Արմա՛ն | Պապ թագավոր

«Քո բոլոր ճակատամարտներն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով»

Մեծամոր, Հրանտ Մաթևոսյան

Երբ առաջին անգամ կուրտիզանուհու հետ արթնանալուց հետո ձգվեցի` նրան համբուրելու, նա ասաց կեսժպիտ, որ շատ եմ դեռ երիտասարդ թագավոր դառնալու համար: Բայց հռոմեացի կայսրը արդեն հասցրել էր (նմանը չունեցող) հանդիսավորության մեջ գլխիս թագ դնել: Հետո պալատի լայն աստիճանները վեր էին բարձրանում մարմարյա սրահով:
Տուն դառնալիս վեր ու վար անող հալումաշ ձիավորներ. հեռու ճանապարհ: Խիստ են, շեշտված՝ ասես սրով քաշված լինեն ձոր ու լեռները մեր հողերի:
Ճանապարհը դեռ երկար պիտի պտտի, մինչև ամրոցը տեսնես: Լեռան վրա՝ բարձր՝ էլի վերև: Թաց կանաչն էլ, ջրի քափքափելն էլ քարերին Արտագերսի պարիսպ չեն հասնում:
Պարիսպը բացվում է: Հոգնած ձիավորներն իջնում են ձիերից, ու ձիերը մնում են կանգնած: Շտապ առաջ եկած մեկը ջուր է մեկնում: Ծարավ, փոշոտ՝ թրջվում՝ սկսում է փայլել զրահդ հոսող ջրից: Պաշարումից հետո ապրողները զգույշ են չափում նույնիսկ ծանոթ եկվորներին, բայց հետաքրքրքությունն ավելի է. նորից տանն ես՝ աշխարհ կտրած, փոշու միջից փայլող զենք-զրահով:
Մա’յրս. շտապում եմ աստիճաններով ցած՝ Ու՞ր,- կտրում է շփոթված մի ջահակիր՝ – Թագուհու մոտ. – ասում, բացում եմ դուռը՝ վզովն ընկնելու:
Արտագերսի պարսպից թե գլուխդ կախես, կթվա՝ անդունդը խուլ հառաչով իր գիրկն է կանչում, գլուխդ պտտվում է, ասում են՝ ձորի երգն է անառիկ ամրոցին, հարբած ականջ ես դնում, խոր շունչ առնում, ու պատմում են` քանիսն ասես ցնորքի մեջ հանկարծ ցած են նետվել պարսպից:
Հրեշավոր, արնոտ գազանի պես էին սպանել մորս՝ սյունյաց լուսե դստերը՝ հայոց Փառանձեմ թագուհուն, հրապարակավ այնպես անարգելով էին սպանել, որ չկարեցա լսել անգամ: Չկարեցա, դուրս գնացի:
Արևածագի հետ ամրոցից բացվում են բոլոր գույնով վառվող հեռուները: Մինչև բարձր երկինքը անհանդուրժող-իրար կիտված հողերն են՝ դե գնա ու տեր կանգնի, մտածում եմ, ու պարսպից գունավոր մի մողես փախչում-թաքնվում է պատի նեղ ճաքերում, ասես չէր էլ եղել:
Քանի օր է՝ անցնում են աչքիս առջև լեռների մեջ ծվատված հյուղակներ, քաղաքներ՝ կիսադատարկ, ամայի: Տներում մարդ չես գտնի, արտերում ցնորքի պես ցաք ու ցրիվ փշեր են աճում: Կեսօրին մի ծեր, մի քանի կին անցնեն թե, սև ու ձիգ վեղարներով քահանաներ: Առատ բլուրներին հազիվ թե կախված հոտ ու հովվի հանդիպես: Մութը չիջած՝ խավարն ընկնում է պատ ու դռանը, ու բարակ ծուխը գիշերը մի քանի կտուրից հազիվ է ձգվում:

Միջնաբերդն արդեն լցվել է: Ճրագները՝ վառ: Բոլորն արդեն էստեղեն: Ներսեսը, ծանր նստել ու գավազանը խոսելիս ծանր ճոճելով, կանչում է ու հիշում անուններ ու շեշտում ու բերում է նորից անուններ այլ: Լռությունը փոշու պես իջել ու կախվել է թիկունքում սուր-սևազգեստ վեղարների վրա, անհամբեր ու խոժոռ դեմքով իշխանների վրա, սեղանին, բոլորիս վրա: Էլ չեմ լսում: Իշխաններից հասակով մեկը վեր է կենում տեղից. ավերեցի՛ն, ջարդեցի՛ն, ասում է, ամենինչ, ո՛չ կին, ո՛չ մարդ չեն թողել, ասում է՝ չունենք ոչինչ էլ, հրե՛ն հողերը, էկե՛ք-տեսե՛ք, վե՛րջ գա էս ամենին, պարսիկները թե էլ գան՝ էլ զենք ու զինվոր, ոչինչ էլ չի գտնվի:
Ոչինչ մնաց. վանքեր միայն, վանքեր՝ ժայռերին ու ճամփեքին՝ կտուրներով սուր, կուսանոցներ՝ ջահել աղջիկներով, ու տներ՝ հիվանդներով լի: Մուշեղն ասում է՝ քանի իշխան իր ամրոցի դարպասներն էր բացել պարսիկների գալուն պես, ու քանիսը՝ թողեց-գնաց նրանց հետ: Պատմում է Մուշեղը, խոսում է կանգնած՝ ձեռքը միշտ իր պատյանին, խնդրում է ինձ հրամանի, պատրաստ է զորք հավաքելու: Իսկ իմ աչքերը վառվում են տաք երկաթի մեջ, ու թագուհին, Արշակը թագավոր երբեք այնչափ աչքիս դեմ չէին, ինչպես այրվող պահն այսօր:
Լսվու՞մ է. շեն ու քաղաք լցվել են շիկացած երկաթի վառվող կայծերով: Երկաթը տաքանալով սկսում է ձև առնել: Հետո տանում, իջեցնում են ջրի մեջ, ատամները սեղմած տնքում է ուժեղ, շեղբը սրվում է, սկսում է ծխել, շուրջդ ծածկում ամենինչ: Ու ճանապարհին ականջներումդ երկար դեռ տրոփում է երկաթ ծեծող թնդյունը՝ գյուղից գյուղ, տնից տուն, ու ատամները զինված մինչև, ոտքերդ սեղմած ձիու քրտնած մաշկին, սլանում ես դեպի պարսիկների առնված հաջորդ բերդը: Քո լեռները պահելու համար ինքդ հերիք ես, ունեցածդ հերիք է: Աչքդ՝ վրան, ու մեջքդ էլ կախ մի գնա: Տաք ես: Սև բաշը տաք փրփռում է կրծքիդ տակ:
– Պարո՛ն (կամ ինչպես որ կուզեք՝ դիմում են թագավորին),- մոտենում է էս կողմերի մի իշխան, – ցավում ենք անչափ՝ Փառանձեմ թագուհու ու թագավորի վախճանով…ու ինչպես դաժան՝ թուրքի պես…Պի՛նդ կացեք, պարոն, – ասում, միանում են քանի ձիավոր էլ ճանապարհը դեռ չկտրած, գալիս` խառնվում ենք, հռոմեացի մի քանի խումբ մեզ հետ: Դաշտեր: Լեռներ: Կարմիր` ծակում է արևն ուժեղ, ու ձգվում է երկար ստվերը ճանապարհին:
Մութ կապույտին պարսպի վրա վառվել են ճրագները: Կախվել է անհանգիստ մի սպասում. աղեղները ձգված: Խելագար, ձիդ փոշի տված, նետվում ես նետերին ընդառաջ: Սուլոցի պես նետը հանկարծ բռնում է կողքիդ ձիավորի կոկորդից, սայթաքում է ձին, գլոր գալիս արյունի մեջ:
Ու դարպասի, ու պարսիկների ընկնելուց հետո, երբ ծանր սուրը ձեռքիցդ հարվածելուց ընկնում է հանկարծ, իսկ Մուշեղն իր խմբով կտրում է պարսպին թրթռացող վերջին ճրագները, երբ պարսիկները գլուխը կորցրած սկսում են դեսուդեն փախչել, ու գիշերը լցվում է քամու թաց շրշյունով, աչքիդ առաջ դեռ երկար գալիս է սպիտակ այն ձին՝ արյան հոսող շիթի մեջ:
Մի ամրոցն ընկնում է մյուսի ետևից, ու նորից սկսում եք դարպասներն ամրացնել. Գիշեր ու լույս:
Աղմուկը գնում, հասնում է Շահի ականջին: Փափուկ բարձերի, ու հարճերի կոր պարերի միջից կարմիր՝ իրեն դուրս է գցում, ծառաները ծանր զրահ են կապում ոտքից գլուխ, նորից մեծ զորք հավաքում. (թագուհի-թագավոր էլ գերես-սպանես՝ էս շան պրծուկը վրադ սու՞ր հանի) – Քաշվեե՛ք էն կողմ,- ասում, սաղավարտը ձգում գլխին ու դեպի հյուսիս՝ տեսած-չտեսածը հողին տալու:

Ձմեռ էր, ու ձյան տակ լռել էր անտառը: Արտագերսի ավերից առաջ թագուհին գրկում է ամուր ու ճամփա դնում սարերի մեջ պահվելու:
Քանի ամիս Շահն ընկած վեզիր-զորքով լեռների մեջ քեզ է փնտրում: Խորն անտառում լույս գալուն պես անտառի հետ վեր ես կենում, ձի բարձրանում, ու աղեղներն ուսից կախ գնում եք որս անելու: Դեռ ոչինչ չես բռնել, ոչինչ: Շունչդ՝ սառն արևի մեջ, փափուկ փլվում է ձյունը ոտքերի տակ: Բարակ ու աշխուժ մի առվակ ճամփան տանում է աղբյուրի մոտ. երեսները կախ հայելու մեջ եղջերուները ջուր են խմում: Զգույշ ուսից հանում, ձգում ես աղեղը: Նիհար մի եղնիկ մանրիկ ոտքերով քարից քար է թռչում, մոտենում, նուրբ վիզն իջեցնում է աղբյուրին: Աղեղը պինդ պահել, բայց արձակելու ուժ չես գտնում: Ձեռքիդ թեթև դող է գալիս: Ջուրը կլոր շրջաններ է գծում խմելիս, ձգվում ամբողջ աղբյուրով: Մի պահ: Ու անշարժ ճողփում է եղնիկը ջրի մեջ, եղջերուները խելապատառ փախչում են աջ ու ձախ, կորչում սպիտակ թփերում. Մուշեղի ձեռքը չի դողում: – Մի քիչ էլ՝ չէինք խոցի էլ, իմ թագավոր: Ու լուռ դառնում ենք ետ. ձյան փխրուն ձայնն է միայն քայլերիդ հետ:

Շոգ արևի տակ դաշտում անծայր փռվել է Շահի զորքը: Առջևում ալարկոտ տաքին կանգնել ու տեղից չեն ուզում գալ մարտի բերված փղերը: Հովանու տակ զրահ հագած՝ Շահը հետևում է բլրի գլխից: Քիչ հեռվում հայ նախարարներ քանի. դեռ երեկ քեզ, թագուհուն ջերմ ողջույն ու խոստումի խոսքեր էին տալիս:
Կեսօր է: Դեղին դաշտը խառնվել է արևի հետ, ու մանր գետը պտտվելիս խճճվում է դաշտի մեջ: Փռվես դաշտին ու աչքերդ փակ լսես ջրի հոսելը գլխիդ տակ: Խոր շնչում ես: Հրամանիցդ Մուշեղն արձակված նետի պես, Այրուձիի առաջն ընկած՝ անցնում է գետն ու սուրը բաց՝ խաչվում պարսիկների նիզակներին: Խուլ աղմուկի մեջ հազիվ լսում ես ընդհատվող կանչերը նրանց, հողը զրնգում է ոտքերիդ տակ, խլացնում, ավելի, ավելի, ավելի, դափդափում է ականջներիդ մեջ երկաթի բախվելը երկաթին, սմբակներն արագ գետինն են թակում, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց՝ հաշվում ես քեզ, արևն այրում է, ու ձիերը վազում են, վազում են, առաջ են ընկնում, խրվում իրար մեջ, հիմա՛, հիմա՛ – Դեռ ոչ, խնդրում ենք, պարոն, քիչ էլ սպասենք, – փորձում է ետ պահել հունաց թիկնազորը, (որ Հռոմից դեռ ստվերը կախ հսկում է քեզ ու մի օր էլ գերելու անհաջող փորձ պիտի աներ, և ինչպես օրն այդ), սեղմում ես սանձը կրծքիդ ուժեղ ու մի քանի հոգով դուրս թռչում թիկնապահ շարքերից:
Պարսիկները երկու թևերից արդեն գետն անցել, ու դեպի քեզ են գալիս ձիավորներ՝ զրահի մեջ: Երկաթն այրում է աչքերդ: Կայծակի պես գալիս-բախվում եք իրար: Առաջ եկած ձին սրիդ թեք հարվածից թողնում է հողին իր անշունչ ձիավորին, շրջվում ես ետ, նիզակը սուլում է քամու պես աչքերիդ մոտ: Հարվածիցդ անուժ կախվում է հաջորդը ձիուց, փորձում ես գնալ առաջ. կողքիդ զինվորը հասցնում է կտրել իջնող սուրը քեզ վրա, սուրն ընկնում է արյունոտ, դու՝ արյան մեջ, ականջներումդ խշշում է արյունը քո:
Արևի մայր մտնելու հետ տեսնում ես՝ ինչպես պարսիկները հետ են քաշվում: Բլուրը՝ լքված, դատարկ. Շահը փախել է արդեն: Գերի արված պարսից հարեմը Մուշեղը չի ավերում ու կարգով հետ է ճամփում շահի մոտ: Գետի պաղ ջուրը լվանում է արյունն ու շոգը երեսիցդ: Ափերդ պահում ես ջրում. թրթռում, խաղում է լույսը ափիդ մեջ: Դառնում եք տուն, հոգնած, դանդաղ:

Արտագերսի պարսպից աչքդ սարերից էլ դենն է հասնում: Դատարկվել են հողերը. ասես անշունչ սավան է փռվել շուրջդ բոլոր: Ու մարդիկ տներում ու վանքերում դեռ հաղթանակներ են տոնում ու նորից լսում տեսածն իրարից: Վառվում է մայրամուտն ամպերի մեջ: Պարսպից սկսում է մութը կախվել: Ինչ հեշտ է կորցնել հաղթանակը, երբ փորձում ես ապրել այն: Մտածում ես մթի մեջ:
Ու հողերիդ լռությունը նորից խոսքով լցնելու համար հրամանովդ փակվում են կուսանոցներն ու տներն անբանուգործ հիվանդների: Կյանքը սկսում է շարժվել: Աչքերդ վառվում են ուժեղ: Իշխաններին հետ ես դարձնում հորդ վերցրած ամրոցները, ու գյուղերին՝ հողերը, վաղուց տրված վանքերին: Եվ, որ կանաչ դաշտերն էլ չլցվեն արյունով, սահմաններին լեռների զորք ես կարգում իշխաններից ու զրահ հագցնում վեղարներին, որ ման էին գալիս դատարկ ու կուշտ: Քո հողերին էլ պետք չեն օտարի զորք, հրամաններ, և թե դրա համար Շահի հետ պիտի լեզու գտնել՝ ահա նամակը Շահին: Ու սկսում են քայլել ինչ որ տեղ նախարարներ կիսաձայն, ու վեղարները շշնջում են խորանների ետևում:
Առավոտյան լույսի հետ ձին թամբում, ու Մուշեղի հետ ընկնում եք ճանապարհ: Սառը գետակն աշխույժ կարկաչում է քարերին: Սպարապե՛տ, մերոնք սպասու՞մ են մեզ այնտեղ: Ամեն ինչ արված է, ի՛մ թագավոր: Լուռ եք, սմբակների ձայնն է թակում միայն ոտքերի տակ:
Եվ հիմա, երբ հռոմեացի նոր զորապետի հրավերքով (որ սպասում էիր արդեն) գնում ես վրանը նրա, ուր քո պատվին հանդիսավոր ընթրիք է պատրաստվել, գիտես՝ գուցե լույսն առվակի չխաղա էլ ափիդ մեջ: Ու իջնում եք ձիերից: Մուշեղն առաջ է ընկնում:
Սպիտակ սփռոցին փռված են լեռներից հազար տեսակ որս ու միս, ու լիքն են գավաթները կավե: Անկյունում քնար ու սրինգ է հնչում, ու կենացներ՝ իրար ետևից: Վերցնում ես գավաթը գինով, երաժշտությունն օրորում է տաք, վառվում են ճրագները վրանի: Եվ երբ գինին տանում ես շուրթերիդ, հանկարծ ետևիցդ քեզ են նետվում հռոմեացի երկու զինվոր: Սուրը կտրում է տեղում գլուխը քո, ու արյունը գինու հետ խառնվում է սփռոցին: Աչքերումդ անարձագանք լռում է արյան գույնը, ոտնաձայները հատակին, աղմուկը վրանում…
Ու Մուշեղը ժողով է անում իշխանների հետ և որոշում Հռոմից իրենց թագավորի վրեժը չառնել: Սուր-սևազգեստ վեղարներն աղոթում են վանքերում, ու իշխանները նորից փակվում են իրենց հեռու ամրոցների մեջ: Եվ հռոմեացիների վրանները մնում են կանգնած քո հողերին. գիշեր ու լույս:
Արտագերսի պարիսպը ճաքում է շոգ արևի տակ: Նայում եմ հեռուն: Տեսնու՞մ ես, Մուշեղ, չէ՞ի ասում՝ թիկունքից քեզ էլ սուրը խոցում է մի օր, ու գլուխդ, երբեք սպիով չներկված, հանկարծ գլորվում է հազար տեսած այս հողին: Ու ձոր ու լեռները մնում են դատարկ, ու տները՝ ամայի, վաղուց այսպես:

Կասկադի սպիտակ աստիճանները վերև են բարձրանում: Քայլում եմ դանդաղ, անշտապ, բարձրանալիս չհամբերելով մեկ-մեկ հետ եմ շրջվում՝ տեսնելու քաղաքը, լույսերը, որ էդպես էլ չհասցրի սիրել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *