Ներկայացման տոմս էի գնել: Արմատավորված շարադասության շրջունի վերափոխմանը դեռ չէի հավատում: Մի ամիս էր ինձ բաժանում կյանքիս երևի ամենախաղաղ ցնցումից… Մարկեսի «Երկնագույն շան աչքերն» էր, ու ես դեռ չէի գիտակցում, որ մեր երազին ձեռքը բռնած արդեն իրականություն են բերում: Մերին ուշացավ. խցանում էր, իմ իմացած ամենագեղեցիկ ու հաճելի խցանումն էր: Ներկայացումից հետո թատրոնի դռներից դուրս գալիս Մերին, մեզ հետ դուրս եկած հանդիսատեսին նայելով, ասաց. – Արի՛ մենք էլ քննարկենք ներկայացումը, վերլուծենք, տպավորություններով կիսվենք, օրինակ, քո կարծիքով ինչի՞ մասին էր: – Երազի ու իրականության միախառնման մասին էր, երկու կյանք, որոնցում միաժամանակ ապրում ենք: – Բայց փորձում էին անել մի բան, որը երբեք չի ստացվի. երազը բերել իրականություն: – Իմ կարծիքով իրականությունը կարելի կլինի դարձնել նախընտրելի ու ցանկալի, զգացե՞լ ես, որ մենք միշտ փորձում ենք փախչել իրականությունից, այլընտրանքներ փնտրել, հետո հանկարծ զարթնում ենք ու ասում, որ պիտի կյանքն ապրենք, հերիք երազների մեջ լողանք, ոնց որ բոլորս էն աղջիկներից լինենք, որ խուճուճ մազեր ունենալու դեպքում ուղիղն են երազում կամ հակառակը, ուղղակի պիտի մեր երազը տեղավորենք էստեղ, ու դա հնարավոր կլինի, ես հավատում եմ: Խոսելով հասանք Մաշտոցի պողոտա ու չհասկացանք էլ, թե ինչպես գիշերը լույսեր դրեց խանութի ցուցափեղկերին: Մեզ երազներով ապրող, լուռ, ներանձնային աշխարհում պարփակված ապստամբ էինք զգում, որ վերջապես ուզում են փոխել, ուզում են հոսանքին հակառակ լողալ ու հակառակը դարձնել հենց հոսանքի ուղղությունը, երգում էինք “What the hell am I doing here? I don’t belong here.” ու մտածում էինք աշխարհը մեր տեղը դարձնելու մասին, ինքներս էլ չհասկանալով հեղափոխություն էինք երազում, բայց ամեն ինչ ակնթարթային ոգևորությանն էինք վերագրում: Նոր-նոր սկսված ցույցերն ու հանրահավաքները ինքնաբերաբար, իներցիայով տանում էին դեպի էսպիսի մտքերը, բայց դեռ կային անհավատ կասկած ու նույնիսկ հաստատուն հրաժարում ինչ-որ բանի հասնելու հեռանկարից: Երիտասարդությո՞ւնն էր, գիշե՞րը, թե՞ «Երկնագույն շան աչքերի» ազդեցությունը, բայց մենք տաք ու անմեղ հավատ ունեինք: Հասանք Ֆրանսիայի հրապարակ. վրաններ, խարույկներ, ստվարաթղթե «մահճակալներ»: Փողոցով անցնում էինք որտեղից ու ինչպես ուզեինք: – Ես ինձ լիարժեք տիրակալ եմ զգում: – Ազատությո՜ւն… էնքան ազատ ու թեթև եմ ինձ զգում, որ մի պահ թվաց, թե էս քամին կքշի, կտանի, գիտե՞ս: Մազերս նոր արձակված թռչունների պես անկանոն ցրիվ էին գալիս, հարվածում իմ դեմքին, Մերիի դեմքին: – Մեր, նկատե՞լ ես, որ քամին երբեք մեր ուզած ուղղությամբ չի փչում, միշտ մազերդ դեմքիդ են լցվում, եթե բախտդ բերի, փոշու հատիկներն էլ՝ աչքերդ: – Հա՜, ոնց որ դիտմամբ անի: – Դե, արի՛ մենք մեր քայլելու ուղղությունը փոխենք: Քամուն մեջքով էինք քայլում, հետաքրքիր ֆիլմ նայելու պես փաստացի մեր դիմաց, բայց տեսականորեն հետևում թողած ճանապարհին էինք նայում՝ մեկ-մեկ, իհարկե, հետ շրջվելով: Ծիծաղից մկաններս բռնվեցին. մենք… քամուն ձեռնոց էինք նետել ու առավել քան գոհ էինք մեր հաղթանակից: Հեղափոխությունը հիշելիս միանգամից հիշողություններիս լայն դարանից մտքի արագությամբ սլացող մեքենայի պես հեղափոխության պանակի խաչմերուկից շրջադարձ անելով հայտնվում է հենց այս մեկը. երբ Բժշկական համալսարանի մոտ էի արդեն, Մերին չէր պատասխանում զանգերիս: Փողոցի անկյունում մի կատվի տեսա, այս զարմանալիորեն եսակենտրոն, ինքնագոհ ու հպարտ արարածները միայն ընտրյալների առաջ են բացում իրենց սիրտը, բայց կատուն միանգամից մոտեցավ ու սկսեց քաղցր մլավել, քսմսվել ոտքերիս, ինչպես այն ձեռքը, որ ինչ-որ կարևոր բան է խոթում գրպանը՝ անթարթ նայելով այն մարդուն, որը չպիտի տեսնի այն, չորս մատները մեկ մարմնի պես համակցված սահում են առաջին անգամ սահադաշտի վրա ոտք դրածի վախվորած դանդաղկոտությամբ, մեկի վախը բռնվելն է, մյուսինը՝ ընկնելը: Իսկ բութն այն դուրս թողնված պոչն է, որը փրկօղակի պես դուրս կհանի քեզ: Կատուն մոտ տասնհինգ րոպե այդպես իր շոյանքն ինձ նվիրեց, հետո հանկարծ մոտենալուց էլ անսպասելի հեռացավ, ինչ-որ սահմանային տարածություն էր, որտեղ հայտնվեցի, հեռանալիս կատուն ոնց որ ասեր. «Գնա՛, դու էլ կարիք չունես իմ շոյանքներով ժամանակավոր միայնությունդ ծածկելու»: Միացա բոլորին, ամբոխի մեջ Մերիին գտա: – Մերիկո՜, ո՞ւր էիր կորել, էնքան եմ զանգել: – Չեմ լսել, կներես… գիտե՜ս, փողոց էինք փակել, բոլորս, ծանոթ-անծանոթ, իրար թև մտած փակել էինք փողոցը, էնքան լավ էր, ոնց որ մի ընտանիք լինեինք… Անվերջ խոսում էր, երբեք Մերիին այդքան ոգևորված չէի տեսել, երևի նույնիսկ պատրաստ էր օդապարիկով թռչել, անծանոթին գրկել կամ պարել փողոցի մեջտեղում, բաներ, որ առօրյայում երբեք չէր անի: – Մի բան կա էս ամենի մեջ կարևոր, Բուկովսկին ասում էր. «Զգուշացեք մշտապես ամբոխին ձգտողներից, քանի որ նրանք միայնակ ոչինչ են»: Հիմա բոլորս ձգտում ենք էս ամբոխին, չէ՞, բայց ամեն մեկն առանձին իր պատմությունն ու պայքարն ունի, ես էս համարում եմ միայնության մեջ կայացած անհատների հասարակություն,– ասացի, հետո ակնթարթային արագությամբ ինչ-որ բան հայտնագործածի ոգևորությամբ ավելացրի,– հիշո՞ւմ ես ներկայացումը, գիտե՞ս՝ մենք ինչով ենք տարբեր հերոսներից… մենք արթնացել ենք երազից, բայց հիշում ենք գաղտնաբառը: Հիշե՜լ, մենք մեխանիկական արտաբերման աստիճան կատարելագործել էինք «գաղտնաբառը», այնքան արագ ու անդադար էինք կրկնել, որ տառերն արդեն սահում էին իրենց տեղերից(քայլ արա՛, մերժի՛ր Սերժին/սերժի՛ր Մերժին): Մենք և՛ գույն էինք, և՛ կտավ, և՛ գիրք, և՛ գրող, և՛ թատրոն, և՛ ֆիլմ, և՛ դերասան, անդունդի եզրին էինք եղել, ճոճվող նավի ծայրին և կրակի տված տան ներսում, վախը մեզ ամենից լավ նկարագրող բառի հականիշն էր: Այդ օրերին երազի և իրականության՝ ուղղությունն անընդհատ փոխող անցուղիներով էի քայլում, ոչինչ միանշանակ չէր, մարմինս տատանվում էր ամենանուրբ քամուց թրթռացող ալիքների երեսին, ինչպես առավոտյան նոր հավաքված երկաթե մահճակալի ճաղերից ընկած շերտավոր լույսը, ծառից կախված երկու տերևների մոտեցումից արթնանում էի, օրորոցայինի մեկ նոտայից քուն մտնում: Քնի և արթնացման, թթվածնի և բույրի միացության, թեքված տերևի ողնաշարի վրայով վազող խոշոր կաթիլի անկման և վերափոխման սահմանին իմ մտքերն էի կարդում բանաստեղծությունների և տեքստերի տեսքով՝ այնքա՜ն կատարյալ, հացի հարթ մակերեսին քսված կիսահալած կարագի պես սահուն, երկու ծայրերից պահված պարանի թեթևակիորեն կախ ընկած կորությունը գետնին քսվելու և ոտքերի պոկմանը հաջորդած թռիչքի պահին՝ նման Ֆրիդայի հոնքերին՝ տարբերվող և եզակի, բայց արթնանալուն պես մտքերն անհետանում էին, ինչպես հաղորդալարերին նստած թռչունները, որոնք ցրվում են հանկարծակի աղմուկից: – Էնքան սիրուն մետաֆորա կար էս ամենի մեջ, Մերի, արդեն պիտի գնանք, բայց էս հիշողությունները, որ ստեղծեցինք, ոնց բացատրեմ, հասկանում ես, շատ… շատ… կապույտ էին…