Հովո ջա՜ն… Անուշ ջա՜ն…
Չգիտեի՝ խունկը մաքրության համար չեն ծխում: Խնկարկումը Եռաբլուրն է. սառը, լուռ, մշուշոտ: Անմահների միջև կանգնած է մահկանացուս: Մահկանացուս մենակ է. սառը. լուռ, մշուշի մեջ:
Գերեզմանը տանս ավելի մոտեցավ… Էս գերեզմանը տանս մոտ է…
Չգիտեի՝ իրականությունը սկսվում է երեք բլուրից: Իրականությունը երբեք չեմ իմացել:
Էս ինչ պատերազմ բերեց մեր գլխին… Եղեռն էր, ի՞նչ պատերազմ…
Չգիտեի՝ հրամանատարներն իշխանություն չեն ճանաչում: Իշխանությունը, սակայն, հրամանատարներին լավ է ճանաչում: Հրամանատարներն են իշխանությունը:
Բ Ա Ր Ե Վ, Հ Ր Ա Մ Ա Ն Ա Տ Ա Ր
Ե Ս Ք Ե Զ Հ Ե Տ Չ Ե Մ Ծ Ա Ռ Ա Յ Ե Լ
Դ Ո Ւ Ծ Ա Ռ Ա Յ Ե Լ Ե Ս Ի Մ Փ Ո Խ Ա Ր Ե Ն
Չգիտեի՝ պարտքեր կան, որ էլ երբեք չես մարի: Պարտքեր կան, որոնց գրանցամատյանը երակներդ են: Ու դրանք թարմ են, քանի արյունը կարողանում է հոսել:
Գրկեի՜ քեզ, ու ամրանայի՜… Ամուր-ամուր թիկունքդ գրկեի՜ նորից…
Չգիտեի՝ հայրենիքը զուլալ է, ինչպես քարերից ինձ նայող աչքերը: Հայրենիքը զուլալ է… Հայրենիքը… զու…
** Բարև՛, վարպետ: Գիտեմ, երկու տարի է չենք խոսել: Գիտեմ, պատերազմից առաջ, դեռ ամռանը, դեռ վտանգի պահին, պիտի զանգեի, մոտդ պիտի գայի, վարպե՛տ, գիտեմ, բայց լսի՛ր ինձ: Քեզ մոտ չգալը չի փոխում բացարձակությունը հայրենիքի, որ քեզնից եմ իմացել:
Դ Ո Ւ Ի Մ Կ Յ Ա Ն Ք Ո Ւ Մ Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Ա Ռ Ա Ջ Ի Ն Ծ Ն Ո Ղ Ն Ե Ս
Ե Ս Ք Ե Զ Ն Ո Վ Ե Մ Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ը Ճ Ա Ն Ա Չ Ե Լ
Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ը Ե Ս Ե Մ
Չգիտեի՝ չկա էլ հայրենիքը: Վարպե՛տ, մի օր դու էլ չես լինի: Վարպե՛տ, հայրենիքը տարածք չէ, վարպե՛տ, հայրենիքը բացարձակ գիտակցում է, վարպե՛տ, ինչու՞ հայրենիքը չի հաղթում բոլորին, վարպե՛տ, ինչու՞ է հայրենիքը բոլորի համար այդքան տարբեր, վարպե՛տ, ինչու՞ բոլորս մի հայրենիք չունենք ու մի հայրենիքը չէ բացարձակը, վարպե՛տ… Օգնի՛ր ինձ, վարպե՛տ, երգի՛ր, երգի՛ր, երգի՛ր, վարպե՛տ… **
Ամեն օրն ապրեք… Հիմա ավելի շատ սիրեք իրար…
Չգիտեի՝ տղերքը կան: Տղերքը կան, քանի կանք մենք: Տղերքը մեր լեզուն են: Տղերքը կան մեր ինքնության մեջ: Տղերքը չկան, որ լինի մեր ինքնությունը:
Հայաստան ասելիս… Անուշ ջան… Հայրենիք ջան…
Հիմա գիտեմ: Մինչև վերջին արկը: Արկերից թաքուն՝ հայերեն: Թշնամուց թաքուն՝ հայերեն: Հ Ա Յ Ե Ր Ե Ն: Բարեկամից թաքուն՝ հայերեն: Բոլորից թաքուն՝ հայերեն: Հայերեն, հայերեն, հայերեն: Հայերեն մինչև վերջին արմատը, որ ծիլ է տալու նորից:
Հ.Գ.
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Տ Ա Ր,
Դու գիտեիր քո առաքելությունը: Քո կողքին շատերը չհասցրին գիտակցել: Հիմա ձեր բոլորի առաքելությունը մերն էլ է: Մեր ինքնությունը, որ հիմա երեք բլուրից է սկսվում, նորից դարձել է առաքելություն:
Նվիրվում է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակին