Վարդան Սմբատյան | Մահացու մաթեմատիկա

Հաշվիր մինչև հազարը,
Եվ ամեն ինչ կավարտվի…
Հա լուրջ եմ ասում
դե սկսի՛ր:
Հաշվիր սինթետիկ երազներդ,
մեռնողներին հաշվիր,
հաշվիր կյանքի գնաճն ու
մարդկանց հավերժական գնանկումը:
Հաշվի՛ր:
Հաշվիր քաղցի օրերդ,
և չապրած տարիներդ հաշվիր,
նաև հաստափոր տականքներին՝
որ լափում են իմ ու քո,
չծնվող զավակների, հուսահատության տենդից մեռնող ծնողների
վարձքը՝ փսխելով փողոցներում:
Հաշվի՛ր
Քաղաքական բոլոր պոռնիկներին
երեսփոխ
և նրանց վաճառվող լրծուն մոզիներին բյուրավոր:
Հաշվիր հոգով սովյալներին և հաց երազող սևերին`
մեր եղբայրներին, դեռատի աղջիկներին, արևից խաշվող
Նրանց մայրերին հաշվիր, որ լողանում են Աֆրիկայում
մեզի ցնցուղով:
Հաշվի՛ր էլիտար, լոբիստ բոլոր լրբի տղերքին,
ում առաջ քոծի պես բանվում, մեռնում է
երիտասարդությունը:
Հաշվիր արնակարմիր փամփուշտները, խուլ զենքերը ոսկյա ձգաններով:
Չմոռանաս նաև հաշվել
հրեաների, ռուանդացիների, հայերի, խեղճուկրակ կարմրամորթ հնդկացիների Սիրիայում, Իրաքում և այլուր մեռած ու
ամեն օր խոշտանգվող մարդկանց քանակը:
Թվերը կդադարեն գումարվել իրար
արյան սարսուռից:
Այս ամենի հանրագումարը սարսափելի է անգամ
պատկերացնել:
Մանկուց ատում եմ հաշվելը,
ինչ է կյա՞նքը
Մահացու մաթեմատիկա,
ոչինչ ավելին…

 

***
Եվ ջրերը չգիտեն՝
ինչ է մահը:
Նրանց միջով հոսող քաղաքները,
հատվում են ավազում:
Երկինքը հոգին է ցամաքող ջրերի`
ցրված ճերմակ ամպերով:
Եվ ջրերը մաղում են ժամանակն
ինքնահոս ողբից,
հիշողության համաճարակից:
Ջրերը չգիտեն ու չեն իմանա,
թե ինչ է մարդկային մաղձը:

 

***

Լողալ սովորեցինք
ձկներից լավ,
պաշարեցիք բարձունքը Էվերեստի,
թռչունները մեռան ծառերին,
հաշվեցինք տիեզրական բոլոր մարմինները,
անգոյության մոլորակները հսկա,
տրորեցինք լուսնի հողը կեղտոտ ոտքերով:
Թռչում ենք անվախ երկաթե թռչուններով`
խոցելով որբացած երկինքը,
ամեն ինչ գիտենք,
անգամ գազանների լեզուն,
բայց մարդ լինել,
մարդ մնալ չսովորեցինք:

 

***
Հույսը եկավ երկուշաբթի,
և աշխարհը՝ տքնած բեղմնավոր աշխատանքից,
ննջեց ասֆալտին:
Վախը եկավ երեքշաբթի, խրոնիկ նևրոզով լցրեց քաղաքը,
կուլ գնաց պատառի հետ
իրիկնահացի:
Ցավը եկավ չորեքշաբթի
վաղորդյան ցողի հետ, որ արնաթաթախ երակը մերկ
քաղաքիս ծածկի:
Կարոտը թափվեց հեղեղի հետ պաղ այս հինգշաբթի,
ու ստեղները պիրկ ռեքվիեմ երգեցին սին հոգեվարքի:
Լույսը եկավ ուրբաթ հոգնած
գոյամարտից,
ընկավ`
որպես վերջին մարտիրոս
աշխարհամարտի:
Սերը եկավ շաբաթ
ու կյանք տվեց նոր Արամազդին,
Բայց ուշ էր արդեն,
Գուժել էր մահը վերջին կիրակին:

 

***

Եթե գաս,
կդադարի ձյունը
արնահամ,
Կավարտվեն
պատերազմները,
կխաղաղվեն դևերը մարդակեր։
Եթե գաս նախընթաց գիշերին
Զատիկի
Ես կպատմեմ բոլոր մեղքերի մասին
Որ գործում ենք գնալուդ պատճառով։

 

***
– Եվ իվերջո ի՞նչ է
Բանաստեղծությունը
– Նամակ Աստծուն
Որը երբեք տեղ չի հասնում։

 

***
Ես գտնում եմ քեզ
բոլոր դրամաներում,
ստատիկ կյանքի կանգառներում հոծ,
դատարկ արվարձաններում մահվան,
ֆիլմերում` կիսատ թողնված և
գրքերում փոշոտ…
ոչինչ չտվող ողբերգություններում ` հունական
ուր դու կամ ես միշտ մեռնում ենք
ես գտնում եմ քեզ չապրված բառերի ու քաղաքա-մայրերի,
մեջ,
լռության շավիղներին
Դու` դեժավյու ես:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *