Ժասմին Ղազարյան | RECORTE

-Քեռին գալիս ա, քե-ռին գա-լիս-ա,- Քլոեն իջավ նախասենյակ` ցատկելով միանգամից երեքական աստիճանի վրայով։ Նրա հետևից սանդղահարթակում հայտնվեց Մարիան՝ պսեվդոհուսահատ դեմքով։
-Ընկար` հիվանդանոց չեմ տանելու, նայի,- զգուշացրեցի ես։
Իհարկե, նա չէր ընկնի։ Քլոեն ընկնում է միայն հարթ ասֆալտին։ Գոնե դրանով լրիվ իմ աղջիկն է։
-Քե-ռին գա-լիս-ա,-աստիճանների վերջանալու առթիվ անցավ մի ոտքի վրա թռչկոտելուն։
– Դեբիլ, ինքը մեր քեռին չի, մամայի ընկերներից ա ուղղակի։
Աստվածներ, էս երեխան ե՞րբ այսքան մեծացավ։
– Կատիա՛։
– Հը՞,- ինձ նայեց իր նոր սկսվող դեռահասության բարրիկադներից։
– Էլ չլսեմ` քրոջդ դեբիլ ասես։
Ուսերը թափ տվեց, դրամատիկ ճըպպացրեց ու վերադարձավ ֆիզիկայի դասագրքին։
– Սենյորա,- Մարիան վերջապես իջավ ներքև,- չի ուզում պարի գնա։ Ուզում ա օդանավակայան գնա։
– Քլո, կգաս, կտեսնես քեռիին, դեռ մի ամիս էստեղ ա լինելու։
– Օդանավակայանում դիմավորելը հատուկ ուշադրության նշան ա,- փիլիսոփայեց Քլոն վերջին տարում երկու տարբեր այբբենարան սովորած մարդու ինքնավստահությամբ և թռավ-նստեց ծնկներիս։
Կատիան երկրորդ անգամ ճըպպացրեց` առանց գլուխը բարձրացնելու։ Ես նայեցի ժամացույցին։
– Եթե դայակիդ կհամոզես, որ էսօր քեզ հանդուրժելու փոխարեն սեղան գցի, ես քեզ կտանեմ պարի, էնտեղից էլ կգնանք Ալբերտին դիմավորելու։
Մարիան միտքը հիացմունքով ընդունեց․ տանից դուրս գալուն պես հասկացա, թե ինչու։ Ամառը նոր էր սկսվել, բայց Մադրիդն արդեն անգթորեն այրում էր շնչուղիներն ու նյարդերը։ Մեքենայով քաղաքի մյուս ծայրը հասնելու միտքը չէր ոգեշնչում, անգամ օդափոխիչը չէր փրկում։ Ալբերտի գալը գլխիցս քշել էր մինչև երեխաների արձակուրդը Սալամանկայի մեր առանձնատնից դուրս չգալու որոշումը։ Գրան Վիան խցանված էր, ինչպես պետք է որ խցանված լինի դժոխքի մուտքը Մեծ Դատաստանից հետո։
-Մի տեսակ շատ են տուրիստները, դեռ սեզոնը չի։
-Ֆիեստայի են եկել, մամ,- Քլոեն ջուր խմեց և շիշը մեկնեց ինձ,- վաղը չէ մյուս օրն ա սկսվում։

Ուզում էի կանգնեցնել մեքենան և հանգամանալից մտածել, թե որտեղից նոր կարդալ սովորած աղջիկս գիտի բոլոր նորությունները, բայց ալարեցի։
Պարի ստուդիան մեղվաբնի պես գվվում էր տասնյակ ծնողների ու դայակների ձայներից։ Օգնեցի Քլոին պարի համազգեստը հագնել, պայմանավորվեցինք հանդիպել մեկուկես ժամ հետո՝ ավտոկայանատեղում և դուրս թռա, նախքան որևէ մեկը տիպիկ ծնողական զրույց կսկսեր հետս։
Վերադարձա կենտրոն, մեքենան քշեցի Մալասանյայի նեղ փողոցներով, կանգնելու տեղ գտա Նոռտե փողոցի անկյունում և ոտքով քայլեցի դեպի «Սխալ ուղի»` միակ բարը, որտեղ վաճառվում էր նրա սիրած գինին։ Դա ինչ-որ այլասերված քացախ էր Խորվաթիայի կողմերից, որը Ալբերտից բացի ոչ մեկին չէր կարող դուր գալ։
Բարմենն ինձ ճանաչեց` փաստ, որը լավ էր նրա հիշողության և վատ` աշխարհիկ սենյորայի իմ կերպարի համար։
– Էնրիկե, մորուքդ թոշակի չես ուղարկո՞ւմ:
– Դեռ ջահել ա, հուլիսին կդառնա 15 տարեկան։
Գինին մի եվրոյով թանկացել էր։ Էնրիկեն այդ մասին հայտնեց ներողություն խնդրող տոնով, երջանիկ զգացի, որ գլխի չի ընկնում, որ հիմա կարող եմ առանց տեղիցս վեր կենալու գնել նրա ողջ բարը։
– Հինգ շիշ, մյուս շաբաթ էլի կգամ։ Չէ, ոչինչ մի հյուրասիրի, մեքենայով եմ։
Բարի կիսախավարից հետո արևն ավելի նողկալի թվաց։ Նոռտե հասնելիս արդեն գլխապտույտ ունեի։ Իհարկե, ոչ մի խելոք մարդ իրեն թույլ չի տա մոռանալ, թե ինչի է վերածվում սև մեքենան` կես ժամ Մադրիդի արևի տակ մնալուց հետո։ Բայց ես մոռացել էի, ուստի բարեհաջող ձեռքս այրեցի, կտրուկ հետ քաշվեցի, հավասարակշռությունս կորցրի, չընկա, բայց շշերրը ձեռքիցս բաց թողեցի։
Ասֆալտին կարմրավուն լճակ գոյացավ, ապա, մի քանի վայրկյան հետո, քթիս հասավ թթվաշ գինու հոտը և ծնկներս ծալվեցին։
Ալբերտ, Ալբերտ, Ալբերտո, Ալբի։
Նա գալու է, մի ամբողջ ամիս այստեղ է լինելու։ Միտքը ծնվեց ճակատիս տակ, տարածվեց, հասավ ծոծրակիս, ականջներիս, մազերիս։ Գինու թթվաշ հոտը, մեր ուսանողական հանրակացարանը, իմ ոսկրոտ ոտքերը` ջինսի մեջ, նրա` ուսերին հասնող հարդագույն փափուկ մազերն ու անվերջ բլբլոցի ժամերը։
Հավաքվիր, սենյորա Մարտինես։
Քլոեն դեռ դուրս չէր եկել։ Տեղավորվեցի սպասասրահում, որտեղ ապակու հետևից ծնողները հետևում էին իրենց ժառանգների պարային հաջողություններին։ Քլոն կարծես դժվարություններ ուներ դասական «pas»-երի հետ, բայց ֆլամենկոյի հատվածում հաստատ առաջինն էր։
Դասի ավարտից հինգ րոպե առաջ դուրս եկա ու վերադարձա մեքենայի մոտ։ Կնեղվեր, որ նայել եմ։

– Ե՞րբ ինքնաթիռը կիջնի, ե՞րբ կիջնի։
– Քլո, մի հարցը կարող ես մի անգամ տալ, նշանակությունը չի փոխվի։
– Ե՞րբ կիջնի։
– Մի ժամից։ Կհասցնենք պաղպաղակ ուտել։
– Սորբիտ, մամա, ես պաղպաղակ չեմ ուտում։
Սա տասը տարեկանից է գնալու մենակ ապրելու։
Որոշեցինք սպասել հենց օդանավակայնի սրճարանում։ Քլոեն մոշի սորբիտ պատվիրեց, ես` սուրճ ու շոկոլադե պաղպաղակ։ Եթե օրենքն ու երեխայի ներկայությունը թույլ տային` հաճույքով կծխեի։ Քլոն անսպառ պատմելիք ուներ` դպրոցից, պարի ստուդիայից, ընկերներից, անգլերենի ուսուցչից, դա հիանալի էր, շեղում էր շուրջբոլորը տեղի ունեցող հրաժեշտներից։
Հետո բարձրախոսներից արհեստական ձայնը հայտարարեց Քվեբեկի չվերթի ժամանումը։ Սիրտս սկսեց բաբախել ինչ-որ տեղ կոկորդիս մոտակայքում։ Ալբերտ։ Տեսնես մենա՞կ է գալիս, թե՞ «կյանքի մեծագույն սիրո հետ», որն արդեն չորրորդն է վերջին տասը տարում։
Քլոի հետ տեղափոխվեցինք ժամանման սրահ, նա անմիջապես կպավ ժամանողներին դիմավորողներից բաժանող ժապավենին։
Ալբերտը չէր փոխվել։ Առաջվա պես երկար ու բարակ էր, հարդագույն մազերն առաջվա պես երկար էին, և անգամ եթե սպիտակ թելեր հայտնվել էին մեջը, միայն ավելի շատ փայլ էին հաղորդում։ Աչքերի կողքի ծիծաղկոտ կնճիռները մի քիչ խորացել էին, և հիմա ավելի ուրախ տեսք ուներ։
– Քլո, թողնո՞ւմ ես մամայիդ բարևեմ, թե՞ առանց իրա գնանք։
Քլոեն դժկամությամբ իջավ նրա գրկից, և Ալբերտը փաթաթվեց ինձ։ Ինչպես միշտ, աչքերս փակվեցին նրա օծանելիքի հոտից։
– Սիրունացել ես, Անա։
– Չէ հա։
Իջանք ավտոկայանատեղ։ Արագ հայացք նետեց մեքենայիս։
– 67 թի՞վ։
– Ըհը։
– Բանալիները տուր, ծիտ։
– Էս մեքենայի բանալիները նույնիսկ Խոսեն չի վերցնում։
– Էդ էր պակաս` վերցներ,- մեկնեց բացված ձեռքը։
Վաղուց այսպիսի թեթևությամբ չէի ծիծաղել։
– Մալասանյայով գնա, գինի առնենք։
– Ջարդ՞ել ես։
– Բա իհարկե։
Ճանապարհը հինգ րոպե թվաց։ Ժամացույցին նայեցի, երբ առանձնատան դարպասները փակվեցին մեքենայի հետևից։ Երկու ժամ անցել էր։
Քլոն առաջինը դուրս թռավ մեքենայից ու տուն վազեց։ Ալբերտը խնամքով կայանեց մեքենան, քնքշորեն շոյեց ղեկը, դուրս եկավ ու գրկեց ուսերս.
– Իմ աղջիկ, ապրես։
Դա ուղղակի մեքենայի մասին էր։ Ես այն լավ էի պահում։
– Սենյակիդ տեղը գիտես։ Ընթրում ենք կես ժամից։
Մարիան սեղանը պատրաստել էր, անգամ ծաղիկներ էր դրել մեջտեղում։ Ես հավաքեցի բյուրեղապակե բաժակները և շարեցի Ալբերտի սիրած վենետիկյան մուգ կապույտները։
Նա վերադարձավ քսան րոպե չանցած` լոգանքի գելի և թարմության հոտով, թռուցիկ համբուրեց գլուխս։
– Սոված մեռնում եմ։
Քլոեն հայտնվեց սենյակում` նմանակելով անհայտ ծագման կենգուրուի։
– Կատիան չի ուզում գալ,- հայտարարեց։
– Բարձրացի, ասա ես եմ կանչում։
Կատիան եկավ, նստեց սեղանի մոտ «ինձ էս թաղմանը ուժով են բերել» դեմքով։ Նոր սպասուհին, որի անունը այդպես էլ չհիշեցի, մատուցեց ընթրիքը։ Ալբերտը բացեց խորվաթական գինու շիշը և հարցական նայեց ինձ։
– Լցրու-լցրու, ավելի վատ բաներ էլ ենք խմել։
Էժանագին խաղողի հյութի հետ խառնած բժշկական սպիրտ` իմ ու Ալբերտի մեծագույն ուսանողական հայտնագործությունն էր։
– Խոսեն տանը չի՞։
– Կեսգիշերից շուտ չի գալիս, վերջերս շատ զբաղված ա։ Կատիա, դու քեռուդ չբարևեցիր։
– Ինքը մեր քեռին չի,- Կատիայի պատառաքաղը զզվելի ճռռոցով քերեց ափսեն։
– Ես էդքան վստահ չէի լինի,- ժպտաց Ալբերտը,- էնքան վաղուց եմ մամայիդ ճանաչում, որ հանգիստ կարող էի քեռիդ լինել։
– Շնորհակալ եմ, պետք չի։
Քլոեն ճարպկորեն ծնեբեկի ճյուղ թռցրեց քրոջ ափսեից։
– Բայց անցած տարի որ քեռին եկել էր, դու իրան սիրում էիր,- և ժպտաց Ալբերտին` ցուցադրելով առջևի երկու ատամների պակասը։
– Անցած տարի չգիտեի ինչացու ա։
– Կատարի՛նա Անխե՛լ Մարտինե՛ս։ Մարշ քո սենյակ ու վաղվանից խոհանոցում կճաշես։
– Շատ էլ լավ ա,- գնաց, բնականաբար` աթոռը շուռ տալով։
Հաջորդ քառորդ ժամը սպասքի չխկչխոցը ոչ այնքան խախտում, որքան ընդգծում էր լռությունը։ Խոսել սկսեց, իհարկե, Քլոեն։
– Մամ, կլինի՞ վաղը դասի չգնամ, գնանք քեռիի հետ զբոսնելու։
– Չի լինի, բալիկս։ Դասիցդ հետո կգնանք։
– Կարուսել գնա՞նք, Քլո։ Ես վաղուց չեմ եղել։
Ալբերտը ստեղծված էր հայր լինելու համար, եթե ես դրանից որևէ բան հասկանում եմ։ Նրանք մանրամասն քննարկեցին տարբեր կարուսելների թերություններն ու առավելությունները, մինչև բերեցին դեսերտը, իսկ դեսերտի հետ հայտնվեց Մարիան։
– Քլո, կարող ես տորթը քո սենյակում մուլտ նայելով ուտել։
Քիչ մնաց խեղդվի երջանկությունից։
– Կարելի՞ ա։
– Մենակ էսօր, Ալբերտի գալու առթիվ։
Քլոն անհապաղ մագլցեց Ալբերտի գիրկը` շնորհակալություն հայտնելու։
– Մարիա, քեզ էլ տորթ վերցրու։ Վաղը երեխաներին դպրոց տանելուց հետո ազատ ես։ Քլոեին ես կվերցնեմ, Կատիան դպրոցական ավտոբուսով կվերադառնա։
– Լավ, սենյորա,- Մարիան տորթի երկու կտոր դրեց մի ափսեի մեջ,- Քլոե, գնացինք, դեռ պիտի լողանաս։
– Մարիա։
– Սենյոր Ալբերտո՞։
– Կատիային ուտելիք տար իր սենյակ, դեռ չի ընթրել։
Մարիան հարցական նայեց ինձ։ Բացեցի բերանս, որ առարկեմ, բայց գլխով արեցի։ Նրանք հեռացան` Քլոն թռչկոտելով, Մարիան՝ ծանրումեծ։
– Ալբերտ, կներես Կատիայի համար։
Նա ժպտաց` փոքրիկ սարդոստայններ աչքերի ու շրթունքների շուրջ։
– Սիրահարվում էր ինձ անցած տարի, կարծում եմ։
Ախ, Կատիա, իմ աղջիկ։
– Որտեղի՞ց ա իմացել։
– Ինստագրամից երևի։ Մի թող նեղացած մնա, Անա։ Գնա, խոսի հետը։
– Հիմա։ Վաղը ի՞նչ պլաններ են։
– Դու ցերեկն ազա՞տ ես։
– Ըհը, ես չաշխատող տնային տնտեսուհի եմ։
– Գնանք Լաս Վենտաս, վաղը կորրիդա կա։
-Գ իտես, որ չեմ նայում։
Եկավ-կանգնեց աթոռիս ետևում ու գրկեց ինձ` մի ամբողջ տարվա ու մի օվկիանոս հեռուի կարոտով, անվերջ երկար՝ մի ակնթարթ։
-Ներս չենք մտնի, մարդկանց կնայենք։
Կատիան դուռը չբացեց։

* * *

-Անա՜։
-Մմ՞մ։
-Սիրուն ես քնած,- Խոսեի կարճ մորուքը ծակեց ականջս, հետո վիզս։
-Ըհմմմմմ,- կարող էի երդվել, որ զգում եմ ուղեղիս միակ արթնացած հատվածը` ճակատիս տակ, ձախ կողմում,- ո՞ւշ ես եկել։
– Մեկն անց։ Ալբերտին տեսա, պատշգամբում ծխում էր։
– Ըհը, լա-ա-ա-ավ ա,- ծածկոցը քաշեցի վրաս, բայց անիմաստ էր։ Նրա ձեռքն արդեն հասել էր կրծքիս։
Շուռ եկա մեջքի և գործադրելով ավելի շատ կամքի ուժ, քան ֆիտնեսի պարապմունքի վերջին րոպեներին` կոպերս պոկեցի իրարից։ Խոսեն նայում էր ինձ, ինչպես տասնհինգ տարի առաջ, ինչպես ամեն օր` շոկոլադի գույնի հայացքով, որը կարիք չունի ծածկոցը վերցնել` քեզ մերկ տեսնելու համար։ Կարճ սև մազերի ոզնին, ալեխառն մորուքը, կարճ թարթիչները, բրոնզե մաշկը` ամեն ինչ նրա մեջ ժխտում էր Ալբերտի գեղեցկությունը։
Երկրորդ միտքը Ալբերտի մասին, երբ դեռ կարգին չես զարթնել։ Շատ լավ, Անա, շատ…
Միտքը կիսատ մնաց։ Խոսեն հիանալի գիտեր մարմինս. երեք ճիշտ հպում և աշխարհի բոլոր մտքերը ոլորվեցին-սեղմվեցին մեկի մեջ, մարմինս առանց թույլտվություն հարցնելու ձգվեց դեպի նա։
Խոսեն հիանալի սիրեկան էր. երբեմն ինձ թվում էր, որ մեծամասամբ հենց դա էր պահպանում մեր ամուսնությունը։ Անկողնում ես նրա մասին չէի մտածում, ոչնչի մասին չէի մտածում, նրա ձեռքերում էներգիան հերիքում էր միայն աչքիս գունավոր շրջանակներ ցույց տալու համար։
Բայց ոչ այս անգամ։
Հանրակացարանի մեր սենյակը, խորվաթական գինու հոտը, իմ բարակ ոտքերը` ջինսի մեջ, Ալբերտի փափուկ մազերը և այն, ինչով կարող էր ավարտվել այդ օրը, եթե աշխարհը մի քիչ ուրիշ լիներ։
Ես չէի ընտրել այդ տեսիլքը, ինչպես չէի ընտրում գունավոր շրջանակները։ Եվ հետո, երբ կիսափակ աչքերով նայում էի լոգարան գնացող Խոսեին, խիղճս չէր տանջում։
Երևի քնել էի ցնցուղի խշշոցի տակ. երկրորդ անգամ արթնացա Խոսեի մորուքի ծակոցից։
-Վաղուց էսպիսին չէիր եղել,- շշնջաց ականջիս։
Արդեն հագնված էր, թարմ, սիրուն` սերը ժխտող գեղեցկությամբ։
-Ժամը քանի՞սն ա։
– 9:30
– Գրողը տանի, չհասցրի Կատիայի հետ խոսել։
– Դասից կգա, կխոսես,- չհարցրեց` ինչ է եղել,- գիշերը Ալբերտը խնդրեց` եթե արթուն ես, փոխանցեմ, որ ժամը 4-ին օդանավակայան պիտի գնա։ Քնած էիր, հիմա եմ փոխանցում։
Ուրեմն կյանքի չորրորդ մեծագույն սերը այնուամենայնիվ գալիս է։ Քսանչորս ժամ էլ չտևեց։
-Լավ, ես կտանեմ։
Ու մեքենայիս ղեկին չի նստի։

Մեքքան` Ռամադանի օրերին կամ գուցե Երուսաղեմը` Զատկի տոնին. այդպիսի մի բանի էր նման Լաս Վենտասի շրջակայքը` կորրիդայի սկզբից մի քանի ժամ առաջ։ Մենք որոշեցինք մեքենան ապահով կայանատեղում թողնել` հաշտվելով կես ժամ քայլելու հեռանկարի հետ։ Մինչև մեքենայից դուրս գալը հաղորդագրություն գրեցի Կատիային, որ դասերն ավարտելուն պես զանգի։
Ես սիրում էի իմ ու Ալբերտի զրույցները, որովհետև նրա հետ կարելի էր կյանքից չխոսել։ Նա չէր պատմում իր Քվեբեկյան առօրյայից, իր նախագծած ճանապարհներից և նոր հավերժական սիրուց, ես չէի պատմում Մադրիդի շոգից ու Խոսեի սիրուհիներից, որոնց գոյությունը ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Եվ այնուամենայնիվ` ինձ երբեք չէր հաջողվում հիշել, թե ինչի մասին էինք անդադար բլբլում Ալբերտի հետ։ Ժամանակ առ ժամանակ նա ինձ կանգնեցնում էր, որ համբուրի գլուխս, ես էլ երբեմն կանգնեցնում էի նրան, որ խառնեմ հարդագույն մազերի կատարյալ սանրվածքը։ Անցորդները ժպտում էին մեզ` պիտի որ նոր սիրահարված զույգի տեսք ունենայինք։
Տուրիստական վայրերը մի անվիճելի առավելություն ունեն` դրանց մոտակայքում միշտ կարելի է շոկոլադե պաղպաղակ գտնել։ Մենք տեղավորվեցինք Կուբերտոյի արձանի պատվանդանին` ակնոցավոր չինացու և մեծ կրծքերով սլավոնուհու արանքում, ջանալով պաղպաղակը ոչ մեկի վրա չքսել։ Ինձ անհոգ էի զգում, ինչպես տասնհինգ տարի առաջ, երբ երկար ոսկրոտ ոտքերից, մի զույգ ջինսից ու Ալբերտի ընկերությունից բացի ոչինչ չունեի և հատկապես` սենյորա Մարտինես դառնալու ցանկություն։
Արենան արդեն բացել էին, և հանդիսատեսը հաստատուն հոսքով ներս էր լցվում։
– Միշտ ատել եմ Էս շենքի կարմիր քարերը։
– Ճարտարապետական արժեք ա, Անա։
– Ֆու։
– Մի րոպե, համ էլ դու առաջին անգամ էս հրեշտակի մոտ ես համբուրվել։
– Առավել ևս։ Ահավոր էր։
Չինացին դժգոհությամբ նայում էր, թե ինչպես եմ փորձում լպստել վաֆլու միջի պաղպաղակը` առանց վաֆլին կծելու։
– Անա, գայթակղում ես։
– Բոլորին, բացի քեզնից։
Նա ժպտաց, ու հանկարծ հասկացա, որ արենայի կարմիր պատերից շատ ատում եմ այդ ծալքերը` աչքերի շուրջ և շրթունքների անկյուններում։

Հանրակացարանի մեր սենյակում միշտ զգացվում էր խորվաթական թթվաշ գինու հոտը, թեև գինին այնտեղ հայտնվում էր հազվադեպ` միայն երբ փող ունեինք։ Այդ օրը հատուկ գնել էի երկու շիշ` համարձակություն հավաքելու ու նրան ասելու համար։
Մենք թառել էինք իմ մահճակալին, ինչպես միշտ, ես` ծալապատիկ, Ալբերտը` պատին հենված։ Նայում էի սեփական ծնկներիս` կապույտ ջինսի մեջ։
«Ալբերտ, քեզ բան ունեմ ասելու»:
«Լո՞ւրջ։ Ես էլ էի ուզում քեզ կարևոր բան ասել»:
Հայացքս բարձրացրի։ Նա ինձ չէր նայում, ուսումնասիրում էր իր մատները, հարդագույն կիսաերկար մազերը ծածկել էին դեմքը։
«Մի հա՞տ էլ խմենք»
«Ըհը»:
Խմեցինք։
«Տիկնայք առաջի՞նը»
«Չէ, խիզախության օրինակ ծառայի»:
«Ոնց կուզես»:

Շեփորները հայտարարեցին կորրիդայի սկիզբը։ Մեր ականջին հասնում էր օվացիան, որով հանդիսատեսը ողջունում էր ֆավորիտ մատադորներին։
-Կարող էինք գոնե առաջին սուեռտեն նայել,- նկատեց Ալբերտը։
-Չէ։
Չինացին ոտքի կանգնեց, խնամքով թափ տվեց հագուստն ու գնաց։ Ալբերտը տեղափոխվեց նրա տեղը և հիմա մենք համարյա մեջքով էինք նստած իրար։
– Քլոեն ավելի ա նմանվել Խոսեին,- նկատեց Ալբերտը։
– Հա, ասում են։
– Կատիան էլ իսկը դու ես։
– Դե լավ, ես ավելի նիհար էի։
– Խոսքն էդ մասին չի։ Դրա համար էլ շատ եք վիճում։
– Ի՞նչ գիտես։
Առանց շրջվելու գիտեի, որ ժպտում է։ Ալբերտը կարող էր հանճարեղ հոգեբան լինել, եթե հրաշալի ինժեներ չլիներ։ Հառաչեց ու թեման փոխեց.
– Դու հաստա՞տ ուզում ես օդանավակայան գալ։
– Ուզո՞ւմ ես` չգամ։
– Ուզում եմ գաս, բայց Քլոին կհասցնե՞նք վերցնել հետո։
– Ալբերտ։
– Հը՞մ։
Ալբերտ, Ալբերտ, իմ, իմ, իմ Ալբերտո։
-Սա իմ քաղաքն ա, սիրելիս, ես էստեղ ամեն ինչ հասցնում եմ։
Ռուս զբոսաշրջիկների մի խումբ մոտեցավ արձանին և յուրաքանչյուրն իր պարտքը համարեց նկարվել Կուբերտոյի արձանի հետ` ամենաէրոտիկ դիրքերով։ Մեր կողքի մեծ կրծքերով սլավոնուհին միացավ նրանց։
Հետո երկու իտալացի կես ժամ վիճեցին Արենայի անվտանգության աշխատակցի հետ` ապացուցելով Կորրիդային առանց տոմսի ներկա գտնվելու իրենց իրավունքը։ Ամենաշատը ինձ դուր եկան բրիտանուհիները, որոնք նստեցին ուղղակի գետնին, պայուսակներից հանեցին 10-12 նարինջ ու երկուսով կերան։
– Անա, չուշանանք։
– Ըհը, առաջ ընկի։
Չորսն անց էր, երբ հասանք օդանավակայան։ Ալբերտին թողեցի ժամանման սրահի մուտքի մոտ։
– Մեքենան կանգնեցնեմ` գամ։
Ստորգետնյա ավտոկայանատեղի վերելակը չորս կողմից հայելապատ էր։ Բոլոր հայելիներից ինձ նայող կինը հրաշալի նրբագեղ անրակներ ու երկար, սլացիկ ոտքեր ուներ։
Նրանք կանգնած էին անկյունում, գազավորված ըմպելիքների ավտոմատի մոտ, գրկախառնված, կարծես մի տարի առաջ էին վերջին անգամ հանդիպել։
-Մարտին-Անա։ Անա-Մարտին։
Ինձ չգիտես ինչու նյարդայնացրեց այն, որ Մարտինը շեկ մազեր ունի։ Ձեռքս մեկնեցի, նա սեղմելու փոխարեն էլեգանտորեն համբուրեց։
-Հիացած եմ ծանոթությամբ։ Ալբերտն ասում էր, բայց գերազանցում եք բոլոր բառերը, Անա։
Իհարկե ակցենտով էր խոսում։ Ֆրանսախոս մարդու զզվելի ակցենտով։
Նայեցի շուրջս` մեր կանգնած հատվածը մի քիչ մեկուսի էր. Ալբերտը վերջապես յուրացրել էր, որ Մադրիդում երկու տղամարդ ավելի լավ է չգրկախառնվեն հանրության աչքի առաջ։
– Հոգնա՞ծ եք, Մարտին։
– Բացարձակ, ամբողջ թռիչքը քնել եմ։
– Մենք կարուսելներ ենք պլանավորել երեկոյի համար, կգա՞ս, թե՞ տուն գնաս,-Ալբերտը նրան նայում էր հոգատար քնքշանքով։
-Կգամ։
Մարտինը ժպտաց նրան։ Օյ-օյ, աղունիկներ։ Ինչ-որ բանով այդ ժպիտը հիշեցնում էր Խոսեին, թեև արտաքին ոչ մի նմանություն չկար։
Մարտինը զրոյական ուշադրության արժանացրեց մեքենաս։ Ալբերտի բոլոր նախկին սերերը կիսում էին մեքենաների հանդեպ նրա կիրքը։ Այդպես էլ չհասկացա, թե ինչպես Ալբերտին հաջողվեց թեթև, անկաշկանդ զրույց բացել, բայց ճանապարհն այս անգամ էլ արագ թռավ։
Քլոեն մեզ սպասում էր դպրոցի առաջ։
-Ես բանանով կոկտեյլ եմ ուզում ու սարսափի սենյակի տոմս,-հայտարարեց նա` տեղավորվելով իր մանկական նստարանին. հետո նկատեց Մարտինին,- բարև, մեկ էլ քո մազերի գույնից եմ ուզում։
-Քրոջդ տեսե՞լ ես, Քլո։
-Ըհը, ավտոբուսով տուն գնաց։ Կլինի՞ իրան չկանչենք։
– Քլոե՛։
Մեծ հաշվով վստահ էի, որ Կատիան կհրաժարվի մեզ միանալ։ Բայց զանգեցի, որ ասեմ ` եթե ուզում է, կարող է ընկերուհու տուն գնալ։
Երեք զանգ և հեռախոսն անջատեց։ Դեռ նեղացած է։
– Քլո, քրոջդ ի՞նչ նվեր գնենք, որ փափկի։
– Ըըը, խե՞լք։
Մարտինն ու Քլոեն հիացած էին միմյանցով։ Մենք ելակի ջեմով դոնաթներ կերանք, չորսով կաթվածի հասցրինք Ատրակցիոնների այգու անվտանգության աշխատակիցներին, կորցրեցինք հեռախոսիս լիցքավորիչը, պայուսակ ու նոր օծանելիք գնեցինք Կատիայի համար, հետո ընթրեցինք «Լոլա»-ում, որտեղ Քլոն «ցնցող և զարմանահրաշ» (էս երեխան ե՞րբ էսպիսի բառեր սովորեց) հայտարարեց առաստաղից կախված նավաստիական սեղանները և խոստացավ հորը չպատմել, որ այստեղ ենք եղել:
Հետո Ալբերտը բոլորիս երկնքից իջեցրեց` հայտարարելով, որ տասնմեկն անց է և յուրաքանչյուր իրեն հարգող փոքրիկ Քլոե պետք է արդեն վաղուց քնած լինի։
Ես ընթրիքին մի բաժակ գինի էի խմել, ուստի բանալիները տվեցի Ալբերտին և տեղավորվեցի առջևի նստարանին։ Ալբերտը միացրեց նվագարկիչը` ինձ համար նորն էին տեղադրել, մի քանի երգ փոխեց և կանգ առավ Թոմի “Daydreaming”-ի վրա։ Մարտինն ու Քլոեն հետևում քննարկում էին Դիսնեյի վերջին մուլտֆիլմը, բայց շուտով լռեցին։ Շրջվեցի` ննջում էին։ Մենք էլ լռեցինք, որ չխանգարենք։
-Ալբերտ։
-Անա՞։
-Կատիան իրո՞ք քեզ սիրահարվել էր։
-Հանգիստ, սիրելիս։ 13 տարեկանում պիտի ինչ-որ մեկին սիրահարված լինես։ Մեր մեջ ասած` ինչպես և քսանում, և քառասունում։
-Ես տասներեքում սիրահարված չէի,-դիմապակուն էի նայում։
-Ուրեմն քսանում կրկնակի ես սիրահարվել։
-Քսանում քեզ էի սիրում, Ալբերտ։
Արգելակեց։ Նայեց ինձ` մթության մեջ դեմքի արտահայտությունը չէի տեսնում։
Տուն հասանք լռության մեջ և առաջինը, ինչ տեսանք` դարպասի մոտ անհանգիստ այսուայնկողմ քայլող Մարիան էր։
-Սենյորա, ես ձեզ զանգում էի, զանգում էի…
-Լիցքավորիչն եմ կորցրել։ Ի՞նչ է եղել։ Դու այսօր պիտի հանգստանայիր։
-Գիտեմ, սենյորա, բայց Կատիան…
-Կատիա՞ն։
-Կատիան չկա։ Իրերն էլ չկան։ Գնացել է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *