Օ՜ գիտակցություն իմ երևելի,
Տա՛ր ինձ հեռու սրտի ճիրաններից,
Թե չէ նրա երախում բնակվելը
Միշտ հղի է նոր հոգեմաշումներով:
***
Ես պատմություն եմ
Նիհար մարմնի ու դրա մեջ բնակվող մենության մասին:
***
Արձակագիր թե պոետ նույն բանն են ասում,
Բայց տարբեր կերպ են կռվում տիեզերքի հետ իրենց տողերում:
***
Միգուցե արևը սիրուն է,
Երկնքի և երկրի կենտրոնն է,
որտեղ բոլոր մոլորակները պարում են իր շուրջը,
Բայց նա լուսնի թախիծը չունի:
***
Պղծված հոգումդ մի գարուն էլ չհամարձակվեց բնակվել,
վախեցավ,
որ նա էլ մի օր աշուն կդառնա՝
թափված տերևներով: Քո օրերը, որ ինձնից հեռու են,
Ինչպես ճանապարհի կիլոմետրեր,
Դալուկ բույսի նման հանգչում են
Երկիր կոչվող անտառում:
***
Ամռան տաքությունը բավ չէր զիստերիդ,
Նոր կրակ էր պետք,
Պարզեցի ձեռքերս և նրանք հալվեցին ափերիս մեջ:
***
Աստծուն չէիր հավատում,
Դա դեռ ոչինչ,
Մարդկանց էլ նույնպես,
դա էլ մի կողմ,
Բայց երբ իմ աչքերը խոսեցին ցանկացած լեզվից սահուն,
և դու ասեցիր,
որ իմ քերականությունը քեզ պարզ չէ,
Երբեք չեմ ների քո նման անհավատին:
***
Տերև ընկավ ոտքիս տակ,
հիշեցի,
Որ ինձ էլ են ճզմել:
***
Իմ սիրտը,
որ կապտուկների թանգարան է,
Մարդիկ այցելուի կարգավիճակով գալիս են նայելու,
Թե ինչ կոլաժներից է այն բաղկացած:
***
Իմ տան գավիթում գրկաբաց ընդունել եմ բոլորին,
Սակայն ժամանակը ուրիշ հաշիվ ուներ,
Թողնում էր միայն նրանց,
Ով լսում էր իմ ձայնը լռության խորքից:
***
Թողություն տուր նրանց,
Ովքեր ցավեցրել են քեզ,
Նրանք քեզ չեն կպել,
Այլ փորձել են խոսել իրենց մասին,
Բայց նրանց լեզուն երկխոսության համար չէր:
Մի՛ տնտղիր,
Մի՛ սևացիր,
Գնա՛ քո ճամփով,
Պատրաստվի՛ր նոր հանդիպումների:
***
Ոտքերիդ արանքում նեղվածություն ու ցուրտ է տիրում,
Իմ մեջ էլ բորբոքված հոսանքն է շրջում,
Երկուստեք միայնություն է մեր մոտ.
Քեզ կրակ է պետք,
ինձ` հանգստություն:
Ե՛կ, օթևանեմ գրկումդ՝
Քշեմ քեզնից անտանելի ձմեռը:
***
Սենյակի բազկաթոռին կողքի պառկած ննջում էիր,
ցույց էիր տալիս ձգված հետույքդ.
Քնած էիր ու չնկատեցիր,
որ իմ մեջ էլ մի բան ձգվեց:
***
Ամեն տեղ ցեխ ու փիլիսոփայություն է,
Երկուսից պոկվել հնարավոր չէ,
Որովհետև մենք ստրուկն ենք
Մեդալի երկերեսանիության:
***
Հաճախ եմ հարցնում ինձ,
Թե երբ կբավարարեմ ծարավը քո,
Հետո հասկանում, որ ամեն անգամ`
Մսխելով քո մեջ պաշարս`
Մթերելով մինչև խորքերդ,
Էլի քիչ է ներսդ օվկիանոս սարքելու համար:
***
Պուրպուր շուրթերդ գայթակղության ընդերք են,
Ասես ժողովված լինի նրա մեջ տղամարդկային թուլությունը.
Ում համբուրես թմրամոլ կդառնա: