ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2019-ի հուլիսին ձեռնարկել էր «Ուրիշ հուլիս» հատուկ աշխատարանների շարք, որոնցից մեկի` գրող Աննա Դավթյանի վարած «Պոեզիա առանց հանգի» աշխատարանի արդյունքում ստեղծված բանաստեղծությունները սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Անի Սաֆարյանը ծնվել է 2005 թվականին Երևանում: Մասնակցելով «Պոեզիա առանց հանգի» հատուկ դասընթացին` որոշել է գրել: Սիրում է լավ գրված, բայց առանց համբավի ստեղծագործություններ կարդալ:
***
«Ընկնող ինքնաթիռում աթեիստներ չկան»,-
հնչեց Կապիտանի ձայնն, ու մնացած բոլոր ձայները լռեցին:
Ամառային տոթ երեկո է, ընտանիքիս հետ դաշտում փիքնիքի եմ,
Աղջիկս իր ընկերուհու հետ վազվզում է դեղնած խոտերի մեջ,
Կինս հավաքած ծաղիկներով պսակ է հյուսում,
Իսկ ես… նայում եմ սիրելի կնոջս եւ նրան այդքան նման դստերս:
Լսվեց չափից դուրս ծանոթ ձայն, էլի ու էլի:
«Արթնացեք, արթնացե՛ք, մենք ընկնում ենք,
Արթնացեք, արա՛գ»:
Տեսարանը մռայլվում է, հետո անհետանում,
Ամառ չէր, հիմա իմ մանկության սառը ու անձյուն ձմեռներից մեկն էր,
Երբ ես փախա այդքան անտանելի մանկապարտեզից ու…
Էլի այդ ծանոթ ձայնը.
«Կենտրոն, կենտրոն, կարմիր կոդ, կրկնում եմ, կարմիր կոդ, մենք ընկնում ենք,
Կրկնում եմ, ընկնում ենք»:
Իմ առաջին թռիչքի օրն է,
Անցնում եմ ոլոր-մոլոր ճանապարհներով, բարեւում Ջերեմիին…
Իհարկե՛, սա Ջերեմիի ձայնն է,
Ուժեղ փակում եմ աչքերս ու արթնանում:
Գլուխս թեքում եմ` Ջերեմիի վախվորած դեմքը ակնկալելով,
Բայց նա, չտալով ողջ լինելու որեւէ նշան, պառկած է իր բազկաթոռին:
Թղթե ինքնաթիռի բոլոր հիշողությունները խառնվում են ծովի բրիզի հետ
Եւ կորում նրա ալիքների մեջ:
***
Երկնքից կրակ էր թափվում,
Ասֆալտը հալվում էր աչքերի առաջ,
Ամառ էր։
Շոգից փախչելու մի տեղ կար`
Լողավազանը:
Նա քայլում էր դանդաղ,
Իսկ լողում էր ավելի դանդաղ` խախտելով լողավազանի պոնտային համակարգը,
Ծույլ շարժումներ անելով` նա հազիվ գնում էր առաջ`
էգոիստաբար ստեղծելով իր համար մի փոքրիկ աշխարհ:
Շունչ, արտաշունչ,
Այդ իդիլիան կարող էր դեռ երկար շարունակվել,
Եթե ինչ-որ գեր տղամարդ ոտքով չհարվածեր նրա ծոծրակին:
***
Տատին մամայիս թթու փակել էր սովորեցնում,
Իսկ ես խոհանոցում նստած մտածում էի,
Որ մաման ոչ թե թթու,
Մաման դուռն ա փակում իմ վրա:
***
Երեխեքով որոշում էինք մեր հայաթի Անուլին ծնունդի կանչենք, թե չէ։
Գցում-բռնում էինք բոլոր պլյուսներն ու մինուսները,
Վերջը որոշեցինք չկանչենք,
Բայց ինքը ինքնուրույն եկավ:
***
Երեխեքի հետ նստած կարգին հաղորդում էինք նայում,
Հայկոն ու Մկոն ինչ-որ մեկի ձեւերն էին անում,
Հայկոն` կեղծամով,
Մկոն` վարդագույն խալաթ հագած,
Քաղաքապետ դառան:
«Եթե տեղափոխվեինք 2014 ու ասեինք, որ քաղաքապետ են դառնալու,
ի՞նչ կանեին»:
«Չգիտեմ, երեւի կհրավիրեին իրենց հետ խաղալու, ու
հիմա բոմժի նման փլավ չէինք ուտի»: