2008 թվականի այդ օրը սովետական արտադրության Գազելը կանգնեց շենքի բակում, թաղի լավ տղեն, որին Ճոճոլ էին ասում, բացեց դուռը, գրպանից հանեց ցուցակն ու անուն առ անուն, աշնան ճտերին հաշվելու պես, հերթով ներս թողեց շենքի 18-ը լրացած քաղաքացիներին: Այդ տարիներին երկրի բնակչությունը բաժանված էր երկու խմբի՝ ընտրողներ և չընտրողներ: Գազելը սարսափազդու վնգաց ու սլացավ դեպի ընտրատեղամաս, առջևից ուղեկցում էր սովետական արտադրության մեկ այլ մեքենա: Ղեկին Ճոճոլն էր, որը չնայած ցուցակում կար, բայց հաշվող չուներ, այդ տարիներին մեր քաղաքում հաշվողները դուրս էին մնում ցուցակներից, որովհետև հաշվողները հաշվողներ չունեին: Գազելը կանգ առավ ընտրատեղամասի առջև, Ճոճոլն այլևս չմոտեցավ գազելին, և դուռն այլևս չբացեց, որովհետև այդ տարիներին Ճոճոլները դռներ բացում էին ներս մտցնելու համար միայն, ընդ որում՝ էական չէ՝ ուր էին մտցնում՝ Գազե՞լ, կազինո՞, ձեն վիզ դնելու համար մի քանի ամսով վարձած գրասենյա՞կ, որտեղ անփոփոխ էին բլոտի սեղանն ու մի երկու հայհոյանք, թե՞ մեծ մի կյանք՝ լի բազմաթիվ փորձություններով, ճամբարափոխություններով, բազառներով, քաղմասներով ու վերջնական անհետ կորելու հասցեներով: Գազելի ուղևորները դանդաղ իջան, ստուգեցին անձնագրերի առկայությունը, մի քանի անգամ փորձեցին հայացքները փախցնել Ճոճոլից, հետո այնուամենայնիվ տեղի տվեցին ու ամոթխած աչքերով նայեցին Ճոճոլի շուրթերին, որից ձայն չէր լսվում, բայց բառեր էին դուրս հորդում: Ճոճոլն ասում էր՝ հիշու՞մ եք չէ, արա, Սերժ-ին, Սեր-ժին:
Հիշում ենք, հիշում ենք, գլխով տմբտմբացնում էին ընտրության օրը մի քանի ժամով ստրուկ դարձած, բայց կես ամսվա ռոճիկով հարստացած կանայք ու տղամարդիկ:
Գազելից առաջինը դուրս եկող Արմենը գիտեր, որ ընտրության գալու մեջ հաճելի մի բան կա, այդ օրը ինքը մի քանի րոպեով դեմ առ դեմ հանդիպում էր մահացած հորը, մի երկու բառ փոխանակվում, հարցնում, թե ում է ընտրելու, լսում նույն անունը, որին ինքն էր ընտրելու, ու շարունակում ընտրատեղամասի միջանցքով քայլել ու մտածել՝ տեսնես պապան մոռացե՞լ ա որ թոռներ ունի, ինչի չհարցրեց ոնց են, մեծանում են, թե չէ, դպրոցում լա՞վ են սովորում, բա իրենք ե՞րբ են սկսելու ընտրել, մտածում էր՝ երևի պապան շատ ա հոգնել, ինքը, որ տնից գազելով ա եկել, էդքան հոգնել ա, բա խեղճ հերը էդքան հող մի կողմ ա տվել, դագաղի կափարիչ ա կոտրել ու Սովետաշենի գերազմանոցից ոտքով էդքան քայլել ա, հոգնած կլինի, բա ինչ:
Հետո ընտրողները համակենտրոնացման ճամբարի գերիների պես ձեռքները հետույքին դրած իրար հետևից հերթով մոտենում էին քվեարկության խցիկներին: Էդ օրը Արմենն առաջին անգամ իր հասակակից մի տղայի զիջեց՝ կողքի շենքի Դավոն էր, որ երեք տարի առաջ գնացել էր բանակ ու անհայտ հանգամանքներում սպանվել, բայց իշխանությունները մի քիչ բարի էին գտնվել ու գործերն այնպես էին սարքել՝ իբր սահմանին ա զոհվել, որ 20 տարվա կյանքը հենց էնպես աննպատակ ավարտած տղեն գոնե հերոսի մահով գնացած լիներ, ու 20 տարի տղա մեծացրած, բանակ ճանապարհած ու հետ չընդունած ծնողներն էլ իրենք իրենց սփոփեին, թե իրենց տղեն հանուն հայրենիքի է զոհվել:
Երբ Դավոն էլ ընտրեց ու հեռացավ, ինքը մոտեցավ քվեախցիկին, վերցրեց գրիչը, բացեց թեկնածուների ցուցակն ու սկսեց փնտրել Ս տառը, գտա՛վ, մի պահը հայացքը դուրս հանեց քվեախցիկից, տեսավ անկյունում աթոռին նստած Ճոճոլին, որ հայացքով բոլորին ուղեկցում էր դեպի քվեախցիկը, հայացքով ընտրում, հայացքով ծալում թերթիկը, հայացքով ծրարում, հայացքով դուրս բերում ու հայացքով գցում քվեատուփի մեջ: Ճոճոլի սառած ու ոչինչ չասող աչքերը միայն մի ճշմարտություն էին շշնջում՝ տղերք, Սեր ժին, չնայած ընտրեք-չընտրեք, մեկ ա, ձեր ձենը բան չի փոխելու, նախապես արդեն որոշած ա ՝ Սերժն ա ու վերջ: Արմենը, Արմենները, բոլորը Արմենները դնում էին Սերժի, Սերժերի, բոլոր Սերժերի պտիչկեքն ու հեռանում ընտրատեղամասից, ընտրատեղամասերից, բոլոր ընտրատեղամասերից, թանձր գիշերվա սև մութն իջնում էր դրամատիկ օր ապրած երկրի վրա, մութը ծանրանում էր պատուհաններից, լույսը ներխուժում էր էկրաններից, երկրի բոլոր Արմեններն ու Ճոճոլները նստում էին հեռուստաէկրանների առաջ, ու սպասում համընդհանուր հանձնաժողովի ահասարսուռ ձայնին, որը դատավճիռ կարդացող դահճի պես հեռուստաէկրաններից տոկոսներ էր շշնջում: Իսկ Սերժ անունը պոկվում էր քվեաթերթիկներից, շրջում մութ քաղաքով, ամեն տնից մարմնի մի մաս էր գողանում, կպցնում իրար, դառնում էր նյութականացած մարդ, միայնակ նստում Բաղրամյան 26 հասցեի սպիտակ շենքում, լուռ ծխում էր, կանգնում, մոտենում զրահապատ պատուհաններին, նայում քաղաքին, որի սև լռության մեջ առկայծում էին հեռուստացույցների սպիտակ լեդ լույսերը և մտածում ընտրված չլինելու, բայց ընտրյալ կոչվելու, հերոս չլինելու, բայց հերոսանալու, ընկեր չլինելու, բայց հավատարմության երդումների արժանանալու մասին, երկրի մասին, որի գինը սեղանին դրված հաշվիչի էկրանին արդեն նշմարվում էր, մարդկանց գինը, որոնց քվեի գները բազմապատկվել էր հարյուր հազարների ու ելք էր արվում պետական բյուջեից որպես ընտրության, ընտրյալ լինելու փոխհատուցում:
Հետո բացվում էր առավոտը, ծանր փետրվարյան առավոտը, քարացած ձյան, չհեռացող մառախուղի, ճակատներին խփվող հարվածների ներքո ծանրացած առավոտը, էկրաններից ներս նստած մարդիկ պատմում էին երեկ տեղի ունեցած արդար ընտրությունների, մարդկանց չափազանց մեծ մասնակցության, վառ ապագայի ու մութ անցյալի հեռվում մնալու մասին: Արմեններն ու Ճոճոլները էլի հայտնվում էին դատարկ ու աղքատ սեղանների, խանութներում անվերջանալի պարտքացուցակների ու տասովկեք գտնելու փնտրտուքների առաջ: Հետո ցուցակներից պոկվում էին մնացած բոլոր անունները, կանգնում մի գծով ու քայլում քաղաքի փոցողներով, ոմանք մտնում էին կասկածելի դալաններից ներս և դուրս էին գալիս Բաղրամյան 26-ի միջանցքների պատերից, ոմանք հայտնվում էին Ազատության հրապարակում ու գոռում ազատության՝ վաճառված ազատության, անկախության՝ կորցրած անկախության, արդարության՝ փոխառությամբ տրված արդարության ու երջանկության՝ կորսված երջանկության մասին: Հետո Ճոճոլներն ու Արմենները դուրս էին գալիս, նստում ընտրատեղամաս տարած գազելները և այս անգամ արդեն սեփական կամքով ուղևորվում Ազատության հրապարակ, պայքարելու բոլոր վաճառված ձայների, բոլոր ձայն վաճառողների, այսինքն՝ բոլոր Արմենների ու Ճոճոլների, այսինքն՝ բոլոր իրենց դեմ:
Հաջորդ օրը ցուրտ քաղաքում հարթակ բարձրացավ անցյալի հիշողությունների ու վառ ապագայի հավատի խորհրդանիշը, այդ բարձրահասակ ստվերը սև վերարկուով էր, օձիքը մինչև գլխածայրը կանգուն, օձիքից վերև դրոշի պես ծածանվում էին հատիկավոր մազերը, այդ մարդը դեմք չուներ, քաղաքը չգիտեր՝ սարսափե՞ր, թե՞ երջանկանար, թվում էր՝ հարթակում պակասում է կարևոր դերակատարը՝ քանդակագործը, ում շնորհիվ այդ մարդը խոսելու է կամ լռելու, ով պետք է բերան ու քիթ քանդակեր, աչքեր ու ականջներ, տարիների կնճիռ: Հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդիկ լռեցին, հարյուր հազարավոր գազելնել քաղաքում կանգ առան, անջատեցին շարժիչները, հարյուր հազարավոր Ճոճոլներ հրապարակներում ու դեռ չլքած ընտրատեղամասերում վայր դրեցին բլոտի խաղաթղթերը, կանգ առան ժամացույցները, և անշարժացած քաղաքի հրապարակում հնչեց անցյալի հիշողության ու ապագայի հավատի ձայնը՝ ընդհատ-ընդհատ, կտրուկ, շեշտադրումներով ու առանց երկարացման նշանների հնչող այդ ձայնը պայքար էր պահանջում, և պահանջում էր խոստում, որ դա կլինի մինչև վերջ, իսկ հավաքված ամբոխը վանկ առ վանկ կրկնում էր բարձրահասակ մարդու խոսքերը, որի ամեն բառից ավելի էր ալեկոծվում հատիկավոր մազափունջը, դողդողում օձիքը, և դեպի վեր թափահարվում փակ բռունքները, որոնք կարծես սպասվող հարվածների խորհրդանիշն էին, իսկ մի հեռավոր Բաղրամյան 26-ում, նախորդ գիշերվա ընտրյալը դեռ կանգնած էր զրահապատ պատուհանի մոտ ու նայում էր քաղաքին, և քաղաքն այնքան լուռ էր թվում, այնքան հաշտ, այնքան համակերպված:
Այդ օրը գիշերը հրապարակում վրաններ տեղադրած ու արքունական զորքի հանգստի տեսարանի նմանված խաղաղ բնակչության վրա հարձակվեցին ոստիկանները, զինվորականները, պաշտոնյաների անվտանգություն ապահովողները, Ճոճոլներն ու Արմենները, և Ճոճոլներն ու Արմենները հարձակվեցին Ճոճոլների ու Արմենների վրա, և Ճոճոլներն ու Արմենները ծեծեցին Ճոճոլներին ու Արմեններին, հետո վրաններն անհետացան, բոլոր Ճոճոլներն ու Արմենները հեռացան, ծեծողներն ու ծեծվողները թևանցուկ հեռացան, և քաղաքի գլխավոր փողոցից կիսվեցին երեք մասի, մի մասը հեռացավ տուն, մյուս մասը՝ Բաղրամյան 26, իսկ ամենահամառները՝ դիրքավորվելու մեկ այլ հրապարակում:
Գիշերվա թանձր մառապուղը ներս սողաց Ազատության հրապարակ, ուր քաղաքային ոստիկանական խումբն ու հավաքարարները միասին կարգի էին բերում մարտադաշտը, ամեն բան խառնվել էր իրար, ոստիկաններն ավլում էին հրապարակները, հավաքարարները ձերբակալում հրապարակում մնացածներին, իսկ կենտրոնում, երկաթյա նստարանին նստած էր մենավոր առաջնորդը, անցյալի ու ապագայի խորհրդանիշը, օձիքը կանգուն, հատիկավոր մազափունջը քամու հետ աջ ու ձախ էր տարուբերվում, երկար գլանակով ծխախոտի ծայրն արագորեն մոտենում էր շուրթերին, որ հայտնվել էին հանրահավաքի ընթացքում, ամբոխից դուրս պոկված յուրաքանչյուր բառի հետ ավելի հստակորեն ձևավորվելով, և գիշերվա մթության մեջ աղոտ լույսերի արտացոլանքի ներքո ծխի քուլաները վեր էին բարձրանում, այնքան հանդարտ, այնքան անալեկոծ, ինչպես երկիրը Բաղրամյան 26-ի զրահապատ ապակիներից ներս:
Մարդիկ, ովքեր այդ տարիներին ապրել են այդ երկրում, պատմում են, որ այդ գիշերը ամենասարսափելիներից էր այդ քաղաքում, և որ այդ գիշեր մահացան 10 Արմեններ, կամ Ճոճոլներ, հստակ տարբերել հնարավոր չեղավ, որովհետև բոլոր մահացող Ճոճոլներն իրենց ճանաչողների հիշողության մեջ դառնում էին Արմեններ, բոլոր Արմենները՝ Ճոճոլներ: Այդ գիշեր եկեղեցու բակում սպանվեց նաև Արմենը, ու լուսադեմին հայրն ու իրենց կողքի շենքի Դավոն բռնեցին նրա ձեռքից ու տարան եկեղեցու խորան, և ներսից ամուր փակեցին եկեղեցու դռները, որոնք այդպես էլ երբեք չբացվեցին, ու ոչ ոք մինչև այսօր էլ չգիտի՝ ներսո՞ւմ է արդյոք Արմենը, թե ոչ, իսկ Արմենի ընկերները հավատում են, որ հաջորդ ընտրություններին կբացվեն եկեղեցու դռներն ու Արմենը, հայրն ու Դավոն ձեռք ձեռքի բռնած կգան ընտրատեղամաս, ու կանեն այնպես, ինչպես կասի Ճոճոլը, որովհետև մեր Ճոճոլներին ենթարկվում են նաև հանգուցյալները:
Հետո, երբ երկրում ամեն բան խաղաղվեց, ու մարդիկ անցյալի երջանիկ օրերի պես նորից հայտնվեցին հեռուստաէկրանների առաջ, ներսում տեսան այն կադրերը, որոնցում սպանվում էին Արմեններն ու Ճոճոլները, իսկ Արմենի որդին՝ Գրիգորը, ամիսներ անց դպրոցում «Իմ հայրենիքը» թեմայով շարադրության ժամանակ մի ամբողջ պատմվածք գրեց հոր սպանության օրը հրապարակի հարթակում պատահաբար հայտնված, սև ու երկար օձիքով, հատիկավոր մազափնջով անդեմ առաջնորդին փոխարինած երիտասարդի մասին, որն այդ օրը վերջին անգամ գարուն էր անվանել մարտի 1-ը, և ասել, որ վաղը գարուն է, բայց այդ գարունը այդպես էլ չէր եկել, և այդ օրվանից իրենց երկրում գարուններ այլևս մարտի 1-ին չէին եկել, իսկ իր դասընկերուհի Անահիտը գրեց պատվածք մարտի 1-ի մասին, որը որբ երեխայի պես ցնցոտիներով մնացել էր եղանակների քաղաքում, փետրվարի վերջին օրվա և մարտի 2-ի արանքում մի տեղ, կուչ եկած պատի անկյունում: Եվ երբ ամեն գիշեր, քնելուց առաջ Գրիգորը մորը հարցրել էր, թե ուր է այդ երիտասարդ տղան, և ինչու է իր հետ տարել մարտի 1-ը, մայրը պատասխանել էր, որ իրենց հարևանները տեսել են, թե ինչպես են մարտի 1-ն ու այդ տղան ձեռք ձեռքի բռնած հեռացել հրապարակից ու անհետացել մառախլապատ քաղաքում, և այդ օրվանից հետո մարտի 1-ի ու այդ տղայի ճամփորդության մասին ոչ ոք ոչինչ չի լսել, բայց հարևանուհիները պատմել են նաև, որ այդ տղան խոստացել է վերադառնալ, և իր հետ բերել մարտի 1-ին, որպեսզի բոլոր զոհված Արմենների ու Ճոճոլների որդիները, այսինքն՝ բոլոր Գրիգորները գրկեն գարնան առաջին այդ օրը, նաև իրենց հայրերին ու երբեք թույլ չտան, որ որևէ մեկն իրենցից գողանա տարվա որևէ օր: Իսկ այդ ընթացքում, Բաղրամյան 26-ում, զրահապատ ապակիներից ներս կանգնած հավերժական ծխախոտով ընտրյալը կարդում էր Գրիգորի ու Անահիտի շարադրությունները, ու խնամքով տեղավորում սեղանին մի գծով դասավորված գրքերի, նամակների, շարադրությունների ու փաստաթղթերի տրցակի արանքում:
Ասում են, թե հետո ամեն տարի, փետրվարի վերջին օրվա և մարտի երկուսի արանքում ինչ-որ պահի, հրապարակում եղած և չզոհված քաղաքացիները, գալիս էին այն հրապարակ, ուր տեղի էին ունեցել Արմենների ու Ճոճոլների սպանությունները, ծաղիկներ էին դնում նրանց սպանության տեղում, և ամեն տարի այդ մարդկանց հետ հրապարակ էր այցելում նաև այն բարձրահասարկ, հատիկավոր մազափնջով, սև վերարկուով առաջնորդը, որն ըստ լուսնոտի պես տուն առ տուն շրջող լեգենդի՝ Արմենի սպանությունից հետո փակվել էր քաղաքի վրա ծանրացած ամպերից մեկին կառուցած սև, երկար վերարկուով տանը, որի կտուրը այնքան մոտ էր երկնքի արքայությանը, որ ոչ ոք մինչ այժմ էլ չի տեսել նրա երդիկից դուրս եկող ծխի քուլաները: Իսկ ուշ գիշերներին, երբ բոլորը հեռանում էին տուն, խմում իրենց զոհված ընկերների օղորմաթասերը, հայացքները վեր էին պարզում դեպի երկինք մահացածների աչքերին նայելու համար, ամեն անգամ այդ ուշգիշերներին բացվում էին Բաղրամյան 26-ի ծանր մարմարյա դռները, և երկար, կարմիր, թավշյա գորգով ցած էր իջնում մենավոր ընտրյալը, և ոտքով հատելով քաղաքը երկու կես անող փողոցը, միայնակ կանգնում էր այն եկեղեցու դռների առջև, որտեղ ըստ վկայությունների վերջին անգամ տեսել էին Արմենին, իր հոր և իրենց կողքի շենքի Դավոյի հետ ներս մտնելիս: Եվ ընտրյալը աղոթում էր զոհվածների հոգիների խաղաղության համար, մոտենում եկեղեցու դռներին, և բանալու անցքից մեղմորեն շշնջում աղոթքի կցկտուր բառեր, հետո երեք անգամ քաշում դռները, ստուգում, արդյոք ապագա տարիներին կբացվեն դրանք, թե ոչ, մի մեծ քար դնում դռների առջև, որպես զոհվածների վերադառնալու խոչընդոտ, և վերադառնում մենավոր ապաստարան, գեներալների և զինվորների, պատգամավորների և դատավորների, վերին դասի Ճոճոլների ու Արմենների հետ խաղաղության կոնֆերանսի: