Խաչիկն այս տեքստը գրել է իր ընկերոջ հիշատակին և ուղարկել մեզ՝ հրապարակելու: Խաչիկ Գրիգորյանը ձեռքի հրազենային վնասվածք է ստացել, իսկ ընկերը՝ Լևոն Մանթաշյանը, զոհվել է մարտի դաշտում: Թե ինչքան խորն են Լևոնի մտքերը բանակի, պետականության, ընկերության, մտքի ուժի և հաղթանակի մասին և թե ինչպես է հայրենասիրոթյունը սերտաճում-դառնում եղբայրություն ու շարունակում ապրել ընկերոջ գրառման մեջ, կհամոզվեք, երբ կարդաք այս գրառումը, որը բաց նյարդով շարադրված տեքստ է՝ վշտի, մորմոքի, երազանքի, հաղթանակի:
Եվ ինչպես ասաց ընկերներիցս մեկը՝ «Մարդը մահացել է, էլ չկա, բայց նրա երազանքը, նպատակը նյութական, շոշափելի, օդի մեջ է, չլերդացած երազանք է և ինքդ դա զգում ես հենց հոգեհանգստի ժամանակ»: Կարծում եմ՝ այսուհետ մենք բոլորս ապրելու ենք օդում պտտվող այդ աներևակայելի երազանքը որսալու, իրականություն դարձնելու պատասխանատվությամ:
«Ամեն մարդ իր աստղն ունի․․․
Բայց բոլորի համար աստղերը համր են։
Իսկ դու այնպիսի աստղեր կունենաս, որոնց նմանը ոչ ոք չունի․․․
«Փոքրիկ իշխան» Էքզյուպերի
Աստծո ու երկնքի դաժան որոշմանը դեմ գնալով՝ դեռ հավատում եմ լինելուդ,
տեսնելուդ, լսելուդ, զգալուդ, ապրելուդ։ Ես հավատում եմ, որ դու կաս ու սպասում եմ, ընկերս։
Ոչ մի ժանր չկա արվեստի մեջ քո մասին պատմելու․ դու քո մեղեդիների պես բազմաժանր ու բազմագույն ես։
Նամակ եմ գրում Քեզ՝ գիտակցելով, որ նամակս պիտի անպատասխան մնա։
Մեղք է էս գիտակցումը։ Մեղք եմ գործում։ Հաջորդ վայրկյանին ապաշխարհում եմ, որովհետև պատասխաններդ չեն ուշանում․ ներկայությունդ միևնույնն է գործիդ հետ անմահ է։
Դու ու տիեզերքը, դու ու աստղերը հասաք իրար։ Դիրքերում միասին կանգնած գիշերը զրուցելիս ասում էիր, որ հեռու են, շատ հեռու։ Մենք խոսում էինք էդ մասին ու ցրում քունը գլխներիս, բայց ես հիմա եմ հասկանում, որ քնելուց բացի էլի բաների դեմն է առել էդ զրույցը։
Քեզ համար ներդաշնակության խորհուրդն ունեցող աստղերի մոտ ես, թե՞ հենց նրանցից մեկը։ Աստղերի հանդեպ սերդ անպատասխան չմնաց, նրանք քեզ կանչեցին ու դու լսեցիր նրանց տիեզերական հեռավորությունից քո երաժիշտին վայել լսողությամբ։
Բոլորի համար աստղերը համր են, բայց ինձ համար աստղերից մեկը դու ես․ ուրեմն երգի՜ր, համրություն չանես, շարունակիր նվագդ, դե՛․․․
Փոքրիկ Իշխանին էիր նմանեցնում ինձ։ Ես հիմա Փոքրիկ իշխանի նման հոգատարությամբ ու ընտելացնելու պատասխանատվությամբ վարդի փոխարեն քո թողած տերևն եմ պահում։ Քո զինգրքույկում թերթերի մեջ չորացրածդ դեղին տերևը պահում եմ ճիշտ նույն կերպ․ ծածկել եմ ապակիով։ «Ամենակարևորը աչքով չես տեսնի»։
Դու ասում էիր, որ ամենամեծ ուժը միտքն ունի, մտքի ճանապարհն է լավագույն տարբերակը ամեն ինչ հնարավոր դարձնելու։
Հիմա ես մտքումս լռեցնում եմ աղմուկը, ընկերս, որ մտքով հասնեմ քեզ, կարողանամ լսել մեր զրույցները, քո նվագն ու երգը։
«Թռչեի մտքով տուն․․․» երգը բերում էիր որպես օրինակ, որ էլի մտքով ենք հնարավոր դարձնում այն, ինչ իրականում չի ստացվում։ Հիմա ո՞նց հնարավոր դարձնեմ նորից իրար մեջ նայելու մեր սովորույթը։ Հայելու փոխարեն իրար էինք նայում ու օգնում իրար ոնց սափրվել։
Բանակի սկիզբը «բան» է՝ խոսք, դրա համար էլ չի լինում լռել էնտեղ կամ էնտեղի մասին։ Ուզում եմ վերադառնալ դիրքերից երևացող էն նեղ ու երկար դաշտային ճանապարհին, քո հետ քայլել, ընկերս, կիպ-կիպ, ապահով ու շնչակտուր խոսել։ Կներես, որ միասին եղած ժամանակ բառերի մեջտեղում շատ ընդհատումներ եմ թողել․․․ հիմա են խեղդում։
Ընկերս, Լյո՛վ, քեզ տեսնելուս վերջին օրը երկուսիս վրայից պատերազմի հոտ էր գալիս։ Դու ինձ վիրավոր տեսար, հիմա էդ վիրավոր ձեռքս քեզ է գրում։
Ամեն պայթունից ու կրակոցից վախենում էի նրա համար, որ երկուսով նույն տեղում ենք, որովհետև չպիտի թույլ տայինք իրար գետնին ընկած տեսնել։
Դու լռում էիր, ու էդ լռությունը դարձավ իմ ու քո ամենաերկար խոսակցությունը՝ առանց ընդհատումների։ Դու տեսար ինձ թեկուզ վիրավոր, իսկ ես քեզ հիմա ոչ մի վիճակով չեմ կարողանում տեսնել, Լյով, արդար չես։
Իմ սիրտը հիմա կիթառիդ լարերի պես զգայուն է դարձել․ դու ես նվագում սիրտս արդեն երկու ամիս։ Չեմ թողնելու, որ կիթառիդ պես թողնես էդ լարերը…
Քո համար կավից փոքր կիթառ էի սարքել, որ պահեցիր դիրքերին մոտ մատուռի տանիքում՝ համարելով ամենաապահով տեղ։ Ես գիտեմ, որ մինչև հիմա կա էդ կավե կիթառը, որովհետև դու հավատացել ես դրան։ Ոնց քեզ չպահեցի էդ մատուռի տանիքում․․․
Իմ՝ քեզ տված ու կիսատ կարդացած «Նարեկ»-ը կարդալ շարունակելու փոխարեն արդեն երևի զգում ու տեսնում ես ամեն ինչի զորությունը։
Ասում էիր՝ քեզ կես տարի ա մնացել ծառայության ավարտին ու, որ ես մնացածը պիտի մենակ շարունակեմ։ Ինչ֊որ մի բան ավարտվեց, ու ինչ֊որ մի բան ես հիմա մենակ եմ շարունակում, ու էդ մի բանը ծառայությունը չի։
Իզուր չի, որ մենք ծանոթացել ենք ճանապարհին, մեծ մեքենայի շարժման ընթացքի պահին։ Բոլորն անծանոթ էին, ես դիրքեր էի բարձրանում առաջին անգամ ու չգիտեի՝ ում են նշանակելու ինձ ավագ ընկեր, ով պիտի ծանոթացներ խրամատին, կարգ ու կանոնին։ Մեծ զենքերի, արկղերի , ուսապարկերի տեսարանին երևաց ոտքերիդ արանքում դրված կիթառը։
֊Հաստատ գիտեմ «Կնքահայրը»֊ի սաունդրեքը կարում ես նվագես։ Ես Խաչիկն եմ։
֊Ուրախ եմ, Լյով։ Հա, ինչի՞ց հասկացար։
֊Դե բոլորը կիթառ նվագելը դրանից են սկսում։
Ժպտացիր։
֊Հախվերդյան նվագո՞ւմ ես, ինչ բենդեր ես լսում…
Հետո արդեն միասին էինք նվագում, երգում, հայրենիք տիրություն անում։ Կիթառիդ վրա գրված էր So help me good. մենք անընդհատ ուզում էինք կետադրել։ Ասմունքում էինք, միասին ասում էինք Թումանյանի մեր սիրած քառյակը «Լիներ հեռու մի անկյունը..․»֊ն էր, որը ես էսքան հեռու չէի պատկերացնի հաստատ։
Մենք իրար պետք էինք ծառայությունից դուրս, քաղաքացիական նորմալ կյանքում։ Դու պիտի ցույց տայիր ինձ Դիլիջանը ու ես էլ Երևանում քո հետ պիտի համերգների գնայի։
Մեր սիրած խմբի երգի տողը, որ միասին դիտակետում փորագրեցինք փայտի վրա, դարձավ քեզանից հետո իմ հոգեվիճակը. Lost Connection in my head
Քեզ ամենուր փնտրում են։ «Ու եթե հանկարծ ձեզ հաջողվի անցնել այդ կողմերով, խնդրում եմ, մի՛ շտապեք, մի քիչ սպասեք այդ աստղի տակ»։ Նկարդ վերցրել եմ հիվանդանոցի պատից, ինձ մոտ եմ պահում, ինձ մոտ են քեզ գտնելու։
֊«Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես: Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել: Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի… Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում… Իսկ դու նրանց կասես. «Այո, այո, ես միշտ ծիծաղում եմ, երբ նայում եմ երկնքին»: Եվ նրանք կկարծեն, թե դու խելքդ թռցրել ես: Ա՜յ թե ինչ խաղ կխաղամ ես քո գլխին…»
Փոքրիկ Իշխան էիր ինձ ասում, որովհետև էսպես անվերջ կարող եմ մեջբերե՞լ քո մասին։
Լյով, խոստանում եմ միշտ վեր նայել, փնտրել, գտնել քեզ աստղերի մեջ ու ծիծաղել հետդ։ Ամեն տեղ էլ երկինք կա։ Ես կփնտրեմ քեզ՝ քանի երկինքը կա։
Կետադրում եմ և խնդրում՝ So help me, good?
ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ ,ՍԻՐՏՍ ՃՄԼՎՈՒՄ,ԻՆՉՔԱՆ ՀՈՒԶԻՉ ՈՒ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ,ԻՆՉ ՄՈՏԻԿ Է ՍՐՏԻՆ ,ԻՆՉ ՄՈՏԻԿ ՄԵԶ. ԿԵՑՑԵՍ ,ԿԵՑՑԵՔ ՄԵՐ ՍՆՄԵՂ ԶՈՀԵՐ ՄԵՐ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՏՂԵՐՔ.
Լույսի կտորներ, հիմա դուք ամենուր եք, ամեն առկայծող աստղի, արևի ամեն ճառագայթի, անձրևի ամեն կաթիլի միջից մեզ ժպտում եք ու մեր ցավի վրա լուսե սպեղանի եք դնում,լույսի կտորներ
Խաչիկ ջան, խոսքեր չունեմ…
Սրտանց կուզեյի քո մասին մանրամասներ…
Անասելի հուզիչ մի Բալլադ էր` նվիրումի, սիրո, ինքնության գույներով…
Անասելի տխուր էր…Նայեցի երկնքին ու գտա ընկերոջդ աստղը`պայծառ-պայծառ…