանությունն այն է, որ դուք պարբերաբար դրանք խառնում եք: Օրինակ, դուք մերժեցիք տիկին Ֆոսթերի ճաշի հրավերն անցած շաբաթ եւ հարգալից նամակով հայտնեցիք, որ ցավում եք, բայց չեք կարող գնալ: Դա սուտ էր: Դա անվերապահորեն սուտ էր: Ժխտի՛ր դա, Էսթեր, մեկ այլ ստով:
Էսթերը պատասխանեց գլխի շարժումով:
-Բավարար չէ: Պատասխանիր: Դա սուտ էր, չէ՞:

Կանանց դեմքից գույնը վերացավ եւ մեծ դժվարությամբ խոստովանեցին.
-Դա սուտ էր:
-Լավ է, փոփոխությունն սկսվում է, դուք դեռ հույս ունեք, ուրեմն դուք չեք ստի Ձեր ընկերոջ հոգին փրկելու համար, բայց կստեք ինքներդ Ձեզ փրկելու համար:

Նա ոտքի կանգնեց, Էսթերն ասաց իր եւ քրոջ կողմից.
-Մենք ստել ենք, մենք դա հասկանում ենք, այլեւս նման բան չի կրկնվի: Ստելը մեղք է: Մենք այլեւս երբեք չենք ստի՝ անկախ պատճառից:

-Ահա, դուք աստիճանաբար ընկնում եք, իրականում դուք արդեն ընկած եք, քանի որ հենց նոր ստեցիք: Ցտեսություն: Փոխվե՛ք: Մեկդ գնացեք հիվանդի մոտ:

Գլուխ 4

Տասներկու օր անց:

Մայր ու դուստր տառապում էին սարսափելի հիվանդությունից, երկուսից և ոչ մեկի համար փրկության հույս չկար: Ծեր քույրերը հոգնած եւ մաշված տեսք ունեին, բայց շարունակում էին խնամել հիվանդներին: Նրանց սրտերը կոտրված էին, բայց կամքը կայուն էր եւ անկոտրուն:
Այդ օրերի ընթացքում մայրը ողբում էր դստեր համար, իսկ դուստրը՝ մոր, եւ երկուսն էլ գիտեին, որ աղոթքները չեն իրականանա: Առաջին օրը, երբ մորը հայտնեցին, որ նա տառապում է տիֆով, նա հարցրեց՝ արդյոք վտանգ չկա իր դստեր համար, ով իր մոտ էր եկել խոստովանելու, որ ստել է: Էսթերը նրան ասաց, որ բժիշկը հերքել է դա: Նա չէր կարող ճիշտը ասել, սակայն երբ տեսավ ուրախությունը մոր աչքերում, գիտակցական ցավը թեթեւացավ:
Այդ պահից ի վեր հիվանդը հասկացավ, որ իր դուստրը պետք է իրեն չմոտենա եւ հայտնեց, որ ամեն ինչ կանի՝ տարածություն պահպանելու համար: Այդ օրը Հելենը մտավ անկողին՝ հիվանդ: Գիշերն ավելի վատացավ: Առավոտյան մայրը հարցրեց նրա մասին.

-Նա լա՞վ է:
Էսթերը բաց արեց բերանը, բայց բառերը դուրս չեկան: Մայրն անկենդան տեսք ուներ, սպասողական հայացքով, եւ հանկարծ բղավեց.
-Տե՛ր Աստված, ի՞նչ է պատահել: Նա հիվա՞նդ է:
Հետո խեղճ մորաքրոջ տանջված սիրտն ըմբոստացավ.
-Ո՛չ, հանգիստ եղիր, նա լավ է:
Հիվանդ կինը հանդարտվեց.
-Փա՜ռք Աստծուն: Համբուրի՛ր ինձ: Ի՜նչ ուրախ եմ այդ խոսքերի համար:
Էսթերը պատմեց ամեն ինչ Հաննային, ով սաստելով քրոջն՝ ասաց.
-Բայց դու ստել ես:
Էսթերի շուրթերը դողացին, նա զսպեց լացը եւ ասաց.
-Հաննա, դա մեղք էր, բայց ես չէի կարող ճշմարտությունն ասել:

-Կապ չունի՛: Դու ստե՛լ ես: Աստված կպատժի՛ քեզ դրա համար:
-Գիտեմ, գիտեմ,- ասաց Էսթերը,- Բայց ես չկարողացա: Գիտեմ, որ նույնը կրկին անելու եմ:
-Այսօր դու գնա Հելենի մոտ: Ես Մարգարեթին կհայտնեմ:
Էսթերը կառչեց քրոջից՝ աղերսելով:
-Չանես, Հաննա, դա նրան կսպանի:
-Բայց ես ճշմարտությունը կասեմ:
Առավոտյան նա դաժան ճշմարտություն պետք է պատմեր մորը եւ ուժերը հավաքեց դրա համար: Երբ դուրս եկավ սենյակից, Էսթերը սպասում էր՝ գունատ, դողալով…
-Դե, ինչպե՞ս նա ընդունեց այդ լուրը:
Հաննայի աչքերը լողում էին արցունքների մեջ.
-Աստված, ների՛ր ինձ, ես ասացի, որ երեխան լավ է:
Էսթերը ամուր գրկեց քրոջը.
-Աստված օրհնի՛ քեզ, Հաննա:
Դրանից հետո քույրերն իմացան իրենց սեփական ուժը եւ համակերպվեցին ճակատագրի հետ: Նրանք հնազանդորեն հանձնվեցին ու ազատվեցին իրենց խիստ պահանջներից: Ամեն առավոտ նրանք ստում էին, հետո՝ ներում խնդրում Աստծուց:
Ամեն օր իրենց տան երիտասարդ կուռքն ավելի ու ավելի էր վատանում, եւ քույրերը նկարագրում էին նրա աճող փայլը եւ երիտասարդ գեղեցկությունը գունատ մորը եւ գոհանում վերջինիս զմայլանքով:
Առաջին օրերին, երբ երեխան դեռ ի վիճակի էր մատիտ պահել ձեռքում, փոքրիկ սիրային նամակներ էր գրում մորը, որտեղ թաքցնում էր իր հիվանդությունը: Մայրը մի քանի անգամ կարդում էր նամակները, երջանկանում, համբուրում դրանք, եւ դնում բարձի տակ, որպես անգին գանձեր:
Հետո եկավ այն օրը, երբ Հելենի ձեռքերի ուժը կորավ, միտքը թուլացավ եւ լեզուն անկայուն բառեր էր ասում: Սա դաժան փորձություն էր խեղճ մորաքույրների համար: Այլեւս չկային սիրային նամակներ մոր համար: Նրանք չգիտեին՝ ինչ է պետք անել: Էսթերը սկսեց մանրակրկիտ մտածված սուտը պատմել, բայց կեսից խառնվեց ամեն ինչ. մայրը սկսեց կասկածել, հետո՝ անհանգստանալ:
-Մտածում էի՝ քեզ կմտահոգի, բայց Հելենը գիշերն անցկացրել է Սլոանների տանը: Այնտեղ պետք է խնջույք լիներ, բայց նա չէր ցանկանում գնալ, քանի որ դու հիվանդ ես, բայց մենք համոզեցինք նրան, նա երիտասարդ է եւ պետք է լավ ժամանակ անցկացնի: Մենք մտածեցինք, որ դու դեմ չես լինի: Բայց նա քեզ նամակ կգրի՝ հենց տուն գա:
-Որքան լավն եք դուք եւ որքան շատ եք մեզ սիրում: Շնորհակալ եմ Ձեզ ողջ հոգով: Իմ փոքրիկ… Ասացեք նրան, որ հոգ տանի իր առողջության մասին, դա միակ բանն է, որ խնդրում եմ: Թույլ չտաք, որ նա տառապի, ես դրան չեմ դիմանա: Ինչ ուրախ եմ, որ նա չվարակվեց, մորաքույր Էսթեր: Պատկերացնու՞մ եք այդ գեղեցիկ դեմքը՝ գունատ եւ տաքությունից այրված: Չեմ կարող դիմանալ դրան: Պահպանեք նրա առողջությունը: Նրան ծաղկուն պահեք: Արդեն պատկերացնում եմ նրան՝ մեծ, կապույտ աչքերով, գեղեցիկ, քաղցր, բարի եւ գրավիչ: Նա այնքան գեղեցի՞կ է, ինչպես երբեւէ, մորաքույր Էսթեր:
-Ավելի գեղեցիկ եւ պայծառ, քան երբեւէ,-ասաց Էսթերը եւ շրջվեց դեղերի կողմը՝ իր ամոթն ու ցավը թաքցնելու համար:

Գլուխ 5

Կարճ ժամանակ անց մորաքույրներն սկսեցին իրենց դժվար ու տանջահար աշխատանքը Հելենի սենյակում: Համբերատար եւ անկեղծորեն իրենց ծեր մատներով կեղծում էին այնքան անհրաժեշտ նամակը: Նրանք սխալը սխալի հետեւից էին կատարում, բայց կամաց-կամաց սովորեցին: Հաճախ նրանց արցունքներն ընկնում էին նամակի վրա՝ հետքեր թողնելով, երբեմն սխալ գրած բառը վտանգավոր էր դառնում: Հաննան կարողանում էր կեղծել Հելենի ձեռագիրը: Նրանք գրում էին այն փաղաքշական բառերը, որ լսել են Հելենի շուրթերից, երբ վերջինս դեռ առողջ եւ երջանիկ էր: Մայրը, ինչպես միշտ, մի քանի անգամ կարդում էր նամակը, համբուրում եւ դնում բարձի տակ՝ սուրբ մասունքի նման.
«Թանկագինս, եթե միայն կարողանայի քեզ տեսնել, համբուրել աչքերդ, զգալ ձեռքերիդ ջերմությունը: Շուտ առողջացիր: Բոլորն իմ հանդեպ հոգատար են, բայց ես միայնակ եմ առանց քեզ, թանկագին մայր»:
-Խեղճ երեխա, գիտեմ՝ ինչպես է իրեն զգում: Նա չի կարող երջանիկ լինել առանց ինձ, եւ ես…ա՜խ, ես ապրում եմ իր աչքերի լույսի մեջ: Ասացեք նրան, որ նա պետք է զբաղվի այն ամենով, ինչ իրեն դուր է գալիս, եւ, մորաքույր Հաննա, ասացեք նրան, որ չեմ կարողանում իր նվագը այսքան հեռավորության վրա լսել եւ չեմ լսում իր թանկ ձայնը, երբ երգում է: Աստված իմ, երանի կարողանայի: Ոչ ոք չգիտի՝ որքան քաղցր է այդ ձայնն ինձ համար եւ, երբ մտածում եմ, որ մի օր այն չեմ լսի… Ինչո՞ւ եք լալիս:

-Որովհետեւ…որովհետեւ…ուղղակի հիշողություն է: Երբ քեզ մոտ էի գալիս, նա մի երգ էր երգում: Այդ երգն ինձ միշտ հուզում է:
-Ինձ նույնպես: Որքան ցավալի է, երբ այնքան տխրությունը տանջում է երիտասարդի սիրտը եւ նա երգում է այդ երգը՝ առեղծվածային բուժում ստանալու համար…մորաքու՛յր Հաննա:
-Թանկագի՛ն Մարգարեթ:

-Ես շատ հիվանդ եմ: Երբեմն մտածում եմ, որ այդ ձայնն այլեւս երբեք չեմ լսի:
-Օհ, Մարգարե՛թ, խնդրում եմ, ես դրան չեմ դիմանա:
Մարգարեթը հուզված էր եւ մտահոգ, եւ ասաց.
-Թույլ տուր գրկեմ քեզ: Լաց մի՛ եղիր: Հանգստացի՛ր: Ես ցանկանում եմ ապրել: Կապրեմ, եթե կարողանամ: Ա՜խ, ի՞նչ պետք է անի նա, երբ մահանամ: Նա հաճա՞խ է խոսում իմ մասին…թեեւ գիտեմ, որ այդպես է:
-Ամբողջ օրը…անընդմեջ:
-Իմ քաղցր զավակ: Նա նամա՞կը գրեց տուն մտնելուց հետո:
-Այո, անմիջապես: Անգամ հագուստը չփոխեց:
-Այդպես էլ գիտեի: Նա այդպիսին է՝ զգացմունքային, իմպուլսիվ… ես գիտեի՝ առանց հարցնելու, բայց ուզում էի լսել քեզանից: Սիրելի կինը գիտի, որ իր ամուսինն իրեն սիրում է, բայց ցանկանում է, որ ամուսինն ամեն օր ասի այդ մասին… Այս անգամ նա գրիչ էր օգտագործել մատիտի փոխարեն: Շատ ավելի լավ է: Մատիտը երբեմն ջնջվում է եւ ես տխրում էի այդ պատճառով: Դու՞ էիր առաջարկել, որ գրիչով գրի:
-Այ…ոչ…նա…դա ի՛ր գաղափարն էր…
Մոր աչքերը հաճույքից փայլեցին.
-Հույս ունեի, որ այդպես կասես: Իր նման ավելի խելացի եւ թանկ երեխա չկա…մորաքու՛յր Հաննա:
-Թանկագին Մարգարեթ:
-Գնա եւ ասա, որ ես միշտ մտածում եմ իր մասին եւ պաշտում եմ նրան: Ինչո՞ւ ես նորից լաց լինում: Մի անհանգստացի՛ր իմ մասին, սիրելիս, կարծում եմ՝ վախենալու կարիք չկա…դեռ:

Ողբացող մորաքույրը մոր խոսքերը ջերմեռանդորեն փոխանցեց Հելենի անգիտակից ականջներին: Աղջիկն իր՝ ջերմությունից այրվող աչքերը վեր հառեց, առանց ճանաչելու կողքը կանգնածին.
– Դու…ոչ, դու իմ մայրը չես: Ես նրան եմ ուզում…ես նրան եմ ուզում: Նա այստեղ էր մեկ րոպե առաջ…չտեսա ինչպես գնաց: Նա կգա՞ նորից: Հիմա՞ կգա…Որքան շատ տներ են…նրանք ինձ զարմացնում են…ամեն ինչ պտտվում է…ա՜խ, գլուխս…
Խեղճ ծեր Հաննան թրջեց չորացած շուրթերը եւ մեղմորեն շոյեց այրվող գլուխը՝ շշնջալով գեղեցիկ եւ փաղաքշական բառեր եւ շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ մայրը տեղյակ չէ երեխայի տառապանքի մասին:

Գլուխ 6

Օրեցօր երեխայի վիճակը վատթարանում էր և նա մոտենում էր գերեզմանին, եւ օրեցօր տառապյալ ծեր կանայք ոսկեզօծ խոսքեր էին փոխանցում մորը, ով երջանկանում էր դրանցից, ում ուխտը նույնպես ավարտին էր մոտենում: Ամեն օր նրանք նամակ էին գրում, եւ կարեկցանքով նայում, թե ինչպես է մայրը համբուրում այն, որն ամեն ինչից թանկ էր, ամեն ինչից քաղցր եւ սուրբ, որովհետեւ իր զավակի ձեռքն էր հպվել դրան:
Վերջապես եկավ այն բարի ընկերը, ով փրկում է հոգիները եւ խաղաղություն բերում դրանց: Լույսերը խավարեցին: Քար լռության մեջ տեսանելի էին շքեղ կերպարներ, որոնք լուռ շրջապատեցին Հելենի անկողինը: Մահացող աղջիկը պառկած էր աչքերը փակ, անգիտակից, նրա վրայի կտորները բարձրանում-իջնում էին շնչառությունից եւ նրա կյանքն ավարտվում էր: Բոլորի մտքում մեկ բան էր՝ ափսոսանք, մեծ մթություն գնացող կյանք եւ մայր՝ ով երեխայի կողքին չէ, որպեսզի նրան սիրտ տա եւ օրհնի:
Հելենը շարժվեց, կարծես ձեռքով ինչ-որ բան էր բռնում օդում, նա արդեն մի քանի ժամ ոչինչ չէր տեսնում:Եւ եկավ ավարտը. բոլորն իմացան: Էսթերը սկսեց ողբալ: Զմայլելի լույս իջավ աղջկա դեմքին. նա արժանի էր այդ լույսին եւ վերջին շնչով ասաց.
-Մայրիկ, ես երջանիկ եմ…ես քեզ էի սպասում…հիմա կարող եմ մահանալ:
Երկու ժամ անց Էսթերը գնաց Մարգարեթի սենյակ:
-Ինչպե՞ս է երեխան:
-Լավ է:

Գլուխ 7

Սեւ ու սպիտակ շղարշով փակված էր տան դուռը: Կեսօրին մահացածի խնամքն ավարտվեց: Գեղեցիկ, երիտասարդ, քաղցր աղջիկը պառկած էր խաղաղված: Երկու ողբացողները նստած էին նրա կողքին՝ Հաննան եւ սեւամորթ Թիլլին: Էսթերը մտավ սենյակ՝ դողալով. նրա հոգին փոթորկվել էր.
-Նա նամակ է ուզում:
Հաննայի դեմքը գունատվեց: Նա այս մասին չէր մտածել, թվում էր, թե այդ խղճալի գործն ավարտվել է: Բայց հետո նա հասկացավ, որ այն չէր կարող ավարտվել: Կանայք մի քանի րոպե քարացած նայում էին միմյանց դեմքին, հետո Հաննան ասաց.
-Այլ տարբերակ չկա: Մենք պե՛տք է գրենք այդ նամակը, հակառակ դեպքում՝ նա ինչ-որ բան կկասկածի:
-Եւ կհասկանա իրողությունը:
-Այո: Դա կկոտրի նրա սիրտը:
Նա նայեց մահացած դեմքին եւ լաց լինելով ասաց.
-Ես կգրեմ:

Էսթերը նամակը փոխանցեց Մարգարեթին: Վերջին տողում գրված էր.
«Թանկագին մայրիկ, մենք շուտով միասին կլինենք: Հիանալի լուր է, այդպես չէ՞: Դա ճիշտ է, բոլորն են ասում»:
Մայրը սկսեց ողբալ.
-Խե՜ղճ երեխա, ինչպե՞ս է դիմանալու, երբ իմանա: Ես այլեւս երբեք նրան չեմ տեսնի այս կյանքում: Որքան դժվար է… Նա չի՞ կասկածում: Դուք թաքցրե՞լ եք նրանից:
-Նա կարծում է՝ դու շուտով կլավանաս:
-Որքան բարի եք դուք եւ զգուշավոր, սիրելի մորաքույր Էսթեր: Թույլ չտաք, որ որեւէ մեկը, ով վարակված է, նրան մոտենա:
-Դա հանցանք կլիներ:
-Բայց դուք նրան տեսնու՞մ եք:
-Տարածության մեջ…այո:
-Դա լավ է: Օտարներին չի կարելի վստահել, նրանք կարող են դավաճանել եւ ստել, բայց դուք պահապան հրեշտակներ եք:
Էսթերի աչքերը խոնարհվեցին եւ նրա ծեր շուրթերը սկսեցին դողալ:
-Թույլ տուր համբուրել քեզ, մորաքույր Էսթեր, եւ երբ հեռանամ եւ վտանգն անցած լինի, այս համբույրը փոխանցիր նրան եւ ասա՝ մայրդ է այն ուղարկել եւ նրա կոտրված սիրտն է այդ համբույրի մեջ:

Գլուխ 8

Մեկ այլ օր լուսացավ եւ արեւն իր փայլերը տարածեց աշխարհի վրա: Մորաքույր Հաննան հուսադրող խոսքեր բերեց հանգչող մորը, որտեղ գրված էր.
«Քիչ է մնացել մինչ մեր հանդիպումը, սիրելի մայրիկ, մենք միշտ միասին կինենք»:
Քամին բերեց եկեղեցու զանգերի ձայնը.
-Մորաքույր Հաննա, դրանք զանգում են: Ինչ-որ խեղճ հոգի է մահացել: Ես նույնպես կմահանամ շուտով: Թույլ չտա՛ք, որ ինձ մոռանա:
-Աստվա՜ծ վկա, երբեք չի մոռանա:
-Տարօրինակ ձայներ չե՞ք լսում, մորաքույր Հաննա: Ոտնաձայներ են լսվում;
-Մենք հույս ունեինք՝ չես լսի, սիրելիս: Փոքրիկ խումբ է եկել մեր տուն՝ Հելենի ընկերներն են: Երաժշտություն կլինի, նա դա սիրում է: Մտածեցինք՝ դեմ չես լինի:
-Դե՞մ լինեմ: Օհ, ոչ, տվեք նրան այն ամենը, ինչ իր սիրտն է կամենում: Որքան լավն եք դուք եւ որքան բարի եք իմ հանդեպ: Աստված օրհնի Ձեզ:
Մարգարեթը մի քանի րոպե լսում էր ձայները.
-Ի՜նչ հաճելի է: Դա նրա երգեհոնն է: Հենց Հելե՞նն է նվագում: Այո, դա նա է նվագում, սիրելիս, ես ճանաչեցի դա: Նրանք երգում են…Դրախտի դռները բացվում են ինձ համար…եթե կարողանայի հիմա մահանալ…
Հեռվից լսվում էին երգի բառերը.
Քեզ ավելի մոտ, Տեր իմ,
Քեզ ավելի մոտ,
Ու հենց խաչն է,
Որ բարձրացնում է ինձ…
Երգի ավարտին մեկ այլ հոգի խաղաղվեց: Քույրերը սգալով ասացին.
-Որքան օրհնված էր նա, որ չիմացավ:

Գլուխ 9

Կեսգիշերին նրանք նստեցին միասին, ողբալով, եւ Տիրոջ հրեշտակը հայտնվեց սենյակի կենտրոնում եւ ասաց.
-Ստողների համար տեղ է հատկացված. այնտեղ նրանք այրվում են դժոխային կրակների մեջ՝ հավիտենությունից՝ հավիտենություն: Ապաշխարե՛ք:
Որբացածները ծնկի եկան նրա առաջ, խոնարհեցին սպիտակած գլուխները եւ երկրպագեցին: Բայց նրանց լեզուները կողպվել էին եւ նրանք՝ համրացել:
-Խոսե՛ք: Ես կարող եմ Ձեր խոսքերը փոխանցել դրախտ եւ Ձեզ բերել մի վճիռ, որը հնարավոր չէ բողոքարկել:
Քույրերը խոնարհեցին գլուխները, եւ նրանցից մեկն ասաց.
-Մեր մեղքը մեծ է, մենք տառապում ենք ամոթից, բայց միայն կատարյալ եւ վերջնական ապաշխարությունը կփրկի մեզ, մենք խեղճ արարածներ ենք ու գիտենք մեր թերությունը եւ գիտենք, որ, եթե կրկին հայտնվեինք այդքան դաժան իրավիճակում, կրկին նույն կերպ կվարվեինք: Միայն ուժեղն է հաղթում, բայց մենք կործանված ենք:
Նրանք բարձրացրեցին գլուխները՝ աղաչանքով: Հրեշտակը հեռացել էր: Մինչ նրանք կողբային եւ կխոնարհվեին, հրեշտակը շշնջաց երկնային վճիռը:

Գլուխ 10

Դրա՞խտ էր, թե՞ դժոխք:

 

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիտա Մարգարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *