Մարիա Ներսեսյան | Կես բաժակ սուրճ

Մարիա Ներսեսյանը ծնվել է 2005-ին Երեւանում։ Մասնակցել է Աննա Դավթյանի «Ստեղծագրություն» դասընթացին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2020-ի հոկտեմբերին, որի արդյունքն է այս պատմվածքը: Ներկայացնում ենք ձեր ընթերցմանը:

1
Առաջին անգամ այդ փոքրիկ տարօրինակությանն ուշադրություն դարձրի, մորաքրոջս տուն մտնելուց երեք օր անց, ավելի կոնկրետ՝ երրորդ գիշերվա ընթացքում։ Առաջին օրվա մեծ մասը քնեցի. ինքնաթիռում անցկացրած տասնութ ժամերը հիշեցրին իրենց մասին։ Երկրորդ օրն էլ թեթև գլխացավ ու սրտխառնոց ունեի, իսկ քունս դեռ տեղը չէր եկել։ Երրորդ օրը համարյա ընտելացել էի միջավայրին ու Ալենը՝ մորաքրջս տղան, ինձ տարավ Երևանը ու նրա վերջին մի քանի տարիների փոփոխությունները ցույց տալու։ Ալենն ինձնից երկու տարի է մեծ։ Երբ մեր երկար զբոսանքն ավարտեցինք, երկուսս էլ ներս ընկանք տուն ու համր համաձայնությամբ ուղևորվեցինք դեպի մեր ննջասենյակներ։ Ես գիշերում էի մորաքույր Կարինեենց բնակարանի հյուրերի սենյակում։ Իրականում այդ սենյակը պատկանում էր մի քանի տարի առաջ մահացած տիկին Լիդային՝ Աշոտ քեռու մորը։ Բարեբախտաբար տիկին Լիդան իր կյանքի վերջին վայրկյաններն անցկացրել էր ոչ այս սենյակում, և ես հանգիստ աչք էի կպցնում այստեղ։ Սենյակը մեծ չէր, բայց, զարմանալիորեն, շատ իրեր էր տեղավորում։ Դուռը բաց շոկոլադի գույն ուներ, իսկ բռնակը ոսկեգույն էր։ Շատ անճաշակ համադրություն էր։ Չգիտեմ ինչու, բայց էդ բռնակն ընդհանրապես չէր սազում դռանը։ Ճիշտ է, դրան ուշադրություն չդարձրի, երբ ձեռքի անփույթ ու արագ շարժումով բացեցի դուռը։ Սենյակն ինձ դուր էր գալիս։ Իմ ժամանակավոր սենյակի պատերը բաց կաթնագույն էին ներկված։ Դուռը դեպի ներս էր բացվում։ Այն կետից, ավելի ճիշտ գծից, որտեղ ամբողջությամբ դեպի ներս էր բացվում շոկոլադե դուռը՝ հպվելով կաթնագույն պատին, սկսվում էր ևս մի շոկոլադե, այս անգամ մուգ ու դառը, սեղանը։ Սեղանն այնքան մոտ էր դրված դռանը, որ Կարինեենց տանը մնալուս առաջին շաբաթվա ընթացքում ամեն անգամ էդ դուռը բացելուց հիստերիկի նման հետ-հետ էի գնում ու հետ էի քաշում բռնակը։ Ինձ թվում էր, որ իմ անփութության ու դռները ուժգին՝ համարյա կատաղի թափով բացելու սովորության պատճառով տալու ու ջարդուփշուր էի անելու շոկոլադի երկու մետրանոց կտորը։ Այս անգամ նույնպես՝ չնայած հոգնածությանս, հետ գնացի՝ դուռը նույնքան կոպտությամբ, կամ ինչպես սիրում է ասել մայրս՝ չոբանավարի, հետ քաշելով։ Երկու մետրանոց շոկոլադը այնպիսի դղրդյունով փակվեց, որ ատամներս շարժվեցին։ Եթե դուռն իսկապես շոկոլադից լիներ, հիմա փշուր-փշուր եղած կլիներ։ Նաև այս պահին մտքումս թեթև կասկած կա, որ սոված եմ ու շոկոլադ եմ ուզում։ Ես ապշած մի քայլ հետ գնացի։ Այդ պահին տան մյուս ծայրից՝ իր ննջասենյակի դռնից, գլուխը դուրս հանեց Ալենը։ Դեմքին թափված մուգ ածուխի գույնի մազափունջը հուշում էր, որ եղբայրս ի տարբերություն ինձ, հասցրել էր գլուխը դնել բարձին։ Բայց նրա երջանկությունը երկար չտևեց։ Ճեփ-ճերմակ (ամենահիվանդագին սպիտակ) ճակատին ընկած մազերը չէին խանգարում տեսնել նրա աջ, սև հոնքի վերընթաց դիրքը։ Մյուս հոնքը սլանում էր դեպի ներքև։ Այնտեղ ուր տարիներ առաջ, երբ դեռ չէի տեղափոխվել Նահանգներ, գտնվում էր աշխարհի ամրագույն կամուրջը, որը միավորում էր Ալենի երկու ունքերը, հիմա՝ երկու վայրկյանի կտրվածքով, երկու կնճիռ ինձ կատաղի զայրույթով թափ էին տալիս տան մյուս ծայրում ու մի քանի ապտակ հասցնում։ Շատ արտահայտիչ են Ալենի դիմագծերը։ Երկու կնճիռները ավարտեցին ինձ հեռվից ծեծելու գործընթացն, ու եղբայրս դուրս եկավ դռան հետևից։ Հագին՝ ինչպես ողջ օրվա ընթացքում, նույն սպիտակությունը պահպանած շապիկն էր։ Շապիկը, չնայած գույնի կախարդական պահպանմանը, ճմրթված էր ու անհոգ թպրտում էր եղբորս մուգ ջինսերի վերևում։ Միայն կոշիկներն էին կորել։ Ալենը կտրուկ, բայց վստահ քայլերով մոտեցավ ինձ։ Ընթացքում նա հասցրեց կատաղած քորել երկարավուն քթի ծայրն ու ձեռքով հետ սանրել երեսին ընկած մազերը։ Աջ ձեռքի երկար ցուցամատը պարզապես քորում էր ճերմակ, երկարավուն քիթը, բայց դրանով Ալենն ինձ ասում էր, որ հեսա գլուխս ջարդելու է։ Նա կանգ առավ ինձնից մի մետր հեռավորության վրա։ Արդեն լավ էր։ Եթե շատ ուզենայի, ձեռքից մի ձև կպրծնեի։ Չնայած, Ալենը կարող էր իր սենյակի դռան մոտ կանգնել, նրա մի մետր ու ութսունինը սանտիմետրանոց հասակն ամեն ինչ ասում էր։ Ալենի բարակ շուրթերը առանձնացան իրարից ու ինչքան ուժ ունեին՝ սկսեցին բղավել վրաս.
-Ես չեմ հասկանում, չես կարողանո՞ւմ էդ դուռը մի քիչ կամաց ջարդես։
-Ալ…,- կամաց ասացի ես։
-Ի՞նչ Ա՛լ,-լայնացած աչքերով ու կատաղի արագությամբ ձեռքերը թափ տալով, մի խոսքով, իսկական հոգեկանի նման ընդհատեց եղբայրս,- հասկանո՞ւմ ես, որ Լոսում մնացող ընտանիքդ էս ձենից հենց նոր արթնացավ։
-Ալե՛ն,- ավելի վստահ ասացի ես,- կներե՛ս, մտքիցս թռել էր… դե հիմա մարդ եմ…
-Դո՞ւ, դու մարդ չես, անխիղճ ու անսիրտ ես, այ թե ով ես դու։ Քնած մարդուն սենց կվախացնե՞ն։
-Լա՛վ, արդեն շատ ուռճացրիր,- հոնքերս կիտեցի ես,-էդ ե՞րբ հասցրիր քնես։ Մենք իրար հետ ենք տուն մտել։
-Օ՜հ, դու դեռ չգիտե՜ս,- ծաղրական տոնով վրա տվեց Ալենը,- իմ սիրելի Անի՛, իմ սենյակը մուտքի դռան կողքն ա, իսկ քոնը տան մյուս ծերը։ Նենց, որ երբ դու զբաղված էիր դուռ ջարդելով,- շարունակեց նա հանգիստ, երեք տարեկան երեխային մի բան բացատրողի համբերատար տոնով,- ես արդեն յոթերորդ երազս էի տեսնում։
-Հա՛, բայց ավելի լավ, որ արթնացար։ Հիմա էլ ստիպված չես լինի էս շորերով քնել,- փորձեցի թեթևամիտ ձայնով ասել ես։
Ալենի օդ թռած ունքերն ինձ հետ համաձայն չէին։ Քիչ էր մնում խեղդեր.
-Լա՛վ, ասենք՝ առաջին օրը տեղյակ չէիր, հոգնած էիր և այլն, և այլն։ Ասենք թե՝ երկրորդ օրն էլ էիր վատ՝ թռիչքից հետո։ Բայց ախր ո՞նց կարելի ա ամեն անգամ էս անտեր դուռը բացելուց վերևի պատը ճաքացնել։ Մենակ դու ես, երևի, որ դուռ ա ջարդում, որ հանկարծ էդ նույն դուռը չկպնի սեղանին ու «չջարդվի»։
-Դե Ալե՛ն,- արդեն ջղայնացա ես,- մտքիցս թռել էր։ Ամբողջ օրը դուրսը ոտքի վրա եմ եղել, ինձ էլ հասկացի։
-Ո՞վ՝ ե՞ս, ես քեզ հասկանում եմ, բայց էն աղջիկը, որի հետ քնիս մեջ ժամադրության էի, հեչ չի հասկանում՝ խի ա քուրս մեզ խանգարում ամենաորոշիչ պահին։
-Յա՛խք,- ողջ զգացմունքայնությունս ներդնելով այս կիրառական ու բազմաֆունկցիոնալ վերաբերականի մեջ՝ ասացի ես։
-Հլը մի բան էլ դո՞ւ ես յախք ասում,- մուննաթ եկավ Ալենը,-ասում եմ՝ երազումս ժամադրության էի, ու ամենաորոշիչ պահին ընդհատեցիր։ Ո՞ւր են։
-Ինչե՞րը,- զարմացա ես։
-Ներողություններդ, չգիտեմ, խոստումներդ, որ էլ այսպիսի անդաստիարակ պահվածք չի կրկնվի։
-Չէ՛, ոնց որ քեզ դուր ա գալիս մեծ ախպոր դերը,- ձայնս բարձրացրի ես։ Ալենն ինձնից մեծ էր, բայց նա ընդամենը տանյոթ տարեկան էր։ Մենք փոքրուց իրար հետ էինք մեծացել ու միշտ կապը պահպանում էինք, բայց իրար հրամայե՞լ։ Ալենն ինձ համար ավելի շատ ընկեր էր, քան մեծ եղբայր։ Չափից շատ թեթևամիտն էր մեծ եղբայր լինելու համար։
Ես չհասցրի ավարտել նախադասությունը, երբ տան հեռավոր անկյունից ճռռոցով բացվեց դուռն, ու Կարինե մորաքույրը վարդագույն խալաթով եկավ մեր կողմը։ Այդ ժամանակ էլ նկատեցի նկարին չհամապատասխանող բաժակն ու փոքրիկ սրբիչը, որոնք ձեռքերում պարացնելով՝ ամուր պահել էր մորաքույրս։
Նա մոտեցավ մեզ ու շատ ցածր, բայց խիստ ձայնով ասաց.
-Երեխե՛ք, էս ի՞նչ ղալմաղալ եք անում։ Աշոտն ամուր քնել ա։ Ու, ընդհանրապես, խի՞ եք նոր տուն մտնում։
-Մա՛մ, զարմուհուդ քաղաքն էի ցույց տալիս։ Ամեն ինչ շատ լավ էր, մինչև Անին դուռը չջարդեց պատին։
-Կարինե՛…,- վրա տվի ես, բայց մորաքույրս բարձրացրեց աջ ձեռքը։ Ձեռքի հետ նաև բարձրացավ ամուր սեղմված բարակ ու մաշված կտորը։
-Ոչինչ չեմ ուզում լսել,- ասաց Կարինեն,- հենց հիմա երկուսդ էլ անցե՛ք քնելու։
Ես ու Ալենը փոխանակվեցինք կարճ ու մռայլ թշնամական հայացքներով, ու ես բացեցի դուռը։ Ինչպես միշտ, հիմարի նման հետ ցատկեցի սեղանը տեսնելուց անմիջապես հետո, բայց, բարեբախտաբար, այս անգամ կարողացա ճիշտ ժամանակին բռնել դուռը։ Ալենն աչքերը ոլորեց ու կրունկների վրա պտտվեց, գնաց իր սենյակ։ Իսկ մորաքույրը հետ չգնաց ննջարան, այլ մտավ խոհանոց։ Ես նորից բացեցի դուռն ու այս անգամ առանց ավելորդ շարժումների՝ մտա ներս։
2
Սեղանը փոքրիկ էր։ Վրան տեղավորվել էին փոշոտ ու երկարակյաց գրքերը, որոնք տիկին Լիդան շատ էր սիրում։ Երևի այդ փոքր սեղանին մի երկու հարյուր հատ՝ իրար վրա շարված, գիրք կար։ Դրանք համարյա մինչև առաստաղ էին հասնում։ Ես գրքասեր չեմ, իմը կինոն է։ Դրա համար էլ անտարբեր անցա գրքերի կույտի կողքով ու փռվեցի իմ միտեղանոց, բայց շատ հարմարավետ անկուղնու վրա։ Մահճակալը դրված էր ուղիղ սեղանի հետևում։ Անկողնու գլխավերևում մեծ պատուհանները նայում էին դուրս։ Իսկ տեսարանն իսկապես հրաշալի էր։ Իրերս սենյակ բերելիս՝ Ալենը հետաքրքիր մեկնաբանություն թողեց այս տեսարանի վերաբերյալ։ Նա ասաց, որ պատուհաններս նայում են դեպի Արարատ, մի փոքր կանգ առավ ու հոնքերս կիտելուց հետո շարունակեց՝ ձյայի բնակարանը։ Չգիտեմ, թե էդ մարդու անունն իրոք Արարատ էր, թե չէ, բայց դիմացի շենքը թարմ վիճակում էր ու բարեբախտաբար աչք չէր ցավեցնում։ Անկողնուցս աջ, փոքրիկ, բաց ցորենի երանգի, երկու դարակ իր մեջ տեղավորող պահարանիկ կար։ Ես գրպանիցս հանեցի հեռախոսն ու դրեցի պահարանիկի վրա։
Շատ չէր տարածքը։ Դռան կողքից սկսվում էր պատի միջի մեծ պահարանը։ Ես աչքերով զննեցի առաստաղը։ Փորձեցի մտքիցս հանել տարօրինակ բաժակն ու կտորիկը։ Բաժակը սուրճի մեծ, ոսկրագույն բաժակ էր։ Այդպիսի բաժակ էլ տանը չկար, բայց դա ամենասովորական տեսքն ուներ։ Իսկ կտորիկը մաշված ու հին էր։ Այն մաքուր էր, բայց մի քանի տեղից խնամքով կարված։ Ինչո՞ւ էր մորաքույրս ննջարանից դուրս գալիս աման-չամանը ձեռքին։ Դա հետաքրքիր հարց էր, բայց հիմա քունս անասելի տանում էր։ Վեր կացա, փոխվեցի, անջատեցի սենյակի լույսն ու պառկեցի։ Իսկ մի փոքր տանջվելուց հետո (ինչքան էլ հոգնած լինեմ, չեմ կարողանում միանգամից անջատվել), քնեցի։ Քնեցի մեռելի պես ու արթնացա կեսօրից ուշ։ Արևի լույսը բարակ, սպիտակ վարագույրից ներս էր թափանցում։ Այն լուսավորում էր բաց երանգի սալիկենրով պատված հատակը։ Լուսավորում էր նույն գույնի պահարանը, ուր շորերս էին խառըխշտիկ խցկված։ Պահարանին նայելով որոշեցի, որ պիտի կարգին դասավորեմ դրանք։ Հետո աչքս ընկավ գրքակույտին։ Շատ զարմանալի է, որ տիկին Լիդան փոշուց չէր խեղդվել՝ մինչ մահանալը։ Չնայած, մտքովս անցավ, որ նա պարբերաբար մաքրում էր դարավոր փոշին, որ հեշտությամբ նստում էր հնամաշ գրքերի վրա։ Դա մտածեցի, որովհետև թեթևակի հիշում էի տիկին Լիդային։ Փոքր ժամանակ նրան պարզապես Լիդա տատի էի անվանում՝ Ալենի պես։ Նա միշտ մեր հետ խաղում, հետո էլ մեր կործանիչ խաղերի արդյունքում առաջացած զիբիլանոցը կախարդական կերպով անհետացնում էր։ Նա շատ մաքրասեր կին էր։ Պարզ հիշում եմ, թե ինչպես էր ինձ գրկում, նստեցնում ոտքին ու հեքիաթ պատմում։ Ձեռքին միշտ մի բաժակ սուրճ կար։ Աշխարհի ամենագունագեղ ու անմոռաց հեքիաթներն էր պատմում։ Բոլորը պարտադիր նրա սեփականներն էին։ Նա ինձ սովորական, շարքային հեքիաթներ դադարեց պատմելուց, երբ աշխարհի վրա երբևէ եղած բոլոր հեքիաթներն ավարտվեցին։ Այդ ժամանակ նա սկսեց իր սեփական՝ պատմելու ընթացքում ձևավորվող հեքիաթները պատմել։ Նա պատմում էր խիզախ արքայադստրերի մասին, ովքեր երեք խոզուկների, Պինոկիոյի, շան ու կատվի հետ միասին գնում էին չար վհուկի թաքցրած ոսկիները գտնելու։ Լա՛վ, համաձայն եմ, որ հնարավոր է տիկին Լիդան ոչ ամբողջությամբ էր հորինում էդ հեքիաթները, բայց կարևորն այն է, որ դրանք ինձ դուր էին գալիս։ Ինձ դուր էր գալիս դրանց անկրկնելիությունը։ Միայն նրա պատմած հեքիաթներում կարող էր Քնած Գեղեցկուհին անքնությունից տանջվելու պատճառով դիմած լիներ ընկերուհու՝ Սպիտակաձյունիկի խորթ ու կախարդ մորը, որ վերջինս նրան օգնություն ցուցաբերեր ու քնեցներ։ Հետո էլ նույն Քնած Գեղեցկուհուն արքայազնը փրկեր ու արթնացներ, որ գեղեցկուհին մի լավ կռվեր արքայազնի հետ ու կախարդական ամրոցից հաներ։ Արքայազնն էլ անտառով ման գալիս կհանդիպեր Գորշ Գայլին ու կընկերանար հետը ու կօգներ, որ չար վհուկին՝ Կարմիր Գլխարկի տատիկին բռնեին։ Մի խոսքով երևակայություն Լիդան ուներ։ Ամենավատն այն է, որ երբեք նրա մոգոնած հեքիաթներից ոչ մեկի ավարտը չեմ լսել։ Միշտ հեքիաթի կեսից աչքս կպել է։ Ինչպես հիմա էր կպնում աչքս։ Հիշեցի փոքրամարմին մորաքրոջս, որի երկար մազերը թափվել էին ուսերին։ Հիշեցի հագի վարդագույն խալաթը, որ համարյա սրբում էր գետնի եղած-չեղածը, երբ Կարինեն ոտքի վրա էր։ Հիշեցի մի փոքր թմբլիկ, փափուկ, բայց երակներին թափանցել թողնող բարակ մաշկով պատված, կոշտացած ծայրերով մատները, որոնք անսահման նրբությամբ ու հոգատարությամբ ողորմելի կտորով չորացնում էին առանց այդ էլ չոր՝ սովորական, բայց նմանն այս տանը չունեցող սուրճի մեծ բաժակը։ Այդ պատկերներն էլ գրգռեցին արդեն հանգստացած, թարմ ուղեղս։ Էլ չասեմ, որ մի շաբաթ առաջ լավագույն դետեկտիվ ֆիլմերից մեկն էր ձեռքս ընկել, ու ես ինձ դրել էի իսկական խուզարկուի տեղ։ Մի խոսքով, իմ աչքին տարօրինակ թվացած պատկերը գլխիցս չէր դուրս պրծել գիշերվա ընթացքում։
Ես վեր կացա։ Հագա տնային շորերս, բացեցի անկողնուս կողքի պահարանիկի առաջին դարակն ու միջից հանեցի սանրս։ Սանրեցի մազերս։ Մի հայացք գցեցի գրքերի կույտի կողմն ու դուրս եկա սենյակից։ Դուռ փակելն ավելի հեշտ ու առանց ավելորդ միջոցառումների էր անցնում։ Ես այն փակեցի ու սկսեցի քայլել դեպի բաղնիք։ Լվացվելուց հետո համոզվեցի, որ ո՛չ Ալենն է տանը, ո՛չ էլ Աշոտ քեռին, ու մտա խոհանոց։ Խոհանոցը պայծառ էր ու հարմարավետ։ Ինչպես սպասելի էր, Կարինեն ներսում էր։ Խոհանոցի բաց, շատ բաց կապտավուն պատերի պատճառով Կարինեի վարդագույն խալաթն էլ ավելի ծիծաղելի տեսք էր ստացել։ Այդ գույնի էին «Գրանտ քենդի»-ի պատերը, այդ գույնը տեսնելիս՝ քաղցր համ էի զգում բերանումս։ Մորաքույրը փոքրամարմին էր։ Հազիվ իմ հասակի էր։ Երկար մազերը թափված էին ուսերին։ Մազերը չնայած նրան, որ Կարինեի աչքերը խամրած ու հոգնած էին, կատարյալ վիճակում էին։ Զննելով ձյունաճերմակ մաշկն ու կանաչ շուշականֆետի գույնի աչքերը, կարճ ու փոքրիկ քիթիկը, բարակ, շատ բարակ ու անգույն շուրթերը և մազերից մուգ հոնքերն ու հսկայական պարկերը, որոնք երկու կողմից պաշտպանում էին կանաչ աչքերը՝ ես բարևեցի մորաքրոջս։ Հայացքս կտրուկ իջավ նրա մատներին։ Դրանք մինչև հիմա նրբորեն սրբում էին բաժակը։ Չնայած այդ շարժումի մեջ ներդրված ողջ նրբությանն ու հոգատարությանը, ձեռքերը՝ դաստակի շրջանում աննշան կտրուկությունով էին շարժվում։ Ես նստեցի մեծ, ցորենագույն սեղանի մոտ։
-Լավ քնեցի՞ր,- ժպտալով հարցրեց Կարինեն։ Եթե նրան հեռվից էիր նայում, մի քանի տարի երիտասարդ էր թվում։ Հիմա աչքերի շուրջ հայտնված թափանցիկ կնճիռները մի փոքր մեծացնում էին մորաքրոջս, նրան լրջություն էին տալիս, չնայած հագի անհեթեթ խալաթին։
-Հա՜,- ասացի ես ու հորանջեցի։
-Ոնց որ թե՝ չէ՛,- ժպտաց մորաքույրս ու նստեց դիմացս,- լավ ման եկա՞ք երեկ։
-Հա շա՛տ,- ասացի ես,- չէի պատկերացնում, որ Երևանն էսքան սիրուն ա։
-Դե լավ ա, լավ ա, մամայենց հետ խոսո՞ւմ ես։
-Հա՛, գալուս երկրորդ օրը զանգեցին ու հարցաքննեցին ինձ։ Հիմա բավարարվում են կարճ հաղորդագրություններով։
-Պաղպաղակ կուզե՞ս, շատ շոգ ա։ Մեջքիդ հետևում ա՝ սառցախցիկում։
Ես թեքվեցի, բացեցի հսկայական, մոխրագույն սառնարանի դուռը։ Գտա պաղպաղակն ու հարցական դեմքով նայեցի մորաքրոջս։
-Չէ բալե՛ս, ես արդեն կերել եմ։
Փակեցի դուռն ու պաղպաղակի հարցերը երկու րոպեում լուծեցի։ Իրոք անտանելի շոգ էր։ Երբ ավարտեցի ուտելս, հարցրի.
-Կարինե՛, կարա՞մ մի հարց տամ։
-Ջա՛ն, հա ասա՛։
-Էդ ի՞նչ ես անընդհատ չորացնում։
Կարինեն խոշորացած աչքերով նայեց բաժակին ու անսպասելի կտրուկ վեր բարձրացրեց հայացքը։ Նայեց ուղիղ աչքերիս մեջ ու մեղմացած հայացքով պատասխանեց.
-Սուրճի բաժակ։
Այդ պահին էլ զգացի, որ ոչինչ չի ուզում պատմել։ Ես էլ չշարունակեցի հարցաքննումս։ Շատ զարմացա նրա այդ պատասխանելու ոճից։
Սակայն, անկեղծ լինեմ, այդ պահին ինձ ավելի սկսեց հետաքրքրել այդ բաժակն, ու ես սկսեցի միայն դրա մասին մտածել։ Մի քիչ հետո, երբ թեման ցրելու համար, սկսեցի եղանակի մասին երկար-բարակ լեզվիս տալ, հայացքս նորից կենտրոնացավ բաժակի վրա։ Մորաքույրս, որ ողջ ընթացքում ինձ հետ զրույց էր անում եղանակից, նկատեց դա, ու ես հայացքս թեքեցի։ Վեր կացա ու ասացի.
-Լա՛վ… ես գնամ իմ սենյակ։ Մի քիչ էլ պառկեմ, լավ չեմ զգում։ Իրոք անտանելի շոգ է։
Կարինեն գլխով արեց, բայց ոչինչ չասաց։ Ես գնացի հետ իմ սենյակ։ Սովորությանս համաձայն՝ հետ-հետ գնացի ու դուռը երեկվանից թույլ, բայց շրխկացրի։ Հետո հայհոյելով ներս մտա։ Սկսեցի դասավորել պահարանի եղած-չեղածը։ Նախ միջի բոլոր շորերն իրար խառնված հանեցի ու շպրտեցի անկողնուս վրա։ Ես լավ սպորտսմեն չեմ, դրա համար էլ մի քանի շապիկ ընկան սեղանին՝ ուղիղ գրքերի վրա։ Դրանցից երկուսն ընկան հատակին։ Ես նորից մի լավ հայհոյեցի ու նյարդայնությունից որոշեցի շորերը դասավորել, նոր զբաղվել գրքերով։ Այդպես էլ արեցի։ Վերջում հանեցի հատակին ընկած երկու գրքերը։ Մեկը չէր բացվել։ Այն պարզապես երեսով ընկել էր հատակին, բայց երկրորդը բացվել էր։ Երկու էջերը զբաղված էին հատակի մաքրմամբ, երբ բարձրացրի գիրքը։ Ես չէի սպասում, որ այդ գիրքն ինձ մոտ այդքան հետաքրքրություն կառաջացնի, բայց արի ու տե՛ս՝ գրականությունը հրաշքներ է անում մարդու հետ։ Հատակին՝ ուղիղ այն տեղը, ուր նոր պառկած էր գիրքը, տասը հազար դրամանոց էր։ Ես զարմացած վերցրի այն ու սկսեցի սկզբում դանդաղ, հետո կատաղած գժի պես թերթել գրքի մյուս էջերը։ Էլ ոչինչ չգտա։ Գումարը դրի պահարանիկի գլխին՝ հեռախոսիս տակ։ Ինչպես ասացի, գրականությունը հրաշքներ է անում, այդ պատճառով մի գիրքը ծայրից ծայր թերթելուց հետո՝ որոշեցի ստուգել մնացածները։ Տիկին Լիդայի գրադարանը վերջ չուներ, դրա համար մի քանի ժամ անց, երբ դուռս թակեցին, ես գլուխս հանեցի անկողնուս վրա փռված գրքերի ծովից ու բարձր ասացի.
-Մտե՛ք։
Ալենն էր։ Տեսնելով նրա սանրված մազերը, սև վերնաշապիկը, մուգ ջինսերն ու սպորտային կոշիկները, ինքս զարմացա։ Ինչքա՞ն երկար եմ այսպես նստած, որ Ալենը տուն է եկել։ Շուրթերին թեթև, բայց ջերմ ժպիտ էր խաղում։ Երբ տեսավ գրքակույտը հոնքերը թռան օդ, հետո կտրուկ անկում ապրեցին ու դրանց արանքում ինձ շատ ծանոթ երկու կնճիռները հայտնվեցին։
-Ա՞ն,- զարմացած ասաց նա,- էս ի՞նչ ես անում։
Նա գիտեր, որ կարդալու հանդեպ սեր չունեմ։
-Ոչի՛նչ,- վեր թռա ես ու փակեցի դուռը։ Ալենը զարմացած վրաս էր նայում։ Երևի գժի տպավորություն էի թողնում՝ բիզ-բիզ մազերով, փոշու մեջ կորած։ Շարժվեցի դեպի հեռախոսս։ Այն բարձրացրի ու տակից հանեցի տասը հազարանոցը։ Այն պահելով աջ ձեռքիս երկու մատների արանքում՝ արագ ցույց տվի եղբորս։
Նա նորից հոնքերը կիտեց.
-Կաշառք ես առաջարկո՞ւմ, ինչ է։ Էդ ի՞նչ ես արել։
-Ի՞նչ կաշառք։ Էս մի քանի ժամ առաջ գտա գրքերից մեկում։
-Չեմ հավատում, դու երբեք ինքնակամ գիրք չէիր բացի։
Ես արհամարհական հայացք նետեցի ու ասացի.
-Առավոտյան, ավելի ճիշտ կեսօրին շորերս էի դասավորում ու էդ ընթացքում գցեցի էդ գիրքը։
-Էն, որ շորերդ էիր դասավորում, նույնպես քիչ հավանական ա, բայց որ մի բան գցեցիր ու համարյա ջարդուփշուր արիր, արդեն իրականությանը մոտ ա,- Ալենը հետ քաշեց սեղանի մոտի փայտե աթոռն ու այն թեքելով դեպի ինձ՝ նստեց։
-Շատ ծիծաղելի ա,- ասացի ես։
-Մի վայրկյան, այսինքն դու կեսօրից էս գործի՞ն ես։
-Հա՛, ու անկեղծ ասած՝ արդեն չեմ կարծում, որ մի բան կգտնեմ էս գրքերից մեկում։
-Ի՞նչ ես ուզում գտնել,- ծաղրանքով հարցրեց Ալենը,- փո՞ղ։
-Ինչո՞ւ ոչ,- ասացի ես, հետո մի քիչ մտածելուց հետո տասը հազարանոցով ձեռքս ուղղեցի Ալենին։
-Ի՞նձ ինչի ես տալիս։ Դու ես գտել։
-Ալե՛ն, էս քո տունն ա, ոչ թե իմ։ Կարող ա ձերոնք են դրել։ Ես հո գող չեմ։ Ուղղակի պարապ էի մնացել։ Իսկ գիրք թերթելն ու ինչ-որ բան ման գալը ժամանակ սպանելու լավ միջոց ա։ Ընթացքում լիքը բան ես հասցնում մտածել։
-Քե՛զ պահի,- հանգիստ ասաց Ալենը,- որ իմանայի էս կարգի պարապ ես, էլի հետս կտանեի ման գալու։ Համ էլ, փող գտնելու մեջ վատ բան չկա։ Դրան էլ գումարենք, որ էդ հարյուր տոկոս մերոնցը չի, ենթադրում եմ Լիդա տատիինն ա։
-Վատ բան չի մտածել։ Երևի լավ հիշել ա, թե որ գրքում ինչ ա պահել,- ասացի ես՝ գումարը հետ դնելով հեռախոսի տակ,- համ էլ իզուր ես լեզու թրջում, ես հո գիտեմ, որ դու հետս ման գալ չես ուզում։
-Ի՞նչ,- չափազանց բարձր ձայնով ծվաց Ալենը,- ո՞վ ա ասում։ Երեկ չես հիշո՞ւմ ինչ լավ ման եկանք։
-Էնքան լավ ման եկանք, որ ես էլ Երևանում նոր բան չունեմ տեսնելու։ Էդ պարզ ասում ա, որ միանգամից ուզում էիր ինձ քաղաքը ցույց տալու արարողութունն անես, որ հետո ազատ ֆռֆռաս։
-Չկա տենց բան,- ժպտալով ասաց Ալենը,- ուղղակի էսօր քնած էիր, որ ես արթնացա։ Հետո էլ մտածեցի՝ չես ուզի սաղ օրը դրսերը լինես։
-Ես չեմ ասել, որ դու «սաղ օրը դրսերում ես»։
-Ո՞նց չես ասել։
-Ես ասել եմ՝ «ամբողջ օրը դրսում ես»։
-Օ՜յ, կներե՛ք թյուրիմացության համար, օրիո՛րդ,- ասաց ու շարունակեց լայն ժպտալ,- էս ինչ տարբեր բան էիր ասել, որ ես էլ աղավաղեցի։
-Լա՛վ, արի էսպես անենք։ Ես քեզ հիմա օգնեմ փնտրտուքներում, բայց ինչ գտնենք, կիսում ենք իրար մեջ։ Իսկ վաղը, եթե շատ ես ուզում, առավոտ ժամը ութին կարթնացնեմ, որ հետս «ամբողջ օրը դրսում» լինես։ Համաձա՞յն ես։
-Կմտածեմ առաջարկիդ շուրջ,- լուրջ ասացի ես՝ թերթելով հերթական գիրքը։
-Դե՛ մտածի, մինչև ես գնամ ուտելու բան բերեմ։ Հա՛մ ես եմ սովից մեռնում, հա՛մ էլ, ինչքան հասկացա, առավոտից բան չես կերել։
Երեք րոպե անց դուռս ոտքով հրեց ու երկու մեծ ամանները ձեռքը՝ ներս մտավ։ Նորից տեղավորվեց աթոռին, իր ափսեն դրեց գրքերից ազատված սեղանին ու երկրորդը փոխանցեց ինձ։ Ես վերցրի այն ու դրեցի պահարանիկիս վրա։ Ողջ անկողինս ու հատակը գրքերի շարքեր էին։ Ափսեներից յուրաքանչյուրի մեջ ախորժելի տեսքով բրդուճներ էին։ Ալենը իր ափսեից ընտրեց ամենմեծն ու դրեց բերանը։ Մի քանի վայրկյան ծամելուց հետո դեռ լիքը բերանով հարցրեց.
-Ո՞ր գրքերն ես արդեն նայել։
Ես գլխի շարժումով ցույց տվի մահճակալիս կողքը դրված հսկայական սյունը։ Դրանք ուղիղ պահարանիկի դիմացն էին։ Ալենը սեղանին ամենամոտ երեք գրքերը վերցրեց ու սկսեց թերթել։ Երկրորդ գիրքը վերցնելուց մի քանի վայրկյան անց բացականչեց.
-Գտա՛։
Ես, ապշած նրա հաջողությունից, թողեցի ձեռքիս գիրքն ու առաջ եկա։ Ողջ օրը ծախսել էի մի բան գտնելու վրա, իսկ Ալենը մտնում է ու ձեռքն ընկած երկրորդ գիրքն ունի այդ մի բանն իր մեջ։ Ինձ թվաց գումար էր, բայց Ալենի երկար մատներում պտտվեց հնացած ծալված թղթի կտոր։ Ուշադիր նայեցի թղթին ու սպասեցի, որ Ալենն այն բացի։ Եղբայրս կարդաց ու հոնքերը կիտեց։
-Ինչ-որ անալիզների պատասխաններ են,- ասաց նա,- ուղղակի համարյա երեք տարվա են։ Ինչ-որ բանի մասին մտածեց ու ասաց՝ երևի տատիինն են։
-Երևի,- ասացի ես ու շարունակեցի ինչ-որ բանի փնտրտուքները։
Շուտով բրդուճները սպառվեցին։ Մենք որոշեցինք խոհանոց գնալ ու մի լավ հաց ուտել։ Հաշվի առնելով այն, որ գիշերվա հազարն էր՝ մենք շատ լուռ դուրս եկանք սենյակիցս ու միջանցքով քայլեցինք մինչև խոհանոց։ Նրբորեն խոհանոցի դուռը փակելուց հետո վայրենաբար բացեցինք սառնարանինը։ Մեջն ինչքան ուտելիք կար դատարկեցինք սեղանին։ Ես երկու ափսե հանեցի ու դրեցի սեղանին։ Այդ ընթացքում Ալենը լուծեց պատառաքաղների հարցը։
-Մեր բրդուճների ափսեները մոռացանք,- ասացի ես։
-Ուտենք-ավարտենք, կբերենք։
Սկսեցին կենտրոնացած խժռել ձեռքներիս տակ հայտնված ուտելիքը։ Որոշ ժամանակ անց Ալենը նորից սկսեց մտածել։ Հետո հանկարծ ասաց.
-Էդ անալիզները արվել էին Լիդա տատիի մահից մի քանի ամիս առաջ։
-Հա՞,- զարմանալով թեմայից ասացի ես,- գիտեի, որ փրկել հնարավոր չէր, որովհետև շուտ չէր դիմել։
-Ես էլ,- մտածելուց ու վրաս լուրջ հայացք նետելուց հետո ասաց Ալենը։
-Լա՛վ,- ասացի ես՝ վեր կենալով,- սպասի՛, գնամ աման-չամանը բերեմ սենյակիցս։ Վաղը կշարունակենք գրքափորփրուքը։ Ալենը գլխով արեց։
Դուրս էի գալիս խոհանոցից, բայց Ալենն ավելացրեց.
-Տե՛ս մեր լռությունն ու զգուշությունը հարամ չանես էդ դուռը ջարդելիս։
Գնացի դեպի իմ սենյակ։ Հանգիստ բացեցի դուռն ու ներս մտա։ Վերցրի մեր ամաններն ու ուզում էի դուրս գալ, բայց սեղանին դրված թուղթը մի անգամ էլ աչքի անցկացրի։ Ամեն ինչ գրված էր բժշկական տերմիններով, ոչ մի կոնկրետ բան։ Մի խոսքով, նույն հաջողությամբ թերթիկի վրա կարող էին չինարեն գրել։ Հետ դրեցի թերթիկն ու դուռը բացեցի։ Քայլեցի միջանցքով, մինչև բղավող ձայնը չհասավ ականջիս։ Կանգ առա։ Քեռի Աշոտի հաստ ձայնն էր։ Այն փորձում էր պահպանել լռությունը, բայց հիմա համարյա բղավում էր։ Ես լարեցի լսողությունս։
-Չգիտեեե՞ս,- համարյա գոռաց քեռի Աշոտը,- բա ո՞վ գիտի։
Հետո ձայնը կտրուկ իջեցրեց։ Հեռվից Ալենի հանգիստ, կամաց ձայնը թույլ թափանցում էր դռների միջով, բայց բառեր չէի կարողանում առանձնացնել։ Այդպես սառած ներկա գտնվեցի մի քանի բառերի փոխանակությանը։ Հետո, ինչքան ես հասկացա, ծանր ձեռքը ամբողջ թափով հարվածեց սեղանին։ Ձայները բարձրացան։ Ինձ դուր չէր գալիս այդ անհասկանալի խոսակցությանը ներկա գտնվելն, ու ես հետ-հետ գնացի դեպի իմ սենյակ։ Խոհանոցի դուռը բացվեց։ Աշոտ քեռին, ձեռքերը թափահարելով, Ալենի հետ մտավ նրա սենյակ։ Նրանք իմ կողմը չնայեցին, ու ես արագ բացեցի դուռը։ Չգիտեմ ինչ հրաշքով, բայց ես այն հետ չփակեցի՝ գոյությանս մասին աշխարհին հայտարարելով, այլ պարզապես ներս մտա։ Մի քանի րոպե սպասեցի։ Ոչ մի ձայն։ Մտածեցի ամեն ինչ ավարտվել է։ Որոշեցի, որ հոր հետ խոսելուց հետո Ալենը կամ հավես չունի, կամ էլ
մոռացել է գրքակույտի մասին։ Ես մի քանի գիրք թերթեցի, համոզվեցի, որ Ալենն էլ չի գալու։ Փոխվեցի։ Չփորփրած գրքերը դրեցի սեղանին, իսկ ստուգվածները աթոռին։ Բրդուճների ափսեները դրի պահարանիկիս վրա։ Վերցրի հեռախոսս, համոզվեցի, որ ոչ ոք ինձ չի հիշում ու լույսն անջատեցի։ Քնեցի։
Երազումս ձեռքեր տեսա։ Ձեռքերը դատարկ էին, բայց շարժումն ինձ ծանոթ էր։ Արթնացա դռան թակոցից։ Կոպերս միմյանցից առանձնացրի։ Դուռը բաց էր։ Դրան հենված կանգնած էր Ալենը։ Այսօր մոխրագույն վերնաշապիկ ու բաց ջինսեր էր հագել։ Ուսերից սև բաճկոն էր կախված։ Այդ ամենի մեջ ինձ առաջին հայացքից բաճկոնը զարմացրեց։ Երեկ այնքան շոգ էր, որ դա նրա հագը տեսնելն անսովոր էր։ Հետո հասկացա, որ արևի լույսն էլ սովորականի պես չի թափանցել ներս։ Մի վայրկյան տևեց, երբ այդ բոլոր մտքերը ջնջվեցին հիշողությունիցս, ու ես սկսեցի թարթել աչքերս։ Ալենի ձախ աչքն ամբողջությամբ կապույտ էր ներկվել։ Կապույտ էր նաև այտի վերին հատվածը։ Աչքը լավ չէր բացվում, արյունով էր լցված, մի բան փոխվել էր նաև աչքերի փայլի մեջ։ Այն չէր կորել, պարզապես ուրիշ էր դարձել։ Նա ասաց.
-Տասը րոպեից դուրս եմ գալիս։ Եթե ուզում ես հետս արի,- ձայնը նույնպես սովորական եռանդից զուրկ էր։ Մի տեսակ անգույն ու անտարբեր էր,- դուրսն անձրև ա ու հով, տաք կհագնվես։
Ես ապշած վեր կացա արմունկներիս վրա ու սկսեցի.
-Ալեն….
-Ինը րոպե,- ընդհատեց Ալենը՝ նույն սառցե տոնով։
3
Մենք տնից դուրս էինք եկել ժամը իննի մոտակայքում։ Քայլել էինք մինչև կանգառ, այնտեղ երկար սպասել էինք ավտոբուսին։ Ավտոբուս էինք նստել։ Այնտեղ էլ համբերատար սպասել էինք մինչև մեր կանգառը։ Ոտքով զբոսնել էինք մի ամբողջ անվերջություն։ Կասկադ էինք հասել։ Աստիճաններով բարձրացել էինք մի երկու քայլ ու որոշել, որ հոգնած ենք։ Հենվել էինք պատերին ու նայում էինք դատարկ քաղաքին։ Այսօր կիրակի էր։ Հակառակ երեկվան՝ աշնանային եղանակ էր։ Բայց դա կարևոր չէր։ Կարևորն այն էր, որ մենք այս ողջ ընթացքում պահպանում էինք համր լռություն։ Ալենը բաճկոնի գրպանից ծխախոտի տուփ հանեց։ Ընտրեց մի ծխախոտ ու դրեց բերանը։ Հետո նույն բաճկոնի մյուս գրպանից կրակայրիչ հանեց ու սկսեց ծխել։ Մի քանի վայրկյան անց չդիմանալով լռությանը՝ վրա տվի.
-Դու ինձ պատրաստվո՞ւմ ես մի բան պատմել։
-Ի՞նչ,- իր մտքերից դուրս գալով՝ ասաց Ալենը, հանեց ծխախոտի տուփն ու ուղղեց ինձ,- կներե՛ս, մտքիցս թռել էր, որ կարող ա ծխել ուզես։
Ես զարմացած նայեցի Ալենին։
-Դու հենց հիմա ինձ ծխախոտ ես առաջարկո՞ւմ։
-Լա՛վ պրծար,- տուփը հետ դնելով՝ ասաց Ալենը,- գլուխդ ջարդելու էի, եթե ասեիր հա։
-Ինչ ապուշ փորձեր ես անում թեման ցրելու համար։ Եթե չես ուզում պատմել, մի՛ պատմի, բայց ես չեմ կարա էդ եքքա կապտուկը չնկատեմ։
Ալենը շունչ քաշեց։ Մարեց ծխախոտն ու դեն նետեց։
-Վստահ եմ՝ երեկ ձայներ լսել ես։ Էլ խի՞ ես հարցնում։
-Ես չեմ հարցնում՝ ով ա արել կամ երբ։ Ես հարցնում եմ՝ խի՞։ Խի՞ ա արել։
-Կոնյակները պահել էի։
-Հը՞ն։
-Ինչ լսեցիր։ Երկու կոնյակ կար խոհանոցի դարակներից մեկում։ Երկուսն էլ պահել էի։ Ինքն էլ հիմար չէր, հասկացել էր, որ ես եմ պահել ու ահա խնդրեմ,-ձեռքի շարժումով հսկայական կապույտին ցույց տվեց Ալենը։
-Մի վայրկյան, ինչի՞ էիր պահել։
Ալենը հոգոց հանեց ու պատասխանեց.
-Հիշո՞ւմ ես էն օրը, որ դռանդ համար կռիվ էինք անում։
-Հա՛։
-Էդ օրը մաման ասեց, որ պապան ամուր քնած ա։
-Հետո ի՞նչ։
-Պապան ամուր չի քնում, եթե խմած չի։ Ինքը քո դռան ձենից պիտի վաղուց վեր թռած լիներ։ Բայց անջատված էր, ո՞նց վեր թռներ մարդը,- զայրացած ասաց Ալենը։
-Մի վայրկյան… Բան չեմ հասկանու…
-Ի՞նչ կա չհասկանալու։ Հերս ալկոհոլիկ ա։ Վերջ։
Ես զարմացած նայեցի Ալենին ու ասացի.
-Դրա համար էլ պահել էիր կոնյակները։
-Դրա համար էլ պահել էի կոնյակները։
-Բայց երբվանի՞ց ես Աշոտ քեռիի խմիչքների գողությամբ զբաղված։
-Երևի արդեն երկու տարի,- մտածելուց հետո ասաց եղբայրս,- ուղղակի մտքով չէր անցնում, որ ես եմ մանրից տանում։ Ո՞նց անցներ։ Նենց էր խմում, որ չէր նկատում կորուստը։ Հետո մի երկու շաբաթով թողնում էր ու հայտարարում էր, որ ինքը նոր մարդ ա։ Հետո նորից էր առնում, ու տենց շարունակ։ Քո գալուց առաջ թարգել էր մարդը։ Որ իմացա՝ նորից խմած ա, նյարդայնացա ու երկու շշերն էլ տարա։ Հերս էլ դեռ լիովին անջատված չէր։ Հասկացել էր, որ տանը մենակ ես կարայի տանել։ Մնացածը երեկ իմացար։
Երկար լռությունից հետո նայեցի Ալենին ու ասացի.
-Չգիտեմ էլ ինչ ասել։
-Ես էլ։ Լավ կլիներ էս թեման փոխեինք։ Հեչ դուրս չի գալիս։
Հիշեցի երազս, բաժակը, Կարինեին։ Ասացի.
-Լա՛վ։ Քեզ մի հարց տամ։
-Ապա։
-Չես նկատե՞լ, որ Կարինե մորաքույրը… անընդհատ նույն բաժակն ա չորացնում։ Ինչո՞ւ։
Ալենը ժպտաց, աչքերը տարավ դեպի քաղաքն ու ասաց.
-Մի հաճելի թեմայից մյուսին ենք անցնում։
-Եթե չես ուզում պատասխանել…
-Ուզելն ուզում եմ, շատ եմ ուզում։ Պարզապես չգիտեմ հարցիդ պատասխանը։ Իհարկե նկատել եմ։ Արդեն երևի երկու տարի ա էդ անտեր բաժակը ձեռքից չի հանում։
-Երկո՞ւ,- ապշեցի ես։
-Քո կարծիքով ես ինչի՞ եմ տնից շուտ դուրս գալիս ու ուշ վերադառնում։
Ես ուշադիր նայեցի Ալենին։
-Որովհետև առավոտյան գլխացավով հորս եմ տեսնելու, իսկ օրվա ընթացքում՝ նույն ապուշ բաժակը սրբող մորս, ոչ շատ ուշ՝ գիշերվա ընթացքում էլ հարբող հորս, որ մեկ-մեկ մոռանում ա սեփական անունը, էնքան ա խմում։
-Երբեք նման ոչ մի բան ինձ չես պատմել,- մի փոքր սպասելուց հետո ասացի ես։
-Իսկ իմաստը։ Իմաստը՝ քեզ բողոքելու, եթե դու ոչինչ չես փոխելու քո իմացությամբ։ Անկեղծ ասած՝ իմաստ չեմ տեսնում նույնիսկ իմ իմանալու մեջ։ Հորիցս երկու շիշ թաքուն պահելով առանձնապես չեմ օգնում։ Միշտ էդ երկուսի փոխարեն նոր երկուսն են գնվում։ Ուղղակի մի որոշ ժամանակ ա անցնում գողությունից, մինչև հերս երկու կոպեկ ա հավաքում ու նոր շիշ ա առնում,- Ալենի ձայնի մեջ վիրավորանք կար։ Կար նաև զայրույթ, որ սառն էր, բայց ակնհայտ,- չեմ հասկանում՝ ինչի՞ ուղղակի չեն բաժանվում։
-Բայց…
-Իրար հետ երևի ամիսը մեկ խոսում են, բայց անկեղծ ասած, ես իմ ատամի խոզանակի հետ ավելի շատ եմ զրուցում։ Իրար չեն տեսնում կարգին։ Մաման հոգեկանի նման նույն բաժակն ա անընդհատ սրբում, իսկ հերս էնքան հարբած ա միշտ, որ չի էլ նկատում։ Ուղղակի ուզում եմ փախնել էդ երկուսից։
-Բայց, որ բաժանվեն, ամեն ինչ չի բարդանա՞,- հարցրի ես,- օրինակ, ո՞ւմ հետ ես պատրաստվում ապրել դրանից հետո։
-Եթե ինձ թողնես, ոչ ոքի։ Երկուսն էլ էնքան թաթախված են իրանց դարդերի մեջ, որ թքած ունեն՝ երբ եմ տնից դուրս գալիս կամ տուն մտնում։ Կուշտ եմ, թե սովից մեռնում եմ։ Չգիտեմ, ես ուղղակի մեկ-մեկ մտածում եմ, որ իրանք չեն հիշում, որ ես կամ։ Չեմ ուզում, որ ինձ երկու տարեկանի նման պահեն, բայց ուզում եմ, որ մի քիչ գոնե հետաքրքրված լինեն՝ ողջ եմ, թե մեռել եմ։
-Ալե՛ն։
-Ի՞նչ։ Հինգ օր է՝ էս տանն ես ու արդեն մի քանի բավական անդուր երևույթներ ես նկատել։
-Բայց ընդհանրապես գաղափար չունե՞ս բաժակի մասին։
-Բացարաձակապես ոչինչ չգիտեմ։ Ես էդքան չկամ, որ մայրս ինձ ասի իր անհանգստության պատճառը։
-Ալե՛ն, ես պատկերացում անգամ…
-Չունեիր, հա՛ գիտեմ։ Լա՛վ, շատ ծանր մի՛ տար։ Մարդիկ կան, ընտանիքից զուրկ են, ես էլ էստեղ իմ եղած ընտանիքն եմ քայքայում։
-Իսկ երեկվա թուղթն ու փողը,- արագ թեման փոխեցի ես,- ի՞նչ ես կարծում, ինչ-որ կապ ունեի՞ն իրար հետ։
-Չգիտեմ, Անի։ Ուղղակի ուզում եմ ման գալ ու ոչ մի բանի մասին չմտածել։
Գտա եղբորս ձեռքն ու սեղմեցի։ Ալենը նայեց ինձ ու աչքերը ոլորելով ասաց.
-Հա՜ լավ, ինչ-որ շատ դրամատիկ ստացվեց։ Արի ման գանք։ Հետո գնանք տուն։
-Տո՞ւն։
-Հասկացանք՝ ես թափթփուկ եմ, բայց դու հո դատապարտված չե՞ս ամբողջ օրը քաղաքը ոտքի անցկացնել։
Երկու օր առաջվա պես ներս ընկանք։ Լավ զբոսնել էինք։ Պոնչիկանոց էինք գնացել։ Էնտեղ հարձակվել էինք պոնչիկների վրա։ Հետո ես պատմել էի Նահանգների մասին։ Հետո էլի էինք զբոսնել ու ի վերջո ավտոբուսով տուն հասել։ Դուռը կամաց փակեցինք մեր հետևից։ Ես արդեն ուղևորվում էի միջանցք, բայց Ալենը ձեռքիցս քաշեց, ու ես պտտվեցի։ Գլխով արեց իր սենյակի կողմը։ Ես հոնքերս կիտեցի, բայց ներս մտա։ Ալենը լույսը վառեց։ Սենյակը մեծ էր ու հարմարավետ։ Երկուտեղանի մահճակալ, բոլոր պատերի վրա ինչ-որ (ինձ անծանոթ) խմբերի նկարներով պաստառներ։ Տեսա հսկայական պահարանը՝ դռան կողքը։ Այն թաց ասֆալտի գույն ուներ։ Նույն գույնի էր նաև գրապահարանը՝ մահճակալից աջ, ու մեծ գրասեղանը՝ ձախ, որ պատուհանի մոտ էր։ Ալենը բացեց գրասեղանի առաջին դարակը։ Ձեռքով սկսեց մի բան շոշափել դարակի խորքերում։ Երկու վայրկյան անց ձեռքին մեծ շիշ կար։ Դրեց գրասեղանին։ Եկավ պահարանի մոտ, բացեց դռներից մեկն ու երկու սովորական ապակե բաժակ հանեց։ Ես հարցական նայեցի նրան.
-Երբ տուն մարդ ա գալիս, հազար տարին մեկ, իմ սենյակում ենք մնում։ Որ անընդհատ խոհանոց գնալու կարիք չլինի, էստեղ հա՛մ բաժակ ունեմ, հա՛մ ափսե, հա՛մ խմիչք։
-Մի վայրկյան, բա Աշոտ…
-Քո կարծիքով խի՞ եմ ծեծ կերել։ Տեղը չեմ ասել։ Ոչ էլ ընդունել եմ, թե ընդհանրապես տեղյակ եմ, թե կոնյակն ինչ ա։
-Պարզ ա,- ես նստեցի հարմարավետ աթոռին ու նայեցի եղբորս,- բերել ես ինձ խմացնե՞ս։
-Հա,- ժպտաց Ալենը,- խմացնեմ, որ էսօրվա ասածներս մոռանաս։ Չէ՛, իրականում ուղղակի մտածեցի՝ էս ամեն ինչը նոր ա քո համար, կարող ա հանգստանալ ուզենայիր էս գլխացավից։
-Առաջին անգամ եմ մեծ ախպեր տենում, որ փոքր քրոջը խմացնի։
-Կես բաժակից վնաս չկա,- վստահ լցրեց բաժակները Ալենն ու նստեց մահճակալի ծայրին։
Նա ճիշտ էր։ Կես բաժակ կոնյակից վնաս չկար, իսկ երկու շշից կար։ Արդեն երկրորդ շիշն էինք քամում, երբ Ալենն ասաց.
-Հասկանո՞ւմ ես, սաղ գժվեցին, հենց Լիդա տատին մեռավ։ Լուրջ եմ ասում։ Անգամ էդ ժամանակ հերս խմում էր, բայց ոչ էս աստիճանի։
-Ըհը,- զկրտացի ես։
Երկուսս էլ արդեն հատակին էինք։ Ես հենվել էի գրասեղանին, իսկ Ալենը՝ մահճակալին։
-Հերս, բացի իրա ապուշ հարբեցողությունից, խաղամոլ էլ ա, պատկերացնո՞ւմ ես,- ասաց ու սկսեց հռհռալ եղբայրս։ Անկեղծ ասեմ՝ ես էլ էի հռհռում՝ ամենագռեհիկ ձևով։ Երևի մի տասը րոպե ծիծաղեցինք, մինչև փորներս բռնած թավալ էինք գալիս հատակին։
-Հետո..,- հազիվ շնչելով, փորը բռնած ասաց Ալենը,- երբ սաղ տունը մամայից գաղտնի կրվեց, տատին էր, որ մեզ էս տունը տվեց։ Հետո պապային գործից հանեցին, ու էլի տատին մեզ էդ վիճակից հանեց։ Շա՜տ լավն էր, է, Լիդա տատին։ Ո՜նց եմ սիրում իրան։ Ես գնում էի սուպերմարկետում էի աշխատում, որ երկու կոպեկ ձեռս լիներ, մի բանով օգնեի։ Վիճակը վատ էր, բայց տատին մեզ պահում էր։ Հերս էլ նոր աշխատանք էր ման գալիս։ Բայց չէ՜, էդ ապուշը տատիի փողի կեսին օղի ու կոնյակ էր առնում։ Տենց էլ աշխատանք չգտավ, մինչև տատին չմեռավ։ Հիմա՛ր։ Չեմ հասկանում՝ ո՞նց կարա Լիդա տատիի տղեն կատարյալ անհաջողակ լինի։ Ինձ մեկ-մեկ թվում ա՝ ինքը որդեգրած ա։
Մենք նորից պայթեցինք ծիծաղով։ Հետո դողացող ձեռքերով մի բաժակ էլ խմեցինք ու արդեն ես խոսեցի.
-Ալե՜ն… Լիդան նենց լավ կին էր, որ երևի հիմա մեր հետ կխմեր։
-Հա՜… այ տենցն էր Լիդա տատին։ Ամենակարգին մարդն էր էս խփնվածների ընտանիքում։ Երեք հոգի ենք, երեքս էլ նորմալ չենք։ Մերս սաղ օրը նույն բաժակն ա սրբում, հերս օրը վեց անգամ թարգում ա խմելը, ես էլ էնքան երկար եմ լինում դուրսը, որ զարմանում եմ, թե ոնց ա, որ էդ ամեն ինչից տեղյակ եմ։
-Դուք խփնված չեք։ Դու ու Աշոտ քեռին շարքային հեր ու տղա եք, բայց Կարինեի բաժակն իրոք տարօրինակ ա։
-Տարօրինա՞կ,- բացականչեց Ալենը,- լա՛վ էլի, երկուսս էլ գիտենք, որ խփնվածությանն ավելի մոտ ա։
Ու նորից մենք պայթեցինք։ Ծիծաղեցինք, ու երկուսս էլ ընկանք քնի տաք ձեռքերի մեջ։ Երևի շատ ուշ էլ չէր, երբ անջատվեցինք։ Առաջին բանը, որ հիշում եմ, աչքերիս դիմաց հայտնված բազմաթիվ գրքերն էին, որ ի տարբերություն իմ սենյակի կույտին՝ խնամքով դասավորված էին։ Գլխումս մի բան չխկաց։ Գլուխկոտրուկի մասերը սկսեցին հավաքվել իրար հետ։ Ես լայնացրի աչքերս ու նայեցի ինձնից մի փոքր հեռու՝ համարյա անկողնու տակ պառկած Ալենին։ Սողացի մոտն ու սկսեցի բարձր ասել.
-Ալե՛ն, Ալե՛ն, վեր կա՛ց Ալե՛ն, Ալե՛ն։
-Միլենա՞։
-Ես քեզ ի՞նչ Միլենա։ Անին ա՝ քուրդ։
Ալենը կտրուկ բացեց աչքերը, ավելի ճիշտ՝ աջ աչքը։ Ձախը դեռ կարգին չէր բացվում։
-Ալե՛ն, հիշո՞ւմ ես երեկ, որ ասում էիր, որ ամեն ինչ Լիդա տատիի մահից հետո սկսվեց։
-Ըըըը… չէ՛,- խզված ձայնով ասաց Ալենը։
-Մի խոսքով, դու էդ ասեցիր, ու ինձ թվում ա՝ էդ կապված ա գրքից գտած անալիզների ու փողի հետ։ Պիտի մնացածներն էլ ստուգենք։
-Չէ՛, դու էս կարգի՞ բանուգործ չունես։ Թո՛ղ մի քիչ քնեմ։
-Միլենայիդ ամեն գիշեր կարաս տեսնես, իսկ այ բաժակի մասին իմանալը ամեն օր չի ստացվում։
-Բաժակն ի՞նչ կապ ունի Լիդա…
-Չգիտեմ,- արագ ասացի ես,-բայց ինչ-որ կապ պիտի լինի։ Տատիի մահից հետո նոր էդ ամեն ինչը սկսվեց։
-Հա՜, բայց…
-Կես ժամ։
-Հը՞ն։
-Կես ժամ, մինչև դուրս գալը։
-Ո՞ւր։
-Հիվանդանոց։
-Ինչի՞ համար։ Երեկ երկու կաթիլ ենք հազիվ խմել…
-Տատիկդ անալիզներ էր տվել մահանալուց մի քանի ամիս առաջ։ Չպիտի՞ հիվանդության մասին տեղեկությունն առկա լիներ։
-Հա՜, բայց…
Ես արդեն դուրս էի եկել սենյակից ու մտել էի բաղնիք։
4
Ցնցուղ ընդունելուց հետո ես հագնվեցի ու սկսեցի փորփրել Լիդայի գրքերը։ Ոչինչ։ Երբ կանգնած էի դռան մոտ, Ալենն արդեն սպասում էր, միայն մի քիչ հորանջում էր։ Իրար հետ դուրս եկանք տնից։
-Ես մտածեցի ասածիդ շուրջ ու ավելի լավ առաջարկ ունեմ։
-Ի՞նչ։
-Նախ մենք չենք կարող առանց ոչինչ մտնել առաջին պատահած հիվանդանոց ու անալիզների բացատրություն ուզել։ Ոչ էլ դեղատներն են ապահով, որովհետև հավանական ա, որ իրանք կարգին բան չհասկանան։ Դրա համար ես ունեմ երրորդ՝ լավագույն տարբերակ։
-Եվ այդ տարբերակը…
-Խաչիկը։
-Ո՞վ։
-Խաչիկը, իմ ընկեր Խաչիկը։ Բժշկականի ուսանող Խաչիկը։
-Ու որտե՞ղ ա քո էդ Խաչիկը։
-Հենց էստեղ,- ասաց ու շենքերից մեկի մոտ կանգ առավ Ալենը։ Իսկ Խաչիկենց շենքի վերելակը չէր աշխատում։ Խաչիկն ապրում էր տասնչորսերորդ հարկում, դրա համար ինձ Ալենին հայհոյելու համար շատ ժամանակ կար։ Երբ վերջապես հասանք ու շունչներս տեղը բերեցինք, Ալենը ծեծեց դռներից մեկը։ Ինչ՝ինչ, բայց տասնչորս հարկ ոտատակ անելուց հետո, հեչ լավ տեսք չունեի։ Չէի էլ ուզում ունենալ։ Այսինքն դրա մեջ ոչ մի խնդիր չէի տեսնում, մինչև Խաչիկը չբացեց դուռը։ Աստված իմ, երևի այսքան ամաչած կյանքումս չկայի։ Մտքովս անցավ, որ եթե իմանայի, թե Խաչիկն ինչպիսի արտաքին ունի, էս տասնչորս հարկերը անասելի թեթևությամբ կանցնեի։ Հայհոյելու փոխարեն էլ անընդհատ շնորհակալություն կասեի եղբորս։ Մի խոսքով, երբ դուռը բացեց ինձ երբևէ հանդիպած ամենահմայիչ տղամարդը, ես, քիչ էր մնում, ստորին ծնոտս վայր գցեի։ Քրտինքի մեջ կորած, գզգզված մազերով, հագիս առաջին պատահած շապիկն ու տաբատը, ի վերջո երեկվանից մինչև հիմա մի փոքր հարբած, խոշորացած աչքերով՝ զննում էի Խաչիկի դեմքը։ Մազերը մուգ դարչնագույն էին, կարճ կտրված։ Դեմքը բարի էր ու լուսավոր։ Աչքերի փայլը ավելի եռանդուն էր, քան ուրիշ ինչ-որ մեկինը։ Դրանք բաց շագանակագույն, բայց զարմանալի խորություն ունեցող աչքեր էին։ Քիթը երկար էր։ Ժպիտը՝ լայն ու հմայիչ։ Միգուցե արտաքնապես Խաչիկը միջինից մի փոքր էր բարձր, բայց ժպիտն ամենաանկեղծ, երջանիկ ու կենսուրախ ժպիտն էր։ Խաչիկն Ալենից մի փոքր էր բոյով։ Ես ուշադիր զննում էի նրա դիմագծերը։ Դա երևի Ալենն էլ նկատեց, որովհետև հոնքերը կիտեց ու վրա տվեց.
-Բարև, Խա՛չ։ Ո՞նց ես։
-Լա՛վ եմ, Ալեն ջան, ներս անցեք,- ասաց Խաչիկը։
Մենք ներս անցանք ու նեղ, բայց կոկիկ միջանցքով ուղևորվեցինք դեպի մեծ ու արևկողմ հյուրասենյակ։ Նստեցինք երկու բազկաթոռների վրա, դրանց դիմաց փոքրիկ ու ցածր սեղան կար, իսկ սեղանի դիմաց բազմոցն էր։ Խաչիկը նստեց բազմոցին։
-Անի, սա Խաչիկն ա, ընկերներիցս ա, Խա՛չ, Անին ա՝ փոքր քույրս։
Կյանքում ինձ այսքան հրապարակային փոքր քույր հայտարարած չկար։ Խաչիկը ժպտաց ու ասաց.
-Շատ հաճելի ա։
-Ահա…,- դանդաղ ասաց Ալենը։ Նա մի առանցքային հայացք նետեց իմ ուղղությամբ, երբ ես ուշադիր նայում էի տեղի ունեցողին։ Հետո շարունակեց,- Խաչ ջան, մի խնդրանքով եմ եկել։
-Ասա՛, ախպերս։
Ալենը գլխով արեց՝ դրանով ասելով, որ Լիդայի գրքից գտնված անալիզների պատասխանները հանեմ։ Ինձ ավելի շատ թվաց, որ զգուշացնում ա, որ չռված աչքերով Խաչիկին չնայեմ, թե չէ գլուխս կջարդի։
-Էս կարա՞ս մեր համար թարգմանես,- թուղթը ձեռքիցս կտրուկ վերցնելով ու ինքը Խաչիկին տալով՝ ասաց Ալենը։
Խաչիկը երկու րոպե նայեց թղթիկին, նայեց մեզ ու ասաց.
-Սա հելիկոբակտեր վարքի ստուգման հետազոտություն է։
-Իսկ մարդավարի՞,- վրա տվեց Ալենը։
-Դե ստամոքսի խոցի պատճառ հանդիսացող բակտերիայի՝ հելիկոբակտերիայի առկայության ստուգման հետազոտության պատասխաններն են։
Ես ու Ալենը սառեցինք։ Լիդան ստամոքսի խոցի բարդացումից էր մահացել։ Մի քանի վայրկյան հետո Ալենը հարցրեց.
-Իսկ ի՞նչ է ցույց տալիս հետազոտությունը։
-Դե այստեղ գրված է, որ սա թեթև դեպք է։ Այն հնարավոր է բուժել դեղամիջոցներով, բայց եթե այն բարդություն ունենա, կարող է վիրահատության կարիք լինել։ Այսինքն հիմա էլ՝ էս տվյալներով մարդը կարող է վիրահատվել, բայց դա պարտադիր չի։
-Իսկ բարդությո՞ւնը…,- վերջապես ասացի ես,- ինչքա՞ն ժամանակ հետո կարող է առաջանալ։
-Դե, նայած մարդու մոտ։ Կարող է մի քանի ամիս տևել։ Այսինքն, եթե այն առաջանա,- պատասխանեց Խաչիկը։
-Այսինքն, չնայած դեղերի օգտագործմանը՝ այն կարող է բարդություն տալ։
-Հա՛, բայց դա էդքան հաճախ չի լինում։ Եթե դեղորայքային բուժման ելքն անհաջող ա, առաջին երկու տարիների ընթացքում, եթե օրգանիզմն ուժեղ ա, պիտի վիրահատվի։
-Ուժե՞ղ,- կրկնեց Ալենը։
Ես մոռացա Խաչիկի արտաքինի մասին։ Լիդան գիտեր, որ հիվանդ էր։
Ես ու Ալենը դուրս եկանք Խաչիկի տնից ու իջանք բոլոր տասնչորս հարկերը։ Քայլեցինք դեպի տուն։
-Ինչ-որ կարծիք ունե՞ս, թե ինչի…
Ալենը լռեց։
Ես մեր ուղղությամբ քայլող՝ երկնագույն շորիկով, արևային ակնոցներով, երկար շագանակագույն մազերով աղջիկ նկատեցի։ Երբ մենք արդեն մոտ էինք, կանգ առանք։
-Ալե՞ն,- ասաց աղջիկը՝ պայծառ ժպտալով, երևի մի տարի ինձնից մեծ լիներ։
-Բարև ,Միլենա,- պայծառացած աչքերով ու չգիտես, թե որտեղից վերցրած աննշան, բայց նկատելի հպարտությամբ, հստակ ասաց եղբայրս։
-Ո՞նց ես,- աղջիկը հանեց արևային ակնոցը, նայեց ինձ իր սև աչքերով ու նորից հագավ ակնոցը։
-Քույրս է՝ Անին։ Ծանոթացի՛ր Անի, սա Միլենան է։
Քիչ առաջ Խաչիկի մոտ ինձ քույր անվանելիս, պարզապես շշնջում էր սրա համեմատ։
-Հաճելի է,- ասացի ես։
-Նմանապես, նմանապես,- ասաց Միլենան,- լա՛վ, ես տեղ պիտի գնամ, բայց երբ ազատ ժամանակ ունենաս, զանգի՛ր։
-Անպայման,- պարզապես ասաց Ալենը, կրկին նույն հանգստությունն ու վստահությունը հետ բերած,- կզանգեմ։
Միլենան ժպտաց ինձ, հետո եղբորս ու շարժվեց առաջ։ Մի քանի վայրկյան հետո ասացի.
-Է՞ս էր Միլենադ։
-Հա՛,- աչքերը ոլորելով՝ ասաց Ալենը,- դու քո Խաչիկի մասին մտածի։ Տեսած-չտեսած, լոզերդ թափում էին։
Ես արմունկով ուժեղ հարվածեցի նրա ձեռքին ու Միլենայի ալարկոտ ձայնը կրկնօրինակելով, հնչյունները երկարացնելով՝ ասացի.
-Նմանապես, նմանապես…

***
Մենք տանն էինք։ Սուրճ էինք խմում ու քանդրտում էինք մնացած գրքերը։ Ալենը երկար լուռ էր մնում։ Մտքերի մեջ էր։ Մի պահ ինձ թվաց, որ սկսում է մի բան հասկանալ, բայց ոչինչ չասաց։ Բացեցի նախավերջին գիրքն ու զարմացա բախտիս վրա. թղթիկ գտա։
-Ալե՛ն, նայի ինչ եմ գտել։
Ալենը վերցրեց թղթիկն, ուշադիր զննեց.
-Վրան դեղերի անուններ են։ Սպասի ինտերնետով նայեմ։
-Այսինքն դու չէիր կարա էսօր առավոտը մեր գտած թերթիկը նկարեիր ու ուղարկեիր Խաչիկի՞ն։
-Չէ՛, կարայի իհարկե…,- նա լռեց,- բայց չէի ուզում տունը մնալ։
-Ահա՛, չէիր ուզում, զոռով էի քեզ քնից հանում։
-Ի՞նչ ես դրանով ուզում ասել։
-Ուզում եմ ասել, որ ես կասկածում եմ, որ դու գիտեիր Միլենային հանդիպելու մասին։
Ալենը ոլորեց աչքերն ու ասաց.
-Դե… ինքն ու Խաչիկը կողքի շենքերից են… ու ես մտածեցի, որ կարող ա հանդիպենք։
-Կարող ա հանդիպեք… շատ համոզիչ էր։
-Լա՛վ, ես գիտեի, որ հանդիպելու ենք, գո՞հ ես։
-Որտեղի՞ց։
-Ինքն ամեն երկուշաբթի առավոտ պարտաճանաչ կերպով գնում ա ընկերուհու տուն ու հետ ա գալիս մոտավորապես էն ժամին, երբ մենք դուրս եկանք Խաչիկենց…,- Ալենը կտրուկ լռեց,- էս դեղերը ստամոքսի խոցի դեմ են։ Չեմ հասկանում… ախր խոցն էդքան էլ ծանր չի… ինչի՞ ա թողել, որ բարդություն տա։
Ես նայեցի Ալենին ու ասացի.
-Էն գումարը, որ գտել էի… կարո՞ղ ա էդ գումարով էր…
-Դեղ առնում,- շարունակեց Ալենը,- կամ էլ, ընդհանրապես, փող էր հավաքում վիրահատության համար։
-Բա էդ դեպքում ինչի՞ բարդություն տվեց։
-Երեխե՛ք, հո սովա՞ծ չեք,- լսվեց Կարինեի ձայնը։
-Էս ի՞նչ ա եղել, որ մեզ հիշել են,- զարմացած ասաց Ալենը։ Շարունակեց բարձրաձայն,- չէ՛ մամ, պետք…
Բայց ես արդեն վեր էի թռել ու միջանցքում էի։ Ալենը հետևեց ինձ։ Մենք մտանք խոհանոց։ Կարինեն սովորականի պես նստած էր սեղանի մոտ ու մեզ ծանոթ բաժակն էր չորացնում։ Ալենը հարցական հայացքով նայեց ինձ։ Ես նստեցի ու ուղիղ նայելով մորաքրոջս կանաչավուն աչքերի մեջ՝ ասացի.
-Մորքո՞ւր։
-Ջա՞ն։
-Լիդա տատին ինչի՞ց ա մահացել։
-Ստամոքսի խոցից,- հանգիստ պատասխանեց Կարինեն,- ինչի՞։
-Հե՛չ, ուղղակի հետաքրքիր էր։ Բա խի՞ էդ խոցի դեմը շուտ չէր առել։
Կարինեն զարմացած ինձ նայեց ու ասաց.
-Որովհետև չգիտեր, որ խոց ունի։ Ստամոքսի խոցի ախտանշանները շատ պարզ չեն։ Օրինակ՝ փորացավը։ Նա չէր էլ կարծում, որ սովորական փորացավը խոցի պատճառ էր։
Ալենն ուշադիր նայեց մորը ու նստեց կողքին, հիմա նա հարց տվեց.
-Այսինքն ինքը մահանալուց անմիջապես առա՞ջ իմացավ հիվանդության մասին։
-Ալե՞ն, դու չգիտե՞ս, որ հա։ Էս ի՞նչ տարօրինակ հարցեր եք տալիս Նոյի թվի բաների մասին։
Ես ուշադրությամբ զննում էի Կարինեի ձեռքերը։
Ալենը կտրուկ, շատ արագ մոր ձեռքից վերցրեց սուրճի բաժակն ու կատաղությամբ խփեց սեղանին։ Աչքերում մինչև այդ խամրած փայլը նոր ուժով վառվեց։ Կարինեն, այս ու այն կողմ նայելով, հոնքերը կիտեց։ Ալենը շատ հանգիստ, սառցե ձայնով ասաց.
-Եթե հենց հիմա չասես, թե խի էր տատին տեղյակ իրա հիվանդությունից ու չէր բուժվում, էս անտեր բաժակը կգցեմ դուրս։
-Ալե՛ն…,- սկսեցի ես՝ տեսնելով մորաքրոջս աչքերում նոր հայտնվող արցունքները։
-Բաժակը դիր տեղը,- համարյա շշուկով ասաց Կարինեն,- ես ամեն ինչ կպատմեմ, բայց բաժակը դիր տեղը։
-Մա՛մ, ես քեզ չեմ հասկանում։ Ինչի՞ ա էս բաժակը քեզ էդքան հուզում։ Հը՞ն։ Ի՞նչ ունի էս բաժակն իրա մեջ, որ վախենում ես ձեռքիցդ բաց թողնել։
Կարինեն հոնքերը կիտեց ու սառցե հանգստությամբ պատասխանեց.
-Էս վերջին իրն ա, որին տատիկդ կպել ա։
Ալենը հոնքերը կիտեց։ Մի քանի վայրկյան մտածեց մոր ասածի շուրջ ու զգուշությամբ բաժակը հետ տվեց։
-Ուզում եք իմանալ Լիդայի մահվան պատճա՞ռը։ Լա՛վ, ասեմ։ Պատճառը ես եմ, որ ի սկզբանե ամաչեցի դիմել մորդ, Անի։ Պատճառը Ալենն ա, որ սոված էր մնալու։ Պատճառը Աշոտն ա, որ անասունի նման մեր սաղ կյանքի ստեղծածը ջուրը գցեց մի քանի օրում։ Պատճառը խոցը չէր, ոչ էլ դրա մասին ուշ իմանալը։ Տատիկդ լավ գիտակցում էր, թե ինչ ա անում։
Ես ու Ալենը սառել-մնացել էինք։ Առաջին անգամ Կարինե մորաքույրն ինձ մոմ չէր հիիշեցնում։ Հիմա մորաքույրս նյարդայնացած մեզ մի բան էր պատմում, որ չէր ուզում պատմել։ Ես զգում էի, որ փոշմանելու էի էդ ամենի մեջ քիթս խոթելու համար։

5

Շուշաթղթի բարակ շերտով պատված երկար մատները նրբությամբ ծալում էին տասը հազար դրամանոցն ու դնում այն սիրելի ու հնամաշ գրքերից մեկի մեջ։ Դեմքի խորը կնճիռներն ավելի էին խորացել, իսկ բերանի կողքի ճաքերն՝ ավելի պարզացել։ Դեմքը ծերացած էր, կյանքից զուրկ։ Արյունն էլ չէր տաքացնում կնոջ մարմինը։ Ոսկրերն ու մկաններն արմատների պես սերտաճել էին փոքրիկ սենյակի հատակին։ Ձգողության ուժն այսօր առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում Լիդային։ Նա փորձեց վեր կենալ, բայց մարմինն ուղեղին չէր ենթարկվում։ Դաշույնի հարված հիշեցնող ցավը՝ փորի շրջանում, անգամ չստիպեց ցավից դեմքի արտահայտությունը փոխել։ Դեմքն այնքան կնճռոտ էր, որ ոչ թե կնճիռներն էին պատել դեմքը, այլ դեմքն էր թաքնվել մի մեծ կնճիռի հետևում։ Լիդան զգում էր, որ ցավը հեռանում է։ Այն դեռ կար, բայց ելևէջում էր ինչ-որ ուրիշ տեղ։ Կոպերը ծանրացել էին։ Հիմա մտքով միայն մի բան էր անցնում՝ սուրճ, սուրճ էր ուզում։ Սև, դառը սուրճ, որ կվառեր կոկորդն ու կերակրափողը, քերծելով նոր կյանք կներշնչեր Լիդային։ Ողջ կյանքի ընթացքում կարգին չէր քնել։ Միշտ սուրճ էր խմում ու քնելու ցանկությունն էլ էր անցնում։ Հիմա ուզում էր քնել ավելի, քան երբևէ։ Մտքով անցավ, որ երևի վերջապես կքնի ու կհանգստանա։ Հեռվում ինչ-որ ձայն լսվեց։ Դուռն ինչ-որ մեկը բացեց։ Ընկած ապակու ձայն էր… ինչ-որ բարակ ձայն, ծանոթ ձայն դողալով ասում էր անհասկանալի բառեր… հետո Լիդան հալվեց մթության երանելի ձեռքերում։ Արթնացավ նույնքան աստիճանաբար, որքան անջատվել էր։ Սպիտակ պատեր, լուսավոր պատեր։ Կողքին Կարինեն է՝ հարսը։ Աչքերի տակ հսկայական պարկեր են գոյացել։ Իսկ աչքերը լցվել են արյամբ։ Հարսը, տեսնելով Լիդային, դողացող ձայնով ասաց.
-Մա՜մ… խոցը… ստամոքսի խոցը բարդություն է տվել… ու… ու… բժիշկներն ասում են, որ այն հնարավոր չէ…,-ու լացեց։ Լացեց անձայն, պարզապես փխրուն մարմինն էր մեկ-մեկ թպրտում։ Լիդան գիտեր, որ ի վերջո դա տեղի էր ունենալու։ Նա գտավ Կարինեի ձեռքն ու փորձեց սեղմել։ Չստացվեց։ Չափից շատ էր թուլացել։ Եվս մեկ անգամ փորձեց, այս անգամ ավելի մոտ էր, ու Կարինեն գլուխը վեր բարձրացրեց։ Լիդան զգում էր, որ նորից անջատվելու էր։ Ուզում էր տեսնել որդուն, թոռանը։ Ուզում էր հաջողություն ասել, բայց գիտեր, որ չէր հասցնի։ Աչքն ընկավ Կարինեի կողքի բաժակի վրա։ Փորձեց խոսել, բայց չկարողացավ։ Միայն մի թեթև շունչ պոկվեց շուրթերից։ Նորից փորձեց։ Նորից չստացվեց, բայց Լիդան իր ողջ կյանքի ընթացքում շատ է փորձել՝ մինչև ուզածին հասնելը։ Կանաչ, իր նախկին թութակի փետուրները հիշեցնող աչքերը, ուշադրությամբ զննում էին Լիդայի յուրաքանչյուր շարժումը։ Վերջապես Լիդան հավաքեց ուժերն ու չորացած կոկորդից ուժով դուրս քաշեց-հանեց վերջին բառը.
-Սուրճ…
Կարինեն կայծակնային արագությամբ վերցրեց կողքին դրված՝ սառած ու ձեռք չտված սուրճը։ Մոտեցրեց Լիդայի չիր հիշեցնող շուրթերին ու դանդաղ օգնեց, որ խմի։ Լիդան մի քանի վայրկյան անց հեռացավ։ Հեռացավ՝ Կարինեի ձեռքում թողնելով կես բաժակ սուրճը։ Նա հեռացավ՝ առանց ավարտելու ամբողջական բաժակը։ Հեռացավ՝ կես ճանապարհին։ Կարինեն էլ չլացեց։ Պարզապես սառած մնաց կենսազուրկ մարմնի կողքին։ Մի ժամ… երկու… երեք… տունն է… բացում է դուռն ու անհասկանալի կերպով մտնում խոհանոց։ Ձեռքում պահել է բաժակը։ Նստում է։ Բաժակը դնում է դիմացն ու զննում։ Նայում է բաժակին մի անվերջություն։ Էլի է նայում։ Դուռը մեկը հեռվում բացում է։
-Մա՞մ,- լսվում է որդու ձայնը,- մա՛մ, մա՞մ։
-Ջան, բալե՛ս,- պատասխանում է ուրիշ մեկը Կարինեի մարմնում։
-Բա՞ն ա եղել։
-Պարզապես հոգնած եմ,- առանց կտրվելու բաժակից՝ ժպտում է Կարինեի մարմնի մեջ բնակվող անծանոթը։
Որդին գնում է։ Եվս երկու ժամ… երեք ժամ։ Բաժակը մնում է սեղանին։ Արևի լույսը դանդաղ նահանջում է։ Դուռը կրկին բացվում է։ Այս անգամ բարդությամբ։ Լսվում է հեռվում զրնգացող ձայնը.
-Կարինե՜…. հլը մի հատ պիվա բեր։
Կարինեն չի շարժվում։ Անծանոթն անգամ ի վիճակի չէ վեր կենալ։ Կամ էլ ամուսնու վրա անգամ անծանոթն է թքած ունենում։ Կարինեն չի հասկանում, թե ուր է ու ինչու։
-Կարինե՞,- լսվում է Աշոտի ձայնը,- ո՞ւր ես, ասում եմ՝ պիվաս բե՛ր։
Կրկին լռություն։ Ավելի ճիշտ թվացյալ լռություն։ Միայն Կարինեն էր զգում, թե ինչպես է այդ լռությունը ճնշում իրեն ու խրում հատակը, խորը… ավելի խորը…
Ուրիշ աշխարհի խոհանոցի դուռը բացում են։ Ծանր ոտնաձայներ։ Կարինեն վեր չի կենում, անգամ չի պտտվում։ Գիտի, որ ոտնաձայները հետևում են ոտքերին, իսկ այդ ոտքերը հեռու չեն գնա։
-Աղջի՛, դու չես լսո՞ւմ, որ բան եմ ասում։
-Նստի՛ր,- պարզապես պատասխանում է։
-Կարինե՛…
-Մայրդ է մահացել,- սառնորեն ընդհատում է Կարինեն։
Էլ չի իմանում, ոչ էլ հետաքրքրվում է Աշոտի եղելությամբ։ Պարզապես զննում է բաժակը հեռվից ու ասում է.
-Բժիշկն ասաց, որ որոշ ժամանակ դեղերի օգտագործման միջոցով խոցը բուժման էր գնում, բայց դրանց ընդունումն ընդհատելու պատճառով, խոցը գնաց բարդացման։ Վերջերս նորից էր վերսկսել ընդունումը, բայց չէր ազդել։ Էսօր առավոտը կոֆե էի տանում, որ խմեր, հասա տեղ ու անջատվել էր։
Ամուսինը ձեռքով դիպավ Կարինեի ուսին, բայց Կարինեն դա չզգաց։ Սառույցից էլ սառը ձայնով ու քարե դեմքով շարունակեց.
-Իսկ գիտե՞ս, դեղերի ընդունման ընդհատման պատճառը։ Ինչ-որ կարծիքներ ունե՞ս։
-Ես…,- մրմնջաց Աշոտը։
Կարինեն էլ ոչինչ չլսեց ու չտեսավ։ Մնացին ինքն ու բաժակը։

***
Ես ու Ալենը հաջորդ օրը նստած էինք քաղաքի լավագույն սրճարաններից մեկում։ Ես նայում էի եղբորս ու չգիտեի՝ ինչ ասել։ Հոգոց հանեցի ու ասացի.
-Չպիտի քիթս խոթեի ձեր ընտանեկան խոհանոց։ Բաներ կան, որ պետք չի փորել։
-Չէ՛։ Սխալվում ես,- պատասխանեց Ալենը,- իհարկե այն, որ տատիի մահը կարելի էր կանխարգելել, ցավոտ թեմա է, բայց հիմա գոնե գիտեմ, որ մաման չի գժվել։ Ուղղակի էդ բաժակ սրբելով ա նյարդերը հանգստացնում։
-Ահա՛…
-Բա խի՞ ենք էստեղ։
-Դե… ես պիտի իմ տասը հազարանոցը ծախսեի մի ձև, բացի էդ՝ մտածեցի, որ Լիդա տատին էս փողը կուզեր սև սուրճի վրա ծախսել։
Ալենի դեմքը պայծառացավ.
-Շա՜տ էր սիրում սուրճ խմել։ Օրը մի լիտր երևի խմում էր։ Չեմ հավատում, որ վերջին բառն էր…
-Ես էլ։ Վատն այն է, որ բաժակի միջինը կիսատ թողեց։
-Եսիմ… մտածում եմ, գուցե էդքանն էլ մեզ էր թողել, որ խմեինք։ Ուզում եմ ասել, ինքն իրա կյանքի հաշվին մեզ պահեց, բայց մահից հետո բոլորս մեզ մեղավոր զգացինք։ Մի խոսքով… չգիտեմ, Անի՛, չգիտեմ…։ Չեմ ուզում ինձ մեղավոր զգալ տատիի համար, հասկանո՞ւմ ես։ Ոչ էլ ուզում եմ, որ մաման իրան զգա։ Իսկ հերս՝ էդ տականքը, երևի չի էլ գիտակցել, թե ինչ ա արել։
-Իսկ եթե գիտակցե՞լ ա,- ուշադիր նայեցի Ալենին ես,- եթե գիտակցել ա ու դրա համար էլ խմում ա։
-Ինքը մինչև էդ էլ էր խմում։
-Գիտեմ, բայց ոչ էդ աստիճան, դու ես ինձ ասել։ Չես մտածե՞լ, որ հասկացել ա, թե ինչ ա արել։
-Դրա համար էլ կործանո՞ւմ ա ինքն իրան։
-Դե Աշոտ քեռին ինքն իրան կործանելու մեծ վարպետ ա, բայց խմիչքն ա, որ մոռացության մեջ ա մարդուն գցում։
-Երևի լավ կզգամ ինձ, որ իմանամ՝ դրա համար ա խմում,- ձեռքերին նայեց Ալենը,- չեմ ուզում, որ խմի, բայց ուզում եմ հավատալ, որ իմանալով, թե ինչ ա արել, գոնե իրան մեղավոր ա զգացել։
Ես շունչ քաշեցի ու ասացի.
-Ես քեզ նվեր ունեմ։
-Ի՞նչ նվեր,- աշխուժացած ու զարմացած ասաց Ալենը։
-Դե… էս տասը հազար դրամը կհերիքի,- հանեցի տաս հազարանոցը,- որ Միլենայի հետ սուրճ խմես քաղաքի լավագույն սրճարաններից մեկում,- ու տվեցի գումարն Ալենին։
-Միլենա՞ն։
-Էսօր առավոտը, Խաչիկենց տուն գնացի…
-Ի՞նչ արեցիր…
-Ու ճշտեցի Միլենայի տան տեղը։ Հետը մի քիչ զրուցեցի, ու մի տասը րոպեից կգա,- ես վեր կացա,- քիչ չի պատրաստվելու համար։
Ալենը զարմացած աչքերով ինձ նայեց։ Ես ժպտացի։ Պտտվեցի, որ դուրս գամ, բայց Ալենը ձեռքիցս բռնեց։ Ես նայեցի Ալենին՝ դեմքիս հարցական արտահայտությամբ։
-Տասը րոպեն ծով ա մի բաժակ սուրճ խմելու համար։
-Ես ավելի լավ միտք ունեմ,- ասացի ես՝ նստելով։
-Ի՞նչ։
Ձեռքի շարժումով կանչեցի մատուցողին։ Նա մոտեցավ, նայեց ինձ ու հարցրեց.
-Ի՞նչ եք ցանկանում։
-Երկու կես բաժակ սուրճ, խնդրում եմ։
-Կես բաժա՞կ,- զարմացավ մատուցողը։
-Հա՛,- պատասխանեց Ալենը,- կես բաժակ։

Share Button

2 Կարծիք

  • Անահիտ says:

    Woooow, էս ինչ հրաշալի աշխատանքա, դուրս շատ եկավ։ Թեթև, բայց իմաստով։ Մեծ տպավորություն թողեց, շատ ապրես😍❤️

  • Larisa says:

    Մարի ջան եթե ես քեզ չճանաչեյի, երբեք չէի հավատա, որ սա ստեղծագործել է տասնհինգ տարեկան աղջնակ։ Անկեղծ ասած ես հաճելիորեն զարմացած եմ և հիացած։
    Ցանկանում եմ, որ շարումակես ստեղծագործել նույն ոգով և դու կհասնես բարձր վերելքների…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *