Ասպարեզների ու մեհյանների մոտով,
Տաճարների ու պանդոկների միջով,
Ճոխ գերեզմանների,
հսկա շուկաների կողքով,
թմրություն ու վիշտ ճաշակած,
Հռոմն ու Մեքքան անտեսած,
հուսահատվածի կապույտ արևով լցված
անցնում են երկրով ուխտավորները:
Կուզիկներ են հավերժ,
քաղցած, ցնցոտիներով,
նրանց աչքերում մայրամուտներ կան,
իսկ սրտերի մեջ արևագալներ:
Անապատներն են երգում նրանց կրնկից,
Շանթ է որոտում և
աստղեր փայլում նրանց երկնքում:
Իսկ թռչունները խռպոտ գոռում են,
որ այս աշխարհում ոչինչ չի փոխվի,
Նույնը կմնա.
կուրացնող ճերմակ,
կասկածելի նուրբ,
Մշտական խաբկանք,
թեկուզ մեկնելի,
բայց միշտ անեզր ու հավերժական:
Նշանակում է, որ կհավատաս
ոչ քեզ,
այլ Աստծուն:
Եւ մնալու են սոսկ պատրանք և ուղի:
Եւ՛ արևամուտ է կրկին լինելու,
և՛ արևածագ:
Զինվորներն են պարարտացնելու երկիրը,
իսկ պոետները լոկ գովք են երգելու:
Թարգմանությունը ռուսերենից՝ Շավարշ Ազատյանի