Գոհար Գրիգորյան | 18-րդ մեղք

Ոչ ոք

դժվար է
ոչ ոքի մասին չգրելը
ավելի դժվար է
գրելը ոչ ոքի մասին…
քայլիր ճաքած քարտեզների վրայով որի ցամաքները բառադիեր են
ու կզգաս սեփական գոյությանդ մաշկի վրա
որ
մի կարճ անվերջություն վատնել ես
փակ աչքերի տակից նույն մանուշակագույն էկրանին նայելով
դժվար է սպասելը ոչ ոքի
ավելի դժվար է
ոչ ոքի չսպասել կարողանալը
մինչ անծանոթ կատուները փնտրում են իրենց մահը անիվներին լղոզվելով
ձեռքդ դիր ցանկացած Լռության ուսին
ու կզգաս սեփական անտարբերության
մաշկի վրա
որ մի անգույն տարբերությամբ
ես գտել եմ իմ մահը
դժվար է ոչ ոքի չսիրելը
ավելի դժվար է սիրելը ոչ ոքի…

 

 

Քաղաքը ծխում է

Քաղաքը ծխում է։
Քաղաքը ծխում է։
Քաղաքը ծխում է։
Տարբերակներ չեն սրանք։
Երակներ են, որ տանում-բերում են թթվածին դարձած ծուխը։
Այս քաղաքը աՄԵՆԱԿարող է. նույն պահին կարող է ծխել, ծխալ ու ծխի մեջ լինել։
Իսկ իմ քաղաքը միայն ծախում է ու հատկապես վերջին չորրորդին։
Այնտեղ, ուր բերրի քաղաքներ էին, ցանեցին մարդկանց, ու մարդիկ երբեք չհասան։ Չհնձեցին նրանց։ ՀաՍՈՒՆությու՞ն, նրանք հա ՍԻՆ են։
Քաղաքը ծխում է։
Քաղաքը ծխում է։
Քաղաքը ծխում է։
Ինչ-որ մեկը թունել է քաղաքի թունելը։
Քաղաքը աղում է աչքերս ու զրկում իր թունելի վերջին լույսից։
Ամեն ինչ սպիտակ է։
Սա ա՞ղն է, թե՞ լույսը։
Աչքերս մրմռում են։
Ամեն ինչ սպիտակ է ու
թունավոր պիտակ։
Ես քաղում եմ լեզուս ու թաղում աղում, որ չփտի,
որովհետև ես փախել եմ մենությունս դեպի։
Լեզուս նրանց պետք չէ։ Ինձ էլ պետք չէ։
Լռությունը ՏԱՌապանք է։
Տառերն արգանդն են տառԱՊԱՐԱՆՔԻ։
Ես հոշոտում եմ մենությունս։
Տառապանքի տառերը միայն ինձ են հասկանալի։
Ես փախել եմ, փախել մենությունս դեպի։
Սպիտակ լաթեր՝ աչքերին մումիա քաղաքի։
Քաղաքը չի տեսնում ոչինչ։
Գրվում է, գրվում է, գրվում է քաղաքը տառերով, տառերով, որ գրում են “տառապանք”ը։
Նրանք գրում են հատկապես մտքերն իրենց, որովհետև ուրիշից են գողացել։
Նրանց մտքերն իսկական փակուղի են կամ ածելի երակների վրա։
Նրանք գրում են հատկապես բանաստեղծություն։
Ստում են բանաստեղծները չափազանց շատ։
Գրվում են ստերը, երբ ընտելացնում ու բաց են թողնում քաղաքը։
Ընտիր բանաստեղծությունները բոլոր գրվում են այդպես։
Ես կայրեի դրանք հաճույքով։
Բայց բանաստեղծները ստում են չափազանց շատ…

 

***

ես մայթերին թափառող մենություն եմ
ծիծաղող ցավ
չլինելու արդարացում
ու մի զսպաշապիկ լռության համար…
դու սկսվում ես վերջակետից այն կողմ
իսկ ես կապույտ եմ մի գիշերվա տարբերությամբ
ես հավատում էի
մահից հետո քո գոյությանը
իսկ հիմա փնտրում եմ ներքև
կայունության կետ
թաց տիեզերքում գոյությունս խզբզելու համար
Ես քայլերից վերքոտվող հեռու եմ
դատարկության գույն
խելագարությամբ ծանրացած երակ
ու մի զսպաշապիկ լռության համար


18-րդ մեղք

Ամեն օր քրքրվում են
մենՈՒԹյան
տառերն ու գումարվում քաղաքի կիսատ
պաՏԱՍխաններին։
Մեն8յան պա10խանը 18 է։
Այսօր գործեցի իմ 18-րդ մեղքը։
18-րդ մեղքը կարող է միայն լավ ներվել, եթե հորինածդ մեղքերի մեջ վերջինն է։
Քայլում եմ մենությանս վերքերի միջով ու զգում, որ բացակայում եմ ինձնից։
Քայլում եմ իմ եսերի վրայով, որ վերջապես դուրս գամ այն վերջաբանից, որ կոչվում է
18-րդ մենության աբսուրդ։
Իմ վերջաբանի կոյուղիներից մարդկանց հոտ է գալիս։
Իմ վերջաբանը չունի հոմանիշներ։
Իմ վերջաբանը կիսատ հետերոնիմներ է։
Իմ հորինած 18 հետերոնիմների մեջ դու վերջինն էիր։
Իմ հորինած 18 եսերի մեջ առաջինը։
Մինչ մենությունս քարշ եմ տալիս քանդվող գոյությանս մեջ,
դու կգողանաս ինքդ քեզնից ու կթաքցնես սխալ քաղաքում։
Ես պարզապես սխալ վերջաբանում եմ ծնվել։
Ես պարզապես մոռանում եմ մեռնել։
Ամեն օր քրքրվում են
մենՈՒԹյան
տառերն ու գումարվում քաղաքի կիսատ
պաՏԱՍխաններին։
Մեն8յան պա10խանը 18 է։

Share Button

1 Կարծիք

  • Նարինե says:

    Քո քաղաքը գիտի ծխել, բանաստեղծություններդ գիտեն ծխալ։ Հրաշալի է, ապրես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *