Խորխե Լուիս Բորխես | Սահմաններ

Պոեզիան զգում ենք այնպես, ինչպես զգում ենք կնոջ ներկայությունը…
Խ. Լ. Բորխես

 

Օրհներգ

Այսօր առավոտյան
օդում տիրում է անհավանական բուրմունքը
դրախտային վարդերի:
Եփրատի ափին
Ադամը զգում է զովությունը ջրի:
Երկնքից ոսկե անձրև է տեղում.
Զևսի սերն է:
Ձուկը դուրս է լողում ծովից
և Ագրիգենտումից մեկը հիշելու է,
որ ինքը եղել է այդ ձուկը:
Քարանձավում, որ անվանում են Ալտամիրա
անդեմ ձեռքը ուրվագծում է
բիզոնի ոլորուն մեջքը:
Վերգիլիուսի ձեռքը
դանդաղ շոյում է մետաքսը,
որ Դեղին Կայսեր թագավորությունից
բերել են քարավաններն ու նավերը:
Առաջին սոխակը երգում է Հունգարիայում:
Հիսուսը մետաղադրամին տեսնում է կեսարի դեմքը:
Պյութագորասը հույներին պատմում է,
որ ժամանակի ձևը շրջանաձև է:
Օվկիանոսի կղզիներից մեկում
արծաթյա որսաշները հետապնդում են ոսկե վիթերին:
Դարբնասալի վրա կռում են սուրը,
որը հավատարիմ կլինի Սիգուրդին:
Ուիթմենը երգում է Մանհեթենում:
Հոմերոսը ծնվում է յոթ քաղաքներում:
Կույսը այս պահին հմայում է
սպիտակ միաեղջյուրին:
Ողջ անցյալը վերադառնում է մակընթացության նման
և հնամյա իրերը վերադառնում են,
որովհետև քեզ համբուրել է մի կին:

 

Սահմաններ

Վեռլենը մի տող ունի, որ այլևս
չեմ հիշելու:
Մոտակայքում փողոց կա, ուր իմ քայլերը
ընդհատվում են:
Հայելի կա, որը ինձ վերջին անգամ է
տեսնում:
Դուռ կա, որը փակել եմ
մինչև ժամանակների վերջը:
Իմ գրադարանի գրքերում (ես նայում եմ
նրանց) կան այնպիսիները,
որ երբեք չեմ բացելու:
Այս ամառ լրանում է իմ հիսունը
Անդադար, ինձ մաշում է մահը:

 

Նվաճված փողոցը

Ոչ ոք չի տեսել հմայքը փողոցների,
մինչև սոսկալի ճիչով
կանաչ երկինքը չի փլվել
ձանձրույթի մեջ ջրերի և ստվերների:
Ամպրոպը միաձայն էր,
աշխարհը սարսափելի էր հայացքի համար:
Եվ միայն ծիածանն է օրհնել
երեկոն հրաժեշտի գույներով,
խոնավ հողի բույրը
շնչավորել է այգին:
Մենք դուրս եկանք քայլելու փողոցներով՝
նման վերստացած կալվածքի,
և ապակիներին հեղվում էր
առատությունը արևի,
և պայծառ սաղարթում
ամառը խոսում էր թրթռուն անմահությամբ:

 

Անապատը

Նախքան անապատ մտնելը,
զինվորները երկար ժամանակ ջուր էին խմում ցիստեռնից:
Հիերոկլեսը իր ջրի գավաթը
դատարկեց հողին և ասաց.
«Եթե մեզ անապատն է սպասում,
ես արդեն անապատում եմ:
Եթե ծարավը ինձ այրելու է,
թող հիմա այրի»:
Սա առաջին առակն է:
Նախքան դժոխք իջնելը
Աստծո լիկտորները թույլ տվեցին ինձ նայել վարդին:
Հիմա վարդն իմ ցավն է
ատվերների թագավորությունում:
Կինը լքել է տղամարդուն:
Նրանք որոշեցին ստել իրենց վերջին հանդիպմամբ:
Տղամարդը ասաց.
«Եթե ես պետք է մենության մեջ լինեմ,
ես արդեն մենակ եմ:
Եթե ծարավը ինձ այրելու է,
թող հիմա այրի»:
Սա ևս մի առակ է:
Ոչ ոք երկրի վրա
արիություն չունի այդ մարդը լինել:

 

Քրիստոսը խաչի վրա

Քրիստոսը խաչին է: Ոտքերը հպվում են հողին:
Խաչերը նույն բարձրության են:
Քրիստոսը կենտրոնում չէ: Նա երրորդն է:
Սև մորուքը կախվել է կրծքին:
Դեմքը ուրիշ է, նման չէ նրա ուշ կերպարին:
Մռայլ հրեա: Ես այն չեմ տեսնում
և կփնտրեմ այն իմ օրերում
մինչև երկրային քայլերը վերջին:
Անկարող, նա չարչարվում է անձայն:
Փշե պսակը ցավ է պատճառում:
Նա չի լսում ծաղրանքը ամբոխի,
որ դարձյալ հոոգեվարք է տեսնում:
Իրենը, թե ուրիշինը: Միևնույն է:
Նա խաչին է: Ցնորամտում է արքայության մասին,
որ գուցեև իրեն է սպասում,
կնոջ մասին, որ իրենը չէ:
Նա չէր տեսնելու ոչ աստվածաբանությունը,
ոչ երրորդությունը , ոչ գնոստիկներին,
ոչ տաճարները, ոչ Օկամի ածելին,
ոչ պուրպուրը, ոչ մրտենին, ոչ ժամերգությունը,
ոչ սրով մկրտված Գուտրումին,
ոչ հավատաքննությունը, ոչ արյունը տառապյալների,
ոչ խաչակրաց արշավանքները, ոչ Ժաննա դ’Արկին,
ոչ էլ զենքերը օրհնող պապերին:
Նա գիտի, որ ինքը աստված չէ , այլ մարդ,
որ մահանում է վերջալույսին:
Նրան միայն ցավ է պատճառում երկաթը մեխերի:
Նա ոչ հռոմեացի է: Ոչ էլ հույն: Նա հառաչում է:
Նա թողել է մեզ փայլուն փոխաբերություններ
և խորհուրդը ներման, որ կարող է անցյալը ուղղել:
(Այս միտքը մի իռլանդացի է բանտում գրել):
Հոգին մահ է փնտրում:
Արդեն մթնշաղ է: Նա մահացել է:
Անկենդան մարմնին ճանճն է նստել:
Ի՞նչ է ինձ համար նրա տառապանքը , եթե
հիմա տառապում եմ ես:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *