Կնյազը մեր հավաբնի ամենանշանավոր բնակիչն էր: Հայրս էր անունը Կնյազ դրել: Կնյազ, այսինքն՝ իշխան: Մեր բոլոր աքլորները նման էին իրար, բացի Կնյազից: Բոլորը կարմիր էին, միանման պոչերով, այս մեկը գույնզգույն էր, երկար, սև, փայլուն պոչը զարդարված կանաչ – կապույտ նախշերով: Գլխին կարմիր, փարթամ փունջ ուներ, որը քայլելիս դիտավորյալ թափահարում էր: Կնյազը բոլոր աքլորներից խոշոր էր ու սիրուն: Եվ տարբերվում էր ոչ միայն արտաքինով, այլև պահվածքով: Քայլում էր դանդաղ, գլուխը՝ ձիգ, շուրջը վերամբարձ զննելով: Մյուս աքլորների պես չէր վազվզում, կռիվ չէր տալիս ցորենի համար: Երբ ես ջո՜ւ-ջո՜ւ գոռալով ցորեն էի շաղ տալիս կլոր, մեծ թասի մեջ, մյուս հավերն ու աքլորները գլխապատառ վազում էին, որ մի քանի հատիկ ցորեն ավել կուլ տան, Կնյազը գալիս էր դանդաղ, անհավես, ձեռքերը գրպանը դրած՝ ինչպես ասում էր հայրս: Երբ նա մոտնում էր թասին, մյուս աքլորներն ու հավերը մի կողմ էին քաշվում: Նրանք չէին մոռացել Կտցանին, որը հեղինակություն էր հավաբնում, քանի դեռ Կնյազը նրա բմբուլները քամուն չէր տվել: Մի ժամանակ Կտցանը հավաբնի ամենաուժեղ ու կռվարար աքլորն էր: Նա բոլորից արագ էր վազում դեպի ցորենի թասը և ուտելու ընթացքում կտցում էր աջուձախ: Տեղին-անտեղի կռիվներ էր սարքում ոչ միայն մեր, այլև հարևան Գարեգին պապիկենց աքլորների հետ՝ չափարի վրայից թռչելով նրանց բակը: նա անընդհատ անհետանում էր ու հայտնվում էր` հերթական ճակատամարտի հետքերը վրան: Մայրս ամեն օր ասում էր.
– Կտցանն էլի չկա:
Կտցանը կոփվում էր բակային կռվիներում, Իսկ Կնյազը օր օրի մեծանում էր՝ սիրուն ու խելոք: Կտցանը երբեմն խեթ-խեթ էր նայում Կնյազին, բայց չէր կտցում: Երևի պատճառն այն էր, որ Կնյազը դեռ փոքր էր ու չէր հավակնում Կտցանի մրցակիցը լինել: Բայց կարճ ժամանակ անց Կնյազը համարյա Կտցանի չափ դարձավ: Մի օր էլ տանձի ծառի տակ, խոտերի մեջ քուջուջ անող հավերը սկսեցին բարձր ճվճվալ: Ես այդ ժամանակ տիկինիս էի լողացնում ծիրանի ծառի տակ: Տիկինիս նստեցրի տաշտի մեջ, վազելով գնացի դեպի տանձի ծառը ու տեսա, թե ինչպես է Կնյազը գետնել Կտցանին ու բմբլահան է անում: Մինչև ես մերոց կանչեցի, մինչև նրանք տեղ հասան, կռիվն ավարտվեց: Կտցանը կծկվել էր տանձենու հաստ բնի մոտ, կատարից արյուն էր հոսում, Իսկ Կնյազը կտուցով ուղղում էր դոշի կանաչ բմբուլները, որից ոչ ոք չուներ հավաբնում:
– Կռիվը ո՞նց սկսվեց,- հարցրեց հայրս:
-Չգիտեմ,-ասացի, – երբ ես հասա, Կնյազը խեղդում էր Կտցանին:Բայց հաստատ Կտցանն է մեղավոր:
Պապաս լվաց Կտցանի կատարը: Մի բուռ ցորեն տվեց ու բաց թողեց: Դրանից հետո Կտցանը խեղճացավ: Էլ վրա չէր տալիս մյուս աքլորներին ու հավերին: Խելոք իր կերն ուտում, քաշվում էր մի կողմ, փոխարենը՝ Կնյազը օր օրի խոշորանում էր ու աշխուժանում :
– Սա հաստատ փափախ ա, սա մեր աքլորներին հեչ նման չի. սրա մերը մի ղալաթ արել ա հաստատ,- մի անգամ ասաց հորեղբորս տղան:
-Ոնց փափախ, է՞- հարցրի ես անմիջապես:
-Էլ պրծում չկա,- ասաց հայրս – պիտի բացատրես, թե չէ՝ մինչև իրիկուն կհարցնի:
-Ո՞ւմ մաման ա ղալաթ արել,- պնդեցի ես:
Հայրս նայեց մորս:
– Ես գործ չունեմ,- ասաց մայրս: – Ով ասել է, թող նա էլ պատասխան տա:
Ու մտավ տուն:
– Կուզե՞ս քեզ համար շվի սարքեմ,- ասաց հորեղբորս տղան:
-Չէ,-պատասխանեցի ես,- փափախն ինչ ա…
-Կիթառս կտամ, կնվագես…
Հորեղբորս տղան երբեք չէր թողնում ձեռք տալ իր կիթառին: Արժե՞ր ինչ-որ փափախի, կամ Կնյազի մոր արած ղալաթի համար զրկվել կիթառով ծնգծնգացնելու բավականությունից. ես համաձայնեցի:
– Լավ, դե կիթառդ տուր,-ասացի:
Այդ օրը ես մի լավ նվագեցի, քաշքշելով կիթառի բոլոր լարերը, հորեղբորս տղայի լարված հայացքի տակ:
…Մի քանի ամիս անց Կնյազը հավաբնի բացարձակ ու անմրցակից տիրակալն էր: Ինչպես հատուկ է բոլոր իսկական լիդերներին, նա հանդարտ էր, չէր ճղճղում, չէր աքլորանում, ցույց չէր տալիս իր ուժը, չէր ճնշում իր մյուս ցեղակիցներին, փոխարենը՝ խիստ տարբերակված վերաբերմունք ուներ մարդկանց հանդեպ:
– Ով Կնյազի դուրը չեկավ, մեր փողոցով անցնելու իրավունք չունի,- ասաց հորեղբայրս, երբ հերթական անգամ Կնյազը թռավ չափարի վրայից ու սկսեց հետապնդել փողոցով անցնող անցորդներից մեկին, հասցրեց մինչև փողոցի ծայրը ու հետ դարձավ՝ գլխի կարմիր փունջը հպարտորեն թափ տալով: Բանն այն է, որ ոչ մի օրինաչափություն չկար, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչով է պայմանավորված Կնյազի համակրանքն ու հակակրանքը մարդկանց հանդեպ: Հարցն ավելի էր լրջանում, երբ ինչ-որ մեկը մեր տուն էր գալիս: Մայրս բացում էր դարպասը, հյուրին ներս էր ուղեկցում՝ ուշադիր հսկելով Կնյազի արձագանքը: Երբեմն դա նույնպես չէր օգնում, Կնյազը այնպիսի խաբսերով էր հարձակվում իր համար հակակրելի հյուրի վրա, որ մայրս ու հայրս մի կերպ էին կարողնում պոկել նրան Կնյազի ճանկերից:
Կնյազը այս աշխարհում ամենաշատը ինձ էր սիրում: Բոլորն ասում էին, որ նա իմ թիկնապահն է: Երբ ես առավոտյան դուրս էլ գալիս բակ, Կնյազն անպայման մոտնում էր ինձ ու ձիգ կանգնում կողքիս: Իսկ երբ ցորեն էր ուտում ափիս միջից, այնքան նրբորեն էր կտցում, որ ափս բոլորովին չէր ցավում: Բակում խաղալիս երեխաները զգուշանում էին ինձն հետ ընդհարվելուց, որովհետև Կնյազը աչալուրջ հսկում էր ամեն ինչ: Ու ոչ ոք չէր կարող խլել պարանս կամ ճանկռել ձեռքս, եթե Կնյազը դրսում էր: Որովհետև մի անգամ նա այնպես հարձակվեց մեր փոստատարի վրա, որը պատահմամբ պայթեցրել էր փուչիկս ու լացացրել ինձ:
…Այդ օրը հայրս տանը չէր, մայրս ծիրան էր պճղում, որ ջեմ սարքեր օջախի վրա: Ես տիկինիս հետ խաղում էի չարդախի տակ: Մեկ էլ դարպասը թակեցին: Մամաս հեռու էր, ու դուռը ես բացեցի: Մեր դիմացի հարևան Արշալույս տատիկն էր, 70 -ն անց մի կին:
– Մերդ ջեմը փակե՞ց:- հարցրեց Արշալույս տատիկը:
– Չէ, -պատասխանեցի ես,- ծիրանները դեռ չի պճղել:
– Էկել եմ օգնեմ,- ասաց Արշալույս տատիկը ու առաջ շարժվեց: Այդ պահին անսպասելի բան կատարվեց. Կնյազը վիզը առաջ ձգած՝ սուրալով եկավ, թռավ Արշալույս տատիկի մեջքին ու սկսեց թափով կտցահարել նրա գլուխն ու դեմքը: Մինչև Արշալույս տատիկի ճիչերը հասան մորս, մինչև նրանց բաժանելու ապարդյուն ջանքից հոգնած՝ մայրս օգնության կանչեց հորեղբորս, բանը բանից անցել էր: Արշալույս տատիկի դեմքը, վիզը, գլուխը վիրավոր էին ու արյունլվա….
հաջորդ օրը Կնյազին մորթեցին: Եթե ես իմանայի, որ Կնյազին մորթելու են, հաստատ չէի թողնի: Լաց կլինեի՝ շունչս պահելով, ու Կնյազին չէի մորթի: Բայց նրան մորթեցին առավոտ շուտ, երբ ես քնած էի:
Կեսօրին ես նկատեցի, որ Կնյազը չկա:
-Մամ, Կնյազն ո՞ւր է,- հարցրի՝ ձեռքիս հավի միսը կծմծելով:
– Փախել է,-ասաց մայրս ու աչքերը պստպստացրեց: Ես ճանաչում էի այդ հայացքը ու ասացի.
– Մի խաբի: Կյնազը Կտցանը չի, որ փախչի: Համ էլ աչքերդ պստպստացնում ես:
Մայրս ծիծաղեց.
-Ի՞նչ ես բառ ես հորինել՝ պստպստպացնել:
Հենց էդ ժամանկ բակ մտավ Արշալույս տատիկի՝ Սևանում բնակվող թոռը՝ Սուսիկը, որը իմ խաղընկերն էր ու հաճախ էր ճանկռում ինձ, քանի դեռ Կնյազը չէր մեծացել: Սուսիկը երկու օր առաջ էր տատին հյուր էր եկել: Նա գոհունակ ու մի քիչ էլ չարությամբ ասաց.
– Ձեր Կնյազին քեռիս մորթեց տատիկիս կտցելու համար:
…Ես երկար լաց եղա չարդախում: Հիշում էի, թե ինչպես էր Կնյազը սիրում ինձ, ու լաց էի լինում: Հիշում էի՝ ինչպես էր կծկվում ոտքերիս տակ ու թողնում, որ սիրեմ իրեն, շոյեմ գույնզգույն պոչը, ինչպես էր պաշտպանում ինձ բակում խաղալիս: Հիշում էի՝ ինչպես էր վազվզում բակում, երբ փոքր էր ու ցորեն էր ուտում հենց ափիս միջից:
Գիշերը, երբ արդեն բոլորս պառկել էինք քնելու, մորս հարցրի.
-Կնյազը շա՞տ էր խեղճացել, երբ մորթում էին:
Մայրս նայեց հորս: Հայրս վեր կացավ անկողնուց, մոտեցավ իմ մահճակալին, ձեռքով հարդարեց խառնիխուռն մազերս, համբուրեց ճակատս ու ասաց.
-Չէ, Կնյազը քնած էր, չհասցրեց արթնանալ: