Կարմիր շորերով աղջկան միանգամից տեսավ: Աղջիկը գեղեցիկ չէր: Նստել էր իրենից մի նստարան այն կողմ ու աչքերը խոնարհած սպասում էր ինքնաթիռի թռիչքին: Մազերը հավաքել, փոքրիկ հյուսք էր արել ու փաթաթել էր ծոծրակին: Սպիտակ երկար պարանոցը բաց էր ու կլոր ուսերը` կռացած: Աչքերը…հաստատ գեղեցիկ չէին ու սև ծարիրը բնավ չէր սազում նրանց, բայց ինչպիսին էլ որ լիներ, աղջիկ էր: Ամեն աղջիկ միշտ մի գեղեցիկ բան ունենում է: Չի կարող այնպես պատահել, որ աղջիկը գեղեցիկ չլինի:
Մոնղոլիայի անապատներում ծառայող խորհրդային զորամասում մի քանի հարյուր հոգի էին: Բոլորը տղամարդ, տարբեր ազգությունների պատկանող և նրանց մեջ` ընդամենը մի աղջիկ, կամ ավելի ճիշտ` մի կին արարած: Գալիս էր ամեն առավոտ Տոնյան, մտնում բուժկետ, փոխում շորերը, սպիտակ խալաթ հագնում, բայց չէր կարողանում իր վրայից պոկել տղամարդու հայացքի կիրքը, տաք, անհագ, ամեն բան ներող, ամեն ինչ մոռանալ տվող կիրքը, որ մինչև բուժկետ հասնելը հոսում, ծորում և զմայլանքով փարվում էր նրա մարմնի բոլոր մասերին` առանց բացառության: Զորամասում ծառայող և ոչ մի զինվոր չէր մտածում` Տոնյան գեղեցիկ է, թե՞ տգեղ: Ամեն զինվորի համար նա կին էր, ուրիշ մոլորակից եկած էակ, զարմանալի մի գոյակ, որ շատ ցանկալի է ու չկա իրենց զորամասում:
Հիմա այս աղջիկը… Նայեց էլի մի քանի անգամ, հետո հայացքը փախցրեց ու սկսեց ուսումնասիրել մյուս ուղևորներին:
Արձակուրդից հետո զորամաս էր գնալու: Հայրն ու եղբայրը ուղեկցեցին Երևանի օդանավակայանից: Բարձրացավ ինքնաթիռ ու մտքի մեջ դեռևս մոր թաց աչքերն էին, քրոջ խանդաղանքը, եղբոր ու հոր պինդ գրկախառնությունը` ինքնաթիռ բարձրանալուց առաջ:
Մտքի մեջ տանեցիների ձայներին էր խառնվել աղջկա պատկերն ու հանգիստ չէր տալիս: Նորից բարձրացրեց հայացքն ու համդիպեց նրա աչքերին: Մի տեսակ թրթռաց մարմինը, սրտի մեջ մի տաք հոսանք առաջացավ ու գնաց, տարածվեց էությունով մեկ: Ոտքերը մզմզացին ու տաքացան, ձեռքերը սառեցին, ասես ձմռան կեսին կրակակետ էր գնացել առանց թաթմանների:
Մի անգամ էլ նայեց և աղջիկը ժպտաց: Ժպիտից հաստ շուրթերը բարակեցին, բացվեց ատամնաշարը և տղան ուզեց նրան ավելի մոտ լինել: Սակայն բնական ամաչկոտությունը գլուխ բարձրացրեց ու կարկամեց մնաց նստած տեղում:
Աղջիկը թեքվեց զինվորի կողքին նստած կնոջ ականջին, ինչ-որ բան շշնջաց: Կինը ժպտալով վեր կացավ տեղից ու նստեց աղջկա տեղում, իսկ նա եկավ, նստեց կողքին:
Աղջկա վրայից զարմանալի բույր էր գալիս: Տղան մինչ այդ օծանլիքի նման բուրմունք չէր զգացել: Ասես չամանի, մանուշակի և օշինդրի հոտերը միախառնած լինեին: Չգիտեր ինչ օծանելիք է օգտագործել նա, բայց բույրը հաճելի էր և ներսն իրար խառնող:
-Կարա,- ճերմակ ձեռքը տղային մեկնեց աղջիկն ու տղան էլի շփոթվեց:
Բռնեց նրա սպիտակ աղավնու նման թպրտացող փափուկ թաթիկն ու քարացավ: Պիտի իր անունն ասեր, բայց քարացել, մնացել էր, մի քիչ զարմացել՝ աղջկա համարձակությունից: Չէր ուզում իր անունն ասել, ամաչում էր իր Գառնիկ անունից ու չգիտեր ինչ անունով ներկայանար:
-Գարիկ,- վերջապես սրբագրեց սեփական անունը:
Աղջիկն այս անգամ աչքերով ժպտաց: Նրա աչքերն այլևս այդքան էլ տգեղ չէին թվում և նույնիսկ գեղեցկացել էին մի քիչ:
Ինքնաթիռը թափավազք կատարեց, պոկվեց գետնից ու այդ պահին տղան նույնիսկ մի քիչ վախեցավ: Միշտ վախեցել է բարձրությունից ու հիմա էլ սիրտն ահ ընկավ, բայց զսպեց իրեն, շարունակեց ժպտալ աղջկան ու բռնած պահել նրա ձեռքը:
Այն սպիտակ էր, կարմիր ներկած եղունգներով ու մի տեսակ չէր սազում իր ձեռքին: Միշտ զարմացել էր, թե մարդիկ ինչպես են կարողանում այդքան սպիտակ ու մաքուր պահել ձեռքերը: Իրենը սևացած էին, ինքնաձիգ բռնելուց կոշտացած, և արձակուրդի ողջ ընթացքում որքան էլ ջանացել էր, չէր կարողացել մաքրել եղունգների սևությունը: Մինչև մսամոլը կտրել էր եղունգները, գոլ ջրի մեջ դրել, տրորել քրոջ տված զանազան օճառներով ու քսուքներով, բայց դրանց սևությունն ու անտաշությունը չէր անցել:
Զինվորն ուզում էր ետ քաշել ձեռքը, բայց նաև չէր ուզում: Հազիվ էր նման սպիտակ ու փափուկ թաթիկ հանդիպել: Ձեռքն ասես մոգական ազդեցություն էր թողնում վրան ու ինքն էլ չիմացավ ինչպես, սկսեց աղջկան պատմել իր զինվորական ծառայության մասին:
Ամառվա շոգն ու ձմռան ցուրտը հաշվի չառնելով շաբաթական չորս օր հրաձգարան էին տանում: Իրենք սկզբում դժգոհելով ու չուզելով, հետո համակերպված` վազում էին ու սողում, կրակում էին ու դիրքավորվում, «վիրավորված» ընկերներին քարշ էին տալիս ու հանում կրակագծից, հազար տակ քրտինք էին տալիս և այլևս չէին բողոքում:
Խորհրդային երկրի անվտանգությունն էին պահպանում Մոնղոլիայում, եղբայրական մոնղոլ ժողովրդին պաշտպանում էին «չար չինացիների» ոտնձգություններից:
Աղջիկը լսում էր ուշադիր: Գառնիկը լավ էր զանազանում խաղացվող ուշադրությունն իսկականից ու ոգևորվել էր նրա կարեկցանքը տեսնելով:
-Մի անգամ էլ վիրավորվել եմ,- ասաց:
Կուզենար ձեռքն աղջկա ուսին գցել, բայց ամաչեց, ինչքան չլինի` ինքնաթիռի մեջ են, ինչքան չլինի` կողքին մարդիկ են նստած, հայ մարդիկ: Հետո ի՞նչ, որ անծանոթ են: Իր ցանկությունը խեղդեց ներսում ու ուսով ավելի պինդ հպվեց նրա կլորիկ ուսին: Ուսից, իր ոտքին կպցրած հաստ ու տաքուկ ազդրից եկող փափուկ տաքությունից սիրտը ջերմանում էր: Սկզբում խփում էր խելագար ռիթմով, հետո տիրոջից անկախ հասկացավ, որ եթե այդ արագությամբ խփի, դժվար թե զորամաս հասնի ու հանգստացավ, հանդատվեց:
Սկսեց պատմել իր վիրավորվելու պատմությունը: Մտքում զարմանում էր իր շատախոսության վրա, բայց պատմում էր աղջկա զմայլված աչքերին նայելով:
Այդ օրն իրենց տագնապով հանեցին կեսգիշերին: Ինչպես միշտ, փաթաթանները մտցրեց ծոցը: Մի հարմար պահի կնստի գետնին, շնորհքով կփաթաթի: Եթե ուշանա, տղերքին կչարչարեն ավելորդ տեղը: Բոբիկ ոտքերին քաշեց սապոգները, արագ հագնվեց ու շարք կանգնեց: Հետո մեքենա նստեցրին ու տարան: Գնում էին մթան մեջ: Լույսը չէր բացվում: Ծոցից հանեց փաթաթանները, փաթաթեց ոտքերին, կոճկեց չկոճկած բոլոր կոճակները, աննկատելի խուտուտ տվեց տաջիկ Յունուսին, ուրիշի ուսի վրայով երկարեց ձեռքն ու քաշեց ռուս Սաշայի ականջը: Հետո նստեց սուս ու փուս, իբր ինքը չէր: Սաշան իրար խառնվեց, Յունուսը ծիծաղը զսպել չկարողանացավ ու թավալվեց մեքենայի հատակին: Էլի չարաճճիություններ արեցին, բայց լույսը չէր բացվում:
Հետո սովորականի նման` վազք, խրամատ փորել` զինվորական կարճկոթ բահիկով, սողք` ավազների մեջ, կրակահերթ` աներևույթ թշնամու ուղղությամբ…
Իսկ նռնականետորդ վրացի Շալվան ոչ մի կերպ չէր կարողանում խոցել պայմանական հակառակորդին: Իսկական հակառակորդի սահմանից հեռու էին մի քանի կիլոմետր և հրամանատարները վստահ էին, որ սահմանի այն կողմից իրենց հետևում են ուշի-ուշով: Դասակի բուրյաթ հրամանատարը ներվայնանում էր ու կատաղում: Նորից էր վազել տալիս, նորից էր պահանջում, որ դիրքավորվեն ու Շալվան նորից կրակի: Բայց հակառակի պես նռնակը նշանակետին չէր կպնում ու նա հրամայեց.
-Սերժանտ Բայբուրդյան, դու կրակիր, դու պահեստային նռնականետորդ ես: Այսօր Շալվայի աչքերը կուրացել են:
Հայհոյանքների մի ամբողջ փունջ դուրս թռավ նրա բերանից ու նախշեց Շալվայի հին ու նոր բոլոր նախնիներին: «Ծաղկեփունջ դրեց վրացու պապերի շիրիմներին»,- մտքում իր համար նշեց Գառնիկն ու պառկեց նռնականետն ուսին առած: Նշան բռնեց, սեղմեց ձգանն ու, իր բախտից, նռնակը ճիշտ նշանակետին կպավ:
-Մալադե՜ց,- բացականչեց հրամանատարն ու հրամայեց,- առա՜ջ:
Մյուսների նման ինքն էլ վեր թռավ տեղից, ուզեց վազել, բայց տապալվեց գետնին: Ի՜նչ իմանար, որ նռնականետը սխալ է բռնել, ետհարվածի ուժը խփել է ոտքին, ճղել սապոգն ու վիրավորել ոտքը:
Հետո զգաց, որ ոտքը տաքանում է: Սապոգի ճղված տեղից արյուն էր ծորում ու խառնվում օձի բերան չոր հողին:
-Ա՛խ,- հայհոյեց կիսաձայն:
Տղերքը տեսան, ասացին հրամանատարին: Հրամանատարը «հարձակումը» չդադարեցրեց: Իրեն օգնության ուղարկեց բուրյաթ Աթանին, իսկ ինքն իր զինվորների հետ հասավ, հաղթականորեն գրավեց «թշնամու դիրքերը»:
Հետո հոսպիտալ տարան: Ճանապարհին երկու անգամ ուշագնաց եղավ, ուշքի եկավ, երբ գլխավերևում տեսավ բժշկին ու ջահել փափլիկ բուժքրոջը: Քույրը բռնել էր դաստակն ու պուլսն էր ստուգում:
-Ո՞նց ես, սերժանտ,- հարցրեց բժիշկը:
Հարցը հասկացավ, բայց պատասխանել չէր կարողանում: Կախվել, մնացել էր բուժքրոջ տագնապած աչքերից:
-Ը՜-ը՜-ը՛,- տնքաց պատասխանի փոխարեն:
Վերքն այդքան վտանգավոր չէր, բայց արյուն էր կորցրել: Երակ էր վնասվել: Չէին կարողացել արյունը կտրել և ուշագնաց էր եղել:
Հետո բժիշկն ուզում էր ոտքի ճկույթն ու կողքի մատն անդամահատել: Վախենում էր վարակ անցներ ու փտախտ սկսվեր:
Պատկերացրեց իրեն կաղալով քայլելիս, պատկերացրեց, թե ինչպես են ժամանակից շուտ զորացրում: Մի քիչ ուրախացավ: Կգնա տուն, դառն ու դաժան ծառայությունից կազատվի վերջապես, բայց չուզեց կաղ ապրել ամբողջ կյանքում ու բժշկին խնդրեց.
-Մի անդամահատիր, եթե կարող ես, փրկիր մատներս:
-Տուն գնալ չե՞ս ուզում,- զարմացավ բժիշկը,- մարդն առանց ոտքի ճկույթի ու առանց փոքր մատի կապրի ու իսկի օ՛ֆ էլ չի ասի:
-Կապրի, գիտեմ, բայց ես սիրած աղջիկ ունեմ,- խաբեց,- տեսնի կաղում եմ, ուրիշին կուզի:
-Եթե դրա համար ուրիշի՞ն պիտի ուզի,- հառաչեց բուժքույրն ու չշարունակեց խոսքը:
Բժիշկը պայքարեց մատների համար, չանդամահատեց, բուժեց: Վիրավորումից առաջացած վերքերն ավելի հեշտ բուժվեցին, քան չորությունից ու անապատային կլիմայից առաջացածները:
Աղջիկը լսում էր ուշադիր, նրա աչքերն արցունքոտվել էին ու ավելի գեղեցիկ էին թվում: Այլևս չէր նկատում նրա տգեղությունը: Աղջիկը լաց էր լինում իր համար, ասես իր հետ պայքարում էր հիվանդանոցից դուրս գրվելու համար: Իսկ ինքը նրան բացատրում էր, որ Մոնղոլիայի չոր կլիմային անծանոթ մարդկանց վրա վերքեր են առաջանում: Դրանք դառնում են խոց ու չեն բուժվում երկար ժամանակ:
Չէին բուժվում նրա մյուս ոտքի վրա առաջացած վերքերը: Մեծ խոցեր էին դարձել ու վերքը թարախակալել էր:
-Ինչո՞ւ բժշկի չէիր դիմում,- զարմանում էր բժիշկը:
-Ո՞նց դիմեի,- երկար լռությունից հետո վերջապես պատասխանեց,- հրամանատարին ասում էի, ասում էր` գլուխ պահող «սաչոկ» ես:
Բուրյաթ հրամանատարը խիստ էր: Չէր խղճում զինվորներին, տանջում էր` յոթ քրտինք հանելով: Քրտինք հաներ, լավ էր, յոթ մաշկ էր հանում: Երեք ամիս պառկեց հիվանդանոցում, մինչև որ լավացան վերքերն ու խոցերը:
Իքնաթիռը թռչում էր ամպերի վրայով: Ամպերն սպիտակ մալանչներ` փախչում էին, հետո նորից գալիս փաթաթվում էին նրա թևերին: Աղջկա մատներն այդպես գուրգուրում էին զինվորի կոշտ ձեռքը, հետո ուղեկցորդուհու բերած ճաշիկից ընտրում էին լավ կտորներն ու տալիս տղային: Տղան ամաչում էր աղջկա այդպիսի հոգատարության համար, բայց նաև հրաժարվել էր ամաչում:
-Երևի հենց դրա համար էլ արձակուրդ տվեցին, հա՞,- հարցրեց:
-Չէ, դա ուրիշ պատմություն է,- ժպտաց տղան:
-Մինչև վայրէջք երկու ժամ կա,- ասաց աղջիկը,- պատմիր:
-Էդքան երկար պատմելու բան չկա էլ,- ժպտաց տղան,- ժամապահ էի: Գիշերվա մի ժամի տեսա` մեկը գալիս է: Լռեցի, սպասեցի: Ի՞նչ իմանաս, էդ ժամին եկողն ո՞վ է: Հաստատ բարեկամ չէ, որ գալիս է գողեգող, հաստատ թշնամի է, չէ՞: Բացի այդ, ով էլ որ լինի, ժամապահը պարտավոր է նրան կանգնեցնել ու կանգնեցրի: Ինքնաձիգը քաշեցի վրան… Եկան, անմիջապես բռնեցին, տարան, իսկ ինձ որպես խրախուսանք արձակուրդ տվեցին: Ափսոս, արձակուրդը շուտ անցավ,- հոգոց հանեց տղան:
-Հա, լավ բանը շուտ է վերջանում,- համաձայնեց աղջիկն ու անդրադարձավ տղայի պատմությանը,- դու գյուղում սիրած աղջի՞կ ունես:
-Չէ՛, հա,- ժպտաց տղան,- հենց այնպես մտքիս մեջ սիրել էի մեկին, բայց ոչ խոսել էի, ոչ սեր բացատրել: Էս անգամ գնացի, իմացա նշանվել է, շուտով կամուսնանան:
-Ու էդ աղջիկը քո սրտի մե՞ջ է հիմա,- էլի հետաքրարվեց աղջիկը:
-Ուրիշի նշանածին կամ կնոջը սրտի մեջ պահելուց ի՞նչ օգուտ,- ասաց տղան ու նրան ժպտաց աչքերով:
…Վայրէջք կատարեցին և սպասեցին, որ թռիչքը շարունակեն: Բայց թռիչքային եղանակ չէր: Պուրգան ոռնում էր բորենու կոռնակի նման:
Օդանավակայանը լիքն էր: Նստելու տեղ չկար, թռիչք չէր եղել արդեն երեք օր:
Աղջիկը տուն էր գնում: Հայրը Հայաստանից մի քանի տարի առաջ տեղափոխվել էր Սիբիրի այդ գորշ ու անարև քաղաքն ու շինարարություն էր անում: Հայրը փող էր աշխատում, իսկ աղջիկը հոր փողերն այնքան էլ չէր խնայում ու շտապելու տեղ չուներ: Պիտի գնար, մտներ բազմահարկ շենքի իրենց բնակարանն ու ամբողջ ձմեռն անցկացներ առանց մարդկանց հետ շփվելու: Հայրն իր գործին էր լինելու, մայրը` իր տուն ու տեղին, իսկ ինքը ձանձրանալու էր: Զինվորը, թեկուզև ինքնաթիռի մեջ հայտնված, թեկուզև ճանապարհին հանդիպած, արևի շող էր նրա համար: Իսկ Գարիկը լավն է, պինդ ու հաստատուն, մի քիչ կոպիտ, մի փոքր անտաշ, բայց ամուր ու հուսալի տղա է: Հետո ի՞նչ, որ դեռ մի տարի ունի ծառայելու: Ասենք աղջիկն ապագայի մասին չէր էլ մտածում: Կար ինքը, կար տղան և կար ուղևորներով լի սպասասրահը: Հազիվ մի տեղ էին ճարել ու նստում էին փոխնիփոխ: Հետո Գարիկը նստեց նստարանին, իսկ աղջիկը նրա գրկի մեջ տեղավորվեց: Հոգնել էին շատ և ամաչելու ժամանակ չկար: Շուտով իրար հրաժեշտ կտային ու մեկ էլ ով գիտե, ե՞րբ տեսնեին: Գարիկի գիրկը տաք էր, իսկ աղջիկը` թեթև հագնված: Կարճ բաճկոնը լավ չէր ծածկում ոտքերը և այնքան էլ լավ չէր տաքացնում: Արդեն վաղուց զղջացել էր թեթև հագնվելու համար: Հայաստանում իր հագուստը սովորականից ավելի տաք էր, իսկ այստեղ` սպասասրահի ապակյա պատերից այն կողմ, շառաչում էր հողմը և մարդ ակամա սարսռում էր:
Հետո երեկո եղավ: Տղան արձակեց շինելի կոճակները, աղջկան հպեց կրծքին, ծածկեց շինելով ու փորձեցին քնել: Աղջիկը գլուխը դրել էր նրա կրծքին ու փակել էր աչքերը: Այսպես տաք էր, այսպես ինքն իրեն ամբողջությամբ տվել էր տղային ու հայտնվել նրա ծիրի մեջ: Երբեմն-երբեմն արթնանում էր, գլուխն ավելի հարմար տեղավորում ու քնում էր նորից: Գարիկը թևերն ավելի պինդ էր փաթաթում ու մետաքսի բոժոժ դառնում նրա համար: Աղջկա մազերը մեկ-մեկ խուտուտ էին տալիս նրա դեմքը, բայց դա հաճելի զգացողություն էր, մանավանդ, որ չէր թուլանում նրանից եկող բույրը:
Առավոտյան նախ աղջիկն արթնացավ: Խլրտաց տղայի գրկում, բայց չուզեց վեր կենալ: Զինվորի ծնկները հոգնել էին, բայց չէր ուզում շարժվել, որ աղջկան անհարմարություն չպատճառի: Հետո Կարան բացեց աչքերը, ժպտաց ու հարցրեց.
-Չե՞ս հոգնել:
-Հը՜,- գլուխը թափահարեց տղան,-քաղցած ենք,- ասաց:
Պատասխան չտվեց:
-Գնանք մի բան ուտենք,- առաջարկեց:
-Տեղը կկորցնենք,- ժպտաց կատվի փափկությամբ:
Տեղը կորցնելուց բացի չէր ուզում իջնել տղայի տաք ու հանգստացնող գրկից: Ուզում էր այդպես մնալ հավերժ: Չէր հասկանում՝ սիրահարվե՞լ է, չէր հասկանում` ինչո՞ւ է այսքան բաց ու համարձակ դարձել: Գիտեր` զինվոր տղա է, շուտով գնալու է իր զորամասն ու… Բայց այդպես լավ էր, իրեն թվում էր, թե մի լավ բան է գտել ու չէր ցանկանում կորցնել այն: Չէր ուզում, որ պուրգան վերջանար, չէր ուզում, որ հանգամանքների բերումով լքեր տղայի գիրկը:
Մարդիկ գնում գալիս էին, ամեն մեկը շտապելու մի տեղ ուներ, բայց նրանց ուրիշ մարդիկ չէին հետաքրքրում: Մարդիկ ուզում էին, որ պուրգան դադարի և ինքնաթիռները օդ բարձրանան վերջապես: Բայց նրանցից ոչ ոք չգիտեր և նույնիսկ ենթադրել էլ չէր կարող, որ մի աղջիկ Աստծուն աղաչում է, որ մի քիչ էլ ձգվի բուքը և ինքը մի քիչ էլ շերամի պես փաթաթված մնա տղայի սիրո մեջ:
Կինը միջին տարիքի էր, հայուհի, ամեն ինչից դժգոհ, նստելու տեղ չէր գտել, իր իրերի վրա էր նստել քիչ ու միչ, բայց հոգնել էր, քունը տանում էր, գազազել էր ամեն ինչից ու ժամանակ առ ժամանակ խեթում էր տղային ու աղջկան: Տեսնում էր` տղան զինվոր է, կարծում էր ավարտել է ծառայությունը, տուն է գնում ու հետը ոչ մի բանով աչքի չընկնող այդ աղջկան տանում է որպես հարս` մոր համար:
-Ասա Հայաստանում դրանից չկա՞ր,- իբր իրեն-իրեն խոսում էր,- դրանից չկա՞ր, ասա, որ հետդ տանում ես:
Ասում էր այնպես, որ տղան լսեր.
-Մի տանելու բան էլ լինե՛ր: Ասա մերդ մեղք չէ՞: Էդ աղջկա մեջ ի՞նչ ես գտել, ասա, որ…Դու կարգին նայե՞լ ես դրան:
Տղան լսում ու չլսելու էր տալիս: Լսում էր նաև աղջիկը, որ քնած էր ձևանում թեև, սակայն արթուն էր: Հազիվ էր իրեն զսպում, որ գլուխը չբարձրացներ ու կնոջ պորտը տեղը դներ: Իսկ կինը չէր հանգստանում.
-Տեսնես ո՞նց են կարողանում էդ կարգին տղերքին թակարդը գցել:
Հետո ինքն իրեն սրբագրում էր ու ուղղում.
-Ասենք ի՞նչ կարգին տղա, որ աչք ունենար, դրան կառնե՞ր:
Ամուսինը մոտեցել էր, քաշում էր կնոջ թևից, սաստում, թե. «Քո ի՞նչ գործն է, քո ի՞նչ բանն է, որ խառնվում ես ուրիշների գործերին»,- իսկ կինը չէր հանգստանում, խոսում ու խոսում էր:
-Ասում ես, գնա՞նք հաց ուտելու,- վերջապես խոսեց աղջիկն ու իջավ տղայի գրկից:
-Գնանք,- ասաց տղան ու ժպտաց իրեն հանդիմանող կնոջը,- մորքուր ջան, մեր տեղը նստիր, աչքդ մեր իրերի վրա պահիր, մի քիչ հետո կգանք:
Կինն ուրախացավ, որ տեղ է գտել, մտքում մի քիչ զղջաց իր կոպիտ խոսքերի համար ու ասաց` գնացեք:
Օդանավակայանի բուֆետում թեյ կար ու մի քանի օրվա տապակած հավ: Տղան կուզենար գոնե մի բաժակ բան խմել, բայց խմիչք չկար, կուզենար աղջկա համար քաղցրավենիք առնել, բայց եղածը հավ էր ու գնեց: Ամեն մեկի համար` կես հավ: Աղջիկը քիթը կնճռոտեց, չուզեց ուտել: Երևի հավը հոտ ուներ, գուցե նրա նուրբ հոտոտելիքն ինչ-որ տճաճ բան էր գտել դրա մեջ, իսկ զինվորը դա չէր զգում: Հավը համեղ էր նրա համար, մանավանդ, որ բավական ժամանակ բան չէր կերել: Կերավ իր բաժինը և սպասեց: Աղջիկը չէր ուտում:
-Դուրդ չեկա՞վ,- հարցրեց իրար խառնված: Չգիտեր նման դեպքերում ի՞նչ են անում ու նորից հարցրեց,- ի՞նչ բերեմ քեզ համար:
-Եթե կարելի է, թեյ,- ասաց աղջիկը:
Տղան նրա համար թեյ բերեց, իսկ ինքը հաճույքով կերավ նաև նրա բաժին հավը:
-Ես այս սպասասրահից ձանձրացել եմ,- ասաց աղջիկը:
-Ի՞նչ անենք,- թևերը տարածեց տղան: Նա ուրիշ ճանապարհ չգիտեր: Պիտի ինքնաթիռով գնար մինչև համապատասխան տեղը, գնացք նստեր, հետո ավտոբուս, անցներ պիտի խորհրդա-մոնղոլական սահմանը, հետո նորից գնար ավտոբուսով, մեքենայով, ոտքով, մինչև որ հասներ իր զորամասը: Չէր ասում` ես էս վայրերին ծանոթ չեմ ու թևերը տարածում էր.
-Ի՞նչ անենք:
-Արի գնացքով գնանք: Ճանապարհը երկու օր կտևի: Մինչև բուքը դադարի, մինչև թռիչքները վերականգնվեն, մինչև թռիչքի մեր հերթը հասնի…Նույն բանը կլինի, մանավանդ, որ գնացքով էժան է նաև:
-Գնանք,- համաձայնեց տղան:
Դուրս եկան սպասասրահից, տաքսի վարձեցին ու հասան երկաթգծի կայարան: Տղան երկու տոմս առավ: Ինքն ու աղջիկը կլինեն ճամփորդախցիկում, միասին կլինեն…
Խցիկում տաք էր, բայց վախ կար, որ ուրիշ մարդիկ էլ կարող էին գալ: Աղջիկը դուրս եկավ, ինչ-որ բան ասաց ուղեկցորդուհու ականջին, ժպտաց նրան, գրպանն ինչ-որ բան սահեցրեց ու ետ եկավ:
Տաք էր ու հարմարավետ: Խցիկում ավելի սուր էր զգացվում աղջկա չամանահոտը և տղան քիչ էր մնում խենթանար: Հետո իր պայուսակից հանեց զորամաս տանելու համար բերած չորս կոնյակներից մեկը, բացեց ու լցրեց բաժակները: Խմեցին և աղջկա շուրթերից կոնյակի ու շոկոլադի համ էր գալիս, չամանի բույր էր գալիս նրա մարմնից ու կլոր ուսերից: Աղջիկը քրտնել էր սիրուց հետո և վերևի շրթունքի վրա ուլունքի նման շարվել էին քրտինքի կաթիլները:
Դրսում պուրգա էր, բայց այդ երկու օրն ասես ամռան կիզիչ կեսօր լիներ ուղևորախցում: Կիզիչ կեսօր էր և օշինդրի չամանախառն բույր, որ տղային պատել էր ներսից ու դրսից: Մեկ-մեկ գլուխը դուրս էր հանում այդ շիկացած, կարմիր աշխարհից և նայում էր բքակոլոլ, ուղևորներով խճողված, կեղտոտ կայարաններին: Բայց խցից դուրս ամեն ինչ տխուր, վանող ու անհրապույր էր թվում նրան ու նորից վերադառնում էր աղջկա տաքուկ ապահովության մեջ:
Մեկ-մեկ դուռը բախում էր ուղեկցորդուհին, թեյ էր բերում ոսկեգույն բաժակակալների մեջ դրված նիստավոր բաժակներով և հեռանում էր` շուրթերին խորհրդավոր մի ժպիտ պահած: Իսկ տղան նորից ընկղմվում էր աղջկա շիկացած, ամենակուլ սիրո մեջ: Սթափվում ու չէր սթափվում, արթնանում էր ու արթնանալ չէր ուզում: Աշխարհն ասես պարփակվել էր ուղևորախցի անձուկ, աշխարհն ընդգրկող տարածքի մեջ: Եվ աշխարհն ասես սիրո բոցերի մեջ մաքրվում էր մեղքից:
Կայարաններում լսվում էր կարգավարի ձայնը, վագոնների երկաթե անիվների չխկչխկոցը, գնացք բարձրացող ու իջնող ամբոխի խուլ քրթմնջյունը: Բայց այդ բոլորը դրսից գալիս, զարկվում էին ուղևորախցի պատերին և թափվում էին գնացքի անիվների տակ` ժամանակի ամենակուլ գետի մեջ:
Հետո տղան քնել էր ու աղջիկն ուսումնասիրում էր նրա ոտքերի վրայի սպիները: Ահա սա վիրավորումից մնացած սպին է, այս մյուսը` խոցերից հետո մնացածը: Աղջիկը խղճում էր տղային, որ քնած ժամանակ երեխայի էր նմանվել: Կգնա ծառայության, նորից կվազի, կսողա ավազների մեջ, կկրակի ու զինվորական բահիկով խրամատ կփորի չոր ու փշփշոտ հողի մեջ: Կկարոտի՞ իրեն, ո՞վ գիտե: Բայց ուզում էր, որ իրար հետ անցկացրած այս երկու օրն անմոռաց մնա նրա մեջ: Ինչո՞ւ: Դրանից իրեն ի՞նչ: Ներքին մի ձայն նրան ասում էր, որ նրան այլևս չի տեսնի և ափսոսանք ու մրմուռ էր առաջանում սրտի մեջ: Խանդաղատանքով նայում էր զինվորին ու լացը գալիս էր: Կուզե՞ր, որ նա ողջ կյանքում իր տղամարդը լիներ, չգիտեր, պարզապես կուզեր, որ գնացքում անցկացրած օրերը երկարեին ու մի քիչ ավելի երկար վայելեր նրա խենթ ու չափ չճանաչող սերը: Այսպես նստեր ու նայեր նրա քնած դեմքին:
Տղան արթնացավ մեկեն: Երազ էր տեսել ու երազում բուրյաթ հրամանատարի սուր ու ծակող ձայնն էր, որ «վեր կաց» էր ազդարարում: Նայեց աղջկան, տեսավ արցունքոտ աչքերն ու նստեց` ոտքերը ներքև կախելով.
-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց,- հո նեղացնող չի՞ եղել:
-Չէ, ոչինչ, արցունքի միջից ժպտաց աղջիկը,- բան եմ հիշել: Համ էլ ո՞վ պիտի նեղացնի:
Հասան կայարան: Տղան գնացքից իջեցրեց աղջկա բեռները, որոնք շատ էին: Զարմանում էր, թե նրա նման փոքրամարմին աղջիկն ինչպե՞ս է համարձակվել հետն այսքան բան բերել:
Չէր ուզում մենակ թողնել նրան: Չէր ուզում, որ նա տանջվեր իր բեռների հետ:
-Գնա՞նք մեր տուն,- հարցրեց աղջիկը:
Տղան մտածեց, որ արդեն ուշացել է նշանակված ժամկետից: Ինչ էլ անի, էլ ժամանակին չի կարող հասնել զորամաս:
-Գնանք,- ասաց,- բայց ես տաքսու փող չունեմ: Պիտի գնամ, զորամաս հասնեմ:
Ամաչում էր, որ աղջկան ասում է այդ մասին, բայց ուրիշ ճար չուներ:
-Ես կվճարեմ,- ժպտաց աղջիկը,- դու մի անհանգստացիր:
Հետո շինելի երկար փեշերը ոտքերի հետ խառնելով աղջկա բեռները նախ տաքսու մեջ տեղավորեց, հետո երբ հասան, սկսեց բարձրացնել երրորդ հարկ: Բերում, հերթական ճամպրուկը դնում էր նրանց դռան մոտ ու նորից էր իջնում ներքև:
-Ո՞վ է,- աղջկան հարցրեց մայրը:
-Մեր հայ տղաներից է,- ասաց աղջիկը,- ինձ օգնեց, որ էսքան բեռը տեղ հասցնեմ: Գնում է իր զորամասը, խնդրեցի, եկավ հետս: ճիշտ է, ուշանում էր, բայց եկավ: Հո հայ աղջկան մենակ չէ՞ր թողնի իր բեռների հետ:
Տղան ուզում էր գնալ, բայց մայրը ներս կանչեց.
-Ո՞նց թե,- ասաց,- դու Կարային օգնել ես, էդքան նեղություն ես կրել, հիմա ո՞նց գնաս: Հյուրասիրեց հարցաքննելով: «Որտե՞ղ ես ապրում»,- հարցնում էր ու տղան պատասխանում էր բորշ ուտելով: «Ձերոնք ի՞նչ գործ են անում», «Դուք հարստություն ունե՞ք: Ասենք գորգեր… լավ կահույք…»…
Տղան ուտում էր ու պատասխանում:
Աղջիկը հանեց կարմիր զգեստը, տնային խալաթ հագավ ու նստեց սեղանի մոտ: Եվ չգիտես ինչ պատահեց տղային, ասես մի ձեռք աղջկա վրայից հանեց, դեն շպրտեց հմայքի հուռութքն ու հիասթափությունը օձի նման փաթաթվեց զինվորի աչքերին: Աղջիկը կարճահասակ էր, խալավոր դեմքով, հաստ շրթունքներով… Ինքն իր վրա զարմացավ: Լավ, կույր, այդքա՞ն կույր: Ո՛նց չէր նկատել երկու օրվա ընթացքում: Աչքերը կարմի՞րն էր պատել, թե՞ անհասկանալի ինչ-որ հմայք: Գդալը ծանրացավ ձեռքի մեջ, մինչ այդ համեղ թվացող բորշը դարձավ աղի, լեղի ինչ-որ բան և ուզեց թողնել փախչել այստեղից:
Մի կերպ վերջացրեց ամանի միջինը: Կգնար, անշուշտ, եթե մթնած չլիներ և կայարանի ճանապարհն իմանար:
Հետո տուն եկավ հայրը: Ծանոթացան ու նա իր մեքենայով զինվորին կայարան տարավ: Գնալուց առաջ նորից կարոտեց աղջկան: Աչքերը նորից պատեց կարմիր բոցը և աղջիկն այդ բոցի մեջ գեղեցիկ ու աննման էր թվում նորից:
Ծնողները չգիտեին և աշխարհում ոչ ոք չգիտեր ինքնաթիռում ծնված ու գնացքում շարունակված իրենց սիրո մասին, որ հանկարծամահ էր լինում անսպասելի ու դաժանաբար և հետո վերակենդանանում էր նույն արագությամբ:
-Հասցես ունես,- ասաց աղջիկը,- եթե ուզես, կարող ես գրել:
-Անպայման,- խոստացավ տղան ու նեղ կոշիկների առաջացրած ցավը բանի տեղ չդնելով՝ վազեվազ իջավ աստիճաններով:
Հետո նորից գնացք նստեց, նորից ավտոբուս, նորից տարբեր մեքենաներ ու հասավ սահմանին:
-Ախպեր ջան,- նրան դիմեց մաքսատանը ծառայող հայը,- սրանք չեն թողնի, որ երեք կոնյակ անցկացնես սահմանը: Տուր ինձ, դու անցիր, ես հետո կփոխանցեմ քեզ:
Հավատաց: Երկուսը մեկնեց նրան: Տղան ժպտաց, հեռացավ: Անցավ մաքսակետն ու սպասեց, որ բերի, իր խոստման համաձայն տա կոնյակները: Ախր նա էլ է հայ, ախր էս հեռու երկրի մաքսակետում մի հայի է հանդիպել և նա պիտի որ չխաբի: Սպասեց երկար, բայց տղան չեկավ: Հասկացավ, որ խաբել է: Ափսոսաց, որ կոնյակները գնացքի ուղեկցորդուհուն չի տվել: Լավ կին էր, չթողեց, որ իրենց խանգարող ուրիշ ուղևոր գա: Կտար, կինն իրեն լավ կզգար: Կամ Կարինեին կթողներ… Ավելի շատ ափսոսում էր, որ իր կոնյակները բաժին են հասել անարժան մարդու: Բա հայը հային կխաբի՞:
Զորամաս հասավ, երբ արդեն երեկո էր: Ներկայացավ բուրյաթ հրամանատարին, զեկուցեց ինչպես հարկն է ու կոնյակի շիշը տվեց նրան:
-Ինչո՞ւ ես ուշացել,- կոնյակի շիշը դարակում տեղավորելով շեղ աչքերը նրա երեսին հառեց նա:
-Պուրգա,- ասաց,- սամալյոտ, պոեզդ, մաշինա…
Շփոթվել էր ու եթե ուզենար նույնիսկ, չէր կարողանա նրան բացատրել, որ իր ուշացման պատճառը պուրգան է եղել:
-Երեք օր արտահերթ հերթապահություն ճաշարանում,- տեղից վեր կացավ հրամանատարը:
Ներսում գլուխ բարձրացրեց ըմբոստությունը: Ուզեց ասել.
-Բա հայկական կոնյա՞կը,- բայց զսպեց իրեն:
Գիտեր, եթե ժամանակին «լսում եմ» չասեր, պատիժը կավելացներ ու ձեռքը գլխարկին տարավ.
-Լսում եմ:
Հետո ճաշարանում ուզբեկ Ազիզը հացնում էր, թե ինչո՞ւ է ուշացել: Չէ՞ր կարող ժամանակին հասնել:
-Պատճառը, Ազիզ,- ասաց հոգոց հանելով,- պատճառը գնացքում ներսուդուրսս բռնած կարմիր պուրգան էր:
Ազիզը զարմացած նայեց նրա երեսին: Բան չհասկացավ ասածից, տարուբերեց գլուխն ու հերթական մաքրած կարտոֆիլը գցեց ջրով լի կաթսայի մեջ:
10-ը փետրվարի 2020թ.