Համլետ Առաքելյան | Խաղաղ… Ու անվերջ

այս քաղաքում

այս քաղաքում,
որ իմ հայելին է,
ապրում է խաբկանքը

իսկ ես սաղմ եմ
անդառնալի երազային քաոս է
այն քաղաքում,
ուր ես եմ ապրում

այս քաղաքում է գաղափարը
ու մենք մտնելով նրա մեջ`
որպես ճորտեր ինքներս մեզ`
վիժում ենք ապագան

այս քաղաքում լուռ է
աղմուկն է լռեցնում հոգիները
ու այստեղ չկա բարեկամ
ինքնակամեցող են բոլոր ձայները

ու գարշահոտ է այս քաղաքում
իսկ մենք շնչում ենք այն,
ինչ նախապես ենք արտաշնչել

այստեղ դողալով են ապրում
կյանքը դող է այս քաղաքում
ինքներս մեզ խաբելով ենք ապրում
ինքնախաբեությամբ մեռնում

 

Էքսպրոմտ

Կարևորը` անկարևոր խոսքերն են քո մոռացված,
Որ իմ մեջ են արթնանում որպես դեպքեր,
Հիշվում որպես հետքեր,
Ցավում որպես մեղքեր` փորձված,
Չփորձված ու հեռացված մտորումներ:

Հեռավորը` անհեռավոր օրերն են մեր ապրած,
Որ իմ մեջ եմ ես գտնում գտած,
Փոխում դեպի երազն անէացած,
Դարձնում հեքիաթ մի հորինված,
Անծանոթ ու չփորձված:

Թևավորը` անթև մտքերն են իմ վերագտած,
Որ քեզ հետ կիսել եմ ես անդարձ:
Բայց դու` միամիտ,
Որպես երեխա բարի, անմիտ
Մտել ես ինձ հետ դժոխքն իմ անսիրտ:

Հարկավորը` անհարկի հարկերն են ամրոցիդ,
Որ դեռ պիտի սառեն իմ հալոցքից,
Անցնեն, փշրվեն պայթոցներից,
Սրտում պահված անմեղ նրբից,
Որ բիրտ է դառնում քո հայացքից:

 

Խաղաղ… Ու անվերջ

Չստացվեց հենց այն պատճառով, որ ես…
Որ ես ուղղակի չէի ուզում, որ որևէ մեկը,
Ինչ-որ մեկը հանկարծ իմանար, որ ես…

Ցանկացա հենց այն պատճառով, որ ես…
Որ ես ուղղակի չէի ուզում, որ ինչ-որ մեկը,
Որևէ մեկը հանկարծ խառնվեր ու իմանար, որ ես…

Փորձեցի հենց այն միտումով, որ դու…
Որ դու էլ ուղղակի չէիր ուզենա, որ որևէ մեկը,
Ինչ-որ մեկը հանկարծ պատահեր ու իմանար, որ ես…

…Որ ես պաշտում եմ քեզ:

Չուզեցի, որ որևէ մեկը,
Ինչ-որ մեկը հանկարծ հասկանար, որ ես…
Որ դու… Գուցե… Լինես:

Բայց ես միևնույնն է չհասկացա, որ ես…
…Որ ես գիտեմ` դու կաս:
Թեկուզ միասին մեր անցկացրած օրերում իմ երազների…
Իմ խաղաղ ու անվերջ հանդարտության կողքին,
Քո խաղաղ ու անվերջ հանդարտության հետ միասին…

 

Հատված

ես կարող էի վերհանել
պապերից ստացած իմ ժառանգությունը
բայց նրանք ինձ բարոյականություն չեն ժառանգել
ու դրա համար ես, ավա՜ղ,
սիրում եմ խաղալ բառերի հետ

դե հիմա, ինչ անեմ,
ես էլ մի քիչ քիչ տղամարդ եմ
բայց իմ խոսածը բառախաղ չէ
ես սիրում եմ այն խոսքերը,
որոնք չունեն իմաստ,
որովհետև դրանում է ամենաիմաստությունը

արի այս անգամ էլ ես փիլիսոփայեմ
քայլող չկա
կա քայլք
կա արվեստ
արվեստագետ չկա երբեք

խաղալ եմ ուզում ու կխաղամ այնքան
մինչև ազատվեմ ժառանգությունից

ես՝ իմ մարմնում
ես՝ իմ մարմնից դուրս
ամեն ինչ սկսվում է այնպես
ինչպես ավարտվել է նախապես

ու դու ինքդ քեզ հարցնում ես
որտեղի՞ց լուսավորությանդ
այդքան ատելություն արմատի նկատմամբ

վաղը կորոշվի ամեն ինչ
վաղը կորոշվի ամեն ինչ

ազատեք ինձ բովանդակությունից
որովհետև ես խեղդվում եմ
երևույթների հարաբերականությունից

դու փտում ես
ընթացքը քեզ կուլ է տալիս
խաբիր՝ որքան կգա
ցույց տուր նրանց
որ դու էլ կարող ես
անբովանդակ ու չկամ լինել
քանի դեռ կոկորդով
քեզ չեն անցկացրել

վաղը կորոշվի ամեն ինչ
վաղը կորոշվի ամեն ինչ

ազատեք ինձ ընկերությունից
կիցից, լիից ինձ ազատեք
ես կկանչեմ ձեզ երբ խաղաղվեմ
իսկ այդ ժամանակ պետք կլինե՞մ

դուք սիրում եք ձեզ իմ մեջ
ես էլ ինձ եմ ձեր մեջ սիրում
իսկ որտեղ ենք իրականում
ոչ ոք երբեք չի հասկանում

վաղը կորոշվի ամեն ինչ
վաղը կորոշվի ամեն ինչ

ձեզ ասում եմ՝ մի իմաստավորեք
արած-չարած՝ ում է պետք
իսկ դուք տգետ զինվորի պես
անելիքն եք դարձնում ԵՍ

կամ խոսքերը՝ հնում թաղված
վերհանում եք հատված-հատված
ամբողջական չէ ձեր պատկերը
ծառայեցնում եք ուրիշի մտքերը

բայց ում են պետք այդ մտքերն
ու ձեր մտքերը

վերհիշիր քեզ
վերհիշիր քեզ

չեն ծառայի ձեզ իմ մտքերը
ներաշխարհն ու բոբիկ ոտքը
ես մերկանում եմ իմ ընտրությամբ
դուք նույնպես

վաղը կորոշեմ ամեն ինչ

 

* * *

մատներիդ հետ խաղամ զգալով երանության ներշունչը քթում
սահեմ սահմաններիդ անսահմանությամբ ու մատներս հպեմ քեզ
ցուցամատը, միջնամատը, մատնեմատը…
ու մտքում տեսնեմ մատն այդ ծառայած իր իմաստին

մատներդ սահուն մտնեն վարսերիս մեջ միացնելով հպումներն իրար
դանդաղ սահեցնեմ կոպերս աչքերիդ ու բարձրանալով համբարձվեմ ոսկրերիցդ
անձայն ծառայեմ մաքրությանդ լռեցնելով աղմուկը ներսիս
իսկ աչքերս աչքերիդ հառելով կախարդվեմ լույսիցդ արարող

 

* * *

մեր խորանի առաջ ծնկի ենք գալիս որբացած
դիսհարմոնիկ ձայները մեր առջև հառնում են
որպես մահվան ճիչեր
ու մենք զգում ենք
որ նրանք ոչինչ չգիտեն
իսկ մենք իմանալու համար շատ թանկ ենք վճարում
ներսի խտանյութը դիմակների տակ է
այն երբեք չի ծնվում
որովհետև չես կարող սիրել անընդունելին
դրա համար դու դիմակավորում ես սերդ էլ
ու հարցնում Տիրոջը
ինչու՞ ինձ այս խնդրով ծնեցիր
ու ականջներդ ծակում է պատասխանը
որ դու պիտի միշտ ծնկի գաս խորանիդ առջև
լեշն ու հավատամքներն էլ
ծնկի կգան արարման առաջ
դու էլ
ու մինչև մայրդ կտեսնի քեզ լույսի տակ
կցերդ՝ աստղի
դու մահը որպես հառաչ ես զգում
ու ամեն րոպե ես մեռնում
իսկ ուրիշների արարումը քեզ միայն
մի վայրկյանով է հետ պահում
ու այդ վայրկյանները ձգվում են
մինչև դու էլ արարես
ու հենց դադարես,
կդադարի և ձգումը
Նեն հայրդ է,
ու քանի հավասարված են աշխարհները
բարևիր խտանյութին, որով ծնվել ես
ու դրան թող խոզերը երբեք չմոտենան
քեզ թվում է, թե դու խորանն ես ընտրում՝
մերժելով աշխարհավորներին
երրորդն է քեզ ընտրում, որ միջև է դրանց
մենակ՝ ոչնչի դիմաց

 

* * *
անհայտությունից ես գալիս
ինչպես արևածագն առավոտյան դու
հեռուներից ես գալիս
դանդաղ, ինչպես բրազիլական կիթառ դու
դրսից ներս ես գալիս

ակունքից ես գալիս
ինչպես ձայնը քաղցր արթնացնող ինձ քնից դու
հեռավոր կամուրջից ես գալիս
գերող, ինչպես ռուսական պարուհի դու
թատրոնի բեմից ես գալիս

տուն ես գալիս
ինչպես ճառագայթը արևի դաշտի վրա դու
եթերային ես գալիս
արարող, ինչպես անավարտ մի պոեմ դու
ինձնից ինձ ես գալիս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *